Ադրբեջանում կսկսեն պլանշետներ արտադրել

2 Մոտ ապագայում համակարգչային տեխնիկա արտադրող “KÜR” ընկերությունն Ադրբեջանում պլանշետների արտադրություն կսկսի, այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, ընկերության գլխավոր տնօրեն Ռիզվան Օսմանովը նշել է, որ Ադրբեջանի համակարգչային շուկայում այժմ անկում է գրանցվում։ “Դա կապված է գնորդների առաջնահերթությունների փոփոխության հետ։ Բնակչությունը նախընտրում է պլանշետներ”,-ասել է նա։

Օսմանովը հավելել է, որ այդ ոլորտում իրենց համար դժվար է լինելու մրցակցել համաշխարհային բրենդների հետ։ “Չնայած դրան՝ “KÜR” -ը կարող է հանդես գալ նոր ինտերնետ-նախագծով՝ պլանշետների իրացման համար։ Մենք նախատեսում ենք նախագիծն իրականացնել մոտ ապագայում”,-ասել է նա։

Հայկական առաջին պլանշետը`«Արմթաբ»-ը ներկայացվեց հանրությանը

պլանշետԱյսօր հանրությանը ներկայացվեց հայկական առաջին պլանշետը` «Արմթաբ»-ը: Մշակող և արտադրությունն իրականացնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանն իր ելույթում նշեց, որ «Արմթաբ»-ի գաղափարը հանրայնացվել է դեռ 2013-ին: Իսկ առաջիկայում գործարանը կսկսի պլանշետների մասսայական արտադրությունը:

« «Արմթաբ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Պլանշետներում ներդվելու է «Ինստիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Մենք նպատակ ունենք 2015-ին «Արմթաբ» պլանշետները ներկայացնել Հայաստանի դպրոցական համակարգերում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր»,- ասաց Վահան Չակարյանը:

«Minno Tablet» ընկերության նախագահ Էրիկ Ռայենի խոսքով` ներդրումային ծրագիրը լավագույններից է թե’ ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե’ ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով:

«Մեր ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և կցուցաբերի ամեն հնարավոր աջակցություն: Ես խոնարհվում եմ հայկական տեխնոլոգիական մտքի ու ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- ասաց Էրիկ Ռայենը:

Հայկական պլանշետի ցուցադրությանը ներկա էին ՀՀ վարչապետը, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարները, դեսպաններ, պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր, գործարարներ և այլոք:

Նշենք, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 դոլար, ինքնարժեքը` 135 դոլար: ՀՀ կառավարությունը թույլատրել է արտադրող ընկերությանը՝ գործունեություն ծավալել Ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունում ներգրավել 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետների:

Անկախ

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը

10895_am_2Կառավարությոն լրատվական կենտրոնից Անկախին հայտնեցին, որ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:
Օգտվելով առիթից՝ պարոն Շաքարյանը վարչապետ Սարգսյանին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը և հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:
Հաջորդիվ խորհրդի անդամների քննարկման են ներկայացվել «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» և դրանց իրականացումն ապահովող «Թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը»: Անդրադարձ է եղել նշված ոլորտներում առկա ներկայիս իրավիճակին և միտումներին, առաջարկվող ռազմավարական զարգացման ուղղություններին, ինչպես նաև դրանցից բխող կոնկրետ գործողությունների ծրագրին և նախատեսվող բյուջեին: Ներկայացված փաստաթղթերի ծավալուն քննարկումից և հաստատումից հետո կառավարության ղեկավարը հանձնարարել է նախապատրաստել ոլորտների համագործակցության հուշագիր՝ այն մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ստորագրելու համար:
Մեկ այլ հարցով հաստատվել են նաև «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները: