Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ մայրաքաղաքի «Սիրահարների այգում» կազմակերպված տոնախմբությանը: Սուրբ Սարգսի հիշատակության օրվան նվիրված տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեց
Tag Archives: Սուրբ Սարգիս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին
Փետրվարի 15-ին նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս սրբի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսներին ներկայացված են երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները սիրո թեմայով՝ սեր առ Աստված, սեր առ Հայրենիք, սեր առ բնություն, սեր մերձավորի հանդեպ, փոխադարձ սեր: Վարչապետ Սարգսյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է ցուցադրված աշխատանքներին, զրուցել երիտասարդ ստեղծագործողների հետ, շնորհավորանքի խոսք հղել տոնի կապակցությամբ.«Միանում եմ այն ջերմ ու գեղեցիկ խոսքերին, որ հնչում են այսօր: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող սերը բոլորիցդ անբաժան լինի ու ձեր ընտանիքներում թող միշտ խաղաղություն և սեր լինի»:
Հաջորդիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է երիտասարդներով լեցուն Սիրահարների պուրակում կազմակերպված տոնական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սիրահարների այգում կառավարության ղեկավարն այցելել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած սիրիահայերի ձեռագործ հուշանվերների ցուցահանդես, զրուցել սիրիահայերի հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմն արդեն ավանդաբար երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսի ներքո կազմակերպում է տոնական միջոցառումներ: Այս տարի տոնակատարությունները մեկնարկել են փետրվարի 10-ից: Ս. Սարգսի տոնախմբությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը
Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում:
Մեր հարցումը երիտասարդների շրջանում պարզեց, որ նրանցից շատերը սպասում են Սուրբ Սարգսի տոնին և լավատեղյակ են ավանդույթին: Թեև ոմանք աղի բլիթին հիմնականում հումորով են վերաբերվում, բայց, միևնույն է, մեծ սպասումով ամեն տարի ճաշակում են՝ հույս ունենալով, որ հենց այդ տարի կհանդիպեն իրենց ընտրյալին:
Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր մարզային երիտասարդական կենտրոններում: Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոների կապակցությամբ Արագածոտնի մարզային կենտրոնում փետրվարի 14-ին բացվեց հոգևոր ակումբ, Արմավիրի մարզային կենտրոնի կամավորները Սուրբ Սարգսի տոնը նշում են ավանդական աղի բլիթներով և հոգևորականի հետ հանդիպմամբ: Շիրակի մարզի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ են կազմակերպում, իսկ բարեմաղթանքների անկյունում հնարավորություն ունեն թղթին հանձնել իրենց ցանկությունները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթում, որ սիրով ու ջերմությամբ լեցուն լինի հայ երիտասարդի ամեն օրը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Անակնկալ՝ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:
Հայ Առաքելական եկեղեցու Սրբերից Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոնը տարեցտարի ավելի ու ավելի է արժեվորվում ու երիտասարդության շրջանում վերածվում իսկական տոնախմբության:
Եվ քանի որ գեղեցիկ այս տոնի նախորդ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները նաև աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը, երիտասարդ տղաներն ու աղջիկները, շնորհավորելով տոնի կապակցությամբ, զբոսնող երիտասարդներին աղի բլիթներ են բաժանել:
Երիտասարդները նաև հնարավորություն են ունեցել գրի առնելու իրենց սիրո խոստովանություններն ու դրանք զետեղելու տեղակայված սրտերում: Սիրո լավագույն խոստովանության հեղինակը Երևանի քաղաքապետարանի կողմից կարժանանա խրախուսանքի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սուրբ Սարգիս
Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ (այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին): Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Գևորգը հայերի ամենասիրած սրբերն են: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:
361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել V դարում:
Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:
Սուրբ Սարգսի տոնի կերակուրների բաղադրատոմսեր
Աղի բլիթ
1 բ. ալյուր
1 ճ. գ. աղ
ջուր
Հունցել աղի խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:
Փոխինձի գնդիկներ
1 բ. փոխինձ
1/2 բ. դոշաբ (կամ մուրաբայի հյութ)
50 գ կարագ
Փոխինձը և դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:
Առանց թթխմորի և աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ դրամ կամ պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:
Խաշիլ
1 բ. փոխինձ
1 ճ. գ. յուղ
1 բ. թան
աղ
Ջուրը եռացնել, ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին ավելացնել յուղ և թան:
Խավիծ
Ջուրը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ մատուցել տաք վիճակում:
Կլոնդակ
Փոխինձը շաղել յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:
Թթվասերով հալվա
1/2 բ. թթվասեր
1 բ. ալյուր
1/2 բ. շաքարավազ
դարչին
Սարի թարմ թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ, հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:
Հալվա
3 բ. ալյուր
1 բ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
1/2 բ. տահին
1/2բ. գետնանուշ
1 թ.գ. դարչին
Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:
«Այս երկփեղկված վիճակը երկար չի կարող շարունակվել». Վահե Ղազարյան
Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Ապագայի մասին հոռետեսական ու պարտվողական արտահայտություններ հաճախ ենք լսում խոպանչիներից ու գաղթականներից: Նրանք ասում են, թե չեն հավատում, որ լավ է լինելու: Իրականում, հավատի դեֆիցիտը կապ չունի տնտեսական ցուցանիշների հետ, ինչպես հավատն առ Աստված պայմանավորված չէ հավատացյալի բարեկեցության մակարդակով: Հավատը չի պահանջում տրամաբանական հիմնավորում կամ ապացույց: Այն ամրացնում է հասարակության արժեքային համակարգը, որը փոփոխվում է համաշխարհային քաղաքակրթական տեղաշարժերի ազդեցությամբ:
Ավանդույթներին կառչած հասարակությունը դիմադրում է համաշխարհային զարգացումներին, ինչը լուրջ փորձությունների է ենթարկում ժողովրդին: Իսկ բաց հասարակությունը կարողանում է արդյունավետ համատեղել հինն ու նորը, ազգայինն ու համամարդկայինը, ապահովում ներդաշնակ զարգացում և համաքայլ առաջընթաց:
Հաջորդ շաբաթ նշվելու է տրընդեզն ու Սուրբ Սարգսի տոնը: Այդ տոներին մարդիկ ցատկում են խարույկների վրայով, ազատվում չարից և լցվում բարությամբ: Իսկ աղի բլիթ ուտելով երազում մեծ և անխախտ սիրո մասին: Հաջորդ շաբաթ նշվելու է նաև մինչև վերջերս անծանոթ նոր տոն՝ Վալենտինի օրը, կամ ինչպես ասում են՝ սիրահարների տոնը: Այդ օրը սիրո խոստովանական բացիկով և քաղցրավենիքով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը սիրելիի նկատմամբ: Ներկա սոցիալական մտածողության մեջ չեն համատեղվում այս տոները, ինչը վկայում է, որ հասարակությունը աշխարհի անբաժան մասնիկը լինելու խնդիր ունի: Այս երկփեղկված վիճակը երկար չի կարող շարունակվել: Կա՛մ ավանդապահները պաշտպանելու են դիրքերը հետ մղելով դրսից եկածներին, կա՛մ հասարակությունը ենթարկվելու է քաղաքակրթական տրանսֆորմացիայի”:

