Արևմուտքը ջանում է հասնել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը

 

Սարգիս Ասատրյան “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ինչ խոսք, հետաքրքիր է, քանի որ փաստացիորեն նա շրջայց է կատարում Հարավային Կովկասի երկրներ և որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար` նշում, որ Ֆրանսիան շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել և հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը” ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան:

Ընդհանուր առմամբ, ըստ ադրբեջանագետի, Արևմուտքը շահագրգիռ է լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի նպատակն է նաև այդ խնդրի լուծմամբ Հարավային Կովկասի երկրները կամաց-կամաց ուղղել դեպի Արևմուտք: Ըստ Սարգիս Ասատրյանի `այս ամենից զատ, տարածաշրջանը կարևոր է Արևմուտքի համար և այս առումով նրանք ամեն-ինչ անելու են այն ռուսական ազդեցությունից զերծ պահելու համար. իսկ ռուսական ազդեցության ընդլայնմանը ականատես ենք լինում նաև ուկրաինական իրադարձությունների համատեքստում:

Ադրբեջանագետը նշեց, որ Օլանդի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի` Մաքսային Միությանը անդամակցելը չի խանագարում հարաբերություններին, ցույց է տալիս, որ Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հարցում: “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եղել է Բաքվում, այժմ Երևանում է և պատրաստվում է մեկնել Թիֆլիս. սա սպասելի է, քանի որ Ֆրանսիան միշտ էլ ակտիվ է այս տարածաշրջանում: Ըստ էության, նա ոչ մի նոր բան չի ասել` Ադրբեջանում և Հայաստանում` նշելով, որ Ֆրանսիան հետամուտ է լինելու խնդրի կարգավորմանը”,-նշեց Սարգիս Ասարյանը:

Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ապա, ըստ ադրբեջանագետի, Ղարաբաղյան հակամարտությունը բավականին բարդ է և գուցե նմանատիպ հայտարարություններով ցանկանում են ստուգել արձագանքը:

“Անկախ”-ի այն հարցին, թե Ռուսաստանը որևէ շահագրգռվածություն ունի՞ այս պահին սրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ադրբեջանագետը պատասխանեց, որ այս պահին Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հարցի սրացումը, որովհետև տարածաշրջանում կառաջանա երկու կոնֆլիկտային գոտի և կառավարելն ավելի դժվար կլինի. նման պարագայում ձեռնտու է առայժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի պահպանումը: Բացի այս, ըստ Սարգիս Ասատրյանի, եթե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծվի ու սահմանները բացվեն, Ռուսաստանը շրջանցող էներգակիրների կիրառման նոր ծրագիր կմշակվի, իսկ Հայաստանն այստեղ առանցքային գործառույթ կարող է կատարել, քանի որ  ավելի հեշտ է Հայաստանի տարածքով անցկացնել էներգակիր խողովակներ, քան Վրաստանի տարածքով, Սև ծովի տակով և այլն:

Անկախ

«Հայկական կողմը պետք է զգոն լինի, տարածաշրջանում գերսպառազինվածություն է նկատվում». Սարգիս Ասատրյան

ադրբեջանագետ Սարգիս ԱսատրյանՍարգիս Ասատրյան. «Ինչքան էլ չնչին է պատերազմի վերսկսման վտանգը, մենք միշտ պիտի զգոն լինենք, որովհետև տարածաշրջանում գերսպառազինություն է նկատվում»

Ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածություն է նկատվում: Դեպքերի ժամանակագրությանը նայելիս` կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմի իրականացրած ցանկացած լուրջ դիվերսիոն հարձակման հաջորդել են կարևոր իրադարձություններ` նախագահական ընտրություններ, նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումներ, Մինսկի Խմբի համանախագահների այց և այլն: Մասնավորապես շփման գծում վերջին դիվերսիոն գործողությունները նախորդում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունները` ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ սահմանին լարվածություն ստեղծելով Ադրբեջանը կերպ Ադրբեջանը փորձում է յուրովի ճնշում գործադրել Հայաստանի վրա և ստուգել հայկական զինված ուժերի զգոնությունը: Հերթական անգամ հայկական զինված ուժերը թշնամուն ապացուցեցին, որ իրենց զգոնությունն ու պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է:

«Ադրբեջանը գերակայություն է ձեռք բերում օդուժում: Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվորեն արդիականացնում է իր ռազմաօդային ուժերում գտնվող ՄԻԳ-25 ինքնաթիռները, ինչպես նաև բանակցություններ է վարում Պակիստանի հետ` ՋՖ-17 կործանիչներ ձեռք բերելու համար: Ինչքան էլ չնչին է պատերազմի վերսկսման վտանգը, փաստն այն է, որ հակառակորդը շարունակում է նոր զինատեսակներ ձեռք բերել: Հայկական կողմը պետք է միշտ զգոն լինի, որովհետև տարածաշրջանում գերսպառազինվածություն է նկատվում»,-իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանագետը:

Անկախ