Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր

  սերգո  Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ  կայացել է  խորհրդակցություն,  որին մասնակցում էին նաև  ՀՀ տարածքային  կառավարման նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ»  ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը,  Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների  գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի  տնօրենները, գյուղատնտեսության և  ջրային տնտեսության  ոլորտների լավագույն մասնագետներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաների հետ քննարկել է  սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու և համակարգված գործողություններ իրականացնելու հարցեր։

Նշվել է, որ հաշվի առնելով աննպաստ եղանակային պայմաններն ու  ջրամբարներում կուտակված  ջրի աննախադեպ  նվազ պաշարները, ինչպես նաև ոչ պակաս անհանգստացնող օդերևութաբանական կանխատեսումները, Սևանա լճից լրացուցիչ  ջրառ սահմանելը Արարատյան հարթավայրի  ստորգետնյա ավազանի  սակավաջրության խնդրին լուծում տալու միակ  այլընտրանքն է։

Նման իրավիճակը պահանջում է նաև միջգերատեսչական  համակարգված  գործողություններ,  որի համար  որոշվել է՝

  • վերանայել ջրտուքի նորմաները,
  • սահմանել  մշակաբույսերի ոռոգման   առաջնահերթությունները,
  • սահմանել ոռոգման նոր կարգ,
  • կազմակերպել մշակաբույսերի գիշերային ոռոգում,
  • ջրի խնայողական  ռեժիմների պահպանման վերահսկողության համար Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ընդգրկելով  նրա կազմում  գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների,  ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Պահանջել աշխատանքային խմբերից ամենօրյա գործնական աշխատանք` առկա խնդիրներին ժամանակին լուծում տալու համար:
  • Վիճակի լրջության  ու նոր պայմաններում սպասվող սահմանափակումների  մասին օպերատիվ կարգով տեղեկացնել  բոլոր ջրօգտագործողներին։
  • Մշակել մեթոդական ցուցումներ և խորհրդատվական թերթիկների տեսքով տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Ամփոփելով քննարկումը, նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Ինչքան էլ դժվար է տարին, ինչքան էլ ստիպված համազգային խնդիրների համար կրկին դիմում ենք Սևանին, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր համակարգված աշխատանքը դրական արդյունք է տալու, և մենք անպայման կարողանալու ենք ապահովել ընթացիկ տարում մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:

 

«Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ Լեզվի տեսչությանը գործադիրի գործառույթ տրվի, դա կվնասի բիզնեսի զարգացմանը». Սերգո Երիցյան

Սերգո ԵրիցյանԵթե մենք գործադիրի գործառույթ ունենայինք, վարույթ հարուցելու իրավունք ունենայինք, մեր աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ: Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ մեզ գործադիրի գործառույթ տրվի, քանի որ ըստ նախարարության` դա կվնասի բիզնեսի զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` եթե նման լիազորություններ չտրվեն, տեսչությունից ավելի արդյունավետ աշխատանք ակնկալել հնարավոր չէ, քանի որ այն միայն վերահսկողական, տեսչական գործառույթ է իրականացնում և չունի գործադիրի գործառույթներ:

«Արդեն երկու-երեք տարի է խոսվում է տեսչությունը վերակազմավորելու, գործադիրի գործառույթ տալու մասին, առանց դրա անհնար է: Մենք մի կողմից վերահսկում ենք, բայց դա չի նպաստում լեզվի խնդիրների լուծմանը»,- ասաց Սերգո Երիցյանը:

Լեզվի տեսչության պետի խոսքով` այսօր օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներ կան, որոնց պատճառով անգամ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ: Անհրաժեշտութուն կա, որ օրնեսդրությունը հստակեցվի: Օրենսդրական նախաձեռնությունը կա, բայց ոչինչ չի փոխվել:

Սերգո Երիցյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել տեսչական բարեփոխումների մասով: Հնարավոր բոլոր ոլորտների համար ստուգաթերթեր են կազմել, որոնք ռիսկային ստուգումների կարևոր հիմքերից են: Վերջին մեկ տարվա ընթացքում տուգանքների արդյունքում 6 մլն դրամ է մտել պետական բյուջե: Հիմնական խախտումները վերաբերել են հրապարակային գրվածքներին՝ ցուցանակներ, գովազդային վահանակներ և բժշկական հաստատություններին:

«Լեզվաքաղաքականության պետական ծրագրի ընդունումը ևս հնարավորություն կտա լեզվին առնչվող որոշակի խնդիրներ լուծել: Անհրաժեշտ են լեզվական ձեռնարկների, բառարանների հրատարակումը, տերմինաբանական խորհրդի ստեղծումը: Ցավոք, Տերմինաբանական խորհուրդն արդեն 7 տարի է չի գործում օրենսդրական բացի պատճառով»,- ասաց Լեզվի տեսչության պետը:

 Անկախ