Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 9 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի վարորդը, 2 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-24»-ի ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Լևոն Ազիզյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«Դեմ եմ»-ի կոչը գործատուներին
«Դեմ եմ» նախաձեռնությունը կոչով դիմել է հայաստանյան գործատուներին` առաջարկելով մինչ դատաքննությունը իրենց աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չկատարել: Կոչում մասնավորապես ասված է.
«Հարգելի գործատուներ,
Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չենկրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն (Որոշման ամբողջական տեքստը՝http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf):
Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:
Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ:
Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին:
Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին: Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:
Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ:
Մի մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև Ձեր աշխատողները:
Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:
Ցածրահասակ մարդիկ կասկածամիտ են ու պարանոյայի հակում ունեն
Ցածրահասակ մարդիկ չեն վստահում ուրիշներին ու ավելի շատ են հակված պարանոյայի: Նման եզրահանգում են կատարել այսպես կոչված` Նոպոլեոնի բարդույթն ուսումնասիրող մասնագետները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Psychiatry Research ամսագրում: Հետազոտության շրջանակում 60 մասնակից կանանց առաջարկվել է վիրտուալ երթևեկություն կատարել մետրոյում, որտեղ նրանց բոյը տեսողական նվազեցվել է 25 սմ-ով: Մասնակիցները, որոնք չեն էլ կասկածել այդ տեսողական էֆեկտի մասին, հայտնել են, որ իրենց մոտ պարանոյա է հասունացել:
Ուսումնասիրության արդյունքներն ակնհայտ են եղել,-ասվում են մասնագետները:-Հասակի նվազեցումը հանգեցրել է ավելի բացասական ինքնագնահատականի` ավելի բարձրահասակների նկատմամբ ու պարանոյայի ավելի բարձր մակարդակի: Չնայած փորձին մասնակցել են բացառապես կանայք, գիտնականները ենթադրում են, որ տղամարդկանց մասնակցությունը կարող էր ապշեցուցիչ արդյունքներ տալ, քանի որնրանք տղամարդիկ հակված են բոյին ավելի շատ սոցիալական նշանակություն վերագրելու:
Հայտարարվեց ՀՀ եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը
2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում: Արարողությանը ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր:
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg-ի միջև ստեղծված կապի միջոցով հնարավոր դարձավ ապահովել ՀՀ եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը Հայաստանի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրին թույլատրումը իր հերթին կնպաստի եվրապարտատոմսերի հասանելիության բարձացմանը հայաստանյան ներդրողների շրջանում:
«ՀՀ եվրապարտատոմսերը հանդիսանում են ոչ միայն ևս մի ներդրումային այլընտրանք ՀՀ կապիտալի շուկայում, այլ նաև արտասահմանյան համակարգերում գրանցված առաջին արժեթղթերը, որոնք շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ինչը բավականին մեծ նվաճում է և նախադեպ մեր շուկայի համար»,- նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ազդարարելով առաջին գործարքը, նշեց . «Որպես թողարկող, մեզ համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում: Եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ հաջողվել են»:
Հատուկ քննչական ծառայությունում մոտ 20%-ով աճել է քրեական գործերի թիվը
Օրերս Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն և ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
Նա դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ»:
Անցած տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:
«Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ»,- իր ելույթում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:
Նա տեղեկացրեց, որ ավարտված քրեական գործերով ձերբակալվել է 38 անձ, ձերբակալումից ազատվել են երկուսը: Նրանցից մեկը ձերբակալումից ազատվել է արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
«Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ տվյալ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Կարեն Հարությունյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Բակուր Ավետիկյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Նշված արարքը կատարելու կասկածանքով Կարեն Հարությունյանը ձերբակալվել է, և նկատի ունենալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր ընդունվելիս վերջինիս մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն,- ասաց Ա. Նադիրյանը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդհակառակը` Բ. Ավետիկյանը նրանից կաշառք է վերցրել նրա հարևանի օգտին ակնհայտ անգործության համար, իսկ այնուհետև պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, և նրանց միջև առաջացած վիճաբանության ժամանակ Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե Կ. Հարությունյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Կարեն Հարությունյանն ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը. «ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, փաստորեն քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»:
ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է, և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում
ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Հովհաննիսյանի` պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ և ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը, իրավաբանական անձանց պատճառված վնասի` 100 տոկոսը, ֆիզիկական անձանց վնասի` 40,5 տոկոսը»,- նշեց Ա. Նադիրյանը:
Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ` կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, հետևաբար 2013-ին նման դեպքերի բացահայտումներն ավելացել են 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը եղել են ոստիկանության, 5-ը` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից, 2-ը` մարզպետարանի վարչության պետ, 2-ը` ՀՀ ԱԻՆ աշխատակից` փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ և հրշեջ-հրահանգիչ, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:
Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով և վերջիններիս ու հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:
Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձ եղավ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի թերություններին ու չլուծված խնդիրներին: Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու և որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռևս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին` 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ քննության որակի վրա»,- ասաց Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին և ջանքեր է գործադրում հարցը լուծելու ուղղությամբ:
Արման ԲԱԲԱՅԱՆ
Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը
Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. «Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենը ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում 9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե 9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կահույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ: Դատարանը իրեն ներկայացված գործում առկա այս փաստի վրայով սառնասրտորեն անցավ ու այդպես էլ չանդրադարձավ, թե այդ գույքի որոշ մասը դպրոցի ինչին էր պետք, ինչ նպատակով է նախկին տնօրենը դրանք ձեռք բերել և հիմա ոչ մեկը չի ասում, թե ինչ է լինելու այդ գույքի ճակատագիրը, երբ է այն «ազատագրվելու»: Պետական շահը պաշտպանելու կոչված պաշտոնյաներդ միայն մեծ-մեծ խոսում եք, թե ինչպես եք շահագրգռված պետական միջոցները պաշտպանելու հարցում, այնինչ պարզվում է՝ թքած ունեք կրթության համար նախատեսված և պետական միջոցներով գնված՝ ավտոտնակում փտող, միլիոններ արժեցող գույքի վրա:
Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ պատասխանել, թե ինչ է լինելու վերոնշյալ փչացող գույքի ճակատագիրը:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Վայոցձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան
Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ էլ դրանցից մեկը վաճառվել է։
Այսքանով, սակայն, վայոցձորցի երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձևավորված այլ իրերի պատվեր։ Սյուզան Մարգարյանը նշում է, որ պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, և ՀԵՀ-ի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձևավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։ Սյուզանը նկատում է նաև, որ բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի և շատ ավելի բարձր է գնահատվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցները որոշել են. հետևողական են լինելու և դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։
ՀԵՀ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշեց նաև, որ մարզում տարբեր արհեստների դասավանդումը մեծ պահանջարկ ունի երիտասարդների շրջանում։ Հիմնադրամն առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թևնոցներ, մատանիներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ այս բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։
Հայաստանիերիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է:
Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի,Սիսիանի, Գորիսի, և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը
Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային: Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Շարվաշիձեն. իր խոսքում ներկայացնելով Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող գործընթացները. միաժամանակ ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել, որի վառ ապացույցը կարելի համարել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. շնորհակալություն հայտնելով հրավերքի և ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է արտահայտել ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային կարգով վրացական կողմին տրամադրել տեղեկատվություն Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայկական կողմի կուտակած փորձի վերաբերյալ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, այնպես համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Քննարկվել է նաև հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոաական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վրաց գործընկերների առջև բարձրացրել է նաև Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ, մասնավորապես. նախարարը նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը: Նախարար Թ. Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է : Նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն: Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը: Տիկին նախարարը նշել է, որ Վրաստանի ԿԳՆ-ն այժմ վերանայում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին: Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները: Տիկին Սանիկիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում: ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ տիկին նախարարը նշել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը: Ամփոփելով խոսքը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում:
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք
Ի պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ երեկոյան Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:
Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:
Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:
Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:
Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն:
Օգնության են մեկնել փրկարարները
Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաննեում ձյուն է տեղում:
Արագածում բուք է:
Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նախագահը Պրահայում հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի և Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրեսս»-ի հարցին
Հարց. Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Որն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։
Պատասխան. Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:
Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար.Սերժ Սարգսյան
Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով:
Քիչ առաջ մենք Նախագահ Զեմանի հետ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր համագործակցության երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված և դեռևս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով:
Մենք երկուստեք կարևորեցինք հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը:
Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական և հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը:
Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով: Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:
Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Շուրջ 2 տարի տևած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախագահների մակարդակով ուղիղ շփումները կարևոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը:
Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:
Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ և հույս հայտնում, որ հայ-չեխական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ ավելի կընդլայնվի և կզարգանա:
Ես շնորհակալություն հայտնեցի Նախագահ Զեմանին ջերմ հյուրընկալության համար և հրավիրեցի պետական այցով այցելել Հայաստան և շնորհակալ եմ, որ նա այս հրավերն ընդունեց հաճույքով:
Անկախ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Պետրոս (Պետո) Ղեւոնդյանի ծննդյան 50-ամյակի միջոցառմանը
Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 – ամյակն է. իսկ այս տարի նրա մահվան 20 – րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը։
Այժմ երեքն էլ վերածվել են խորհրդանիշի. գերված Կարոտը՝ գերված Շահումյանի ու Գետաշենի, դեռեւս պաշտոնապես հերոսի կոչում չստացած, բայց իրա՛վ Հերոս Պետոն՝ հաղթանակած Արցախի, որ իր իրավական հաղթանակին է սպասում, իսկ Հրաչը՝ թշնամուն հաղթած, սակայն զոհ դարձած վատին ու ստորին, պետականության անարդար պայմաններում ու ազգային ինքնուժը մսխող մեր իրականության մէջ։
Նրանց հիշատակը մեզ մոտ վառ է ու առօրյա, հատկապես երբ դեռ գերված է հայկական հողը, երբ դեռ թշնամին նենգ ներկայություն է մեր սահմաններին, երբ մեր կյանքում դեռեւս չկա արդարություն, չկա զորեղ, կազմակերպված, արդարամիտ եւ հոգատար հայկական պետականություն։
Կարոտը, Պետոն, Հրաչը ու նրանց հետ հազարավոր մեր ընկերները Արցախի ազատամարտին մասնակցեցին՝ ժողովրդային պոռթկումը քարերով կռվից հասցնելով Ազգային Ազատագրական Պայքարի մակարդակի։ Ինքնապաշտպանական խմբերից մինչև պարտիզանական խմբեր եւ մինչև հայոց Բանակի ստեղծում ու Արցախի ազատագրում։
Պետոն ներկա է եղել Արցախի ազտագրական պայքարի բոլոր հանգրվաններում։ Նա հենց այնպես ներկա չի եղել Արցախի ազատամարտում։ Առաջին օրից նա իր զինակից ընկերների հետ ծրագրել, կազմակերպել, իրականացրել եւ ոգի է տվել այդ պայքարին։ Անկախ նրանից եղել է շարքային զինվոր, դասակի հրամանատար, թե գումարտակի փոխհրամանատար, նա միշտ էլ եղել է մեր բոլորի հրամանատարը, իրակա՛ն հրամանատարը։ Իր անմնացորդ նվիրումով, անհատնում էներգիայով, համեստ պահվածքով նա կենդանի օրինակ էր բոլորի համար, մարդ՝ որ հրամանատարությունը չեր պարտադրում ձեւական պահվածքով ու պաշտոնականությամբ, այլ՝ իր իսկ օրինակով եւ առանց զգացնել տալու՝ մղում էր զինվորին իրականացնելու բոլոր հրամանները։
Մեր ընկերները՝ Պետոյի, Հրաչի, Թաթուլի, Արթուրի, Վարդանի եւ մյուս հարյուրավոր մեր նահատակ ընկերների գլխավորությամբ մարտի դուրս եկան, որպեսզի ազատագրեն հայկական հողը, որպեսզի վերջ դնեն հայ ժողովրդի 9-դարյա անկման ընթացքին, որպեսզի հաղթեն անարդարությանը, թշնամուն, որպեսզի այլեւս մեզ ոչ ոք ու նաեւ մենք մեզ չընկալենք իբրեւ կոտորվող, գաղթող ժողովուրդ, այլ՝ մարտնչող մի ժողովուրդ, որ ընդունակ է հաղթելու իրենից շատ ավելի մեծ ուժին, որ կարող է իր հայրենի գյուղերն ու ավանները ազատագրել, կարող է Արաքսն էլ անցնել ու վերջապես՝ մի օր իրականություն դարձնել Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի ազգային երազանքն ու նպատակը։
Մեր կազմակերպության ներքին շաղախը ծրագրի, կանոնագրի, արժեքների հետ միասին եղել են մեր նահատակները։ Մենք դեռ օրին հայտարարել ենք՝ մեր գերխնդիրը Արցախն է եւ մենք հավատարիմ ենք մնացել մեզ, այսօր էլ նույնն է եւ ոչ մի բան չի կարող պատճառ հանդիսանալ՝ որ մենք կորցնենք այն ինչ ձեռք ենք բերել մեր ընկերների կյանքի գնով։
Մենք սովորել ենք հայրենիքին ծառայել անմնացորդ նվիրվածությամբ, մենք ոչ մեկի համար չենք կռվել, այն ինչ արել ենք՝ արել ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Մեր կատարած գործը մեզ արտոնություններ չի տալիս, մենք մեր հպարտությունը սակարկության նյութ չպետք է դարձնենք, մենք ապրում ենք մեր ժողովրդի պես ու նրա հետ միասին պետք է ազատագրվենք բոլոր տեսակի կապանքներից, նրա հետ միասին պետք է բարելավենք մեր կյանքը։ Թող ոչ ոք, խաղաղ այս պայմաններում, չշեղվի այն բարոյական ուղուց, որ պետոների հետ քայլել ենք միասին, թող ոչ ոք ականջ չկախի հակակուսակցական քարոզչությանը, հակակուսակցականությունը ևս կուսակցականություն է։ Թող ոչ ոք ազատամարտիկների անունը շահարկելով չփորձի նոր կուսակցականություն խաղալ։ Այն դրոշը որ մեզ առաջնորդեց Արցախի ազատագրության, այդ նույն դրոշը մեր երկրում հաստատելու է արդարություն, ազգային պետականություն և բարօրություն։
Փառք բոլոր նահատակներին
Փառք մեր նահատակ ընկերներին
Փառք Պետոյին։
Հայ-իտալական գործարար համաժողով Տերնիում
Հունվարի 23-ին Տերնիի առևտրի պալատի նստավայրում, Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:
Համաժողովի կազմակերպիչներն էին` Իտալիայում ՀՀ դեսպանությունը, կենտրոնական Իտալիայում Զարգացման Հայկական գործակալության ներկայացուցիչը և Տերնիի առևտրի պալատը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, դեղագործության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ծխախոտի արտադրության և բանկային ոլորտներում ներգրավված շուրջ 50 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար ստեղծված նպաստավոր պայմանները, այդ թվում` նաև ազատ առևտրի գոտիների առկայության փաստը:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձավ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև մասնակիցների ուշադրությունը հրավիրեց միջազգային վարկանիշային հեղինակավոր հաստատությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկայի վրա:
Համաժողովի մասնակիցները պատրաստակամություն արտահայտեցին առաջիկա ամիսներին կազմակերպել Տերնիի նահանգի մի խումբ գործարարների այց Հայաստան` ներդրումային հնարավորությունները տեղում ուսումնասիրելու նպատակով:
Համաժողովի շրջանակներում դեսպան Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական Ումբրիա 24 պարբերականի թղթակցին, որի հունվարի 24-ի համարում տպագրվել է Հայաստանում ներդրում կատարելը` շահավետ է խորագրով հոդվածը:
Հոդվածում, մասնավորապես, մեջբերված են ՀՀ դեսպանի` համաժողովին հնչեցված խոսքերն առ այն, որ Հայաստանի թե` քաղաքական և թե` տնտեսական տեսանկյունից կայուն զարգացման, ինչպես նաև որակյալ ու մատչելի աշխատուժի և ազատ առևտրի գոտիների առկայության ու միաժամանակ նաև կառավարության շարունակական ջանքերի շնորհիվ, երկրում ստեղծվել են բավականին նպաստավոր պայմաններ արտաքին ներդրումների համար: Հոդվածում անդրադարձ է եղել նաև ՀՀ դեսպանի այն դիտարկմանը, որ Հայաստանը իտալացի ներդրողների համար կարող է կամուրջ հանդիսանալ թե` տարածաշրջանի և թե` Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներ առավել շահավետ ձևով դուրս գալու համար:
Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում բուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուվարի 30-ին այցելեցին Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի ունեցավ Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել ևս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պետական պարգև հանձնել մի անվանի գիտնականի և պետական գործչի, ով ոչ միայն լեցուն է այդ մշակույթով, այլև գնահատում է մշակույթը և ամեն ինչ անում այն հարստացնելու և արժանապատվորեն պահպանելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին:
Արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ և,առաջին հերթին, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը:
Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմի,
Հայերը, ինչպես և արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը և ամեն կերպ ձգտում պահպանել այն: Հայ – արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգևոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլև մշակույթների ու կրոնների միջև երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է:
Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ Շարժայում և, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ:
Սիրելի ներկաներ,
Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի՝ Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար` Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ՝ հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի՝ Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարի՝ աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում:
Հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին երախտագիտությունը:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար և վստահություն հայտնել, որ մեր հարաբերություններն ու բարեկամությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության և Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարօրության»:
ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրեց Հայաստան:
Ներկաներին ողջունեց եւ ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւին արժանանալու եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարեց այդ բարեկամությունը ամրապնդել տարբեր բնագավառներում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի խորացնելով եւ ընդլայնելով:
ՀՀ ԱԺ նախագահը գրառում կատարեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն



