Ռաֆայել Իշխանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների տպավորիչ հրաժեշտը,լուսանկարներ

   համո սահյան   Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները բուռն ու յուրօրինակ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին:  Շրջանավարտների Վերջին դասը վերածվեց ազգային ասմունքի երեկոյի: Աշակերտների շուրթերից հնչում էին Համո Սահյանի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները` գերելով բոլոր ներկաներին ու մոռացության տալով անգամ աշակերտների` հիմնական-հարազատ դպրոցը լքելու փաստը: Աշակերտները խոստովանեցին` բոլորը միաձայն պաշտպանել են այս տարվա հոբելյարների` Համո Սակյանի ու Պարույր Սևակի գրական ժառանգությունը պատկերավոր ու տպավորիչ ներկայացնելու միջոցով` իրենց ավարտական խոսքը ներկաներին հասցնելու գաղափարը:

Դպրոցի տնօրենի` Անուշ Սարգսյանի խոսքերով, աշակերտների այս նախաձեռնությունը շատ ավելի խոսուն է ու վեր հազարավոր շնորհակալական խոսքերից: Աշակերտները պատկերավոր փոխանցեցին մեծ գրողների և՛ էությունը, և՛ գրական նվաճումներն ու հույզերը: Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը, տպավորված աշակերտների ելույթից, հույս հայտնեց, որ նրանք հայոց պետության փառավոր վերելքի ականատեսը կլինեն և նշեց, որ դպրոցի սաները հետևեցին Սահյանի խոսքերին ու իրենց ելույթով ապացուցեցին, որ “Սահյանին բացակա չեն դրել”, Սահյանն այստեղ է, իրենց կողքին:

“Ամեն ինչ հիանալի էր: Կարծում եմ` ավելի լավ Վերջին դաս կազմակերպել չէր լինի. հայ մեծերի արվեստը ներկայացնելը և՛ սովորեցնող է, և՛ պարտավորեցնող: Աշակերտների հետ դպրոցում հսկայական աշխատանք է տարվում, ամեն անգամ դպրոցի ողջ անձնակազմը զարմացնում է իր` նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով”,-“Անկախի” հետ զրույցում նշեց ծնողներից Անահիտ Միկոյանը:

Աշակերտներից մեկը` Դիանա Վարդանյանը անկեղծանալով  նշեց` շատ հուզված էր  ու բոլոր աշակերտների կողմից իր խոնարհումը հայտնեց մեծն Համո Սահյանին իր ստեղծածի համար` ավելացնելով, որ մեծ պատիվ էր իրենց համար ներկայացնել Սահյանի ստեղծագործություններն իրենց Վերջին դասի կապակցությամբ: Աշակերտուհին ավելացրեց, որ պատրաստվում են այսօր միանալ քաղաքի մյուս շրջանավարտներին ՀՀ հրապարակում` շարունակելու ավարտական երեկոն:

Համո Սահյանի ասմունքի մրցույթի մրցանակակիր Լիլիթ Եգանյանն էլ նշեց, որ զարմացած է, քանի որ աշակերտներից շատերը երբևէ բեմ չէին բարձրացել, իսկ ստեղծագործությունները ներկայացրին մեծ վարպետությամբ : Լիլիթին բոլոր ուսուցիչները պատկերացնում են ապագա բանասերի դերում, սակայն ինքը նախընտրում է ավիացիան, երազում է ավիաինժեներ դառնալ, իսկ ինչպես կատակում է իր ուսուցիչը` վատագույն դեպքում` օդաչու:

“ Որոշեցինք աշակերտների ավարտական ցերեկույթը նվիրել մեր գրողների պոեզիային: Ելույթներում գրողների շունչն ենք դրել, անրադարձել ենք գրողների ստեծագործության բոլոր ոլորտներին` նրանց կյանքին, արծարծած սիրո թեմային ու գլխավորը`հայրենիքին, քանի որ ամենակարևորը, որ դպրոցը պիտի տա աշակերտին, հայրենասիրությունն է: Աշխատել ենք անգամ վերջին օրը աշակերտին դպրոցից գիտելիքով ճանապարհել”,-“Անկախի”  հետ զրույցում նշեց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Դուրգարյանը:

Անկախ

Այսօր Պարույր Սևակը կդառնար իննսուն տարեկան

Paruyr-Sevak

Գրողի սիրտը պահում է  85-ամյա Աշոտ Թադևոսյանը:  Նախկին դատավորը  Սևակի հետ ծանոթացել և ընկերացել է   դեռ 1962-ին` իր ընկերոջ որդու կնունքի ժամանկ. Սևակը երեխայի կնքահայրն էր:

Երբ Սևակը մահանում է, Թադևոսյանն օրեր շարունակ հերթապահում է դիահերձարանի մոտ` հետևելով անցուդարձին, բժիշկների գործողություններին: «Երբ իմացա, որ Պարույրին պիտի հուղարկավորեն հայրենի գյուղում, մտածեցի, որ չպետք է թույլ տալ, որ մեծ գրողին  աքսորեն: Բոլորն էլ ուզում էին, որ նրա  մարմինը հողին հանձնվի Պանթեոնում: Միտք հղացա, որ գոնե Պարույրի սիրտը պետք է Պանթեոնում թաղվի»,- պատմում է նա:

Թադևոսյանը պահ է ընտրում, երբ դիահերձարանում միայն մեկ բժիշկ կար, ու ներս մտնում. «Հերձողն ինձ արդեն ճանաչում էր, այնքան էի ներսուդուրս արել: Խնդեցի, թե Ասատուր ջան, Պարույրի սիրտն ինձ տուր: Մերժեց: Գրպանումս գումար կար, մոտ 2 հազար ռուբլի, որ վերցրել էի հուղարկավորության հետ կապված միջոցառումներ կազմակերպելու համար, դրեցի բժշկի գրպանը, անմիջապես համաձայնեց»:

Այդ օրից Սևակի սիրտը ֆորմալինի լուծույթում պահվում է Թադևոսյանի տանը: Գրողի սրտին արժանի հանգրվան տալու համար նա դիմել է  Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, բայց ապարդյուն: Դիմել է նաև գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանին, Կարեն Դեմիրճյանին, Պերճ Զեյթունցյանին նախարար եղած ժամանակ, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին, անգամ դիմել է Վազգեն վեհափառին,  նաև այժմյան կաթողիկոսին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Գրողի սիրտը դեռևս ֆորմալինի լուծույթում է:  Այժմ էլ Թադևոսյանը դիմել է Սոս Սարգսյանին` խնդրելով աջակցել, որ Սևակի սիրտն ի վերջո Պանթեոնում հողին հանձնվի:

«Զարմանում եմ, թե Սևակի և նրա սրտի նկատմամբ ինչպիսի անտարբեր վերաբերմունք է: Այդ անտարբերությունն  անհասկանալի է»:

Շատերը կասկածում են, որ Թադևոսյանի մոտ իրոք Սևակի սիրտն է. անհավանական է, որ այն ժամանակ անվտանգության աշխատակիցները նման վրիպում թույլ տված լինեին: Թադևոսյանը, սակայն, նշում է, որ անվտանգության ծառայությանը պետք էր միայն մահացած Սևակի դին, ոչ ավելին:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ