Ամբաստանյալի աթոռին է հայտնվել կծան ամուսինը

կծանՈստիկանությունն ավարտել է ընտանեական բռնության հերթական դեպքով նախաքննությունը, որով որպես մեղադրյալ անցնում է 35-ամյա գյումրեցին, հաղորդում է Փաստինֆոն։   Քրեական գործի առիթ հանդիսացած վիճաբանությունը ամուսինների միջեւ տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերին։ Արդյունքում, ամուսինը ծեծել է կնոջը՝ հարվածելով ինչպես գլխին, այնպես էլ մարմնի տարբեր մասերին։ Ավելին, նա նաեւ կծել է կնոջ ձեռքը, ինչի հետեւանքով, ըստ դատաբժիշկների, կնոջը պատճառվել է ֆիզիկական ցավ:   Գյումրեցուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը  նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:  Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Հավանության են արժանացել պետական 3 տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը

Կառավարություն, Տիգրան Սարգսյան,տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստԿառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը, այս մասին Անկախին հաղորդեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Նշվել է, որ վերոհիշյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը: Ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի շրջանակում հնչել են առաջարկություններ և կարծիքներ արծարծված հարցերի վերաբերյալ: Խորհուրդը հավանություն է տվել ներկայացված փաստաթղթերին՝ հաշվի առնելով արված դիտողությունները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:
Նիստում հավանության են արժանացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը:

 

Անկախ

Ավարտվել է աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրը

ծառատունկՆոյեմբերին Երևանում մեկնարկած աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է: Ծառատունկին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ և 14000 թուփ: Ըստ այդմ, շուրջ 10 հազար ծառ և 14 հազար թուփ տնկվել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների կողմից: Եվս 10 հազար ծառ էլ տնկվել է համատիրությունների, կրթական, առողջապահական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Տնկվել են հիմնականում գնդաձև ակացիաներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում: Ինչ վերաբերում է թփերին, ապա դրանք հիմնականում վարդի և այլ ծաղկող թփեր են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ ևս աշնանային ծառատունկ է իրականացվել:

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում, ի դեպ, ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

 

 

 

Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութություն կատարելու համար

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին տեղեկացրին , որ ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:
Հ. Զ.-ն, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հ. Զ.-ի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Անկախ

Արտգործնախարարն ընդունեց Իտալիայի դեսպանի հավատարմագրերի պատճենը

Էդվարդ ՆալբանդյանԴեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով։ Նա հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն իր աշխատանքով կնպաստի հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը: Նախարարը հավելեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը, որը հիմնված է պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով նոր ձեռքբերումներ արձանագրելու համար։

Դեսպան Ռիչիուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-իտալական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Ռիչիուլլիին քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խթանման, ապակենտրոնացված, կրթամշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Անկախ

Հայկական կոնյակի համտեսում Լոնդոնում

Հայկական կոնյակի համտեսում ԼոնդոնումԴեկտեմբերի 4-ին Լոնդոնում` Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Չերչիլ սրահում, ՀՀ դեսպանության կողմից և Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ կազմակերպվել էր հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորության լորդերի և համայնքների պալատներ տասնյակ անդամներ, դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման կազմակերպմանը սատարել էին նաև Թեքեյան մշակութային միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության եւ «Նոր Սերունդ» մշակութային միության բրիտանական կառույցները և ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ «Vinorium» ընկերությունը:

Միջոցառումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը ներկայացրեց դրվագներ հայկական կոնյակի պատմությունից` բացահայտելով, թե ինչպես կարող են հայ գործարարները, օգտագործելով արևմտյան տեխնոլոգիաներ, հաջողության հասնել Հայաստանում։ Այնուհետև հյուրերին ողջունեց Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ, Համայնքների պալատի Մշակույթի, մեդիայի և սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը։

Անկախ 

 

 

 

Հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղի բացումը

668. The opening ceremony of the Armenian-Chinese beekeeping company 10.12.2013Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում մեծ հանդիսավորությամբ բաց­վեց «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:

Լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը` Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադ­րու­թյան և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:

Ողջունելով մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշեց, որ «Անուշակի» փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:

Հայաս­տանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:

Մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության «Անուշակ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2012թ. մարտին Երևանում:

 

Անկախ

Քաջարանում երեք մարդ թունավորվել է գազի արտահոսքից

Թունավորումներ ՀայաստանումԴեկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ին,  հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում»  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1944 թ. ծնված Օլյա  Ի.-ն, 1990 թ. ծնված Աստղիկ Մ.-ն և 1979 թ. ծնված Արմինե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Քաջարան քաղաքի Գայի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազաջեռուցիչ սարքի գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական խարդախին

բերման է ենթարկվելԱնկախը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 7-ին, ժամը  15.00-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1971 թ. ծնված  Արմեն Ե.-ն  և հաղորդում   տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի  Նանսենի փողոցում գտնվող բանկում ոսկյա զարդեր գրավադրելու և իրեն պարտք վերադարձնելու պատրվակով, իր ծանոթ Արթուրը նշված բանկի մոտ իրենից վերցրել է մոտ 10 հատ բարձր հարգի ոսկյա մատանի, բնական կարիքը հոգալու պատրվակով մտել բանկ, այնուհետև դուրս գալով` հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով 2.800 դոլար արժողության ոսկյա մատանիներին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը  1971 թ. ծնված  Արթուր Ս.-ն է, որը դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին,  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Ավտոմեքենային խաբեությամբ տիրացած տղամարդը հայտնաբերվեց 15 տարի անց

ձերբակալությունՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 1955 թ. ծնված Մակեդոն Ս.-ն  և հաղորդում  տվել, որ 1998 թ. ամռանն  իր ծանոթ, 1962 թ. ծնված  Մովսես Կ.-ն 4.000 դոլարով և մեկ ամսից վճարելու պայմանով  իրենից գնել է «ՄԱԶ-54322»  մակնիշի ավտոմեքենա:
Հետագա 2 ամսվա ընթացքում վճարել է 400 դոլար, սակայն դրանից հետո չի վճարել և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, Մովսես Կ.-ն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն  և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Հեռուստահաղորդումից խարդախին ճանաչած խաբված քաղաքացիները ներկայանում են ոստիկանություն

ոստիկանությունՀՀ ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, 1984 թ. ծնված  Հովհաննես Ս.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելուց հետո ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 16-ին խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ:
Նույն օրը,  ժամը 17.00-ին,  համանման հարցով ոստիկանության նույն բաժին է դիմել նաև 1988 թ. ծնված Լևոն Ս.-ն. Կարենն օգոստոսին նույն  պատրվակով իրենից վերցրել էր 50.000 դրամ և անհետացել:
Քննությունը շարունակվում է:

Գրետան օգտվելով իր հարևան Էդուարդի վստահությունից, վերջինիս բնակարանից գողություն է կատարել

գողությունՀՀ ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ
դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Գրետա Հ.-ն: Նա խոստովանել է, որ 2006 թ. մարտին, տարբեր օրերի ընթացքում, իր հարևան Էդուարդ Տ.-ի կողմից իրեն վստահված դռան բանալիով մի քանի անգամ բացել է նրա  բնակարանի դուռը և գողացել կենցաղային տարբեր իրեր:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության` 7,   կողոպուտի  և մաքսանենգության մեկական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է պետական որակի ՊԱԳ հավաստագիր

 «Ազգային դեղեր-միջազգային որակ» Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը:

Ինչպես Անկախին տեղեկացրեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: Դա նշանակում է «Լիկվոր» դեղագործական ընկերության կողմից արտադրած դեղերի որակի նկատմամբ վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ցուցաբերած առարկայական օժանդակության համար, ինչը նպաստել է ընկերության հետագա զարգացմանն ու ձեռքբերումների գրանցմանը:
Վարչապետ Սարգսյանը շնորհավորել է ընկերությանը՝ ՊԱԳ հավաստագրի արժանանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
ՊԱԳ-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին և անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի դեղագործության ոլորտին, քանի որ այն ունի արտահանումը մեծացնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: «Բիզնեսի զարգացման մեր ծրագրի միջոցով աջակցում ենք հայաստանյան հիմնական հինգ դեղագործական ընկերությունների՝ հասնելու որակի միջազգային չափորոշիչներին»,– ասել է Հիլիարդը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհավորել է «Լիկվոր»-ին՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի մյուս դեղագործական ընկերությունները նույնպես կհասնեն այսպիսի հաջողությունների:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացել է համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցող դեղագործական ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին: 

 

Անկախ

Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրված է

Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը և անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտություններ:
Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է և անցնում է անտառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4-Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։
Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» և «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման և թափվածքների մաքրման աշխատանքներ:
Իջևան-Գանձաքար-Իծասար-Նավուր-Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետևանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաև ձյան մաքրման աշխատանքներով և ճանապարհը անցանելի դարձնելով:
Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում։

Անկախ

ԲՀԿ-ն չմասնակցեց «ուրբաթ կեսգիշերին որոշված» կառավարության նախագծի քվեարկությանը

2ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

ԱԺ նախագահը ներկայացրեց արտահերթ նստաշրջանի օրակարգը, Քվեարկության դրվեց հունվարի 1-ից նույնականացման քարտի և կենսաչափական անձնագրի պարտադիր ներդրման մասին օրինագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել հատուկ ընթացակարգով և օրինագծի քննարկումն ու քվեարկությունը պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ուրբաթ կեսգիշերին որոշվող և երկուշաբթի Ազգային ժողով բերվող հապճեպ օրինագծերի քվեարկությանը, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է Ազգային ժողովի հանդեպ:

Օրինագիծն ընդունվեց 71 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկության դրվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց 70 կողմ, 39 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Անկախ

Ռուսաստանը պատրաստ է Կուբայի պարտքի 90%-ը դուրս գրել

i (2)ՌԴ Պետդուման կդիտարկի խորհրդային ժամանակներից մնացած Կուբայի պարտքի 90%-ի վերաձևակերպման հնարավորությունը, որի հանրագումարը կազմում է 32 մլրդ դոլար:

Եթե Պետդուման հավանության արժանացնի այս համաձայնագիրը, ապա պարտքի մնացած մասը` 3,2 մլն դոլարը Կուբան պետք է վճարի Ռուսաստանին 10 տարվա ընթացքում:

“Համաձայնագիրը ճանաչում է  Կուբայի  պարտքի մի մասը ու դա կարևոր է Ռուսաստանի համար քաղաքական  տեսանկյունից: Բացի այդ դա  ճանապարհ կհարթի նոր վարկերի իմաստով, ինչը մեծ նշանակություն ունի Կուբայի համար”,-ասել է ռուս դիվանագետներից մեկը, ենթադրելով, որ պարտքերի դուրսգրումը ներդրումների համար ուղի կհարթի ու կաշխուժացնի առևտուրը երկու երկրների միջև:

Ավելի վաղ կուբայական պարտքի 70%-ի դուրսգրման վերաբերյալ որոշում էր կայացրել Մեքսիկան (500 մլն դոլար): Անցած տարի կղզուն հաջողվեց վերաձևակերպել Ճապոնիային իր պարտքի 80%-ը` 1,4 մլրդ դոլար, իսկ 2010-ին հարթեց պարտքային վեճերը Չինաստանի հետ` 6 մլրդ-ի շուրջ:

Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Հայանիստ գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Օգսեն Ս.-ին, որը նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

 

Անկախ