Նախիջևանի սահմանին տեղի ուենցած միջադեպում կա Թուրքիայի գործոնը. Վարդան Դևրիկյան

DSC09039«Որքան Ցեղասպանության հարյուրամյակը մոտենա, այնքան Թուրքիան Ադրբեջանին օգտագործելու է որպես երկրորդ ճակատ՝ ուշադրությունը շեղելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց  ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դևրիկյանը` անդրադառնալով Հայաստան-Նախիջևան սահմանագոտում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ինչի արդյունքում 2 պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ըստ նրա` դեպքում կա Թուրքիայի գործոնը. «Նախիջևանի սահմանի վրա տեղակայված ադրբեջանական համազորային կայազորը խառնված է թուրքական բանակի հետ»,- ասաց Դևրիկյանը:

Ըստ Դևրիկյանի` սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից և Մինսկի խմբի երկրների մոտ ցույց է տալիս, որ դժգոհը, անզուսպը ինքն է:

Նրա բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջևանում, քանի որ այդտեղ միշտ հարաբերական անդորր է եղել, ինչն էլ գուցե դարձավ այս կորուստների պատճառը. «Սրանով կարծես հենց ադրբեջանցիները մեզ սթափեցրին»:

«Երևանը պատերազմի շունչը զգաց, որովհետև կրակոցները շատ մոտ էին»,- նկատեց գրականագետը:

Նրա կարծիքով`  զոհերը բանակում կնվազեն երեք դեպքում: Առաջին` եթե վերանան միջանձնային հարաբերությունները, որոնք հասարակությունից գնում են բանակ, երկրորդ` եթե հերթապահության ժամանակ քնելու դեպքերը վերանան, և երրորդ` եթե անվտանգության տեխնիկայի կանոնները պահպանվեն:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, թե մենք սովորույթի պես ընդունել ենք, որ ադրբեջանցին կարող է Տավուշում սահմանը խախտել. «Մենք փաստորեն սովորութային իրավունքի նման ընդունել ենք, որ Տավուշի, Շամշադինի և  Նոյեմբերյանի սահմանների անդորրը պետք է  խախտվի: Դա առօրյա ենք ընկալում, որովհետև իշխանությունը իրավական կամ քաղաքական դիրքորոշումով չի դրել այդ հարցը: ԵԱՀԿ և ԵԽ հարթակներում դա չի դարձել օրակարգային հարց, ինչպես անում է Ադրբեջանը»,- ասաց նա:

Նրա խոսքով` այն հանգամանքը, որ  Հայաստանը չի պատասխանում ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը, տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել և թույլ չտալ խաղաղ բնակչությանը սեփական տներից դուրս հանելը:

«Մենք իրավունք ունենք ԼՂՀ-ի մասին խոսել միջազգային իրավունքի տերմիններով: Չպետք է գլուխներս կախ գցենք, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ անգրագետ քաղաքական գործիչ նամակ է ուղարկում, և նույնքան անգրագետ մեկ այլ քաղաքական գործիչ ընթերցում է այն»,- ասաց նախկին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, թե այնպես, ինչպես Ուկրաինայում և Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել և մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից. «Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով»,- ասաց նա:

 Անկախ

Tags: , , ,