Ալիևին ականջից բռնած են բերելու բանակցությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Hrant-Melik-ShahnazaryanՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հետաքրքիր է, չէ՞, որ պատերազմ հրահրող և ՀՀ Նախագահի հետ հանդիպումից խուսափող ադրբեջանական կողմն առաջինը սկսեց բարձրաձայնել վաղը կայանալիք եռակողմ հանդիպման մասին։ Անհամբեր դարձան հանկարծ, և կարծում եմ, բոլորս հասկանում ենք, թե ինչու։ Մի քանի օր առաջ գրել էի, որ Ալիևին ականջից բռնած են բերելու բանակցությունների, էսօր ինձ արդեն Նոստրադամուս եմ կամաց-կամաց զգում))))։

Բայց, որ ճիշտն ասեմ, կանխագուշակումներս պատմական հիմք ունեն։ 94-ին էլ ադրբեջանցիները չէին ուզում հանդիպել հայկական պետությունների ղեկավարների հետ։ Բայց հետո խնդրվելով եկան, որ հրադադարի պայմանագիր ստորագրեն։ Էսօր էլ են նույն վիճակում, ինչի համար հատուկ շնորհակալություն սահմանին կանգնած մեր զինվորին”։

 

Անկախ

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

DSC_9832Օգոստոսի 8-ին «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին հակառակորդի հարձակման ժամանակ թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված և վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մերօրյա հերոսին իր սխրանքի համար՝ շուտափույթ առողջություն մաղթելով նրան։

DSC_9846Հաջորդ այցելությունը «Եռաբլուր» պանթեոն էր, որտեղ ծրագրի մասնակիցները խոնարհվեցին զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին, ծաղիկներ դրեցին 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրմին։

DSC_9855«Պատիվ ունեմ» ծրագիրն ամփոփվեց Արմեն Հովհաննիսյանի տուն այցելությամբ։ Պատանիները հանդիպեցին Արմենի ծնողների հետ, ծանոթացան նրա անձնական իրերին, լսեցին հուշեր Արմենի մասին։

Տեղեկանալով, որ պատանիներն իրենց այցելել են հոսպիտալից՝ Արմեն Հովհաննիսյանի մոր՝ տիկին Մարինեի առաջին հարցը եղավ՝ ինչպե՞ս է վիրավոր Նորայր Քամալյանը։

DSC_9853Արեմենի մայրը նշում է, որ իրենց տունը միշտ լիքն է այցելուներով։ Ծանոթ-անծանոթ, երեխաների ձեռքը բռնած, մշտապես գալիս են, լինում Արմենի փառքի սենյակում։ Տիկին Մարինեն հայրենասիրական ինքնատիպ դաս անցկացրեց Գեղարքունիքից ժամանած երեխաների համար։ «Մենք սակավաթիվ ազգ ենք, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հայրենասիրությունը փոքր տարիքից սերմանվի երեխաների մեջ։ Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին թշնամիներին։ Մեզ պետք է հզոր բանակ, իսկ հզոր բանակի գրավականը հայ զինվորն է, ով առանց վարանելու պետք է անցնի ժամկետային զինծառայությունը։ Այսօր զինվորները շատ ավելին են անում, քան մենք՝ թիկունքում գտնվողներս, ուստի չպետք է մոռանանք նրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք թիկունքում, որպեսզի տղաները մեզանից ուժ ստանան։ Եթե մենք այսօր գլուխներս դնում ու հանգիստ քնում ենք, մեր տղաների շնորհիվ է։ Մատաղ սերունդը պետք է հասկանա, որ սահմանները պաշտպանելով, ոչ միայն ընտանիքն են պաշտպանում, այլև իրենց ապագա զավակների բաժին հայրենիքը»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր, գրառումների տետրում թողեցին իրենց երախտիքի խոսքերը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Հակառակորդը հերթական անգամ հետ է շպրտվել՝ կրելով կորուստներ

1339061887_g_imageՕգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Անկախ

Օրացույցի այս օրը

573 (1)Այսօր Բնիկ ժողովուրդների միջազգային օրն է:Նշվում է 1994-ից, ամեն տարի, օգոստոսի 9-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

Աշխարհի բնիկ ժողովուրդների առաջին միջազգային 10-ամյակը, որ սկսվել է 1995-ից օգնել է ավելի հստակ լսելու ողջ աշխարհի բնիկ ժողովուրդների ձայնն ու  նրանց խնդիրներին ականջալուր լինել:

2004-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան «Գործողությունների ու արժանիքների տասնամյակ» թեմայով  2005-2014  երկրորդ ժամկետի մասին է հայտարարել:

Հայաստանում կհաշվառվի գյուղատնտեսությունը

DSC004402014 թվականի հոկտեմբերի 11-31-ը ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում:

Գումարվեց հաշվառման նախապատրաստման և անցկացման Շիրակի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Վերջինս մարզի գյուղապետերին ներկայացրեց հաշվառման կարգն ու անհրաժեշտությունը:

Հաշվարարները հոկտեմբերի 1-10-ը նախնական շրջայցեր են կատարելու համայնքներում, ընդհանուր առմամբ գյուղատնտեսության համատարած հաշվառմանը մասնակցելու է 4235 հաշվարար ամբողջ Հայաստանից: Ինչպես վիճծառայության նախագահը հայտնեց, հաշվարարների ընտրությանը նախապատվությունը տրվելու է տվյալ համայնքի բնակչին:

Նիստի օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ հաշվառման նպատակը և կարևորությունը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք աջակցության և այլ հարցեր:

ՙՀավաքագրված տվյալներն օգտագործվելու են միայն վիճակագրական ծառայության կողմից՝ բացառապես վիճակագրական նպատակներով, ոչ մեկին անվանական տվյալներ չեն տրամադրվելու, դրանք կհրապարակվեն միայն անվանազերծված: Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական, անհատական նյութերը, այդ թվում տվյալները, դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց  չեն կարող օգտագործել՚, – ասաց Ստեփան Մնացականյանը և հավելեց, որ դա արվում է, որպեսզի գյուղաբնակ տնային տնտեսություններից բացառապես ճիշտ ինֆորմացիա տրամադրվի:

Հաշվառման նպատակն է հավաքել տեղեկություններ գյուղատնտեսության կառուցվածքի՝ գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործվող հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղական շենք-շինության, ջրային կուլտուրաների, մարդկային և նյութական ներուժի և այլնի վերաբերյալ:

Բանախոսի խոսքով՝ գյուղատնտեսական հաշվառումները, ինչպես և մարդահամարները, անցկացվում են 10 տարին մեկ անգամ՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից: Նա նաև շեշտադրում է՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումը բերքի հաշվառում չէ, այլ՝ գյուղատնտեսության արտադրական կարողությունների հաշվառում:

Հավաքագրված վիճակագրական տվյալներըն օգտագործվելու են աղքատության մոնիտորինգի, պարենային անվտանգության, գյուղատնտեսության ծրագրավորման և այդ ոլորտում քաղաքականության մշակման, գենդերային վիճակագրության վարման, ընթացիկ վիճակագրության որակի վարման, սպառողներին առավել ընդգրկուն տեղեկատվության տրամադրման և այլ բնագավառում մոնիտորինգային ցուցանիշների համակարգերի ձևավորման համար:

ՙՀարկ է գիտակցել, որ գյուղատնտեսությունը ըստ Հայաստանի գործունեության տնտեսական տեսակների դասակարգչի՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում՚, – ասում է Ստեփան Մնացականյանը, սակայն պետք է կարողանանք սահմանազատել ձեռնարկատիրական գյուղատնտեսությունը տնային տնտեսությունների թողարկում-սեփական սպառում գործառույթից:

 

Անկախ

ԼՂՀ ՊՆ տեղակալ, գեներալ-մայոր Ս. Կարապետյանի հարցազրույցը

S_KARAPETIANՄեր ազատամարտիկը կրկին լինելու

Է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի

ճակատագիրը

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական

հակամարտ զորքերի շփման գծում տեղի

ունեցած զարգացումների և այսօր տիրող

իրավիճակի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ

տեղակալ, Արցախի ազատամարտիկների

միության նախագահ, գեներալ-մայոր

Սամվել Կարապետյանի հետ:

 

 

Հարց. Պարոն գեներալ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, և ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետպնդում նման լարվածության ստեղծումը:

 

Պատ. 1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր “մարտ-հետախուզությամբ” մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ գործողությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ:

 

Հարց. Առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը մի առանձնակի տրամադրությամբ արձագանքեցին երեկվա պատերազմի մասնակիցները: Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամներ, առանց վարանելու, կամավոր մեկնեցին առաջնային գիծ և ստանձնեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը:

 

Պատ. Այս անգամ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության միջև առկա փոխհամագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվող գործընթացը` այն է երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանությանը, իրոք համընկավ առաջնային գծում ստեղծված լարված իրադրության հետ: Հանգամանք, որը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել  այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն ու նրա սահմանների  անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ:

 

Հարց. Հատկանշական է, որ զուտ կամավորականության սկզբունքով իրականացվող այս հիրավի օրինակելի առաքելությունը, որոշ շրջանակներում, այդ թվում նաև մեր հակառակորդի ճամբարում, այլևայլ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Մասնավորապես, ադրբեջանական քարոզչությունը փորձեց այս իրողությունն օգտագործելով, կասկածի տակ դնել ՊԲ-ում ծառայող մեր այսօրվա զինվորի մարտական ու բարոյահոգեբանական հնարավորությունները…

 

Պատ. Եթե ՊԲ-ն ի վիճակի չլիներ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ապա զորքերի համալրումը կիրականացվեր ոչ թե ինքնաբուխ և կամավորականության սկզբունքով, այլև օրենքով սահմանված կարգով կհայտարարվեր զորակոչ: Մինչդեռ դրա կարիքը չկար ու դեռևս չկա, քանի որ մեր բանակում ծառայող այսօրվա զինվորը լրիվությամբ և անթերի կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Իսկ երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործին, դա առավելապես բարոյահոգեբանական նշանակության խնդիր է… Դա ոգևորելու և ոգևորվելու նպատակ է հետապնդում, որն ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ այսուհետ մեր երկրում ունի և ունենալու է իր առանձնահատուկ դերակատարությունը: Արցախի ազատամարտիկների կողմից կատարվող այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երեկվա պատերազմի մասնակիցն իր խոսքը հաստատում է գործով և անհրաժեշտության դեպքում նա կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը:

Հարց. Եվ վերջին հարցը. Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում

 

Պատ. Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահհամոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումներիհեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենքպարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատպարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության: Իսկդրան հասնելու ամենակենսունակ ճանապարհը մեկն է` յուրաքանչյուր հայրենյացպաշտպան` լինի զինծառայող, թե ազատամարտիկ իր առջև դրված խնդիրը պետք էկատարի խղճով և պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Հանգամանք,որն այսօր արդեն իրողություն է և այն դրսևորվում է ամեն օր ու ժամ:

Շնորհակալություն:

Անկախ

Հզորության հասցեն մարտադաշտն է

PN_SHENQԿարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամ լսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական, այսպես կոչված հաջողությունների մասին, բերել հակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝ փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգել այն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրված ամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենով հանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփական հասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի… Սա է Ադրբեջանի ագիտպրոպի գործելաոճը, որի հիմքում ընկած է սուտը, չարախոսությունը, սեփական անճարակությունը երևակայության ուժով քողարկելու մոլուցքը… Նույն դեպքի շուրջ կարող են խոսել քաղաքագետն ու ռազմական փորձագետը, լրագրողն ու քաղաքացին և նրանցից ամեն մեկն՝ առանց փաստերի ու խղճի խայթի կներկայացնի այն, ինչ-որ կհամարի իրենց ձեռնտու կամ քիմքին հարիր… Որ այս ամենն արվում է նշվածների կողմից, էլի հասկանալի է՝ կասեն քարոզչություն է… Մինչդեռ երբ նույն տրամաբանությամբ են գործում տվյալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ազգային հերոս կոչված վայ գեներալներն ու դրանց ենթակաները՝ մեզ համար զավեշտալի, իսկ այդ երկրի համար պիտի որ ողբերգություն լինի… Դա ողբերգություն է, քանի որ ստելով սեփական ժողովրդին հանգստացնելը չէի ասի, որ ամենահաջողված տարբերակն է… Հակամարտության գոտում իր իսկ կողմից սադրած նախահարձակ գործողություններում խայտառակաբար պարտվել, բայց հանդես գալ հաղթողի կեցվածքով՝ ամենաքիչը ինքնախաբեություն է… Ինքնախաբեություն է, երբ արժանապատվության փոխարեն ընտրում ես ստորությունը, երբ մարտադաշտում կրած պարտությանդ մուռը հանելու համար պատրաստ ես դիմելու վայրենիության հասնող և բանականության սահմաններում որևէ կերպ չտեղավորվող անմարդկային քայլերի… Ասենք այնպիսին, ինչպիսինն այսօր էր, երբ թուրքի գյուղում հայտնված մոլորյալ հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ /նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել/՝ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետև սպանեցին… Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված “գեներալ” Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ… Այն “գեներալի”, ով ընդամենը օրեր առաջ քարոզչամիջոցներով ստում էր, թե վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ իբր սպանվել է 71 հայ զինվոր, իսկ այնուհետև շրջանառության մեջ դրեց Թովուզի ուղղությամբ 4 հայ դիվերսանտ ոչնչացնելու մասին մտացածին ապատեղեկատվությունը…

Այսքանից հետո հարց է առաջանում՝ ու՞մ հետ մենք գործ ունենք՝ բանակի՞, թե մռայլ միջնադարի հովերով տարված նախճիրի, որը նախընտրում է ոչ թե մարտադաշտը, այլև քնածին կացնահարելու կամ մոլորյալ անպաշտպանին “հերոսաբար” սպանելու ճիվաղ կեցվածքը: Հետո էլ ասում են՝ մենք հզոր ենք…

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

3426_hqՕգոստոսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

Հայաստանի եզդիների ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Նախարարի տեղակալը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշեց, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:

Անկախ

Արյան մեջ շաքարի պարունակության ախտորոշիչ սարքեր` Ստեփանակերտին

001 (2)Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող  բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը «Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանի ներկայությամբ սարքավորումները փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին: Նշելով, որ սա երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող հերթական քայլերից է, Երևանի քաղաքապետի խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև վստահեցրել է, որ աջակցության նմանատիպ քայլերը լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և «Նորմեդ» բժշկական կենտրոնին սարքավորումները տրամադրելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ Ստեփանակերտում այս սարքավորումներն իսկապես անհրաժեշտություն էին և դրանց տրամադրումն, ըստ էության, սոցիալական կարևոր նշանակություն ունի: Ստեփանակերտում արդեն կազմվել են այն շահառուների ցուցակները, ում կտրամադրվեն այդ սարքավորումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնական գրադարան

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանի մասնաշենք և հետևել քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով ընթացող վերանորոգման աշխատանքներին:  Այստեղ, մասնավորապես, ամրացվում է շենքը, հիմնանորոգվում է տանիքը, փոխվում են պատուհանները: Շուրջ 2300 այցելու ունեցող գրադարանում պահվում է ավելի քան 212 հազար կտոր գրականություն:

Շրջելով բաժիններում և ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել հատկապես աշխատանքների որակի պահպանմանը: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ արդեն հաջորդ տարի գրադարանում կիրականացվի շենքի ամբողջական հիմնանորոգում, որից հետո նոր ու առավել հարմարավետ պայմանները կնպաստեն նաև այցելուների թվի աճին: Կհիմնանորոգվեն նաև Աջափնյակի մյուս 3 գրադարանները:

Տարոն Մարգարյանը հետաքրքրվել է նաև գրադարանային ֆոնդի պահպանման և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրականացվող նորոգումների համար՝ գրադարանի տնօրենն, առիթից օգտվելով, անդրադարձել է նաև քաղաքապետարանի կողմից գրադարանային ֆոնդի թարմացման ծրագրին և այցելուների անունից հատուկ շնորհակալություն հայտնել վերջերս տրամադրված 200 կտոր նոր,  ժամանակակից և իրապես անհրաժեշտ գրականության համար: Նշենք, որ ներկայում մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 1 մլն 800 հազար կտոր գրականություն:

 

Անկախ

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի և Արմավիրի մարզեր

11477_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր:
Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Տրանշ 1-ի` Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ կատարման ընթացքով և հանձնարարել շինաշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է Աշտարակ-Թալին 41.9 կմ երկարության հատվածի վերակառուցում և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչև քառաշարք ճանապարհ: Տրանշ 2-ի վարկային համաձայնագիրը կնքվել է 2011 թ. մայիսի 30-ին: Նախագծային խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» ընկերությունը, կապալառու կազմակերպությունն է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Թալինի տարածաշրջանի Եղնիկ համայնք՝ շրջել գյուղի դպրոցի շենքում, ապա համայնքի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Վարչապետի հետ զրույցում գյուղացիները բարձրացրել են համայնքի՝ խմելու ջրով ապահովման, դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման և այլ հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին 10 օրվա ընթացքում կազմակերպել համայնքում խմելու ջրի 2500 մ խողովակի անցկացումը և ներկայացնել դպրոցի մարզադահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվ: Ի պատասխան գյուղացիների մեկ այլ հարցի՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է արոտավայրերն օգտագործել պայմանագրային վարձակալության հիմունքով, ինչին բնակիչները համաձայնվել են:
Գործադիրի ղեկավարն այցելել է նաև Թալին քաղաքի մանկական գեղարվեստի դպրոց, որը վերակառուցվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով՝ վերահատակագծումով: Վարչապետին տեղեկացրել են, որ 64 աշակերտ ունեցող կրթօջախի վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը: Այժմ կատարվում են հատակների, սանհանգույցների, էլեկտրասնուցման, ջրամատակարարման, գազամատակարարման, կոյուղու, օդափոխության և ջեռուցման համակարգերի վերակառուցման, պատուհանների, տանիքների փոխարինման և այլ աշխատանքներ: Կառավարության ղեկավարի հանձնարարականով դպրոցին 10 օրվա ընթացքում կտրամադրվի նոր գույք:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ գյուղում՝ շրջայց կատարել համայնքի պատմամշակութային միջնադարյան ամրոցային համալիրում: Հուշարձանի տարածքի ուսումնասիրման և վերականգնման նպատակով 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 370 մլն ՀՀ դրամ: Ամրոցի հետագա վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին ներկայացված Դաշտադեմ ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագրի շրջանակում: Դաշտադեմ համայնքի բնակիչների հետ Հովիկ Աբրահամյանը զրուցել է գյուղի խնդիրների, մասնավորապես, ոռոգման ջրի հարցի շուրջ՝ խոստանալով հնարավորության դեպքում լուծում տալ խնդրին:
Կառավարության ղեկավարի այցի վերջին կանգառը Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքն էր: Վարչապետը շրջել է Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում, որը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնաճյուղն է: Հովիկ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել Մուսալեռան հերոսամարտի թանգարանի և հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ծրագրի վերաբերյալ:

Անկախ

ՀՀ Արարատի մարզում մեկ շաբաթվա ընթացքում խնայվել է 340լ/վ /տարեկան մոտ 10.7 մլն խ/մ/ արտեզյան ավազանի ջուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված  աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ  ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են իրականացվել: Լուծարման աշխատանքին տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

004 (2) 006

Վերոհիշյալ աշխատանքները շարունակվել են նաև վերջին շաբաթվա ընթացքում: Արդյունքում՝ ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու՝ «Կարապետ Բադալյան» ԱՁ և «Մարինե Բադալյան» ԱՁ ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով  160 լ/վ և 103 լ/վ արտեզյան ջուր:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի իրականացրած միջոցառումների շնորհիվ վերջին 10 օրվա ընթացքում խնայվել է մոտ  340 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ ջուր:

Մինչ այդ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել էր 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:

https://www.youtube.com/watch?v=VxkZ_5JqLqo&feature=youtu.be

Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին

010

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:

007010 (1)

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման ընթացքում տարածքն ամբողջությամբ նոր տեսք է ստացել: Վերակառուցվել և սալիկապատվել են ճեմուղիները, առանձնացվել են ծաղկային տարածքներ, որոնք վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության ուժերով ձևավորվել են երփներանգ բազմաթիվ ծաղիկներով և մշտադալարներով: Ծառերի և այգու կանաչ գոտիների խնամքն ապահովելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը: Տեղի բնակիչներին և հյուրերին այսուհետ այգին դիմավորելու է նոր կահավորանքով՝ ինքնատիպ նստարններով և արտաքին լուսավորության ցանցի երևանյան կահավորման ընդհանուր ոճին համահունչ լուսամփոփներով: Տեղադրվել է նաև զրուցարան, աղբամաններ: Այգու խաղահրապարակի հարակից շինություններն էլ նկարազարդվել և գունազարդվել են:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջելով տարածքում և ծանոթանալով կատարված շախատանքներին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով մշտական խնամք իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և կանաչապատելու համար՝ բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ իրենք ևս հոգ կտանեն այգու խնամքի մասին և կպահպանեն այն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետևել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 և 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով նախատեսված բազմաբնակարան շենքերը, որոնք կառուցվում են նույն հասցեներում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքերի տեղում, համաձայն նախագծի, բազմահարկեր են:

Ներկայացնելով շինարարության ընթացքը՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:  Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել շինաշխատանքներն ու դրանք կազմակերպել այնպես, որ շինարարության ընթացքում հարակից տարածքների բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառվի: Քաղաքապետի հանձնարարությամբ շինարարության ավարտից հետո կբարեկարգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն նորակառուցների հարակից տարածքները:

Պատասխանելով լրագրողների՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման փուլային ծրագրով իրականացվող գործընթացի վերաբերյալ հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վթարային շենքերի բնակիչների տարհանման և նոր բնակարաններով ապահովման հարցը մշտապես եղել է քաղաքապետարանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում և հենց այս ուղղությամբ հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ ձեռնարկված հստակ քայլերով այսօր կառուցվում են միանգամից մի քանի շենքեր:

«Եթե հիշում եք, 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծվեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողով, որը պետք է նախ տեղերում գույքագրեր  առկա պահանջարկը՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ ծավալների մասին է խոսքը: Գույքագրմամբ պարզ դարձավ, որ տվյալ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանների կարիք կա: Հարցը նաև Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում էր, և ՀՀ կառավարության հետ համատեղ մենք խնդիր դրեցինք 2013 թվականին, առնվազն, 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցումով, ըստ էության, լուծեցինք առաջնահերթ տարհանման ենթակա 207 բնակարանների խնդիրը: Ի դեպ, Սիսակյան 22 շենքը կառուցվել էր բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Իսկ արդեն այս տարի, ՀՀ կառավարության հետ համատեղ, նախաձեռնել ենք 4 բազմաբնակարան շենքերի կառուցում, որի արդյունքում ամբողջությամբ կլուծենք վթարային շենքերի 450 բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել նաև, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարայնության 9 շենք՝ 450 բնակարանով: Խոսելով նորակառույցներում բնակարանների հատկացման սկզբունքի մասին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ. 682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ ինչպես արդեն իսկ տրամադրված 207 բնակարանների պարագայում, այնպես էլ կառուցվող նոր բնակարանները շահառուներին կտրամադրվեն վիճակահանության սկզբունքով. Այսինքն, բնակիչներն իրենք վիճակահանությամբ կորոշեն նոր բնակարանի հարկն ու համարը:

Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող բոլոր շենքերում բնակարանները շահառուներին կհանձնվեն բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում՝ ամբողջությամբ նորոգված և ջեռուցման անհատական համակարգով ապահովված: Շենքերի կառուցման համար նախատեսվել է 5 մլրդ 600 մլն դրամ, որից 1 ու 6 միլիարդը տրամադրվել է համայնքային բյուջեից, իսկ 4 մլրդ-ը՝ կառավարության կողմից: Բոլոր շենքերը կառուցվում են նախկին վթարային շենքերի տեղում և ունեն սեյսմակայունության ՀՀ-ում գործող նորմերին համապատասխան աստիճան։ Ինչպես Սիսակյան 16, այնպես էլ մյուս շենքերի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի հոկտեմբերին:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ապրիլի 23-ից` անհայտ կորած

Պետրոս Պրոխորյան

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1932 թ. ծնված Պետրոս Պրոխորյանը, որը ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան 15 շենքի 34 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 010-39-02-02, 010-39-97-74, 055-84-55-00 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Իրադրությունն առաջնագծում

ԼՂՀ ՊՆ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

—

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Հայ գերին մահացել է «սրտանոթային սուր անբավարարությունից»

08.08.14-3._0Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ մահացել է երեկ ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը: Ազերիները նշել են, որ Կարենը մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից:

Կարենի մահվան մասին լուրը Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Էդ էրեխեն էլ չկա»,-հուզված ձայնով նշեց նա: Չինարեցիների խոսքով՝ Կարենը որևէ առողջական խնդիր չի ունեցել:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի էր ընկել ադրբեջանական կողմին: Կարենը բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, եղբայրն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, քույրն ամուսնացած է:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնել էր, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր էին տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական գերության մեջ:

 

Անկախ