Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա:

Հյուսիսային պողոտա

Վարչական շրջանի ղեկավարի և շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի նաև արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։ Բացի այդ, նորոգման աշխատանքների ավարտին նախկինում տեղադրված 60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կտեղադրվի 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ձևավորմանը՝ այն Երևանի արտաքին տեսքին համահունչ դարձնելու նկատառումով: Հարկ է նկատել, որ այս ծրագրի իրականացումը ևս կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակներից մեկը. «Հյուսիսային պողոտան, որպես ընդհանուր օգտագործման տարածք, իրոք Երևանի կարևոր հանգույցներից մեկն է ու, հատկապես հաշվի առնելով, որ, որպես հետիոտնային տարածք, մշտապես մարդաշատ է, իրոք անհրաժեշտություն կար, որ պողոտայի հատկապես սալահատակը հիմնանորոգվի, բացի այդ նաև որոշակի նոր լուծումներով այն դարձվի առավել արդյունավետ հանգստի գոտի: Եվ ներկայումս այստեղ ընթացող աշխատանքները հենց այդ նպատակով են ու, օգտվելով առիթից, պետք է շնորհակալություն հայտնեմ «Տաշիր գրուպ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի, որ ստանձնեց այդ աշխատանքների իրականացումը: Սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ևս մեկ հրաշալի օրինակ է: Այս աշխատանքների իրականացման համար ընկերությունը շուրջ 6 մլն դոլարի ներդրում է կատարել և, ըստ էության, սա նվեր է Երևան քաղաքին: Ու որ կարևոր է՝ փոխարինվող սալիկները բարձրորակ են և, մասնագետների հավաստմամբ, դրանք մի քանի տասնամյակ կծառայեն իրենց նպատակին: Ամենակարևորը նաև այն է, որ պողոտայում կավելանա կանաչ զանգվածը, ինչպես նաև նստարանների քանակն ու պողոտայի արտաքին լուսավորությունը, որն, ի դեպ, լինելու է ժամանակակից լուծումներով: Մի խոսքով, աշխատանքների ավարտից հետո մենք կունենանք իսկապես ներկայանալի ու առավել արդյունավետ տնօրինվող տարածք, որը, համոզված եմ, կարժանանա բոլորի բարձր գնահատականին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 90մ երկարությամբ և 12մ երթևեկելի մասի լայնությամբ ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի այդ հատվածի երթևեկելի և հետիոտն շարժման լարվածությունը։ Զեկուցվել է նաև, որ ծրագրի շրջանակում երթևեկելի մասի երկու կողմերով նախատեսվում են 4.5մ լայնությամբ մայթեր։ Փողոցի երկարությամբ էլ կտնկվեն ծառեր։ Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետներում:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն

<<Փյունիկ>>

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն: Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող  աշխատանքները: Ծրագրերից շատերն իրականացվում են շահառու տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Կազմակերպության շենքի տարածքով շրջելիս «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը քաղաքապետին է ներկայացրել քաղաքապետարանի աջակցությամբ շենքի առաջին մասնաշենքը երկրորդին կապող 3 մետր լայնությամբ և շուրջ 185 երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը՝ հատկանշելով ծրագրի առաջնահերթությունն ու կարևորությունը:  Վերջինս նկատել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում էապես մեծացել է  հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ուշադրությունը, նաև նշել, որ քաղաքային իշխանության կողմից ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքներն իսկապես տեսանելի են ու նպաստում են հասարակական կյանքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց լիարժեք ինտեգրմանը:

Կարևորելով Երևանը բոլոր երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու առաջնահերթությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իրագործելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելուն:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս են բարձրաձայնել մեր համաքաղաքացիները: Եվ իրոք, եթե հաշվի առնենք, որ խորհրդային տարիներին այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չէր արվել, իսկ արդեն անկախության ժամանակահատվածում էլ ինչ էլ որ արվել էր, եղել էր ուղղակի խնդրի մասնակի լուծում, այս հարցն իսկապես օրակարգային էր ու հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ դեռ անցյալ տարի մենք համայնքային բյուջեից 20 մլն դրամ հատկացրեցինք՝ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման նպատակով: Ի դեպ, Երևանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ այդ նպատակի համար բյուջեից առանձին տողով գումար էր հատկացվում, ինչն, անշուշտ, ողջունվեց հատկապես շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից: Եվ համոզված եմ, որ նաև դա խթան հանդիսացավ, որ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն որպես վստահելի գործընկերոջ վերաբերվեին Երևանի քաղաքապետարանին ու, ըստ այդմ, նաև ակտիվորեն համագործակցեին մեզ հետ: Այդ նպատակով ստեղծեցինք նաև հաշմանդամներիհիմնահարցերովզբաղվողքաղաքայինհանձնաժողով, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքապետարանի համապատասխան օղակների ղեկավարները: Այս հանձնաժողովն իր հերթին նպաստեց, որ հաշմանդամներին ուղղված քաղաքային ծրագրերը լինեն առավել նպատակային և արդյունավետ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ այս տարի թեքահարթակների կառուցման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաև Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանները: Շուրջ 100 թեքահարթակ արդեն իսկ կառուցված է: Ի դեպ, թեքահարթակների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը շահառու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների հսկողության ներքո է: Նրանք պարբերաբար շրջում, հետևում և, ըստ էության, գնահատում են կատարված աշխատանքի որակը:

«Մենք այս տարի նաև գույքագրել էինք նախկինում կառուցված հանրային նշանակության այն օբյեկտները, որոնց հարակից տարածքներում հնարավորություն կա թեքահարթակ կառուցելու և, ըստ այդմ, մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում ավելի քան 500 թեքահարթակներ էլ պետք է կառուցվեն այդ օբյեկտների դիմաց: Նշեմ, որ դրանցից շուրջ 220-ն արդեն կառուցված է: Բացի այդ, քաղաքաշինական նոր նախագծերի թույլտվությունների տրամադրման համար թեքահարթակների կառուցումը ամրագրվել է որպես պարտադիր պայման: Վստահ եմ, որ այս ուղղությամբ տարվող մեր նպատակային աշխատանքների արդյունքում մի քանի տարի անց Երևանն իսկապես լիովին հարմարավետ կդառնա հաշմանդամ մեր բոլոր համաքաղաքացիների համար»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև«Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխաների համար երկրորդ տարին անընդմեջ կազմակերպված ճամբարի աշխատանքներին: Օգոստոսի 25-ից 28-ն անցկացվող ծրագրին այս տարի մասնակցում են հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ  և երիտասարդներ՝ ծնողների հետ։ Ճամբարի շրջանակում երեխաներն անվճար այցելել են նաև մանկական երկաթուղի, կենդանաբանական այգի և այլ վայրեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ ծրագիրը լինելու է շարունակական, առաջարկել է հաջորդ տարի կրկնապատկել մասնակիցների թիվն ու ճամբարին ներգրավել 100 երեխայի:

Օգտվելով առիթից՝ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին  նաև «Երևան-Մարսել» համագործակցության շրջանակում Մարսելի քաղաքապետարանի կողմից Երևանին փոխանցված հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակները «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը տրամադրելու համար, որոնք պարզեցված կարգով տրամադրել են երևանաբնակ, ինչպես նաև մարզերում բնակվող կարիք ունեցողներին։

Հակոբ Աբրահամյանը նշել է, որ նախապես իրականացված հաշվառման արդյունքներով շուրջ 2000 անվասայլակի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում  քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել համատեղ նոր ծրագրեր:

«Քաղաքապետի հետ մեր հանդիպման առաջին իսկ օրից ծավալվեց արդյունավետ համագործակցություն: Լսելով հասարակական կազմակերպությունների առաջարկները՝ դրանք իրագործելու նպատակով ձևավորվեց համապատասխան հանձանաժողով, և արդեն այսօր, ներառվելով քաղաքային տարբեր ծրագրերում, շատ խնդիրներ լուծում են ստանում: Վստահ եմ, որ շատ շուտով Երևանը կդառնա տարածաշրջանի ամենամատչելի և հարմարավետ քաղաքը»,-նշել է Հակոբ Աբրահամյանը:

Հակոբ Աբրահամյանը քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող ծրագրերի շարքում առանձնացրել է նաև Երևանի քաղաքապետի  առաջարկությամբ հունիսի 24-ին Երևանի ավագանու կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից ազատման մասին որոշումը, որն արդեն իսկ շահառուների շրջանում դրական լայն արձագանք է գտել։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

Քաղաքապետը հանդիպել է նաև ծնողների հետ, զրուցել և լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները: Մասնավորապես հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան քաղաքապետը տեղեկացրել է, որ  այս տարի թվով 10 ավտոբուս կկահավորվի և կհարմարեցվի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:

Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի համար և նշել, որ Երևանն օրեցօր իսկապես առավել հարմարավետ է դառնում:

 

Անվտանգ երթևեկության միամսյակի մասին

hfg

Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով  սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Ավարտական փուլում են գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ կրթամշակութային 57 հաստատությունների մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Քաղաքապետը հանձնարարել է մինչ ավարտական ակտերի ստորագրումը մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել կատարված աշխատանքի որակը:

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի աշխատանքի վերաբերյալ

23

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ, որից 679-ին տրվել է համապատասխան լուծում կամ սպառիչ պատասխան: Մնացյալ 149 հեռախոսազանգերով գրանցված խնդիրները, ելնելով լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունից, լուծման ընթացքի մեջ են: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտները համակարգող պատասխանատուներին և ստորաբաժանումներին տվել է համապատասխան հանձնարարականներ` առկա հարցերն ուսումնասիրելու և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ գտնելու նպատակով:

Գարեջրի փառատոն (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրում ներառված վերջին՝ Գարեջրի փառատոնը, կայացավ օգոստոսի 22-ին, Կարապի լճի հարակից տարածքում։

Արամ Սուքիասյան
Գարեջրի փառատոն

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է փառատոնի մասնակիցներին ու ներկաներին և նշել, որ քաղաքապետարանը, նախաձեռնելով այս փառատոնը, լիահույս է, որ այն ևս կդառնա քաղաքի սիրելի տոներից մեկը։

Փառատոնին մասնակցում էին 12 կազմակերպություններ՝ գարեջրի գործարաններ ու գարեջրատուն-ակումբներ։

«Ամառվա երեք ամիսներին քաղաքապետարանը «Երևանյան ամառ» ծրագրով բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել. Գարեջրի փառատոնը, որպես զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն, ծրագրեցինք անցկացնել հենց օգոստոսին, երբ Երևանը լի է նաև մայրաքաղաքի հյուրերով։ Որպես Երևանի Գարեջրի փառատոն՝ կազմակերպությունների, մասնակիցների այսպիսի ներգավվածությամբ, բացօթյա այս փառատոնն առաջինն է ու նախաձեռնել ենք ամենամյա, ավանդական  դարձնելու մտայնությամբ և, որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է և ճանաչվածության խթանումը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ, փառատոնի համակարգող Մարիա Բարաղամյանը։

Գարեջրի փառատոն

Փառատոնի հինգ ժամերի ընթացքում ելույթ է ունեցել «Ալեքսանդրապոլ» նվագախումբը, որի ելույթներն ընդմիջվում էին աշխույժ ու բազմապիսի մրցույթներով, որոնք անցկացնում էին կազմակերպությունների տաղավարները՝ ներկաների մասնակցությամբ։ Կազմակերությունների ներկայացուցիչների խոսքով՝ նախապատրաստել էին մրցանակների հեղեղ։ ։

Մինչ «Երևանյան ամառ» ծրագրի ավարտը դեռևս 4 մեծ միջոցառում էլ է կայանալու։ «Երևանյան ամառ»-ը կավարտվի օգոստոսի 31-ին՝ դարձյալ Կարապի լճի հարակից տարածքում, եզրափակիչ մեծ համերգով։

«Երևանյան ամառ» բուժակցիայի արդյունքների մասին

003Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ ծրագրում ներառված առողջապահական 15-օրյա ակցիայի արդյունքներն ամփոփվել են։ Օգոստոսի 1-ից 15-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 1373 քաղաքացի. 415 քաղաքացի լրացուցիչ հետազոտությունների ու խորհրդատվության համար ուղեգրվել է նեղ մասնակգիտական ստացիոնար բուժհաստատություններ՝  Քաղաքային էնդոկրին դիսպանսեր, Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ։ Ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներից 112-ն ուղեգրվել են համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության։

«Ակցիայի օրերի ընթացքին քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հետևել է պարբերական շրջայցերով. նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն է այցելել պոլիկինիկաներ։ Մենք հորդորել էինք բուժաշխատողներին ակտիվ լինել նաև քաղաքացիներին ներգրավելու հարցում։ Ճիշտ է՝ 1373 քաղաքացի է օգտվել ամառային ակցիայից, բայց հաշվի առնելով, որ արձակուրդային սեզոն է, ինչպես նաև առողջապահական գարնանային ակցիային աննախադեպ բարձր դիմելիությունը՝ 26.400 քաղաքացի, կարծում եմ՝ այս անգամ էլ ակցիան լիովին ծառայեց նպատակին։ Տարվա երկու կիսամյակում մեկական անգամ անցկացվող այս ակցիաներն ունեն ոչ միայն սոցիալական մեծ նշանակություն (հիշեցնեմ, որ գարնանը ակցիայով 2000 քաղաքացի է անվճար վիրահատվել), այլ, նախևառաջ, կանխարգելիչ ուղղվածություն։ Այդպիսով, Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հնարավորություն է ընձեռում, հետևողականորեն յուրովի կոչ է անում քաղաքացիներին՝ հետևել առողջությանը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ «Երևանյան ամառ» ակցիայի օրերին պոլիկլինիկաներ դիմած և մասնագիտական բուժհաստատություններ ուղեգրված բոլոր քաղաքացիները կստանան հասանելիք բուժզննումը, եթե մինչև օգոստոսի 15-ը չեն հասցրել հետազոտվել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

Ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանը 2014 թ. գնել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություն համարվող համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության 15 մլն դրամ արժողությամբ փաթեթ և համապատասխան ուղեգրման առկայության դեպքում երևանցիները մինչ տարեվերջ էլ կարող են օգտվել այդ բուժծառայությունից։

Անկախ

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

002 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանի և Նարեկ Սարգսյանի, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Երևանի պատմության թանգարանի նախասրահում կազմակերպված ցուցադրությանը, որին տեղում ծանոթացել են նաև ճարտարապետի  գործընկերներն ու մտերիմները, ներկայացվել են Գուրգեն Մուշեղյանի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Շնորհավորելով վաստակաշատ ճարտարապետին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու ներդրումը 20-րդ դարի երկրորդ կեսում Երևանի քաղաքաշինական զարգացման գործում: Գուրգեն Մուշեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին և Երևանի նախկին քաղաքապետերին ու գլխավոր ճարտարապետներին՝ գնահատանքի և մշտական ուշադրության համար:

Միջոցառման ժամանակ Գուրգեն Մուշեղյանը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային 3 ալբոմները նվիրել է Երևանի պատմության թանգարանին:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվել է պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը բաց կլինի շուրջ մեկ ամիս: Մուտքն ազատ է:

 

Անկախ

Մայրաքաղաքում կազմակերպվող տաքսիների նոր ավտոկայանատեղիների մասին

տաքսու ավտոկայանատեղի

Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա­կարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել և արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահա­վոր­ման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի ավտոմեքենաների համար նախատեսված ևս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 11-ից:

Հարկ է նշել, որ մինչ վերոհիշյալ որոշումներով կայանատեղերի սահմանումը, մայրաքաղաքում կահավորված էր տաքսիների, ընդհանուր առմամբ, 42 կայանատեղի։ Այսպիսով, օգոստոսի 11-ից մեկնարկած ևս 35 կայանատեղերի կահավորումից, համապատասխան նշաններ տեղադրելուց և գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:

Վերականգնվել է Այվազովսկու արձանի վրձինը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և քանդակագործ, արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։

Այվազովսկու արձան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Պետրոսյանին՝ քաղաքապետի նախաձեռնությանն արագ արձագանքելու համար և հույս է հայտնել, որ երևանցիներն այսուհետ առավել աչալուրջ կլինեն վանդալիզմի նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Այվազովսկու արձան

Նշենք նաև, որ Հովհաննես Այվազովսկու արձանը ևս, «Անվտանգ Երևան» ծրագրով, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է այսուհետ՝ հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով:

 

Հաշմանդամների համար նախատեսված անվճար ավտոկայանատեղիների վերաբերյալ

001

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով և Երևանի ավագանու հունիսի 24 -ի համապատասխան որոշման պահանջների հիման վրա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածքներ:

003

 

Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ամբողջությամբ ավարտված են:  Ըստ այդմ, պատրաստվել է նաև հաշմանդամների  մեքենաներին փակցվող տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր  փաստաթղթերը:

Երևանի ավագանու որոշումներին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում:

 

Կգույքագրվեն հիմնանորոգման կարիք ունեցող կրթամշակութային և մարզական հաստատությունները

2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով կգույքագրվեն հիմնանորոգման կարիք ունեցող կրթամշակութային և մարզական հաստատությունները

Տարոն Մարգարյան

Տարեկան ծրագրով նախատեսված մշակութային օջախների նորոգման աշխատանքները ընթացքում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շինարարության ընթացքն ու հետևել ինչպես որակի ապահովմանը, այնպես էլ ժամկետների պահպանմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև հանձնարարել է գույքագրել և նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր կազմել մայրաքաղաքի բոլոր այն կրթամշակութային և մարզական հաստատությունների մասին, որոնք հիմնանորոգման կարիք ունեն՝ դրանք 2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել 2015 թվականին Երևանում կանաչ տարածքների ընդլայնման, այդ թվում՝ նոր այգի-պուրակներ ստեղծելու և անտառային գոտիները վերականգնելու նպատակով:

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ախտահանվում են աղբամուղերն ու աղբախցերը

աղբախցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում կրծողների դեմ պայքարի  արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, դեռատացիային զուգահեռ, ախտահանվում են նաև աղբամուղեր և աղբախցերը: Այս գործընթացը մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ծավալվել է համատիրությունների ուժերով`վարչական շրջանների ղեկավարների վերահսկողությամբ:

Օգոստոսի 10-ի դրությամբ 3829 աղբամուղերից ախտահանվել է 2422-ը: Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների բոլոր շենքերի աղբամուղերն արդեն իսկ ախտահանվել են: Այդ ուղղությամբ մեկնարկել է աշխատանքների 2-րդ շրջափուլը: Շոգ եղանակով  պայմանավորված, ըստ անհրաժեշտության, վարչական բոլոր շրջաններում այս գործընթացը պարբերական բնույթ կկրի:

Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին

010

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

007010 (1)

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել և սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձևավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով և մշտադալարներով: Ծառերի և այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը: Տեղի բնակիչներին և հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով և արտաքին լուսավորության ցանցի երևանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաև զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել և գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում և ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և կանաչապատելու համար՝ բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք ևս հոգ կտանեն այգու խնամքի մասին և կպահպանեն այն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետևել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 և 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով նախատեսված բազմաբնակարան շենքերը, որոնք կառուցվում են նույն հասցեներում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքերի տեղում, համաձայն նախագծի, բազմահարկեր են:

Ներկայացնելով շինարարության ընթացքը՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:  Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել շինաշխատանքներն ու դրանք կազմակերպել այնպես, որ շինարարության ընթացքում հարակից տարածքների բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառվի: Քաղաքապետի հանձնարարությամբ շինարարության ավարտից հետո կբարեկարգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն նորակառուցների հարակից տարածքները:

Պատասխանելով լրագրողների՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման փուլային ծրագրով իրականացվող գործընթացի վերաբերյալ հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վթարային շենքերի բնակիչների տարհանման և նոր բնակարաններով ապահովման հարցը մշտապես եղել է քաղաքապետարանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում և հենց այս ուղղությամբ հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ ձեռնարկված հստակ քայլերով այսօր կառուցվում են միանգամից մի քանի շենքեր:

«Եթե հիշում եք, 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծվեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողով, որը պետք է նախ տեղերում գույքագրեր  առկա պահանջարկը՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ ծավալների մասին է խոսքը: Գույքագրմամբ պարզ դարձավ, որ տվյալ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանների կարիք կա: Հարցը նաև Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում էր, և ՀՀ կառավարության հետ համատեղ մենք խնդիր դրեցինք 2013 թվականին, առնվազն, 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցումով, ըստ էության, լուծեցինք առաջնահերթ տարհանման ենթակա 207 բնակարանների խնդիրը: Ի դեպ, Սիսակյան 22 շենքը կառուցվել էր բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Իսկ արդեն այս տարի, ՀՀ կառավարության հետ համատեղ, նախաձեռնել ենք 4 բազմաբնակարան շենքերի կառուցում, որի արդյունքում ամբողջությամբ կլուծենք վթարային շենքերի 450 բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել նաև, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարայնության 9 շենք՝ 450 բնակարանով: Խոսելով նորակառույցներում բնակարանների հատկացման սկզբունքի մասին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ. 682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ ինչպես արդեն իսկ տրամադրված 207 բնակարանների պարագայում, այնպես էլ կառուցվող նոր բնակարանները շահառուներին կտրամադրվեն վիճակահանության սկզբունքով. Այսինքն, բնակիչներն իրենք վիճակահանությամբ կորոշեն նոր բնակարանի հարկն ու համարը:

Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող բոլոր շենքերում բնակարանները շահառուներին կհանձնվեն բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում՝ ամբողջությամբ նորոգված և ջեռուցման անհատական համակարգով ապահովված: Շենքերի կառուցման համար նախատեսվել է 5 մլրդ 600 մլն դրամ, որից 1 ու 6 միլիարդը տրամադրվել է համայնքային բյուջեից, իսկ 4 մլրդ-ը՝ կառավարության կողմից: Բոլոր շենքերը կառուցվում են նախկին վթարային շենքերի տեղում և ունեն սեյսմակայունության ՀՀ-ում գործող նորմերին համապատասխան աստիճան։ Ինչպես Սիսակյան 16, այնպես էլ մյուս շենքերի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի հոկտեմբերին:

 

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Լավագույն մարզական ընտանիք 2014»-ի հաղթող ճանաչված Երևանի թիմին

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երևանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին:

Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երևան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ որդեգրած իր քաղաքականությունը:

«Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն իսկապես սպասված ստուգատես է, որի շրջանակում մեր թիմը հատկապես վերջին տարիներին իրոք տպավորիչ մասնակցություն է ունենում: Ձեր շնորհիվ այսօր, ըստ էության, նաև առողջ ապրելակերպի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում մայրաքաղաքում, ինչն իր հերթին լավ օրինակ է ծառայում երևանցի այլ ընտանիքների համար: Բայցև չպետք է բավարարվենք ձեռբերածով և համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս մեր թիմը լավագույնս կներկանա այս ստուգատեսին, նաև անհատապես հաղթանակներ գրանցելով մարզաձևերից յուրաքանչյուրում: Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին մշտապես կլինեի մարզական ընտանիքների կողքին և հնարավորին կաջակցի՝ նոր հաղթանակների սպասումով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգրատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և հուշանվերներով:

Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել նաև մարզիչներն ու թիմի պատասխանատուները:

002Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին սպորտի զարգացման գործում հստակ քաղաքականության և իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մշտական ուշադրության և գնահատանքի համար, մարզիկներն ու մարզիչները նշել են, որ հաջորդ տարի ևս անելու են հնարավորը հաղթական գավաթը կրկին Երևան բերելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների հետ մասնակցել է բակի բացմանը

002Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման այս տարվա ծրագրով իրականացված բակերի բարեկարգման, ինչպես նաև խաղահրապարկների կառուցման աշխատանքներին:

Վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 5-րդ զանգվածի Գալշոյան 8 հասցեում գտնվող բակի բացմանը և  ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, բնակիչների համար օրը կրկնակի տոնական էր. բակը նշել է շենքերի կառուցման 40 ամյակը: Տարածքը հիմնովին բարեկարգվել և ապահովվել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, այդ թվում՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Բակում տեղադրվել են նստարաններ, կառուցվել է փոքրիկ շատրվան: Բակի հարակից շինությունների պատերն էլ ամբողջությամբ նկարազարդվել և ձևավորվել են:

003Շնորհակալություն ու գոհունակություն հայտնելով Տարոն Մարգարյանին բակը բարեկարգելու, ինչպես նաև վարչական շրջանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և ծրագրերի իրականացման հարցում ցուցաբերվող հետևողականության համար՝ բնակիչները նշել են, որ մայրաքաղաքի հատկապես ծայրամասային վարչական շրջաններում վերջին երկու տարվա ընթացքում փոփոխություններն անզեն աչքով անգամ նկատելի են, ինչը խոսում է քաղաքապետի՝ Երևանի համաչափ զարգացման մասին խոստումը կատարելու մասին: Բնակիչները նաև նկատել են, որ բակը ոչ միայն գեղեցիկ է՝ այլև իսկապես հարմարավետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բնակիչներին, ապա շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ հորդորելով է սրտացավ և հոգատար լինել բակերի պահպանման հարցում, նաև վստահեցրել, որ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով ծրագրերը լինելու են շարունակական:

«Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014 թվականի ծրագրերով Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել  47 բակային տարածք: Բակերի ընտրությունը կատարվում է ելնելով այն հանգամանքից, թե որքանով են տվյալ տարածքները ազատ և որքանով է հնարավոր բարեկարգման աշխատանքների իրականացումը: Վերջին 25 տարիների ընթացքում շատ բակեր մեր բնակիչների կողմից  պարզապես զավթվել էին, որոշ դեպքերում էլ ամբողջությամբ ավտոտնակներով էին զբաղեցված: Բակերը իրենց նպատակային նշանակությանը ծառայեցնելու նպատակով մենք պարբերաբար բանակցում ենք բնակիչների հետ և հենց նրանց իսկ ուժերով տարածքներն ազատում, ինչից հետո միայն կարողանում ենք տվյալ հատվածներում բարեկարգման աշխատանքներ իրականացնել:  Երևանի քաղաքապետարանը պատրաստ է բարեկարգել բոլոր բակերը, սակայն բնակիչներն այդ հարցում ևս պետք է իրենց մասնակցությունն ունենան» ,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր Նորք վարչական շրջանի ծրագրերով բարեկարգման աշխատանքներ են ընթանում ևս 42 բակային տարածքում, որտեղ կասֆալտապատվի 14850 քմ և կսալիկապատկվի 6500 քմ տարածք: Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ բակային տարածքներում իրականացվում են նաև   կանաչապատման, ինչպես նաև լուսավորության ցանցի ընդլայնման  աշխատանքներ:

Շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի 2-րդ շրջանի թիվ 5 շենքի հարակից տարածք, որտեղ ծանոթացել է խաղահրապարակ կառուցելու աշխատանքներին: Մարզասարքերից և խաղային ատրակցիոններից բացի տարածքում կառուցվել է նաև լողավազան՝ ավառային շոգ օրերին երեխաների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով: Բակում վերականգնվում է նաև  ֆուտբոլի խաղադաշտը:

Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով արդեն իսկ կատարված աշխատանքները, նշել են, որ դրանք կավարտվեն մինչև սեպտեմբեր:   Տարոն Մարգարյանը զրուցել է նաև հարակից շենքերի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկները, պատասխանել հուզող բոլոր հարցերին:

 

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Նոր Նորք վարչական շրջան աշխատանքային շրջայցի մասին

Տարոն Մարգարյան

Ս․թ․ օգոստոսի 5-ին, ժամը 13։00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կլինի Նոր
Նորք վարչական շրջանում, որտեղ կծանոթանա 2014թ․ ծրագրերով իրականացվող
աշխատանքների ընթացքին։
Շրջայցին մասնակցել ցանկացող լրագրողները կարող են ժամը 12։15-ին լինել
քաղաքապետարանի մուտքի մոտ, որտեղից կտրամադրվի տրանսպորտային միջոց։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-42-40

ՏԵՂԵԿԱՆՔ
 Այգիների բարեկարգման «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ծրագիր
Քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) Հայաստանյան գրասենյակի
հետ համատեղ այգիների բարեկարգմանն ուղղված «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ծրագրի շրջանակում
այժմ վերակառուցվում է նաև Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան և Գալշոյան փողոցների
խաչմերուկին հարող այգին:
Այդ տարածքը կազմում է շուրջ 4300 քմ: Այստեղ շինբարեկարգման աշխատանքները
ներառում են նոր անցուղիների և ճեմուղիների կառուցում, ոռոգման ներքին ցանցի նորոգում ևընդլայնում, արտաքին լուսավորության անցկացում, խաղահրապարակի և մանկական
ավազամանի կառուցում, նախատեսվում է զրուցարանների, նստարանների, աղբամանների
տեղադրում:
Այգին հարմարեցված և մատչելի է լինելու հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող
բնակիչների համար: Այգու կանաչապատման նախագծի համաձայն առավելագույնս
կպահպանվեն առկա ծառատեսակները և թփերը, միաժամանակ կտնկվեն նաև նոր
ծառատեսակներ, թփեր և ծաղկատեսակներ: Կանաչ մակերեսը կկազմի այգու 70-75%:
Աշխատանքների համար նախատեսված է 34 մլն ՀՀ դրամ, որի 50 տոկոսը տրամադրվել է
Երևան քաղաքի համայնքային բյուջեից, 50 տոկոսը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի
կողմից:
Շինարարական աշխատանքներն այստեղ նախատեսվում է ավարտել սեպտեմբերին:
 Գայի պողոտայի և «Ջրաշխարհի» հարևանությամբ տեղակայված այգու
վերականգնման ծրագիր
2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել ավագանու ՀՀԿ
խմբակցության անդամ Հովհաններս Թոքմաջյանի Գայի պողոտայի և «Ջրաշխարհի»
հարևանությամբ տեղակայված շուրջ 5.637 հա. անխնամ տարածքը որպես այգի վերականգնելու
և բարեկարգելու վերաբերյալ առաջարկին: Նախագիծը Երևան համայնքի համար
պատրաաստել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական
համալսարանի երիտասարդ դասախոսները: Այգին, ըստ նախագծի, կունենա կանաչ
ամֆիթատրոն և կանաչ լաբիրինթոս: Տարածքում կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ,
կկահավորվի մանկական և թենիսի խաղահարթակներով: Շատրվանից բացի այգում կլինեն
նաև ցայտաղբյուրներ: Ամբողջ տարածքը կլուսավորվի ինքնատիպ լուսամփոփներով: Կգործի
նաև սանհանգույց:
Այգին նախագծված է հաշվի առնելով հասարակության հատուկ կարիքներ ունեցող
բնակիչների համար անհրաժեշտ պայմանները։ Այգում նախատեսվում է նաև լրացուցիչ 2500
ծառ տնկել և իրականացնել կանաչապատման այլ աշխատանքներ։ Կանաչ տարածքների
պահպանումն ու խնամքն ապահովելու նպատակով նախատեսվում է անցկացնել 10 կմերկարությամբ ոռոգման ցանց: Այգում առկա հուշաքարերը և փոքր ճարտարապետական
ձևերը կնորոգվեն և բարետես վիճակի կբերվեն։
Նախագծի իրականացման համար Երևան համայնքի բյուջեից հատկացվել է 227.000.000
դրամ: Աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի նոյեմբերին:

 Քաղաքապետարան – երիտասարդություն համագործակցություն
Երևանի քաղաքապետին կից գործում է երիտասարդության հարցերի խորհուրդ, որի
կազմում ներգրավված են շուրջ 30 հասարակական, ուսանողական կազմակերպություններ և ոչ
ֆորմալ խմբեր: Խորհրդի հիմնական առաքելությունը երևանյան երիտասարդության
հիմնախնդիրների վերհանումն ու դրանց լուծման նպատակով առավել ակտիվ
երիտասարդական միավորումների համախմբումն է:
Խորհրդի կազմում տարբեր ուղղվածությունների կազմակերպությունների առկայությունն
ապահովվում է երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների մասին համակողմանի
տեղեկատվության հավաքագրումը և նպաստում՝ դրանց լուծման առավել արդյունավետ
ուղիների մշակմանը:
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագերում մշտապես ներգրավվում
են խորհրդի կամավորները:
Խորհուրդն իրականացնում է ամենշաբաթյա ընթացիկ ծրագրեր, որոնք ուղղված են
երիտասարդների տարբեր հմտությունների զարգացմանը, հետաքրքիր ժամանցի
կազմակերպմանը: Այդ ծրագրեից են «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի
ակումբը, որում ընդգրկված է 60 թիմ՝ 240 մասնակցով, անգլախոսների ակումբը (30 անդամ),
«Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբը: 150 երիտասարդ մասնակից է Հայ
կամավորների մասնագիտացված բանկի, ովքեր իրենց պրակտիկան անցնում են շուրջ 50
պետական և ոչ պետական կառույցներում:

Բակային տարածքների բարեկարգում
Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014թ. ծրագրերով Նոր Նորք վարչական շրջանում
նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել 47 բակային տարածք։ Զուգահեռաբար վարչական շրջանի այգիներում, փողոցներում ու բակային տարածքներում կտեղադրվեն նոր
զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ։ Վարչական շրջանի ծրագրերով բարեկարգման
աշխատանքներ են ընթանում ևս 42 բակային տարածքում, որտեղ կասֆալտապատվի 14850 քմ և
կսալիկապատկվի 6500 քմ տարածք:
Զուգահեռաբար կիրականացվեն նաև նկարազարդման աշխատանքներ։ Բարեկարգման
աշխատանքներին զուգահեռ բակային տարածքներում իրականացվում են նաև
կանաչապատման, ինչպես նաև լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նորք-Մարաշ վարչական շրջան, հետևել քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 123 մանկապարտեզ, որտեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Օգտվելով առիթից՝ փոքրիկների ծնողներն իրենց շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Հարկ է նկատել, որ սա Նորք-Մարաշի չորս մանկապարտեզներից վերջինն էր, որը ևս ամբողջությամբ հիմնանորոգվեց ու, այդպիսով, վարչական շրջանում այդ խնդիրն այլևս ամբողջությամբ լուծված է: Տարոն Մարգարյանը շրջել է նաև մանկապարտեզի խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների համար ստեղծված պայմաններին:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որն, ի դեպ,  Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող միակ երաժշտական դպրոցն է: Քաղաքապետին զեկուցվել է, որ մշակութային օջախի 5՝ դաշնամուրային, լարային, փողային, ազգային նվագարանների և վոկալ բաժիններում, ինչպես նաև նկարչության և պարի խմբերում այսօր սովորում է 132 աշակերտ։ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կրթամշակութային օջախների նորոգման ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի մշակութային բոլոր օջախներում. «Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում առանձնակի կարևորված է նաև մայրաքաղաքի մշակութային կրթօջախների խնդիրների հետզհետե կարգավորումը և այդ ուղղությամբ ևս վերջին տարիներին իրականացվում են նպատակային ծրագրեր: Երևանում այսօր գործում են նմանատիպ 40 հաստատություններ, որոնցում կրթություն են ստանում շուրջ 16.000 երեխաներ: Այդ կրթօջախների հիմնանորոգման խնդիրը ևս մեր կողմից դիտարկվել է որպես առաջնահերթություն և, մասնավորապես, այս տարի, մայրաքաղաքի 11 երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացնում ենք հիմնանորոգման աշխատանքներ: Վերոնշյալ 40 կրթօջախներին 2014 թվականի համայնքային բյուջեից շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ սուբսիդիա ենք հատկացրել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոլորտն, իրոք, կարևորված է մեր կողմից: Եվ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային բոլոր կրթօջախների խնդիրների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները կլինեն շարունակական», – ընդգծել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ մի քանի տարի անց մայրաքաղաքում չնորոգված մշակութային կրթօջախներ այլևս չեն լինի: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում այսօր գործում են 15 երաժշտական, 10 արվեստի և 1 կերպարվեստի դպրոցներ, ինչպես նաև 14 մշակույթի տուն և գեղագիտական կենտրոն:

Աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետն այցելել է նաև Երևանի թիվ 5 համաբուժարան, տնօրենի ուղեկցությամբ շրջել հարկաբաժիններում, ծանոթացել շենքային պայմաններին: Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երևանի քաղաքապետարանը նպատակային ծրագրեր է իրականացնում նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «Վստահ եղեք, որ ոլորտին ուղղված ծրագրերի շրջանակում այս համաբուժարանում ևս կապահովվեն հարմարավետ պայմաններ, որոնք հնարավորություն կտան առավել որակյալ ծառայաություններ մատուցելու մեր բնակիչներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածք, ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմեր է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

004 (3)003002 (2)

Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական

001 (8)Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, հատկանշելով, որ այն մեծապես նպաստում է մատաղ սերնդի շրջանում ընթերցասիրության խթանմանը: Ու հատկապես հաշվի առնելով, որ Նուբարաշենը մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջաններից է, գրադարանի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ շենքի հիմնանորոգումը իսկապես լուրջ դերակատարում կունենա նոր ընթերցասերներ ներգրավելու գործում, բացի այդ, նաև հնարավորություն կընձեռի գրադարանում առկա շուրջ 28000 կտոր գրականությունն առավել պատշաճ պայմաններում պահպանելու, ինչպես նաև նոր համալրումները տեղավորելու համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ գրադարանների հիմնանորոգման ծրագիրը լինելու է շարունակական՝ նպատակ ունենալով մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չունենալ չնորոգված գրադարան:

Քաղաքապետն այցելել է նաև Նուբարաշենի երաժշտական դպրոց, որն, ի դեպ, միակն է վարչական շրջանում: Մշակութային այս կրթօջախը ևս ընդգրկված է Երևանի 2014 թվականի հիմնանորոգման ծրագրերում: Պատասխանատուները տեղում զեկուցել են, որ ծրագրի իրականացումից հետո դպրոց հաճախող սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Զրուցելով դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի մշակութային կրթօջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում

002 (1)Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրով լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը շրջել է բակային տարածքներում, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանում արդեն իսկ գույքագրված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, առաջիկա տարիներին դրանք հետզհետե լուծումներ են ստանալու: Նուբարաշենցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորած մշտական հետևողականության համար:

Ընթացիկ տարում վարչական շրջանում, ընդհանուր առմամբ,  կբարեկարգվի 17 բակ, որտեղ կտեղադրվեն խաղային ատրակցիոններ, մարզական սարքեր, նստարաններ, աղբամաններ, զրուցարաններ:

004 (2)Բակային տարածքներին զուգահեռ՝ հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվի նաև Նուբարաշենի 11 փողոցի այգու հարակից տարածքում: Քաղաքապետին զեկուցվել է, որ բարեկարգման ծրագրով կտեղադրվեն մանկական խաղեր,  մարզական սարքեր, նստարաններ: Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար հանգստի գոտին ապահովված կլինի գիշերային լուսավորությամբ: Տարեկան ծրագրերով նախատեսվում է նաև վարչական շրջանի բակային տարածքները և 20 փողոց ապահովել արտաքին լուսավորության համակարգով: Նշվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, առանձնակի ուշադրություն է դարձվում կանաչ գոտիների ստեղծմանը: Ըստ այդմ, բարեկարգմանը զուգահեռ, բակային տարածքներում և հանգստի գոտիներում ընթանում են նաև կանաչապատման աշխատանքներ, ինչի շնորհիվ շուրջ 1100քմ-ով կավելանա վարչական շրջանի կանաչ տարածքների մակերեսը: Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիներ ու պուրակներ ստեղծելու ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը՝ բնակիչները նշել են, որ տասնյակ տարիներ են սպասել նման ծրագրերի իրականացմանը: Նրանք նաև վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն այդ ծրագրերը:

Հաշվի առնելով, որ Նուբարաշեն վարչական շրջանի հարակից տարածքում է գտնվում քաղաքային ամենամեծ աղբավայրը, քաղաքապետն անդրադարձել է նաև մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին. «Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն այսօր իրականացվում են մասնագիտացված 12 ընկերությունների կողմից: Տարեկան միջինը շուրջ կես միլիոն տոննա կենցաղային աղբ է հավաքվում և տեղափոխվում Երևանի գործող երեք աղբավայրեր, որոնցից ամենախոշորը, ըստ էության, Նուբարաշենի քաղաքային աղբավայրն է: Եվ, անշուշտ, Երևանի համար այսօր իսկապես կարևորագույն առաջնահերթություն է որակյալ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը, այդ նպատակով էլ մենք դեռ անցյալ տարի հայտարարեցինք միջազգային մրցույթ: Հաղթող ճանաչված միջազգային երկու մասնագիտացված ընկերությունների հետ կնքեցինք պայմանագրեր, համաձայն որոնց, Երևանում տվյալ ընկերություններն են իրականացնելու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, ընդ որում, նաև ձմեռային ամիսներին: Ներկայումս այդ ընկերությունների կողմից իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ և արդեն այս տարվա ընթացքում նախատեսվում է, որ դրանք կսկսեն պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը քաղաքապետարանի կողմից մշակված կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդամենը մեկ բաղադրիչն է:

Հարկ է նշել, որ ծրագրի մյուս երկու բաղադրիչներով նախատեսվում են նոր աղբավայրի և աղբի վերամշակման կենտրոնի կառուցման աշխատանքներ: Ըստ այդմ, ենթադրվում է նախ մեկուսացնել Նուբարաշենի գործող աղբավայրը և, դրան զուգահեռ, իրականացնել նոր աղբավայրի կառուցման աշխատանքներ՝ տվյալ բնագավառում գործող միջազգային բոլոր չափորոշիչներին և տեխնիկական պայմաններին համապատասխան. «Ծրագրի այս բաղադրիչը ներկայումս նախագծման փուլում է և դրա հնարավոր ֆինանսավորման նպատակով բանակցություններ ենք վարում Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ: Իսկ ծրագրի երրորդ բաղադրիչով նախատեսվում է մայրաքաղաքի աղբի տնօրինման իրավունքը տրամադրել համապատասխան օպերատորի, որը կիրականացնի աղբի տեսակավորում, վերամշակում կամ, ժամանակակից այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, աղբի ծավալի նվազեցում: Այս նպատակով էլ ներկայումս մշակվում է աղբի տնօրինման կենտրոնի կառուցման մրցութային փաթեթը, որի պատրաստ լինելուն պես կհայտարարենք միջազգային մրցույթը։ Մի խոսքով, մեր կողմից արվում է հնարավորը մայրաքաղաքի կոշտ թափոնների կառավարման հարցում հնարավորին կարճ ժամկետում համալիր լուծում ունենալու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ