Գրողի սիրտը պահում է 85-ամյա Աշոտ Թադևոսյանը: Նախկին դատավորը Սևակի հետ ծանոթացել և ընկերացել է դեռ 1962-ին` իր ընկերոջ որդու կնունքի ժամանկ. Սևակը երեխայի կնքահայրն էր:
Երբ Սևակը մահանում է, Թադևոսյանն օրեր շարունակ հերթապահում է դիահերձարանի մոտ` հետևելով անցուդարձին, բժիշկների գործողություններին: «Երբ իմացա, որ Պարույրին պիտի հուղարկավորեն հայրենի գյուղում, մտածեցի, որ չպետք է թույլ տալ, որ մեծ գրողին աքսորեն: Բոլորն էլ ուզում էին, որ նրա մարմինը հողին հանձնվի Պանթեոնում: Միտք հղացա, որ գոնե Պարույրի սիրտը պետք է Պանթեոնում թաղվի»,- պատմում է նա:
Թադևոսյանը պահ է ընտրում, երբ դիահերձարանում միայն մեկ բժիշկ կար, ու ներս մտնում. «Հերձողն ինձ արդեն ճանաչում էր, այնքան էի ներսուդուրս արել: Խնդեցի, թե Ասատուր ջան, Պարույրի սիրտն ինձ տուր: Մերժեց: Գրպանումս գումար կար, մոտ 2 հազար ռուբլի, որ վերցրել էի հուղարկավորության հետ կապված միջոցառումներ կազմակերպելու համար, դրեցի բժշկի գրպանը, անմիջապես համաձայնեց»:
Այդ օրից Սևակի սիրտը ֆորմալինի լուծույթում պահվում է Թադևոսյանի տանը: Գրողի սրտին արժանի հանգրվան տալու համար նա դիմել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, բայց ապարդյուն: Դիմել է նաև գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանին, Կարեն Դեմիրճյանին, Պերճ Զեյթունցյանին նախարար եղած ժամանակ, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին, անգամ դիմել է Վազգեն վեհափառին, նաև այժմյան կաթողիկոսին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Գրողի սիրտը դեռևս ֆորմալինի լուծույթում է: Այժմ էլ Թադևոսյանը դիմել է Սոս Սարգսյանին` խնդրելով աջակցել, որ Սևակի սիրտն ի վերջո Պանթեոնում հողին հանձնվի:
«Զարմանում եմ, թե Սևակի և նրա սրտի նկատմամբ ինչպիսի անտարբեր վերաբերմունք է: Այդ անտարբերությունն անհասկանալի է»:
Շատերը կասկածում են, որ Թադևոսյանի մոտ իրոք Սևակի սիրտն է. անհավանական է, որ այն ժամանակ անվտանգության աշխատակիցները նման վրիպում թույլ տված լինեին: Թադևոսյանը, սակայն, նշում է, որ անվտանգության ծառայությանը պետք էր միայն մահացած Սևակի դին, ոչ ավելին:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:
Tags: պարույր սևակ, սիրտը, ֆորմալինի լուծույթ
