«Անունը կա, ամանում չկա». Նոր վարկավորում ՓՄՁ ոլորտին

փմձՀայաստանը փոքր և միկրո ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով վերջերս մի քանի օրենսդրական փոփոխություններ է կատարել հատկապես հարկային դաշտում, որոնց «Անկախն» անդրադարձել է: Գործարարությունը խթանելու գործիքները ստեղծված են` հարկային արտոնություններ, էլեկտրոնային հաշվետվություն, ձեռնարկատիրության գրանցում մի քանի րոպեների ընթացքում, հարկային վարչարարության պարզեցում և այլն:

Անդրադառնանք նաև Հայաստանի տնտեսություն ուղղվող ֆինանսական ռեսուրսներին, որոնք այս կամ այն կերպ միտված են նպաստելու ՓՄՁ-ների զարգացմանը: Վերջերս տեղեկացանք, որ միջազգային կառույցների կողմից հայաստանյան բանկային համակարգին են տրամադրվել միլիոնավոր դոլարներ, որոնց մասին պայմանագրերը վավերացվել են երկու կողմերի ներկայությամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի հրավերով Հայաստանում էին գտնվում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի` EFSE-ի ներկայացուցիչները` իրենց տարեկան ժողովը այստեղ անցկացնելու նպատակով: Գործնական ամփոփիչ հանդիպումն ավարտվել է նաև Հայաստանին վարկ տրամադրելու պայմանագրով:

Դեռևս 2010-ից մեր երկիրն ակտիվ համագործակցում է EFSE-ի հետ` համարվելով ամենաակտիվ վարկառու երկրներից մեկը: Ըստ մեր օտարերկրյա գործընկերների` Հայաստանը վարկավորման բավական բարձր մակարդակ ունի և երկրորդն է 16 երկրների թվում, որոնք գյուղական բնակչության սպասարկման բավական լավ ցուցանիշներ ունեն: Վարկառու երկրների շարքում երրորդ տեղում ենք Ադրբեջանից հետո, իսկ առաջին հորիզոնականում Վրաստանն է:

Իրավիճակը գոհացնող է նաև վարկերի վերադարձելիության առումով, և այդ ցուցանիշը 2 տոկոսից քիչ է, ինչը, ըստ կառույցի ներկայացուցիչների, վստահություն է ներշնչում վարկառու ֆինանսական կառույցների նկատմամբ:

EFSE հիմնադրամը հիմնվել է KFW գերմանական զարգացման բանկի նախաձեռնությամբ, նպաստում է Արևելյան Եվրոպայի և եվրոպական հարևանության տարածաշրջանի տնտեսական զարգացմանը` լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելով միկրո և փոքր ձեռնարկություններին, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` ֆինանսական հաստատությունների միջոցով: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։

Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միկրո ձեռնարկությունների զարգացման առումով` հիմնադրամն աջակցում է տեղական ֆինանսական հաստատություններին՝ բարձրացնելու իրենց հնարավորություններն ու կարողությունները:

Այս տարի հիմնադրամն իր վարկային փաթեթում որոշակի մասնաբաժին հատկացրել է նաև մեր երկրին: Հունիսի 18-ին միջազգային կառույցն ազգային արժույթով նոր վարկ է տրամադրել հայաստանյան երկու առևտրային բանկերի` «Արարատբանկին» և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին: 12 մլն դոլար վարկ հատկացվել է «Արարատբանկին», որը նախատեսված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկատիրության վարկավորման համար: Հատկացված փոխառությունն օգտագործվելու է 5-ամյա մարման ժամկետում, 10-11% տոկոսադրույքով: «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ վարկավորման տոկոսադրույքը կախված կլինի բիզնեսի ռիսկայնությունից, բայց ամեն դեպքում չի գերազանցի 11 տոկոսը: Համապատասխան պայմանագիր ստորագրվել է նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ, որին տրամադրված գումարը կազմում է 15 մլն դոլար: Ֆինանսական այս հոսքերը. ըստ բանկի հիմնադիրների, հնարավորություն կտա վարկավորելու շուրջ 15 հազար փոքր ու միկրո ձեռնարկություններ, ներառյալ ֆերմերային տնտեսություններն ու գյուղատնտեսները:

Ներգրավված ֆինանսական միջոցները երկու բանկերին էլ հնարավորություն կտան ավելացնելու փոքր բիզնեսին հատկացվող ռեսուրսները` նպաստելով նրանց գործունեությանը:

Նկատենք, որ խոսքը ոչ թե մլն դրամների այլ դոլարների մասին է, որոնք ընդհանուր առմամբ նախատեսված են երկրի տնտեսության մեջ շրջանառվելու համար:
EFSE-ը մինչ օրս Հայաստանում համագործակցել է 6 առևտրային բանկերի հետ, որոնք 12 հազար վարկ են տրամադրել ՓՄՁ-ներին 113,3 մլն եվրոյի շրջանակներում: Այսինքն` Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկիրը վերջին 3-4 տարիների ընթացքում կարողացել է միլիոնավոր եվրոների փոխառություն վերցնել և շրջանառել տնտեսությունում:
Սովորական քաղաքացու համար, սակայն, դժվար է այս ցուցանիշները հավանական համարել, քանի որ հարց կծագի, թեկ ուր են կամ ինչ նպատակի են ծառայեցվել միլիոնավոր եվրոները, եթե գործարարության ոլորտում ակնառու բարելավումներ չեն դիտվել: Հակասությունները թերևս շատ են:
Ինչքան էլ խոսվում է գործարարության միջավայրի բարելավման, վարկավորման գործիքների մատչելիության և այլ գործոնների մասին, դժվար է անտեսել օրեցօր լուծարվող կամ սնանկացող ձեռնարկությունները: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնով շրջելիս հաճախակի ենք տեսնում փակվող խանութներ, որոնք կա՛մ վաճառքի են հանվում, կա՛մ տրվում են վարձով: Նույնիսկ տարիներով գործող և համբավ ունեցող բրենդային խանութներն են լիկվիդացիոն գների առաջարկով ազդարարում իրենց գործունեության լուծարումը: Իսկ փոքր ձեռնարկատիրությունների կամ սկսնակ գործարարության մասին խոսք լինել չի կարող այն պարագայում, երբ նույնիսկ խոշորներն են փակուղու առաջ հայտնվում:
Բավական ռիսկային է գործարարությամբ զբաղվելը, երբ ներդրվող գումարը ոչ թե սեփական միջոցներից է, այլ վերցվում է փոխարինաբար: Փաստորեն, ևս 27 մլն դոլար նախատեսվում է նպատակաուղղել ՓՄՁ ոլորտի վարկավորմանը, մինչդեռ չունենք վիճակագրություն, թե 113, 3 մլն եվրոն իրականում ինչ նպատակների համար է ծառայեցվել:
Շատ գործարարներ դժգոհում են այն հանգամանքից, որ վարկավորվելն այնքան էլ դյուրին գործընթաց չէ, իսկ տոկոսադրույքներն էլ` ոչ այնքան գրավիչ: Թերևս ոգևորում է այն փաստը, որ տարեցտարի Հայաստանի ֆինանսական համակարգը դառնում է ավելի հուսալի և կայուն օտարերկրյա կազմակերպությունների շրջանում, սակայն մյուս կողմից էլ հիասթափեցնում է, երբ սովորական քաղաքացու` սեփական կենցաղը բարելավելու ճիգերն այդպես էլ չեն արդարացվում:
Լ.Ն

 

Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

11306_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»: 
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: «Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար:
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Կառավարությունը քննարկում է ՓՄՁ-ների համար հարկային բեռի իջեցման հարցը

varchapetՎարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման և առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում:

Վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած բոլոր առաջարկությունները և, քննարկելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ, համապատասխան խնդիրների լուծման առաջարկություններ ներկայացնել, որոնք քննարկման առարկա կդառնան խորհրդի հաջորդ նիստում:

 

Անկախ