Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:
Կատարվում է քննություն:
Վահանը մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:
Կատարվում է քննություն:
ՀՅԴ-ն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանելԱնաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը
Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։ Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։ Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։ Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։
Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։
Հայ Յեղափոխական Դաշնակցության
Երեւանի Քաղաքային կոմիտե
20 Մայիս 2014
Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Սեյրանի Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է ՀՀ քաղաքացիների որոշ խմբերի համար հարցազրույցի պահանջի վերացման մասին
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:
Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:
Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասաց. «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:
Հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից, երբեմն, պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի:
Հարցազրույցի պահանջի վերացման, առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելելhttps://usvisa-info.com/ էջը, որտեղից անցում կատարելով Հայաստանի ենթաէջին՝ “Personal Appearance Waiver” (Անձամբ ներկայանալու պահանջից հրաժարում) կամ “Visa Renewal” (Վիզայի նորացում) բաժիններում կգտնեք անհրաժեշտ բոլոր մանրամասները:
Հովիկ Աբրահամյանը չդիմացավ Փաշինյանի մեղադրանքներին
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր էլ չկարողացան զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու վեճից:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության ծրագրում կան բազմաթիվ հնչեղ խոսքեր, բայց դրանց կշիռը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե այդ խոսքերն ընդհանրապես ինչ նշանակություն ունեն հանրապետականի թիմի և անձամբ Հովիկ Աբրահամյանի համար:
Նա հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետական ապարատն ու գործարարությունը պետք է տարանջատվեն իրարից: Մինչդեռ հենց Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանն ու Դավիթ Հարությունյանը հայտարարագրել են մի միլիոնավոր դոլարներ, անշարժ գույք և այլն:
«Դուք բոլորդ էս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ: Եթե բիզնեսով չեք զբաղվել, ապա ինչպե՞ս եք աշխատել այդ գումարները: Իսկ եթե զբաղվել եք, ապա դա կոռուպցիա է»:
Փաշինյանի երկրորդ հարցը վերաբերում էր կառավարության ծրագրում նշված նվազագույն հինգ տոկոս աճին: «Բայց կներեք, Դուք չպետք է շեմը նախատեսեք, 2013 թվականին Սերժ Սարգսյանն է շեմը նշանակել շեմը՝ ասելով, որ եթե կառավարությունը չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Հիմա սա ձեր կառավարության ծրագի՞րն է, թե՞ ձեր հրաժարականի դիմումը: Նաջարյանի (ի նկատի ունի՝ Սերժ Սարգսյանին-Անկախ) ասածը ձեր համար ի՞նչ նշանակություն ունի»:
Պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր պարտադիր բառին և Հովիկ Աբրահամյանի նշած «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Աղայանի բացատրական բառարանում պարտադիր բառի հայերեն բացատրությամբ այն նշանակում է պարտադրված: «Հիմա Դուք ասում եք՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված: Կներեք, բայց հայոց լեզվում սա որևէ նշանակություն չունի»:
Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյան, շատ լավ է, որ Դուք բառարան եք ընթերցում, ես ժամանակ կգտնեմ ու Ձեր օրինակին կհետևեմ: Իսկ ընդհանրապես Ձեր ձեռագիրն է միշտ ինչ որ բան փնտրել-գտնելն ու քննադատելը:Բայց մեկ է՝ ես իմ գործն անելու եմ՝ ինչքան էլ, որ Դուք խոսեք»:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոչ արեց պատգամավորին այդքան նեգատիվ չվերաբերվել գործարարությանը՝ նշելով որ նրանց շնորհիվ է, որ կառավարությունն աշխատավարձ, թոշակ է վճարում, բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. «Այս գեղեցիկ դահլիճն էլ է գործարարների հարկերի արդյունք,-նկատեց վարչապետը,-իսկ Դուք գործարարներին հանրության մոտ փորձում են ներկայացնել բոբոներ: Գործարարների շնորհիվ պետք է այս երկիրը զարգանա: Այնպես որ, գործարարներին շատ հարգանքով վերաբերվեք»:
Ինչ վերաբերում է իր ունեցվածքին, ապա Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբևէ չի էլ թաքցրել դա և հայտարարագրել է այն օրենքի տառին համահունչ: «Այո, ես այն տարիներին հողագործութհամբ էլ եմ զբաղվել: Երբ օրենքը թույլ է տվել զբաղվել բիզնեսով, զբաղվել ենք, երբ թույլ չի տվել, չենք զբաղվել»:
Հովիկ Աբրահամյանը նաև հորդորեց հարգանքով խոսել նախագահի մասին՝ նշելով, որ նրա կողմից հայտարարված յոթ տոկոս տնտեսական աճը եղել է քաղաքական գնահատական ու ցանկություն: «Այո, մեր նոր կառավարւթյունն իր առջև դրել է միջնաժամկետում հինգ տոկոս աճ արձանագրելու ծրագիր, և ես համոզված եմ, որ դա մեզ հաջողվելու է: Առանց մեծամտության, համախմբելով քաղաքական ուժերին, գործարարներին՝ պետք է հասնենք հաջողությունների: Ես պատրաստ եմ ընդունել յուրաքանչյուր ողջամիտ քննադատություն և եթե հարկ լինի, նույնիսկ ներողություն խնդրել, իսկ անհիմն քննադատությունը և պարբերաբար նույն բանը տարբեր բառերով ներկայացնելը ոչ մի լավ բանի մեր ժողովրդին չի բերի»:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պատասխաններից ավելի ոգևորվեց: Նա ասաց, որ զարմանում է, թե ինչու է վարչապետն իրենից պաշտպանում գործարարներին, որոնց դեմ ինքը ոչինչ չունի, այլ ընդամենը երեք պաշտոնյանի մասին է խոսել, որոնք զբավում են գործարարությամբ: «Ես հենց դա եմ ուզում հասկանալ՝ Դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության ղեկավար ու անդամներ: Ասում եք՝ ժամանակին նաև հող եք մշակել: Էդ ո՞նց է, որ բոլորը հող են մշակում, տոկոսի տակ են ընկնում, Դուք մշակում եք, միլիոններ եք աշխատում»:
Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա Փաշինյանը նշեց, որ դա ոչ թե իր տեսակն է, այլ պարտականությունը. «Բա հո չե՞նք եկել իրար էստեղ անեկդոտ պատմենք, ժպտանք, գնանք»:
Սակայն այսքանով կրքերը չհանդարտվեցին: Հովիկ Աբրահամյանին ի վերջո հունից հանեցին Փաշինյանի հայտարարությունները, և նա մի պահ անգամ անցավ «դու»-ի՝ նշելով, որ Փաշինյանը պատկերացում էլ չունի, թե ինչ է նշանակում գործարարություն: «Եթե ձեզ հող էլ տան, չեք կարող մշակել: Դուք մի ընտանիք էլ չեք պահել ձեր կյանքում, բացի քննադատելուց»:
Իսկ երբ Փաշինյանը տեղից փորձում էր հակադարձել, Աբրահամյանն ասաց. «Ձեռքերով էլ խոսում եք, խնդրեմ: Սա փողոց չի, էթիկա էլ չունեք, որ լսեք; Երբ Դուք էիք խոսում, ինչքան էլ ինձ տհաճ էր, ես լսում էի: Իսկ եթե մտածում եք, որ իմ ունեցվածքն ապօրինի է, տվեք դատախազություն, թող ստուգեն: Ուրիշի փողը հաշվելն ամենահեշտն է»:
Գալուստ Սահակյանն էլ իր հերթին փորձում էր եզրափակել խոսակցությունը. «Պարոն Աբրահամյան, Փաշինյանի վրա շատ ժամանակ ծախսեցիք: Պարոն Փաշինյան, քննադատել կարելի է, իսկ չարություն անել՝ ոչ…»:
ԳԱԱ փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:
Պատգամավորը վարչապետին խնդրեց բացատրել թևավոր դարձած իր խոսքը՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկու հարց ուղղեց, որոնցից մեկը վերաբերում էր Արցախյան ազատամարտի մասնակիցների սոցիալ-բարոյահոգեբանական խնդիրներին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը նպատակահարմար չի՞ գտնում, որ պետք է անցկացվի հաշվառում՝ պարզելու, թե իրականում ովքե՞ր են մասնակցել ազատամարտին: «Եթե մենք ունենանք մասնակիցների իրական թիվը, ավելի արդյունավետ կօգտագործենք նաև մեր ֆինանսական ռեսուրսները»,-ասաց պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանը համաձայնեց պատգամավորի առաջարկի հետ՝ հաշվառում անցկացնելու վերաբերյալ՝ նշելով, որ առանց դրա հնարավոր չէ որևէ ծրագիր կյանքի կոչել, և որ դա կլինի անիմաստ, անտրամաբանական ու անարդյունավետ: «Մենք անպայման հաշվի կառնենք ձեր առաջարկը, պարոն Վարդանյան»,-հավաստիացրեց Հովիկ Աբրահամյանը:
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր վարչապետի հնչեցրած «պարտադիր, բայց ոչ պարտադրված» ձևակերպմանը, որը, ըստ նրա, արդեն թևավոր խոսք է դարձել: «Բացատրեք, խնդրեմ, այս խոսքի իմաստը, տրամաբանությունն ու բովանդակությունը»,-ասաց Աղվան Վարդանյանը: Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ դա նշանակում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հանրությանը բացատրի, ներկայացնի, համոզի, և որպեսզի քաղաքացիների համար սոցիալական լուրջ խնդիրներ չհարուցվեն: «Այն փաթեթը, որը կբերվի խորհրդարան, պետք է բխի մեր բոլորի շահերից: Դա շատ կարևոր բարեփոխում է, և այն պետք է իրականացնել, իսկ թե ինչ ձևով, մի քիչ համբերենք: Մենք շատ արագ, մինչև հունիսի վերջ ուզում ենք փաթեթը բերել Ազգային ժողով»,-ասաց վարչապետը:
Արևայրուքի ուտելի քսուք
Արդեն վաճառքի է հանվել աշխարհում առաջին կոսմետիկ միջոցը, որը կայուն արևայրուքի ու անվտանգ արևահարության համար ոչ թե պետք է մաշկին քսել, այդ օգտագործել սննդամթերքի նման, հաղորդում է isra.com-ը:
Ինչպես ամերիկյան ընկերության մասնագետներն են ասում, իրենց ստեղծած «H20 UV» միջոցն ապահովում է օրգանիզմի համար այնպիսի պաշտպանություն, ինչպես քսուքներն ու լոսյոնները` 30 գործոնով: Օրգանիզմ ընկնելով, նոր մթերքի հատուկ մոլեկուլներն անդրադարձնում են UVA և UVB ճառագայթների 97%-ը` արևայրուքը առավելագույնս անվտանգ դարձնելով:
Նոր միջոցի 100 մլ-անոց սրվակի արժեքը մոտ ԱՄՆ 28 դոլար է: Այն հասանելի է 2 տարբերակով` մեկը, որ թույլ է տալիս մաշկին արևահարվել, իսկ մյուսը` լրիվ պաշտպանվել արևի ճառագայթներից: Այն խորհուրդ է տրվում ընդունել յուրաքանչյուր 4 ժամը մեկ, սակայն, առաջին չափաբաժինը պետք է ընդունել արևային լոգանքն ընդունելուց մեկ ժամ առաջ:
Գարեգինը ծեծել է նախկին կնոջն ու զոքանչին
Մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, 1982 թ. ծնված Ռուզան Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և խնդրել, որ ոստիկանության ծառայող մեկնի իրենց տուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Ռուզան Ա.-ի նախկին ամուսինը` 1983 թ. ծնված Գարեգին Պ.-ն, մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ոտքով և ձեռքով հարվածել նաև նրա մոր` 1956 թ. ծնված Գայանե Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Գարեգին Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Սրճարանում վեճի ընթացքում Ռոմանը ծեծել է Արմինեին
Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին և 1977 թ. ծնված Ռոման Գ.-ին, որոնք նույն օրը, ժամը 19.00-ին, Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Ռոման Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմինե Խ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 20-ից 21-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արարք, որ համազոր է դավաճանության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երիտասարդները քննարկում են չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքը
Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։ Ուսանողական համայնքն աշխատանքային խմբերում քննարկում էր գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը։
Երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Հեռակապով ծրագիրը ողջունեցին Եվրոպայի ուսանողական միության նախագահը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողության հետ կապերի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը։ Տեսակապի միջոցով դպրոցի աշխատանքներին մասնակցում էին նաև Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, տարբեր երկրների ուսանողներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ուսանողների կողմից քննարկվող հարցերը՝ առանձնացնելով հատկապես «Չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունք» թեման։ Կարեն Ավագյանը չճանաչված երկրների քաղաքացիների կրթության իրավունքը դիտարկեց որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս՝ կարևորելով չճանաչված պետություններին ու նրանց քաղաքացիներին կրթական ծրագրերում ներգրավելու հարցը:
Ողջունելով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքները՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շեշտեց, որ բուհերում ուսումնական պրոցեսը պետք է կազմակերպվի, անցկացվի ու գնահատվի՝ հիմնվելով հետազոտությունների արդյունքում ստացված փաստերի վրա։ Այդ համատեքստում նա կարևորեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ավագյանի «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» գիտական հետազոտությունը։ ԵՊԲՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ հետազոտությունը կունենա շարունակություն՝ հաջորդ փուլում ընդգրկելով ուսանողության հոգեհուզական վիճակը, որն էապես անդրադառնում է ուսանողների առաջադիմության, առողջության վրա։ Միքայել Նարիմանյանը երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպիչներին կոչ արեց իրենց աշխատանքների վերլուծությունները փոխանցել ռեկտորատ, որոնք կներկայացվեն բուհի գիտխորհրդի առաջիկա նիստում և հաշվի կառնվեն ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցերում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ՀՅԴ նախագիծը մերժվեց

53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ:
Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան՝ հայտնելով, որ հանրապետականը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ խնդիրը լրացուցիչ քննարկման կարիք ունի, և որ առաջիակյում Սահմանադրական բարեփոխումների գործընթացն է:
“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ ավելի վաղ տառացիորեն նույն նախագիծը ներկայացրել էին իրենք, երբ դե Սահմանադրական բարեփոխումների մասին խոսք չկար: “Ավելի շատ Սահմանադրական փոփոխությունները շահարկվում են, որպեսզի հարցը մղվի երկրորդ պլան”,-ասաց նա:
Փոլ Մաքքարտնիի տարօրինակ հիվանդությունը
Հանրահայտ երգիչ սըր Փոլ Մաքքարտնին հետաձգել է իր համերգային շրջագայությունը Ճապոնիայում` անհասկանալի հիվանդության պատճառով: Նա պաշտոնական դիմում է հրապարակել ուղղված իր ասիացի երկրպագուներին ու ներողություն հայցել շոուն հետաձգելու պատճառով: Ինչ է կատարվում նրա հետ` հայտնի չէ, սակայն բժիշկների խոսքով, Մաքքարտնիի վիճակը լավ չէ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 71-ամյա Մաքքարտնին հետաձգեց Տոկիո կատարելիք շրջագայությունը, որը նշանակված էր մայիսի 17-ին: «Ես ցավում եմ, սակայն բժիշկները հորդորում են ելույթից հրաժարվել: Մենք կաշխատենք համերգը տեղափոխել երկուշաբթի: Շատ հուսով եմ, որ դուք կկարողանաք գալ»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Նրա ներկայացուցիչները նույնպես գրել են, որ «սըր Փոլը չի սիրում հիասթափեցնել որևէ մեկին ու նույնիսկ ցանկանում էր համերգ ունենալ` հակառակ բժիշկների հորդորներին, սակայն նրա թիմը թույլ չի տվել դա անել: Հետո էլ հայտնի դարձավ, որ նա հետաձգել է ճապոնական շրջագայության բոլոր համերգները: «Նա մինչև հիմա էլ վատ է զգում»,-հայտնել է համերգների կազմակերպիչը:
Թե ինչով է հիվանդ Մաքքարտնին` չի ճշտվում: Նրա ներկայացուցիչներն ասում են, որ երգիչն ինչ-որ վիրուսով է վարակվել:
Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը: Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր:
Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ:
Նախկին ճանապարհի հետ կապված վարորդների դժգոհությունը մեկն էր՝ մեքենաները շարքից դուրս էին գալիս: Իրենց համար այս ճանապարհն այժմ լավագույն ասֆալտապատ ճանապարհից էլ լավն է:
Համայնքների ղեկավարները գյուղացիների անունից արդեն գոհունակությամբ են խոսում վերականգնված ճանապարհի մասին և փորձում մոռանալ նախկին դժվարությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝սույն թվականի ապրիլի 1-ից տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ են անցել հանրապետական նշանակության շուրջ 30 ճանապարհներ, որոնց շահագործման և բարելավման աշխատանքները կընթանան ըստ սահմանված ժամկետների:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Գյուղաբնակ երիտասարդությունը միջազգային ծրագրի թիրախ
Եվրոպական երիտասարդական կազմակերպությունները տարբեր մեթոդներ են օգտագործում`ընդլայնելու երիտասարդնության դերը քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման գործում: Սակայն այս գործընթացը պասիվ է հատկապես գյուղական վայրերում: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), գյուղական երիտասարդությանն ակտիվացնելու նպատակով, մայիսի 12-ից 19-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացրեց «Youth work outside» միջազգային ծրագիրը, որին մասնակցեց Հայաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իտալիայի, Բելառուսի և Գերմանիայի երիտասարդական կազմակերպությունների 40 ներկայացուցիչ:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակական նախաձեռնությունները տեղի են ունենում մեծ քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում: Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնեց այս ծրագիրը` ակտիվացնելու հատկապես գյուղաբնակ երիտասարդությանը: Այն յուրահատուկ հարթակ էր տարբեր ազգությամբ երիտասարդների համար` միջազգային և միջմշակութային կապեր հաստատելու, ընդլայնելու երիտասարդների հնարավորությունները` ակտիվ մասնակցություն ունենալու սոցիալական և քաղաքական խնդիրների լուծմանը»,- նշեց ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:
Ծրագրի 6 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կյանքի մասին իրենց տեսլականը, շփվելու պոտենցիալ գործընկերների հետ և մշակելու ծրագրեր`համատեղ իրականացնելու համար: Մասնակիցներն այցելեցին Արագածոտնի և Արարատի մարզերում գործող Երիտասարդական ակումբների դաշնության անդամ կառույցների գրասենյակներ, ծանոթացան Հայաստանի մարզերում իրականացվող երիտասարդական նախաձեռնություններին, հանդիպեցին գյուղաբնակ երիտասարդների, տեղում քննարկեցին առկա խնդիրները`հասկանալու և հետագայում տարբեր ծրագրերի օգնությամբ դրանք վերացնելու նպատակով:
«Մենք մեր հետագա ծրագրերում կօգտագործենք գյուղաբնակ երիտասարդությանը բոլոր մակարդակների որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու մեթոդները, որոնք օգտագործում են մեր եվրոպական գործընկերները, և որոնք մենք մշակեցինք սույն ծրագրի ընթացքում», – ծրագրի ամփոփման խոսքում ընդգծեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Խորհրդանշական է, որ Հայաստանում գտնվելու այս օրերը համընկան ԽՍՀՄ-ում տոնվող «Պիոներների օրվան»: Ես հիշում եմ, երբ իմ ծնողները պատմում էին, որ ճանապարհորդում էին իրենց մեծ հայրենիքով` ԽՍՀՄ-ով: Հատկանշական է, որ այսօր բոլորս համախմբվել ենք Հայաստանում, բայց արդեն եվրոպական ծրագրի շրջանակում, որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ»,-ասաց Լատվիայի ներկայացուցիչ Արմանդս Լազդինսը:
Ծրագրի ընթացում մասնակիցները բացի գործնական և ուսուցողական դասընթացներից կազմակերպեցին նաև միջմշակութային երեկոներ, այցելեցին Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, ծանոթացան Հայաստանի հազարամյա ժառանգությանը` խոստանալով հավիտյանս պահել Հայաստանի մասին իրենց տպավորիչ հիշողությունները:
Նախապատրաստվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը
Մայիսի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի «Արժեքային շղթայի զարգացում» բաղադրիչի նախապատրաստական աշխատանքների շրջանակում միջազգային և տեղական խորհրդատուների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներից բացի քննարկմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» մասնագետներն ու նշված ծրագիրը նախապատրաստող խորհրդատուներ։
« Այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր է, քանի որ դրանով մենք ամբողջացնում ենք ողջ արտադրական շղթան։ Իրականացված նման առաջին ծրագիրն արդյունավետ ընթացք է ունեցել, ուստի և Համաշխարհային բանկի առաջարկությամբ մենք պատրաստվում ենք իրականացնել երկրորդ ծրագիրը» – նշել է նախարար Սերգո Կարապետյանը։
Ծրագրի մշակման հեղինակների կողմից մասնակիցների քննարկմանն են ներկայացվել կաթի, տավարի և ոչխարի մսի, մրգի, բանջարեղենի և մեղրի արտադրության ոլորտներում սննդի բիզնեսով զբաղվող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրությունները, ինչպես նաև նշված արժեշղթաներում հասցեագրվելիք համաֆինանսավորման առաջարկությունները։ Քննարկվել են ծրագրի իրականացման համար առաջարկվող թիրախային ոլորտներն ու բաղադրիչների տեսակները։
Շահագրգիռ քննարկման արդյունքում հանձնարարվել է ծրագիրը նախապատրաստող խմբին և խորհրդատուներին՝ մինչև հունիսի 15-ը, միջազգային փորձի ուսումնասիրությամբ և տեղական պայմանների հաշվառումով, լրամշակել նախագիծը, ներկայացնելով ծրագրի իրականացման համար պահանջվող կոնկրետ առաջարկություններ։
«Մեր նպատակը փոքր արտադրություններն արդյունաբերական դարձնելն է։ Ներկայացված ուսումնասիրություններում բացակայում են արժեշղթաների զարգացման համար պահանջվող առաջնահերթ թիրախները։ Իսկ վերջիններիս ընտրության հարցում մենք սխալվելու իրավունք չունենք»- ամփոփելով քննարկումը՝ նշել է նախարար Սերգո Կարապետյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին