«Ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել և, առավել ևս, ոչ ոք իրավունք չունի աշխատեցնել 48 ժամից ավելի». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանԱշխատավորության օրվա առիթով հրավիրված ասուլիսին այսօր «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել և, առավել ևս, ոչ ոք իրավունք չունի աշխատեցնել 48 ժամից ավել:

Արմեն Պողոսյանն անդրադարձավ նաև թաքնված զբաղվածության խնդիրներին: Վերջինս նշեց, որ շատ մարդիկ աշխատում են առանց օրենսդրական գրանցումների: Այսինքն` հարկեր չեն վճարում և թոշակի տարիներին խնդիրներ կունենան:

«Միջին աշխատավարձը 157 000 դրամ է, սպառողական զամբյուղի ամենակենսական մասը` 37 000 դրամ, 50 000 դրամ` ընդհանուր սպառողական զամբյուղը: Հաշվարկները ցույց են տվել, որ մեր ընտանեկան եկամտի 60-65%-ը  գնում է սննդի վրա, էլ չեմ ասում կոմունալ ծախսերը, իսկ տակն ի՞նչ մնաց: Մարդը չի ծնվել պոմիդոր կամ կոշիկ սպառելու համար, բա ու՞ր մնաց կյանքի հոգևոր մասը: Մարդիկ չեն հիշում, թե ե՞րբ են վերջին անգամ եղել թատրոնում կամ օպերայում: Սա ապրելու ձև չէ»,-ասաց Արմեն Պողոսյանը` հավելով, որ Կառավարության վերջին փոփոխություններն էլ լավ ապագայի ոչ մի հույս չեն ներշնչում:

 

«Չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանՄարտի 8-ի նախօրյակին գների հերթական ազդեցիկ թռիչքը եղավ: Օրինակ, 300-400 դրամ արժողությամբ մեկ հատ ծաղիկը այդ օրերին դարձավ 1500 դրամ: Գների կտրուկ բարձրացումը վերաբերում է նաև հուշանվերներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով վերջին օրերի թանկացումները և ծառայությունների ու ապրանքների գները համեմատելով եկամուտների հետ, ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ես բեզարել եմ` ասելով, որ գների աճը բնական երևույթ է, պարզապես եկամուտները պետք է բարձր լինեն գների համեմատ»,- ասաց նա:

Վերադառնալով թանկացումներին` Արմեն Պողոսյանը ներկայացրեց Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության վերջին հետազոտությունները, համաձայն որոնց` մեր մանուկների 15 %-ն ունի թերաճ կամ այլ առողջական շեղումներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ, ինչն էլ դարձյալ թանկացումների հետ ուղիղ համեմատական է:

Ըստ Արմեն Պողոսյանի` պետք է լինի գների զսպման գործընթաց: Օրինակ, Գերմանիայի ղեկավարն ասել է, որ ինքը կարագ չպետք է ուտի, որովհետև կարագ պետք է ուտեն երեխաները և զինվորները։ Արմեն Պողոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր երկրի պաշտոնյա պետք է առաջնորդվի նույն տրամաբանությամբ:

«Մենք չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն: Եվ թող կառավարությունից ինչ-որ մեկը փորձի մեզ հակառակն համոզել: Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, իմ գնահատմամբ, կարկատանային քայլեր են»,-ասաց բանախոսը:

Անդրադառնալով տնտեսական ճնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ-ից ստացված 500 մլն դոլար օգնությանը` Արմեն Պողոսյանը նկատեց, որ, թեև դրանով շատ բաներ կարելի էր անել, բայց առյուծի բաժինը գնաց շինարարության վրա: Իսկ այդ շինարարության արդյունքում մենք ունեցանք 80 % դատարկ տներ, այդ գումարը ծառայեց ստվերային շահերին:

«Ճիշտ կլիներ` սպառողների շահերի պաշտպաններն էլ ոսկու շուկաներում կետեր ունենային, որպեսզի մարդիկ կարողանային պարզել` որակյալ ոսկի են գնո՞ւմ են, թե՞ ոչ». Արմեն Պողոսյան

արմեն պողոսյանԴրոշմավորման երկու եղանակ կա` մեխինակական և լազերային: Մեխանիկականը հին մեթոդ է, դրոշմավորելիս ոսկին վնասվում է, հետք է մնում, մշակելուց պատկերը ջնջվում է: Լազերային դրոշմավորումն ավելի լավ տարբերակ է, բայց մեզ մոտ դարձյալ լավ չի արվում, պատկերն աղավաղվում է, չի երևում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` ներկայացնելով երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու հայտնաբերված թերացումները ոսկու 3 շուկաներում:

Ցուց տալով լազերային դրոշմավորման մի քանի լուսանկարներ` Արմեն Պողոսյանը նշեց, որ մեծ երևակայություն է պետք այդ պատկերներում Սասունցի Դավթի պատկերը տեսնելու համար:

«Ֆինանսների նախարարությունն այդ սարքերը բերում է ռուսական մի կազմակերպությունից: Իհարկե, հասարակ սպառողին հետաքրքրում է միայն այն, որ լավ որակի ոսկի գնի, բայց, եթե հարգադրոշմի պատկերն աղավաղված է և չի երևում, թե ո՞ր կազմակերպությունն է հարգը որոշել, դժվար է դառնում անհրաժեշտության դեպքում գտնել պատասխանատուին»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Արմեն Պողոսյանն առաջարկեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկում հրավիրել, ստուգումներ անցկացնել հարգորոշում ապահովող կազմակերպությունների մոտ, այնուհետև խնդիրների լուծման մեխանիզմներ մշակել և խիստ վերհսկողություն սահմանել:

Ըստ բանախոսի` ճիշտ կլիներ, եթե սպառողների շահերի պաշտպաններն էլ այդ շուկաներում կետեր ունենային, որպեսզի մարդիկ կարողանային պարզել` որակյալ ոսկի են գնո՞ւմ են, թե՞ ոչ: