Առևտրի կենտրոնից բջջային հեռախոս է գողացել

գողությունԱպրիլի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Հ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի վերջերին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող առևտրի կենտրոնից գողացել է բջջային հեռախոս:
Նույն օրը, ժամը 20.00-ին, նշված առևտրի կենտրոնի վաճառողուհին հաղորդում է տվել, որ անհայտ անձը մարտի վերջերին գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ

Գյումրու տնակային ավաններից մեկում, խարխուլ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց Մանյա Գրիգորյանը հարևանուհու միջոցով խնդրել էր , որ իրեն այցելենք:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վաղուց են պարբերաբար այցելում և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերում Գյումրու ամենատարեց տնակաբնակ կնոջը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ 93-ամյա կնոջը տեսանք չջեռուցվող տնակում, բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում:
Արդեն 6-րդ օրն էր, ինչ նրա տնակը հոսանքազրկել էին՝ վարձավճարը չմուծելու պատճառաբանությամբ: Սակայն տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պատք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

Անկախ

Մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

վերանորոգումՔաղաքապետարան-վարչական շրջան–համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կվերանորոգվի 727 շքամուտք: Վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ շքամուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Կապանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել

դանակԱպրիլի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ի.-ն տանը, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է ամուսնու` 1976 թ. ծնված Գրիգոր Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել մեջքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ամուսինը բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Անթաքույց հակասություններ ՀՀ ԱԻ նախարարության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև

Սոթք-Քարվաճառ ՀՀ  տրանսպորտի և կապի
նախարարության  լրատվական  ծառայությունը Անկախին  տեղեկացնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվում է որոշ գերատեսչությունների կողմից տարածված տեղեկատվություն, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, ավելին,  որ այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է «Կապավոր»  ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի,  և որևէ պահի չի փակվել:

Ավելին, այդ ճանապարհահատվածում բքի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցներ չեն եղել, ներկայում էլ չկան։

Տեղեկացնում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկատվություն իրավասու է տրամադրել բացառապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, քանի որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական կազմակերպություններն աշխատում են նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ։

 Անկախ

 

Տաքսի ավտոմեքենայի սրահում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են

տաքսիՄարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:
Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 28-ին, ժամը 05.30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ երկու անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել են գումար:
Մարտի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ժամը 20.20-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գոռ Գ.-ին և 1991 թ. ծնված Հայկ Կ.-ին: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Գոռ Գ.-ն և Հայկ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՍԴ-ն այսօր կհրապարակի իր որոշումը (ուղիղ միացում),լուսանկարներ

սդՍահմանադրական դատարանը, որը մարտի 28-ից սկսել էր «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»  օրենքի սահմանադրականության հարցի քննարկումն, այսօր, ժամը 11-ին կհրապարակի իր որոշումը:

Գործընթացին կարող եք հետևել www.civilnet.am -ի ուղիղ հեռարձակմամբ.

 

Անկախ

Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Ձմեռ ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:
Կոտայքի, Սևանի  տարածաշրջաններում,  Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի  միջպետական  ավտոճանապարհի Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

Անկախ

Բացահայտվել է Եվրադատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի բողոքի տեքստը

 Փերինչեքն ընդդեմ ՇվեյցարիայիՇվեյցարիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ՝ եռամսյա ժամկետի վերջին օրը, որոշեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը:

 

Չնայած Շվեյցարիայի բողոքի տեքստը կնքված պահվում էր մինչ ՄԻԵԴ-ում դրա քննարկելը, սակայն ինձ հաջողվեց ձեռք բերել մի օրինակ ֆրանսերենով: Շվեյցարական բողոքի բովանդակությունն առաջին անգամ հայտնվում է մամուլում:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:

 

Ռասայական խտրականության, ցեղասպանության ժխտման և մարդկության դեմ գործած հանցագործությունների վերաբերյալ շվեյցարական օրենքի խախտման մեղադրանքով դատապարտվելուց հետո, Փերինչեքը բողոքարկեց իր դատավճիռը ընդհուպ մինչև Դաշնային դատարան՝ Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյան, որը հաստատեց նրա մեղքը: Այնուհետև նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Շվեյցարիային իր տարբեր իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության խախտման համար: Զարմանալի է, որ Եվրադատարանի յոթ դատավորներից հինգն արդարացրեցին Փերինչեքին` համարելով, որ Շվեյցարիան խախտել է Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ:

 

ՄԻԵԴ-ի որոշումն անպատասխան թողնելը լուրջ նահանջ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հատկապես մինչև Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն ամբողջ աշխարհում, 2015 թվականի ապրիլի 24-ին: Առավել կարևոր է, որ Եվրադատարանի դատավորները գերազանցելով իրենց մանդատը Փերինչեքի իրավունքների թվացյալ խախտումների վերաբերյալ, հարցեր են բարձրացրել Հայոց ցեղասպանության իրավացիության մասին: Նրանք նաև անհիմն ու մակերեսային տարբերություններ են նշել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև, սահմանելով, որ առաջինը ժխտողներին պատժելն անօրինական է, մինչդեռ վերջինը ժխտողներին մեղադրելը` ճիշտ:

 

Հաշվի առնելով այս անարդար որոշման խիստ վնասակար հետևանքները Հայ դատի վրա, Հայաստանի կառավարությունը, աշխարհասփյուռ հայկական համայնքները և հատկապես Շվեյցարիայի հայերը, մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի Շվեյցարիան բողոքարկի  ՄԻԵԴ-ի վճիռը Փերինչեքի գործով: Իրականում, շվեյցարական իշխանությունները հայերի կողմից հորդորման կարիք չպետք է ունենային, քանի որ նրանք պարտավոր էին պաշտպանել իրենց սեփական դատարանների որոշումները, այդ թվում նաև Դաշնային դատարանի և իրենց երկրի իրավական համակարգի վարկը:

 

2014 թվականի մարտի 17-ին ներկայացված վեց էջանոց շվեյցարական բողոքը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված «մեկնաբանման և կիրառման լուրջ հարցադրումներ» հետևյալ երեք պատճառներով.

 

– Դատական որոշումը ներառում է մի հարց` Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չի քննարկվել ՄԻԵԴ-ում: Այս գործը երկու հիմնարար իրավական հարցեր է բարձրացնում, որոնցով Եվրադատարանը չի զբաղվել. Ցեղասպանության իրավական որակավորումը և խոսքի ազատության սահմանը, երբ Կոնվենցիայի մի անդամ  պետություն, ռասիզմի դեմ պայքարի շրջանակում, քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:

 

– Դատական որոշումն անհարկի ձևով նվազեցնում է Շվեյցարիայի «հայեցողության շրջանակը»` համաձայն ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի: Փերինչեքը բազմիցս հայտարարել է, որ նա երբեք չի փոխի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողական դիրքորոշումը «խիստ վիրավորական» է: Եվրադատարանի պնդումը, որ նման անձնավորությունը կարող է սույն հարցի վերաբերյալ իր ավանդը բերել «բանավեճին և պատմական ուսումնասիրությանը»` «շեղում է ՄԻԵԴ-ի հաստատված և հավասարակշռված իրավագիտությունից»:

 

– Դատական որոշումը ստեղծում է «արհեստական տարբերություններ»:  Փերինչեքը ոչ միայն պարզապես չի օգտագործել ցեղասպանությունը եզրը, այլև հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես «միջազգային սուտ»: Բացի այդ, թեև չի եղել միջազգային դատավճիռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն թուրքական դատարանի 1919 թվականի վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների «կազմել է արժանահավատ ապացույցների տարր` «ճանաչելով փաստերը կամ անբարենպաստ վերաբերմունքը» Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չի նշել ցեղասպանություն եզրը» և նացիստական հանցագործներին «դատապարտել է ոչ թե ցեղասպանություն իրականացնելու, այլ խաղաղության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

 

Շվեյցարական բողոքը ներկայացրել էր համոզիչ փաստարկներ և անառարկելի ապացույցներ, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը թույլ են տվել լուրջ դատողության և տվյալների սխալներ` որոշում կայացնելով ի նպաստ Փերինչեքի և ընդդեմ Շվեյցարիայի:

 

Այժմ Եվրադատարանի հինգ նոր դատավորների կազմը որոշելու է, թե արդյոք Շվեյցարիայի բողոքը ուղարկել17 դատավորներից կազմված Մեծ պալատ` վերջնական լուծում տալու համար:

 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Երևանը՝ օդապարիկի բարձրությունից

օդապարիկԵրևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական նախաձեռնությունը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:  Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը  «Orange» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հաջողության գրավականը ֆիզիկական պատրաստվածությունը, համախմբվածությունն ու ընկերասիրությունն են

SIP_4313Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հրամկազմին և վարժարանի այն սաներին, ովքեր մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում փետրվար ամսին կայացած «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին և տարբեր պետություններ ներկայացնող 28 թիմերի շարքում զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը:

Մինչ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է, թե ո՞րն է միջազգային մրցույթում վարժարանի թիմի արձանագրած հաջողության  գաղտնիքը: Հարցին ի պատասխան` վարժարանի պետ,  գնդապետ  Վիտալի Ոսկանյանը նշել է, որ, որ հայ պատանիների հաջողության գրավականը ֆիզիկական բարձր պատրաստվածությունը, համախմբվածությունն ու ընկերասիրությունն են: Վարժարանում ձեռք բերած գիտելիքները, հմտությունն ու կոփվածությունը սաներին թույլ են տալիս պատվով հաղթահարել ցանկացած առաջադրանք:

Վարժարանի սաների հետ զրույցում Սեյրան Օհանյանն անչափ կարևորել է նրանց  արձանագրած հաջողությունները և, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ռազմամարզական կրթօջախի դերը բանիմաց, հմուտ զինվորականների պատրաստման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ վարժարանն օր օրի կատարելագործվում է, ինչի ապացույցը միջազգային ասպարեզում սաների մշտապես ցուցաբերած բարձր արդյունքներն են:

Մաղթելով նորանոր հաջողություններ` Սեյրան Օհանյանը «Պատանի հայրենասերներ» մրցույթին մասնակցած վարժարանի սաներին պարգևատրել է  արժեքավոր նվերներով:

 Անկախ

Շաբաթօրյակ Երևանում

005Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ծառատունկ իրականացնելու նպատակով, ապրիլի 12-ին կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:
Երևանը մեր տունն է.  մաքրենք ու նաև մաքու՛ր պահենք այն:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Անկախ

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք

դոլարԱպրիլի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ:

Անկախ

Սևանի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի 1-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը, իսկ Սևանի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ   մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի
նախարարության  լրատվական  ծառայություն

Անկախ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում

եղանակը հայաստանումՈւշադրություն

Ապրիլի 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում օդում  ջերմաստիճանը սպասվում է  գիշերը միչև 2 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին` 4 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում“
           Ապրիլի 2-3-ին, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 4-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան` 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 2-6-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 4-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:

Երևանում՝
Ապրիլի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (2001թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -2.50C (2003թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.70C

Պարոն Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստին

 Էդվարդ ՆալբանդյանՁերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել փոխվարչապետ պարոն Դիդյե Ռեյնդերսին` կազմակերպելու համար այս կարևոր համաժողովը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը, Ռուանդայում ցեղասպանության քսանամյա տարելիցի կապակցությամբ: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին՝ այս միջոցառմանն իրենց անձնական աջակցության համար:

Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն՝ չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ` «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը: Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում  մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները:

1948թ. Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունումից հետո անցած  60 տարիներին Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ բարի կամքը բավարար չէ մարդկության դեմ հանցագործությունների նոր դեպքերը բացառելու համար:

Երբ մենք խոսում ենք անպատժելիության և դատապարտման բացակայության մասին՝ որպես ցեղասպանությունների կրկնության կարևոր պատճառ, շատերը մեջ են բերում 1939թ. ասված Հիտլերի խոսքը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Բայց նույնիսկ իշխանության գալուց առաջ` 1931թ., գերմանական թերթերին տրված իր հարցազրույցներից մեկում Հիտլերը մատնանշում է հայերի կոտորածը` որպես հնարավոր տարբերակ այլ ազգերի հանդեպ կրկնելու համար: Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումը աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկների:

Հասունացող ցեղասպան մթնոլորտի կանխումը ցեղասպանության կանխարգելման կարևոր հարթություն է: Անհրաժեշտ է չանտեսել և արմատախիլ անել այնպիսի ցեղասպան դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական հողի վրա քարոզվող ատելությունը և թշնամանքը: Իհարկե, լիակատար կանխատեսումը ոչ միշտ է հնարավոր թվում, բայց հնարավոր է բացահայտել ցեղասպանության դրսևորումներին տանող վտանգավոր իրավիճակները և գոտիները: Միջազգային հանրությունը պետք է գնահատի ցեղասպան մթնոլորտի արմատները և պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը և կանխի դրանք, քանի դեռ ուշ չէ: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա:

Ժողովրդի հիշողության իրավունքը, իրավունքը իմանալու անցյալի ողբերգությունների պատմությունը՝ կրթության և հիշատակի միջոցով, առանցքային դեր ունեն ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին:

Դա շատ կարևոր է, քանզի դառը փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական շրջաններում և տարբեր պատմական ժամանակահատվածներում արագորեն ըմբռնել և փոխառել են իրենց նախորդած ոճրագործների մարտավարությունը: Երիտթուրքերի Միության և առաջադիմության կոմիտեն Թուրքիայում, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, նրանք բոլորն օգտագործել են հատուկ ռազմականացված խմբավորումները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ: Դրանք էին Թեշքիլյաթ Մահսուսան, Շուցշտաֆֆելը, Ինտերահամվեն: Ակնհայտ են մի շարք  նմանություններ ցեղասպան գործընթացներում, վերոհիշյալ և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործություններում, ինչպիսիք են զոհերի դեմ գործողությունները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձևերը:

Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակի  օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է:

Տիկնայք և պարոնայք,

Եզրափակելով ես կցանկանայի հիշատակել Հայաստանի կողմից նախաձեռնած և անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որի նպատակը միջազգային հանրության միասնական ջանքերով ապագայում ցեղասպանությունների կրկնության կանխարգելումն է: Այս բանաձևում սահմանված առանցքային մեխանիզմը վաղ կանխարգելման միջազգային կարողությունների հետագա զարգացումն է: Քաջալերող է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացած միջազգային կառույցները իրենց առաջնային խնդիրն են դարձրել վաղաժամ զգուշացումը և ցեղասպանության կանխարգելումը:

Շնորհակալություն

Անկախ

Ոչ իշխանական 4 ուժերը որոշել են ապրիլի 28-30-ը համատեղ շուրջօրյա հանրահավաք հրավիրել

հանրահավաքԱյսօր Ազգային Ժողովի ոչ իշխանական 4 ուժերի հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագծի մանրամասները և ձևավորվելիք կառավարության առաջնահերթ գործողությունների փաթեթը: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

“Քննարկվել է նաև հրապարակային միջոցառումների ծրագիր և որոշվել է ապրիլի 28-30-ը համատեղ շուրջօրյա հանրահավաք հրավիրել”,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը քննարկման կներկայացվի ապրիլի 28-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ որոշման նախագծի քվեարկությունը պետք է կայանա 48 ժամից ոչ շուտ և ոչ ուշ 72 ժամից:

Ոչ իշխանական ուժերի հանդիպմանը ՀՅԴ խմբակցությունից մասնակցել են Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, “Ժառանգություն”-ից Թևան Պողոսյանը և Ռուբեն Հակոբյանը:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին

121. Minister Nalbandian participated in the Genocide prevention conference (2) - 01.04.2014Ապրիլի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված “Պաշտպանելու պատասխանատվությունը” խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։

 

Համաժողովին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան պատվիրակություններ, ականավոր գիտնականներ։

 

Համաժողովին ելույթ ունեցած շուրջ 120 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։

 

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն՝ չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ` «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը: Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում  մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները:”

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց. “1948թ. Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունումից հետո անցած  60 տարիներին Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ բարի կամքը բավարար չէ մարդկության դեմ հանցագործությունների նոր դեպքերը բացառելու համար:

 

 

Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումն աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկներին:

 

Հասունացող ցեղասպան մթնոլորտի կանխումը ցեղասպանության կանխարգելման կարևոր հարթություն է: Անհրաժեշտ է չանտեսել և արմատախիլ անել այնպիսի ցեղասպան դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական հողի վրա քարոզվող ատելությունը և թշնամանքը: Իհարկե, լիակատար կանխատեսումը ոչ միշտ է հնարավոր թվում, բայց հնարավոր է բացահայտել ցեղասպանության դրսևորումներին տանող վտանգավոր իրավիճակները և գոտիները: Միջազգային հանրությունը պետք է գնահատի ցեղասպան մթնոլորտի արմատները և պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը և կանխի դրանք, քանի դեռ ուշ չէ: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա:”

 

“Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է”, – շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Անկախ

 

 

Թևան Պողոսյանը հույս ունի, որ աշխարհով մեկ սփռված հայությունը կկարողանա օգնել Քեսաբը վերադարձնել հայերին

թևան պողոսյանՔեսաբահայերի հետ հանդիպած հայ պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ Քեսաբ վերադառնալու և այն նորից ծաղկեցնելու հույսով են մարդիկ լցված:

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով`քեսաբցիները հասկանում են, որ վերադառնալու դեպքում իրենց տնտեսությունն այն նույն վիճակում չի լինի, ինչ իրենք թողել են:

“Նրանք խնդրում են, որ Հայաստանի Հանրապետությունը, հայկական Սփյուռքը հետագայում ամեն կերպ աջակցեն իրենց` տնտեսությունը վերականգնելու համար”,-ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով` այս պահին քեսաբահայերի կացարանի հարցը ժամանակավորապես լուծված է, և այժմ նրանք երազում են Քեսաբ վերադառնալու մասին:

“Քեսաբցիներն ասում են, որ, եթե նույնիսկ մեկ-երկու ամիս պետք լինի, իրենք կքնեն քնապարկի մեջ, միայն թե հետո վերադառանան Քեսաբ: Սնունդն ապահովում է համայնքը, եկեղեցին տարբեր պայմաններ է ստեղծում: Պարզապես ուշ, թե շուտ առաջանալու է երեխաների դպրոցի խնդիրը: Այսօրվա դրությամբ ամենաարագ օգնությունը գումարն է, իսկ հետագայի համար պետք է  քննարկել ու ըստ կարիքների` օգնություն տրամադրել”,-ասաց Թևան Պողոսյանը:

Խոսելով սեփական նախաձեռնությամբ Սիրիա մեկնելու և քեսաբահայերին տեսակցելու մասին` Թևան Պողոսյանը նշեց, որ գնալ-տեսնելը շատ կարևոր էր  և’ մարդկային տեսանկյունից, և’ նրանց օգնելու հետագա քայլեր մշակելու տեսանկյունից:

“Մենք որոշեցինք  գնալ, փաստեր հավաքել և հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք այդ ամենի հիման վրա առաջարկությունների ցանկ մշակել, որ Հայաստանը կարողանա տեր կանգնել ցանկացած երկրում վտանգի մեջ հայտնված հայերին»,-ասաց պատգամավորը` հույս հայտնելով, որ քեսաբահայության շուրջ համախմբված հայությունը կկարողանա հասնել նրան, որ Քեսաբը կվերադարձվի հայերին ու էլ երբեք տեղահանության խնդիր չի առաջանա:

Անկախ