Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 13-ին, ժամը 15.00-ին, 1958 թ. ծնված Վալերիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 75 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
Մայիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի մոտից, զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1967 թ. ծնված Վարդան Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Խուզարկություն` մի քրեական գործի շրջանակներում
Մայիսի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Ջիվան Մ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 2 տարայով վառոդանման զանգված, 41 սմ երկարության դետոնացիոն քուղ, 16 մմ տրամաչափի 12 և 5.6 մմ տրամաչափի` 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ջիվան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Պատահարներ Երևանի փողոցներում
Բախվել են «Միցուբիշի» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ
Մայիսի 13-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Շղթայական պատահար Երևանի Արշակունյաց պողոտայում
Մայիսի 13-ին, ժամը 23.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի դիմաց բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել «Շկոդա»-ի և «Տոյոտա»-ի վարորդներին, կայանված «Մերսեդես-Բենց»-ի վարորդին և մի քաղաքացու, ապա բախվել «Մերսեդես-Բենց»-ին:
«Տոյոտա»-ի վարորդը, «Շկոդա»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին
Մայիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում
Վազգեն Մանուկյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարության և ՀԽ արձագանքի մասին
-Պարո՛ն Մանուկյան, երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»՝ դեսպանի հայտարարությունն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի: Նախ ինչո՞ւ էր այն ոչ կոռեկտ:
– Ռուսաստանի դեսպանը, ինչպես և Միացյալ նահանգների դեսպանը, որպես մարդ, իրավունք ունեն ցանկացած կարծիք ունենալու, և եթե մենք գտնում ենք, որ կարծիքների բազմազանությունն ու ազատ արտահայտումը արժեք է, ապա ֆորմալ տեսակետից զարմանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք վրդովվում, որ Ռուսաստանի դեսպանը այս հայտարարությունն արեց կամ ԱՄն-ի դեսպանը հայտարարեց, որ այդ կուտակային համակարգը ճիշտ է:
Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. դիվանագետները, որ գտնվում են տվյալ երկրում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում և որոշակի սահմանափակումներ դնեն իրենց խոսքում՝ հատկապես, որ դրանք մեծ երկրների դեսպաններ են փոքր պետություններում: Փոքր ժողովուրդներն ու պետությունները շատ զգայուն են խոշոր պետությունների դեսպանների արտահայտությունների նկատմամբ, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են կառավարել մեր ներքին կյանքը, ինչը հակասում է մեր ազգային, մարդկային արժանապատվությանը:
Չնայած պետք է ասեմ, որ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դեսպանի դեպքում եղել է կարծիքների անկեղծ արտահայտում, ոչ թե նպատակ է հետապնդել թելադրել ինչ որ բան: Պետք է նաև նշեմ, որ արհեստական ուռճացում էլ եղավ հանրության կողմից: Սակայն, կրկնում եմ, դա նրանից, է, որ ցանկացած երկրի դեսպան ունի որոշակի սահմանափակումներ իր հայտարարություններում: Դա է, որ մենք անվանում ենք ոչ կոռեկտություն:
-Իսկ ինչո՞ւ էր այն անընդունելի:
-Անընդունելին արդեն այլ հարց է: Ընդհանրապես, չկա բարիք, առանց չարիքի: Երբ որ դու ազատ հասարակություն ես ստեղծում, առաջ են գալիս երևույթներ, որոնք շատերի համար անընդունելի են: Համացանցով, մամուլով, հասարակական կազմակերպություններով երբեմն քարոզվում են մեզ համար ոչ ընդունելի գաղափարներ ու սկզբունքներ, երբեմն էլ, առիթից օգտվելով, առանձին մարդկանց խմբեր թշնամական նպատակներից ելնելով՝ քո երկրի ներսում կարող են ստեղծել քարոզչություն: Բայց եթե դու սկսես թեկուզ բարի նպատակներով սահմանափակումներ մտցնել, վերջիվերջո կդառնաս տոտալիտար պետություն: Դեպի դժոխք տանող ճանապարհը սալապատված է բարի նպատակներով: Այստեղ իսկապես կա պրոբլեմ, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմի լուծումը հետևյալն է. դու այնքան առողջ, ամուր ու վստահ հասարակություն պետք է ունենաս, այնքան ամուր արժեհամակարգ, որ այդ քարոզչությունները փոքր կղզյակներից ավելին չկարողանան դառնալ և չվտանգեն քո ներքին կյանքը: Կա նաև միջազգային պրոբլեմ այդ հարցերի վերաբերյալ՝ ահաբեկչություն, բարոյականության հետ կապված հարցեր և այլն: Դրանք միջազգային խնդիրներ են, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներ մտցնել իրենց երկրներում դրանց դեմ պայքարելու համար: Սակայն այս գլոբալ կոմունիկացիաների աշխարհում մի երկրի սահմանափակումն ազդեցիկ չի կարող լինել, փոխարենը լուրջ ազդեցություն կունենա այն, որ բոլոր երկրների կոնսենսուսով որոշակի սահմանափակումներ մտցվեն որոշակի քարոզչությունների դեմ: Իսկ արանքում մնում է, որ դու ատամներդ սեղմած պաշտպանես ազատությունը՝ չնայած այդ ազատության վրա երբեմն չար ծաղիկներ են աճում:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը՝ այն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի:
Կրթության բնագավառում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է.Ա.Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին Հայաստանի աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման ծրագրի ընթացքին նվիրված համաժողովին: Բացման խոսքում, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը՝ կրթության բարեփոխումների աջակցության, Հայաստանի դերը միջազգային կրթական ասպարեզում ամրապնդելու, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների հարցերում:
«ԵՄ մասին տեղեկատվության սփռումը Հայաստանի ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատություններում թույլ կտա մեր երիտասարդությանը ծանոթանալ ԵՄ պատմությանը, կառուցվածքային, հիմնական գործառույթներին: Հայաստանը կարևորում է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրացման շարունակականությունը: Հետաքրքրությունը, որը ցուցաբերում են Հայաստանի ուսանողներն ու աշակերտները ԵՄ հանդեպ, վկայում է այն մասին, որ կա մեծ շահագրգռվածություն, հատկապես երիտասարդ սերնդի մոտ՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հատկապես եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում»,- դիմելով մասնակիցներին նշել է նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման օրակարգում ներառված խնդիրներն ունեն երկու բաղադրիչ. առաջին՝ եվրոպական կրթական տարածքը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ համագործակցության արդյունավետությունը չի նվազելու: «Չնայած տարատեսակ քննադատություններին՝ ԵՄ հետ համագործակցությունը ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ այս տարվանից սկսած Հայաստանը երկու կարևորագույն ծարգրի լիարժեք մասնակից դառնալու հնարավորություն է ստացել»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը «Էրազմուս Մունդուս» և «Գիտական հորիզոն 2020» ծրագրերին է վերաբերում, որոնց անդամակցության ձևաչափը այժմ քննարկվում է ՀՀ կառավարությունում: Հայաստանը ընտրություն է կատարելու նշված ծրագրերի շահառու դառնալու և լիարժեք անադամության միջև: Նախարարը նշել է, որ տարբերակների ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի կողմից ֆինանսական բաղադրիչի ներդրմամբ: Ա. Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ ներկայացուցիչներին՝ կրթական ծրագրերի իրականացման համար և հավելել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերում:
Համաժողովին ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, Հայաստանի ավագ դպրոցների, բուհերի և քոլեջների տնօրեններ, կրթության բնագավառի տեղական և օտրաեկրյա փորձագետներ:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ընթացքին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, Վերջին զանգի առաջիկա միջոցառմանը և այլ խնդիրների:
Հայաստանում 1000 ամուսնական զույգից ամուսնալուծվում է մեկը
Հայաստանում հաշվառվել է 763 հազար 584 տնային տնտեսություն: Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Տնային տնտեսությունը այն մարդկանց խումբն է, որոնք ապրում են մի հարկի տակ և մասամբ կամ ամբողջությամբ կիսում են իրենց միջոցները, նրանք կարող են լինել ազգակիցներ կամ՝ ոչ»,- ասաց նա` ընդգծելով, որ տնային տնտեսությունների գերակշիռ մասը 485 հազար նուկլեար ընտանիքներն են, այսինքն՝ այն ընտանիքները, որտեղ միայն ամուսիններն են կամ նրանց հետ նաև երեխաներ, կամ մայր և երեխա, հայր և երեխա:
Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2011թ-ի մարդահամարի տվյալներով 15 տարեկանից բարձր կանանց շրջանում երբևէ ծնածների 12%-ը կազմել են մեկ երեխա ունեցող կանայք, 29%-ը՝ երկու երեխա ծնած կանայք, շուրջ 20%-ը՝ երեք երեխա, 4 երեխա ծնածները՝ 7%, 5 և ավելի երեխաներ ծնածները՝ 4%: Հայաստանում բնակվող կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել: «Կինը չի կարողանում վերարտադրել իրեն և իր ամուսնուն: Հայ կինը մարդահամարի տվյալներով միջինը ծնում է 1,6 երեխա` անհրաժեշտ 2,1 երեխայի փոխարեն»,-նշեց նա:
Վերջին տարիներին ամուսնալուծությունները աճել են. 1000 ամուսնական զույգից մեկը միջինում բաժանվում է: 2011 թվականի տվյալներով մեր բնակչության 2,6 տոկոսը բաժանվում է: Թեև այդ թիվը բարձրանում է, սակայն միջազգային տվյալների հետ համեմատած այն բարձր ցուցանիշ չի համարվում:
Ամուսնության միջին տարիքը աղջիկների համար 2011 թվականի տվյալներով 25.5-ն է, իսկ տղաներինը` 28.5-ը: 2000 թվականի տվյալներով այդ ցուցանիշներն աղջիկների համար եղել է 23, իսկ տղաների համար 26:
ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ
Տիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին` ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:
Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության մեջ արհեստականորեն նսեմացված է, և շատերն անգամ նրան կիսաառասպելական կերպար են համարում: Եվ տարօրինակ է, որ խորհրդային պատմագիտությունն անգամ նրան հայոց արքաների գահացանկում չի ներառել, կամ ներառել է որպես Տիգրան Երվանդյան, այլ ոչ Տիգրան Ա, քանզի Տիգրան Ա ընդունված է համարել Տիգրան Մեծի հորը, որը թագավորել է մ.թ.ա. 115-95 թթ.:
Ինչևէ: Քերթողահայրը, վառ գույներով նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ, գեղեցկությամբ, լիությամբ, նա հայոց բանակը վերափոխեց, կուռ մարտական միավոր սարքեց, որից սարսափում էին հայոց թշնամիները: Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ ու արիությամբ բարձրացրեց հայոց հարգն ու պատիվը աշխարհում, շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին:
Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին, չէր նախանձում լավագույններին, և հայոց աշխարհում բոլորը վայելում էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը:
Մովսես Խորենացին անգամ արքայի արտաքինն է նկարագրել: Նա գանգրահեր, խարտյաշ, գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր: Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով ժուժկալ էր, խրախճանքների մեջ` օրինավոր:
Տիգրանի թագավորության տարիները բարդ էին աշխարհաքաղաքական առումով: Արևելքում տարածված էր Մարաստանի գերիշխանությունը: Մարաց արքա Աժդահակը փառասեր, նենգ, հզոր տիրակալ էր: Տիգրան Երվանդյանը, որպես դրացի, բարեկամական հարաբերություններ էր հաստատել Աժդահակի հետ, և հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ: Կյուրոսն ու Տիգրանը մտերիմ էին, և դրա մեջ մարաց արքան դավադրություն էր որոնում իր և իր պետության դեմ:
Սակայն, ըստ երևույթին, դեպքերը զարգացան աստվածային նախախնամությամբ: Մի գիշեր Աժդահակը սարսափազդու երազ տեսավ:
– Երազումս մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով կատարյալ դյուցազուններ։ Առաջինը, առյուծի վրա նստած, սլացավ դեպի արևմուտք, երկրորդը, ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը, վիթխարի վիշապ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։
Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով` հարձակվեց մեզ վրա և մոտենալով ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։
Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ,- պատմում է նա երազը իր խորհրդականներին ու խնդրում մեկնաբանել այն:
Խորհրդականները, երազը մեկնելով, ասում են, որ Հայկազյան Տիգրանից հարձակում է սպասվում Մարաստանի վրա: Իր երկրից երևութական այդ վտանգը վանելու համար մարաց արքան իր խորհրդականների հետ դավ է նյութում: Որոշում են պատգամաբեր ուղարկել հայոց երկիր` Տիգրանի մոտ, նրանից Աժդահակի համար խնդրել քրոջ` գեղեցկադեմ ու իմաստուն Տիգրանուհու ձեռքը: Այդպես էլ անում են: Պատմահայր Խորենացին անգամ մեջբերում է Աժդահակի պատգամը հայոց արքային. «Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով` ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղբայր»։
Հայոց Տիգրան արքան, անտեղյակ իր դեմ լարված դավադրությունից, համաձայնում է Աժդահակի առաջարկին ու քրոջն ամուսնացնում մարաց արքայի հետ, որը Տիգրանուհուն կարգում է որպես իր տիկնանց առաջինն ու Մարաստանի թագուհի:
Դավադրության առաջին մասն իրագործված էր: Ապա Աժդահակն իր ապագա պատերազմում իր թագուհու` Տիգրանի քրոջ աջակցությունն ստանալու նպատակով նրան փորձում է տրամադրել եղբոր դեմ` ասելով, որ Տիգրանի աչքը մարաց գահին է, իսկ այդ դեպքում Տիգրանուհու փոխարեն մարաց թագուհի կդառնա Տիգրանի կինը` Զարուհի թագուհին: Ապա Աժդահակը բացում է իր ծրագրերը Տիգրանուհու առաջ` ասելով, որ պատրաստվում է դավ նյութել հայոց արքայի դեմ ու նրան ծուղակը գցել:
Հասկանալով մահվան սպառնալիքը` Տիգրանուհին հավաստիացնում է ամուսնուն, թե աջակից է նրան, ապա հավատարիմ մարդկանց միջոցով սպասվող դավադրության մասին լուր է ուղարկում հայոց աշխարհ:
Իր ծրագիրն իրագործելու համար Աժդահակը պատգամավոր է ուղարկում հայոց արքունիք և պետական հույժ կարևոր գործեր քննարկելու պատրվակով Տիգրան արքային հրավիրում է հանդիպման Մարաստանի ու Հայաստանի սահմանագլխին:
Սակայն Տիգրան արքան դիվանագիտության չի դիմում և բացահայտելով մարաց Աժդահակի նենգությունը` բացեիբաց պատրաստվում է պատերազմի` ողջ Հայաստանով զորահավաք անելով:
Միաժամանակ, հավատարիմ անձանց շնորհիվ, Տիգրանին հաջողվում է գերությունից ազատել քրոջն ու զորքն առաջնորդել Մարաստանի դեմ:
Գլխավոր ճակատամարտում Տիգրան արքան մենամարտի է հրավիրում նենգ Աժդահակին: Մենամարտի ժամանակ իր երկար նիզակով շամփրելով Աժդահակի կուրծքը` ճեղքում է նրա զրահն ու նիզակի հետ մարմնից հանում մարաց արքայի թոքը:
Մենամարտից հետո մարաց բանակը խուճապահար փախչում է, և պատերազմն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:
Պատերազմից հետո Տիգրանը գերում է Աժդահակի ողջ ընտանիքը և արքունիքը: Նա Աժդահակի առաջին կնոջը` Անուշին, իր զավակների հետ բնակեցնում է Գողթն գավառում, Նախճավանի մատույցներում:
Տիգրանուհին Աժդահակին զավակ չի պարգևել: Հայտնի չէ` նա հետագայում ում հետ է ամուսնացել, բայց պատմահայր Խորենացին ավանդում է, որ Տիգրանուհուց է սերել հայոց աշխարհում «Ոստան ազատությանց» արքայազարմ ազնվական դասակարգը:
Վահե Անթանեսյան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 13-ից 14-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության` 7, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մայրաքաղաքի գիշերային լուսավորությունը երկարացվել է 1 ժամով
Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որի շրջանակում գույքագրվում են վնասված լամպերն ու փոխարինվում նորերով: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում փոխարինվել է ավելի քան 700 լամպ:
Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:
Ամառային տարեշրջանին անցնելու կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվել է 1 ժամով: Այսուհետ մայրաքաղաքի փողոցները, հրապարակները, զբոսայգիներն ու բակային տարածքները կլուսավորվեն մինչև գիշերվա ժամը 1-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հարկային համակարգի կատարելագործում` «Bureau veritas»-ի հետ համագործակցության շրջանակում
Միջազգային հավաստագրում ստանալուց հետո Հայաստանի հարկային համակարգը շարունակում է համագործակցել «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման հեղինակավոր մարմնի հետ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակում Հայաստան ժամանած կառույցի ներկայացուցիչներին: Քննարկվել են հարկային մարմնի և «BUREAU VERITAS»-ի համագործակցության առաջիկա ուղիները: «Հավաստագրման շրջանակում հսկողական աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են: Մենք պատրաստ ենք քննարկելու «BUREAU VERITAS»-ի հնարավորությունները Հայաստանում սահմանային անցակետերի և այլ խնդիրների լուծման համար օգտագործելու տարբերակները»,-նշել է ֆինանսների նախարարը:
Ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվել է նաև կառույցի հետ կադրերի պատրաստման և ուսուցման բնագավառում համագործակցելու հեռանկարը: «Օգտագործելով Դիլիջանի ուսումնական կենտրոնի տեխնիկական հնարավորությունները և «BUREAU VERITAS»-ի փորձն ու մասնագիտական հմտությունները կարող ենք ստեղծել տարածաշրջանում լավագույն կենտրոնը»,-նկատել է նախարարը: «BUREAU VERITAS BIVAC BV»-ի գործադիր տնօրեն Էրիկ Սաբատիեն պատրաստակամություն է հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առաջարկի իրագործման ուղղությամբ: Նրա հանձնարարությամբ Հայաստանում գտնվող փորձագետների աշխատանքային խումբը հայ գործընկերների հետ կհստակեցնի ՊԵԿ-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղիները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Փարիզում «BUREAU VERITAS»-ի ղեկավարը Գագիկ Խաչատրյանին էր հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի «BUREAU VERITAS»-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել էր ՊԵԿ-ի գործունեությունը` կոմիտեն ճանաչելով բիզնեսի հետ փոխհարաբերություններում և միջազգային ասպարեզում վստահելի կառույց:
Վարչապետն ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով:
Ինչ ցանես՝ այն էլ կհնձես
Առաջին անգամ չէ, որ խոսում եմ թե՛ ավագ, թե՛ հիմնական դպրոցներում տարածված ահավոր կոռուպցիոն երևույթների մասին, որոնց դեմ, իբրև թե պայքարում են համապատասխան պետական մարմինները: Դրանք գաղտնիք չեն, բոլորը գիտեն ու խոսում են այս մասին: Այս մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր կոչված են արգելել, հայտնաբերել, պատժել անօրինական դրամահավքները: Կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցներում՝ բացակայությունների համար գումար հավաքելու դեպքերը կանխելու նպատակով: Փաստն այն է, որ երևույթը դույզն անգամ չի պակասում, այլ՝ ծաղկում է, սակայն ոչ մի դպրոցի տնօրենի նման արարք չեն բացահայտում ու հրապարակում: Հիմա հարց՝ տեսչությունն ու նախարարությունն ուզո՞ւմ են վերացնել կոռուպցիոն այս երևույթը՞, թե՞՝ ոչ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ավագ դպրոցներից շատ քչերն են կայացել, ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ իրենք էլ ծնող լինեին, չէին վստահի դպրոցի տված գիտելիքներին ու իրենց երեխաներին դպրոցի փոխարեն կրկնուսույցների մոտ կուղարկեին և փող կտային, որ ուսուցիչները բացակա չդնեին: Պետական պաշտոնյաները ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ ընդունելության քննությունների հարցաթերթերը պետք է կազմվեն այնպես, ինչպես հստակ գրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում, որ շտեմարաններն օրենքից դուրս են, որոնք պարտադրվելով աշակերտներին՝ նույնպես դառնում են կոռուցիայի օրինականացված բուն:
(Շտեմարանների վերաբերյալ վերջին բացահայտումն էլ այն է, որ դպրոցական ծրագրերով ու դասագրքերում գոյականի 7 հոլովման հայեցակարգն է ընդունված, իսկ շտեմարաններում՝ 5: Նշեմ նաև, որ որոշ դասագրեքեր ու շտեմարաններ գրել են նույն հեղինակները, իսկ Պետական չափորոշիչն օրենքի ուժ ունի:Տեսնես սրա մասին ի՞նչ կասեն ԳԹԿ-ում): Տնօրեններն էլ մտածում են, էհ, էդ ինչո՞ւ վերևներում կօրինականացնեն կոռուպցիան, ես չեմ կարո՞ղ փող հավաքել բացակա չնշանակելու, բարձր գնահատականներ դնելու, դպրոցի ավարտական քննությունների ժամանակ իրենց երեխային անօրինական «սատարելու», «ձախ» ճանապարհով թեստեր ձեռք բերելու նպատակների համար: Փաստենք, որ ներքևներում շատ լավ գիտեն, թե վերևներում ինչ նպատակների համար են կոռուպցիոն քայլեր «մշակվում» ու իրականացվում, դրանց համահունչ՝ իրենք էլ իրենց տրամագծին համապատասխան կոռուպցիոն քայլեր են «մշակում» ու իրականացնում: Բայց տարբերությունն այն է, որ վերևում այդ քայլերն «օրինականացվում» են նույնիսկ օրենքով, ինչպես բացակայությունների սահմանն օրենքով ամրագրելը կամ հենց շտեմարանների գոյությունը, իսկ ներքևներին ասում են՝ այնպես արա, որ չբողոքեն ու չբռնվես, եթե բողոքեցին ու բռնվեցիր, գլխիդ ճարը տես, չենք օգնելու, իհարկե նայած՝ ում: Դա էլ կախված է նրանից, թե ով է տնօրենի հովանավորը: Եթե ունենա «պինդ» հովանավոր, ապա ցանկացած դրամահավաք՝ ծնողների գրպանից, թե պետության, կարևոր չէ, կմարսի, իսկ եթե չունի, որը մեր իրականության մեջ քիչ է, ապա գնա՝ պատասխան տուր: Այդ թեժ գծերը, որոնք հիմա գործում են բոլոր պետական օղակներում, նույնպես կոռուպցիոն նպատակներ ունեն, գործում են որպես մահակ տնօրենների գլխին: Եթե դրանց նպատակը լիներ իսկապես կոռուպցիան վերացնելը, ապա դրա համար կա շատ պարզ ճանապարհ՝ վերևից ներքև աշխատել օրենքով, վերացնել կուսակցական պատկանելության անօրինական պահանջն ու տնօրեններ նշանակել ազնիվ ու առաքինի մանկավարժների: Այդպիսիք շատ են, բայց ընդունված խաղի կանոններին չեն կարող դիմակայել ու պարզապես դուրս են մղվում այդ դաշտից:
Վերջում, առածն ասում է. «ինչ ցանես, այն էլ՝ կհնձես», եթե իշխանությունն իսկապես ուզում է բարձրացնել կրթության որակը դպրոցներում, թող հստակ բարձրաձայնի, թե «դրամահավաք» ասելով ինչ նկատի ունի և առաջինը ինքն իր գործողություններից վերացնի կոռուպցիոն, հովանավորչական երևույթները:
Անահիտ Բախշյան
ԱԺ փոխնախագահն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին:
Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարների տարածմանը, և որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը:
ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում Եվրամիության հետ երկխոսության և եվրոպական կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունները. ավելին՝ Հայաստանը վճռական է շարունակելու և զարգացնելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:
Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, և իրենք պատրաստ են հետայսու ևս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հիմնադրամի հետ Ազգային ժողովի համագործակցության եզրերը, խորհրդարանի կառույցներին հիմնադրամի օժանդակության ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաև տարածաշրջանային անվտանգության, երկրի ներքաղաքական իրավիճակի, նոր ձևավորված կառավարության ծրագրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն ու գնահատականները:
Հակածխախոտային ծրագրեր՝ Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային և 7 գյուղական համայնքներում
Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության համահանրապետական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց 60,5 և կանանց 2,2 տոկոսն օգտագործում է ծխախոտ: Նշենք, որ մահացության հիմնական 2 պատճառներ կապված են ծխելու հետ. սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ` առավելապես թոքի:
ՀՀ մարզերում ցածր է ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը: Մեղրու տարածաշրջանի բնակչության շրջանում իրազեկության աստիճանը բարձրացնելու նպատակով «Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ-ն իրականացնում է «Մի´ ծխիր, ես ուզում եմ ապրել…» ծրագիրը։ Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Հարությունյանը նշում է, որ իրենց տարածաշրջանում նման ծրագրի անհրաժեշտություն զգացվում է, քանի որ այստեղ շատ են ծխող դեռահասները և երիտասարդները։ «Հատկապես երիտասարդ ծնողների շրջանում է տարածված ծխելու սովորությունը, ովքեր ծխախոտ օգտագործում են բնակարանում, կանանց, երեխաների ներկայությամբ։ Երկրորդային ծխի ազդեցությունը հատկապես մանկահասակ երեխաների վրա շատ մեծ է։ Մեր նպատակն է նաև բնակչության շրջանում բարձրացնել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի իրազեկման աստիճանը: Օրենքում շատ հստակ նշված կետերն այսօր չեն կիրառվում։ Ուստի կա բնակչությանն այդ մասին տեղեկացնելու անհրաժեշտություն»,- նշում է Սաթիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Մեղրու կանանց ռեսուրս կենտոնը ծխելու դեմ պայքարի փորձ ունի և այդ ոլորտում արդեն իսկ մի շարք ծրագրեր իրականացրել է։
ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ հակածխախոտային ծրագրերն արդյունավետ են, քանի որ մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում ծխելու վնասները. «Մեր հանդիպումների ընթացքում շատ վաճառակետերում հասել ենք նրան, որ անչափահասներին ծխախոտ չեն վաճառում, որոշ տեղերում անգամ ծխախոտ գնելու եկած անչափահասներին ծնողական խրատներ են կարդում։ Դեռահասի վրա կողքից ինչ-որ մեկի խոսքը երբեմն ավելի ազդեցիկ է լինում, քան իր հարազատի»։
«Մի´ ծխիր, ես ուզում եմ ապրել…» ծրագիրն իրականացվում է Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային (Մեղրի, Ագարակ) և 7 գյուղական համայնքներում (Կարճևան, Լիճք, Վարդանիձոր, Լեհվազ, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք)։ ՀԿ-ի անդամներն արդեն հանդիպել են համայնքների անդամների հետ։ Մայիսի 15-18-ը աշակերտական խմբերի հետ կանցկացվեն սեմինարներ, որոնց մասնակիցները հաջորդ մեկ ամսվա ընթացքում «հավասարը՝ հավասարի» սկզբունքով իրենց դպրոցներում կիրականացնեն սեմինարներում ձեռք բերած գիտելիքների փոխանցում։ Տեղի կունենան հակածխախոտային ակցիաներ, քայլարշավներ, մրցույթներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. որոնվում է
Մայիսի 7-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 20 շենքի, 24-րդ բնակարանի բնակիչ, Ջերմուկի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Վանուշ Արայիկի Սիմոնյանը:
Վանուշ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ջերմուկի բաժին կամ զանգահարել 0287-2-14-42, 010-59-06-38 հեռախոսահամարներով:



