Հրամանատարի տեղակալը զինվորներին խոստացավ հրաժարվել ծխելուց

զինվորներԴիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։

«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ շուրջ 500 զինծառայողի շրջանում։ Համամասնորեն ընտրվել են դիրքապահ և թիկունքային զորամասեր՝ նպատակ ունենալով ի թիվս այլ հարցերի նաև պարզել, թե ծառայության բնույթն արդյոք ազդում է ծխելու քանակության վրա։        «Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ զինծառայության ընթացքում սկսել է ծխել ծխախոտ օգտագործողների 13 տոկոսը։ Նախքան ծառայությունը ծխել է կամ ծխելու առաջին փորձ ունեցել է հարցվածների 68 տոկոսը։ Հետաքրքիր է, որ անձը որքան ավելի վաղ տարիքում է սկսել օգտագործել ծխախոտ, այնքան առավել մեծ է նրա կողմից օրական օգտագործվող ծխախոտի քանակությունը ներկայում»,- ասում է ՀԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ ծխելու սովորությունը տարածված է դպրոցական տարիքի պատանիների շրջանում, և ծառայության եկող երիտասարդներն արդեն իսկ ունեն ծխելու փորձ։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ծառայության բնույթն էական ազդեցություն չունի ծխելու քանակության վրա։

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը բարձր է գնահատում զինվորների շրջանում տարվող հակածխախոտային ծրագրերը։ Նա նաև տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված է հակածխախոտային պայքարի կազմակերպման հանձնաժողով, որի նպատակն է ստեղծել համաբանակային ծրագիր, որով կկարողանան նպաստել բանակը վերածելու չծխող բանակի։

Դիլիջանի զորամասի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ զինվորների հետ զրույցներում պարբերաբար բարձրացվում է ծխելու թեման, անդրադառնում են դրա հոգևոր, առողջական վնասակար կողմերին։

Ժամկետային զինծառայող Գրիգոր Թովմասյանը Երևանից է, 1,5 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Չի ծխում։ Ինչպես ինքն է ասում, ոչ թե խորհուրդ է տալիս ընկերներին չծխել, այլ փորձում է սեփական օրինակով նրանց մեջ առողջ ապրելակերպ սերմանել։ Չի ծխում նաև սպա, վաշտի հրամանատար Վարդան Մարությանը։ Ասում է, որ փորձում է իր զինվորներին կոնֆետով սիրաշահել՝ ծխախոտը փոխարինելով քաղցրավենիքով։

Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Հովհաննես Հակոբյանն էլ սեմինարի ավարտին խոստացավ հրաժարվել ծխելուց՝ նույնը խորհուրդ տալով նաև զինվորներին ու սպաներին։

Այս ընթացքում «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն զորամասերում անցկացնում է սեմինարներ, որոնց ընթացքում զինվորներին ծխելու վնասակար կողմերն են ներկայացնում բժիշկը, հոգեբանն ու հոգևորականը։ Նրանք զորամասերին տրամադրում են ցուցանակներ, որոնք կտեղադրվեն զորամասերի շենք-շինություններում։ Զինվորներին բաժանվում են նաև տեղեկատվական բուկլետներ:

Մայիսի 31-ին` Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ղեկավարության և շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի կունենա ծրագրի արդյունքների ամփոփիչ նիստը: Հաշվետու զեկույցներով հանդես կգան ծրագրում ներգրավված մասնագետները:

Նշենք, որ «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել

սեյրան ՕհանյանՄայիսի 20-ին Հյուսիսատլանտյան խորհրդի “28+Հայաստան” ձևաչափով նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կայցելեն Բրյուսել:

Երևանի Վարդանանց փողոցում կրակոցներ արձակողը ձերբակալված է

կրակոցՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 5 մարդ հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել:

Երևանաբնակ շուրջ 1000 զինծառայողների ծնողներ հանդիպել են իրենց զավակների հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ հնարավորություն էին ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության շրջանակում զորամասեր այցելած ծողների թիվն, ի դեպ, գերազանցել է նախորդ երկու այցելությունների ընդհանուր թիվը: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ սահմանամերձ տարածքների զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ճանապարհել: Հատկանշական է, որ արդեն տեղում, նախքան իրենց զինվոր որդիներին հանդիպելը, ծնողները հնարավորություն են ունեցել այցելել եկեղեցի, մոմեր վառել ու իրենց աղոթքը հղել առ Աստված՝ հանուն երկրի խաղաղության, իրենց որդիների առողջության ու անփորձանք ծառայության:

Բոլոր զորամասերում ծնողների  համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերից մեկում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է նաև անհրաժեշտ տեխնիկա:

Զինծառայողների ծնողները զորամասերում հնարավորություն են ստացել շրջել, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին:

Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ինչպես զինծառայողների ծնողները, այնպես էլ իրենք՝ զինծառայողները, երախտագիտություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պարբերաբար ցուցաբերվող  ուշադրության և վերաբերմունքի համար: Զինվորական հրամանատարությունն էլ իր հերթին, խիստ կարևորելով քաղաքապետի նման նախաձեռնությունը, ընդգծել է, որ այս այցելությունները ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունեն նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կատարսիս կամ մարդու մեջ ապրող լույսը

10271393_1501451186741530_5551207973302739195_oՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկեցին «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնին կարող են մասնակցել 16-35տարիքային սահմանում գտնվող քաղաքացիներ: «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը:

Վերջերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի սաները Համազգային թատրոնի բեմում ցուցադրեցին Դենիս Ամիրնովի «Դ.Ո.Ն.Ո.Ր» հոգեբանական դրաման:

Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման գլխավոր դերակատարը միայնակ տղամարդ է, ով զրկված է սիրուց, ընկերներից, հարազատներից, մորից.

«Աշխարհից երես թեքած ու փախուստի դիմած այս մարդը փորձում է արդարացնել իր արած սխալ քայլերը, բայց արդարացումն անհնար է: Նա դիմում է իր խղճին, ով մարդու կերապարանքով է հայտնվում եւ մատնացույց անում տղամարդու կողմից արված «հանցագործությունները»: Նա վերհիշում է, փորձում փոխել կամ իրերին այլ ընթացք տալ, սակայն ոչինչ չի ստացվում, եղածն արդեն եղել է: Մի օր գալու է լույսը, այն ներքին լույսը, որը բնորոշ է տղամարդուն: Նա նորից ապրելու է, դառնալու է այն մարդը, ում կարիքը ունեն»:

Ռաֆայել Ասատրյանը համոզված է՝ ցանկացած իրավիճակում չպետք է կորցնել հավատը այն լույսի նկատմամբ, որը կարող է մեզ ապրելու երկրորդ հնարավորություն տալ:

Ինչ վերաբերում է գլխավոր հերոսի ընտրությանը ռեժիսորը նշեց, որ մեծ դժվարությամբ է կատարել, կերպարը բարդ էր, իսկ ասելիքը հասցնել հանդիսատեսին՝ ոչ դյուրին:

Գլխավոր դերակատար Կարապետ Եղոյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իր կերպարը հիվանդ է, որը ունի անձի երկատում, իսկ աչքերի առջեւ հայտնվում են տեսիլքներ: Պիեսում հերոսն անգամ անուն չունի, նա մի տղամարդ է, որը դարձել է ոչինչ: Մարդը կայացած չէ, չի հասել ոչնչի, իր փոխարեն ամեն ինչ արել է մայրը, ով այդ կերպ փափուկ բարձ է դրել տղայի գլխի տակ: Թվացյալ արջի ծառայությունները անիմաստ էին, եկավ մի ժամանակ, երբ հերոսը հասկացավ, որ պարզապես բույս է, ում ջրում էին ու խնամում.

«Յուրաքանչյուրիս մեջ կա լույս, ներկայացումը դրա մասին է: Ինքնամաքրագործման /կատարսիս/ երեւույթը մեզ սպասում է: Ապրում ենք, սխալվում, դառնում ամենավերջին տականքը, բայց ունենք ներսում թաքնված մի լույս, որն ի վերջո սպասելու է մեզ, ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Սարի ամբողջական փլուզումը երկկողմանի փակել է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը

փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին , որ  մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում,  Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:

Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել:

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:

Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:

 

Անկախ

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև` այս պահին,լուսանկարներ

Րոպեներ առաջ ԱԻՄ-ի և նրա առաջնորդ Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ պուտինիզմի դեմ երթի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ, քաշքշոցներ:Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջևԲախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջևԲախումներ ցուցարարների և ոստիկանների միջևԼուսանկարներն` archive2.ankakh.com

Այսօր Լաչինի(Քաշաթաղ)ազատագրման տարեդարձն է

Berdzor-town-KashataghXX դարավերջի մայիսյանհաղթանակների դափնեպսակը,հիրավի, Շուշիի ազատագրումնէր, որն էլ դարձավ Լաչինի(Քաշաթաղ) բանալին:Ճանապարհ, որով Արցախաշխարհը մեկընդմիշտ կապվեցոչ միայն մայր հայրենիքի, այլևաշխարհի հետ:

  Շուշիի օպերացիայից առաջ միջազգային փորձագետների շրջանում իշխում էր  այն դիրքորոշումը, որ եթե Հայաստանից օգնություն չլինի, այսինքն` Հայաստանից, Լաչինը, Բերդաձորը, Զառիսլուն գրավելով, չհասնեն Շուշի, ապա նման դիրքային պայմանների առկայության դեպքում հայերին չի հաջողվի Շուշին ազատագրել Ստեփանակերտի ուղղությունից: Թերևս դա հնարավոր էին համարում միայն օդուժի կամ էլ մեծ տեխնիկայի առկայության պարագայում:

Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, Շուշին ազատագրվեց հակառակ փորձագետների կանխատեսումների: Անգամ անհասկանալի պատճառներով Հայաստանից  սպասվող օգնությունը տեղ չհասավ:

Մեր ուժերը կարծում էին, որ Շուշիի հաղթանակի դեպքում հակառակորդն այլ ուղղություններից, մասնավորապես` Կիրովի, Բերդաձորի կողմից Գորիս-Ղափանի ուղղությամբ ոտնձգություններ կանի, բայց որ թշնամին ձեռքերը ծալած չի նստի և կորցրածը կրկին հետ բերելու փորձ կանի, չէին ենթադրում: Այո, երբեմն հաղթանակի բերկրանքից մոռանում ես իրականությունը, սպասվող վտանգը: Դա էլ, թերևս,  բնական ու մարդկային է:

Հարցը Վարդան Ստեփանյանն է բարձրացնում ու չի սխալվում: Ինքն էլ տալիս է խնդրի լուծման բանալին. ականապատել Զառիսլու-Շուշի ճանապարհը, որտեղ Շուշիից փախած թուրքի ուժի մեծ կուտակում կար: Այնքան էլ դյուրին գործ չէր դա, քանի որ տարածքը նշանառության տակ էր: Այլ ելք  չկար: Պետք է իրագործվեր մի գործողություն, որը մեծ վարպետություն էր պահանջում: Վարդանին մենակ չթողեցին մարտական ընկերները` Եղոն, Արարատը, Արամը, Արթուրը (Դուդուլ), էլի երկու անվախ տղաներ, որոնք ի չիք դարձրին թուրքի վերջին հույսը: Արդեն մայիսի 10-ին Արկադի Կարապետյանը հայտարարում է, որ թշնամին հարձակման է անցել, ու նրանց տանկը պայթել է ականի վրա, փակել ճանապարհը: Տղաների այս անձնազոհ քայլը շատ օգնեց խուսափելու վերահաս վտանգից: Կանխվեց Շուշիին սպառնացող  նոր գրոհը:

Վտանգը կանխվեց, բայց Զառիսլուն, Բերդաձորը, Լիսագորն ու Լաչինն ազատագրելն այնքան էլ հեշտությամբ չտրվեց: Թեև թշնամին զգում էր իր պարտությունը, բայց չէր նահանջում, վերջին ճիգով պաշտպանվում էր, դիմադրում: Կարողացավ պայթեցնել Բերդաձոր-Լաչին կամուրջը` կասեցնելու համար մեր ազատամարտիկների առաջխաղացումը:

Չարացած թուրքերը չգիտեին, որ հարազատ տարածքն ազատագրողն առանց կամրջի էլ կանցնի գետը, թեև շատ կարճ ժամանակում տղաները վերականգնեցին այն:

Հայ ազատամարտիկները, կարճ ժամանակում մաքրելով հարևան գյուղերը, մայիսի 18-ին արդեն մտան Լաչին (Քաշաթաղ): Այդուհետ այդ միջանցքը արյունատար երակ դարձավ աշխարհից ու Հայրենիքից կտրված արցախահայության համար: Բայց որպեսզի այդ միջանցքը հարատևեր և ողջ Քաշաթաղի շրջանի հաղթանակն էլ վերջնական լիներ, հարկ եղավ դժվարին ու տևական պայքար մղել: Զոհերն էլ քիչ չեղան: Կարելի է ասել` միայն 1993 թ. ապրիլին, երբ արդեն ՀՀ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր,( 1992 թ.սեպտեմբերից մինչև  1993թ. օգոստոս) Քարվաճառի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրմամբ այդ հողին վերջնական խաղաղություն իջավ: Աստված շատ չհամարի, հասանք մինչև Արաքսի ափը…

Շուշի-Լաչին միջանցքը բացելուց հետո շատերին թվում էր, թե կռիվն այդ կողմերում ավարտվել է: Բայց դա միայն թվում էր: Մարտիկներն օր առաջ ուզում էին տիրանալ ոչ միայն միջանցքի, այլև Գորիս-Ղափանի անվտանգությունն ապահովող բարձունքներին ու բնակավայրերին: Իսկ դրանք մեկը չէին և մեկ օրվա խնդիր չէին: Դրանք «Կոբրա» դիրքերն էին, Գյուլիբերդը և շրջակա բնակավայրերը` Կուբաթլին ու Զանգելանը (հիմա Կովսական ու Միջնավան) և շատ այլ վայրեր, որտեղ ադրբեջանցի թուրքը, երեսին ուղտի կաշի քաշած, քարաքոսի պես կպել էր մեր հող ու ջրին ու չէր պոկվում: Թշնամին գիտակցում էր տեղանքը կորցնելու նշանակությունը, այդ իսկ պատճառով, իր ուժին չապավինելով, վարձկաններ էր բերել` առանց գիտակցելու, որ մեր հողն օտարի համար երբեք հայրենիք չի դառնա, մոռանալով, որ վարձկանի համար ոչ այնքան թուրքի շահն էր գերակա, որքան իր փողը, որի պատճառով էլ իրեն պիտի խնայեր, որպեսզի իր վաստակած գումարը ծախսելու հնարավորություն ունենար:

Պակաս կարևոր չէր նաև հյուսիսային թևը` Ղուչազ-Ուխտասար ուղղությունը, որտեղից թշնամին մշտապես հեռահար հարվածներով հարվածում էր Լաչին-Գորիս ճանապարհին և բուն Լաչինին: Այս ուղղության մարտերն էլ տևական ու դաժան եղան:

Իրադարձություններով հարուստ 1992 թ. ավարտին մեկ ամիս էր մնացել, ժամանակահատված, երբ Երևան-Լաչին մայրուղու ձախակողմյան հատվածով ձգվող Խոժոռաբերդի միջանցքի 15 կմ-ն արդեն ազատագրվել էր: Առջևում դեկտեմբերի 3-ն էր և Ուխտասարի, Ղոչազ գյուղի ու համանուն  բարձունքների գրավման օպերացիան: Այդ տարածքների հարևանությամբ է գտնվում IV դարի մի հուշարձան` Ծիծեռնավանքը:

Այդ մարտին շատ ջոկատներ էին մասնակցում, բայց պատասխանատու ուղղությունը «Սյունիք» աշխարհազորային վաշտինն էր, հրամանատար` Արամազդ Զաքարյան: Նրանց հետ էր նաև ՄՀՕՋ-ի ջոկատը: Այս վաշտն իր առաջադրանքը փայլուն կատարեց: Լուսադեմին գրավեց Ուխտասարի բարձունքը և պահեց մինչև կեսօր, սակայն Ղոչազից եկող օգնությունը, թեպետ պայմանավորվածություն կար, տղաներն այդպես էլ չստացան: Դրանից էլ օգտվելով` թշնամին սկսեց ճնշում գործադրել: Սա երկար ու հերոսական պատմություն է. այդ օրվա հաղթանակած մարտից տուն չվերադարձավ 21 մարտիկ, իսկ հրամանատար Արամազդ Զաքարյանը ծանր վիրավորվեց: Նրանք մինչև վերջին պահը հավատացած էին, որ օգնությունը, այնուամենայնիվ, կհասնի, և իրենց գրաված բարձունքը կրկին չեն թողնի: Իսկ ինչպես պարզվեց հետագայում, օգնության շտապող Էջմիածնի ՀՀԴ-ի 3-րդ ջոկատն անգամ դուրս չէր եկել իր որջից` պատճառաբանելով, թե կապը չի գործել (չշփոթել ՀՅԴ-ի հետ. շատերն են հիշում, որ այդ տարիներին այսպես կոչված «կոոպերատիվ» Դաշնակցություն կուսակցություն էր ստեղծվել): Ճիշտ կլինի ասել` ոչ թե կապը, այլ նրանց խիղճը չէր գործել: Ամիսուկես հետո միայն ազատագրվեցին այդ բարձունքները, և ճանապարհ  բացվեց դեպի Քարվաճառ:

Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց բնության ու մարդկային ձեռքի այս աստվածատուր հրաշքը, որ կոչվում է Ծիծեռնավանք, ըմբոշխնելու առիթ պիտի  ունենամ, ավելին` պիտի մասնակցեմ նրա վերաբացմանը, վերաօծմանը: Վանքը ավերակներից հառնեց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի համառ ջանքերի, ինչպես նաև բոստոնցի բարերարներ Քերոլայն և Ջորջ Նաջարյանների շնորհիվ, որով և վերջակետ դրվեց թշնամու նկրտումներին:  Այդ տարածքի հայկականության IV դարի վկայագիրն այլևս իրականություն է:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Ջեյմս Ուորլիքին սուլոցներով և բողոքի ցույցով են դիմավորել Քաշաթաղում

timthumbԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ այցելել են Քարվաճառ, որից հետո համանախագահները ուղղություն են վերցրել դեպի Քաշաթաղի շրջան:

Ինչպես տեղեկացնում է Karabakh-life.am-ը, Բերձորում միջնորդների ճանապահրը փակել են շրջանի երիտասարդները՝ «Հարգեք մեր իրավունքները», «Հարգեք ժողովրդավարական սկզբուքնները», «Դատապարտեք ագրեսորին», «Դու պատասխանատու ես» և նման պաստառներով:

Երիտասարդները պահանջել են, որ ՄԽ ԱՄՆ համանախագահը դուրս գա մեքենայից և պատասխանի իրենց հարցերին: Չնայած ՈՒոռլիքը տեղի տվեց և դուրս եկավ հանդիպման՝ այնուհանդերձ, ոչ մի հարցի հստակ պատասխան չտվեց: Իսկ հարցերը հիմնականում ինքնորոշման իրավունքը ամերիկացի համանախագահի կողմից անտեսելու, վերջերս նրա հայտարարության՝ արցախցիների համար անընդունելի 6 կետերի վերաբերյալ էին: Համանախագահները սուլոցների ներքո ուղղություն վերցրին դեպի շրջվարչակազմի շենք, որտեղ հանդիպեցին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի հետ:

ՄԽ համանախագահները իրենց զարմանքն են հայտնել վարչակազմի ղեկավարին ՝ երիտասարդների «պահվածքի» նկատմամբ, ինչը, սակայն, Ս. Խաչատրյանը բնական է համարել. «Դա բնական արձագաք է երիտասարդության կողմից՝ ձեր հայտարարությանը: Դուք խոսում եք տարածքային ամբողջականության մասին, ազատագրված տարածքները անվանում «գրավյալ» ու խոսում նաև այդ տարածքների վերադարձի մասին, ինչն անընդունելի է անկախ Արցախում ծնված ու մեծացած սերնդի համար» -զրույցի մասին թռուցիկ Karabakh-life.am-ը տեղեկացել է վարչակազմի ղեկավարից:

Կայքը նաև տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է պատասխանեին լրագրողներիհարցերին: Ճեպազրույցը հետաձգվել է:

Անկախ

Ավտովթար Ալավերդի քաղաքում (լրացված)

ավտոմեքենան գետումՄայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և 5 ջրափրկարար:

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:

Դեբեդ գետի երկայնքով սկսվել են գետում հայտնված «ՎԱԶ 21011» մակնիշի ուղևորներ Ա. Թ.-ի (1989թ.) և Ա. Բ.-ի (1983թ.), որոնց գետը քշել էր, որոնողափրկարարական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարները Սանահինի ե/գ կայարանի մոտակայքում՝ գետում հայտնաբերել են Ա. Բ.-ի դին, իսկ ջրափրկարարները ջրից դուրս են բերել այն:

Ժամը 20.40-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 16-ի առավոտյան:

***

Մայիսի 16-ին, ժամը 10.24-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.30-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 17-ի առավոտյան:

***

Մայիսի 17-ին, ժամը 10.00-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.35-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

«Վերնիսաժի» մոտ կրակողը եղել է «Յուվեցի Կարոյի» փեսան. դեպքին ականատես է եղել նրա կինը.news.am

«Վերնիսաժի» մոտ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Վերնիսաժի» մոտ, այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցած կրակոցների մասին:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել էեն ճանապարհը՝ առաջացնելով խցանում եւ թույլ չտալով տարածքում մեքենաների երթեւեկություն:

Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը (Կարո Կարապետյանի դուստրը) եւ երեխան, նրանցից ճանապարհ է խնդրել, սակայն, Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ:

Վիճաբանությունը թեժացել է: Տարածքում գտնվողները փորձել են նրանց կարգի հրավիրել, ասելով, թե չեք տեսնում, որ կնոջ եւ երեխայի հետ է, բայց Վալերին եւ Նորայրը նշել են, թե տեսնում ենք, դրա համար էլ մեքենայից հանում ենք, որ դրսում սատկացնենք:

Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը եւ արձակել 5 կրակոց, որոնց հետեւանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Ի դեպ, Նորայրի եւ Վալերիի մասին առայժմ քիչ բան է հայտնի, մեր աղբյուրները միայն տեղեկացրին, որ նրանք վերջերս են եկել Ռուսաստանից:

Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մանրամասները եւ ունի հանցագործության լրիվ պատկերը. առաջիկայում կլինի ձերբակալություն:

Ի դեպ, Գոռ Առաքելյանի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի երգչուհի դստեր՝ Լուսինայի ամուսինն է, ով աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Մեր աղբյուրները հերքում են տեղեկությունները, թե նա եւս եղել է դեպքի վայրում:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է. «Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ»:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ԱկանատեսներըNEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

 Անկախ

Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր

թանգարանային գիշեր«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։

Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանային գործիչներին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել մեր պետության համար անչափ կարևոր պատմական-ճանաչողական այդ առաքելությունը նվիրումով կատարելու համար։

«Ուրախալի է, որ շուրջ 10 տարի է Երևանում ավանդույթ է դարձել «Թանգարանների գիշեր» միջոցառումը, այն էլ՝ այսչափ ակտիվ մասնակցությամբ։ Իսկապես, գիշերային մթնոլորտը թանգարանում բոլորովին այլ է։ Երևանի թանգարանները կիրառում են ճկուն մոտեցումներ, բազմաթիվ են նորարարական ծրագրերը, ինչին այսօր ականատես կլինեք նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը և հրավիրել ներկաներին դիտելու «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան և «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» տեսաշարը։

Ի դեպ, 17-19-րդ դարերի Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան այսուհետ, որպես նորարարություն, ընդգրկվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկա «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, օգտվելով առիթից, Արամ Սուքիասյանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում իրենց գորգերի պատմությունը ներկայացող ցուցահանդեսի կազմակերպմանն արագ արձագանքելու և աջակցելու համար ու, ի նշան երախտագիտության, գորգերի ցուցադրության օրերին գործված զինանշանակիր երկու գորգերից մեկը նվիրել է Երևանի քաղաքապետարանին, երկրորդը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին։

Այնուհետ, Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, դիտել եռաչափ անիմացիաները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարականության հետ կապերի վարչություն

 

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ

11316_am_3Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի, իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ: «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում և նպաստել թանգարանային առարկաների հանրահռչակմանը: Այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության համար:

 

 

Իրանցի կանայք բողոքել են առանց գլխաշորի լուսանկարների նախաձեռնության դեմ

iran Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղակայված Պաղեստինի հրապարակում մի խումբ կանայք բողոքել են «Facebook» սոցիալական կայքում հրապարակված առանց գլխաշորի լուսանկարների դեմ: «Իմ գաղտնի ազատությունը» անունը կրող «Facebook»-յան նախաձեռնության մասնակիցները այդ լուսանկարներով իրենց բողոքն են արտահայտում երկրում գլխաշորի պարտադրանքի դեմ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝  այսօր ուրբաթօրյա նամազից հետո հրապարակում հավաքված կանայք դեմ են արտահայտվել այս նախաձեռնության՝ համոզմունք հայտնելով, որ գլխաշորը Ալլահի պատգամն է և այն ժխտողները անամոթներ են:

Կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը

 բռնցքամարտ, Հայաստանի հավաքական, Վրաստանի հավաքական

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մայիսի 17-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգերում  կայացավ 8 մենամարտ , որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ մեկ մենամարտում գրանցվեց մարտական ոչ ոքի: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի և Արթուր Մովսիսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լևան Կաչարավային , իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ: 69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի և Լաշա Գրիգլյանի մենամարտում  մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում  տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի և Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ- ոքի:

Մրցումների  ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70 ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին: Ծննդյան 60 ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

 

 

 

 

 

Արմեն Աշոտյանի հայտարարությունը բուհերի ընդունելության քննությունների մասին

աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Հարգելի դիմորդներ, աշակերտներ և ծնողներ:

Երեկ որոշ լրագրողների թեթև ձեռքով հայտնվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, թե իբր նախարարությունը մտադրված է վերացնել բուհերի ընդունելության քննությունները:

Թեպետ ես ԱԺ-ում հերքել եմ այդ ապատեղեկատվությունը, թեմային վերաբերող քննարկումները շարունակվում են:

Ընդգծում եմ, որ խոսք չի գնում ընդունելության քննությունների վերացման մասին, այլ մենք ընդամենը քննարկում ենք դպրոցական ատեստատի գնահատականները որոշակի բանաձևով մրցութային դիտարկելու առաջարկությունը, որպեսզի լրացուցիչ շահագրգռվածություն առաջանա ավարտական դասարաններում յուրացնել հանրակրթական ծրագիրը ամբողջությամբ, և չսևեռվել բացառապես ընդունելության առարկաների վրա:

Այս հարցին վերաբերող հանրային քննարկումները դեռ առջևում են”:

 

Տավուշի նախկին մարզպետը նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ

ղուլարյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
***
Արմեն Ղուլարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան

Կրթություն
1971-1976 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն
1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար
1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ
1999 -2014 թթ. – ՀՀ Տավուշի մարզպետ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Եվրոպայի օրերը մեկնարկեցին Գյումրիից

26 125Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա միջոցառումներ: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը անդամ, նաև  հարևան պետությունների քաղաքացիների համար:
Եվրոպական շաբաթվա բացումը տրվեց Գյումրիում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության հավատարմատար Մարտինա Քուիքը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար  Տրայան Հրիսթեան: «Շատ մեծ պատիվ է մեզ համար Հայաստանում տոնել 1950թ. մայիսի 9-ին Շումանի ընդունած հռչակագրի տարեդարձը: Իսկ այս տարի նշվում է Եվրոպայի ընդլայնման 10-ամյակը», – մասնավորապես նշեց ԵՄ դեսպանը:
Ելույթներին հաջորդեց երիտասարդական քննարկումը Գյումրու տեխնոպարկում, որը վերաբերում էր ԵՄ-Հայաստան հարաբերություններին և միասնական արժեքներին: Իրադարձությունները շարունակվեցին մշակութային միջոցառումներով, «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ Գյումրիում և հարակից շրջաններում իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես, ապա գյումրեցի արվեստագետները ստեղծեցին «E» տառը խորհրդանշող ինստալացիա՝ այդպիսով արտահայտելով Եվրոպայի մասին իրենց պատերացումները:
Երեկոյան միջոցառման մասնակիցները կայցելեն նաև Մհեր Մկրտչյանի թանգարան, իսկ թատերական հրապարակում կլինի «Բամբիռ» համույթի համերգը:

 

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Արքայազնին

g_imageՄայիսի 14-ին Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:

Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում դեսպան Մինասյանը մասնավորապես անդրադարձավ հայերի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը և Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց ունեցան:

Նույն օրը, ի պատիվ Հայաստանի նոր դեսպանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետի անունից տրվել է ճաշ:

Արմեն Ալավերդյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

արմեն ալավերդյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

***
Արմեն Ալավերդյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958 թ. հոկտեմբերի 9, Մարտունու շրջանի Երանոս գյուղ

Կրթություն
1966-1976 թթ. – Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1976-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա,
1988 թ. – պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով

Աշխատանքային գործունեություն 
1982-1990 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ
1990-1991 թթ. – ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն, գլխավոր մասնագետ
1991-1992 թթ. – ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ
1992-1994 թթ. – Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետև` վարչության պետ
1995-1999 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
1999-2000 թթ. – ՀՀ պետական եկամուտների փոխնախարար
2000-2008 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ
2008-2012 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2012 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ 

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի հրամանագրով 2005 թ.պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Ֆրիտյով Նանսենի» անվան հիմնադրամի կողմից 2002 թ. պարգևատրվել է «Ֆրիտյով Նանսենի» հուշամեդալով: Պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր` որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ունի 20-ից ավելի հրատարակված գիրք և գիտական հոդված: Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ 

Ամուսնացած է, ունի երկու որդի: