Արմենը կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 210 փամփուշտ

փամփուշտՀունվարի 23-ին, ժամը 16.00-ին, 1964 թ. ծնված Արմեն Վ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և կամավոր հանձնել «ՌՊԳ 22» տիպի հակատանկային նռնականետ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 210 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Անկախ

Վիճաբանություն` դանակահարության ելքով

դանակահարելՀունվարի 23-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Գևորգ դանակով երկու անգամ հարվածել է 1960 թ. ծնված Ռուբիկ Պ.-ի ոտքին:
Մեկնած օպերատիվ խմբին Ռուբիկ Պ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց բնակարանի շքամուտքում իր հետ վիճաբանել են Կենտրոն թաղամասի բնակիչներ ոմն Էդո և նրա որդի Գևորգը, որի ընթացքում Գևորգը դանակով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին` պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդոն 1972 թ. ծնված Էդուարդ Օ.-ն է, իսկ Գևորգը 1992 թ. ծնված Գևորգ Օ.-ն:
Ռուբիկ Պ.-ն հիվանդանոցում ստացել է բուժօգնություն և գնացել:
Նույն օրը, ժամը 23.30-ին, Էդուարդ Օ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Գևորգ Օ.-ն ներկայացել է բաժին:
Ոստիկանությունիվ Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Անկախ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք,նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը:
Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի մոտ 50կմ երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն:
Զեկուցվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բաղադրիչի իրականացման ընթացքի մասին:

Անկախ

Գեղարքունիքի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները,տեսանյութ

ոստիկանություն

Հունվարի 15-ին, աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետերին հանձնարարական տվեց առավելագույնս հետեւողական լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, զինված հանցախմբերի վնասազերծման գործում` 2014 թվականն այդ առումով դարձնելով վճռորոշ տարի: Այս առանցքային ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները երկար սպասել չտվեցին: Ոստիկանության պետի հանձնարարականը տարընթերցումների տեղ չէր թողնում, իսկ Գեղարքունիքի մարզի պարագայում ուներ նաեւ կոնկրետ շարժառիթ: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում՝ ռեստորանային համալիրին հարակից տարածքում կատարված երկու հոգու սպանությունը, որի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Այս գործի քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ էլ տարբեր սննդի օբյեկտներում կրակոցներ են հնչել: Ոմն Ռաֆայել Թադեւոսյան, որն ազատվել էր պատժի կրումից, վերադարձել էր Վարդենիս, փորձում էր ստեղծել իր ազդեցության ոլորտը: Մի դեպքում Թադեւոսյանը, իր մոտ եղած ապօրինի զենքով` ատրճանակով չորս անգամ կրակել էր ռեստորանի սյանը, մեկ այլ դեպքում զենքը պահել էր մատուցողուհու վրա, ինչ է, թե վերջինս հատուկ ուշադրություն չէր դարձրել իր անձին, երբ նա բարեհաճել էր ներս մտնել, մի երրորդ դեպքում, արդեն իր որդու հետ, անհարկի վիճաբանություն էր սարքել երկու ուրիշ անձի հետ, դիտավորությամբ ոչնչացրել նրանց գույքը: Այս բոլոր սանձարձակությունների նպատակը մեկն էր` ձեւավորել հանցավոր ազդեցության տարածք: Այս փաստերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցներ՝ Ռաֆայել Թադեւոսյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննության շրջանակներում կատարվել են տասից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք: Արկածախնդրության հետեւանքները ծանր էին, իսկ ոստիկանության արձագանքը` հստակ ու հատու: Իրենց լուրջ հեղինակություն կարծող այդ տարրերին պետք է զինաթափ անել բառի բուն եւ փոխաբերական իմաստով: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը մի նպաստող հանգամանք է, որ կարող է ստեղծել անպատժելիության պատրանք: Այդ պատրանքը պետք է ցրել: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում խորհրդակցությունը կարճ տեւեց: Ասելիքը պարզ էր, հրահանգները` հասկանալի: Եվ տարածքային բաժինների աշխատակիցներն անցան գործի: Պայմանականորեն «Արսենալ» կոչված համալիր միջոցառումների ժամանակ սովորաբար մեծ տեղ է տրվում քարոզչությանը: Այդպես եղավ եւ այս անգամ, նաեւ՝ Գավառի տարածաշրջանում: – Չնայած միշտ էլ իրականացնում ենք նման միջոցառումներ,- ներկայացնում է Գավառի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ա. Հովհաննիսյանը,- բայց այս անգամ դրանք ավելի նպատակային էին: Քարոզչությունն իրականացրինք այն մարդկանց շրջանում, ովքեր հավանական է, որ ունենային ապօրինի զենք-զինամթերք: Արդյունքը եղավ այն, որ մեկ օրում 11 քաղաքացի գիտակից վերաբերմունք ցուցաբերեց… Կամավոր հանձնողներից մեկն էլ պաշտպանական մարտերում վիրավորված ազատամարտիկ Աշոտ Հարությունյանն էր: – Մեր թաղայինը գիտեր, որ պատերազմի մասնակից եմ,- մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկը:- Հարցրեց` կարո՞ղ է զենք ունենաս: Հիշեցի, որ ունեմ: Իրար հետ բերեցինք բաժին, հանձնեցինք: Հիմա, փառք Աստծո, բանակ ունենք, էլ ես ի՞նչ եմ անում զենքը: Հարցը բոլորովին այլ կերպ է դրված որսորդական հրացանների պարագայում: Իհարկե, բոլոր զենքերը, նաեւ սրանք, եթե մնալու են բնակչության ձեռքին, ապա անպայման պետք է լինեն օրինական, գրանցված: Ոստիկանության Մարտունու բաժնում էլ կամավոր հանձնված զենքերի մեջ որսորդական հրացաններ կային: Հանձնողներից մեկն էլ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Լյովա Հակոբյանն էր: – Պապիս հրացանն է,- ասում է,- հիշատակ: Համ էլ` գյուղում ենք ապրում, պետք կգա: Խոստացել են գրանցել ու վերադարձնել ինձ: Խոստացել են եւ խոստումը պահելու են: Ու միայն Հակոբյանը չի: Քարոզչությունը, որ տանում են ոստիկանները, լիովին հասկանալի է բոլոր օրինապահ քաղաքացիներին: Ո՞ր օրինապահը չի ցանկանա, որ իր զենքը լինի օրինական: Դա են ցանկանում նաեւ իրավապահները` հրաշալի գիտակցելով, որ հատկապես գյուղական վայրերում, հատկապես անասնապահությամբ զբաղվողներին հրացանը շատ պետք է: Օրինակա՛ն հրացանը: – Մենք մարդկանց բացատրում ենք, որ կամավոր հանձնելիս ազատվում են քրեական պատասխանատվությունից,- ասում է համայնքային ոստիկանության տեսուչ Հ. Հարոյանը,- իսկ որսորդական հրացանները հանձնելիս օգնում ենք, որ գրանցվեն ու վերադարձվեն տերերին: Նույն վիճակն է նաեւ Վարդենիսում: Ոստիկանության Վարդենիսի բաժին բերված զինանոցում խուզարկությամբ հայտնաբերած եւ առգրավածն ավելի մեծ տոկոս էր կազմում: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված քարոզչությունն էլ արդյունավետ էր: Ամփոփենք 2014 թ. հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքները. երեք ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, երկու ինքնաշեն ատրճանակ, մեկ ակոսավոր հրացան, 27 որսորդական հրացան, վեց նռնակ, նաեւ տարատեսակ այլ զինամթերք: Միակ բանը, որ անհնար է հաշվել ու ամփոփել, այն է, թե քանի հանցագործություն ու դժբախտ պատահար կանխվեց հունվարի 17-ի միջոցառմամբ: Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ միջոցառումները շարունակվում են:

Անկախ

Վառելիքի հայթհայթումը համար մեկ խնդիր տնակների բնակիչների համար

Ձմռան ամիսներին Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար կարևորագույն խնդիրը համարվում է վառելիքի հայթհայթումը:Այդ իսկ նպատակով, «Շիրակ կենտրոնը» ընթացիք ձմռանը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա: Այս ձեռնարկի շրջանակներում, վառելափայտի հերթական խմբաքանակը հնարավոր դարձավ ձեռք բերել Baf (Կրթենք այլընտրանքային ապագան ՀԿ նախագահ Արտուշ Եղիազարյան) կազմակերպության նախաձեռնությամբ, Շվեյցարիայի Ժենեվա քաղաքի մի խումբ հայերի նվիրատվության շնորհիվ:
Ներկայացվող տեսանյութը Գյումրու տնակային ավաններում բնակվող տասնյակ ընտանիքներին վառելափայտի, հագուստի և սնունդի բաժանման, ինչպես նաև նրանց ապրելակերպի մասին է:

Շիրակ կենտրոն ՀԿ

ՀՀ դրոշների համար Երևանի բյուջեով նախատեսված 87մլն-ի մասին

բախշյան2013թ. դեկտեմբերի 17-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար տիկին Անահիտ Բախշյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների  ձեռքբերման վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

  1. ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները.
  2. դրոշների գնման պայմանագրերի պատճենները.
  3. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ չափերի և որակի.
  4. ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին որքա՞ն գումար է նախատեսված եղել դրոշների ձեռքբերման համար ու համապատասխանաբար որքա՞ն գումար է ծախսվել 17.12.2013թ. դրությամբ.
  5. որքա՞ն դրոշ է գնվել 17.12.2013թ. դրությամբ՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին.
  6. որքա՞ն է կազմում մեկ դրոշի օգտագործման միջին ժամանակահատվածն՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին:

«Բարև Երևան» խմբակցության գրասենյակից Անկախին տեղեկացնում են, որ  գրության ի պատասխան Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձից ստացվել է գրություն, որով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատկազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պատասխանը, որում առկա են նշված հարցադրումների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես նշվում է, որ Երևան քաղաքի 2013թ. բյուջեով «Դրոշների տեղադրում» ծրագրով   2013թ.-ի համար ձեռք է բերվել 15200 հատ 1մ x 2մ չափի, 800 հատ 1,5մ x 3մ չափի և 1,8մ x  3,6մ չափի ՀՀ դրոշներ, որոնց ձեռքբերման գները համապատասխանաբար կազմել են մեկ հատի համար 1425, 2350 և 3650 ՀՀ դրամ:

Դրոշների ձեռքբերման գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրեսդրության համապատասխան, և հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ձևավորում» ՓԲԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 24 միլիոն 989 հազար ՀՀ դրամ: Ձեռք բերված դրոշների որակը սահմանված է եղել ըստ ՀՍՏ50-2012 ստանդարտի:

Նաև նշվում է, որ Երևան քաղաքում մեկ դրոշի օգտագործման ժամանակահատվածը կազմում է 15-20 օր և կախված եղանակային պայմաններից՝ փոխվում է ամիսը մեկ կամ երկու անգամ, որի արդյունքում պահպանվում է ՀՀ դրոշի պատշաճ տեսքը:

Փաստացի, ինչպես տեսնում ենք, 4-րդ և 5-րդ հարցերին կոնկրետ պատասխաններ չեն տրվել: Միայն նշվել է, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գերատեսչական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների դրոշների փոփոխման գործընթացի ընթացքում օգտագործվել է վերը նշված ծրագրով նախատեսված 24,989 մլն  գումարի շրջանակներում ձեռք բերված ՀՀ դրոշները:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

SIP_9739 copyՊաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ:

 Անկախ

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 24–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է :

Կոտայքի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության. Արտավազդ Սահակյանը` բժիշկներին

արտավազդ սահակյանՄիկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ  պատահարներից  ու հիվանդություններից անդամախեղված անձանց: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող էր չունենալ իր գլխավոր միկրովիրաբույժին, եթե ժամանակին չլիներ ճակատագրի նախախնամությունը կամ էլ պատահական դիպվածը:

Սահակյանը դպրոցական տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: 1969-ին, սակայն, հոր պնդմամբ քննություն է հանձնում` բժշկական համալսարան ընդունվելու համար: «Բժշկականում մի քննություն հանձնեցի հույսով, որ «երկու» կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա»,- հիշում է Սահակյանը: Ավարտելուց հետո Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ  քաղաքում աշխատանքի է անցնում որպես ընդհանուր վիրաբույժ, մեծ փորձ կուտակում ու լայն ճանաչում ձեռք բերում: 1982-ին, սակայն, ամուսնանալուց հետո որոշում է հաստատվել Հայաստանում: «Դիմեցի Միքայելյան  ինստիտուտի տնօրենին: Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ: Չէի  պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության.  որովայնի խոռոչում  և կրծքավանդակում վիրահատություն էի  կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում: Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի»,- պատմում է Սահակյանը`  հավելելով, որ չի զղջում իր անցած ուղու համար:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը ԵրՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ: Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է,  ՀՀ «Հերացու անվան», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի:

1985-ին Սահակյանը կատարում է առաջին տրանսպլանտացիան` ոտքի մատը տեղափոխում է ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում է այդ իրավունքի համար: Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում է Սահակյանին, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չի կատարում, պատասխանում է`  ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի: Երկու ամիս անց արդեն համապատասխան թույլտվությամբ պատրաստվում էր  առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում:

«Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` ԳյուլումյանԴերենիկը,  և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո: Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը: Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը»:

1990-ին Սահակյանը 6 ամսով վերապատրաստվում է Ֆրանսիայում, որից հետո Հայաստանում դնում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքերը, դրան գումարվում է նաև պատերազմական փորձը:

«Մինչ պատերազմը միութենական մակարդակով  միկրովիրաբուժության ոլորտում առաջիններից էինք: Բայց պատերազմը նույնպես շատ նպաստեց մեր փորձի կուտակմանը, որպեսզի  ծայրահեղ իրավիճակներում կարողանանք  լավագույն արդյունքի հասնել»,- ասում է նա:

Սահակյանը հիշում է, որ պատերազմի տարիներին վիրահատության հազիվ նվազագույն պայմաններ կային, ռազմական  հոսպիտալներում  կարողանում էին անոթավորված մաշկալաթեր տեղափոխել` բաց մնացած ոսկորներին սնուցում ապահովելու համար:

Պատմում է, որ պատերազմի տարիներին բուժական հարցերում ազգային պատկանելությունը հաշվի չի առել, բոլորին հավասարապես որակյալ օգնություն է ցույց տվել: Անգամ մի ադրբեջանցի աղջկա է վիրահատել` վերականգնելով կուրծքը: Վերջինս Քարվաճառի ազատագրումից հետո  վիրավոր վիճակում  մոր հետ գերի էր ընկել: Աղջիկը հայտարարել էր, որ նահանջելիս իր վրա ադրբեջանցիներն են կրակել: «15 տարեկան աղջիկ էր: Ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմ է»,- բացատրում է Սահակյանը:

Խոսելով իր հաջողության հիմքերի մասին`  ասում է. «Միշտ դատել եմ սթափ ուղեղով, ծայրահեղ ռիսկի գնալիս անգամ  իմ հաշվարկով ակնկալիք հաջողության շանսն ավելի շատ է եղել, քան անհաջողության: Երբեք չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության»:

Հաջող վիրահատության նախապայմաններից խոսելով` Սահակյանը նշում է, որ ինչքան կարևոր է բուն վիրահատությունը, նույնքան էլ` նախավիրահատական ճիշտ պատրաստությունը և հետվիրահատական ճիշտ խնամքը:

Ներկայացնելով միկրովիրաբուժությունը` Սահակյանն ասում է, որ սա շատ ավելի լուրջ գիտություն է, քան ընդունված է ժողովրդի մեջ. «Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:

Իսկ էսթետիկ բժշկությունը շատ ավելի լայն տարածում ունի, այն առողջ մարդուն երիտասարդացնելու կամ առավել գեղեցկացնելու նպատակ է հետապնդում:

Սահակյանն ասում է, որ  Կովկասի մասշտաբով էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի պլաստիկան է: Հայաստանում երիտասարդները  պլաստիկ վիրահատության դիմում են   նաև  լոշտակության  կամ բնածին արատների դեպքում, օրինակ` գայլի երախ, նապաստակի շուրթ և այլն: Դիմում են նաև ճարպի և մաշկի ավելցուկ ունեցողները,  ճաղատության հարցերով: Շատ են  կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ֆիքսման հարցերով դիմումները: Ավելի հասակավոր տարիքում դեմքի կնճիռների վերացումն է պահանջված:

«Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա  ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է,- ասում է Սահակյանը:- Բուն պլաստիկ վիրաբուժությունը  վերականգնողական ծանրագույն վիրաբուժությունն է` ընդգրկելով միկրովիրաբուժական բոլոր տրանսպլանտացիաները, անդամահատված վերջույթների վերականգնումը: Այստեղ է, որ իրոք շատ դժվարին և անձնվեր աշխատանք պետք է կատարել»:

Ասում է, որ ավարտող յուրաքանչյուր նոր սկսնակ պլաստիկ վիրաբույժ  ձգտում է քթեր կամ կուրծք վիրահատել,  որ գումար աշխատի, ինչի հետևանքով  «լուրջ պլաստիկ վիրաբուժությամբ, հատկապես միկրովիրաբուժությամբ զբաղվող մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել»:

Անդրադառնալով Հայաստանում միկրովիրաբուժության ներկայիս վիճակին` Սահակյանն ասում է, որ բժշկությունն առանձին օազիս չէ, որ ինքնուրույն աճի, ամեն ինչ փոխկապակցված է երկրի գիտատեխնիկական բազայի հետ. «Վատ չենք, բայց չենք կարող պարծենալով ասել, որ Ամերիկային հավասար ենք, կարծում եմ` ուղեղներով չենք զիջում, ինտերնետն էլ  թույլ է տալիս, որ մեզ մոտ ուսուցման գործընթացը չզիջի»:

Խոսելով դիակից մարմնամասերի փոխպատվաստման մասին, որը փորձարկվում է զարգացած երկրներում` աղմուկ առաջացնելով ԶԼՄ-ներում,  ասում է, որ նման վիրահատություններ կատարելու համար մեզ մոտ համապատասխան օրենսդրական դաշտ չկա. «Հայաստանի պայմաններում, եթե նույնիսկ դիակից երիկամ չենք կարող տեղափոխել, էլ ուր մնաց խոսք լինի մարմնամաս, քիթ, դեմք տեղափոխելու մասին. կգան աչքներս կհանեն»: Հարցին, թե կա արդյոք  օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասում է, որ սա որոշակի վտանգ է ներկայացնում նմանատիպ ասիական երկրներում. շատ դժվար է վերահսկել գործընթացը (օրինակ, եթե  որևէ մեծահարուստ կամ մաֆիոզ որևէ մարմնամասի կարիք ունենա):

Ապագա բժիշկներին Սահակյանը խորհուրդ է տալիս տոկուն լինել. «Եթե աշխատում են, ապա աշխատեն խղճով, չարությամբ չլցվեն և երբեք չմտածեն միայն գրպանի մասին: Ճիշտ է, իրենց ընտանիքին պիտի ապահովեն, բայց պետք է հիշեն, որ ապրում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասն աղքատ է: Եթե կայանան արտասահմանում, ապա երբեք չմոռանան, որ այս երկրից են և ամեն ինչով աջակցեն հայրենիքի բարգավաճմանը և հզորացմանը: Ու իհարկե զինվեն գիտելիքներով,  ամբողջ կյանքը պիտի լինի ուսման գործընթաց, լճացումը տանում է կործանման»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Սոթքի հանքերի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀունվարի 23-ին, ժամը.21.14-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքերի մոտակայքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Անկախ

Ավտոմեքենան ընկել է ձորը

աինՀունվարի 23-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է երթևեկելի մասից ևընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եղանակը առաջիկա հինգ օրերին

 Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են,որ Հանրապետության տարածքում`
Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին արևմտյան շրջաններում, 28-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին արևմտյան 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:26-28-ին հնարավոր են թույլ տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 7.60C (1984թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.00C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.90C

Կինն իդեալական է առանց հագուստի.դերասան

«Կինը, որպես մասնագիտություն»Երեւանի Պետական Երաժշտական Կամերային թատրոնում հունվարի 22-ին «Կինը, որպես մասնագիտություն» 18+ ներկայացումն էր: Ինչպես ներկայացման մեջ է ասվում՝ Կին կա ոսկի է, հրաշք է, փերի, կին էլ կա ծուռ է, անսարք ու թերի, կին կա, որ կով է ու կին էլ կա՝ ձի, կին կա՝ Մոսկվիչ է, ու կին՝ Աուդի…կանայք շատ տարբեր են, երկինքը վկա, կին կա, որ միշտ կա, կին էլ կա՝ չկա…

archive2.ankakh.com-ի հետ զրույցում բեմադրող ռեժիսոր Լիլիթ Հովակիմյանը նշեց, որ ներկայացման տեքստերի հեղինակը ժամանակակից գրող Վահրամ Սահակյանն է, նրա ձեռագիրը տարբերվում է բոլոր գրողների ձեռագրերից: Հումորի եւ քաղաքականության միջոցով հանրությանը ներկայացվում է վերջինիս արատավոր կողմերը: Դերակատարները հիմնականում կանայք են, իսկ արական սեռի ներկայացուցիչ բեմում երկուսն էին: Շոու-ներկայացումը կանանց էության մասին է, բայց կին լինելը մասնագիտություն չէ: Կինը մնում է կին, տաղամարդը՝ տղամարդ, դերերի փոփոխությունն անընդունելի է.

«Ներկայացումը բողոք է համասեռամոլության դեմ, արտագաղթի, մարմնավաճառության: Այս երեւույթները վերացնել ու կանխել հնարավոր չէ, ինչ կարող են անել հասարակ արվեստագետներ»:

Ռեժիսորն ինքը բեմում էր որպես դերասան, թե ինչպես դա ստացվեց,archive2.ankakh.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ որոշումը հեշտ չի ընդունել: Մի քանի կերպար կերտելը դժվար է, մանավանդ, երբ ժամանակն անսահմանափակ չէ, նա խաղում էր եւ միաժամանակ ռեժիսորական լուծումների մասին էր մտածում՝ կրկնակի բարդ էր:

Ինչ վերաբերում է , թե ինչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար, ռեժիսորը պատասխանեց.

«Կնոջը շատ քիչ բան է պետք՝ հարգանք, սեր, երջանկություն»:

Դերասան, շոուի տղաներից մեկը՝ Պապ Պողոսյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում պնդեց, որ առանց կնոջ տղամարդու կյանքը դառն ու անապրելի է.

«Կանանց հետ միայնակ խաղալ բեմում եւ խոսել կնոջ մասին շատ վտանգավոր է: Կինն արվեստ է՝ լինի գեր, նիհար, բարձրահասակ, թե հիմար, նա անլուծելի խնդիր է, ցանկություն կա ամեն օր բացահայտելու, հասկանալու կնոջ գաղտնիքը, բայց ինքն՝ ամենակարող տղամարդը, դրան ընդունակ չէ»:

Դերասանը համոզված է՝ կինն իդեալական է առանց հագուստի, մարմնի ամեն մի հատվածը գծագրած է Աստծո կողմից: Հասարակ հայ տղամարդը ցականում է իր կողքին տեսնել ավանդապաշտ եւ համեստ կին, ով յուրաքանչյուր գլուխկոտրուկի լուծումը կգտնի:

Երեւանի Պետական Երաժշտական Կամերային թատրոնում «Կինը, որպես մասնագիտություն» 18+ ներկայացումը կարող եք դիտել նաեւ հունվարի 30-ին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հյուսիսարևելյան սահմանը կրկին կրակոցների տակ է. կա մեկ վիրավոր (լրացված)

chinar-village-armeniaԻրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:

Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:

Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:

Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:

Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:

Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:

Անկախ

Կստեղծվի հայ-ռուսական մարդասիրական կենտրոն

մարդասիրական կենտրոնՇիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ելույթ ունենալով ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ ոլորտում սպասվում է հայ-ռուսական նոր համագործակցություն.

“Այնպիսի փոքրիկ հանրապետության համար, ինչպիսին մերն է, տարհանման, պատերազի ժամանական քաղպաշտապնության խնդիրներն ամենակարևոր հանգուցային խնդիրներն են: Եթե նախկինում մենք ունեինք ռեզերվներ` սննդամթերքից սկսած մինչև այն ծանր մեքենաները, որ Շիրակի մարզը 3 հատ ստացավ ու այսօր օգտագործում է: 20 տարուց ավել այդ մեքենաները կանգնած էին` որպես պատերազմի ժամանակ օգտագործվելիք ռեզերվներ: Հիմա դրանք մարզերում ծառայում են մարդկանց: Նախարարի նախաձեռնությամբ ստեղծվեց հնարավորություն արտակարգ իրավիճակների համար երկրում ռեզերվներ ունենալ. դա և դեղորայք է, և առաջին օգնության տարբեր միջոցներ, և հագուստ, և վրաններ, և այլն: Եվ այսօր ստեղծվում է հայ-ռուսական մարդասիրական փրկարարական կենտրոն: Դա իր մեջ ենթադրում է` մենք Ռուսաստանից կստանանք ուղղաթիռներ, մեծ քանակության տեխնիկա, մոտ 14 մլն դոլարի, և այս ամբողջը կծառայի մեր ժողովրդին տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքման համար:
Հայ-ռուսական այս մարդասիրական կենտրոնն այս տարվա մեր գլխավոր անելիքներից մեկն է”:
Գեներալը նաև նշեց, որ Գյումրին ունենալու է ճգնաժամային կառավարման կենտրոն` հագեցած վերջին տեխնիկասարքավորումներով և 911 ծառայություն:

 

Անկախ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՌ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները

ոստիկանության հաշվետվությունը կառավարությունումՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի և բարեփոխումների մասին: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Երևանի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման, ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ոստիկանապետը տեղեկատվություն է ներկայացրել նաև 2014 թ. ծրագրերի վերաբերյալ, որոնց շրջանակում ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներն են ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացումը և վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը և պարեկային ծառայության մոդելի ներդրումը:
ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվության սեղմագրին կարելի է ծանոթանալ վերջինիս պաշտոնական կայքում:

Անկախ

Օվշորային սկանդալից մինչև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ

photo 1Օվշորային սկանդալ. մտածված PR, թե՞ ակնհայտ իրականություն

2013 թ. ամենալուրջ բացահայտումը կամ գուցե ամենաակտիվ քննարկվող ապատեղեկատվությունը թերևս կապված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Հայկական և անգամ միջազգային մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե ՀՀ վարչապետը օվշորային գոտում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:

Վարչապետը «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Նրանք հայտնեցին նաև, որ չգիտեն` ինչպես են իրենց անունները հայտնվել «Wlispera Holdings limited» ընկերության բաժնետերերի մեջ:

Հետաքրքիր է, որ ամիսներ շարունակ մեծ աղմուկը չհանդարտվեց, անգամ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում կա՞ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ:

Փորձաքննությունը  չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներ պահանջեցին, և ՀՀ գլխավոր դատախազ (այժմ արդեն նախկին) Աղվան Հովսեփյանն այս հարցով դիմեց Կիպրոսի իր գործընկերոջը:

ՀՀ գլխավոր դատախազությունն ամիսներ անց հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել միջնորդություն իրավական օգնություն ցուցաբերելու մասին»:

Միջնորդությունը Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկվեց դիվանագիտական ուղիներով և Ինտերպոլի (քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

«Նաիրիտի» առեղծվածը

photo 2 nairitՄինչ իշխանությունները փորձում էին Հայաստանում մոռացության մատնել հայտնի «օվշորային սկանդալը», 2013-ին Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցան գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Այս մասին հայկական մամուլն անընդմեջ գրեց` կրկին ու կրկին վկայակոչելով ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Խոսքն այս անգամ «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմության մասին է:

Պարզվեց, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» գործով հերթական դատական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով դարձյալ հետաձգվել է: Ասենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, և հենց այս ընկերությանն էր ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ հատկացրել:

Դարձյալ օվշորային գոտում գրանցված այս ընկերությունը հրաժարվում է մարել այդ վարկը, և բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր:

Հայկական մամուլը, վկայակոչելով ռուսական կողմին, այդպես էլ պատասխան չստացավ` ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի՞ «Նաիրիտը», թե՞ ոչ:

«168 ժամ»-ի տեղեկություններով` «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով, պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն: Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար:

«Նաիրիտի» առեղծվածը շարունակվում է: Ահռելի գումարները մնում են օդում կախված, իսկ գործարանի աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են, որ աշխատավարձ չեն ստանում, մինչդեռ գործարանի ղեկավարությունը ամսական միլիոններ է վաստակում:

Երբ սպանվեց քրեական հեղինակություն Ստուկաչ Արմենը

2013-ը հարուստ էր նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով: Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հիմնականում քրեական հեղինակությունների դեմ ուղղված հանցագործություններն էին:

Եվ ամենաուշագրավը այդ «շքերթում» թերևս 2013-ի վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ սպանությունն էր: Մամուլը հեղեղվեց հայտարարություններով, որ Սարդարապատ գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, օրենքով գող 41-ամյա Արմեն Եփրեմյանը, որ հայտնի է «Թեփ Արմեն» կամ «Ստուկաչ Արմեն» մականուններով:

Այս մասին բավական ծավալուն հրապարակումով հանդես եկավ նաև ռուսական «Կրիմինալնայա Ռոսիա» պարբերականը, ըստ որի աղբյուրների` Արմեն Եփրեմյանը և հանցագործ աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ` Հակոբ Մելիքսեթյանը (նա քրեական աշխարհում ավելի հայտնի է «Կյաժ Հակոբ» մականունով), միմյանց դեմ ցուցմունքներ էին տալիս, ինչպես նաև առերեսվել են Յուրիկ Աբրահամյանի առևանգման գործով:

Արմեն Եփրեմյանը ՌԴ իրավապահներին ասում է, որ առևանգման կազմակերպիչը Կյաժ Հակոբն է: Առերսման ժամանակ Եփրեմյանը սկսում է հայհոյել Կյաժին: «Հիշեցնենք, որ հենց այդ գործով 2011-ի դեկտեմբերի 13-ին ՌԴ Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել և Հակոբ Մելիքսեթյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման»,- գրեց մոսկովյան պարբերականը:

Իրավապահները շտապեցին նյութեր նախապատրաստել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ  Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Ենոքյանը:

Ոստիկանության Արմավիրի քրեական հետախուզության բաժնում աղմկոտ սպանության դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործվելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ):

Նախաքննության ընթացքում սպանության բացահայտման գործին լծվեցին նաև լրագրողներն ու լրատվամիջոցները:

Պարզվեց,  որ «Թեփ Արմենը» 2007-ին առևանգել է «օրենքով գող»  43-ամյա Գոռին և որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչն այդ տարիներին շատ մեծ գումար էր:

Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը, և մինչև օրս Գոռն անհետ կորած է համարվում:  Գոռի  հարազատները վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել, և հնարավոր չի եղել դա իրականացնել: Երբ  նա եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը:

Մոսկովյան մամուլն իր էջերում գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում

առավել ապահովված մարդկանց առևանգելու և փրկագին պահանջելու  հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել, և նա էլ անմասն չի մնացել մահափորձերից:

Քրեագետները հիշում են, որ օրենքով գողին փորձել են պայթեցնել, բայց բախտը բերել է, ընդամենը ծնկից ներքև մի ոտքն  է կորցրել ու «պրոթեզ» կրել:  Դրանից հետո  նա ստացել է իր երրորդ մականունը` «Չոլախ»:

Ավելացնենք միայն, որ 41-ամյա Արմեն Եփրեմյանը սպանվելուց առաջ պատրաստվում էր գնալ հայրական տուն և իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել:

Վարդան Պետրոսյան. «Պարտավոր եմ ապրել այլ կերպ»

photo 5Այն, որ կարկուտի ծեծած տեղն ու Շամշյանի գտնվելու վայրը հաճախ են համընկնում, արդեն զարմանալի չէ: Հենց Շամշյանը տարեվերջին տեղեկություն տարածեց, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ողբերգական ավտովթար: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ժամեր անց համացանցը ողողվեց այն տեղեկությամբ, որ վթարի մասնակից է եղել նաև ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանցից երկուսին բժիշկները, ցավոք, չկարողացան փրկել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի կողմից նշանակվեց  ավտոտեխնիկական փորձաքննություն, և մինչ օրս պարզում են` դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցե՞լ է արագությունը, թե՞ ոչ:

Իրավապահներից և լրագրողներից բացի, հասարակության լայն զանգվածների շրջանում այս օրերին էլ դեռ քննարկվում են ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ իրավապահները մինչդատական վարույթում խափանման միջոց են ընտրել կալանքը: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, դատական փուլում է:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը բացառիկ հարցազրույցի ժամանակ Վարդան Պետրոսյանին տված այն հարցին, թե 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս է բնորոշում, ասել է. «Վթարից ճիշտ կլիներ` ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ` ավելի հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքի վրա: Այդ բեկումն արդեն եղել է:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Ամփոփվեց 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները

սամվել-թադևոսյանՆախարար Սամվել Թադեւոսյանը կառավարությունում հաշվետվություն ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին:

1. ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շրջանակներում`

1) Հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ափոփվել եւ ներկայացվել  են կառավարություն:

2) ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել թվով 8 շինարարական նորմերի մշակումը: Նշված նորմերն առաջիկայում կներկայացվեն պետական գրանցման: Այս 2 գերակա խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է:

3) Կառավարությունը դեկտեմբերի 26-ին հավանության է արժանացրել “Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման” հայեցակարգին: Վերջինիս նպատակն է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել շենքերի սեյսմակայունության ապահովման  համակարգված եւ արդյունավետ մոտեցումների  եւ հիմնավորված գործողությունների  համար:

2. ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում`

1) 2013 թ. դեկտեմբերին  կառավարություն է ներկայացվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

2) ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանության է արժանացել “Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը եւ ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումերի ժամանակացույցը”: Այս ռազմավարությամբ սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում:

3) Մշակվել է քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, որով նախատեսվում է կարգավորել պետական բյուջեով իրականացվող շինարարարության (շինմոնտաժային) գործունեության հետ կապված  աշխատանքներից բխող ռիսկերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը:

 3. 2013 թվականին աշխատանքներ են տարվել նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից բխող եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ:

Մասնավորապես`

1)    Ավարտի են հասցվել թվով 10 հիմնանորոգվող դպրոցներ, թվով 2 նորակառույց`   Գեղարքունիքի մարզի Վաղաշենի եւ Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 դպրոցները, ինչպես նաեւ 2009-2013 թթ. պետական բյուջեների հաշվին իրականացվող ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի թվով 9 կիսակառույց բնակելի շենքերը:

2)    Կառավարությունը հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության կողմից լրամաշակված “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի նախագծին: Այն միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը:

3)    Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ նախարարության մշակած “ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը եւ համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցը”: Համակարգի ներդրումն ուղղված է Doing Business  ծրագրի շրջանակներում Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Էլեկտրոնային համակարգը նպաստելու է կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը, կրճատմանը եւ պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

 

 Անկախ