Հանրային խորհուրդն անդրադարձել է Քեսաբի դեպքերին և ՍԴ որոշմանը

484_bՍ.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամուլի ծառայությունից, առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը և «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին:

Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքերն ավելի արդյունավետ դարձնելու և ՀԽ-ն հանրային կյանքում որպես մնայուն մարմին ունենալու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Հանրային խորհրդի կողմից մշակված օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի, ինչպես նաև իրավաբանների մասնակցությամբ, որոնք գտնում են, որ մշտական գործող և լիարժեք մարմին ունենալու համար Հանրային խորհուրդը պետք է նախատեսվի ՀՀ Սահմանադրության մեջ (օրինակ` ինչպես դա արված է Ֆրանսիայում): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրումից հետո միայն նպատակահարմար կլինի ընդունել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» լիարժեք օրենք:

Եվ քանի որ մոտ ժամանակներում նախատեսվում է ընդունել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ, Հանրային խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Հանրային խորհրդի հիշատակումը վերը նշված փոփոխությունների մեջ ներառելու հարցը՝ առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը տեղափոխվում է քաղաքական դաշտից հանրային դաշտ:  Իսկ մինչ այդ պահպանել գործող Հանրային խորհուրդը, գործող ՀԽ կանոնադրության մեջ  ամրագրել որոշ դրույթներ, որոնք նախատեսվում են նաև քննարկվող օրենքի նախագծում: Դա թույլ կտա ինչպես փորձարկել այդ դրույթները, այնպես էլ՝ նորացնել Հանրային խորհրդի կազմը՝ ստեղծելով ՀԽ մի քանի նոր հանձնաժողովներ և կազմակերպելով դրանցում հանձնաժողովի նախագահի ընտրություններ, որոնք      կդառնան ՀԽ անդամներ:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և դրա հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերին: Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը) ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀԽ անդամները նաև նշել են, որ նմանատիպ դեպքերը միշտ տեղի են ունենում անսպասելիորեն, և ցավոք, մեր հասարակությունն ու պետական մարմինները լիարժեքորեն պատրաստ չեն լինում դրանց, իսկ նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ գոյություն չունեն: Ուստի Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական և հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:

Նիստի օրակարգի համաձայն՝ քննարկվել է նաև Հանրային խորհրդի կողմից վերջին շրջանում բարձրացված երեք կարևոր հարցերի ընթացքը, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգին:

Քննարկելով պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ Հանրային խորհուրդը բարձր է գնահատել հասարակական այն պայքարը, որի արդյունքում այսօր մենք ականատես ենք լինում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Միաժամանակ հանրային խորհուրդը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ Հայաստանը կատարում է մի նոր կարևոր քայլ դեպի իրական իրավական պետության կայացում: Հանրային խորհուրդը շարունակելու է ուշադիր հետևել հետագա գործընթացներին և խնդրի վերջնական լուծմանը:

Հանրային խորհուրդը կարևորել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման նպատակով հանրության կուռ կարծիքի ձևավորումը, ինչպես նաև կոնցեսիոների և կառավարության պատրաստակամությունը՝ հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին: Նշվել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է համագործակցել կոնցեսիոների հետ շենքի պահպանման, ամրացման և հետագա շահագործման հարցերի շուրջ:

Հանրային քննարկումների և ՀԽ համառ ջանքերի արդյունքում ունեցած կարևոր հաջողություն է համարվել նաև Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրին պետական ամենաբարձր մակարդակով կարևորություն տալը և խնդրի լուծման նպատակով գործողությունների համալիր ծրագիր մշակելու կառավարության քայլը: Նշվել է, որ ՀՀ վարչապետն իր շնորհակալական խոսքն է հղել Հանրային խորհրդին այդ կարևորագույն հարցում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար, միաժամանակ ընդգծվել է, որ այդ հարցում դեռ անելիքները շատ են, և Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողական լինել խնդրի վերջնական լուծման ուղղությամբ:

 

Անկախ

«Մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է». Էդ. Շարմազանով

загруженное (1)

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հարեւան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը:

“Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական եւ հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են”:

Շարմազանովն անդրադարձավ նաև թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձություններին: Մեջբերելով Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է, Շարմազանովն ասաց.

“Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ”:

Ինչ վերաբերում է վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին, ապա Շարմազանովը նկատեց, որ դրանց իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը նա համարեց բոլորիս ձեռքբերումը` նշելով, որ հանրապետականները ողջունում են քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսեւորում: Սակայն նա ափսոսանքով նշեց, թե որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք եւ անձնական վիրավորանք:

“Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով եւ վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է”,-ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

 

Անկախ

 

 

ԱԺ մի խումբ պատգամավորներ խստորեն դատապարտել են Քեսաբի դեպքերը

ՔեսաբԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարիտիրոսյանն այսօր հանդես են եկել հայտարարությամբ` կապված Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

“Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:

Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:

Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը”:


Անկախ