Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

001 (3)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը` Դավթաշեն վարչական շրջանները: 2014թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով` ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով վարչական շրջանների գրանցած արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկանշելով Արաբկիր վարչական շրջանի գրանցած ցուցանիշը, ընդգծել է, որ այն լավագույնս ապացուցում է գնահատման համակարգի ներդրման արդյունավետությունը. «Բոլորդ եք հիշում, որ դեռևս երկու տարի առաջ Արաբկիրը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Բայց հետևողական և սրտացավ աշխատանքի արդյունքում վարչական շրջանի ողջ թիմը հասավ ցանկալի այն արդյունքին, որն ունի այսօր, ինչի համար և իմ շնորհակալությունն ու գոհունակությունն եմ փոխանցում Արաբկիրի ողջ թիմին: Անշուշտ, գովելի է նաև այն ակնհայտ մրցակցային ոգին, որ ձևավորվել է վարչական շրջանների միջև: Եվ, այս ամենը հաշվի առնելով, ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում փորձել շտկել նկատված բացթողումները: Ըստ այդմ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին էլ հանձնարարվել է տեղերում աջակցել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերին՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով. «Երևանցիների սպասելիքները մեր թիմից իսկապես մեծ են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության վերջում, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերով իրականցվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող կանոնակարգված գործունեությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի Սահմանադրական դատարան

Դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները.  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այժմ շարժման անդամ Արմեն Եփրեմյանը, նշում է, որ իրենց գերակա խնդիրը համաներման հասնելն է այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին չեն կարողացել վճարել և արդյունքում նրանց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են. «Մեր պահանջներին ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ հարցը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում եղել են  հասարակական կազմակերպություններ (որոնց մասին մենք իհարկե ոչինչ չգիտենք): Որոշում է կայացվել զիջումների գնալ և տուգանքների չափերը որոշ չափով նվազեցնել: Մենք կարծում ենք, որ դա բավարար չէ, քանի որ համաներում չի հայտարարվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նախկինում խախտել են կանոնակարգը», – ասաց նա` ընդգծելով, որ իրենք դեմ չեն տուգանքներին , պարզապես «դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց գրպանին»:

Ըստ նախաձեռնության մեկ այլ մասնակից Արմեն Պետրոսյանի` համաներում չհայտարարելը անտրամաբանական է, քանի որ կառավարությունը ընդունել է, որ ներկայիս կանոնակարգը թերություններ ունի «Կառավարության կողմից արդեն որոշ չափով մեղմացվել են տուգանքների չափերը, այսինքն` նրանք ընդունում են, որ նախկին օրենքը՝ տուգանքների գների հետ կապված, սխալ է եղել», – ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով` իրենք դեմ չեն նորմալ երթևեկությանը, բայց չեն ընդունում, երբ հետապնդում են բիզնես շահեր ու ոչ թե քայլեր են անում նրա համար, որ երթևեկությունը կանոնակարգվի:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ երթը տեղի կունենա հուլիսի 17-ին. դրա նպատակը մարդկանց իրազեկումն է, իսկ կարգախոսն է` «Չենք վճարում տուգանքները»:

Դրանից հետո նախաձեռնությունը ծրագրում է ակցիաներ իրականացնել նաև մարզերում:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 8-ից 9-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, յուրացման 4 և խարդախության 10 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախօպերատիվ իրավիճակ

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար

ձայնաազդանշանայինԱնբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։

Անկախ

ԱՄՆ նախագահը առաջարկել է Ադրբեջանում դեսպանի նոր թեկնածուին

2 (1)ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբերտ Ֆրենսիս Սեքութայի թեկնածությունը, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը։

2012թ.-ից մինչ օրս ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարն է, որի լիազորություններն ավարտվում են 2014թ.-ի օգոստոսին։

Սեքութան ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ հարցերով տեղակալի առաջին օգնականն է։

Նա աշխատել է նաև արտերկրում՝ Տոկիոյում (2007-2009թթ.-ին) և Բեռլինում (2003-2007թթ.-ին), որտեղ նա համակարգել է ԱՄՆ-ի կառավարության մասնակցությունը տնտեսական հարցերում։

Անկախ

Վարչապետն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր

վարչապետՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:
վարչապետ1Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, եղել է Նոր կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում տեղեկատվություն կներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարությունը կգնահատի և որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:
Հանրապետության վարչապետը գյուղացիների հետ զրուցել է նաև նրանց հուզող մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, դպրոցաշինությանը և այլ հարցերի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կքննարկի և հնարավորության շրջանակում կփորձի լուծում տալ այդ խնդիրներին:
Գեղանիստ համայնքում կառավարության ղեկավարն անակնկալ այցելել է համայնքի բնակիչներից մեկի տուն, որտեղ ներկա է գտնվել բանակ զորակոչվող երիտասարդի ճանապարհման արարողությանը և բարի ծառայություն մաղթել նորակոչիկին:
Հաջորդիվ՝ մինչև մարզկենտրոն Գյումրի հասնելը, վարչապետը կայցելի մարզի ևս մի քանի համայնք:

Անկախ

Հանրային խորհուրդը քննարկել է հանրությանը հուզող մի շարք հարցեր

ՀԽ-նիստ

Հանրային խորհուրդը պատրաստվում է առաջիկա լիագումար նիստին, որի օրակարգը նախապատրաստելու նպատակով հուլիսի 8-ին կայացել է ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Օրակարգ ընդգրկվող հարցերի մի մասը Հանրային խորհուրդը նախատեսում է նաև ներկայացնել ՀՀ նախագահին` հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

ՀԽ փոքր խորհրդի նիստում, մասնավորապես, քննարկվել են հետևյալ հարցերը.

1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:

2. Արտագաղթի իրական չափերը, հետևանքները և դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:

3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

4. Երևանի փողոցներում «կարմիր գծերի» օրինականության և ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:

5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի և նոր ատոմակայանի կառուցում) և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի և օգտագործման շահավետության հարցը:

7. Սննդամթերքի թանկացման պատճառները և ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:

8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:

Այլ հարցեր:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:

Արտագաղթի իրական չափերի, հետևանքների և դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաև արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու և ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը և Շողեր Բաբայանը: Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Անկախ

Արևը` որպես դեղամիջոց

արևի օգտակարությունը

Բոստոնի բժշկական կենտրոնից Միքայել Հելիկը պնդում է` աշխարհում մոտ 1  միլիարդ մարդ պարբերաբար վիտամին D-ի պակաս է ունենում: Ընդ որում, խոսքը չի գնում միայն հյուսիսի ցուրտ գոտիներում ապրողների մասին. այս վիտամինի պակասի վտանգի առջև հաճախ կանգնում են նաև արևադարձային գոտիների բնակիչները:

Ավանդաբար համարվում էր, որ այս վիտամինի պակասը զգում են հատկապես հյուսիսի բնակիչները: Սակայն սա մոլորություն է, քանի որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի կամ Հնդկաստանի բնակիչների մոտ ևս նկատվում է այս վիտամինի պակաս:

Բանն այն է, որ այս երկրների բնակիչները նախընտրում են փակ հագուստ կրել: Նրանք նաև մուգ մաշկ ունեն, որն  արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանը օրգանիզմ, որն էլ հենց պատասխանատու է D վիտամինի ստեղծման համար: Պետք է նաև հիշել, որ արևապաշտպան քսուքները կարող են 95% -ով կրճատել D վիտամինի ստեղծումը /սակայն սա, իհարկե, չի նշանակում,որ պետք է հրաժարվել արևապաշտպան քսուքներից. մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը չի վերանում/:

Այս պատճառով էլ, ինչպես ցույց է տալիս փորձը, որ  երկրում էլ ապրեք, արևի վիտամինը ստանալը բավականին դժվար է: Անհրաժեշտ է օգտագործել այս վիտամինով հարուստ սնունդ: Յուղոտ ձուկն օգտակար է այս առումով, իսկ կաթը պարունակում է օրական օրգանիզմին անհրաժեշտ վիտամինի քանակի քառորդ մասը:

D վիտամինի պակասը կարող հարուցել հիվանդություններ, ինչպիսիք են ռախիտը, նաև կոտրվածքների հավանականությունն է մեծանում այն պատճառով, որ  օրգանիզմ ներթափանցող կալցիումի 10–15%  է միայն կարող յուրացվել օրգանիզմի կողմից առանց վիտամին D-ի: Բացի դրանից, մարդիկ, ովքեր քիչ են ստանում D վիտամին, հակված են հիվանդությունների` օստեպորոզ կամ քաղցկեղ: Նրանց շրջանում են հանդիպում նաև ավելորդ քաշ ունեցողները:

Հիշեցնենք նաև, որ ըստ վերջին հետազոտությունների` D վիտամինը երկարացնում է կյանքը: Մահացությունը երկու անգամ ավելի բարձր է D  վիտամինի պակաս ունեցողների շրջանում: Իսկ վիտամինի փոքր քանակության և մահացության դեպքերի միջև կապը դեռևս բացահայտված չէ:

 

Զինամթերք` կամավոր

Զենք-զինամթերքՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` 1952 թ. ծնված Լիպարիտ Հ.-ն կամավոր հանձնել է 3 լուսածիր, 7.62 մմ տրամաչափի 20 հրացանային, 7.62 մմ տրամաչափի` 60, ինքնաձիգի, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և «ՈւԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Հերթական ստուգայցը. 28 վարորդ` ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 7 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Անկախ

Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների  ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը  և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը:

 

 Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիների ավանդույթը պահպանվել է նաև այս տարի,  բուհերի ընդունելության քննությունները հիմնականում անցել են բնականոն հունով, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ ընդունելության համակարգում կատարված բարեփոխումները տվել են իրենց արդյունքները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով,  15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում: Առաջին փուլում  ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ  երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի  քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին  դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:
Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը:
Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:
Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել: «Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների  բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են  դրական միավորներ: Երկրորդ՝  պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն  է տրվելու արվեստի և մարզային  բուհերին»,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով  դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն  կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:
Նախարարն հանձնարարել է  նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:

Օմսկում` շորթում, իսկ Աստրախանում` գողություն

ոստիկանությունՈստիկանության Արագածի բաժնի ծառայողները Ծաղկահովիտ գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ին, որը հունվարի 10-ից ՌԴ Օմսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու մեղադրանքով:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը մարտի 2-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով

բերման է ենթարկվելՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքից բերման են ենթարկել 1940 թ. ծնված Ստեփան Մ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Անկախ

Նորվեգիայի արքայադուստրն իրեն մեդիում է հայտարարել

09084243.659839.6719Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի դուստրը հայտարարել է, թե ինքը երկրի մի քանի քաղաքներում սպիրիտիզմի հրապարակային սեանսներ է անցկացնելու:  42-ամյա Մարտա-Լուիզայի շոուի տոմսի արժեքը 250 դոլար է:  Նրան օգնելու է բրիտանացի մեդիում Լիզա Ուիլյամսը, հաղորդում է regnum.ru-ը:

Սկանդինավցիներին առաջարկվում է հետևել, թե ինչպես է  արքայադուստրը շփվելու մեռյալ հոգիների հետ: Այդ լուրը նորվեգացիներին վրդովեցրել է, քանի որ, տարիներ առաջ նույն արքայադուստրը հայտարարեց, թե կարողանում է հրեշտակների հետ շփվել ու դպրոց էր բացել նունը ցանկացողներին սովորեցնելու համար: Սակայն, դյուրահավատ նորվեգացիներն ասում են, որ այդ դասընթացները խաբեություն էին:

Անկախ

Նռնակի պայթյունից Ադրբեջանում երեք զինծառայող է վիրավորվել

1 (2)Նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի Զինված ուժերի 3 զինծառայող, տեղեկացնում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ՝ զորավարժությունների ընթացքում, նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել Բահրամ Հաշիմլին, Օրհան Մամեդովը և Ռեհիմաղա Աղալարզադեն։

Նշվում է, որ զինծառայողները առաջին բուժօգնությունն են ստացել, այնուհետև տեղափոխվել են ռազմական հոսպիտալ։ Զինվորների վիճակը բավարար է գնահատվում։

Անկախ

Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով

ՈստիկանությունՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել է 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Անկախ

Ռուսաստանը Կուբային ներել է 32 մլրդ դոլարի պարտքը

o_507234Այսօր Դաշնային խորհուրդը վավերացրել է մի համաձայնագիր, որի համաձայն Մոսկվան   Կուբայի հանրապետությանը ներում է  նախկին ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում տրամադրած վարկով  32 մլրդ դոլարի պարտքը:

Դեռևս 2013-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի համաձայն, Կուբայի` ՌԴ-ին պարտքը կազմում է 35.2 մլրդ դոլար: Փաստաթղթով նախատեսվում է, որ պարտքի 90%-ը կներվի, իսկ մնացած 10%-ը պետք է մարվի 10 տարում, կիսամյա վճարումներով, հաստատված սեփական ժամանակացույցով: Առաջին վճարումը Կուբան  կատարելու է 2014-ի հոկտեմբերի 25-ին, իսկ վերջինը` 2024-ի ապրիլի 25-ին:

Սպասվում է, որ այդ վճարումները կծառայեն Կուբայի տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Բրիտանական հուշարձանները կսովորեն խոսել

o_909948Արձանները, մոնումենտներն ու հուշարձանները, որոնք տեղադրված են Լոնդոնում ու Մանչեսթրում, ամառվա վերջին կխոսեն մարդկային ձայնով: Կոթողների խոսք սովորելու ու մենախոսություն կարդալու  պատասխանատվությունը ստանձնել է  ոչ առևտրային Sing London կազմակերպությունը: Ավելի վաղ այս կազմակերպությունն աղբամաններին սովորեցրել էր երգել, հաղորդում է The Telegraph.-ը:

Ներկայում Sing London-ը զբաղվում է   Մեծ Բրիտանիայի պատմական երկու քաղաքներում 35 հուշարձանների «ձայնավորմամբ»: Սպասվում է, որ տեխնիկական  վերջին ինովացիաների կիրառումը թուլ կտա հուշարձաններին խոսել հայտնի դերասանների ձայնով: Մոնումենտները ճառեր կասեն, որոնք նրանց համար գրելու են երկրի լավագույն հեղինակներ:

Օրինակ, լոնդոնյան Հայդ-պարկում տեղադրված Աքիլլեսի արձանը կխոսի «300 սպարտացիներ» ֆիլմի աստղ Դոմինիկ Ուեսթի, իսկ Բեյքեր-սթրիթում տեղադրված  Շերլոկ Հոլմսի աձանը խոսելու է  բրիտանացի վաստակավոր դերասան Էդ Սթոպարդի ձայնով:

Հուշարձանների ելույթները կարելի է լսել սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով,  օգոստոսի 19-ից հետո:

Ի դեպ, Sing London-ի ներկայացուցիչները 2011-ին հաջողությամբ «երգացրին» աղբամաններին:  Դրանք երգում էին, ծիծաղում ու խոսում այն ժամանակ, երբ  աղբամանի մեջ ինչ-որ բան էին նետում:

Անկախ

Հզոր «Նոգուրի» թայֆունը սպառնում է Տոկիոյին

o_979307Ավելի քան 30 մարդ է տուժել Ճապոնիայի հարավում, «Նոգուրի» թայֆունի հետևանքով:  Տարերքը պատուհասել է  Օկինավա պրեֆեկտուրային նախօրեին, հուլիսի 8-ին: Մարդկանց մեծամասնությունը վիրավորվել է  ուժգին քամու պատճառով, որը բառացիորեն, նրանց գետնին է գցել: Պոկվել են տանիքներ ու տապալվել ծառեր: Հոսանքազրվել է ավելի քան 100 հազար տուն: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 70 մ/վրկ-ի: Տարածաշրջանում հատուկ նախազգուշացում է արվել.տարհանվել է 600 հազար մարդ:

Հիմա թայֆունը խաղաղ օվկիանոսից ուղղություն է վերցնում  դեպի հյուսիս, հաղորդում է “Россия 24”: Սպասվում է, որ այն կհասնի երկրի հարավային ափերին: Եթե քամու ուղղությունը չփոխվի, ապա «Նոգուրին» կարող է հասնել Ճապոնիայի կենտրոնական շրջաններ ու Տոկիո:

Անկախ