Գյումրիում ջրի կռիվ է

Գյումրի

Գյումրում արդեն  երրորդ շաբաթն է մի քանի թաղամասեր զրկված են ջրամատակարարումից: Մասնավորապես Սավոյան փողոցի բնակիչները 3-4 թաղամաս հեռվից են ջուր բերում՝ դույլերով ու շշե տարաներով, մեծ ու փոքրով:

DSC00533DSC00530

Բնակիչներն ասում են՝ ամեն օր դիմում են ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚, խնդրում, աղերսում, պահանջում ու վիճում, գոնե օրական 3 ժամ թաղմասին ջուր տան: Սակայն ոչ մի դրական պատասխան: Անգամ շատ դեպքերում բնակիչներին վիրավորում են՝ զզվեցինք ձեզանից էլ, ձեր ջրից էլ, տներդ ծախեք գնացեք ուրիշ տեղ ապրեք և այլն: Տեսնելով, որ ժողովուրդն իրենցից համառ է, մեկ անգամ այստեղ ջրմուղից բրիգադ է գալիս, խողովակները փչում, բայց դե դրանցում ջուր չկա՝ ի՞նչ գա: Երբ բնակիչները ջրմուղագործներից հետաքրքրվել են, թե ինչու՞ ամեն տարի ամառվա այս սեզոնին իրենց թաղամասում նման խնդիրներ են առաջանում, վերջիններս նշել են՝ գլխավոր ՙմագիստրալի՚ վրա վթարներ են եղել, պիտի կարողանան դրանք վերացնել, որ ջուր լինի:

Սավոյանցիները նաև խնդրել էին, որպեսզի ՙՇիրակ-ջրմուղը՚  իրենց մեքենայով ջուր բերի, բոլորի ընտանիքներում մանկահասակ երեխաներ կան, շոգ ամառ, հազար ու մի հոգս կա հոգալու: ՙՄի անգամ  ՙցիստեռնով՚ ջուր բերեցին, լցրեցինք խմելու վեդրոները ու փոշմանեցինք, գույնը լրիվ դեղին էր, գնացինք էլի ուրիշ տեղից կրեցինք՚, – նեղսրտեց բնակիչներից մեկը:

Ի դեպ, այստեղի ապրողներն ասում են՝ իրենց ջրի խնդիրը նոր չի ծագել. ՙԱմեն տարի էլ էս է, մեր վերևի մասում դաշտեր են, ըստեղ էկող խողովակները էդ մասով կանցին, վինտիլն էլ դրա վրա է: Բացող-փակողին փող կուտան՝ վինտիլը կփակե, դաշտերը կջրեն: Էս 20 տարի է մեր կռիվն էս է՚, – բացատրում է Լևոն պապը:

Այստեղ մեծամասամբ տնակային տնտեսություններ են ու գերակշիռ մեծամասնությունը տանը ջրի ծորակ չունի, ջուր եղած ջամանակ էլ բերում են թաղամասում գտնվող աղբյուրից, բայց գոնե երկու-երեք փողոց չեն հատում: Վերջերս էլ փոստատարն այս տարածքի ՙդոմիկաբնակներին՚  ծրարներ էր բերել՝ ուղարկված ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի կողմից: Դրանցում նշված էր յոթ ամսվա պարտք, որը ելնելով ընտանիքների անդամների թվից տատանվում էր մոտ 200-300 հազար դրամի սահմաններում: Այդ տեղեկաթերթիկից բացի ծրարում կար նաև գրություն.  ՙԱռաջարկում ենք տեղեկանալ Ձեր հաշվեկշռին և վճարել պարտքը, անհրաժեշտության դեպքում նաև կազմել պարտքի մարման ժամանակացույց, հակառակ դեպքում այն կգանձվի դատական կարգով, իսկ ջրամատակարարումը կդադարեցվի…՚:

Վերջինս բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել՝ ի՞նչ ջրամակատարարման համար են վճարելու. ՙՄեզի ձեռ կառնի՞ն, ու՞մ վճարենք կամ ինչի՞ համար. Ջրմուղը մեզ կյանքում է ջուր տվել, որ հիմա էլ փող կուզե: Ես ում տնից, որ ջուր կկրեմ, իրան էլ կվճարեմ գումարը: Որ գուզեք ճիշտն իմանաք՝ մի բան էլ էս պետությունն ու ջրմուղը պիտի մեզ վճարեն, որ էս վիճակում ապրելով հանդերձ չենք էրթա իրանց գլուխները ջարդե: Մեզ լրիվ նեգրի տեղ ե՞ն դրել՚:

Մեկուրիշ բնակիչ էլ նշեց, թե եթե իրենք ժամանակին ջրմուղին դատի տային իրենց պարտականությունները չկատարելու համար՝ հիմա հակառակը չէր լինի:

Ավելի ուշ ՙԱնկախ՚-ը կանդրադառնա նաև ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚  ՓԲԸ-ի մեկնաբանություններին:

Tags: , ,