ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք…

Վահե ՍԱՐԳՍՅԱՆԱյսօր առավոտյան 010-37-02-63 հեռախոսահամարով զանգահարեցի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու համար, թե արդյոք այլ մարզում գրանցված քաղաքացին կարող է ելքի վիզան երակարացնել նշյալ գլխամասային հաստատությունում: Վերցրեց մեկը (ըստ երևույթին` պահակային ոստիկանը) և պատասխանեց` այո: Մեծ քաղաքավարությամբ խնդրեցի ասել, թե կարող եք ինձ հուշել, թե քաղաքացին որ սենյակ պետք է մոտենա, քանի որ վերջինս տարիքով է և ծանոթ չէ շենքին: «Իյա~, կարողա ես պետք է հելնեմ հարցնեմ, թող մտնի շենք` ճշտի», ոստիկանին կամ ծառայողին ոչ հարիր, «քուչում պպզողի» ոճով պատասխանեցին ինձ ու դրեցին լսափողը: Տպավորությունն այնպիսին էր, թե անծանոթ մեկը մտել է թաղը և այտեղի «լավ տղուն» ուղարկում է ծխախոտի:

Անձնագրային և Վիզանորի վարչության այդ աշխատակից-ոստիկանը, եթե անգամ իրեն չէր վերաբերում հարցը (հապա էլ ում, եթե ինձ սփյուռից տվել են այդ համարը և ես իրավունք ունեմ ամեն հարցով զանգահարելու այդ հեռախոսահամարով), կարող էր դպրոց գնացած և ընտանիքում դաստիարակություն տեսած մարդուն հատուկ ձևով պատասխանել, ասելով. «Կներեք, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, դա Դուք պետք է մոտենաք, ճշտեք»: Այս ծառայակիցն անգամ չվախեցավ, որ կարող է հանկարծ «վերևներից» մեկը դիմեր և ստուգեր իրեն:

Մի պարզ, հասարակ բան, որը փչացրեց քաղաքացու տրամադրությունը ողջ օրը: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած բարեփոխումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ոստիկանության աշխատակիցների վստահությունը քաղաքացիների շրջանում, և սա այն դեպքն է, երբ «մի քոսոտ ոչխար գցում է ամբողջ հոտի անունը»: Այս պարագայում դժվար է ասել, թե ով է մեղավոր այս աշխատակցի նման խոսելաձևի համար` ընտանիքը, թե ոստիկանությունը, սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոստիկան ինքնին հանդիսանում է համակարգի դեմքն ու դիմագիծը:

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Բաց նամակ “ԴԵ ՖԱԿՏՈ” ամսագրի խմբագիր Մենուա Հարությունյանին

Մենուա ՀարությունյանՎահե ՍԱՐԳՍՅԱՆՀարգելի Մենուա, նախկինում, երբ Դուք “Արմնյուզ” հեռուստատեսությունում հարցազրույցի էիք կանչում այս կամ այն գործչին, անպայման վերջում հարց էիք տալիս նրան՝ այն մասին, թե որտե՞ղ է վերջինս պատրաստվում հանգստանալ առաջիկայում, և, եթե պատասխանը լինում էր ոչ թե Թուրքիայում, այլ՝ որևիցե այլ տեղ, Դուք գոհունակությամբ դառնում էիք դեպի հեռուստադիտողն ու հիշեցնում մոտավորապես հետևյալը. “Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Թուրքիայի ափերում թողնված մեր գումարի չափով յուրաքանչյուր տարի այդ երկիրը զինում է Ադրբեջանի բանակը: Հետևաբար՝ Թուրքիայում հանգստանալով, մենք անուղղակիորեն զինում ենք ադրբեջանական բանակը, որի զենքն ուղղված է մեր սահմանը պաշտպանող հայ զինվորի դեմ”: Ավելացնեմ նաև, որ օրերս ձեռքս ընկավ Ձեր  կողմից հրատարակվող “ԴԵ ՖԱԿՏՈ” ամսագրի 2013 թ. 05 և 07 համարները, որոնց նախավերջին 2 մեծադիր էջերը ամենայն ճոխությամբ  պատկերում են Անթալիա քաղաքի լողափերը, իսկ վերևում հրապուրիչ առաջարկի տողերն են՝ “Հանգստացեք Անթալիայում”:

Հարգելի Մենուա, Թուրքիա՞ն այլևս չի զինում Ադրբեջանի բանակը կամ չի սատարում այդ երկրին՝ բոլոր իմաստներով, թե՞ ադրբեջանական բանակի զինվորի զենքն այլևս ուղղված չէ հայ զինվորի դեմ, թե՞…

Հարգելի Մենուա, ներկայացրեք, խնդրեմ, թե ինչը կամ ով է փոփոխության ենթարկվել այս ընթացքում: Սպասում եմ Ձեր պարզաբանմանը:

 

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Գ. Էմին-Տերյանի մտքերի շուրջ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՕրերս «Հրապարակ» թերթի կայքում երևաց «Ջավախքը՝ ոչ թե Վրաստանին փետրահան անելու գործիք, այլ շրջափակումը ճեղքելու միջոց» վերտառությամբ մի ակնարկ, որի մեջ սպրդած մի շարք մտքերի և եզրահանգումների կուզենայինք անդրադառնալ ստորև:

Հոդվածագիր Գ. Էմին-Տերյանը, ներկայացնելով Վրաստանը որպես բարեկեցիկ, եվրոպական քաղաքակրթության օրրան հանդիսացող մի երկիր, ինքնին ապացուցում է, որ, կամ վերջինս բոլորովին տեղյակ չէ Վրաստանում տեղի ունեցած իրական գործընթացներից և այդ երկրին ճանաչում է միայն արտաքնապես, կամ` 1963 թվականից ի վեր «Ջավախքի կյանքին ու իրադարձություններին աչալրջորեն հետևած» և Վ. Տերյանի շառավիղը հանդիսացող Գ. Էմին-Տերյանն իր, մեղմ ասված, անգրագետ ու տեղ-տեղ խիստ վտանգավոր մտքերն արտահայտում է դիտավորյալ կերպով:

Եվ այսպես` հոդվածագիրը, հերքելով «Ջավախքի խնդրի» (չակերտները Գ. Էմին-Տերյանինն են) գոյությունը, ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր բարձրաձայնում են Ջավախքի այս կամ խնդրի մասին, ներկայացնում է որպես ՀՀ-ի ու Վրաստանի թշնամիներ: Ավելին, հոդվածագիրը բոլորովին չի երկմտում այս ցանկի մեջ ներառել նաև ջավախքաբնակ գործիչ, Վրաստանի նախորդ իշխանությունների կողմից շուրջ 4,5 տարի անօրինական դատապարտված Վ. Չախալյանին:

Իհարկե` ցավալի է, որ այս խիստ վտանգավոր թեզերի հեղինակը հայազգի լրագրող է, ավելին` կրկնակի ցավալի է, որ այդ հայազգի լրագրողը Տերյանի տոհմի ներկայացուցիչ, արմատներով ջավախահայ մեկն է: Այստեղ ջավախքագիտական դասեր տալը Գ. Էմին-Տերյանին բոլորովին անիմաստ գործ է` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ բնագավառում վերջինս անցել է արդեն հիսնամյա ճանապարհ : Սույն ակնարկով պարզապես կուզենայինք մի քանի հիշեցումներ անել նրան` հուսալով, որ դրանից հետո վերջինս կսկսի գրել միայն իր գիտակցությանը հասանելի թեմաներով, բայց ո’չ Ջավախքի թեմայով:

Նախ այն մասին, որ չկա Ջավախքի խնդիր: Առնվազն զավեշտական է, որ Ջավախքին 50 տարի “աչալուրջ հետևող” Գ. Էմին-Տերյանը մինչ օրս չի տեսել, թե ինչպես էին սահակաշվիլիական ռեժիմի ներկայացուցիչները վախի ու սարսափի մթնոլորտում պահում իր հայրենակիցներին, թե ինչպես էին սահմանային աշխատակիցները ստորաբար խլում գրքերն ու մշակութային առարկաները նույն մարդկանց ձեռքից, թե ինչպես էին դպրոցներում  օրավուր կրճատվում հայրենագիտական դասաժամերը և փոխարինվում վրացերենով, թե ինչպես էին հայերենի կարգավիճակի բացակայության պայմաններում հայ աշխատակիցները մաքրազարդվում պետական հիմնարկներից` փոխարինվելով վրացիներով կամ ազգանվամբ հայերով, թե ինչպես էին ստորաբար աշխատանքից ազատվում այն ուսուցիչները, մտավորականներն ու մշակութային գորիչները, որոնց հարազատները բարձրաձայնում էին Ջավախքին հուզող բազմապիսի հարցերը, թե ինչպես էին հալածվում, հայրենիքը թողնում կամ անօրինական բանտարկվում ջավախահայության արդարացի իրավունքները պաշտպանող գործիչները, էլ չեմ խոսում Վրաստանի օրենսդրական բազայի և միջազգային փաստաթղթերի բնագավառի խնդիրների, հոգևոր-կրոնական, նահանգային-վարչատարածքային, ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխման, տնտեսական և այլ հարցերի մասին: Կարծում ենք` այս աղաղակող փաստերն անհնար էր չտեսնել, մանավանդ, որ հեռացող Սահակաշվիլին մանավանդ վերջին շրջանում ամեն ջանք թափեց` ապացուցելու իր հակահայ կեցվածքը, և Գ. Էմին-Տերյանի այս վարքագծի մեջ գերիշխում է ոչ թե անտեղյակությունը, այլ` սեփական արմատների ու հայրենակիցների խնդիրների հանդեպ ցինիկ պահվածքը:

Ինչ վերաբերում է “սուտ տեղը արհեստականորեն խնդիրներ բարձրաձայնող” ջավախահայ գործիչներին կամ քաղաքագետներին, ապա` հիշեցնենք պ. Գ. Էմին-Տերյանին, որ իրականում այդ մարդիկ արել են ամեն ինչ, որ իր պապ Վահան Տերյանի միջոցառմանը սահակաշվիլիականները չփորձեն անարգել ու ցեխատրոր անել Տերյանի լեզուն` ստիպելով ելույթ ունենալ ռուսերեն կամ վրացերեն, արել են ամեն ինչ, որպիսի իր պապ Վ. Տերյանի ու հայազգի այլ մեծերի գրքերը սահակաշվիլիականները չփորձեն արգելել մտցնելու Ջավախք, արել են ամեն ինչ, որ իր հայրենի Գանձայի և Ջավախքի դպրոցներում դասավանդումը չպարտադրվի իրականացնելու վրացերենով, արել են ամեն ինչ, որ ջավախահայը չբռնի գորիահայության, կախեթահայության, սղնախահայության՝ դեպի ուծացում տանող ճամփան. Ջավախքում հայկական շարունակականությունն այս տարիներին ապահովվեց նաև ա՛յս մարդկանց շնորհիվ, որոնց այս կամ այն պիտակներ կպցնելը, մեղմ ասված, բարոյական չէ: Ի դեպ, Գ. Էմին-Տերյանի նշած նույն “սադրիչ” քաղաքագետները կամ “արտաքին թշնամական ուժերը” դեռ չկային, երբ ընթանում էր քարթվելիզացման գործընթացն՝ իր մեջ կլանելով բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, և զավեշտի ժանրից է, երբ Գ. Էմին-Տերյանը ջավախահայության խնդիրների ի հայտ գալու մեղավոր է համարում ոչ թե իշխող ռեժիմին, այլ` ոչ ավել, ոչ պակաս, նշյալ անձնավորություններին, որոնց բողոքների արդյունքում ծնվեցին խնդիրները. փաստորեն, ըստ Գ. Էմին-Տերյանի մանկական դատողության, Ջավախքում կրթական համակարգը կմնար հայկական, դասագրքերը չէին արգելվի, ուսուցիչները կվերապատրաստվեին Հայաստանում, եթե այդ “վատ” քաղաքագետները նախապես չբողոքեին: Հոդվածագիրը պարզապես գլխիվայր շրջում է իրերի զարգացման տրամաբանությունը` իրեն վերջնականորեն դասելով վանբայբուրդների շարքը: Մեր այս եզրահանգման վառ ապացույցն է Գ. Էմին-Տերյանի հաջորդ ապատեղեկատվությունն առ այն, որ Ջավախքում առկա է բնակչության աճ, բարվոք է ժողովրդագրական վիճակը և Ջավախքը չի հայաթափվում: Եթե անգամ Գ. Էմին-Տերյանին հասու չեն ժողովրդագրական տվյալները, գոնե այդ մասին Երևանում հարցուփորձ աներ իր հայրենակիցներից: Մենք այլևս կասկածում ենք, որ վերջին տարիներին հոդվածագիրը եղել է Ջավախքում, այլապես` կտեսներ իրենց հարևան Փոկա գյուղի օրավուր վրացականացվող վիճակը, դիմացի Ասփարա գյուղը, որի 331  ընտանիքներից (1970 թ.) մնացել են ընդամենը երկուսը և այլն: Համաձայն ենք, որ Աշոցքում կամ այլ շրջաններում առավել վատ է վիճակը, բայց դա ամենևին խնդրի անտեսման կամ վրացական իշխանությունների փառաբանման հիմք չէ: Հոդվածագիրը, որպես բարի գործ, նշում է Ջավախքի ճանապարհների մի մասի վերանորոգումը, և, քանի որ նրա խոսքի սկզբում հիշատակություն կա Ստալինի մասին` նշենք, որ Ջավախքի լավագույն լեռնանցքային ճանապարհները սարքվել են նրա օրոք, բայց ջավախահայությունը լավ չի ապրել, քանի որ նրա սերուցքը աքսորվել ու գնդակահարվել է: Նույնկերպ ջավախահայությունը լավ չի ապրել Սահակաշվիլու բարենորոգ ճանապարհների պայմաններում, քանի որ հոգևոր դաշտում կրել է դաժան հալածանքներ, քանի որ նրա խնդիրը հոգևոր և ազգային-քաղաքական դաշտում է:

Գ. Էմին-Տերյանի հաջորդ և վերջին մտազեղումը, որին կարելի է անվանել ոչ թե կարճատեսություն, սխալ հաշվարկ կամ ոչ իրատեսկան մոտեցում, այլ` սովորական քաղաքական չիմացություն, դա վերաբերում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու գործարկմանը, որն, ըստ հեղինակի, ոչ միայն “ջավախահայությանը կկապի Եվրոպայի հետ, ինչի հետևանքով Ջավախքը փակուղուց կվերածվի խաչմերուկի”, այլև “կօգնի Հայաստանին ճեղքելու բլոկադան”: Թուրք-ադրբեջանական ամենավտանգավոր նախագիծը, որի մուտալուտ գործարկմամբ արդեն օրավուր թուրքանում է Ջավախքը, իսկ ՀՀ-ին սպառնում շրջափակում, ըստ մեր մտածողի, փրկում է և՛ Ջավախքը, և՛ ՀՀ-ն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Չենք կարող ասել, թե ինչ է իրականում թաքնված Գ. Էմին-Տերյանի այս տարօրինակ վարքագծի հետևում,սակայն  կարող ենք հաստատորեն ասել, որ Գ. Էմին-Տերյանն  դատողություններով մեծ վնաս հասցրեց  Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հոր) գերդաստանի, այդ մտավորականների ու ուսուցիչների աստղաբույլի պատիվին: Հաստատենք նաև, որ ջավախահայության խնդիրները ձևախեղողների կամ դրանց գոյությունը մերժողների թիվը մեծ տեմպերով նվազում է, և այժմ Գ. Էմին-Տերյանի նման վանբայբուրդիզմով տառապողները գրեթե հաշվվում են մատների վրա:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հոդվածում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «archive2.ankakh.com»կայքի և “Անկախի ” խմբագրության տեսակետի հետ:

ՀՀ ՊԵԿ-ի նոր անակնկալը կամ ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՋավախքից դեպի ՀՀ անցնելիս՝ Բավրայի մաքսային կետի շենքի պատուհաններին կտեսնենք հետևյալ հայտարարությունը. “Օգտագործված անվադողերի ներբերումը ՀՀ արգելվում է”: Այս տողերը կարող էին ուրախացնել յուրաքանչյուր քաղաքացու՝ կապված այն հանգամանքի հետ, որ օգտագործված անվադողերը կարող են նպաստել շրջակա միջավայրի աղտոտմանը: Այդ դեպքում էլ բնական հարց կարող էր առաջանալ՝ ինչու հենց միայն անվադողեր, և ոչ թե, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր կամ այլ իրեր:

Խնդիրն իրականում բոլորովին այլ է, և օգտագործված անվադողերի ներբերման արգելումն ամենևին էլ կապ չունի հայրենական իշխանությունների բնապահպանական վեհ ու հայրենանվեր ծրագրերի հետ: Գաղտնիք չէ, որ, ելնելով ՀՀ-ում առկա և չհիմնավորված բարձր գներից, ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենց անվադողերը փոխում են Վրաստանում, իսկ հին անվադողերից նրանք, որոնք հնարավոր է օգտագործել ևս մի որոշ ժամանակ, քաղաքացիները վերցնում են իրենց հետ՝ բերելով ՀՀ: ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար, երկար է մտածել, թե ինչպես կարելի է քաղաքացիների այս հնարքի դեմն առնել և ստիպել վերջիններիս՝ անվադողերը գնել ոչ թե Վրաստանից, այլ՝ ՀՀ-ից: Հարցն այնքան էլ հեշտ լուծվողներից չէ, և ՊԵԿ-ը, երկար մտածելուց հետո որոշել է արգելել հին անվադողերի ներբերումը: Հասկանալի է՝ շատ քաղաքացիներ, ափսոսալով դեն նետել դեռևս օգտագործվող անվադողերը, կձգձգեն Վրաստան այցելությունը և կսպասեն վերջիններիս իսպառ մաշվելուն, իսկ եթե այդ զառամյալ անվադողերի հետ մի չար դեպք պատահի, օրինակի համար՝ հանկարծակի պայթեն, ապա քաղաքացին ստիպված կլինի դրանք փոխել նորերով ոչ թե Վրաստանում, այլ ՀՀ տարածքում: Երկար ու մանրակրկիտ հաշվարկների արդյունքում ՊԵԿ-ի աշխատակիցները, փաստորեն, գտել են <հարցին> մասնակի լուծում տալու ելքը. ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ:

Թե ով է անվադողերի ՀՀ ներմուծման հեղինակը, անկեղծ ասած, չգիտեմ: Դատելով անհասկանալի բարձր գներից՝ այս մենաշնորհը պատկանում է ոչ անհայտ մեկին, և հայրենի իշխանությունները, փոխանակ զսպեն այս ներկրողի նկրտումներն ու ապահովելով մրցակցություն՝ իջեցնեն աստղաբաշխական գները, գործում են ճիշտ հակառակ կերպ, ինչպես դա տեղի է ունենում ՊԵԿ-ի պարագայում:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ