ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Հովհաննես Այվազովսկի1896 թ. ամառային մի օր Թեոդոսիայի բնակիչները մի զվարճալի տեսարանի ականատես եղան: Արդեն անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին ծովանկարչի շունն է, որի վզին մեդալներ են կախված: Լուռ, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ` ծովանկարիչը շան հետ ծովափ իջավ, նավակ նստեց ու թիավարեց դեպի ծովը, ապա շան վզից արձակեց կապած մեդալներն ու շպրտելով` հետ վերադարձավ…

Մեծ ծովանկարիչը ծովի խորքերը նետեց թուրքական սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի պարգևները, որ ստացել էր նրանից թուրքական պալատների նկարազարդումների և Բարձր դռան պատվերով արված կտավների համար: Մեծ հայորդին այդպես իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց Արևմտյան Հայաստանում սկսված զանգվածային կոտորածների դեմ:

Երբ տակավին պատանի Հովհաննես Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա ընդունակությունները, փորձում է նրան՝ ասելով.
– Ուսումնարանի առաջին հարկում ջրավազան կա, գնա և այնտեղից դույլով ջուր բեր:
Պատանին գնում է, տեսնում, որ ջրավազանն իրականում պատի վրա արված նկար է: Նա նկարի վրա ավելացնում է ջրի մեջ խեղդվող շուն, առանց ջրի գնում տնօրենի մոտ և արդարանալով ասում. «Ավազանի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Տնօրենը գնում տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շունն ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:

Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսական կայսերական ակադեմիայի անդամ, Ամստերդամի, Շտուտգարտի, Ֆլորենցիայի, Հռոմի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի բարձրագույն` Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվզովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 29-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:

Տեղի ծխական քահանայի ծխամատյանում գրանցված է որպես Օաննես Այվազյան: Հետագայում` մինչև 1843 թ., իր կտավները մեծ ծովանկարիչը այդպես էլ ստորագրում էր` հայերեն:

Հովհաննես Այվազովսկին դեռ երիտասարդ ժամանակ նվաճեց ծովանկարչության առաջամարտիկի դիրքը ու մինչ օրս պահպանեց այն: Աշխարհում ոչ ոք չկարողացավ այլևս ծովանկարչության ասպարեզում ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կարողանային չափվել հայորդու ստեղծածի հետ: Նա արտակարգ տեսողական հիշողություն ուներ և տարբեր երկրներում տեսածը ամիսներ անց կարողանում էր արագ վերարտադրել իր կտավներում:
Նրա հայրը Մոլդովայից Ղրիմ գաղթած Գեորգի Այվազն էր, ով հետագայում անհայտ պատճառով փոխեց իր անունը` Կոստանդին:
Մանկությունն ու պատանեկությունն անցան հայրենի քաղաքում, որտեղ Հովհաննեսը հաճախեց տեղի հայկական ծխական դպրոց:
Հովհաննեսը սիրում էր նկարել ու հաճախ էր ածուխի կտորներով «մրոտում» քաղաքի պատերը, զանազան շինություններ:

Տեսնելով որդու հակումը` հայրը նրան ուսման տվեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, ուր սովորեց 1830-1833 թթ.: Այստեղ նա նվաճեց առաջին պարգևը. իր «Անդորր» կտավի համար արժանացավ գիմնազիայի առաջին կարգի ոսկե մեդալի: Հետագայում` 1837 թ. Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան:

Այնուհետև ,Այվազովսկին շրջագայեց Եվրոպայում` կատարելագործելով իր արվեստը: Նա եղավ Եվրոպայի մշակութային կենտրոններում` Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, մասնակցեց բազում ցուցահանդեսների, ինչը ճանաչում բերեց ծովանկարչին:

Չորս տարի անց` 1844 թ. վերադառնալով Ռուսաստան` նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: Չնայած նոր նշանակմանը` նա չհաստատվեց մայրաքաղաքում, այլ մշտական բնակության մեկնեց հայրենի քաղաք` Թեոդոսիա: Այվազովսկին չէր պատկերացնում կյանքն առանց ծովի:

Ղրիմի պատերազմի ծանր օրերին նա գործուն աջակցություն ցույց տվեց Սևաստոպոլի պաշտպաններին: Անգամ պատերազմի թոհուբոհը չխանգարեց, որ նա քաղաքում ցուցահանդես բացի, ոգևորի պաշարված քաղաքի բնակիչներին:
Պատերազմից հետո նա մեկնեց երկարատև ճամփորդության. եղավ Եվրոպայում, ամերիկյան մայրցամաքում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Կովկասում, Հայաստանում:

Հենց նրա ջանքերով 1869 թ. Թիֆլիսում բացվեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրության դրեց իր կովկասյան բնանկարները և հայ իրականությանն առնչվող կտավները:

Հովհաննես Այվազովսկին նյութապես ապահովված մարդ էր և միշտ իր միջոցներից բաժին էր հանում կարիքավորներին: Նա նաև նյութական աջակցություն ցույց տվեց Ղրիմի հայ փախստականներին: Առհասարակ, Հայկական հարցը նրա ուշադրության կենտրոնում էր, և շուտով ծնվեցին «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Հայերի ջարդը Տրապիզոնում» ու այլ կտավներ: Նա հայկական թեմաներով ստեղծել է նաև «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Արարատ լեռան հովիտը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Սևանա լիճը», «Բայրոնի այցը սուրբ Ղազար կղզի», «Ադանայի ջարդը», «Վարդան զորավար», այլ կտավներ, որոնցում պատկերված են թիֆլիսյան բնանկարներ, հայության կենցաղը…
Հայաստանի ազատագրության և լուսավորության համար պայքարող հայկական կազմակերպություններն էլ անմասն չեն մնացել Հովհաննես Այվազովսկու նյութական աջակցությունից: Նրա նյութական աջակցությունից զուրկ չմնացին նաև ազատության համար պայքարող հույներն ու իտալացիները:Նա հայրենի քաղաքում հնագիտական թանգարան և գեղարվեստի դպրոց բացեց, համերգային դահլիճ, պատկերասրահ:

Այվազովսկու տարերքը ծովն էր: Նա իր կտավներում պատկերել է ծովն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ` տարբեր եղանակների, տարբեր ժամերի, փոթորկի պահին, խաղաղ ծփալիս…
Իր բեղուն կյանքի ընթացքում Այվազովսկին ստեղծեց շուրջ 6000 կտավ: Նրա գլուխգործոցն է «Իններորդ ալիքը», որ վրձնեց 1850 թ.: Պակաս արժեքավոր չեն նաև «Փոթորիկ Նիցայի ափին» կտավը (1885 թ.), «Սև ծովը» (1881):
Առհասարակ Այվազովսկին աշխարհի ամենահարուստ ժառանգություն թողած նկարիչներից է: Նրա որոշ կտավներ վաճառվել են մինչև 2 մլն ԱՄՆ դոլարով և ավելի արժողությամբ: Վերջին աշխատանքը խորհրդանշական էր` «Թուրքական նավի պայթյունը»:

Նա մահացավ 1900 թ. մայիսի 5-ին և զինվորական պատիվներով թաղվեց Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Շիրիմին հայերեն արձանագրված է քերթողահայր Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» տողը:

Նրա մահից հետո Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անվանական թոշակ սահմանեց Հովհաննես Այվազովսկու անունով:

 

 

 

ԾՈՎԱԿԱԼ ՆԵԼՍՈՆ

nelsonԿան անհատներ, որոնք շրջել են պատմության անիվը: Նրանցից է անգլիական նավատորմի ծովակալ Հորացիո Նելսոնը:

XIX դարասկզբին Նապոլեոն Բոնապարտը նվաճել էր գրեթե ողջ Եվրոպան` բացառությամբ Ռուսաստանի և Անգլիայի: Անգլիան ենթարկված էր շրջափակման, և եթե Նապոլեոնին հաջողվեր ծնկի բերել Անգլիան, գուցե և հաղթական պատերազմ կմղեր Ռուսաստանի դեմ, ու Եվրոպայի ճակատագիրը դժվար կլիներ գուշակել: Բայց Նապոլեոնը չկարողացավ ծնկի բերել Անգլիան: Եվ դա շնորհիվ ծովակալ Հորացիո Նելսոնի:

Ապագա ծովակալը ծնվել է 1758 թ. սեպտեմբերի 29-ին, Նորֆոլք կոմսության Բյորնեմ քաղաքում` անգլիական բողոքական քահանայի` Էդմունդ Նելսոնի ընտանիքում:
Էդմունդ Նելսոնը խստակյաց հոգևորական էր: Նա երիտասարդ տարիքում կորցրեց կնոջը` Քեթրինին, սակայն այլևս չամուսնացավ ու իր 11 զավակների դաստիարակությամբ զբաղվեց անձամբ: Քահանան խիստ կանոններով էր դաստիարակում: Ամեն առավոտ երեխաների համար մարմնամարզությունն ու կոփումները պարտադիր էին:

Հորացիոն մյուս երեխաներից տարբերվում էր հիվանդոտ ու թուլակազմ կազմվածքով: Բայց դա չէր խանգարում անտրտունջ տանել քահանայի դաստիարակչական բոլոր խիստ մեթոդները:

Հայրը Հորացիոյին պատանի հասակից տվեց Դաուն-Մարկետի դպրոց, իսկ միջնակարգը Հորացիոն ավարտեց Նորվիչում: Սակայն նա աչքի չընկավ նաև ուսման բնագավառում:

Տեսնելով, որ որդին ո՛չ ուսման, ո՛չ էլ հոգևոր ասպարեզում առանձնահատուկ հակումներ չունի, հայրը 12-ամյա որդուն հանձնեց քեռու` նավապետ Մորիս Սակլինգի խնամքին, որը, հաշվի առնելով Հորացիոյի թուլակազմությունը, դժվարությամբ համաձայնեց իր նավ առնել զարմիկին: Նա անգամ ասաց, որ առաջին իսկ մարտի ժամանակ Հորացիոն դիակ կդառնա…

Սակայն, չնայած իր վտիտ կերպարանքին, Նելսոնը քաջ էր, անվեհեր: Տակավին պատանի` նա մի անգամ մոլորվում է անտառում: Նրան կեսգիշերին հայտնաբերում են միայնակ, թավ անտառում, գետի ափին անվրդով նստած: Երբ տանը տատը հարցնում է, թե արդյոք մութը և վախը նրան չստիպեցին ժամանակին տուն դառնալ, պատանի Հորացիոն պատասխանում է. «Մութ էր, բայց ես վախին անտառում չհանդիպեցի»:

Իսկապես, նրա բնութագիրներից պարզ երևում է, որ Նելսոնը ողջ կյանքում այդպես էլ «չի հանդիպել վախին»….

Շուտով, սակայն, քեռու նավը վերանորոգման տարան, բայց նավապետը միջնորդեց, որ զարմիկին ընդունեն ծառայության «Տրիումֆ» նավի վրա, որ պատրաստվում էր ուղևորվել խաղաղօվկիանոսյան կղզիներ:

Բայց, ի զարմանս բոլորի, Հորացիոն նավի վրա իրեն զգում էր ինչպես իր սեփական տանը: Նա արագ յուրացրեց նավաստու դժվարին մասնագիտությունը, և քեռին շուտով զարմիկին դարձյալ իր մոտ տարավ որպես իր նավի միչման:

1773 թ. նա մասնակցեց բևեռային արշավախմբին, ու սպիտակ արջերի որսի ժամանակ աչքի ընկավ առանձնակի քաջությամբ: Սակայն մասնագիտական և ծառայողական առումով ապագա ծովակալին այդ ճամփորդությունը գրեթե ոչինչ չտվեց:
Վերադառնալով տաք ջրեր` նա որպես առաջին կարգի նավաստի ծառայության անցավ «Սիխորս» նավում, սակայն այստեղ նրան անհաջողությունն էր դարանակալել: Նելսոնը վարակվեց տենդով և «Դելֆին» նավով Հնդկաստանի ափերից ճանապարհվեց դեպի Անգլիա: Հայրենիքում կազդուրվելուց հետո նա այլ նավ ընտրեց, մտավ ծառայության և ուղեկցում էր առևտրական տորմիղները հարավային ջրերում:
1777 թ. նա ստացավ լեյտենանտի կոչում: Պետք է խոստովանել, որ նա այդ կոչումը չվաստակեց, այլ նվեր ստացավ իր քեռուց, որ կոչումներ շնորհող հանձնաժողովի նախագահն էր: Դրանից անմիջապես հետո Նելսոնը նշանակում ստացավ խաղաղօվկիանոսյան կղզիների առափնյա ջրերում նավարկող նավերում:

Սակայն, շատ չանցած` նա, արդեն որպես նավապետի օգնական, տեղափոխվում է Լատինական Ամերիկայի ափամերձ շրջան ու պայքար ծավալում ծովահենության դեմ:
Պայքարը հաջող էր, և անգլիական ծովակալությունը հաջորդ տարին 20-ամյա Նելսոնին վստահեց նավապետի պաշտոն:
Ծովահենության դեմ պայքարում նա առանձնակի քաջությամբ ու խստությամբ աչքի ընկավ Ճամայկայի ափերին:
Նելսոնը ծովակալ Պարկերի սիրելին էր դարձել և Ճամայկայում հաճախ էր հյուրընկալվում նրա տանը: Երիտասարդ նավաստու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ու քնքշություն էր տածում նաև ծովակալի կինը` լեդի Պարկերը:
Սակայն շուտով Նելսոնը հիվանդանում է տենդով, և Պարկերը նրան ուղարկում է Անգլիա` բուժման:
Կազդուրվելուց հետո նա նշանակում է ստանում Եվրոպայի առափնյա ջրերում, ապա որպես ֆրեգատի նավապետ տեղափոխվում Կանադա: Այնտեղ` Քվեբեկում, նա հանդիպեց իր առաջին սիրուն` 16-ամյա Մերի Սիմփսոնին, որ տեղի զինվորական ոստիկանության պետի դուստրն էր: Սակայն Նելսոնի երազանքը հօդս ցնդեց գեղանի աղջկա մերժմամբ…
Երիտասարդ նավապետը խիստ էր ու կարգապահության ջատագով: Իր հրամանատարության տակ գտնվող նավում նա խիստ միջոցներ էր կիրառում նավաստիներին կարգի բերելու համար: Հաճախ գործը հասնում էր ճիպոտահարության: Եվ Նելսոնի հրամանով կարգազանցին ճիպոտահարում էին մինչ նրա մահամերձ վիճակը: Դաժան մեթոդները նպաստեցին ոչ միայն կարգուկանոնի հաստատմանը, այլև Նելսոնի համբավին: Հետագայում շատ նավաստիներ էին հպարտանում, որ հենց Նելսոնի հրամանի ներքո են գործում: Լինելով խստականոն նավապետ` նա իր ենթականերին դիմում էր որպես եղբայրների: Նելսոնի հավատամքով` նավաստու համար հպարտությունն ու արժանապատվությունը առաջնային են:
Նելսոնը` որպես հրամանատար, ուներ իր սկզբունքները.
– Հատուկ ուշադրություն անձնակազմի բոլոր անդամներին:
– Լուրջ վերաբերվել նավաստիների կարծիքներին:

– Նավաստիների հետ խոսել նրանց զգացմունքների մասին. նրանց կողքին լինել թե՛ ուրախության, թե՛ վշտի պահին:
– Երբեք նավաստուն չստիպել անել այն, ինչ ինքդ պատրաստ չես անել:
– Ըստ արժանվույն կարևորել, խրախուսել ամեն մի ծառայություն, քաջություն:

1783 թ. Նելսոնն արձակուրդ վերցրեց և ուղևորվեց Ֆրանսիա` հանգստանալու: Այստեղ նա ծանոթացավ օրիորդ Էնդրիուսի հետ, արագ սիրահարվեց, սակայն նրա սերը դարձյալ անպատասխան մնաց: Բայց դա վերջին անհաջողությունն էր կանանց շրջանում: Հետագայում Նելսոնը մի դափնի էլ նվաճեց` ազնվազարմ կանանց համար հաջողակ ու ցանկալի սիրեկանի համբավը:

Նելսոնի մոտ հանկարծակի ցանկություն է առաջանում դառնալու անգլիական պառլամենտի անդամ, սակայն նրա այդ իղձը չի իրականանում և նշանակում ստանալով ֆրեգատի վրա` անցնում է ծառայության խաղաղօվկիանոսյան տաք ջրերում: Այստեղ ջախջախեց հոլանդական տորմիղը, որ գերի էր վերցրել անգլիացի նավաստիների, և ազատեց գերիներին:

Ծառայության ընթացքում Նելսոնը սիրահարվեց անգլիական ծովակալության ներկայացուցչի կնոջը` գեղեցկադեմ Ջերրի Մոուտրիին: Տիկինը նույնպես անտարբեր չէր Նելսոնի հանդեպ, բայց նրանց սիրավեպը կարճ տևեց. Ջերրին ամուսնու հետ վերադարձավ Անգլիա:

ԱՄՆ-ի անկախությունից հետո խնդիրներ առաջացան առևտրի ոլորտում: Ամերիկյան առևտրական նավերն այլևս չէին կարող արտոնյալ պայմաններում առևտուր անել, սակայն անգլիական չինովնիկները, կաշառք վերցնելով, աչք էին փակում, և անգլիական առևտուրը տուժում էր դրանից: Նելսոնը ձեռնամուխ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին: Նա մի քանի նավեր բռնագրավեց, ինչն առաջացրեց անգլիական պաշտոնյաների դժգոհությունն ու թշնամությունը: Չնայած թագավորի աջակցությանը` Նելսոնի դեմ բազում խոչընդոտներ ծառացան, քանզի գործի մեջ շատ անգլիական պաշտոնյաներ էին ներքաշված:

Բարբադոս կղզում Նելսոնը ծանոթացավ երիտասարդ այրի Ֆրենսիս Նիսբեթի հետ: Ֆրենսիսը զավակ ուներ առաջին ամուսնությունից: Նրանց միջև մեծ կիրք և սեր բորբոքվեց, որի հանգուցալուծումը եղավ Նելսոնի ամուսնությունը Ֆրենսիսի հետ 1787 թ. մարտի 11-ին:

Շուտով սկսվում է անգլո-ֆրանսիական պատերազմը, և Նելսոնը տուն վերադառնալով` նշանակում է ստանում Միջերկրական ծովում գործող անգլիական նավատորմում` դառնալով գծանավի նավապետ: Այստեղ նա լուրջ մարտական մկրտություն ստացավ` մասնակցելով Կորսիկայի, Թուլոնի մարտերին: Կալվի քաղաքի պաշարման ժամանակ Նելսոնը վիրավորվեց աջ աչքից: Սակայն չլքեց մարտադաշտն ու աչքի ընկավ առանձնակի քաջությամբ:

Պորտուգալիայի ափերի մոտ իսպանական նավատորմի ջախջախման ժամանակ Նելսոնն աչքի ընկավ ոչ միայն անձնական քաջությամբ: Առանց տորմիղի հրամանատարի հետ համաձայնեցնելու` նա իր գծանավով մանևրեց ու արդյունքում չորս ռազմանավ գերեց: Հրամանատարը պարսավեց Նելսոնին ինքնագործունեության համար և… ներկայացրեց պարգևատրման: Այս ծովամարտի համար Նելսոնը պարգևատրվեց ասպետական խաչով:
Աչքի վնասվածքը Նելսոնի միակ փորձությունը չէր: 1797 թ. Տեներիֆե նավահանգստի գրավման ժամանակ նա կորցրեց աջ ձեռքը: Սակայն Նելսոնը շատ արագ շարք վերադարձավ և հաջորդ տարի գործուղվեց Միջերկրական ծով` խանգարելու Նապոլեոնի եգիպտական արշավանքին:

Ֆրանսիացիների հետ առաջին առճակատումը Նելսոնին ոչինչ չտվեց, նա չկարողացավ խոչընդոտել Նապոլեոնին: Սակայն մի քանի ամիս անց նա ջախջախեց ֆրանսիական նավատորմը Աբուկիրի մատույցներում, իսկ ինքը վիրավորվեց, այս անգամ` գլխից: Որպես շնորհ` Անգլիայի թագավոր Գևորդ Գ-ն Նելսոնին բարոնի տիտղոս շնորհեց: Իսկ Եգիպտոսից Նապոլեոնի հեռանալուց հետո նրան պարգևատրեց թուրքական սուլթան Սելիմ Գ-ն:

Այնուհետև, Նելսոնը տեղափոխվեց Իտալիա, ուր պիտի օգներ Նեապոլիտանիայի թագավորին Ֆրանսիայի դեմ պատերազմում: Այստեղ Նելսոնը հանդիպեց իր մեծ սիրուն` Նեապոլիտանիայում անգլիական դեսպանի կնոջը` Էմմա Համիլթոնին: Նրանց սերը բուռն էր, կրքոտ: Էմման Նելսոնին դուստր պարգևեց: Նելսոնի և լեդի Համիլթոնի սիրո մասին հետագայում շատերը գրքեր գրեցին, ֆիլմեր նկարեցին….

Սակայն նեապոլիտանական ծրագրերը խափանվեցին, քանզի Նապոլեոնը գրավեց Նեապոլը: Հետագայում Նեապոլն ազատագրեց ռուսական նավատորմը` ծովակալ Ֆյոդոր Ուշակովի հրամանատարությամբ: Նելսոնը քաղաքում դաժանաբար հաշվեհարդար տեսավ ֆրանսիացի գերյալների և իտալացի հանրապետականների նկատմամբ: Նեապոլից հետո անգլիական ծովակալությունը Նելսոնին շնորհեց կոնտր-ադմիրալի կոչում:
Հաջորդ տարիներին Նելսոնը կռվում էր մերթ Բալթիկ ծովում` մասնակցելով Կոպենհագենի օպերացիային, մերթ Լա Մանշի նեղուցում, մերթ Միջերկրական ծովում:
1805 թ. հոկտեմբերի 21-ին Նելսոնի հաղթարշավն էր` Տրաֆալգարի ծովամարտը:
Նա նոր մեթոդ և մարտավարություն կիրառեց այս ծովամարտում: Մինչ այդ, որպես կանոն, թշնամի նավերը որոշակի հեռավորության վրա շարված կրակ էին բացում միմյանց վրա: Նելսոնն առաջին անգամ ծովում կիրառեց կրակային սեկտոր հասկացությունը. փոխելով նավերի դասավորվածությունը, այն դարձնելով երկշարք` կարգադրեց թիրախային կրակ վարել:

Մարտավարությունն արդարացված էր. ֆրանս-իսպանական նավատորմի 47 նավերից ծովամարտը լքեցին 11-ը, մնացածը գերված կամ խորտակված էին: Անգլիական նավատորմը կորուստներ չէր կրել:

Տրաֆալգարի ճակատամարտով վերջնականապես ծովում հաստատվեց Անգլիայի տիրակալությունը, և Նապոլեոնի հույսերը` խորտակել Անգլիան, հօդս ցնդեցին: Բնականաբար, դա էապես ազդեց Նապոլեոնի հետագա գործունեության վրա, և նապոլեոնյան կայսրության կործանման պատճառը հենց ռուս-անգլիական դաշինքը եղավ:
Մարտի ժամանակ Նելսոնը թիկունքից մահացու վիրավորվեց անգլիացի դիպուկահարի կրակոցից ու մահացավ մարտի ժամանակ: Հոգեվարքը տևեց երեք ժամ: Նելսոնը երջանիկ էր. ժպտում էր` վստահ իր հաղթանակին: Նա երազում էր փառահեղ հաղթանակի ու աղմկալից, հերոսական վախճանի մասին:

Նելսոնի դին կոնյակի սպիրտով լի տակառով Լոնդոն տեղափոխվեց 1806 թ. հունվարի 9-ին ու հանդիսավոր ամփոփվեց սուրբ Պողոսի տաճարում:

 

 

ԶԱՔԱՐԵ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ. նա զորավար էր թագավորների մեջ և թագավոր` զորավարների մեջ

Zaqare-BԶաքարե Զաքարյանը ռազմաքաղաքական մեծ գործիչներից էր: Եզակի զորահրամանատար, որ ոչ միայն երբևէ չճաշակեց պարտության դառնությունը, այլև սուր ճոճեց ոչ միայն հանուն հայրենյաց, այլև հանուն պատվի:

Զաքարյանների տոհմի ակունքները Վասպուրականից են: 1021 թ., երբ Վասպուրականի թուլամորթ թագավոր Սենեքերիմ Արծրունին իր պետությունը հանձնեց Բյուզանդական կայսրությանն ու հաստատվեց Բյուզանդիայի հայաբնակ վայրերում` Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում, ոչ բոլոր Արծրունիները նրա հետ հեռացան Վասպուրականից: Արծրունյաց շառավիղներից շատերը մնացին հայրենի բնօրրանում, շատերն էլ ստիպված էին լքել Վասպուրականը, քանզի չէին կամենում ծառայել օտարին:

Եվ Զաքարյանների նախնին` Զաքարե Առաջինը, տեղափոխվեց Հյուսիսային Հայաստան` Լոռի: Լոռվա ընտրությունը պատահական չէր: Արծրունիների հակամարտությունը Անիի Բագրատունիների հետ դարերի խորքից է գալիս: Իսկ տվյալ ժամանակամիջոցում Անիից հետո ամենաազդեցիկ ու ամենահզոր հայոց պետությունը Լոռվա Կյուրիկյան թագավորությունն էր, որի գահակալ Դավիթ Ա Անհողինը (990-1048) թշնամական դիրք էր բռնել Անվո թագի հանդեպ և երիցս փորձել էր տիրանալ իր հայրենական ժառանգությանը` Հայոց թագավորությանը, որին ապօրինաբար տիրացել էր իր հորեղբայր Գագիկ Ա Շահնշահը (990-1020):

Եվ այսպես, XI դարի 20-ական թվականներին Արծրունյաց տան շառավիղները հաստատվեցին Լոռվա թագավորությունում: Դավիթ Անհողինը, որպես հայրենական կալվածք, նրանց հանձնեց Խոժոռնի բերդաքաղաքը և ըստ էության նաև Տաշիր-Ձորագետի թագավորության սպարապետության գործակալությունը:
Զաքարյանների վաղ շրջանի գործունեությունից շատ քիչ բան է հայտնի: Գիտենք միայն նրանց մի նախնու` Խոսրովի (Խոսրովիկ) մասին, որի գերեզմանը գտնվում է Հաղպատավանքի զանգակատան դիմաց, այսօր շատերն այն սխալմամբ համարում են Խոսրովանուշ թագուհու գերեզմանը:

1118 թ. Լոռվա թագավորությունը կործանվեց վրաց Դավիթ Դ Շինարար թագավորի հարվածներից: Զաքարյանները դրանից հետո ծառայության անցան վրաց արքունիքում և համարվում էին Լոռիին տիրացած Օրբելիների վասալները:

1177-1178 թթ. վրաց արքայազն Դեմետրեն ապստամբում է Գեորգի Գ թագավորի դեմ, որն անօրինաբար տիրացել էր վրաց գահին և զրկել Դեմետրեին հայրական թագից: Ապստամբության առաջամարտիկը ռազմատենչ ու հզոր Օրբելիների տոհմն էր, որի բանակում կռվում էին նաև Զաքարյանները (Սարգիս Զաքարյան) հայկական զորագնդերով: Սակայն պատերազմի վճռական պահին Սարգիս Զաքարյանը հայոց զորաբանակով անցավ Գեորգի Գ արքայի կողմը, ինչն էլ վճռեց պատերազմի ելքը: Հաղթանակից հետո Գեորգի Գ վարձահատույց եղավ Սարգիս Զաքարյանին: Նրան դասեց վրաց բարձր կարգի ազնվականության շարքը, Զաքարյաններին որպես հայրական ժառանգություն հանձնեց Օրբելիներից խլած Լոռին, Սարգիս Զաքարյանին կարգեց վրաց զորքերի ամիրսպասալար-սպարապետ:

Սարգիս Զաքարյանի մահից հետո կարճ ժամանակ անց` 1192 թ., վրաց պետության սպարապետությունը ստանձնեց նրա ավագ որդին` Զաքարե Զաքարյանը, որի անվան հետ է կապված ոչ միայն Հայաստանի ազատագրումը սելջուկյան լծից, այլև վրաց պետության փառքը:

Զաքարե Զաքարյանը եղբոր` Իվանե (Հովհաննես) Զաքարյանի հետ վերակազմավորեց հայոց բանակը, բարձրացրեց նաև վրաց բանակի մարտունակությունն ու ձեռնամուխ եղավ Հայաստանի ազատագրման սուրբ գործին:
Զաքարեի և Իվանեի հրամանատարությամբ հայկական բանակները սկսում են իրենց հաղթարշավը: 1190-1207 թթ. ընթացքում քաջարի եղբայրների հրամանատարությամբ ազատագրվում է ողջ Արևելյան և Կենտրոնական Հայաստանը` Անին, Կարսը, Դվինը, Նախճավանը, Բագրևանդը, Արճեշը, Մանազկերտը, Բասենը, Ղազվինը…
Զաքարե Զաքարյանը սրանով հիմք դրեց հայոց նոր պետականության` Զաքարյանների թագավորության: Այո, հենց թագավորության, քանզի նա վիմագիր արձանագրություններում և պատմիչների աշխատություններում կոչվում է արքա հայոց, կեսար, թագավոր, նմանատիպ այլ տիտղոսներով, որ ամենևին չափազանցություն չէր Զաքարեի դիրքի և ազդեցության համեմատ:
Զաքարյանների պետության կարգավիճակի հարցը պատմաբանների մոտ մինչ այժմ վեճերի տեղիք է տալիս: Սակայն այն, որ Զաքարյանների պետությունը հենց թագավորություն էր, ակնառու է:
961 թ., երբ Աշոտ Գ Ողորմած արքան հայոց մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի, Հայաստանում կատարեց պատմության մեջ նախադեպը չունեցող վարչական բարեփոխումներ: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին դաշնային պետությունը. մի քանի թագավորություններ (այդ թվում` վրաց Բագրատունիների թագավորությունը) միավորվեցին հայոց միասնական պետության մեջ` համադաշնության սկզբունքով, որի գերագահը Անիի Բագրատունիներն էին: Անիի թագավորության կործանումից շատ չանցած` պետական այդ մոդելը կիրառեցին վրաց Բագրատունիները, վրաց թագավորությունը բաղկացած էր յոթ առանձին թագավորություններից, որոնցից մեկը Սոմխեթն էր` հայոց երկիրը: Զաքարյանները ոչ միայն հասան Հայաստանի ամբողջական անկախությանը, քանզի հարկ չէին վճարում վրաց Բագրատունիներին, այլև իրենց ձեռքը վերցրին վրաց պետության կառավարման բոլոր լծակները: Վրաց արքունիքի հինգ կարևորագույն գործակալություններից չորսը Զաքարյան տոհմի ձեռքում էր:
Այլ հարց է, որ Զաքարյան Հայաստանի պաշտոնական անունը Հայոց թագավորություն չէր: Պատմիչներն այդ ժամանակամիջոցում Հայաստանն անվանում էին Արևելից երկիր, Արևելյան կողմ հայոց և նման այլ արտահայտություններով, քանզի Հայոց թագավորություն կոչվում էր Կիլիկիայի հայոց թագավորությունը, որի գահակալներն էլ իրենց հերթին ունեին Հայոց թագավոր տիտղոսը:
Առհասարակ, Զաքարե Զաքարյանը սերտ կապերի մեջ էր Կիլիկիայի թագավորության հզորագույն գահակալ Լևոն Բ Մեծագործի հետ: Նրանց նպատակը Հայաստանի և Կիլիկիայի միավորումն էր: Սակայն այդ գործին խանգարեց Խլաթի պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանի անփութությունը: Խլաթի էմիրությունն էր միայն բաժանում երկու հայոց պետությունները, և Զաքարյանները մեծ բանակով պաշարեցին հնամենի հայոց քաղաքը: Բայց պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանը անզգուշորեն գերվեց: Զաքարեն ստիպված էր զիջումների գնալ: Նա չգրավեց Խլաթը, այլ Խլաթի էմիրության պահպանման գնով ազատեց եղբորը, իր դուստր Թամարին (հետագայում Արևելքում հայտնի Թամթա խանումը) կնության տվեց Խլաթի էմիրի որդուն, և երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ հաստատվեցին:
Զաքարեն սուր էր ճոճում ոչ միայն հանուն հայրենիքի, այլև հանուն պատվի:
1204 թ. Թիֆլիսում` վրաց արքունիքում, Թամար թագուհու և վրաց պետության ողջ ազնվականության ներկայությամբ Իկոնիայի սուլթանի դեսպանի ընդունելություն էր:
Դեսպանը Թամարին է փոխանցում սուլթանի ուղերձը, որ հոխորտում էր, թե քարուքանդ կանի վրաց տունը, հարկեր էր պահանջում և վերջում ավելացնում. «Եթե Թամարը հարկ կհամարի իսլամ ընդունել, կլինի իմ սուլթանի առաջին տիկինը, եթե կցանկանա մնալ քրիստոնյա, ապա կզարդարի սուլթանի հարեմը»:

Քար լռություն է տիրում. ոչ ոք սիրտ չի անում արժանավայել պատասխան տալ դեսպանին: Միայն Զաքարեն է ոտքի կանգնում, հարվածում լկտի դեսպանի դեմքին, որը ուշագնաց է լինում: Երբ դեսպանին ուշքի են բերում, Զաքարե Զաքարյանն ասում է.
-Նախ հարկ էր լեզուդ կտրել, ապա և գլուխդ, բայց քանի որ դեսպան ես` խնայում եմ քեզ: Գնա, ասա տիրոջդ, որ Զաքարեն սրով կտա իր պատասխանը:
Եվ հայոց զինավառ բանակը արշավելով արևմուտք` Բասենի ճակատամարտում իսպառ ջախջախում է Իկոնիայի սուլթանության զորքերին:
Հատկանշական է Զաքարեի ձեռնարկած արշավանքը Արդաբիլի վրա: 1209 թ. գարնանը հայոց բանակը և ազնվականությունը գտնվում էին Թիֆլիսում` վրաց արքունիքի հետ համատեղ Զատիկ էին նշում, երբ Արդաբիլի սուլթանը գողեգող հարձակվեց Անիի վրա, գրավեց անպաշտպան քաղաքը, եկեղեցիներում այրել տվեց 12000 հայերի ու փախավ:
Զաքարեն, վերադառնալով Թիֆլիսից, պատերազմ հայտարարեց Արդաբիլի սուլթանին և բացեիբաց հայտնեց նրան իր ռազմական գիծը, թե երբ և որքան զորքով կլինի Արդաբիլի պարիսպների տակ:
Գրավելով Արդաբիլը` նա հրամայեց քաղաքը ավերի ու կողոպուտի ենթարկել, մզկիթներում այրել 12000 իշխանավոր-ազնվականների:

Զաքարեն հայոց նորաթուխ պետության մեջ վարչական բարեփոխումներ իրականացրեց: Նա, սակայն, չկիրառեց Բագրատունյաց թագավորության կենտրոնախույս մոդելը: Երկիրը բաժանեց առանձին ռազմական միավորումների` կողմնակալությունների, որոնց վրա կառավարիչ-զորապետներ կարգեց իր աչքի ընկած զորավարներից: Հայաստանում Արշակունյաց և Բագրատունյաց շրջանների նախարարական տների փոխարեն առաջնային տեղեր զբաղեցրին Վաչուտյանները, Օրբելյանները, Պռոշյանները, Խաչենի իշխանները:

XIII դարում Հայաստանում, հատկապես հյուսիսային մասում` Լոռիում, հայ-քաղկեդոնական հոծ համայնք կար, և հաճախ էին կրոնական սուր վեճեր ու ընդհարումներ լինում հայ առաքելականների և հայ քաղկեդոնականների, ինչպես նաև հայ և վրաց հոգևորականների միջև: Կրոնական հարցերը քննարկելու և լարվածությունը վերացնելու նպատակով Զաքարե Զաքարյանը նախ Լոռիում 1205 թ., ապա և Անիում 1207 թ. եկեղեցական ժողովներ գումարեց:
Սակայն հայ կղերականների կոշտ դիրքորոշման պատճառով` Զաքարեի վարած կրոնական հանդուրժողական քաղաքականությունը տապալվեց, դա հետագայում պակաս դեր չխաղաց Զաքարյան Հայաստանի կործանման գործում:
Մեծ զորավարն ու արքան մահացավ 1212 թ. ու թաղվեց տոհմական դամբարանում` Սանահինի վանքում:

 

ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍ. ողջ կյանքում նյութական միջոցներ հայթայթեց տարագրյալ հայության համար

Լեփսիուս3Հայ ժողովուրդը թշնամիներ շատ է ունեցել, բայց բարեկամների պակաս էլ չի զգացել: Այդ բարեկամներից է գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի վկայությունները հայության ցեղասպանության մասին այսօր մեծ արժեք են ներկայացնում հայոց դատի հետապնդման համար:

Մեծ հայասերը ծնվել է 1858 թ., գերմանական Պոտսդամ քաղաքում` բողոքական հոգևորականի ընտանիքում:
Լեփսիուսի կատարած աշխատանքը առավել գնահատելի է այնքանով, որ նա սոսկ ուսումնասիրող չի եղել, այլ հենց ցեղասպանության տարիներին մաքառող մարտիկ, որ Եվրոպայով մեկ թմբկահարում էր հայերի հետ կատարվող դժբախտություններն ու օգնություն ցուցաբերելու գործնական քայլեր կատարում:

1895 թ. նա Ֆրիզդորֆում ստեղծեց «Գերմանա-հայկական առաքելությունը»` նպատակ ունենալով Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի շրջանում լուսավորություն տարածել, ինչպես նաև` տարածել ավետարանչական եկեղեցու դրույթները:
Դեռևս Աբդուլ-Համիդ Բ սուլթանի տիրապետության օրոք կազմակերպված հայկական ջարդերի ժամանակ` 1896 թ., նա շրջագայեց Արևմտյան Հայաստանում, ուր հարուստ նյութ հավաքեց ականատեսներից Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների վերաբերյալ: Այս շրջագայության արդյունքները հետագայում եվրոպական մամուլում երկար հոդվածաշար դարձան, որում նկարագրվում էր հայության կրած սարսուռները 1894-1896 թթ.: Հոդվածաշարը` «Ճշմարտություն Հայաստանի մասին», ցնցեց Եվրոպան: Կարճ ժամանակամիջոցում այն թարգմանվեց և վերահրատարակվեց մի քանի անգամ:
Լեփսիուսը, հրապարակախոսությունից զատ, եվրոպական քաղաքներում ակտիվորեն մասնակցում էր հայկական հավաքներին, բողոքի ցույցերին, հանգանակություններ էր կազմակերպում համիդյան բռնություններից տուժած հայերի համար:
Հետագայում` 1914 թ., նա ստեղծեց Գերմանա-հայկական ընկերությունը, որի նպատակը հայությանը հումանիտար աջակցություն ապահովելն էր և հայության շահերի պաշտպանությունը: Նա այս ընկերության նախագահն էր մինչև իր կյանքի վերջը: Գերմանա-հայկական ընկերությունը հայանպաստ մեծ գործունեություն ծավալեց: Նա բազում աշխատություններ տպագրեց, բայց այդ շարքում իր առանձին տեղն ունի, անկասկած, «Մեսրոպ» երկլեզու հանդեսը:
Լեփսիուսի գործունեությանը խանգարում էր Գերմանիան, որ իր հաշիվներն ուներ աշխարհի քաղաքական խաղերում: Սկսվում են մեծ հումանիստի հանդեպ հալածանքները: Յոհաննես Լեփսիուսը հաստատվեց Հոլանդիայում, որ պատերազմի ժամանակ չեզոքություն էր հայտարարել, ու այնտեղից ծավալեց իր գործունեությունը:
Ցեղասպանության տարիներին նա ամեն ինչ արեց` կանխելու հայության գլխին կախված սպառնալիքը: Այդ նպատակով անգամ հանդիպեց Էնվերի հետ:
Բազմիցս եղավ հայ աքսորյալների ճամբարներում` ուսումնասիրելով նրանց վիճակը, փորձելով օգնություն հասցնել սովյալներին:
Արդեն 1919 թ. նա հրատարակեց «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թվականներին» աշխատությունը, որում բազում անհերքելի ապացույցներ են բերված երիտթուրքերի կատարած ոճիրների մասին: Լեփսիուսի զեկուցագրերը, հրապարակած աշխատությունները ականատեսի թարմ վկայություններ էին հենց դեպքի վայրից: Իր զեկուցագրերից մեկում Լեփսիուսը նշում է.

«Ինչպես Դանթեի «Դժոխքի» դարպասին էր գրված, այնպես էլ համակենտրոնացման ճամբարների մուտքերին կարելի է գրել. «Ովքեր մտնում են այստեղ, թող ոչ մի հույս չունենան փրկվելու»։ «Այստեղ խոսել «Հազար ու մի գիշերների» մասին, նշանակում է ոչինչ չասել։ Թվում էր` իրոք քայլում եմ դժոխքի միջով։ Այն քիչ տեղահանությունները, որոնք ուզում եմ վերարտադրել, պատահական են և շտապ ի մի բերված։ Դրանք կարող են տալ միայն թույլ պատկերացում այն սարսափելի և դաժան պատկերների մասին, որոնք տեսել եմ իմ աչքերով։ Ամենուրեք, ուր էլ որ ուղևորվել եմ, տեսել եմ նույնը, բարբարոսության սարսափելի իշխանություն, որի նպատակը հայ ազգի պարբերաբար բնաջնջումն է։ Դահիճների նույն անմարդկային գազանությունը, դժբախտ զոհերին տանջելու նույն խոշտանգումները։ Մեսքենեից մինչև Դեյր Էլ-Զոր նույն հրեշավորության վկաներն են»։

«Այն տեսարանները, որոնց ես ականատես եղա, վեր են հնարավոր դաժանության ամեն տեսակի պատկերացումից։ Այնտեղ, ուր կանգ առավ իմ կառքը, տեսա կանանց, որոնք կառքի մոտենալուն պես նետվեցին դեպի ձիերի թրիքը, սկսեցին քթթել ու հանել այնտեղ գտնվող չմարսված գարու հատիկները, որպեսզի ուտեն։ Հաց տվեցի նրանց։ Սովյալ շների նման հարձակվեցին հացի վրա և ատամներով, սարսափելի ագահությամբ, պատառոտեցին այն՝ դողդողալով ու էպիլեպտիկ ցնցումներով»։

«Միանգամայն ակնհայտ է, որ հայերին աքսորելը կապված չէ միայն ռազմական նկատառումների հետ։ Վերջերս ներքին գործերի մինիստր Թալեաթ բեյն առանց քաշվելու հայտարարել է կայզերական դեսպանության աշխատակից դոկտոր Մորդմանին, որ «Բարձր դուռը ձգտում է օգտագործել համաշխարհային պատերազմը, որպեսզի հիմնովին արմատախիլ անի իր ներքին թշնամիներին (տեղական քրիստոնյաներին), առանց հարուցելու դիվանագիտական միջամտություն արտասահմանից»:

Շուտով նա կազմակերպեց Հայերի օգնության միջազգային լիգան` հումանիտար օգնություն հայթայթելով հազարավոր հայերի համար: Լիգայի կենտրոնակայանը Ժնևում էր, սակայն գործում էր Եվրոպայի ողջ տարածքում:
1921 թ. նրա ցուցմունքները կարևոր ազդեցություն ունեցան Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ, երբ գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Թալեաթին սպանած հայ հերոսին:

Դատավարության ժամանակ նա մերկացրեց երիտթուրքերի կառավարությանը հայաջինջ քաղաքականության համար. «Համընդհանուր տեղահանության որոշումը կայացրել էր երիտթուրքական կոմիտեն, այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան (ռազմական նախարար Էնվերի հետ համատեղ): Հայերի բռնագաղթն իրականացվեց երիտթուրքերի հատուկ կազմակերպությունների միջոցով…
Անատոլիայի ողջ հայ բնակչությունը, վերևից ստացած հրամանի համաձայն, աքսորվեց Միջագետքի անապատի հյուսիսային և հարավային շրջաններ` Դեր Զոր, Ռաքքա, Մեսիենե, Ռաս ուլ Այն, ընդհուպ մինչև Մոսուլ: Տեղահանվեցին մոտավորապես 1.400.000 հայեր:
Ի՞նչ էր նշանակում այդ տեղահանումը:
Թալեաթ փաշայի ստորագրած հրամանում կան այսպիսի բառեր. «Տեղահանումը բնաջնջում է»:

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամը վախճանվեց 1926 թ. փետրվարի 28-ին, Հարավային Տիրոլում` Իտալիայի Մերանո քաղաքում, 68 տարեկան հասակում:

Յոհաննես Լեփսիուսը ողջ կյանքում նյութական միջոցներ հայթայթեց տարագրյալ հայության համար, բայց իր համար դրամ ու նյութական միջոցներ չկուտակեց: Եվ նրա մահից հետո նրա սիրեցյալ ու հավատարիմ կինը` Ալիսա Լեփսիուսը, հայտնվեց նյութական ծանր կացության մեջ:

Այդ ժամանակ նրան օգնության շտապեց երախտապարտ հայությունը: Սփյուռքահայության տարբեր oջախներում շարունակական հանգանակություններ կազմակերպվեցին` Յոհաննես Լեփսիուսի այրուն օգնություն ցույց տալու համար: Եվ Ալիսա Լեփսիուսը մինչև իր կյանքի վերջը` 1969 թ., նպաստ ստացավ երախտապարտ հայ ժողովրդից:

Փառք Յոհաննես Լեփսիուսին` հայ ժողովրդի իսկական բարեկամին:

 

 

ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ

նեմրութ Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական:

Երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբում` Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և փութով իրերը բարձեցինք ու շարժվեցինք:
Ընդհանուր ոգևորությունը մեծ էր: Խմբից քչերն էին եղել Արևմտյան Հայաստանում: Համընդհանուր ոգևորության քողի տակ բոլորին թվում էր, թե ավտոբուս նստելով` արդեն իսկ Էրգրում են: Գուցե և այդպես էր, քանզի մթնոլորտը տրամադրող էր. այս ուխտագնացությանը բոլորն էին սպասում, օրերն ու ժամերն էին համրում:
Երևանից շարժվեցինք նախատեսված ժամին` 3-ին: Ճանապարհը երկար էր, հոգնեցնող. հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետով մուտք գործեցինք Վրաստան, ապա Ջավախքով ուղևորվեցինք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման ու Վալեի մաքսակետով մտանք Արևմտյան Հայաստան:
Վրաստանի և Թուրքիայի պետական սահմանը հատելիս առանձին դժվարություն չունեցանք: Սա ընթացիկ տարում իմ երրորդ այցելությունն էր Արևմտյան Հայաստան, և մինչ այժմ միակ խոչընդոտը թուրք սահմանապահների` օտար լեզվով հաղորդակից չլինելն էր, քանզի ողջ անցակետում օտար լեզվի տիրապետող որևէ սահմանապահ չկար: Այս անգամ, սակայն, նման խնդիր չունեցանք, ուխտավորների մեջ երկու հոգի վարժ տիրապետում էին թուրքերենին:
Ուխտավորների խումբը հիմնականում մտավորականներից էր բաղկացած: Արորդաց ուխտի քրմերից զատ, նաև երգիչ-երգահաններ Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Վարուժան Աղաջանյանը, Գրիգոր Համբարյանն էին, հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը և այլք:
Ավելորդ չէ նշել, որ ողջ ճանապարհն անցավ ակտիվ զրույցներով, քննարկումներով, երգ ու ասմունքով:
Սահմանը հատեցինք առավոտյան 10-ին ու… Էրգիրը մեզ խռոված դիմավորեց. անձրև, ցուրտ:
Մռայլ էինք նաև մենք: Ճնշող էր: Բնական գեղեցիկ տեսարանները, գույները հաջորդում էին իրար, Արևմտյան Հայաստանը աստիճանաբար իր գիրկն էր առնում մեր ավտոբուսը, բայց… Անցանք թուրքական զորամասի մոտով, ու հանկարծ մի խրոխտ, հուժկու ձայն պայթեց ավտոբուսում.
-Դե ելեք քաջեր, հայ ֆիդայիներ,- Գրիգոր Համբարյանն էր:
Ուխտավորները մեկեն արթնացան ասես, ու ողջ ավտոբուսը միասին թնդաց` կանչ հայ ֆիդայիների անմահ ոգիներին:
Ավտոբուսի ազգությամբ քուրդ վարորդը` Մահմադը, քթի տակ բարեհոգի ժպտաց. պարզ էր` հայերեն փոքրիշատե հասկանում էր:
Հայոց Կարսը
Հնամենի մայրաքաղաքն անհրապույր տեսքով դիմավորեց մեզ: Ծուռումուռ փողոցներ, ամենուր աղբակույտեր: Շուրջ 80 հազար բնակիչ ունեցող քաղաքն արևելյան հետամնաց բնակավայրի է նմանվում: Կարսում շատ են հին հայկական շինությունները: Պատմական արժեքներից կանգուն են միայն բերդը և Առաքելոց եկեղեցին: Հին շենքերի կողքին այժմ վեր են խոյանում նորակառույցները, բայց անճաշակ շինություններ են` ներկված կարմիր, դեղին, կանաչ, կապույտ գույներով: Զգացվում է, որ Կարսը մինչ օրս չունի զարգացման կայուն հատակագիծ:
Կարսում երկար չմնացինք. Ճաշեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Անի:

Անի` հայի կորցրած երազը
Սմբատաշեն պարիսպներով ներս մտանք քաղաք ու լուսանկարվեցինք Ավագ դռան առջև` Վահագնական կեռխաչի տակ: Սա Անի քաղաքի խորհրդանիշն է եղել: Նախաքրիստոնեական Հայաստանում հայ ռազմիկը աջ բազկին դաջել է խաչ պատերազմին ու սլացել ոսոխի դեմ: Խաչ պատերազմին հետագայում դարձավ Անվո խորհրդանիշը:
Ճնշող է Անին: Պարիսպների վրա ու մայրաքաղաքի միջնաբերդում ծածանվում է թուրքական կարմիր կիսալուսինը: Ոչինչ. արորդիք համոզված են, որ ի վերջո թուրքի լուսինը պիտի խոնարհվի:
Շարժվեցինք դեպի Մայր տաճար: Խոնարհված է Մայր տաճարը, ինչպես որ խոնարհված է Անին: Մենք չմտանք քրիստոնեական այս հրաշագեղ կոթողն աղոթելու: Այստեղ չկան ոգիներ, այստեղ ամայություն է տիրում:
Մենք ալելույա չենք կանչում, Հայր մեր չենք արտասանում, պատարագ չենք անում այստեղ:
Խոնարհված է Անին, ու հայոց չքնաղագեղ մայրաքաղաքը խոնարհվեց հենց իր շուրթերով Հայր մեր կարդացող ու այս տաճարում պատարագ անող դավաճան ու սրիկա կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի ձեռքով:
Բայց մեկեն երգեց տաճարը: Նրա պատերի տակ հանկարծ թնդաց երգը հայոց: Արսենը, Գրիգորը, Գուսանը, բոլոր ուխտավորներս հայի երգով, ռազմակոչով թնդացրինք տաճարը:
Քանի-քանի հարյուրամյակ Մայր տաճարի պատերի տակ հայի երգ չէր հնչել: Քանի-քանի հարյուրամյակ Անին` մեր վշտացած, խոնարհված ու չքնաղ Անին սպասել է հայի կանչին:
Մեր երգը մարտակոչ էր: Մեր երգը վրեժի, ցասման կոչ էր, որով կոչ էինք անում արի հայերին միանալ, համախմբվել ու խոնարհել թուրքի լուսինը, մաքրել Էրգիրը պղծությունից:
Զարթնիր, Հայկ Նահապետ, զարթնիր, Մեծն Տիգրան, զարթնիր, Պապ թագավոր, զարթնիր, Գևորգ Չաուշ, զարթնեցեք հայեր, Վահագնի զորությամբ գոտեպնդվեք ու մարտի ելեք… Ահա մեր աղոթքը Մայր Տաճարում:
Իսկ քրիստոնեական Ամենի փոխարեն մեր աղոթքի վերջում հնչեց Գրիգոր Համբարյանի բամբ ձայնը. «Մա՛հ ոսոխին…»:

Օր երկրորդ
20 հունիսի 2014
Չքնաղ է Վանը: Հայկական հետքերն այստեղ էլ քիչ են. Վանա բերդ, Մհերի դուռ… Բայց Վանը հայի շունչ ունի: Վանն անձնատուր չեղավ, Վանը մաքառեց ու հաղթեց ոսոխին: Վանը հպարտ է: Այն դատարկվեց սոսկ ռուսի դավաճանության հետևանքով: Բայց հաղթեց: Վանը սպասում է մեզ, Վանը կանչում է մեզ:
Ուղևորվեցինք Մհերի դուռ:
Ժայռի մեջ պարփակված Մհերը սպասում է մեզ, սպասում է մեր բազկի հարվածին, սպասում է վահագնական ուժով մարտի ելած հային, որ ջարդի, փշրի ժայռեղեն դուռն ու ազատի Մհերին` աշխարհում հաստատելու արդարությունն ու հայի կամքը: Մհերը սպասում է մեզ…
Մագլցեցինք ժայռը, Մհերի դռան առջև Արսեն Համբարյանին ձայնակցեցինք: Հնչեց Վահագնի ծնունդը:
Քերթողահոր ավանդած բառերը նոր շունչ են առել Արսենի մշակմամբ, ու տասնյակ ուխտավորները Վանում, Մհերի դռան մոտ կանչում են Վահագնին` ուժդ, շնորհդ տուր, Մեծն Վահագն, օգնիր խորտակել ժայռը, խոնարհել թուրքի լուսինը, օգնիր ազատել Մհերին:
Ուղևորվեցինք Աղթամար:
Նավ ենք վարձել, միայն մենք էինք ու թուրք նավավարը: Նավի վրա դարձյալ թուրքի լուսինն է: Բայց մենք իսկապես խոնարհեցինք այդ փոքրիկ լուսինն ու ծածանեցինք մեր եռագույնը:
Աղթամարում, եկեղեցում դարձյալ թնդաց հայի երգը` արի հայի երգը: Եկեղեցու թուրք պահապանները զարմացած էին: Հայաստանից շատ խմբեր են եկել, քահանայի ուղեկցությամբ անգամ սաղմոս կարդացել, պատարագ արել, բայց նման խրոխտ երգ, այն էլ` մարտակոչ, չէին լսել:
Չքնաղ է Աղթամարը` Գագիկ Արծրունի արքայի Ոստանը: Ափսոս, նրա ժառանգներն անարժան գտնվեցին փառապանծ այդ արքային ու լքեցին իրենց երկիրը, լքեցին առանց պայքարի ու հայոց չքնաղ ոստանը` Վասպուրականը, 1021 թ. հանձնեցին թշնամուն: Հանձնեցին առանց մարտի` ունենալով 400 թեմաբերդ: Սենեքերիմ Արծրունի` ողորմելի գահակալ…
Աղթամարից հետ նավարկեցինք, լողացանք Վանա ծովակում ու շտապեցինք դեպի Նեմրութ:
Ճանապարհն անցնում էր Հայկական Տավրոսի փեշերով. ամենուր հայկական լքյալ բնակավայրեր, շեներ, քաղաքներ, որոնք 100 տարի առաջ մերն էին, որտեղ 100 տարի առաջ հայի շունչն էր:
Կեսգիշերի մոտ էր, երբ լաստանավով անցանք Եփրատն ու ուղևորվեցինք Քյաղթա քաղաք, ուր ընթրեցինք տեղաբնակ հայի ռեստորանում ու… դեպի Նեմրութ:

Օր երրորդ
22 հունիսի 2014
Կեսգիշերն անց տեղավորվեցինք «Եփրատ» հյուրանոցում ու մեկժամյա հանգստից հետո անքուն, հոգնած, ծանրացած տպավորություններով բարձրացանք Նեմրութ լեռ:
Անտիոքոս Երվանդունի արքայի կերտած հրաշքը բառերով դժվար է նկարագրել: Մեզ համար այն ավելի քան ոգեղեն արժեք է:
Գրեթե երկու հազար տարի այստեղ ծես չէր արվել: Գրեթե երկու հազար տարի այստեղ հայի շունչ չէր եղել, հայի ոգի չէր թևածել:
Հայոց աստվածները սպասում էին մեզ: Նրանց արձանները, ճիշտ է, գլխատված, բայց խրոխտ ու հպարտ էին` անհաղորդ շրջապատին, ոսոխին, թուրքին: Նրանք սպասում են հայի ոգեղեն զարթոնքին, սպասում են հայի բազկի հարվածին:
Բայց միայն մեր աստվածները չէ, որ մեզ սպասում էին:
Նեմրութի գագաթին մոտ 3 հարյուր թուրք կար, հիմնականում` երիտասարդ: Կարծում եմ` ավելորդ է նկարագրել, թե մեզ ինչ ընդունելություն էր սպասում:
Երբ արևածագին միասնաբար երգեցինք Վահագնի ծնունդը` թուրքերը մեկեն շարք կանգնեցին, ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանները` սկսեցին երգել Թուրքիայի Հանրապետության օրհներգը:
Բավական էր սակայն, որ մենք բռունցք դառնայինք, համախմբվեինք քրմերի շուրջը, որոնք, հանելով իրենց սրերը, ավելի խրոխտ, ավելի վճռական սկսեցին հայոց ծեսն անցկացնել` թուրքերը փախան: Րոպեներ անց տարածքում գրեթե մենակ էինք: Այսպիսին է թուրքը. նա հասկանում է միայն ուժի, զորության լեզուն, նա հասկանում է միայն զենքի շաչյունը:
Ոգևորությունը մեծ էր. ծեսից հետո դեպի Էրգիր վերադարձ ուխտելով իջանք Նեմրութից:
Հազիվ մեկ ժամ հանգստացած` շարժվեցինք դեպի Էրզրում:
Ճանապարհն անցնում էր Բյուրակն լեռներով, Սասունով…
Հրաշալի տեսարանները փոխարինում էին մեկմեկու` մեր հոգիները լցնելով հրճվանքով ու տրտմությամբ: Տպավորությունները հակասական էին:
Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող երկրներից է: Ողջ Արևմտյան Հայաստանում չեք գտնի գեթ մեկ կտոր հող, որ մշակված չլինի, ամենուր ցորենի ոսկե արտեր, անվերջանալի արտեր:
Թուրքը, քուրդը` քոչվոր ու անապատական այդ ցեղերը, տեր դառնալով մեր դրախտային երկրին, այսօր մշակում, խնամում են մեր պապերի հողերը, իսկ հայը թափառում է օտար երկրներում:
Սասնո լեռների մի բարձրադիր վայրում կանգնեցինք ու միասին թնդացրինք հայոց քոչարին: Թնդացին լեռները հայոց, թնդաց հողը հայի, ցնցվեց ու կանչեց իր զավակներին ետ` դեպի Էրգիր:
Գալու ենք, անպայման գալու ենք դեպի Էրգիր:
Երգեցինք Գուսան Հայկազունի երգը.
-Հրով լինի, սրով լինի,
Պիտի գնանք վաղ թե ուշ:

Պիտի գնանք, անպայման կգնանք ու ուժով կգնանք, սրով ու հրով կգնանք: Բավ է հույսներս դնենք օտար աստծու վրա: Նա մեզ սոսկ ուժաթափ արեց, նա մեզ զրկեց մեր հայրենիքից:

Օր չորրորդ.
23 հունիսի 2014
Էրզրումում առավոտյան միջադեպ եղավ: Լուսանկարչական ապարատը ձեռքիս պտույտ էի կատարում հյուրանոցի մերձակա փողոցներում` մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ ու թուրքերեն հարցրեց` հա՞յ ես: Դրական պատասխան լսելով` ինձ հրավիրեց իր խանութ: Մտա: Ակնոցներ էր վաճառում: Ասաց, որ ինքն էլ հայ է, շուրջը նայելով` խաչակնքեց: Ապա ցուցափեղկից մի ակնոց հանեց, նվիրեց ինձ. թանկարժեք նվեր էր: Փորձեցի հրաժարվել նվերից` նեղացավ: «Փեշքեշ, յոլդաշ, փեշքեշ»:

Դեպի Կարս հետդարձի ճամփան անցնում էր Բասենով: Կանգ առանք Արաքսի ափին, Հովվի կամուրջի մոտ: Դարձյալ երգ, դարձյալ ցավ ու կսկիծ:
Մեր ավտոբուսի մոտ կայանեց թուրքական «Աղթամար տուր» տուրիստական ընկերության ավտոբուսը: Տասնյակ զբոսաշրջիկներ իջան ու զարմացած նայում էին մեզ` ցավից ու կարոտից ասես խենթացած հայերիս խմբին, մեր երգին…
Նրանցից առանձնացավ մի տղամարդ, ներկայացավ: Ասաց, որ քուրդ է, ծնվել է Մուշում և բնակվում է Ավստրալիայում: Ասաց` բարով եք եկել ձեր հայրենիքը` ձեր վաթանը:

Հետ ենք գալիս հակասական զգացումներով: Էրգրում ամեն սարի գլխին կոչ է` Հայրենիքը սրբություն է, Հայրենիքը ամենից վեր է… Ամեն տեղ ծածանվում է թուրքական դրոշը, թուրքական կիսալուսինը. մանկապարտեզ, դպրոց, պետական հաստատություններ, մասնավոր տներ, անգամ գերեզմանոցներում…
Երբ մտանք Հայաստանի Հանրապետություն, ամեն սարի, ամեն բլրի գլխին մի խաչ էր կանգնեցված` մեծ, հսկա չափերի խաչ, իսկ հայրենիք, ազգ, վրեժ, ազգային հպարտություն խորհրդանշող` ոչինչ:
Խաչվում ենք` 1700 տարի շարունակ, խաչվում ենք:
Խաչով թուրքի լուսինը չես խոնարհեցնի, խաչով չես հասնի իղձերիդ, ուժ է պետք, մենք վահագնական ուժով կխոնարհենք թուրքի լուսինն ու Էրգիրը կազատենք թուրքի պղծությունից:

 

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

վաղարշապատՎաղարշապատը համեմատաբար կարճ ժամանակամիջոց է եղել Հայաստանի մայրաքաղաք, սակայն շնորհիվ հոգևոր-մշակութային նշանակության, հայության համար մայրաքաղաքից հետո դարձավ երկրորդ քաղաք:

Պատմական Վաղարշապատը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում` Արարատյան դաշտում, որ հազարամյակներ շարունակ հայության քաղաքական-տնտեսական կենտրոնն է հանդիսացել:
Վաղարշապատի շրջակայքը հարուստ է հնավայրերով: Այն բնակեցված է եղել դեռևս նոր քարե դարում: Մասնավորապես, հայտնի բնակավայրեր էին Մեծամորը, որ տվյալ ժամանակամիջոցում Արարատյան դաշտի քաղաքական, տնտեսական և հոգևոր կենտրոնն էր, Մոխրաբլուրը, Թեղուտը, Հրեշ բլուրը…. Այս հնավայրերից հնագիտական պեղումների ժամանակ բազում գտածոներ են հայտնաբերել, որոնք վկայում են վաղնջական ժամանակներում զարգացած սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին:
Մովսես Խորենացին հաղորդում է, որ քաղաքը տարածված էր Քասախ գետի և Շրեշ բլրի (ներկայումս` Ղուգոյի կոնդ) միջև: Այն հայտնի էր իր ամուր բերդով, և քանի որ գտնվում էր առևտրական ճանապարհներին, նաև` հարուստ առևտրով:
Միջնադարում Վաղարշապատը դարձավ Հայաստանի զարգացած քաղաքներից մեկը: Կառուցված էր հայկական քաղաքաշինական դասական` եռաքաղաք մոդելով: Քաղաքի վրա իշխող դիրք ուներ առանձին պարսպապատ միջնաբերդը, ապա նրա շուրջ սփռված էր շահաստանը` բուն քաղաքը` դարձյալ պարսպապատ, իսկ նրանից դուրս` արվարձանները:
Քաղաքի կենտրոնը շուկան էր համարվում, ու կենտրոնում էին տեղակայված քաղաքային կարևորագույն հաղորդակցությունները` քարավանատներ, իջևանատներ, խանութներ և այլն:
Բուն քաղաքում բնակչության տեղաբաշխումը մեծ մասմաբ կատարվում էր մասնագիտական կողմնորոշումից ելնելով` արհեստավորական թաղերով: Հայաստանում վաղնջական սովորույթ էր մասնագիտությունը փոխանցել հորից որդուն, հետևաբար, շատ են հայոց բնակավայրերում հանդիպում Պայտագործների փողոց, Զինագործների փողոց և այլն: Արհեստավորները շատ ժամանակ արհեստանոցի են վերածել իրենց տան փողոցին հարող հատվածն ու հենց տեղում նաև իրացրել իրենց արտադրանքը:
Վաղարշապատի մասին առաջին գրավոր վկայություններից մեկը վերաբերում է Արարատյան թագավորության գահակալ Ռուսա Բ-ին (մ.թ.ա. 685-645), որ այնտեղ ոռոգման համակարգ է կառուցել, այգիներ տնկել և ծաղկեցրել շրջապատը: Ռուսա Բ-ն իր արձանագրություններում Վաղարշապատի շրջակայքը կոչում է Կուտուրլինի:
Հետագայում քաղաքն այլ անվանումներ ստացավ` Արտեմիդ, համաձայն Մովսես Խորենացու, Վարդգեսավան, Նոր քաղաք Վաղարշապատ, ապա և Էջմիածին:
Չնայած այստեղ բնակավայր եղել է վաղնջական ժամանակներից, որպես քաղաք Վաղարշապատը հիմնադրվել է մ.թ.ա. VI դարում` հայոց Երվանդ Ա Սակավակյաց արքայի (մ. թ. ա. 570–560 թթ.) փեսայի` Մանուկ Վարդգեսի կողմից:
Խորենացին Վաղարշապատի կառուցման մասին գրում է. «Սա պարսպով պատեց նաև Վարդգեսի հզոր ավանը, որի մասին առասպելներն ասում են. «Գաղթական գնաց Վարդգես մանուկը Տուհաց գավառից, Քասախ գետի մոտ, եկավ ու նստավ Շրեշ բլրի մոտ, Արտեմիդ քաղքի, Քասախ գետի մոտ, Երվանդ արքայի դուռը թակելու»: Այս Երվանդ առաջինն է, Սակավակյացը, Հայկազունիներից, որի քրոջը Վարդգեսը կին առնելով` այս ավանը շինեց, որտեղ և Արշակունի Տիգրան միջինը նստեցրեց հրեա գերիների կեսը, որ և վաճառաշատ քաղաքագյուղ դարձավ: Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ, որ (կոչվում է նաև) Նոր քաղաք»:
Վաղարշապատը, փաստորեն, Վաղարշ Ա-ի ժամանակներից (191-211) դարձել է հայոց մայրաքաղաք և ընդմիջումներով մայրաքաղաքի իր կարգավիճակը պահել մինչև IV դարի կեսերը: Քանի որ 301 թ. քրիստոնեության ընդունումից հետո Վաղարշապատը դարձավ հայության հոգևոր կենտրոնը, անգամ երբ կորցրեց մայրաքաղաքի կարգավիճակը, պահպանեց իր նշանակությունը որպես պետության երկրորդ քաղաք:
Համենայն դեպս, Տրդատ Գ արքայի գահակալման շրջանում հենց Վաղարշապատն էր հայոց մայրաքաղաքը, այդ պատճառով այն դարձավ նաև հայոց հոգևոր կենտրոնը, այստեղ հաստատվեց ամենայն հայոց կաթողիկոսարանը:
303 թ. հենց այստեղ` արքունիքի տարածքում Տրդատ Գ Արշակունի արքան (287-331) և Գրիգոր Ա Պարթևը կառուցեցին առաջին քրիստոնեական եկեղեցին` կործանելով մինչ այդ նրա տեղը կանգնած հեթանոսական տաճարը: Հետագայում, երբ Արտաշատը դարձյալ ստանձնեց հայոց մայրաքաղաքի դերը, Վաղարշապատի Արշակունիների արքայական պալատը վերածվեց վեհարանի:
405 թ. Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ Արշակունի արքայի հրամանով հենց այստեղ բացեց առաջին դպրոցը: Ավելի ուշ` V դարի 80-ական թթ., Ղազար Փարպեցի պատմիչը հենց Վաղարշապատում հիմնադրեց մատենադարանը:
Որպես մայրաքաղաք Վաղարշապատը ականատեսն էր թե՛ հայոց փառքին` մշակութային վերելքին, թե՛ նրա քաղաքական անկմանը: 387 թ.` Արշակ Գ Արշակունի արքայի օրոք, Վաղարշապատն էր հայոց մայրաքաղաքը, երբ Հայաստանը բաժանվեց Սասանյան Իրանի և Հռոմի միջև:
Մինչ այդ 364-368 թթ. հայ-պարսկական պատերազմների հետևանքով քաղաքը հիմնահատակ ավերվեց պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքայի (327-372) կողմից:
Հետագայում քաղաքը մեծապես տուժեց 450-451 թթ. Հայաստանում ծայր առած քաղաքացիական պատերազմի հետևանքով: Սակայն հետո հայոց սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանը քաղաքը մաքրում է ավերակներից, վերականգնում, նոր շինություններ կառուցում այնտեղ:
Բագրատունիների թագավորության շրջանում Վաղարշապատի կյանքում դարձյալ քիչ թե շատ աշխուժություն է նկատվում: Սակայն հայոց երբեմնի մայրաքաղաքն արդեն չուներ իր նախկին փառքը: Քաղաքը զրկվել էր նաև հայոց հոգևոր կենտրոնի կարգավիճակից, քանզի հայոց կաթողիկոսները, հետամուտ իրենց փառքին և քաղաքական նկատառումներին, իրենց աթոռը որպես կանոն հաստատում էին հայոց քաղաքական կենտրոններում կամ նրանցից ոչ հեռու: Շուտով հայոց կաթողիկոսությունը առհասարակ հեռացավ պատմական Հայաստանի տարածքից և հաստատվեց Կիլիկիայի հայոց թագավորությունում:
Զաքարյանների տիրապետության կործանումից հետո մոնղոլական արշավանքների ժամանակ Վաղարշապատը դարձավ աննշան գյուղակ:
Միայն 1441 թվականից, երբ դարձյալ հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից վերահաստատվեց Հայաստանում` Վաղարշապատում, երբեմնի հայոց ոստանը նոր շունչ ստացավ:
Աստիճանաբար վերանորոգվեցին եկեղեցիները, վանքերը, երբեմնի քաղաքում ակտիվություն նկատվեց: Վաղարշապատում 1771 թ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բացեց Հայաստանում և տարածաշրջանում առաջին տպարանը, հինգ տարի անց` թղթի գործարանը: Հոգևոր կենտրոն լինելուց զատ, Վաղարշապատն աստիճանաբար վերածվեց նաև մշակութային կենտրոնի:
Մինչև ռուսների կողմից Արևելյան Հայաստանի գրավումը Վաղարշապատը և հայոց կաթողիկոսությունը, ըստ էության, նաև քաղաքական կենտրոնի դեր էին կատարում:

Վաղարշապատի ներկայիս հատակագիծը կազմել է Ալեքսանդր Թամանյանը 1925 թ.:

 

 

ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

վասակ«Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: Պարսից Շապուհ թագավորն ասաց. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու, ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, իսկ մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը»: (Փավստոս Բուզանդ)

Վաղ միջնադարյան Հայաստանում Մամիկոնյան տոհմի ուսերին էր դրված հայրենյաց փրկության գործը: Մամիկոնյանները հայոց զորքի սպարապետներն էին. դա նրանց տոհմական իրավունքն ու պարտականությունն էր:
Մամիկոնյան տոհմից շատ անվանի հերոսներ են փայլել հայոց ռազմարվեստի պատմության մեջ: Նրանց մեջ, անշուշտ, իր արժանի տեղն ունի Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ զինակիցը` Վասակ Մամիկոնյան սպարապետը, որի կյանքի վերջին օրերի մասին այդպիսի վկայություն է ավանդել Փավստոս Բուզանդը:
Վասակ սպարապետի ծննդյան թվականն անհայտ է: Նա, ստանձնելով հայոց զորքերի սպարապետությունը, մեծացրեց հայոց բանակը, մասնավորապես` հատուկ ուշադրություն դարձնելով հայոց ծանր զրահավոր այրուձիուն, որ տարածաշրջանում ամենամարտունակն էր ու հայոց ոսոխների սարսափը:
Առհասարակ Վասակ սպարապետը նվիրվածության և տիրասիրության մարմնավորում էր: Հանուն հայրենյաց նա անգամ սպանեց հարազատ եղբորը` Վարդան Մամիկոնյանին: Մամիկոնյան տան նահապետը` Վարդանը, հայոց արքունիքից գաղտնի հարաբերություններ էր սկսել պարսից արքայի հետ` դավաճանելով հայոց պետականությանը:
Իմանալով այդ մասին` Վասակ սպարապետը փութով հասնում է Տայք` Էրախանի ամրոցը, ուր հաստատվել էր եղբայրը: Վարդանը վրան էր զարկել բերդի ստորոտին գտնվող ձորում: Վասակի հրամանով իր թիկնազորը հենց վրանի մոտ սրախողխող է անում դավաճան եղբորը:
Լինելով հայրենանվեր զորական` նա նաև բարեգութ էր հարկ եղած դեպքում, երբ խոսքը վերաբերում էր անմեղներին:
Արշակավանի դեպքերից հետո, հայոց Արշակ թագավորը ծուղակ է պատրաստում դավաճան հայ իշխանների համար, Արմավիրում բոլորին ձերբակալում է և կոտորել տալիս: Բնականաբար, դա արվում է Վասակ սպարապետի ձեռքով, որ անխնա ու դաժան էր ամեն մի դավաճանի հանդեպ: Բայց երբ հայոց արքայի հրամանով սրակոտոր է արվում Կամսարականների ողջ տոհմը` տիրադավության համար, հենց Վասակ Մամիկոնյանն է, որ փախցնում և փրկում է Կամսարականների վերջին շառավիղին` պատանի Սպանդարատին:
Վասակը բազմիցս էր մարտադաշտում ապացուցել իր քաջությունն ու անվեհերությունը: Իսկապես, նրա սրի փայլից դողում էր թե՛ նենգ Հռոմը, թե՛ Պարսկաստանը:
Պարսկա-հռոմեական պատերազմներից մեկի ժամանակ հայոց Արշակ թագավորը, որպես հավատարիմ դաշնակից, օգնության է փութում Շապուհին` մարտի բռնվելու հռոմեական բանակի դեմ: Ճակատամարտը պիտի կայանար Հյուսիսային Միջագետքում` Մծբինի դաշտում: Տեղ հասնելով` հայոց բանակը հռոմեացիներին կազմ ու պատրաստ է տեսնում, իսկ Շապուհի բանակն ուշանում է:
Հայոց բանակը, որ որպես դաշնակից զորք, ըստ էության, սոսկ երկրորդ էշելոնի դեր պիտի կատարեր, չի սպասում Շապուհի հիմնական ուժերի ժամանմանն ու նախահարձակ է լինում: Վասակի ռազմավարական տաղանդը փայլում է: Մեկ օր անց մարտադաշտ ժամանած Շապուհը զարմանքով տեսնում է, որ ողջ դաշտը ծածկված է թշնամու զինվորների դիակներով:
Չկարողանալով թաքցնել իր հիացմունքը` Շապուհ արքան իր հսկայական զորքի դեմ ելույթ է ունենում և ասում. «Համոզված եմ, որ եթե միայն մենք լինեինք արյաց զորքով հույների դեմ կռվողները, հազիվ թե կարողանայինք այսպիսի հաջողության հասնել։ Մենք մեր հույսը դրել էինք հայոց և պարսից միացյալ ուժերի վրա։ Իսկ հայոց թագավորը, ահավասիկ, միայն իր զորքով մեր փոխարեն կռվի դուրս եկավ և այնպիսի քաջության գործեց, որ ուրիշ մեկը անկարող էր։ Արդ, ի՞նչ բարիքներով կարող ենք նրա այս մեծագործությունը հատուցել»։
364 թ. սկսվում են հայ-պարսկական պատերազմները: Պարսից արքան մեծաքանակ զորքերով ներխուժում է Հայաստան: Սակայն հայոց բանակը Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ ոչ միայն ջախջախում է պարսկական զորքերը և դուրս շպրտում երկրից, այլև ինքն է ներխուժում Պարսկաստան ու ավարառության ենթարկում երկիրը:
Վանանդի ճակատամարտում Վասակ Մամիկոնյանն այնպիսի ծուղակ է սարքում պարսից զորավար Հազարվուխտի բանակի համար, որ ճակատամարտից հետո պարսկական բանակից ողջ չի մնում գեթ մեկ զինվոր, որ այս կոտորածի լուրը հասցնի Շապուհին:
364 թ. սկսված այս դաժան պատերազմում շատ արյունահեղ ճակատամարտեր եղան: Մենք նրանց բոլորին չենք անդրադառնա մեկ առ մեկ, այլ կանգ կառնենք մի քանիսի վրա միայն:
364 թ. Վասակ Մամիկոնյանն իր եղբայր Բագոսի հետ 60.000-անոց հայոց բանակով մի քանի ճակատամարտերում պարտության մատնեց պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի մեծաքանակ զորքերին: Ցավոք, ճակատամարտերից մեկի ժամանակ սուրը ձեռքին հերոսաբար ընկավ նաև Բարգոսը:
Պարսից բանակը, գրավելով Դարանաղյաց Անի քաղաքը, կողոպտում է արքունի գանձարանն ու պղծելով հայոց արքաների շիրիմները` նրանց ոսկորները հավաքում է և իր հետ վերցնում` Պարսկաստան տանելու: Դրանով պարսիկները կամենում էին հայերին զրկել իրենց ոգեղեն ուժից ու անպատվել հայոց արքայատունը: Եվ ահա, Վասակ Մամիկոնյան սպարապետն իր 60000-ոց զինավառ բանակով Այրարատում գիշերային անակնկալ հարձակում է գործում պարսկական մեծաքանակ զորքի վրա, սրակոտոր անում շատերին ու ազատում հայոց արքաների ոսկորները:
Նույն թվականին Վասակ սպարապետի հրահանգով Արագածոտնի Աղցք գյուղում դամբարան է կառուցվում, որտեղ ամփոփվում են արքայական ոսկորները:
Պատմիչները վկայում են, որ արքաների ոսկորները մայրաքաղաք չտարան, քանզի քրիստոնյա թագավորների հետ մեկտեղ այնտեղ կային նաև հեթանոս արքաների ոսկորներ: Իրականում այնտեղ չկար և ոչ մի քրիստոնյա թագավորի ոսկոր:
Բանն այն է, որ Արշակի օրոք կույր, բայց ողջ էր նրա հայրը` հայոց Տիրան Արշակունի թագավորը (338-350), իսկ նրա հայրը` Խոսրով Գ Կոտակը (330-338), թաղված էր իր կառուցած Դվին մայրաքաղաքում: Տրդատ Գ-ն (287-331) նույնպես թաղված չէր Անի բերդաքաղաքում:
Այնուհետև, Վասակ սպարապետը հակահարձակ է լինում պարսից վրա ու հայոց այրուձիու ընտրանիով ավերում ու ասպատակ է սփռում պարսից երկրում:
Շապուհը, չկարողանալով ընկճել հայոց ոգին ու այլևս անհնարին համարելով հաղթել այս պատերազմում, դիմում է նենգության: Նա վարազակիր իր մատանիով աղի վրա կնքում ու երդման գիր է տալիս Արշակ հայոց արքային` նրան ու Վասակ սպարապետին հրավիրելով Տիզբոն` հաշտության բանակցությունների:
Տիզբոնում Շապուհը Արշակի և Վասակի համար փառահեղ ընդունելություն էր կազմակերպել: Նա անգամ հայոց Արշակ թագավորին մեծ կալվածքներ է ընծայում Ատրպատականում` ցանկանալով նաև իր դստերը կնության տալ Արշակին: Սակայն դա չէր խանգառում պարսից արքային` երբեմն ստուգել հայոց արքայի ու սպարապետի քաջությունն ու ոգին` նրանց համար ծուղակ լարելով: Մի անգամ հայոց երևելիները այցելում են պարսից արքայի ախոռ` տեսնելու նրա ձիանոցը: Շապուհի ախոռապետը, բնականաբար նախապես ունենալով իր արքայի հրահանգը, արհամարհաբար է վերաբերվում հայոց արքային ու նրան մի խուրձ առաջարկելով` ասում. «Նստիր, հայոց այծերի թագավոր»: Վասակի պատասխանը չի ուշանում. նա անմիջապես սրատում է հանդուգն սրիկային:
Շապուհին այլ բան չէր մնում անել, քան գովել Վասակի քաջությունն ու տիրասիրությունը:
Շուտով Շապուհը բացահայտում է իր իրական նպատակները: Տեսնելով, որ հայոց Արշակ թագավորը հնազանդորեն չի լծվի պարսից ռազմական սայլին, նրան բանտարկում է Խուժիստանի Անհուշ բերդում:
Ապա Տիզբոնի արքունական հրապարակում դատ է բացում Վասակ սպարապետի դեմ: Ներկա էին պարսիկ ազնվականները, հասարակ ժողովուրդը: Դատի նկարագրությունը տվեցինք վերևում` մեջբերելով Փավստոս Բուզանդին:
Շապուհի հրամանով Վասակ սպարապետին մորթում են, մարմինը մորթազերծ անում և դնում Արշակ արքայի բանտային խցում` ի տես և ի ցավ նրա:
Մի քանի տարի անց Վասակ Մամիկոնյանի քաջ որդին` Մուշեղ Մամիկոնյանը, Շապուհից արժանավայել կառնի իր հոր վրեժը:

 

 

ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն

Տրդատ_Ա_(1)Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները:

Այս վիճակը, բնականաբար, ձեռնտու չէր հայոց ռազմական ավագանուն: Հայության մեջ դեռևս թարմ էին տիգրանյան կայսրության հիշողությունները, և Հայաստանն իր հսկայական պոտենցիալով պիտի ձգտեր պետական անկախության` չհանդուրժելով Հռոմին ենթակա երկրի կարգավիճակը:
Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև հզորացող պարթևաց թագավորությունը, որի գահակալները, լավ հասկանալով Հայաստանի հակահռոմեական տրամադրությունները, ձգտում էին Հայաստանը ներքաշել իրենց քաղաքական ոլորտը:
Դրան դեմ չէր նաև հայությունը: Նախ` Հռոմի տիրապետությունը զզվելի էր, հայոց ավագանին դա հանդուրժել չէր կարող, երկրորդ` պակաս դեր չունեին հայ-պարթևական ազգակցական կապերն ու էթնիկ-մշակութային, կրոնական ընդհանրությունները:
Եվ առաջին դարի կեսերին արդեն ներքուստ ուրվագծվում է հայ-պարթևական դաշինքի տեսլականը:
Պարթև Արշակունիների թագավորությունը, որ թուլացել էր Տիգրան Բ Մեծ արքայի հարվածներից, աստիճանաբար ուշքի էր գալիս: Եվ ահա, Վոնոն Բ արքայի օրոք արդեն պարթևները դարձյալ տարածաշրջանում սպառնալից ուժ են դառնում Հռոմի համար:
Երբ մահանում է Վոնոն Բ արքան, նրա երկու կրտսեր զավակները գահակալ ու թագավոր են ճանաչում Վաղարշ Ա-ին` (52-80) իրենց ավագ եղբորը` ուխտելով ողջ կյանքում հավատարմորեն ծառայել նրան: Իր հերթին Վաղարշ Ա-ն ուխտ է անում, որ իր եղբայրները կգահակալեն տարբեր երկրներում:
Հայոց ավագանին իր հերթին իր անկախության ձգտումները կապում է Պարթևների թագավորության հզորության հետ: Եվ ահա, հայ իշխանները դիմում են պարթևաց արքա Վաղարշ Ա-ին` խնդրելով աջակցել Հայաստանին հակահռոմեական պատերազմում և իր եղբայր Տրդատին բազմեցնել հայոց գահին:
54 թ. Հայաստանն ապստամբում է Հռոմի դեմ, հայտարարում իր անկախության մասին, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428):
58 թ. միայն Հռոմը կարողացավ լրջորեն անդրադառնալ Հայաստանին, և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին դրությունը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան, զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չէր կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում:
Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց:
Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:

Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր է ուղարկում Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ անգամ հարկ չհամարեց պահակապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմը ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մ.թ.ա. 216 թ., երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մ.թ.ա. 53 թ., երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերը, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք:
Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը, որ ճիշտ գնահատելով իրերի բնույթը` շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողեց ապագային, քանզի Տրդատ Ա-ն համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագը ստանալ անձամբ Ներոն կայսրից:

64 թ. Տրդատ Ա-ն երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել որպես հռոմեացի զորավարների գերյալներ, որպես հպատակներ ու հարկատուներ: Իսկ Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ:
Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց:
Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որ այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:
Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատն իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»:
Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:
Տրդատ Առաջինը (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):
Տրդատն իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թ.:

 

 

ԹՈՐՈՍ ՌՈՒԲԻՆՅԱՆ.հմուտ դիվանագետ

կիլիկիայի քարտեզՀայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, արագ անկում է ապրել, եղել են նաև դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:

Այս շարքում յուրօրինակ է Կիլիկիայի հայոց անկախ իշխանապետության ծնունդը:
Դեռ ոչ վաղ անցյալում` 1045 թ., Բագրատունյաց թագավորությունն անփառունակ վախճան ունեցավ: Դարերով թափված արյան ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունը հայ կղերի թեթև ձեռքով կործանվեց: Սակայն Բագրատունյաց թագավորության կործանման մեջ միայն հայ եկեղեցին չէ, որ մեղավոր էր: Հայոց հասարակարգը սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամ էր ապրում: Շատ անվանի ու ազդեցիկ իշխաններ Գագիկ Բ Կրտսեր Բագրատունի թագավորից (1042-1045) հետո ուղղակի իրենց հայրենական կալվածքները հանձնեցին բյուզանդական կայսրությանն ու լքեցին երկիրը: Մասնավորապես` Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը, Վանանդի Գագիկ թագավորը….

Հայաստանից սկիզբ առավ հոծ արտագաղթ, և թվում էր` հայությունն այլևս ընդունակ չի լինի ոտքի կանգնել ու անկախ պետականություն ձեռք բերել:
Սակայն կատարվում է անսպասելին. Բագրատունյաց թագավորության անկումից անգամ կես հարյուրամյակ չէր անցել, երբ Կիլիկիայում` օտար հողի վրա, ծլեց հայոց նոր պետականությունը` Կիլիկիայի իշխանապետությունը:
Այս նոր պետության սկզբնավորողը հենց Գագիկ Բ թագավորի թիկնազորի իշխաններից Ռուբենն էր, հավանաբար` դարձյալ Բագրատունյաց տոհմից: Պատմությունը, փառաբանելով Ռուբենին, նրա ստեղծած նոր հարստությունը հենց նրա անունով կոչեց` Ռուբինյան:
Ռուբեն Առաջինը 1080 թ. ապստամբության դրոշ պարզեց Բյուզանդիայի դեմ ու Լեռնային Կիլիկիայում հռչակեց իր անկախությունը: Նա իր կառավարման 15 տարիների ընթացքում ընդարձակեց իր տիրույթները և որդուն ու ժառանգին` Կոստանդինին կտակեց արդեն կայացած ու ճանաչում ստացած հզոր իշխանությունը:
Կոստանդին Առաջինը (1095-1100), շարունակելով հոր քաղաքականությունը, կարճ իշխեց, նրան հաջորդեց որդին` Թորոս Առաջին Ռուբինյանը (1100-1129):
Գահ բարձրանալով` Թորոս Առաջինը ժառանգեց հզոր ու բարգավաճ մի երկիր, որտեղ, սակայն, անպակաս էին նաև խնդիրները:
Կիլիկիայի իշխանապետության հարատևման համար պարտադիր էր Դաշտային Կիլիկիայի նվաճումը, որը կամրապնդեր հայոց իշխանապետության ոչ միայն ռազմավարական դիրքերն ու միջազգային հեղինակությունը, այլև ձեռք կբերվեին Դաշտային Կիլիկիայով անցնող առևտրային հարուստ ճանապարհների հսկողությունն ու եկամուտները, երկիրը դուրս կգար Միջերկրական ծով: Ահա այս խնդիրը պետք է լուծեր Թորոս Ռուբինյանը: Սակայն նրա ծրագրերին մի շարք խանգարող հանգամանքներ կային` ընդդիմացող Բյուզանդիան, սելջուկների Իկոնիայի կայսրությունը, խաչակիրները և Կիլիկիայի տարածքում հաստատված հայ և հույն անջատողական ձգտումներով առանձին իշխանությունները:
Սակայն Թորոս Առաջինը բավականաչափ կամք ու եռանդ ուներ իր առջև դրված խնդիրների լուծման համար:
Գահակալման առաջին տարիներին ևեթ` 1104 թ., Թորոս Առաջինը նախահարձակ եղավ Բյուզանդիայի վրա և նախ ամրապնդեց իր դիրքերը Լեռնային Կիլիկիայում` նվաճելով Սիսը և Անարվազան: Ապա Դաշտային Կիլիկիան մաքրելով բյուզանդական կայազորներից` երկրամասը կցեց իր պետությանը: Թորոս Առաջինն իր իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Անարբազա, որը գեղեցիկ շինություններով ու ապարանքներով ճոխացրեց: Նա այստեղ կառուցեց Սուրբ Զորավարաց եկեղեցին:
Դրանով հայոց իշխանն ազդարարեց իր նվաճողական նկրտումների մասին: Դա, բնականաբար, չէր մտնում հարևան տերությունների ծրագրերի մեջ, և շուտով Իկոնիայի սուլթանության մեծաթիվ բանակը ներխուժում է Կիլիկիա:
Թորոսին օգնության է փութում մեկ այլ ականավոր հայ իշխան և զորական` Գող Վասիլը: Կամսարականների տոհմից սերող այս իշխանը Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի տարածքում ստեղծել էր լայնատարած անկախ իշխանապետություն և Թորոսի պես նա էլ հավակնություններ ուներ վերականգնելու հայոց թագավորությունը: Երկու հայկական անկախ իշխանությունների միջև եղած հակամարտությունն ու առաջնության համար մղվող մրցակցությունը չխանգարեցին միավորվելուն սելջուկների դեմ պայքարում: Գող Վասիլը լավ էր հասկանում, որ տվյալ դեպքում Կիլիկիայի իշխանապետությունն ապահովում է իր պետության թիկունքը, և Թորոսին ընկճելով` թշնամին կանգ չի առնի: Նրա բանակը միացավ Թորոսի զորքերին, և 1107 թ. Բերդուսի վճռական ճակատամարտում հայերը ջախջախեցին սելջուկյան զորքերն ու դուրս շպրտեցին Կիլիկիայից:
Թորոսը նաև հմուտ դիվանագետ էր: Նա հակաբյուզանդական պայքարում իր պետության արևելյան սահմաններն ամրապնդելու և դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին Բ-ին: Սա նպաստեց Թորոս Ա-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ հետագայում իր ձեռնարկներում հաճախ էր ներգրավվում Անտիոքի դքսության զինուժը, որ բաղկացած էր խաչակիր ասպետների ծանրազեն հեծելազորից:
Թորոս Ա-ն ոչ միայն հայրենասեր ու զորեղ իշխանավոր էր, այլև պատվախնդիր:
Նա վրեժխնդիր եղավ հույն Մանդալե եղբայրներին Բագրատունյաց արքայատոհմի վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքայի նենգ սպանության համար:
Գահազուրկ Գագիկ արքան իր կյանքի մայրամուտին շարժում էր սկսել Կիլիկիայում հայոց երկրի ազատագրման նպատակով: Դա աննկատ չմնաց բյուզանդական արքունիքից, և հենց արքունիքի սադրանքով ազգությամբ հույն Մանդալե եղբայրները հյուրընկալության պատրվակով 1080 թ. ձերբակալեցին հայոց արքային, սպանեցին ու մարմինը մետաղալարով կախեցին իրենց ամրոցի պատից: Հայոց արքայի դիակը հետագայում ամփոփվեց Պիզու վանքում: Հայոց իշխանները հավաքվեցին և պաշարեցին Մանդալեների ամրոցը, բայց գրավել չկարողացան:

Նենգ հույներից վրեժ լուծելը Թորոս Ա իշխանի պատվի խնդիրն էր: Նա 1111 թ. գրավեց հույն եղբայրների Կնդռոսկավիս բերդը, երեք եղբայրներին տանջամահ արեց, սրի քաշեց նրանց ցեղն ու բռնագրավեց կալվածքները: Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նա, ձեռք բերելով հայոց արքայի թուրն ու հանդերձանքը, երկար ժամանակ դառնաղի արտասվում էր:
Հիրավի` արժանի պատիժ նենգ եղբայրների նկատմամբ:

Բյուզանդիան, տեսնելով Թորոսի հաջողությունները և հայոց իշխանապետության ամրապնդումը, ստիպված էր հաշտվել ստեղծված իրականության հետ, և Կոստանդնուպոլսի արքունիքը Թորոսին սիրաշահելու քայլեր ձեռնարկեց: Ալեքսիոս կայսրը պատգամավոր ուղարկեց Թորոսի մոտ հաշտության առաջարկով: Կայսրը Թորոսին շնորհեց «Առաջին Սեբաստոս» կոչում:

Թորոսը, լինելով քաջարի ռազմիկ, միաժամանակ շինարար էր ու գիտության, մշակույթի հովանավոր: Իր պետության մեջ նա աչքաթող չարեց նաև հոգևոր-մշակութային կյանքը: Սիս քաղաքի մոտ հիմնադրեց Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանական համալիրները: Դրազարկի վանքը հետագայում դարձավ նշանավոր գիտամշակութային կենտրոն: Թորոսը, իր կտակի համաձայն, թաղվեց հենց Դրազարկի վանքում, որ դարձավ նաև Ռուբինյանների տոհմական տապանատունը:
Թորոս Առաջինը մահացավ 1129 թ. ` ողջ կյանքում մաքառելով հանուն հայության ու փառավորելով իր իշխանությունը:
Քանի որ Թորոս Առաջինի որդիները` Կոստանդինն ու Օշինը, մահացել էին մանկահասակ տարիքում, նրա գահը ժառանգեց կրտսեր եղբայրը` Լևոն Առաջինը (1129-1137):
Վահե Անթանեսյան

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ.հայ քաղաքական գործիչներից առաջինը, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց

Israel_OryԿան պատմական գործիչներ, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Նրանցից է Իսրայել Օրին: Նա, փաստորեն, հայ քաղաքական գործիչներից առաջինն էր, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց և «ռսի օրհնած ոտը հայոց անիծված հողում» տեսնել ցանկացավ:

Որքանո՞վ էին արդարացված Իսրայել Օրու հայացքները կամ կողմնորոշումը` այլ խնդիր է: Տվյալ պարագայում դա հարկադրված քայլ էր, քանզի հայության երկարատև դեգերումներն արևմուտքում արդյունք չտվեցին: Իսկ հզորացող ռուսական կայսրությունն իր շահերն էր հետապնդում Արևելքում:
Իսրայել Օրին իր գործունեությամբ եզակի էր ոչ միայն ռուսական կողմնորոշման հարցում: Նա, կարելի է ասել, առաջին գործիչն էր, որ օտար տիրակալներից իր երկրի համար ազատություն չէր մուրում, այլ առաջ էր քաշում հայության համաժողովրդական ապստամբության վեհ գաղափարը:
Հետաքրքիր է, որ մինչ օրս պատմագիտությանը հայտնի չէ Իսրայել Օրու ստույգ անունը:
1677 թ. հայոց մելիքներն Էջմիածնում գաղտնի ժողով են գումարում` խնդիր ունենալով դիմել Եվրոպայի քրիստոնյա միապետներին` ազատագրելու Հայաստանը: Այդ նպատակով Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը 1679 թ. պատվիրակություն է կազմում, որի մեջ էր Սյունաց Անգեղակոթի մելիք Իսրայելը` իր որդու հետ:
Սակայն, այս պատվիրակությանը վիճակված չէր կատարելու իր առաքելությունը: Պոլսից պատվիրակները հետ են դառնում Հայաստան, քանզի Պոլսում հանկարծամահ է լինում կաթողիկոսը, իսկ մելիք Իսրայելի զավակը, միանալով հայ առևտրականներին, անցնում է Եվրոպա: Նա սկզբում առևտրական գործունեություն է ծավալում, 1680 թ. Իսրայել Օրին Վենետիկում էր, իսկ երեք տարի անց` 1683 թ., Փարիզում, ուր զբաղվում էր ֆրանսիական բանակի պարենավորմամբ:

Շուտով Իսրայել Օրին, ապրուստի որոշ միջոցներ հայթայթելով, թողնում է առևտուրն ու անցնում ծառայության ֆրանսիական բանակում:

Շնորհիվ բնատուր ձիրքի` Օրին արագ բարձրացավ ծառայողական սանդղակով: Նա ստացավ լեյտենանտի, ապա և հեծելազորի կապիտանի աստիճան: 1688-1695 թթ. մասնակցեց անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ. գերեվարվում է անգլիացիների կողմից, գերությունից ազատվելուց հետո ծառայում է որպես Հայդենբերգի, Մանհայմի մատակարարման կոմիսար:

Պատերազմի ավարտից հետո Իսրայել Օրին ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի` Հայաստանի ազատագրման ծրագրի իրագործմանը: Նա հանդիպեց գերմանական կյուրֆուստ Հովհան Վիլհելմին, բանակցեց նրա հետ, և երկուսով կազմեցին Հայաստանի ազատագրման ծրագիր: Համաձայն այդ ծրագրի` գերմանացի կյուրֆուստն իր և դաշնակիցների միացյալ բանակով պիտի Հայաստան արշավեր, այնտեղ նրան պիտի միանային հայ ապստամբ մելիքներն իրենց զորքերով, և Օսմանյան Թուրքիայի լուծը թոթափելուց հետո պիտի անկախ Հայաստան հռչակվեր, որի թագավորը հենց Հովհան Վիլհելմն էր լինելու:
Սա, ինչ խոսք, անլուրջ ծրագիր էր, սակայն 1375-ից` Կիլիկիայի հայոց թագավորության կորստից հետո, թերևս առաջին լուրջ փորձն էր հայոց պետականության վերականգնման ուղղությամբ: Ինքը` Օրին, իր գործունեության առաջին փուլում դժվար թե կարողանար ճիշտ գնահատել ուժերի հարաբերակցությունը և իրերի վիճակը Եվրոպայում: Այլապես, նա գերմանացի կյուրֆուստին նման անլուրջ ծրագիր չէր առաջարկի:

Ամեն դեպքում, այս ծրագրով կարծես թե ոգևորված էր նաև Հովհան Վիլհելմը, որ Օրու միջոցով պատգամներ ուղարկեց հայոց և աղվանից կաթողիկոսներին, ինչպես նաև Կախեթի Գեորգի ԺԲ թագավորին` խնդրելով մանրամասն տվյալներ հաղորդել Կովկասի տնտեսական հզորությունների, հայերի և վրացիների ռազմական կարողությունների մասին:
Իր ծրագրած արշավանքն ավելի ազդեցիկ դարձնելու համար, Իսրայել Օրին Գերմանիայից 1698 թ. անցնում է Ավստրիա` բանակցելու ավստրիական Լեոպոլդ կայսեր հետ, քանզի Ավստրիան ու Թուրքիան վաղեմի թշնամիներ էին: Լեոպոլդը մերժում է` անգամ ունկնդրության չարժանացնելով Օրուն, քանզի Թուրքիայի դեմ պատերազմն արդեն ավարտվել էր, նա բանակցություններ էր վարում հաշտություն կնքելու համար, բացի այդ, Ավստրիայի նման հզոր երկրի միապետը չէր կարող չհասկանալ այս ծրագրի ողջ արկածախնդրությունը:
Սակայն, Իսրայել Օրին չհուսահատվելով` անցնում է Իտալիա, Ֆլորենցիայում հանդիպում Տոսկանայի դուքս Կոզմաս Գ-ին, ստանում նրա համաձայնությունն ու մեկնում Հայաստան:
Փաստորեն, Իսրայել Օրին նախաձեռնել էր խաչակրաց արշավանքների նման մի նոր եվրոպական արշավանք, որի նպատակը, սակայն, Երուսաղեմի ազատագրության փոխարեն պիտի Հայաստանի ազատագրումը լիներ: Իրատեսակա՞ն էր այն:

Իսրայել Օրին, ժամանելով Հայաստան, գործի անցավ: Սակայն սպասված աջակցությունը չստացավ թե՛ վրաց արքայից, որ հպատակվել էր պարսից շահին, թե՛ Էջմիածնից` Նահապետ Ա կաթողիկոսից, որ թշնամական դիրք բռնեց հայոց ազատամարտի նկատմամբ: Բայց աննկուն Օրին իր հայրենի Անգեղակոթում հավաքեց հայ մելիքներին ու նրանց առաջ բացեց Հայաստանի ազատագրման իր ծրագիրը:
Տասնմեկ մելիքները, հավանություն տալով Օրիի ծրագրերին, նամակներ ուղղեցին Հովհան Վիլհելմին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Հռոմի պապին, Տոսկանայի դքսին, ինչպես նաև ռուսաց Պետրոս Առաջին կայսրին: Նաև իրենց կնիքներով վավերացրած մաքուր թղթեր տվեցին Օրիին, որպեսզի նա հնարավորություն ստանա հանդես գալու իրենց անունից:
Անգեղակոթում Իսրայել Օրուն է միանում Մինաս վարդապետ Տիգրանյանը` որպես հավատարիմ ընկեր ու օգնական:
1700 թ. Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին ներկայացրեց Արևելյան Հայաստանի ազատագրման նոր ծրագիր: Սրա համաձայն` կազմվելու էր եռյակ դաշինք Հովհան-Վիլհելմի, Ավստրիայի Լեոպոլդ կայսեր և ռուսաց Պետրոս Առաջին կայսեր միջև: Հովհան Վիլհելմը ծրագրի վավերացման համար Օրուն ուղարկեց Վիեննա, սակայն ավստրիական կայսրը հերթական անգամ լուրջ չվերաբերվեց այս ծրագրին:
Տեսնելով, որ Հայաստանի ազատագրության ծրագրերը Եվրոպայում կենսագործել հնարավոր չէ, Իսրայել Օրին, Եվրոպայից հուսախաբ, իր հայացքն ուղղեց Ռուսաստանի կողմը:
Ռուսաստանում Օրին հուսախաբ չեղավ: Նա, իհարկե, խոր քաղաքական գիտելիքներ չուներ, նրա գործունեության շարժառիթը սոսկ հայրենասիրությունն էր ու ռոմանտիզմը, սակայն, ռուսական արքունիքում Իսրայել Օրին շատ արագ հասկացավ, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուրջ շահեր է հետապնդում և շուտով Արևելյան Հայաստանին տիրելու թիվ մեկ իրական հավակնորդը կդառնա:
Արագ հարմարվելով նոր պայմաններին` նա ռուսական կաբինետի համար նոր ծրագիր մշակեց, որի համաձայն` Ռուսաստանն Արևելյան Հայաստանի ազատագրության համար պետք է 25.000-ոց բանակ տրամադրեր ապստամբ Հայաստանին, և միասին պիտի թոթափեին պարսկական, ապա և թուրքական լուծը:
Իսրայել Օրին իր ծրագրերի, մասնավորապես Հայաստանում ապստամբական շարժումների սկզբնավորման համար փորձել է ներգրավել նաև Իմերեթիայի և Կախեթի թագավորներին, Արցախի մելիքներին:
Պետրոս Մեծ կայսրն անձամբ ընդունում է Իսրայել Օրուն և Մինաս Վարդապետին: Նրանք կայսեր հետ քննարկում են ապագա կովկասյան արշավանքն ու Հայաստանի տեսլականը:
Ռուսաց կայսրը հայերին խոստացավ շվեդական պատերազմի ավարտից անմիջապես հետո զբաղվել հայկական հարցով:
Մինչ այդ Իսրայել Օրին ռուսական կաբինետի հանձնարարությամբ պետք է կատարեր ռուսական դեսպանի առաքելությունը Պարսկաստանում:
Իրականում նման մեծ շուքով պատվիրակություն ձևավորելն ու դեսպանություն ուղարկելը ռուսական կաբինետի հողմից զուտ հետախուզական քայլ էր:
Ռուսները սպասվող կովկասյան արշավանքից առաջ ցանկանում էին իմանալ Կովկասում պարսկական ներկայության իրական չափն ու հնարավորությունները. պարսկական խանություններն ի՞նչ զորատեսակ և ի՞նչ քանակի զորք կարող են հանել պատերազմի դեպքում, ի՞նչ տնտեսական հզորություններ կան երկրամասում, ռուսական զորքի առաջխաղացման պարագայում տեղի բնակիչները կարո՞ղ են ապահովել զորքի մատակարարումն ու պարենավորումը, տեղացիներն ունա՞կ են ապստամբության…
Դեսպանության գաղափարը լավն էր ու բավական նրբորեն էր կազմակերպված: Օրին անգամ ուղևորվեց Հռոմ, Հռոմի պապից ձեռք բերեց Պարսկաստանի քրիստոնյա բնակչությանը պաշտպանության տակ առնելու մասին հրովարտակ, ապա դարձյալ վերադարձավ Ռուսաստան:
Իր հերթին Պետրոս Մեծն Իսրայել Օրուն շնորհում է ռուսական բանակի գնդապետի կոչում և որպես մեծ դեսպանության գլուխ` 1707 թ. աշնանը ճամփում է Պարսկաստան:
Դեսպանության մուտքը Պարսկաստան ցնցող տպավորություն է թողել: Ամենուր Օրուն դիմավորել են մեծ հարգանքով ու տագնապով: Պարսկաստանում Ֆրանսիայի և Անգլիայի ներկայացուցիչները պարսից Հուսեյն շահին շարունակ շշնջում էին, թե Օրին հայոց հին արքայական տան սերունդներից է, և նրա նպատակը հայոց թագավորության վերականգնումն է:
Շնորհիվ իր հանձնարարականների` Օրին կարողանում է տեսակցել պարսից շահի հետ: 1709 թ. նա վերադառնում է Անդրկովկաս: Այստեղ նա դարձյալ փորձեց համաձայնության գալ Էջմիածնի հետ, սակայն բանակցությունները Ալեքսանդր Ա կաթողիկոսի հետ ապարդյուն էին: Իսրայել Օրին աջակցություն գտավ Արցախում` Եսայի Հասան-Ջալալյանի մոտ: Սակայն 1711 թ., այդպես էլ էական արդյունքի չհասած, Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ եղավ:

Ի՞նչն էր նրա մահվան պատճառը, և ո՞վ էր շահագրգռված նրա մահվամբ. ցայսօր մնում է միայն ենթադրություններ անել:

 

 Անկախ

 

Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը

протестанты-и-католикиՏասնյակ հազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվում են, սպանվում: Գերյալներին խարանում են աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն են կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:

Հայաստանը աղանդավորական շարժումների կենտրոն է եղել: Դրա պատճառները բազում են. սոցիալական խնդիրներ, եկեղեցու կողմից բնակչության կեղեքում և այլն…
Աղանդավորական շարժումների մեջ ամենաուժեղն ու ամենատարածվածը թոնդրակյան շարժումն էր: Ովքե՞ր էին թոնդրակեցիները և ի՞նչ էր նրանց պահանջը: Շրջագայելով միջնադարյան Հայաստանում` փորձենք պատասխաններ գտնել մեր հարցերին:

Առհասարակ, թոնդրակեցիների մասին անվերապահորեն ասել, թե դա աղանդավորական շարժում էր, սխալ է: Շատ ուսումնասիրողներ թոնդրակեցիներին համարում են արորդիներ, ոմանց կարծիքով` նրանք լրիվ այլ կրոն էին ստեղծել, թոնդրակեցիների պաշտամունքն ամենևին աղերս չուներ քրիստոնեության հետ:

Ինչևէ: Թոնդրակեցիների անվանումն առաջացել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղից իր գործունեությունն է սկսել շարժման առաջնորդ Սմբատ Զարեհավանցին:

Սմբատ Զարեհավանցին ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա երկար ճամփորդել է Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի բոլոր ուսմունքներին ու գաղափարախոսություններին: Եղել է նաև պավլիկյան շարժման կենտրոնում` Տևրիկ քաղաքում, որտեղ մանրամասն ուսումնասիրել է նաև պավլիկյանների գաղափարաբանությունը:

Վերադառնալով հայրենիք` նա հաստատվել է Ապահունիքի Թոնդրակ գյուղում և քարոզել իր մտքերը: Ժամանակի սոցիալ-տնտեսական բարդ հարաբերություններում, երբ զարգացող ֆեոդալիզմը մի կողմից, հայ առաքելական եկեղեցին մյուս կողմից կեղեքում էին ազգաբնակչությանը` պարարտ հող էր ստեղծվել թոնդրակյան գաղափարախոսության զարգացման ու տարածման համար:

Թոնդրակեցիների մասին շատ սկզբնաղբյուրներ կան, սակայն դրանք, որպես կանոն, միակողմանիորեն արտահայտում են կղերական տեսակետը: Թե՛ Գրիգոր Մագիստրոսը, թե՛ Անանիա Նարեկացին, թե՛ Անանիա Մոկացի կաթողիկոսը, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին, աստվածաբան Պողոս Տարոնեցին, կաթողիկոս Ներսես Շնորհալին թոնդրակեցիներին անվանում են շներ, իսկ նրանց կենտրոնները` շնավաններ: «Թոնդրակեցիների չար աղանդի մասին» գլխում Լաստիվերցին լուտանքի հեղեղ է թափում ` «կեղծ», «խոսքերը ճարակում են քաղցկեղի նման», «վնասակար որոմ», «պիղծ», «շուն», իսկ Թոնդրակ ավանի մասին` «սատանայի բնակարան», «գազանների որջ»:

Այս շարժման առաջնորդի մասին խոսելիս հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշում է, որ «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին»: Ըստ Մագիստրոսի` Սմբատ Զարեհավանցին իր ուսմունքը սովորել է ոմն Մրջուսիկ անունով պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից: Սա ևս լրացուցիչ կռվան է, որ թոնդրակեցիները քրիստոնեության աղանդ չէին, այլ պարսիկ զրադաշտականության ազդեցությամբ վերածնունդ առած հայ արիականություն:

Թոնդրակեցիները, մերժելով քրիստոնեական շատ դրույթներ, չէին ընդունում մեռելներից հարության գաղափարը, հանդերձյալ կյանքը, հոգու անմահությունը, եկեղեցական նվիրապետությունը, հաղորդության, մկրտության խորհուրդները, պատարագը, մերժում էին Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, ծնրադրությունը, եկեղեցական ծեսերն ու տոները, մատաղը: Նրանք կուռքեր էին համարում խաչը, սրբապատկերները: Հիսուս Քրիստոսին համարում էին սովորական մահկանացու` մերժելով նրա աստվածային էությունը:

Թոնդրակյան գաղափարախոսության հիմքում ազատ սերն էր: Դա հակառակորդներին հիմք է տվել մեղադրելու նրանց անբարո վարքագծի և անառակ բարքերի մեջ, ինչն անշուշտ, անհեթեթություն է:
Թոնդրակյան շարժումը շատ կենսունակ եղավ և շուրջ 2 հարյուր տարի ցնցեց Հայաստանն ու Բյուզանդիան: Սմբատ Զարեհավանցուց հետո շարժումը գլխավորեցին Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը:

Սմբատ Զարեհավանցին շարժումը սկսեց 830-ական թվականներին: Շարժումը հախուռն էր ու սոցիալական բնույթից զատ, նաև զինված ապստամբությամբ էր դրսևորվում: Այնքան, որ անհանգստացրեց արաբական խալիֆայությանը: Սա վկայում է, որ այն նաև ազգային-ազատագրական պայքար էր և լուրջ վտանգ էր ներկայացնում արաբական տիրապետությանը նույնպես: Մասնավորապես, Մանազկերտի կայսիկ ամիրա Աբդուլ Բարդն անմիջապես ձեռնամուխ եղավ Զարեհավանցու շարժման ճնշմանը: Խոշոր ճակատամարտում թոնդրակեցիները պարտվեցին, իսկ նրանց առաջնորդ Սմբատ Զարեհավանցին սպանվեց: Սակայն Սմբատի մահով թոնդրակյան շարժումը չմարեց: Այն էլ ավելի տարածվեց և հզորացավ: Թոնդրակյան նոր կենտրոններ դարձան Մանանաղի Կաշե գյուղը, Թուլայլը, Աղյուսոն, շատ բնակավայրեր Խնուսում, Վասպուրականում, Դարանաղում, Այրարատում, Ռշտունիքում:

Թոնդրակյան շարժումը մեծ ծավալում ստացավ հատկապես X դարում: Թոնդրակեցիներն արդեն ունեին իրենց ամրացված բնակավայրերը, զինված ջոկատները, տասնյակհազարավոր հետնորդներ: Շարժումն ընդգծված սոցիալական բնույթ է ստանում և երբեմն ապստամբության դրոշ է բարձրացնում: 906 թ. Տաթևի գյուղացիական ապստամբությանն աջակցում են թոնդրակեցիները, որոնք, հարձակվելով եկեղեցու վրա, գրավում ու ավերում են այն:

Շատ գիտնականներ թոնդրակյաններին են վերագրում նաև հայոց սպարապետ Վասակ Պահլավունու մահը, որ Սերկևիլի ճակատամարտից հետո, իբր, հոգնած քուն է մտել մոտակա լեռան քարածերպերից մեկում և սպանվել է մի գյուղացու ձեռքով: Սա, ինչ խոսք, եկեղեցական պատմագրության հերյուրանք է, քանզի բացառված է որ հայոց սպարապետը դաժան ճակատամարտից հետո անմիջապես առանձնանար մի ժայռի մոտ ու քուն մտներ առանց թիկնազորի:

Թոնդրակյան շարժմանը հարեցին շատ բարձրաստիճան հոգևորականներ, ազնվականներ: Մասնավորապես թոնդրակեցիների առաջին շարքերում պայքարում էին իշխան Վրվեռը, իշխանուհիներ Կամարան, Հրանուշը, Ախնին, որոնք իրենց ձեռքով եկեղեցիներ էին ավերում ու խաչեր կործանում:

Բարձրաստիճան հոգևորականներից թոնդրակյան շարժմանը հարեց եպիսկոպոս Հակոբ Հարքացին, որ կարգալույծ արեց շատ հոգևորականների, արգելեց հայ եկեղեցու ծիսակարգը:

Բնականաբար, թոնդրակեցիներն ուժեղ հակազդեցության հանդիպեցին եկեղեցու և իշխանությունների կողմից: Նրանց դեմ ուժեղ էր պայքարը հատկապես Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի ժամանակ: Նա ոչ միայն կարգալույծ հայտարարեց Հակոբ Հարքացուն, այլև աղվեսակերպ դրոշմեց նրա ճակատը և բանտարկեց, որտեղ էլ նա մահացավ:

Թոնդրակեցիների դեմ պայքարում միավորվեցին հայոց պետությունը, Բյուզանդիան, արաբական խալիֆայությունը, հայ եկեղեցին…

Գերի ընկած թոնդրակեցիներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով, սպանում, բռնագրավում նրանց գույքը, հայտարարում օրենքից դուրս: Թոնդրակյան շարժման դեմ մեծ պայքար սկսեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Նա 1045 թ., իր հայրենի տիրույթները հանձնելով Բյուզանդիային, հաստատվեց Միջագետքում` ստանալով Միջագետքի դուքսի պաշտոնը: Բյուզանդական կայսր Կոստանդին Թ Մոնոմախի հրահանգով նա թոնդրակեցիներին բնաջնջելու նպատակով մեծ բանակով շարժվեց Հայաստան:
Գրիգոր Մագիստրոսը դաժանաբար ավերեց թոնդրակյան բնակավայրերը, ամրոցներն ու շեները: Թոնդրակ գյուղը հողին հավասարեցվեց: Տասնյակհազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվեցին ու նահատակվեցին: Գերյալներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն էին կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:
Գերյալ թոնդրակեցիների մի մասին բյուզանդական կայսրությունը տեղափոխեց և վերաբնակեցրեց Բալկաններում:
Սա, բնականաբար, տվեց իր սպասված արդյունքը` Հայաստանում թոնդրակյան շարժումը թուլացավ և մարեց, սակայն այս հարկադրյալ գաղթի հետևանքով այն տարածվեց Բայկանյան թերակղզում ու Արևմտյան Եվրոպայում:

 Անկախ

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

տիգրան մեծԱշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը:
Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք:
Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Ունե՞ր նրանից զավակներ` հայտնի չէ:
Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին:
Ժառանգելով հայոց գահը 45 տարեկանում` Տիգրանն արագորեն վերակազմավորեց հայոց բանակը և ձեռնամուխ եղավ հայոց հեղինակության վերականգնմանն ու պետության հզորացմանը: Նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը` Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160): Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը:
Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային:
Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը:
Մի քանի տարի անց Պարթևստանում վախճանվում է Միհրդատ Բ արքան: Պարթևաց երկրում ծայր են առնում երկպառակտչական պատերազմները: Առիթից չի հապաղում օգտվել Տիգրան Բ-ն: Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը…
Տիգրանը Մեծ Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին:
Նվաճելով վերը նշված երկրները` Տիգրան Մեծն այնտեղ չվերացրեց թագավորական իշխանությունը, ուղղակի վասալական կախման մեջ դրեց նրանց: Ոմանց հետ անգամ խնամիացավ` փորձելով դրանով ձեռք բերել դաշնակիցներ: Նա իր դստերը կնության տվեց Ատրպատականի Միհրդատ արքային: Հետագան ցույց տվեց, թե որքան սխալ էին հայոց արքայի հաշվարկները: Միհրդատի ու հայոց արքայադստեր ամուսնությունից ծնված Մար Արտավազդը հետագայում լուրջ մրցակից դարձավ հայոց Արտավազդ Բ արքայի համար:
Հաստատվելով արևելքում` Տիգրան Մեծն իր հայացքը հառեց դեպի հարավ: Իսկ Ասորիքում հետաքրքիր զարգացումներ էին: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունը փլուզվում էր: Եվ սելևկյան պետության ավագանին, հոգնելով շարունակական երկպառակտչական պատերազմներից, օտար գահակալ էր որոնում` բազմեցնելու սելևկյան գահին, դրանով իսկ կարգի գցելու ներքին խնդիրները երբեմնի հզոր թագավորության մեջ: Եվ ահա ավագանին հրավիրեց Տիգրան արքային` զբաղեցնելու Անտիոքի գահը նույնպես:
Տիգրան Մեծի պլանների մեջ, բնականաբար, մտնում էր Ասորիքի նվաճումը: Ասորիքն իր հարստություններով, նավահանգիստներով չէր կարող դուրս մնալ հայոց արքայի հետաքրքրությունների ոլորտից: Եվ ահա առիթ է ներկայանում նվաճելու Ասորիքն առանց պատերազմի` խաղաղ ճանապարհով: Տիգրան Մեծը մ.թ.ա. 83 թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը: Տիգրանը Անտիոքում կառավարիչ է նշանակում հայոց Բագարատ զորավարին և գրավում Դաշտային Կիլիկիան և Գամիրքը` դառնալով Հռոմի Հանրապետության անմիջական հարևանը: Տիգրանի ու Հռոմի բախումն անխուսափելի է դառնում: Մինչ վճռական գործողությունների անցնելը, կողմերը ակտիվ հետախուզություն են ծավալում: Օգտվելով Սպարտակի ապստամբության հետևանքով Հռոմում առաջացած խուճապից` հայոց արքան աջակցում է Միջերկրական ծովում ծովահենների ակտիվ գործունեությանը Հռոմի դեմ:
Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցեց նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը:
Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը: Սակայն հայոց արքան այստեղ թույլ տվեց իր լուրջ մարտավարական սխալներից մեկը. նա հայոց մայրաքաղաքը բնակեցրեց նվաճված երկրներից բերված հույն ու հրեա գերիներով:
Մեծ Հայքի համար տարածաշրջանում միակ ռեալ հակառակորդ ուժը դառնում է Հռոմը: Հենց Հռոմի դրդմամբ մ.թ.ա. 73 թ. Տիգրանի դեմ ըմբոստանում է Սելևկյան Սելենե թագուհին, որ ամուր կայազորով ամրանում է Պտղոմայիս ամրոցում: Տիգրանը շուրջ չորս տարի պաշարում է Պտղոմայիսը, ի վերջո գրավում և մահապատժի ենթարկում Սելենե թագուհուն: Այս դեպքերից հետո Տիգրանին հպատակություն է հայտնում նաև Իսրայելի թագավորությունը:
Սակայն հայոց արքայի հսկայական տերության մեջ էլ ամեն ինչ հարթ չէր ընթանում:
Նրա դեմ շարունակ ապստամբում էին նվաճված երկրների տիրակալները: Տիգրանը դաժանորեն ճնշում է ապստամբությունները: Նա անողոք գտնվեց անգամ իր երկու ապստամբ որդիների նկատմամբ, որոնց մահապատժի ենթարկեց: Պատմությունը մեզ է ավանդել նրանցից մեկի անունը` Զարեհ, մյուսին ենթադրաբար կոչել են Արտաշես:
Այս պայմաններում կամա, թե ակամա Տիգրան Մեծը ներքաշվում է պատերազմի մեջ: Աշխարհակալ Հռոմը, բնականաբար, չէր կարող հաշտվել Հայաստանի աշխարհակալական ձգտումների հետ: Մ.թ.ա. 73 թ. սկսվում է նոր պատերազմ Պոնտոսի և Հռոմի միջև: Չնայած նախնական հաջողությանը` Միհրդատ Եվպատորն այս պատերազմում գլխովին ջախջախվում է և ապաստանում Հայաստանում: Հռոմեացի զորավար Լուկուլլոսը, որ վարում էր պատերազմը Պոնտոսի դեմ, Տիգրանից պահանջեց իրեն հանձնել Միհրդատին:
Տիգրան արքան մերժում է Լուկուլլոսի ապօրինի պահանջը: Օգտվելով առիթից` հռոմեացին, առանց պատերազմ հայտարարելու, մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան: Արագ երթով անցնելով Ծոփքի վրայով` Լուկուլլոսի բանակը հայտնվում է մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների տակ: Տիգրանը, որ իր բանակով գտնվում էր Փյունիկիայում, Լուկուլլոսի դեմ է ուղարկում Մեհրուժան Ծոփեցուն 3000-անոց բանակով: Մեհրուժանի բանակը արագ ոչնչանում է` բախվելով Լուկուլլոսի զորքի հետ:
Հավանաբար, հայոց արքային շլացրել էին գլխապտույտ հաջողությունները…
Տիգրանակերտի տակ հայոց արքան թույլ է տալիս հերթական սխալը. նա փոքրիկ զորաջոկատով ճեղքում է հռոմեացիների պաշարման շղթան ու մտնելով քաղաք` նույն անակնկալ ճեղքումով քաղաքից հանում է իր կանանոցն ու գանձերը:
Սա որպես ռազմական գործողություն փայլուն էր, սակայն սխալ էր ռազմավարական տեսանկյունից, քանզի մինչ այդ քաջաբար պաշտպանվող մայրաքաղաքի բնակչությանը բարոյազրկեց ու հուսահատեցրեց:
Ինչևէ, մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի մատույցներում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որն ավարտվեց հայկական բանակի կատարյալ պարտությամբ:
Ճակատամարտից հետո Տիգրան արքան նահանջում է Արտաշատ, իսկ Լուկուլլոսը շարունակում է Տիգրանակերտի պաշարումը, ի վերջո գրավում և թալանում այն:

Տիգրանակերտի պարտությունը ծանր հարված էր հայկական աշխարհակալությանը:
Չբավարարվելով ձեռք բերածով` Լուկուլլոսը մ.թ.ա. 68 թվականի գարնանն անցնում է Հայկական Տավրոսն ու արշավում Արտաշատի վրա: Սակայն Արածանի գետի անցման ժամանակ նրան կազմ ու պատրաստ դիմավորում են հայկական զորքերը: Արածանիի ճակատամարտում Հռոմը ծանր պարտություն է կրում: Լուկուլլոսը ստիպված էր նահանջի հրաման տալ: Բայց Տիգրան Մեծը հերթական սխալը թույլ տվեց. նա չհետապնդեց նահանջող թշնամուն: Հռոմեական բանակը նահանջի ճանապարհին գրավեց նաև Մծբինը:
Մ.թ.ա. 67 թ. նոր միայն հայոց բանակը ռազմարշավ ձեռնարկեց արևելքում` փորձելով վերացնել Լուկուլլոսի արշավանքի հետևանքները և հայոց տերությանը միացնել ապստամբած ու Տիգրանի կայսրությունից անջատված երկրամասերը: Միաժամանակ, Տիգրանի բանակի աջակցությամբ Պոնտոսում իրերի նախկին վիճակն էր վերականգնում Միհրդատ Եվպատորը:
Այսպես անփառունակ ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը արևելք: Սակայն տիգրանյան կայսրության հիմքերը խարխլված էին այլևս: Մ.թ.ա. 66 թ. մեծ բանակով Արևելք է արշավում հռոմեացի հայտնի զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը:
Նա կարողացավ համոզել պարթևաց արքա Հրահատ Գ-ին, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Ինքը` Պոմպեոսը, արագ երթով արշավեց Պոնտոս և ջախջախեց Միհրդատ Եվպատորին: Տիգրան Մեծը չօգնեց իր աներոջը և երբեմնի դաշնակցին, քանզի Միհրդատը աջակցել էր Տիգրան Կրտսերի ապստամբությանը: Տիգրան Կրտսերը` հավակնոտ մի երիտասարդ, ապստամբելով հոր դեմ, նախ միացավ պարթևաց բանակին, սակայն հայ-պարթևական բախման ժամանակ հաջողությունը պարթևների կողմը չէր: Դրանից հետո հայոց դավաճան արքայազնը հայտնվեց Պոմպեոսի ճամբարում և առաջնորդեց հռոմեական լեգեոնները հայոց մայրաքաղաք: Տիգրան արքան ստիպված էր հաշտություն խնդրել Պոմպեոսից: Նա միայնակ, առանց թիկնազորի գնաց հռոմեական ճամբար ու թագը հանձնեց Պոմպեոսին: Հուզված հռոմեացին բարձրանալով իր գահավորակից` թագը դնում է հայոց արքայի գլխին: Համենայն դեպս, այս դեպքերի մասին այսպես են ավանդում հռոմեացի պատմիչները: Գուցե սա հորինված պատմություն է…
Ինչևէ, մ.թ.ա. 66 թ. աշնանը Արտաշատում կնքվում է պայմանագիր Հռոմի և Հայաստանի միջև: Պայմանագրի համաձայն` Տիգրանը Հռոմի օգտին հրաժարվում է իր նվաճումներից: Հայաստանը պահպանում է իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, բացառությամբ Ծոփքի, որտեղ թագավոր է հռչակվում Տիգրան Կրտսերը: Հայաստանը հռչակվում է «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ» և Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում:
Տիգրան արքան 6000 տաղանդ ռազմատուգանքը ցանկացավ վճարել հենց Ծոփքի գանձարաններից, ինչի համար ըմբոստացավ նրա որդին` Տիգրան Կրտսերը: Ի վերջո Պոմպեոսը նրան կալանավորեց և որպես գերի ցուցադրեց Հռոմի հաղթահանդեսին: Հետագայում, երբ Տիգրան Կրտսերը փորձեց փախչել Հռոմից և վերադառնալ Հայաստան, սպանվեց Հուլիոս Կեսարի հրամանով:
Արտաշատի պայմանագրից հետո Տիգրան արքան անդրադարձավ պարթևական գործերին: Հռոմի օգնությամբ նա Հյուսիսային Միջագետքից դուրս մղեց պարթևական զորքերն ու երկրամասը կրկին միացրեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը թագավորեց մինչև մ.թ.ա. 55 թ. և մահացավ խոր ծերության հասակում` հայոց գահը հանձնելով արժանավոր զավակին` Արտավազդ Երկրորդին:

Ֆրանսիացի արևելագետ Ռընե Գրուսեն այսպես է արտահայտվել Տիգրան Մեծի մասին.
«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության մղեց իր պետությունը, մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ

տիգրանՏիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին` ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:

Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության մեջ արհեստականորեն նսեմացված է, և շատերն անգամ նրան կիսաառասպելական կերպար են համարում: Եվ տարօրինակ է, որ խորհրդային պատմագիտությունն անգամ նրան հայոց արքաների գահացանկում չի ներառել, կամ ներառել է որպես Տիգրան Երվանդյան, այլ ոչ Տիգրան Ա, քանզի Տիգրան Ա ընդունված է համարել Տիգրան Մեծի հորը, որը թագավորել է մ.թ.ա. 115-95 թթ.:
Ինչևէ: Քերթողահայրը, վառ գույներով նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ, գեղեցկությամբ, լիությամբ, նա հայոց բանակը վերափոխեց, կուռ մարտական միավոր սարքեց, որից սարսափում էին հայոց թշնամիները: Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ ու արիությամբ բարձրացրեց հայոց հարգն ու պատիվը աշխարհում, շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին:
Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին, չէր նախանձում լավագույններին, և հայոց աշխարհում բոլորը վայելում էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը:
Մովսես Խորենացին անգամ արքայի արտաքինն է նկարագրել: Նա գանգրահեր, խարտյաշ, գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր: Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով ժուժկալ էր, խրախճանքների մեջ` օրինավոր:
Տիգրանի թագավորության տարիները բարդ էին աշխարհաքաղաքական առումով: Արևելքում տարածված էր Մարաստանի գերիշխանությունը: Մարաց արքա Աժդահակը փառասեր, նենգ, հզոր տիրակալ էր: Տիգրան Երվանդյանը, որպես դրացի, բարեկամական հարաբերություններ էր հաստատել Աժդահակի հետ, և հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ: Կյուրոսն ու Տիգրանը մտերիմ էին, և դրա մեջ մարաց արքան դավադրություն էր որոնում իր և իր պետության դեմ:
Սակայն, ըստ երևույթին, դեպքերը զարգացան աստվածային նախախնամությամբ: Մի գիշեր Աժդահակը սարսափազդու երազ տեսավ:

– Երազումս մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով կատարյալ դյուցազուններ։ Առաջինը, առյուծի վրա նստած, սլացավ դեպի արևմուտք, երկրորդը, ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը, վիթխարի վիշապ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։
Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով` հարձակվեց մեզ վրա և մոտենալով ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։
Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ,- պատմում է նա երազը իր խորհրդականներին ու խնդրում մեկնաբանել այն:

Խորհրդականները, երազը մեկնելով, ասում են, որ Հայկազյան Տիգրանից հարձակում է սպասվում Մարաստանի վրա: Իր երկրից երևութական այդ վտանգը վանելու համար մարաց արքան իր խորհրդականների հետ դավ է նյութում: Որոշում են պատգամաբեր ուղարկել հայոց երկիր` Տիգրանի մոտ, նրանից Աժդահակի համար խնդրել քրոջ` գեղեցկադեմ ու իմաստուն Տիգրանուհու ձեռքը: Այդպես էլ անում են: Պատմահայր Խորենացին անգամ մեջբերում է Աժդահակի պատգամը հայոց արքային. «Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով` ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղբայր»։

Հայոց Տիգրան արքան, անտեղյակ իր դեմ լարված դավադրությունից, համաձայնում է Աժդահակի առաջարկին ու քրոջն ամուսնացնում մարաց արքայի հետ, որը Տիգրանուհուն կարգում է որպես իր տիկնանց առաջինն ու Մարաստանի թագուհի:
Դավադրության առաջին մասն իրագործված էր: Ապա Աժդահակն իր ապագա պատերազմում իր թագուհու` Տիգրանի քրոջ աջակցությունն ստանալու նպատակով նրան փորձում է տրամադրել եղբոր դեմ` ասելով, որ Տիգրանի աչքը մարաց գահին է, իսկ այդ դեպքում Տիգրանուհու փոխարեն մարաց թագուհի կդառնա Տիգրանի կինը` Զարուհի թագուհին: Ապա Աժդահակը բացում է իր ծրագրերը Տիգրանուհու առաջ` ասելով, որ պատրաստվում է դավ նյութել հայոց արքայի դեմ ու նրան ծուղակը գցել:
Հասկանալով մահվան սպառնալիքը` Տիգրանուհին հավաստիացնում է ամուսնուն, թե աջակից է նրան, ապա հավատարիմ մարդկանց միջոցով սպասվող դավադրության մասին լուր է ուղարկում հայոց աշխարհ:
Իր ծրագիրն իրագործելու համար Աժդահակը պատգամավոր է ուղարկում հայոց արքունիք և պետական հույժ կարևոր գործեր քննարկելու պատրվակով Տիգրան արքային հրավիրում է հանդիպման Մարաստանի ու Հայաստանի սահմանագլխին:
Սակայն Տիգրան արքան դիվանագիտության չի դիմում և բացահայտելով մարաց Աժդահակի նենգությունը` բացեիբաց պատրաստվում է պատերազմի` ողջ Հայաստանով զորահավաք անելով:
Միաժամանակ, հավատարիմ անձանց շնորհիվ, Տիգրանին հաջողվում է գերությունից ազատել քրոջն ու զորքն առաջնորդել Մարաստանի դեմ:
Գլխավոր ճակատամարտում Տիգրան արքան մենամարտի է հրավիրում նենգ Աժդահակին: Մենամարտի ժամանակ իր երկար նիզակով շամփրելով Աժդահակի կուրծքը` ճեղքում է նրա զրահն ու նիզակի հետ մարմնից հանում մարաց արքայի թոքը:
Մենամարտից հետո մարաց բանակը խուճապահար փախչում է, և պատերազմն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:
Պատերազմից հետո Տիգրանը գերում է Աժդահակի ողջ ընտանիքը և արքունիքը: Նա Աժդահակի առաջին կնոջը` Անուշին, իր զավակների հետ բնակեցնում է Գողթն գավառում, Նախճավանի մատույցներում:
Տիգրանուհին Աժդահակին զավակ չի պարգևել: Հայտնի չէ` նա հետագայում ում հետ է ամուսնացել, բայց պատմահայր Խորենացին ավանդում է, որ Տիգրանուհուց է սերել հայոց աշխարհում «Ոստան ազատությանց» արքայազարմ ազնվական դասակարգը:

 

Վահե Անթանեսյան

 

«…Եթե Թեոդորոս Ռշտունու նման քաղաքական մտածողներ շատ լինեին հայ կառավարող շրջանների մեջ». Լեո

թեոդորոս ռշտունիԹեոդորոս Ռշտունին VII դարի օրհասական օրերին Հայաստանի իրական փրկիչը դարձավ: Արաբական արշավանքներն արհավիրքի պես սրբում էին տարածաշրջանի երկրները: Արաբների նոր ձևավորված հզոր տիրապետության դեմ ընկրկեցին անգամ աշխարհի հզորները` Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Վերջինս արաբների հարվածների ներքո հեռացավ պատմության թատերաբեմից, ավելին` պարսիկ ժողովրդին պարտադրվեց իսլամը, ինչն էականորեն փոխեց նրա աշխարհընկալումը, հոգևոր, բանական, զգայական արժեքները:

Թվում էր` Հայաստանն ի վիճակի չի լինի դիմակայելու արաբական հզոր արշավանքին: Թվում էր: Սակայն հայոց երկրում կային հզոր, արի ու հմուտ գործիչներ, որոնք գիտեին` ինչպես փրկել հայրենին, որոնց համար Հայաստանը` աստվածային արարչական երկիրը, սրբություն սրբոց էր: Նրանցից մեկը Թեոդորոս Ռշտունին էր` չգնահատված մեծություն, որին սերունդներն իսկապես պարտք են մնացել` փառավորելու նրա գործն ու հիշատակը:
VII դարի սկզբին Հայաստանը` որպես առանձին մարզպանություն, Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ էր: 628 թ. Ռշտունյաց հզոր նախարարական տոհմից Թեոդորոս իշխանը պարսից արքայի հրամանով նշանակվեց հայոց զորքերի սպարապետ: Մի քանի տարի անց` 634 թ., Թեոդորոս Ռշտունին նշանակվեց նաև հայոց մարզպան: Նրա իշխանությունը ճանաչեց նաև Բյուզանդիան, որ հայոց իշխանին հաճոյանալու համար շնորհեց պատրիկ, կյուրոպաղատ տիտղոսները:
Երկրի ռազմական ու վարչական լծակների կենտրոնացումը հմուտ զորավարի ու լավ վարչարար-դիվանագետի ձեռքում դրական երևույթ էր Հայաստանի համար: Նա կրթություն ու դաստիարակություն էր ստացել Տիզբոնի արքունիքում և քաջ զորավար լինելուց զատ, նաև հմուտ դիվանագետ էր:
Շատ չանցած` արաբների հարվածներից կործանվում է Սասանյան Պարսկաստանը: Հայաստանը ձեռք է բերում փաստացի անկախություն, և այդ պետության ղեկավարը հենց Թեոդորոս Ռշտունին էր: Թվում էր` Հայաստանի լիակատար անկախությունն ու թագավորական իշխանության հաստատումը ժամանակի խնդիր է: Բայց Հայաստանին նույնպես պատուհասում է արաբական վտանգը: Թեոդորոս Ռշտունին լավ էր հասկանում երկրին սպառնացող վտանգը և արաբների ռազմական հզոր ուժը, քանզի ի պաշտոնե հայոց բանակով պարսկական բանակի կազմում մասնակցել էր հակաարաբական պատերազմին: Նա նաև հասկանում էր, որ Հայաստանը միայնակ չի կարող երկար դիմակայել արաբական արշավանքներին: Հարկ էր, երկիրը ռազմականացնելուց զատ, նաև հմուտ դիվանագիտություն վարել արաբների հետ:
Վտանգի դեմն առնելու համար նա ամեն դեպքում մեծացնում է հայոց բանակի թվաքանակը` շեշտը դնելով թեթևազեն և արագաշարժ հայոց այրուձիի վրա: Նա ամրացնում է Հայաստանի բերդերը, կարևորագույն քաղաքները, պաշտպանական հանգույցները:
Ամրացնելով Հայաստանը` նա հոգ տարավ նաև Աղվանքի և Վիրքի մասին, այնտեղ տեղի ուժերին նույնպես նախապատրաստեց արաբական ներխուժմանը դիմակայելուն:

640 թվականից արաբները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Հայաստանի ուղղությամբ: Սակայն հայոց բանակը կազմ ու պատրաստ էր և միշտ դիմագրավելով արաբներին` արժանի հակահարված է հասցնում նրանց:
642 թ. Թեոդորոս Ռշտունին Կոգովիտ գավառում ջարդ տվեց արաբական զորքերին և վտարեց նրանց Հայաստանից:
Սակայն հայոց իշխանը լավ էր հասկանում ուժերի հարաբերակցությունը: Արաբական խալիֆայության դեմ Հայաստանը մենակ էր: Պոտենցիալ դաշնակիցներից արդեն չկար Սասանյան Պարսկաստանը, Բյուզանդիան իր հերթին իր անհեռատես քաղաքականությամբ ոչ միայն համատեղ ճակատ չէր կազմում արաբների դեմ, այլև ոտնձգություններ էր անում Հայաստանի հանդեպ: 646 թ. բյուզանդական Կոստաս կայսրն անգամ կարողացավ դավադրաբար ձերբակալել հայոց իշխանին և Կոստանդնուպոլիս տանել: Սակայն, վախենալով հայերի ընդվզումից` բաց թողեց նրան:
15-Հայաստանն-արաբական-արշավանքների-տիրապետության-հաստատման-և-հայ-ազատագրական-պայքարի-շրջանում-VII-IX-դարեր648 թ. Բյուզանդիան Հայաստանին դավանափոխության առաջարկ արեց` քաղկեդոնության ընդունման փոխարեն խոստանալով աջակից լինել հակաարաբական պատերազմում: Թեոդորոս Ռշտունու հարկադրանքով հայ իշխաններն ու հոգևորականությունը մերժեցին Բյուզանդիայի առաջարկը:
650 թ. Արծաթ բերդի մատույցներում հայոց իշխանը կրկին ջարդում է Հայաստան ներխուժած արաբական բանակները:
Այս պայմաններում Թեոդորոս Ռշտունին բանակցություններ է սկսում Ասորիքի արաբ կառավարիչ (հետագայում խալիֆ) Մոավիայի հետ և 652 թ. նրա միջոցով խալիֆայության հետ կնքում հայոց համար նպաստավոր պայմանագիր: Ըստ այդմ`
Հայաստանը ճանաչում էր արաբական խալիֆայության գերիշխանությունը: Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան` ինչքան ցանկանային: Արաբական արքունիքը հոգալու էր հայոց 15000-ոց այրուձիի ծախսը: Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու: Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին:

Խալիֆայությունն այսպիսով Թեոդորոս Ռշտունուն ճանաչեց իբրև հայոց, վրաց և աղվանից իշխանաց իշխան:

Սա բավական նպաստավոր պայմանագիր էր Հայաստանի համար: Հայոց երկիրը ոչ միայն աննշան հարկ էր վճարելու խալիֆայությանը, այլև հայոց այրուձին պիտի պահվեր արաբական գանձարանի հաշվին: Հայաստանի համար այս կարգավիճակը շատ ավելի ձեռնտու և անկախ էր, քան Մարզպանական Հայաստանը Սասանյան Պարսկաստանի կազմում:

Շուտով հայ-արաբական պայմանագիրը տվեց իր պտուղները: Հայաստան ներխուժեց բյուզանդական մեծ բանակ, և հայոց իշխանն արաբական 7000-ոց օգնական զորաբանակի հետ ջախջախեց բյուզանդացիներին:

Սակայն Թեոդորոս Ռշտունու այս քայլը միանշանակ չընդունվեց հայոց երկրում: Նրան ընդդիմացավ հայ կղերականությունը` հայոց եկեղեցին:
Սեբեոս եպիսկոպոսը (պատմիչ) այս պայմանագիրն անվանում է պայմանագիր դժոխքի հետ: Ցավոք, հայ կղերի համար էական չէր այդ պայմանագրով հայոց ձեռքբերումը, էական էր, որ հայոց իշխանը նման պայմանագիր է կնքել մահմեդական տերության հետ` թշնամանալով դավանակից Բյուզանդիային:

Հայաստանում, հայոց եկեղեցու և Մամիկոնյան նախարարական տան գլխավորությամբ, շատ իշխաններ ըմբոստացան Ռշտունյաց իշխանի դեմ: Նա մեկուսացավ երկրի պետական գործերից: Փաստորեն, եկեղեցին ու բյուզանդամետ նախարարները չեղյալ հայտարարեցին հայ-արաբական պայմանագիրը: Հետևանքն այն էր, որ արաբական բանակը մտավ Հայաստան և օգտվելով երկրի պառակտված վիճակից` գրավեց երկիրը, կողոպտեց ու ավերակների կույտի վերածեց այն:
Փորձելով շտկել իրավիճակը` Թեոդորոս իշխանը 1800 հայ մեծատոհմիկ ազնվականների հետ գնում է խալիֆայության մայրաքաղաք` Դամասկոս: Սակայն ավաղ, այլևս ոչինչ հնարավոր չեղավ փրկել: Հայ կղերականներն ու բյուզանդամետ ուժերն արել էին իրենց սև գործը: Հայաստանն այլևս գրավված էր արաբների կողմից:
Վշտացած, միայնակ ու հուսահատ, մեկուսացած պետական գործերից` Թեոդորոս Ռշտունին քաշվեց իր տոհմական Աղթամար կղզին, ուր էլ շատ չանցած` 654 թ. մահացավ կասկածելի հանգամանքներում:
Թեոդորոս Ռշտունին հայ ժողովրդի պաշտած իրական հերոսներից է: Շատ ուսումնասիրողներ նրա կերպարը նույնացնում են հայոց ազգային էպոսի Քեռի Թորոսի հետ: Որքանով է տեղին այդ համեմատությունը` դժվար է ասել: Սակայն մի բան պարզ է` Թեոդորոս Ռշտունին իսկական հայ էր ու նվիրյալ հայրենասեր:
Հայ ականավոր պատմաբան Լեոն տեղին է նկատել. «Եվ գուցե հայ ազգի ճակատագիրն այլ կերպ ընթանար, եթե Թեոդորոս Ռշտունու նման քաղաքական
մտածողներ շատ լինեին հայ կառավարող շրջանների մեջ»։

 

 

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ

սողոմոն թեհլերյանՀայը հերոսների պակաս երբեք չի ունեցել: Սակայն երբեք նախահարձակ չի եղել: Բայց նրա վրիժառու բազկի հարվածը դիպուկ է, նրա դատն արդար ու հարվածը` անսասան: Հայ վրիժառության առաջին և թերևս ամենամեծ գործիչը Սողոմոն Թեհլերյանն է, որի գործն այսօրվա չափանիշներով ահաբեկչություն ու սպանություն էր, սակայն եզակի էր նրանով, որ դատավարության ժամանակ մարդասպանը զոհ էր, տուժողը` հանցագործ: Փառք Սողոմոն Թեհլերյանին ու իր գործին:

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, ատրճանակից արձակված կրակոցով սպանվեց երիտթուրքական կուսակցության պարագլուխներից Թալեաթ փաշան, Հայոց ցեղասպանության թերևս գլխավոր մեղավորը: Նրան պատուհասող վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը, չնայած հնարավորությանը, փախուստի չդիմեց, այլ հանդարտ ու սառնասիրտ հայացքով նայում էր իր զոհի դիակին, մինչև վրա հասած գերմանական ոստիկանությունը կձերբակալեր իրեն:
Ապա հետևեց երկարատև դատավարությունը, որ իր ուշադրության կենտրոնում պահեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Դատի ժամանակ Թեհլերյանը մանրամասն պատմեց իր և իր ընտանիքի, համայն հայության ողբերգության մասին, ներկայացրեց Թալեաթին սպանելու պատճառները:
Առհասարակ, հայոց «Նեմեսիսից» զատ, Թալեաթը ևս երկու անգամ մահապատժի էր դատապարտվել: Առաջին անգամ 1915 թ. մայիսի 24-ին, Թուրքիայի դեմ պատերազմող Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որ պատերազմի հաղթական ավարտից հետո հակամարդկային հանցագործությունների համար դատապարտվելու են Թուրքիայի ղեկավարները: Սակայն, անգլիական հրամանատարությունը հետագայում, ձերբակալելով Թալեաթին ու նրա գործակիցներին, ընդամենն աքսորեց Մալթա կղզի, որտեղից նրանք անգլիացիների լուռ համաձայնությամբ ճողոպրեցին:
1920 թ. Թուրքիայի կառավարությունը երիտթուրք պարագլուխներին դատապարտեց մահապատժի` Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայկական կոտորածները կազմակերպելու մեղադրանքով: Սակայն այս դատավճիռն էլ կյանքի չկոչվեց:
1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության դատավորը կարդաց վճիռը: Հայությունը ցնծության մեջ էր: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց:
Դատավոր – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար:
Ատենակալ – Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ:
Թեհլերյանի դատապաշտպանի գործն իր վրա էր վերցրել Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր, դոկտոր Թեոդոր Նիմայերը, որ փայլուն կատարեց իր գործը: Դատարանում որպես վկա հանդես եկավ նաև գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի ցուցմունքներն էապես ազդեցին Թեհլերյանի դատավարության արդյունքների վրա: Որպես վկա հանդես եկան նաև թուրք գեներալ Շերիֆը, դոկտոր Նիպագեն, որ Հալեպի գերմանական ռեալական դպրոցի ավագ ուսուցիչ էր, իսկ դատախազը Գերմանիայում հայտնի Գոլնիկն էր: Գեներալ Շերիֆը դատի ժամանակ հասարակ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրեց Թեհլերյանից ու հայությունից` իր երկրի կառավարության իրականացրած մեծ ոճրի համար: Դատավարությունից հետո գերմանական մամուլը պահանջեց դատ հարուցել Թուրքիայում 1912-15 թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության և գերմանական կառավարության անգործության համար:
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Դարանաղի գավառի Ներքին Բագառիճ գյուղաքաղաքում` շինական Խաչատուրի և բողոքական քահանայի դուստր Հնազանդի ընտանիքում: Պատանի Սողոմոնը նախնական կրթությունը ստացել է հենց հայրենի գյուղում: Շատ չանցած` նա տեղափոխվում է Երզնկա քաղաք և ուսումը շարունակում տեղի Կենտրոնական վարժարանում, որն էլ ավարտել է 1912 թ. և տեղափոխվելով Թիֆլիս` ուսումը շարունակել Ներսիսյան դպրոցում:
1913 թ. Սողոմոն Թեհլերյանը տեղափոխվում է Սերբիա սովորելու: Սակայն այնտեղ երկար չի մնում: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Սողոմոնը վերադառնում է հայրենիք ու զինվորագրվում կամավորական շարժմանը: Նա մտնում է հայկական կամավորական առաջին գունդ և մասնակցում մարտերին զորավար Անդրանիկի հրամանատարությամբ: 1918 թ. մարտերից մեկի ժամանակ նա վիրավորվում է ու տեղափոխվում Թիֆլիս, ապա` Հյուսիսային Կովկաս` կազդուրվելու:
Վրա հասած արհավիրքը` Հայոց մեծ եղեռնը, Սողոմոնին զրկեց ողջ ընտանիքից ու հարազատներից: Ինքը` Սողոմոնը, փրկվում է ցեղասպանությունից` պատսպարվելով ծանոթ քրդի ընտանիքում: Նրանց բազմամարդ` 85 հոգանոց գերդաստանը համարյա իսպառ կոտորվեց: Արհավիրքից փրկվեց միայն երեք հոգի:
1919 թ. Սողոմոն Թեհլերյանը դառնում է ՀՀ բանակի հատուկ ստորաբաժանման անդամ: Նա անդամագրվեց Շահան Նաթալու նախաձեռնած «Նեմեսիս» վրեժի գործողությանը, որի նպատակը Հայոց ցեղասպանության մեղավորներին պատժելն էր: Այդ նպատակով 1919 թ. Թեհլերյանն ընկերների հետ մեկնում է Կոստանդնուպոլիս:
«Նեմեսիսի» հանձնարարությամբ Թեհլերյանն ընկերների հետ սկսում է Թալեաթի որոնումները: Շուտով լուր է հասնում, որ ոճրագործը Բեռլինում է: Թեհլերյանը շտապում է Գերմանիայի մայրաքաղաք: Երկար որոնումներից հետո, վերջապես հայտնաբերում է Թալեաթին: Կենդանաբանական այգու մոտակայքում զբոսնելիս նա պատահաբար լսում է ինչ-որ մեկի արտաբերած փաշա բառը: Շրջվելով` տեսնում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին: Ապա Թեհլերյանը հետևում է Թալեաթին ու գտնում նրա բնակության վայրը: Թալեաթի սպանության ծրագիրը արագ կազմվում է:
Դարանակալելով ոճրագործին տան մոտ` նա սպասում է նրա վերադարձին: Շուտով երևում է Թալեաթը: Թեհլերյանը մոտենում է հետևի կողմից, բարձր արտասանում նրա անունը: Ոճրագործը շրջվում է: Սարսափը նրա վերջին զգացումն էր, որ Թալեաթն ապրեց: Դիմահար կրակոցով Թեհլերյանը տապալում է թուրքին: Չնայած հնարավորություն կար փախուստի դիմելու, նա լուռ կանգնում է իր զոհի կողքին: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը պետք է հայության ցասումի ու երիտթուրքերի դատապարտման դատավարությունը դառնար:
Դատի ժամանակ նա հենց այդպես էլ ասաց, որ փախուստի չի դիմել, որպեսզի ողջ աշխարհն իմանա ճշմարտությունը: Նա հերքեց նաև դատախազի` իր ահաբեկիչ լինելու մեղադրանքը, ասելով, որ ահաբեկիչը կատարում է մի փոքր խմբավորման կամքը, իսկ ինքը իրականացրել է ողջ հայության ցանկությունը և վրեժը:
Թալեաթին պատուհասելուց և դատավարությունից հետո. հերոսը մինչ 1945 թ. բնակություն հաստատեց Հարավսլավիայում` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` Դելմատինսկա փողոցում: Պատերազմի ավարտից հետո մինչ կյանքի մայրամուտը նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Մեծ հայորդին հոգին ավանդեց 1960 թ. մայիսի 23-ին:

 

 

ԹԱՋ ՄԱՀԱԼ

թաջ մահալՇատ անվանի մասնագետներ գոթական ճարտարապետության հիմքերը որոնում են Հայաստանում: Տեղին է հիշել Կոստանդին Վեսելովսկու խոսքը. «X դարից սկսած` աշխարհով մեկ ճչում է անիական ոճը: Այսօր ավերակների մեջից է լսվում այդ ճիչը…»

Սակայն հայ ճարտարապետական միտքը փայլել է ոչ միայն Արևմուտքում: Արևելյան երկրներում էլ հայերն արարել են արժեքներ, որոնք մինչ օրս մարդկության մշակութային գանձերի շարքն են դասվում:

Դրանց թվին է պատկանում Թաջ Մահալը, որ գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Ճիշտ է, այն իր ոճով ու ոգով ավելի շատ իրանական ճարտարապետության դպրոցին է պատկանում և անգամ թևավոր խոսք կա, թե` «Թաջ Մահալն Իրանի ոգին է` կերտված Հնդկաստանի սրտում»: Սակայն նրա կառուցման տխուր ու գեղեցիկ պատմության հիմքում հայն է` չքնաղ մի հայուհի` Հեղինե անունով, որ Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստրն էր և ծնվել է 1597 թ.: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, նրան կոչում էին նաև Արջոմանդ Բանո Բեգում: 1614 թ. նա ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ:
Թաջ Մահալ նշանակում է արքունիքի թագ: Իսկապես այն թագ է` իր անկրկնելի գեղեցկությամբ ու հմայքով:
Ավանդությունը պատմում է, որ Շահ Ջահանը կանչում է դամբարանը կառուցող ճարտարապետին և առատ վարձատրելով` կտրում նրա ձեռքը, որպեսզի նա այլևս ոչ ոքի համար նման հրաշք չարարի:

Թաջ Մահալը գեղեցիկ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, ուրույն ոճով ու եզակիությամբ: Նրա կառուցման ակունքներում հուզիչ պատմություն է թաքնված:
Այն իրենից ներկայացնում է հայուհու դամբարան:

Թաջ Մահալը կառուցել է Հնդկաստանում իշխող Մեծ Մողոլների արքայատան տիրակալ Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` հայուհի Մումթազ Մահալի հիշատակին: Մումթազ Մահալ շահն անձամբ է անվանակոչել կնոջը, ինչը նշանակում է Արքունիքի զարդ: Մումթազ Մահալը ոչ միայն շահի սիրելին էր, այլև խորհրդատուն: Աչքի էր ընկնում խելքով ու նուրբ դիվանագիտությամբ և ուղեկցում էր ամուսնուն ամենուր, անգամ պատերազմական արշավանքների ժամանակ:
Մումթազ Մահալը Շահ Ջահանի առաջին տիկինն էր և թագուհին: Նա, Շահ Ջահանի բազում կանանցից մեկը լինելով, նաև ամենասիրելին էր և համատեղ ամուսնության 14 տարիների ընթացքում ամուսնուն պարգևել էր ութ որդի և վեց դուստր: Նա աչքի էր ընկել իր նվիրվածությամբ, հավատարմությամբ, խելքով:
Վերջին զավակի լույս աշխարհ գալու ժամանակ Մումթազ Մահալը մահանում է: Շահն այդ ժամանակ արշավանքի մեջ էր և նրան ուղեկցող կինը ծննդաբերեց Բուրհան Նուրե բնակավայրում` վրանում, դաշտային պայմաններում, ինչն էլ Մումթազ Մահալի մահվան պատճառը դարձավ: Նա մահից առաջ խնդրում է ամուսնուն իր շիրիմին գեղեցիկ դամբարան կառուցել, որ արժանի լինի իրենց սիրուն, և այլևս չամուսնանալ: Նույն գիշերն իսկ վշտից սպիտակում են Շահ Ջահանի մազերը: Նա տեղում հողին է հանձնում կնոջ մարմինը, սակայն շատ չանցած տեղափոխում է մայրաքաղաք` ի կատար ածելու նրա վերջին կամքը:

Այնքան մեծ էր Շահ Ջահանի վիշտը, որ նա կնոջ մահվան կապակցությամբ երկրում երկու տարով սուգ հայտարարեց: Ամբողջ երկու տարի Շահ Ջահանի ընդարձակ կայսրության մեջ արգելված էին ուրախությունը, երգն ու պարը:
Ապա Շահ Ջահանը ձեռնամուխ է լինում իր մայրաքաղաք Ագրայում Թաջ Մահալի շինարարությանը, որ տևում է ամբողջ 22 տարի` 1632-1654 թթ.:
Շինարարությանը մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված լավագույն ճարտարապետներ: Իսկ այդ ճարտարապետների մեջ առանձնանում էր մեկը` հայազգի Գրիգորը, որին կոչում էին Մեծ վարպետ-կառուցող, իսկ շինարարության ղեկավարի անունը, ըստ որոշ աղբյուրների, ուստա Իսային էր կամ Ուստա Իսսին:
Շինարարության համար անհրաժեշտ սպիտակ մարմարը բերվում էր Ջայկոտի քարհանքերից, իսկ անհրաժեշտ գունավոր քարերը` Չինաստանից, Տիբեթից և Հեջաբից:
Հետագայում Գրիգորը Թաջ Մահալից զատ այլ նշանավոր շինություններ էլ կառուցեց Շահ Ջահանի համար:
Թաջ Մահալը ժամանակին աշխարհի բարձրագույն շինություններից է եղել. նրա բարձրությունը հասնում է 74 մետրի. 42 մետր բարձրություն ունեն չորս մինարեթները: Բուն դամբարանի մարմարե գույնն ընդգծելու համար շրջակա շինությունները կառուցված են վարդագույն քարից:
Դամբարանը կառուցված է սպիտակ մարմարով, որ ավելի վեհ ու հիասքանչ տեսք է հաղորդում կառույցին:
Դամբարանի պատերն ամբողջովին զարդարված են նկարներով, Ղուրանի սուրահներով:
Դամբարանի կառուցումը հսկայական միջոցներ տարավ պետական գանձարանից: Բացի դրանից, շահն ամեն տարի մեծ միջոցներ էր ծախսում հանգուցյալ կնոջ պատվին համաժողովրդական տոնախմբություններ կազմակերպելու համար:
Շահ Ջահանը նպատակ ուներ Թաջ Մահալի դիմաց` Յամունա գետի ձախ ափին, իր համար էլ դամբարան կառուցել սև մարմարից: Սակայն նրա ծրագիրը կյանքի չկոչվեց: Շահ Ջահանի անհաշիվ ծախսերից դժգոհ էր պետության ավագանին և արքունիքը: Ի վերջո, նրանց աջակցությամբ արքայի որդին` Ջհանգիրը, պետական հեղաշրջում է կազմակերպում, հոր փոխարեն գահ բարձրանում ու բանտարկում երբեմնի զորեղ տիրակալին: Երկար տարիներ երբեմնի տիրակալն իր բանտախցից ամեն օր արցունքն աչքերին նայում էր իր իսկ կառուցած հրաշքին` իր և Մումթազ Մահալի անմար սիրո խորհրդանիշին: Մինչև այն պահը, երբ ինքը ևս ավանդում է իր տառապալից հոգին ու թաղվում կնոջ կողքին` իր իսկ կառուցած դամբարանում:
Այսօր Թաջ Մահալն աշխարհի տարբեր ծայրերից սիրահարների ուխտագնացության վայր է համարվում:

 

ՆԵՄԵՍԻՍ. հայտնաբերել ու պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին

ՆԵՄԵՍԻՍ

«Մեր մեռելները հեռու-հեռուանապատի մեջ են և մեզնից ծաղիկչեն սպասում, այլ ոճրապատ գանգերիարյունը». Արամ Երկանյան

1921 թ. մարտի 15-ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին:Գործողությունից հետո Թեհլերյանը փախուստի չդիմեց, հանձնվեց գերմանական իշխանություններին: Թեհլերյանի դատը, սակայն, վերածվեց երիտթուրքերիդատավարության: Գերմանական դատարանը, արդարացի և հիմնավոր գտնելով Թեհլերյանիվրեժխնդրությունը, հենց դատարանի դահլիճից նրան ազատ արձակեց: Թալեաթին դեռ պիտի հաջորդեինմյուսները…

Թալեաթի գնդակահարությունը «Նեմեսիս» ծրագրի առաջին մեծ հարվածը չէր, բայց ամենամեծ աղմուկ հանած գործողությունն էր: Ի՞նչ էր «Նեմեսիսը», ովքե՞ր հղացան այդ ծրագիրը:

«Նեմեսիսի» նպատակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հայտնաբերելն ու պատժելն էր: Բացի երիտթուրք պարագլուխներից, «Նեմեսիսի» թիրախն էին նաև Բաքվի ջարդերի կազմակերպիչ մուսաֆաթական գործիչները և թուրքերի հետ համագործակցող հայ դավաճանները: Այս առումով տեղին է շեշտել, որ «Նեմեսիսը» ահաբեկչական կառույց չէր, այլ պատժիչ:

«Նեմեսիս» գործողությունը ծնվեց 1919 թ. Երևանում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում: Գործողության անվանումն ընտրվեց ի պատիվ հունական դիցաբանության վրեժի աստվածուհի Նեմեսիսի:

Կազմվեց ցուցակ, որում ներառված էին 650 թուրք, ադրբեջանցի գործիչներ և հայ դավաճաններ: Նրանց վերաբերյալ կայացվեց մահվան դատավճիռ: «Նեմեսիս» ծրագիրը պետք է իրականացներ պատասխանատու մարմինը, որի նախագահ ընտրվեց «Բանկ Օտտոմանի» գործողության կազմակերպիչներից Արմեն Գարոն, որն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության դեսպանն էր ԱՄՆ-ում: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը պիտի ղեկավարեին գործողության ընդհանուր իրականացման ընթացքը: Ստեղծվեց հետախուզական խումբ` Հրաչ Փափազյանի գլխավորությամբ, որի խնդիրը դահիճներին հայտնաբերելն էր: «Նեմեսիսի» կազմակերպման համար ընտրվեց երկու կենտրոն` արևելյան և արևմտյան: Առաջինի կենտրոնատեղին Ստամբուլի «Ճակատամարտ» թերթի խմբագրությունն էր, արևմտյան կենտրոնը գտնվում էր Բոստոնում:

«Նեմեսիսի» մտահղացումը ծնվեց այն ժամանակ, երբ 1919 թ. Ստամբուլի դատարանը որոշեց մահապատժի ենթարկել երիտթուրքերի պարագլուխներին, սակայն վերջիններս, օգտվելով իշխանությունների թողտվությունից, խույս տվեցին Եվրոպա և Ամերիկա: Մնացյալ դատապարտյալներին բրիտանական հրամանատարությունը տեղափոխեց Մալթա կղզի և հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ: Եվ ՀՅԴ ընդհանուր ժողովը որոշեց իրականացնել վրիժառության ծրագիրը: Պետք է նշել, որ «Նեմեսիս» ծրագիրը հեշտությամբ չհաստատվեց: Դաշնակցության շարքերում ընդդիմացան անվանի գործիչներ Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, Արշակ Ջամալյանը: Սակայն անգամ նրանց հեղինակությունը չկարողացավ արգելակել «Նեմեսիսի» իրականացումը:

1919 թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում տակավին պատանի Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական դահիճ Ղասիմբեկովին:

1920 թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն և նրա գործակից, Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին:

1921 թ. հուլիսի 21-ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքինգործերի նախկին նախարար Բեհբութ Ջևանշիր խանին: Թոռլաքյանը Թեհլերյանի նմանվարվեց, փախուստի չդիմեց, և անգլիական դատարանը անմեղսունակ ճանաչեց նրան:

1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը, հընթացս նետվելով կառքը, որով երթևեկում էր երիտթուրքերի կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, տապալեց նրան և կանգնեցնելով կառքը` հեռացավ:

Մի քանի ամիս անց` 1922 թ. ապրիլի 15-ին նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում, Թալեաթի այրու աչքերի առաջ, սպանեցին Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ դոկտոր Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիրին:

1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում` Չէկայի շենքի դիմաց Պետրոս Տեր-Պողոսյանը, ԱրտաշեսԳևորգյանը, Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանեցին ՕսմանյանԹուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ջեմալ փաշային:

Երիտթուրք պարագլուխներից «Նեմեսիսի» վրիժառությունից խույս տվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան: Սակայն Էնվերին 1922 թ.` փախուստի պահին, Միջին Ասիայում գնդակահարեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումյանը:

Երիտթուրք մյուս դահիճը` դոկտոր Նազիմը, 1926 թ. մահապատժի ենթարկվեց Թուրքիայում` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ կազմակերպած մահափորձի համար:

Ինչպես վերը նշվեց, «Նեմեսիս» ծրագրի խնդիրն էր ոչնչացնել ոչ միայն երիտթուրքերի պարագլուխներին, այլև հայ դավաճաններին: Մասնավորապես, 1920 թ. Սողոմոն Թեհլերյանի գնդակով սպանվեց Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանը: Նույն թվականին Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Պոլսի հայ մտավորականների ցուցակը կազմած դավաճան Վահե Եսայանին:

Տեղին է նշել, որ «Նեմեսիսի» մարտիկներն իրենց գործողություններն իրականացնելու համար ընտրում էին մարդաշատ վայրեր: Դրա նպատակը մեծ աղմուկ բարձրացնելն ու հասարակական հնչեղություն ապահովելն էր: Ավելորդ չէ նշել նաև, որ հայ վրիժառուների գործողություններից երբևէ անմեղ մեկը չի տուժել: Այս ամենը ապահովեց նաև եվրոպական հասարակական կարծիքի ձևավորումը, որ «Նեմեսիսի» իրագործողները մարդասպաններ չեն, այլ հանուն վրեժի և արդարության զենք վերցրած մարտիկներ:

 

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ

ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻԿարևորելով եկեղեցու բացարձակ հեղինակության ամրապնդումը Հայաստանում` նա հանուն դրա անգամ վիժեցրեց Հայաստանում թափ առնող ազատագրական շարժումը:

XVIII դարի հայ իրականության հոգևոր-քաղաքական գործիչների ներկապնակը թերի կլիներ առանց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի:
Ապագա կաթողիկոսը ծնվել է 1710 թ. Երևանում: Ծնողները որոշում են նրան հոգևոր կրթություն տալ, և Սիմեոնն ընդունվում է Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր դպրոց: Ցուցաբերած առաջադիմությունը նրան հնարավորություն է տալիս դպրոցն ավարտելուց հետո դասավանդելու այնտեղ:
1752 թ. Սիմեոն Երևանցին վարդապետ է կարգվում, յոթ տարի անց` եպիսկոպոս:
Մինչ այդ` 1756 թ., նա հոգևոր ծառայության է անցնում Կոստանդնուպոլսում` հանդիսանալով հայոց կաթողիկոս Հակոբ Շամախեցու նվիրակը, որի հովանավորությունն էր վայելում նրա կաթողիկոսության ողջ ընթացքում: Շուտով Պոլսից նույն պաշտոնով անցնում է Հնդկաստան և հաստատվում Մադրաս հայաշատ քաղաքում:
Սակայն Մադրասում նա երկար չի մնում և շատ չանցած` վերադառնում է Էջմիածին: 1763 թ. մահանում է Հակոբ Շամախեցին և նույն թվականի ապրիլի 20-ին Սիմեոն Երևանցին օծվում է իբրև ամենայն հայոց կաթողիկոս:
Սիմեոն Երևանցին մեծ վարչարար էր ու հրաշալի կազմակերպիչ: Նրա առաջին գործը եղավ Էջմիածնի խարխլված տնտեսության վերականգնումը: Ապա ձեռնամուխ եղավ Մայր աթոռի արտաքին պարսպի վերանորոգմանը: Այն վաղուց խարխլվել էր, և միաբանությունն ու Էջմիածնի գանձերը թալանի ու ավարառության սպառնալիքի տակ էին:
Վանքի պարսպապատման աշխատանքների ժամանակ նա գյուղացիական շատ տներ քանդել տվեց և հեռացրեց վանքի մերձակայքից: Դրանից հետո Վաղարշապատում կառուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բազում գործեր ձեռնարկեց նաև վանքի ներսում: Մասնավորապես, Սիմեոն կաթողիկոսին է պատկանում նախկին վեհարանի, վանքի սեղանատան, մոմատան, ձիթհանքի, միաբանության խցերի և այլ հոգևոր ու կենցաղային շինությունների շինարարության պատիվը: Նա նաև նորոգեց Մայր տաճարի չորս հիմնական սյուները:
1771 թ. Սիմեոն Երևանցին Հայաստանի տարածքում` Վաղարշապատում հիմնում է առաջին հայատառ տպարանը: Տպարանի կարիքները հոգալու համար վեց տարի անց նույն վայրում հիմնում է նաև թղթի գործարան:
Սիմեոն Երևանցին, լինելով ժամանակի ուսյալ այրերից մեկը, նաև տոմարագիտությամբ է զբաղվել: Նա կարգավորեց հայոց եկեղեցական տոնացույցը, տոմարը, որը հրատարակվեց Էջմիածնում 1774 թ. և հայ իրականության մեջ գործածության մեջ դրվեց 1777-ից:
Սիմեոն Երևանցին նաև գիտնական էր: Նա բազում տոմարագիտական, պատմական և փիլիսոփայական աշխատությունների հեղինակ է, որոնց մեջ առանձնանում է «Ջամբռ» ընդարձակ աշխատությունը, որում կաթողիկոսն ամփոփել է հայ եկեղեցու պատմությունը` անդրադառնալով նաև հայ ժողովրդի պատմությանն առհասարակ, ինչպես նաև` հարևան երկրների պատմությանը:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սիմեոն կաթողիկոսի «Մեկնություն տոմարի» երկը: Իսկ փիլիսոփայության բնագավառում` «Պորփյուրի մեկնությունը», «Արիստոտելի Պերիարմենիաս երկերի մեկնությունը», Դավիթ Անհաղթի, Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական ժառանգության բազում վերլուծություններ: Նա մանավանդ զմայլված էր Արիստոտելի աշխատություններով ու երկերով.
«Արիստոտէլ միտն անզբաղ,
Բանասիրաց համեմիչ աղ:
Զընթրիս շնորհալիս կազմէ,
Եվ զմիտս պարզս հրավիրէ:
Ի յայս թեպետ յոլովք բազմին,
Բայց սակաւ են որք զմայլին:
Զի որոց ոչ գոյ միտ պարզեալ,
Արտաքս հանցին մերկ և քաղցեալ:
Զի սա մտաց է զմայլելի,
Ոչ թե մարմնոյ գիշակերի:
Ուրեմն որ յայս ընթրիս բազմի,
Յարմար կոչնատեառն պարտի»:

Սիմեոն Երևանցին, ուսումնասիրելով հայ եկեղեցու պատմությունը, հստակություն մտցրեց շատ հարցերում, ճշգրտեց հայոց կաթողիկոսների գահակալման տարեթվերը:
Նաև հստակեցրեց հայոց եկեղեցու վիճակները, անգամ հարկահանության չափը, եկամուտների և ծախսերի հաշվարկ մտցրեց, հստակեցրեց կաթողիկոսի իրավունքները, արտոնությունները, միաժամանակ սահմանափակեց Կիլիկիո կաթողիկոսության իրավասությունները, պայքար մղեց Գանձասարի կաթողիկոսության դեմ:
Սիմեոն Երևանցին ջանք ու միջոցներ չխնայեց հայոց եկեղեցու դիրքի ամրապնդման գործում: Նա մեծ պայքար ծավալեց հատկապես կաթոլիկ քարոզիչների դեմ` թույլ չտալով, որ նրանք Հայաստանի տարածքում ազատ քարոզեն:
Ամեն կերպ ամրապնդել հայոց եկեղեցու դիրքերն ու պաշտպանել նրա շահերը. ահա Սիմեոն Երևանցու քաղաքական հայեցակարգը: Իր գործում նա խտրություն չդրեց միջոցների մեջ: Կարևորելով եկեղեցու բացարձակ հեղինակության ամրապնդումը Հայաստանում` նա հանուն դրա անգամ վիժեցրեց Հայաստանում թափ առնող ազատագրական շարժումը: Հենց հայոց կաթողիկոսի գործուն ջանքերով Հովսեփ Էմինը վրաց թագավոր Հերակլ Բ Բագրատունու կողմից վտարվեց երկրից, քանզի Սիմեոն Երևանցին նրան սպառնաց Թուրքիայի և Պարսկաստանի տիրակալների առաջ բացահայտել Հերակլի և Հովսեփ Էմինի ծրագրերը: Սիմեոն Երևանցին չհապաղեց բանադրանքով սպառնալ նաև Գանձասարի կաթողիկոսին և Արցախի մելիքներին, որպեսզի նրանք ևս չընդունեն Հովսեփ Էմինին և չհամագործակցեն նրա հետ: Սա, մեղմ ասած, հայության հավաքական շահերից բխող քայլ չէր, բայց ցավոք, հայոց կաթողիկոսի համար հայության ազատագրումը ստորադաս էր Էջմիածնի շահերին:
Հովսեփ Էմինը, հիասթափված հայ հոգևորականի նման վարմունքից, հետագայում իր ինքնակենսագրական վեպում գրեց, որ հայ ժողովուրդն իր թշվառության համար պարտական է հենց քրիստոնյա հոգևորականությանը:
Հետագայում, երբ Էմինը միջոցներ հայթայթեց և փորձեց վերադառնալ Հայաստան, կաթողիկոսի ցուցումով Երուսաղեմի նվիրակն ուղղակի թալանեց և ձեռնունայն թողեց նրան:
Սիմեոն Երևանցին դժկամորեն էր վերաբերվում նաև Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությանը և Հայաստանի ազատագրման ծրագրերին: Ըստ նրա` Հայաստանում լուսավորության միակ աղբյուրը Էջմիածնի եկեղեցին պիտի լիներ:
Նա միաժամանակ սերտ կապեր հաստատեց Պետերբուրգի հետ` Եկատերինա Երկրորդ կայսրուհուն համոզելով հաստատել Էջմիածնի իրավասությունը ռուսահայերի նկատմամբ:
1779 թ. կաթողիկոսը հիվանդացավ: Նրա առողջությունը վատթարանում էր, և 1780 թ. հուլիսի 16-ին` Վարդավառի տոնակատարության օրը մահացավ:
Աճյունն ամփոփվեց Սուրբ Գայանե եկեղեցու գավթի հարավային կողմում:

 
Հաղբատի վանքը. Աշոտ Գ Ողորմած թագավորի (954-977) պատվերով 977 թ. կառուցել է Տրդատ ճարտարապետը:

1. Երկրորդ համաշխարհային պատերազմում հրաշքներ գործած «Կատյուշայի» գյուտարարներից մեկը հայ է ՝ Ստեփան Հակոբի Ակոպովը (1899-1958):
2. Կրասնոյարսկում դեկաբրիստների և Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանախմբերի հեղինակներն են Ա. Դեմիրխանովը և Վ.Իշխանյանը:
3. Մոսկվայի բանակի կենտրոնական ակումբի շենքի նախագծի հեղինակն է Կարո Հալաբյանը: Նա նաև Վոլգոգրադի գլխավոր հատակագծի համահեղինակ է:
4. Միակ հայը, որ երեք անգամ արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, Կիրակոս Մետաքսյանն է (Կիրիլ Շչյոլկին,1912-1968):

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

ռուբեն տեր մինասյանԱռաջին աշխարհամարտից առաջ ռուսական կառավարությունն առաջարկեց հայ ազատամարտի առաջատար Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ համաժողովրդական ապստամբություն բարձրացնի Թուրքիայում: Գրեթե նույն առաջարկն արեցին թուրքերը. ՀՅԴ-ն պետք է ապստամբեցներ արևելահայությանը:

Դաշնակցությունը, մերժելով երկու կողմին էլ, ընդունեց իր պատմության մեջ թերևս ամենասխալ ու վնասակար որոշումը. արևմտահայերը պետք է հավատարմորեն ծառայեն Թուրքիային, արևելահայերը` Ռուսաստանին: Ոչ ոք չլսեց անգամ Ռուբեն Տեր-Մինասյանի խորհուրդը, որ էր` խաբել Թուրքիային, զինվել նրա զենքով ու այդ զենքը շրջել հենց թուրքի դեմ: Իդեալական ծրագիր: Հիմա պատմությունն այլ կերպ կընթանար:
Այս առթիվ հետագայում Ռուբենը գրել է. «Դաշնակցությունը, դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականությանը, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողով) հորդորել հայ ժողովուրդին՝ կռվի դեպքում անթերի կատարել իր պարտականությունը Թուրքիո հանդեպ:
Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունն այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, և այս մոռացումը, անշուշտ, մեծ ճակատագրական սխալ էր: Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին, նաև ռուսական հսկա օժանդակությունները զորքով, սնունդով և ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունն ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվելուց` մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ»:

Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է 1882 թ., Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում: Ծնողների ցանկությամբ շուտով մեկնում է Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Սակայն նրա ձգտումը հոգևորական դառնալը չէր. Տակավին պատանի` Ռուբենը զգաց իր հոգու փոթորիկն ու իր կոչումը` ազատամարտ:
Եվ ահա, լքելով ճեմարանը, նա մեկնում է Մոսկվա և ընդունվում Լազարյան ճեմարան: Այստեղ էլ տիրող հեղափոխական մթնոլորտի ազդեցության տակ անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Իր եռանդուն ու փոթորկոտ բնավորությամբ Ռուբենը շատ արագ ներգրավվեց կուսակցական գործունեության մեջ և արագ աչքի ընկավ:
1903 թ. նա Թիֆլիս ժամանեց Արևմտյան Հայաստան մեկնելու հաստատակամությամբ: Սակայն մինչ Երկիր հասնելը նա հաստատվեց Կարսում և ինչպես հետագայում իր հուշերում գրեց, Կարսի հնոցի մեջ ոչ միայն զարգացրեց իր գիտակցությունը, այլև կոփվեց կամքով և գաղափարապես: Ավելորդ չէ նշել, որ այդ օրերին ՀՅԴ Կարսի Կենտրոնական կոմիտեի ղեկավարն էր Արամ Մանուկյանը, որ մեծ դեր ունեցավ Ռուբենի` որպես հեղափոխականի ձևավորման մեջ:

Կարսում շուրջ երկու տարի անցկացնելուց հետո, Ռուբենը 1905 թ. անցնում է Վան` Լեռնապարի կոմիտեություն, ուր Վանա Իշխանի հետ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով: Շուտով Վանում է հաստատվում նաև Արամ Մանուկյանը, իսկ Ռուբենը Սասուն մեկնելու հանձնարարություն է ստանում, ուր Վարդան Շահբազը մարտական պարապմունքներ էր անցկացնում անփորձ դաշնակցականների և նորաթուխ ֆիդայիների համար:

Սասունում Ռուբենը Գևորգ Չաուշի հետ գործի անցավ և ձեռնամուխ եղավ շրջանի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպմանն ու ամրապնդմանը: Նա իր առաջ խնդիր դրեց նախ և առաջ կարգ ու կանոն հաստատել ֆիդայիների հարաբերություններում, սրբագրել ներքին չգրված կանոնակարգը: Իր ծրագիրն իրագործելու համար երիտասարդ Ռուբենը կանգ չէր առնում ծայրահեղ միջոցների առաջ. անգամ զինաթափեց մեծ անուն ու համբավ ունեցող տարեց ֆիդայուն` Սպաղանաց Մակարին:
Սասունում եղած ժամանակ Գևորգ Չաուշի ղեկավարությամբ էլ նա մարտական մկրտություն ստացավ, բազում մարտերի մասնակցեց և թրծվեց իբրև քաջ ու անվեհեր մարտիկ:

Ռուբենը մասնակցեց նաև 1907 թ. մայիսի 27-ի Սուլուխի տխրահռչակ կռվին, որտեղ զոհվեց Գևորգ Չաուշը: Ռուբենը մի քանի մարտիկների հետ հազիվ կարողացավ ճեղքել պաշարման շղթան ու բարձրանալ սարերը:

1908 թ. հռչակվեց Օսմանյան սահմանադրությունը: Այս գործի մեջ ուրույն մասնակցություն ուներ նաև ՀՅԴ-ն, որի գործիչներից շատերը, շլացած այս «փառահեղ հաղթանակով», ցրեցին ֆիդայական խմբերը: ՀՅԴ գործիչներն ամենուր «սիրախաղի» մեջ էին երիտթուրքերի հետ: Ռուբեն Տեր-Մինասյանն այն եզակիներից էր, որ կոչ էր անում չհավատալ ու չվստահել երիտթուրքերին, չկորցնել զգոնությունը:
Ավաղ, նրան լսող գրեթե չկար:

Գուցե թե հենց հիասթափությունն էր պատճառը, որ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Ռուբենը որոշ ժամանակ հեռացավ կուսակցական գործունեությունից և ուղևորվեց Եվրոպա, ուր 1913 թ. ավարտեց Ժնևի համալսարանի քիմիական ֆակուլտետը:

Սակայն իրադրությունն աշխարհում լարված էր, արդեն ուրվագծվում էր առաջիկա պատերազմը, և 1913 թ. ՀՅԴ բյուրոյի հրահանգով Ռուբենը դարձյալ հայտնվում է Սասունում և անցնում կազմակերպչական աշխատանքների: Նրան է վստահվում Դուրան-Բարձրավանդակի և Սոլնո ձորի կոմիտեությունների պատասխանատվությունը: Իսկ դա շատ պատասխանատու պաշտոն էր, քանզի այդ կոմիտեությունն ընդգրկում էր ողջ Սասունը և Տարոնը. այդ շրջանը երկար ժամանակ հայ ազատամարտի հնոցն է եղել:
Գևորգ Չաուշի եղերական մահից հետո տարածաշրջանում շատ բան կար անելու: 1915 թ. Ռուբենը գլխավորեց Տարոնի ինքնապաշտպանությունը, որի եղերական տապալումից հետո անցավ Կովկաս:

Այստեղ ևս Ռուբեն Տեր-Մինասյանը ակտիվ հասարակական կյանքով է ապրում: Դառնալով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամ` նա մասնակցեց Անդրկովկասյան սեյմի աշխատանքներին:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Ռուբենն ընտրվում է Հայաստանի խորհրդարանի անդամ, ապա նշանակվում զինվորական նախարար, զորավար Արարատյանի օգնական, ներքին գործերի նախարար, իսկ Խատիսյանի կառավարության օրոք` Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար: Ռուբեն Տեր-Մինասյանը նաև մինչև իր կյանքի վերջը ՀՅԴ Բյուրոյի անդամ էր:
Մեծ է Ռուբենի` որպես զինվորական նախարարի ներդրումը հայկական բանակի կազմավորման գործում: Բանակը, որ կազմավորվեց` հիմք ունենալով նախկին ցարական բանակում ծառայած զինվորականներին և կամավորական խմբերին, ուներ պարենավորման, հանդերձավորման դժվարություններ, ինչն ամբողջությամբ պետական միջոցների հաշվին անելը գրեթե անհնարին էր, քանզի Հայաստանի Հանրապետությունը ծանր դրության մեջ էր: Եվ Ռուբենը, ով անցել էր շարքային հայդուկից մինչև ռազմական նախարարի պաշտոն դժվարին ճանապարհը, պատվով լուծեց այդ խնդիրները: Նա նաև ձեռնամուխ եղավ Հայաստանում ռազմական ուսումնարանի ստեղծմանը, սակայն վերահաս ռուս-թուրքական ներխուժումը վիժեցրեց այդ ծրագիրը:

Դեռ մինչև նախարար դառնալը նա աչքի ընկավ Արարատյան դաշտավայրի թուրքական գյուղերի ապստամբությունները ճնշելով և այդ բնակավայրերը կառավարությանը ենթարկեցնելով:

Նա նաև հիանալի վարչարար էր: Պատերազմի հետևանքով դատարկված շատ բնակավայրեր Ռուբենը բնակեցրեց գաղթական ընտանիքներով:

ՀՀ անկումից հետո Ռուբեն Տեր- Մինասյանն անցավ արտասահման: Նա բնակություն հաստատեց նախ Իրանում, ապա` Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում:

Կյանքի մայրամուտը Ռուբեն Տեր-Մինասյանն անցկացրեց Ֆրանսիայում, որտեղ էլ մահացավ 1951 թ. նոյեմբերի 27-ին:

Սակայն Ռուբեն Տեր-Մինասյանը սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն որպես ազատագրական շարժման կամ ռազմական-վարչական գործիչ: Սփյուռքում ապրած տարիներին նրա զենքը գրիչն էր: Իր երկար թափառումների ու մաքառումների տարեգրությունը Ռուբենը թղթին հանձնեց և լույս ընծայեց «Հայ յեղափոխականի մը հիշողությունները» բազմահատոր աշխատությունը, ինչը մեծ արժեք է ներկայացնում պատմագիտության համար ոչ միայն ՀՅԴ պատմության, այլև առհասարակ. ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրության համար:

 

ՌՈՍՏՈՄ

default«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնն ինքը իր բովանդակ էութեամբ»։ Սիմոն Վրացյան

Հովհաննես Թումանյանն իր հուշերում գրել է, որ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը ստացել է Զորյանից. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկայ պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի: Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին: Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմաները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով»:

Դժվար է պատկերացնել հայոց ազատամարտի պատմությունն առանց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության: Հիրավի, ՀՅԴ անվանումն այսօր բոլորը գիտեն. բայց արդյոք բոլո՞րը գիտեն նրա հիմնադիր եռյակի` Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին: Այո, քչերը գիտեն, քանզի նրանք գործի մարդիկ էին, այլ ոչ շոու բիզնեսի…

1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ:
Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն և հոգևոր երաժշտություն: Հետագայում որտեղ էլ որ գործում էր Ռոստոմը, միշտ բոլորին փորձում էր սովորեցնել հայ հոգևոր երաժշտություն և հեղափոխական երգեր: 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան: Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր և հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր: Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթո մականվամբ:

Թիֆլիսյան ուսումը բավարար չէր Ռոստոմի թռիչքի ձգտող մտքի համար, և շուտով պատանին Եվրոպա է անցնում ու ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, որն ավարտելուց հետո ավարտում է նաև Մոսկվայի գյուղատնտեսական համալսարանը: Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում: Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը, շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից, սիրում էր հատկապես Գոգոլին և կարող էր անգիր արտասանել «Տարաս Բուլբան»:

Ռոստոմն անձամբ մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ, բավական երկար ժամանակ էր անցկացնում մեծ բանաստեղծի հետ, որը հենց Ռոստոմի ազդեցությամբ անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Ահա թե ինչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը Ռոստոմի մասին. «…Տարբեր միջավայրերից եկած, տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ, հանդիպելով Բաղդի քեռու տանը, զրուցում են միմեանց հետ, կարծիքներ փոխանակում և ավելի շատ վիճում: Զրույցների և վեճերի նյութը գլխավորապես գրականությունն ու պատմությունն էին»: Մրցում էին իրենց իմացածով և իրար դեմ հանում. Թումանյանը` հայկականը, Զորյանը՝ ռուսականը: «Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել,- գրում է Թումանյանը:- Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա»:

Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով: Սակայն Ստեփանն արդեն ընտրել էր իր հայ ազատամարտի ուղին: Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում:

Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի գյուղ` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` հեղափոխության հորձանուտը: 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում: Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր: Այս ընկերությունը մեծ պտուղ տվեց ընդամենը մեկ տարի անց:

Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն: Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ: Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին: 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը: Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն: Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ:
Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս:
Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը: 1895 թ. նա հաստատվում է Կարինում: Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում և նահանգում: Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան: Ռոստոմը Կարինում հաստատվեց նաև 1910-1914 թթ.: Եվ նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում:

Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում: Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան: Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին: Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով: Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1902 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ: Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը: Ռոստոմն ակտիվ էր նաև հետագայում` Բալկանյան պատերազմում, երբ Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորներով Բալկաններում պատերազմում էին թուրքերի դեմ:

1903 թ. նա կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ, իսկ 1904-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը:

1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը:
Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը:
Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր: Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմն իրեն նետեց նրա բոցերի մեջ: Պարսկական հեղափոխության առաջամարտիկները հենց հայերն էին, Ռոստոմը գաղափարական ճակատում, Նիկոլ Դումանն ու Եփրեմ խանը` ռազմի դաշտում:
Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում: Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը: Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր և կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը:

Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չի ստացել: Բայց գործի մեջ` հանձնարարություններր կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: Ըստ նրա` այդ կարգապահությունը պետք է դառնա դաշնակցականի, առհասարակ հային բնորոշող գծերից մեկը: Գործի և պայքարի ժամանակ նա երբեմն անգամ դաժան էր, միաժամանակ զգայուն ու նուրբ հոգի ուներ ու անսահման բարություն:

1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում: Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս:

Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով:
Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը: Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում: Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը: 1919 թ. հունվարի 18-ի գիշերը` իր երեսնամյակի օրը, նա մահացավ: Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը` Եղիսաբեթն ու դուստրը` Թագուհին: Անկողնում գամված` նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես` նրա «Հայր մերը»: Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտեռնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը:
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, – ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար,: