Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողությունը կշարունակվի

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ Մ. Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն էլ պարբերաբար կազմակերպում է ստուգայցեր:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն ու զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ՝ Կենդանաբանական այգում

001Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգու հանդիսավոր բացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ձեռնարկվել և ավարտին են մոտենում նախապատրաստական, այդ թվում այգու տարածքի բարեկարգման աշխատանքները:

«Մեր համաքաղաքացիները կենդանաբանական այգի այցելելիս հենց մուտքից պետք է զգան այն փոփոխությունները, որոնք կատարվել են տեղում զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քաղաքապետն անդարադարձել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ. 15 շենքի բնակիչների խնդրին

տարոնԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառված Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների խնդրին:

«Դեռևս 2008 թվականի տարեսկզբին այդ շենքում բնակվող ընտանիքներին առաջարկվել են բնակարաններ: Սակայն բնակիչները հրաժարվել են նոր բնակարաններից՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բնակարանների կառուցվածքն իրենց չի բավարարում և այդ պատճառով այն ժամանակ վերաբնակեցման գործընթացը կասեցվել է: Բայց մենք նորից պատրաստ ենք քննարկելու տվյալ շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը, հատկապես, որ այս տարի մեր կողմից արդեն նախաձեռնվել է 4 բազմաբնակարան շենքերի կառուցում՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների տեղափոխման և նոր բնակարաններով ապահովման նպատակով: Այդ շենքերը շահագործման կհանձնենք 2015 թվականին և դրանով կլուծենք շուրջ 500 ընտանիքի բնակարանային հարց»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է պատասխանատուներին համապատասխան հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կազմակերպել նաև Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ հանդիպում և քննարկել հարցը:

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

սերգո կարապետյանՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։

Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող  այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների և դրանց արդյունքում  միջպետական համագործակցության մասին  համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։

Ապրիլի 22-25-ը նախատեսվող այցի ընթացքում ծրագրված են այցելություններ խաղողագործական տնտեսություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչպես նաև գինու համալսարան։  Կկայանան հանդիպումներ Ռոն Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության և գյուղատնտեսության զարգացման բնագավառի գործատուների միության ղեկավարության հետ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի պաշտոնական այցի ընթացքում կհստակեցվեն գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր այն ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների հանդիպման օրակարգում։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

 

Հանձնարարվել է խստորեն վերահսկել սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման ու բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

001Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նշվել է նաև, որ նախապես գույքագրված 128 տարածքներից 87-ն արդեն իսկ մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել, որոշ դեպքերում նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների ռեսուրսների աջակցությամբ: Իսկ պարտավորությունները չկատարողների մասով էլ զեկուցվել է, որ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը պատասխանատուներին  հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խսիտ հսկողության տակ և համապատասխան քայլեր ձեռնարկել այն սեփականատերերի և վարձակալների նկատմամբ, ովքեր խուսափում եմ կարգի բերել իրենց տիրապետման ներքո գտնվող տարածքները:

«Սեփականատեր, թե վարձակալ՝ պարտավոր է սեփական ուժերով կազմակերպել իրեն պատկանող տարածքի մաքրման և պատշաճ տեսքի բերման աշխատանքները: Եվ այդ տեսանկյունից ուղղակի անհասկանալի և անընդունելի է, թե ինչու պետք է սեփականատիրոջ կամ վարձակալի փոխարեն համայնքի համապատասխան կազմակերպություններն իրենց տեխնիկայով կազմակերպեն տվյալ տարածքներն աղբից մաքրելու աշխատանքները: Միայն խոսքերով չէ, որ պետք է սիրես ու գնահատես Երևանը, ինչպես անում են ոմանք, այլ գործով պետք է ապացուցես, որ Երևանը նաև քո՛ մեծ տունն է ու համապատասխան վերաբերմունքով ցույց տաս դա: Ըստ այդմ, մեր մոտեցումներն ու քայլերն էլ նման տնտեսվարողների նկատմամբ պետք է լինեն շատ խիստ և կոշտ: Դրա համար ձեռնարկեք օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը և գործընթացը պահեք մշտական խիստ հսկողության տակ: Վարձակալների դեպքում էլ նախաձեռնեք պայմանագրերի վերանայման քայլեր և անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

 

 

ՀՅԴ-ը կողմ է իշխանափոխությանը որոշակի պայմանների դեպքում

Արմեն ռուստամյան«Առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում արդյունավետ կառավարում իրականացնելուն: Այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ և թելադրել: Երբ ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնել, մենք խրվելու ենք դրա մեջ մասնագիտական առումով, որը ամենաարդյունավետ համակարգն է մեր կարծիքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ինչին  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելեց. «Միևնույն է առաջիկա նախագահական ընտրություններում նախագահը փոխվելու է, իշխանափոխություն լինելու է, բայց եթե նոր նախագահը նույն համակարգով ղեկավարի, ով էլ լինի, նման լիազորություններ ունենալով, շահ չի ունենա փոխել համակարգը»:

Նա նշել է, որ կուսակցությունը կողմ է իշխանափոխությանը, սակայն որոշակի պայմանների առկայության դեպքում: «Մենք դառը փորձ ունենք, որ մարդիկ փոխվել են, բայց համակարգը չի փոխվել: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, բայց պետք է երաշխիք լինի, որ դա կբերի իրական համակարգային փոփոխությունների. քանի դեռ այդ երաշխիքը չկա, մենք կողմ չենք զուտ մարդկանց փոփոխություններին»,- նշել է  Ռուստամյանը:

Խմբակցության անդամը անդրադարձել է նաև իշխանության հետ կոալիցիա կազմելու խնդրին, նշելով, որ եթե ՀՅԴ կողմից երկրի նախագահին ներկայացված յոթ կետերը իրականություն դառնային, իրենք պատրաստ կլինեին ստանձնել կառավարության ամբողջական պատասխանատվությունը, ոչ միայն մասնակի. «Մենք մտադիր չենք անիմաստ մտնել կոալիցիա, եթե չեն որդեգրվել մեր առաջարկած կետերը: Այս պահին, այդ կետերը չեն ընդունվել, մենք չենք մտնում կոալիցիա, բայց պահանջելու ենք այդ կետերի իրականացում»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը, հավելելով, որ ՀՅԴ-ն կարող է վերանայել իր դիրքորոշումը, եթե կառավարությունն ընդունի իրենց` ապրիլի 17-ին առաջարկած կետերը:

Անկախ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նկարահանվող հոլովակները երիտասարդ սերնդի շրջանում կարթնացնեն արժանապատվության զգացում

Arshak-ZaqaryanՑեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կնկարահանվեն մի շարք ֆիլմ-հոլովակներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ արդեն երկու տեսահոլովակի սցենար է պատրաստ: Ըստ Արշակ Զաքարյանի` այդ հոլովակները երիտասարդ սերնդի շրջանում կարթնացնեն արժանապատիվ լինելու զգացում:

«Ցանկանում եմ նկարահանել հոլովակների մի ամբողջ շարք, սակայն դեռ երկու հոլովակ ենք նախատեսել: Դրանք «Բոյկոտ» հոլովակի շարունակությունն են և արթնացնում են պահանջատեր լինելու զգացում: Տեսահոլովակները նկարահանվելու են հասարակ մարդկանց ներդրումների շնորհիվ: 350 հազար դրամ արդեն  հավաքվել  է»,- ասաց ռեժիսորը:

Արշակ Զաքարյանը ցավով նշեց, որ այսօր մեր երկիրը լցված է թուրքական ապրանքներով և երգերով: Ռեժիսորը հոլովակների շարքով ցանկանում է երիտասարդ սերնդին ուղերձ հղել: Հոլովակներից մեկում մեր զոհվածների ուրվականներ են զբոսնում, ցույց են տալիս, թե ինչի ենք հասել, հետո հայտնվում են թուրքական ապրանքներ վաճառող խանութների առջև:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ համոզված է, որ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առկա ձեռքբերումները կապված են Սփյուռքի հետ, և Հայաստանն այնքան էլ ներդրում չունի այս գործընթացում:

«Մենք չենք փորձում Ցեղասպանության ճանաչումը դարձնել համամարդկային խնդիր: Սփյուռքում համայնքները գոնե դրանով պետք է զբաղվեն, փորձեն տվյալ երկրի հասարակության, գիտնականների և բնակչության շրջանում բացատրել, թե ինչ է եղել»,- ընդգծեց Ռուբիկ Մինասյանը` հավելելով, որ տարբեր լեզուներով գոյություն ունի շատ սակավ տեղեկատվություն Ցեղասպանության վերաբերյալ:

Անկախ

Երիտասարդները` «Հայրենիքիս կանչով»

01Ապրիլի 19-21-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Հայրենիքիս կանչով» ծրագիրը:

Եռօրյա այս սեմինար-քննարկմանը մասնակցեցին ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի 50 ուսանողներ։ Ծրագիրը ներառում էր հայրենասիրական թեմաներով դասախոսությունների շարք, որոնք զուգակցվում էին քննարկումներով: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան նաև ֆիլմերի դիտումներ և խմբային քննարկումներ:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը, խոսելով նման ծրագրերի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության մասին, նշեց. «Իրականում երիտասարդների առաջարկով և ցանկությամբ ենք որոշել իրականացնել այս ծրագիրը: Դասախոսությունների, քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ կարող ենք փաստել՝ ունենք հրաշալի երիտասարդություն, մտահոգված հայրենիքի, պետության և բանակի խնդիրներով»: Արմինե Բարսեղյանի փոխանցմամբ` ծրագրի նպատակն էր նպաստել ուսանողության հայրենասիրական դաստիարակությանը, նրանց մեջ սերմանել սեր դեպի ազգային տարրեր, ուստի բանախոսները դասախոսությունները կառուցել էին Հայոց բանակի, պատմական իրադարձությունների, պետության ներքին և արտաքին քաղաքականության տեղեկատվության հիման վրա:

Այն մասին, արդյոք բավարա՞ր են երիտասարդների գիտելիքները նշված հարցերի վերաբերյալ, Արմինե Բարսեղյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Միայն այն, որ 50 երիտասարդ մեկ հարկի տակ համախմբված քննարկում է իր հասարակության, պետության, բանակի ներկայիս և ապագա անելիքները, և գլխավոր դերում տեսնում է իրեն՝ կարծում եմ սա արդեն կարևորագույն արդյունք է: Նմանատիպ ծրագրերը կարևոր են, լինելու են շարունակական»:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բարերար Նորիկ Պետրոսյանը պարգեւատրվել է”Վաչագան Բարեպաշտ” մեդալով

Բակո Սահակի ՍահակյանՆախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Նորիկ Պետրոսյանը պարգեւատրվել է “Վաչագան Բարեպաշտ”մեդալով։

Անկախ

Վարչապետն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրները

11250_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով:
Այնուհետև տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և ներկայացրել տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

Գորիսի համայնքապետը համառորեն խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

Գորիսի քաղաքապետ Նելսոն ՈսկանյանԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2014թ. մարտի 7-ին, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, տեղեկության հարցում էր հղել Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանին, խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 2013 թվականին Գորիսի քաղաքապետարանի համար ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշման պատճենը եւ ավագանու այդ նիստի արձանագրության պատճենը, վերջին յոթ տարիների ընթացքում Գորիսի քաղաքապետարանը քանի՞ մեքենա է ձեռք բերել, ի՞նչ մակնիշի մեքենաներ են եւ ի՞նչ նպատակով են օգտագործվում, ավտոմեքենաները ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշումների պատճենները, համայնքապետի նախորդ ծառայողական ավտոմեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է գտնվում, ե՞րբ է այն գնվել, ի՞նչ գնով, ի՞նչ մոդելի եւ ո՞ր թվականի արտադրության է այն: Գնման ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել մեքենան: Խնդրվել էր տրամադրել նաեւ այդ մեքենայի գնման փաստաթղթերի կրկնօրինակները:

Այդ հարցումը, ըստ վերադարձած ծանուցագրի վրա եղած ամսաթվի եւ ստորագրության, Գորիսի քաղաքապետարան է մուտքագրվել մարտի 12-ին:

Հարցմանը, օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չստանալով, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հետ, հիշեցնելով նրան վերոհիշյալ հարցումը, տեղեկության հարցման պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Վերջինս բացատրել է, թե հարցումն իսկապես ստացվել է ու հանձնարարվել է ֆինբաժնին` պատասխան նախապատրաստել:

Գորիսի համայնքապետարանում հիշյալ հարցումն ստանալուց հետո արդեն անցել է 40 օր, իսկ հարցման որեւէ պատասխան դեռ չի ստացվել: Այսպիսով, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` տեղեկություն հարցնողին տեղեկությունը տրամադրվում է գրավոր հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Մինչեւ 2014 թ. ապրիլի 30-ը խնդրո առարկա հարցման պատշաճ պատասխանը չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր իրավունքի վերականգնման համար կդիմի դատարան:

Քաղաքացուն դանակահարած ոստիկանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանի կողմից քաղաքացի Գևորգ Մնջոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 8-ին` ժամը 18:45-ի սահմաններում, Կ. Պետրոսյանը Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մնջոյանի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 19-ից 22-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 33-ը, խուլիգանության` 3, օպերատիվ իրավիճակխարդախության` 4, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Մահվան ելքով պատահար Երևանի Լենինգրադյան փողոցում

վրաերթԱպրիլի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ

ռոբերտ քոչարյանԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը   2rd.amկայքին տված հարցազրույցում  անդրադարձել է վերջին զարգացումներին:

Պարոն նախագահ, Հայաստանի քաղաքական կյանքի վերջին ամիսների արդիական թեմաներից մեկը նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն են: Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները երկրի ղեկավարի այդ նախաձեռնությանը և հիմնական  օրենքում առաջարկվող փոփոխություններին:

Իշխանությունների մտադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվու¬թյան բացակայության պատճառով ես ձեռնպահ էի մնում մեկնաբանություններից: Այժմ, երբ առաջարկվող փոփոխությունների ուրվագիծն արդեն հրապարակվել է, հնարավոր համարեցի ներկայացնել իմ տեսակետը:
Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություն¬ներին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանա¬դրության ինչ-ինչ անհամապատասխանու¬թյամբ: Սահմանադրական փոփո¬խու-թյուն¬ների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն,  ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ:
Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորություն¬ների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի`  ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը:
Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփո¬խումներ կատարելու երեք կարևորագույն հանգամանք`ժողովրդավարական նոր¬մերին նրա անհամապատասխա¬նության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցու¬թյունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները: Այս գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի: Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապե¬տի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց /իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից/:
Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք:
Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է:  Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավեր¬ժաց¬նելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է:
Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են: Խոսքը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածները հղկելու մասին չէ. դա կատարելագործման բնական գործընթաց է՝ լրամշակման միջոցով: Խոսքը պետական կառավարման բնագավառում հաճախակի փոփոխությունների խնդրայնության մասին է: Այդպիսի փոփոխությունների իրականացումը  իշխանությունների կազմակերպչական ռեսուրսների էական ծախսեր է պահանջում: Ի դեպ, հասարակությունն իներցիոն բնույթ ունի և երկար է հարմարվում այդպիսի փոփոխություններին: Այդ պարագայում իրենք` իշխանության ինստիտուտներն էլ ադապտացվելու երկար ժամանակի կարիք են զգում: Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել:

Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է:

Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություն¬ներին: Պետք է ընդամենը հանել “անընդմեջ” բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից:  Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի:

Պարոն նախագահ, փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, անդրադառնանք ևս երկու-երեք արդիական հարցերի: Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նախագահը բավականին բարձր գնահատական տվեց նրա գործունեությանը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:

Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ:

Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը նոր վարչապետի մասին:

Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:

Եվ վերջին հարցը: Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում:  Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը: 

Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից:  Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԱպրիլի 21-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Ապրիլի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 17-ամյա երիտասարդի. վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 13.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի թիվ 37 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արթիկ-Անուշավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 2 շենքի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար շարժվելով, բախվել է բակում կայանված «ՎԱԶ-21073» մակնիշի ավտոմեքենայի, որի ժամանակ «Տոյոտա»-ի վարորդը փորձել է կանգնեցնել ավտոմեքենայի ընթացքը, սակայն վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբայան փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ-403» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանհապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 15.40-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Կոռոլա»-ի 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցի վերջնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 շենքի մոտ «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Ալավերդի ճանապարհի 148 կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենա և Ալավերդի-Վանաձոր երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բալահովիտ գյուղում «Պլանետա 3» մակնիշի մոտոցիկլետ է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Խաղաղ հարաբերությունների, ժողովրդավարության հաստատմանը կարելի է հասնել միայն պատմության հետ առերեսվելու, կատարած ոճրագործությունները ճանաչելու միջոցով

 

Լուսանկարը` Panorama.am-ի

Լուսանկարը` Panorama.am-ի

“Թուրքիա պետությունը և թուրք ժողովուրդը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կատարի հայերի պահանջները: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, ներողություն խնդրի իր կատարած ոճրագործությունների համար”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի /ABDEM/ անդամները, ովքեր Հայաստանում են ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դնելու Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի առջև:

“Ուրախ ենք Հայաստանում լինելու, Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում հայերին զորակցելու,հայերի ցավը կիսելու համար: Մենք խաղաղության համար ենք այստեղ և կուզենք, այս խնդիրը արդար լուծում ստանա: Այս ոճրագործությանը ենթարկված բոլոր ազգերի իրավունքներն են կարևոր, և կուզենք, որ ամեն տեղ դրանք պաշտպանվեն:  Պետք է խաղաղ հարաբերությունների, ժողովրդավարության հաստատում, որին կարելի է հասնել միայն սեփական պատմությունն ու ոճրագործությունները ճանաչելու միջոցով,-ասաց ազգությամբ քուրդ, Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի  նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Րոժդա Յալդիրիմնը:

Նշենք, որ Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի /ABDEM/ այն ներկայացուցիչները, ովքեր ներկա էին ասուլիսին, հիմնականում Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, ովքեր գաղթել են Եվրոպա և եվրոպական տարբեր պետությունների քաղաքացիներ են: Կազմակերպության անդամներից Ալիէքբաֆ Փեկթաշը ազգությամբ թուրք ալևի է և  ներկայացնում էր  Եվրոպայի ալևիների շարժումը, որը սունի իսլամի մեջ համարվում է “այլասերում”,  սա ևս պատճառ է, որ Թուրքիայում նրանց համարեն թշնամի:

Փեքթաշը  նշեց, որ իրենք ևս պահանջում են Թուրքիայից ներողություն խնդրել հայ ժողովրդից և համաձայն են հայ ժողովրդի կողմից ներկայացված պահանջների հետ:

Կազմակերպության անդամները նշեցին, որ կառավարությունը, իհարկե, համամիտ չէ  իրենց քայլերի հետ, բայց Թուրքիայի ներսում  աջակիցներ ունեն:

“Անկախ”-ի այն հարցին, թե Եվրոպական խաղաղության, դեմոկրատիայի կոչերը, պիտի ուղեկցվեն նաև  պատմական այն տարածքների վերադարձման պահանջով,  ուր այսօր միլիոնավոր քրդեր, թուրքեր են բնակվում,  այդ պարագայում ինչպե՞ս են պատկերացնում տարածքների վերադարձման հարցը, Եվրոպայի Խաղաղության     Մեջլիսի նախագահ Րոժդա Յալդիրիմնը պատասխանեց.  “Եթե հայերը ցանկանում են ապրել իրենց հողերում, ապա քրդերը ևս ուզում են այնտեղ ապրել,  չնայած քրդերը մեծամասնություն են կազմում, բայց անցյալում էլ հայերը, քրդերը, թուրքերը ապրել են միասին և սա հնարավոր է”:

Ապրիլի 24-ին կազմակերպության անդամները Եղեռնի հուշարձանի մոտ կպահանջեն Թուրքիայի կառավարությունից ճանաչել 1915թ-ի Ցեղասպանությունը և կրել այն պատասխանատվությունները, որոնք Եղեռնի հետևանք են:

Մայրաքաղաքում մեկնարկել են հայտարարությունների նոր ցուցատախտակների տեղադրման աշխատանքները

վահանակ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի  շուրջ 100  հայտարարությունների ցուցատախտակ:

Անկախ

 

 

Ազգային արխիվը ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի վիրտուալ ցուցահանդես կստեղծի

ամատունի վիրաբյան«Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթերի պահպանողն է և քաղաքականությամբ զբաղվող չէ. մեր խնդիրն է  այլազգի հանրությանը ցույց տալ` ինչ է եղել և ինչպես է եղել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԱ –ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:  Նա հայտնել է, որ արխիվում կան ավելի քան 12 փաստաթուղթ,որոնք գնալով ավելանում են Սփյուռքի և այլ երկրների հետ տարած աշխատանքների շնորհիվ:

Նա նշեց, որ Ազգային արխիվը իր առջև դրել է մի քանի նպատակներ, որոնց իրագործումը համարում է կառույցի պարտքը: «Նախ` մեր ունեցած փաստերը հրապարակվում  են  առանց որևէ փոփոխության, քանի որ միայն այդ դեպքում դրանք լիարժեք վտահելի կլինեն: Մենք այդ աշխատանքը սկսել ենք վաղուց ` տասը տարի առաջ: 2013 թվականին հրատարակվել է հայերեն եռահատորյակ, կազմվել է նաև դրա անգլերեն տարբերակը, սակայն մեկ հատորով: Այլ լեզուներով այդ փաստաթղթերի հրատարակման աշխատանքները սկսվել է արդեն»:

Մյուսը խնդիրը զոհված հայ բնակչության մասին շտեմարաններ կազմելն է, սակայն դա շատ դժվար է, քանի որ կան բնակավայրեր, որտեղից ոչ մի մարդ չի փրկվել:

Վիրաբյանը շատ կարևոր է համարում ցույց տալը, որ ոչ միայն մարդիկ են զոհվել, այլև ոչնչացվել են մշակութային արժեք ներկայացնող կոթողներ, եկեղեցիներ, ձեռագրեր և այլն: «Միևնույն ժամանակ  փաստաթղթերի միջոցով մենք պետք է ներկայացնենք հայերի կրած նյութական վնասը: 1919 տեղի է ունեցել մոտավոր  հաշվարկ և ըստ դրա ` նյութական վնասը կազմել երկու միլիարդ ֆրանսիական ֆրանկ, որը տարիների ընթացքում մի քանի անգամ կրկնապատկվել է» ,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա չորրորդ և ամենակարևոր նպատակներից մեկն է համարում, այդ փաստաթղթերն  ու լուսանկարները հասարակությանը ներկայացնելը: Ծրագրվում է ,բացի իրական շոշափելի ցուցահանդեսից, ստեղծել նաև Վիրտուալ ցուցահանդես:

Ազգային Արխիվի տնօրենը նշեց, որ այդ գրքերի հրատարակության համար գումար չի հատկացվել պետական բյուջեից. Հրատարակման գործը իրականացվել է «Վան» հասարակական կազմակերպության կողմից:

Անկախ

 

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդն արձագանքել է Հանրային խորհրդի կոչին

SAVEKESSABՍ.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀՀ Հանրային խորհրդի կոչին որոշակի արձագանքներ են հնչեցրել կառույցներից շատերը, որոնց մեջ հատկապես ուշագրավ է Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի հայտարարությունը.

«Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:

Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:

Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,-նշված է հայտարարության մեջ:

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Այն ազդեցիկ կառույց է և լուրջ դերակատարություն ունի երկրի հասարակական կյանքում, իսկ կառավարական շրջանակներում ունեցած ազդեցությունը պայմանավորված է նաև նրանով, որ խորհրդի նախագահը երկրի նախագահն է:

ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը 2012 թվականի հունիսին երկկողմանի համաձայնագիր են կնքել՝ խորացնելու երկու երկների համանման կառույցների միջև գործակցությունը:

 

Անկախ