Պատգամավորի փեսան մեղադրվում է ոչ թե խուլիգանության, այլ՝ սպանության փորձի համար.Փաստինֆո

կրակոցներ ՎերնիսաժումՄայիսի 17-ին Վերնիսաժի մոտ 5 մարդկանց հրազենային վնասվածքներ պատճառելու գործով  ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի, նույն ինքը՝ «Յուվեցի Կարոյի» փեսային՝ Գոռ Առաքելյանին նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:
Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերի, ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այսպիսով՝ փաստորեն, նախաքննական մարմինը Գոռ Առաքելյանին մեղադրում է՝ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու համար: Քննիչը Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Երևանի Վարդանանց փողոցում կրակոցներ արձակողը ձերբակալված է

կրակոցՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 5 մարդ հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել:

«Վերնիսաժի» մոտ կրակողը եղել է «Յուվեցի Կարոյի» փեսան. դեպքին ականատես է եղել նրա կինը.news.am

«Վերնիսաժի» մոտ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Վերնիսաժի» մոտ, այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցած կրակոցների մասին:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել էեն ճանապարհը՝ առաջացնելով խցանում եւ թույլ չտալով տարածքում մեքենաների երթեւեկություն:

Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը (Կարո Կարապետյանի դուստրը) եւ երեխան, նրանցից ճանապարհ է խնդրել, սակայն, Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ:

Վիճաբանությունը թեժացել է: Տարածքում գտնվողները փորձել են նրանց կարգի հրավիրել, ասելով, թե չեք տեսնում, որ կնոջ եւ երեխայի հետ է, բայց Վալերին եւ Նորայրը նշել են, թե տեսնում ենք, դրա համար էլ մեքենայից հանում ենք, որ դրսում սատկացնենք:

Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը եւ արձակել 5 կրակոց, որոնց հետեւանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Ի դեպ, Նորայրի եւ Վալերիի մասին առայժմ քիչ բան է հայտնի, մեր աղբյուրները միայն տեղեկացրին, որ նրանք վերջերս են եկել Ռուսաստանից:

Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մանրամասները եւ ունի հանցագործության լրիվ պատկերը. առաջիկայում կլինի ձերբակալություն:

Ի դեպ, Գոռ Առաքելյանի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի երգչուհի դստեր՝ Լուսինայի ամուսինն է, ով աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Մեր աղբյուրները հերքում են տեղեկությունները, թե նա եւս եղել է դեպքի վայրում:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է. «Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ»:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ԱկանատեսներըNEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

 Անկախ