Քեսաբահայերը տուն են վերադարձել

Քեսաբահայեր   Սիրիայում ընթացող ներքաղաքական պատերազմի պայմաններում Քեսաբի հայությունը մարտի 21-ին ստիպված եղավ լքել գյուղը: Նրանց մեծ մասը ապաստան գտավ Լաթակիայում և Թուրքիայի հայաբնակ Վաքըֆլը գյուղում: Ասադի ուժերի կողմից Քեսաբի ազատագրումից հետո հայությունը արդեն վերադարձել է տուն` իր առօրյա կյանքին: Եթե Քեսաբը արդեն նույնը չլինի, ժողովուրդը պատրաստ է ամեն ինչ զրոյից սկսել:

«Ակօս»-ի հաղորդմամբ`հուլիսի 4-ին 6 քեսաբահայերր տուն վերադարձան`անցնելով Յայլադաղի սահմանային անցակետից: Վաքըֆլը գյուղում ապաստանած 18 քեսաբահայ մայիսի 15-ին մեկնել էի Բեյրութ: Նրանց մի մասը հյուրընկալվել էր հարազատների, մյուսներ էլ` հանգստյան տներում: Այժմ նրանք տանն են և ջանք չեն խնայում գյուղի նախկին տեսքը վերականգնելու համար:

 Անկախ

Վաքըֆլը գյուղում ապաստանած 18 քեսաբահայ մեկնել է Լիբանան

kesabahay    Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ապաստանած քեսաբահայերը Թուրքիայի Հայոց պատրիարքարանի, Բեյրութի հայկական եկեղեցու և արտգործնախարարության օգնությամբ երեկ ինքնաթիռով մեկնել են Լիբանան: Քեսաբահայերի 18 հոգանոց խումբը ցանկություն էր  հայտնել մեկնել Բեյրութում գտնվող իրենց հարազատների մոտ, սակայն անձնագրեր չունենալու պատճառով նրանց ելքը երկրից երկարաձգվել էր: Սակայն փաստաթղթային հարցերը լուծելուց հետո քեսաբցիների առաջին խումբը լքել է  Վաքըֆլըն:

Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ մեկնող քեսաբցիները հրաժեշտ են տվել Վաքըֆլը գյուղում առայժմ մնացող ընկերներին՝ ապրելով հուզմունքի պահեր: Մոտ 1,5 ամիս Վաքըֆլը գյուղում ապաստանած քեսաբահայերին Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի կողմից ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, և նրանց տրամադրվածությունը գնահատվում է դրական:

Պոլսո Հայոց պատրիարքությունը կոչ է անում օգնել քեսաբահայությանը

polisԻնչպես երկար ժամանակ է հետևում ենք մամուլին, Սիրիայի ներքաղաքական ներկայիս դրության հետևանքով, այլոց շարքում տուժած են նաև մեր ժողովուրդի զավակներ։

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել այլ ապաստանողների շարքում, օժանդակել նաև սիրիահայերին։ Այս ուղղությամբ պետական պաշտոնական մարմիններ հետաքրքրություն են ցուցաբերել մի խումբ քեսաբահայերի հանդեպ, որոնք վերջերս սահմանը անցնելով հասել են Թուրքիա։ Խումբը այժմ  հաստատած է Վաքըֆլը գյուղում, ուր վայելում է գյուղաբնակ մեր ժողովուրդի հյուրընկալությունը։

Մեր ժողովուրդին համար քաղցր պարտականություն է օժանդակել մեր եղբայրներին, հատկապես Ս. Զատկի տոնի պատրաստության այս շրջանում։ Պատրիարքական Աթոռի Հոգևոր Դասը բացում է օժանդակության սույն արշավը՝ առաջինը հատկացնելով  5.000  թուրքական լիրա։

Այս կոչը կուղղենք մեր համայնքի ազնիվ զավակներին, որպեսզի իրենց կարողությունները հատկացնեն այս մարդասիրական նպատակին ծառայելու համար:

Անհատական նյութական օժանդակությունները, ինչպես նաև օժանդակության գործին սատարելու նպատակով կատարված զանազան միջոցառումներից և հանգանակություններից ձեռք բերված գումարները կարող եք փոխանցել Պատրիարքական Աթոռի հետևյալ հաշիվեհամարներին՝

Թուրքական լիրա՝
Türkiye Ermenlieri Patrikliği
Yapıkredi Bankası – Kumkapı şubesi, şube kodu:047,

hesap no (հաշվեհամար): 11549696
İBAN KOD: TR430006701000000011549696
Նշել՝ “Kesablı Ermeniler İçin” (Քեսաբահայերի համար)

Եվրո՝
Türkiye Ermenlieri Patrikliği
Yapıkredi Bankası – Kumkapı şubesi, şube kodu:047,

hesap no (հաշվեհամար): 23634286
İBAN KOD: TR570006701000000023634286
Նշել՝ “Kesablı Ermeniler İçin” (Քեսաբահերի համար)

Ամերիկյան դոլար՝
Türkiye Ermenlieri Patrikliği
Yapıkredi Bankası – Kumkapı şubesi, şube kodu:047,

hesap no (հաշվեհամար): 11549769
İBAN KOD: TR120006701000000011549769
Նշել՝ “Kesablı Ermeniler İçin” (Քեսաբահայերի համար)

Տեր Աստված օգնական լինի սիրիահայ մեր եղբայրներին, որպեսզի այս դժվարին պահերին իրենց հույսը դնելով Աստծո և մարդասեր անհատների ցուցաբերած սիրո ու խանդաղատանքի վրա, ստանան մխիթարություն։ Թող Տերը օրհնի նվիրատուներին ու բարեգործներին և հեռու պահի ամեն տեսակի փորձություններից և աղետներից։

Թուրքիայի Հայոց պատրիարքություն

Անկախ

 

Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ

Նաիրա-ԿարապետյանՄարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որ մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից:

Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին, քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել և տեղի Քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից:

Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, հասցրել ահռելի վնաս խաղաղ բնակչության ունեցվածքին:

Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաև ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց Ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների և վարակների տարածման վտանգի տակ, և չունեն անգամ հյուս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը:

Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնեաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների և տարհանման` մինչև ահաբեկիչների Քեսաբ հասնելը:

Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:

Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարևոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական և էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն   դատապարտել:

 Անկախ

«Արատտա երիտասարդական ակումբը»՝ լինելով հայակենտրոն և ազգային երիտասարդական կազմակերպություն, չի կարող անտարբեր գտնվել Քեսսաբում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Արատտա երիտասարդական ակումբըՄենք համոզված ենք, որ Քեսաբի հայերի ծրագրված տեղահանությունը 1915 թվականի հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ իրադարձությունների ներկա ընթացքը ոչ այլ ինչ է, քան էթնիկական զտումներ և հայրենազրկում: Ինչպես Մեծ Եղեռնի ժամանակ, այնպես էլ հիմա թուրքական իշխանությունները հայերին ոչնչացնում են տարբեր կազմակերպված, հանցագործ, զինյալ խմբերի միջոցով: Թուրքիան անընդհատ հերքում է իր կապն այդ կազմավորումների հետ, սակայն փաստերը շատ են, ու անհերքելիորեն ցույց են տալիս Քեսսաբում կատարվող իրադարձությունների հետ նրա անմիջական կապը:

Անդրադառնանք այդ փաստերից ամենախոսուններին: Առաջին ու անհերքելի փաստն այն է, որ այդ խմբերը /8000-10000 մարդ/ Սիրիա են թափանցել հենց Թուրքիայից և անհնար կլիներ այդ խմբերի` թուրքական պետության մեջ կազմավորվելը, մարզվելը, զինվելը ու սահմանն անցնելը, եթե դրանց հետ որևէ առնչություն չունենար թուրքական պետությունը:

Փաստն այն է, որ երբ սիրիական իշխանությունները փորձեցին կասեցնել Քեսսաբում կատարվող ոճիրը, սիրիական ինքնաթիռը ոչնչացվեց թուրքական հակաօդային ուժերի կողմից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական աջակցություն ոճիրն իրականացնող զինյալ խմբերին:

Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում անհերքելի է դառնում Թուրքիա պետության մասնակցությունն այդ իրադարձություններին:

Հայտնի է, որ Քեսսաբն այն բնակավայրերից է, որտեղ պահպանվում են հայկական ավանդույթները և հայերն ապրում են միավորված կերպով, հետևաբար Քեսսաբի վրա հարձակումն ավելի շատ ուղղված է հայկական գործոնի վերացմանն ու պառակտմանը: Արդեն մեկ դար շարունակ հայության դեմ իրականացվում են տարբեր տեսակի հանցագործություններ, սկսած ցեղասպանությունից, մինչև անհատական հետապնդումներ ու սպանություններ, որոնք մասն են կազմում մեծ հայասպանության ծրագրի:

Ստեղծված իրավիճակում «Արատտա երիտասարդական ակումբը» համաշխարհային հանրությունից պահանջում է Քեսաբի դեպքերի հետ կապված իրականացնել անկախ հետաքննություն միջանկյալ արդյունքների պարբերական հրապարակմամբ: Մեր պահանջն է, որ հետաքննությունն իրականացվի ոչ միայն որևէ առանձին երկրի կամ էլ զուտ կառավարական խմբերի կողմից, այլ դրան մասնակցեն, թե՛ միջազգային, թե՛ հասարակական անկախ կազմակերպություններ ու փորձագիտական խմբեր, իսկ նախքան հետաքննության անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը, «Արատտա երիտասարդական ակումբը» գտնում է, որ.

  1. Պետք է կասեցվեն հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ այն իր մեջ վտանգներ է պարունակում հայոց ցեղասպանության փաստի անտեսման ու մոռացման առումով: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ անտեսելով ու անպատժելի թողնելով տեղի ունեցած հանցագործությունը` մենք պարարտ հող ենք պատրաստում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների հետագա շարունակության համար, ինչի վառ օրինակը մենք տեսանք հենց Քեսաբում:
  2. Պահանջում ենք դադարեցնել «մադրիդյան սկզբունքների» շուրջ ցանկացած տեսակի բանակցություն, քանի որ ըստ այդ սկզբունքների անտեսվում են հայ փախստականների իրավունքները և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության և կոտորածների համար:

Անկախ

Թևան Պողոսյանը հույս ունի, որ աշխարհով մեկ սփռված հայությունը կկարողանա օգնել Քեսաբը վերադարձնել հայերին

թևան պողոսյանՔեսաբահայերի հետ հանդիպած հայ պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ Քեսաբ վերադառնալու և այն նորից ծաղկեցնելու հույսով են մարդիկ լցված:

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով`քեսաբցիները հասկանում են, որ վերադառնալու դեպքում իրենց տնտեսությունն այն նույն վիճակում չի լինի, ինչ իրենք թողել են:

“Նրանք խնդրում են, որ Հայաստանի Հանրապետությունը, հայկական Սփյուռքը հետագայում ամեն կերպ աջակցեն իրենց` տնտեսությունը վերականգնելու համար”,-ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով` այս պահին քեսաբահայերի կացարանի հարցը ժամանակավորապես լուծված է, և այժմ նրանք երազում են Քեսաբ վերադառնալու մասին:

“Քեսաբցիներն ասում են, որ, եթե նույնիսկ մեկ-երկու ամիս պետք լինի, իրենք կքնեն քնապարկի մեջ, միայն թե հետո վերադառանան Քեսաբ: Սնունդն ապահովում է համայնքը, եկեղեցին տարբեր պայմաններ է ստեղծում: Պարզապես ուշ, թե շուտ առաջանալու է երեխաների դպրոցի խնդիրը: Այսօրվա դրությամբ ամենաարագ օգնությունը գումարն է, իսկ հետագայի համար պետք է  քննարկել ու ըստ կարիքների` օգնություն տրամադրել”,-ասաց Թևան Պողոսյանը:

Խոսելով սեփական նախաձեռնությամբ Սիրիա մեկնելու և քեսաբահայերին տեսակցելու մասին` Թևան Պողոսյանը նշեց, որ գնալ-տեսնելը շատ կարևոր էր  և’ մարդկային տեսանկյունից, և’ նրանց օգնելու հետագա քայլեր մշակելու տեսանկյունից:

“Մենք որոշեցինք  գնալ, փաստեր հավաքել և հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք այդ ամենի հիման վրա առաջարկությունների ցանկ մշակել, որ Հայաստանը կարողանա տեր կանգնել ցանկացած երկրում վտանգի մեջ հայտնված հայերին»,-ասաց պատգամավորը` հույս հայտնելով, որ քեսաբահայության շուրջ համախմբված հայությունը կկարողանա հասնել նրան, որ Քեսաբը կվերադարձվի հայերին ու էլ երբեք տեղահանության խնդիր չի առաջանա:

Անկախ

Պատգամավորներն առաջարկում են քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել

Էդմոն մարուքյանՕրերս Սիրիա մեկնած Ազգային ժողովի պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեցին իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել ու յուրաքանչյուր սցենարի դեպքում գործել ըստ կարիքների:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջնայինը ֆինանսական միջոցներով նրանց ապահովելն է:

“Այս պահին առաջնային աջակցությունը կարող է լինել ֆինանսական օգնությունը: Լաթաքիան ակտիվ գործող քաղաք է, այնտեղ կյանքը նորմալ ընթացքի մեջ է, և մարդիկ, եթե գումար ունենան, կարող են ամեն ինչ ձեռք բերել: Այս պահին կան գործող հիմնադրամներ, կարծում եմ առաջիկայում կլինի հայտարարություն նոր հիմնադրամների ստեղծման մասին, որոնք դրամահավաք կիրականացնեն և Բեյրութի ճանապարհով օգնությունը մեր հայրենակիցներին կտրամադրեն”,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի տեղեկացմամբ` մոտ 320 հայ ընտանիք օգտվում է սնունդից, առաջնային անհրաժեշտության պարագաներ է ստանում Լաթաքիայի հայկական եկեղեցուց:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի “աջակցությամբ” վտարված քեսաբահայության հետ, ծանոթացել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:

Անկախ