Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովին

 Էդվարդ Նալբանդյան,ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողով  Կիև, 5-6-ը դեկտեմբեր

 

Պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

 

Կցանկանայի ելույթն սկսել արտահայտելով մեր ցավակցություններն Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Ջերմորեն եմ հիշում այս մեծ և իմաստուն առաջնորդի և պետական գործչի հետ հանդիպումը Պրետորիայում:

Տիկնայք և պարոնայք,

 

Միանալով նախորդ ելույթ ունեցողներին, շնորհակալություն եմ  արտահայտում գործող նախագահող՝ նախարար Լ. Կոժարային և նրա թիմին՝ տարվա ընթացքում նրանց ձեռնարկած ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանը հյուրընկալության և այս Նախարարական հանդիպման արդյունավետ  հաջող կազմակերպման համար։

ԵԱՀԿ Նախարարական հանդիպումները միշտ հնարավորություն են ընձեռում կարծիքներ փոխանակելու կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու ուղիների վերաբերյալ՝ որպես մի հարթակի՝ գաղափարների առաջադրման և հայեցակարգերի մշակմանն ի նպաստ եվրաատլանտյան և եվրասիական անվտանգությանը։ Աշխարհը, որում ապրում ենք և անվտանգության միջավայրը որում գտնվում ենք, փոխակերպվում են աճող արագությամբ. մենք պետք է արձագանքենք ընդհանուր մարտահրավերներին և գտնենք ճիշտ լուծումներ դրանց դիմակայելու համար։

Նախորդ տարին շատ առումներով կարևոր էր` դրական քննարկումների և տեսակետների ներկայացման առումով։ Ես կցանկանայի մասնավորապես նշել «Հելսինկի+40» գործընթացը։ Մենք ընկալում ենք դա որպես գործընթաց` նպատակաուղղված ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի անվտանգության համայնքի տեսլականի համապարփակ իրականացմանը, ինչպես որ նախանշվում է Աստանայի հռչակագրում։

Նախագահության կողմից «Հելսինկի+40»-ի վերաբերյալ Առաջընթացի զեկույցում ներկայացված տեսակետները և կատարված եզրակացությունները կարող են հիմք ծառայել ապագա հաջորդական Նախագահություններին` գործընթացը առաջ տանելու համար։

Մեր նվիրվածությունը առանց բաժանարար գծերի և փակ սահմանների անվտանգության միջավայրին կարևոր մեկնարկային կետ է կազմակերպության բոլոր մասնակից պետությունների միջև հաշտեցման ուղղված տարաձայնությունների հաղթահարման և վստահության ամրապնդման համար։ Դա պետք է բացառի միակողմանի շրջափակումները, որոնք առկա են ԵԱՀԿ տարածքում։ Այս տարի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների փակումն արդեն երրորդ տասնամյակը թևակոխեց։

Պարոն նախագահ,

Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է մեր հավաքական կամքից և բոլոր երեք չափումներում հավասար ու հավասարակշռված ձևով մեր գործունեությունը առաջ տանելու կարողությունից։

Անվտանգության չափումը կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք Վիեննայի փաստաթղթի հետագա արդիականացման և բոլոր վստահության և անվտանգության ուղղված միջոցառումների լիակատար իրականացման համար։ Ինչ վերաբերում է սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի հետ կապված ներկայիս իրավիճակին, մենք պետք է փորձենք մերձեցնել մոտեցումները` համաձայնության հասնելու նպատակով:

Տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև փոխկապվածությունն ակնհայտ է մեր առօրյա կյանքում։ Հայաստանը աջակցում է Շրջակա միջավայրի և անվտանգության նախաձեռնությանը և քայլեր է ձեռնարկում Բաց կառավարության գործընկերության շրջանակներում ստեղծել հանքարդյունաբերության էլեկտրոնային տվյալների բազա, որը կարող է ծառայել մեր տարածաշրջանում բնապահպանական հարցերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը:

Այս նախարարական հանդիպման օրակարգում նախատեսված մարդկային չափման շրջանակներում որոշումների ընդունումը կարող է լրացուցիչ գործիք հանդիսանալ ԵԱՀԿ տարածքում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

 

Մարդկանց թրաֆիկինգը դեռևս մնում է մարդու իրավունքների ամոթալի խախտումներից մեկը, որը պետք է աներկբա մերժվի: Հայաստանի ջանքերն այս հանցագործության դեմ պայքարում ըստ արժանվույն գնահատվել են մեր գործընկերների կողմից։

 

Պարոն նախագահող,

 

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների լայն փաթեթ է իրականացնում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության  առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման, ընտրական գործընթացների և համապատասխան օրենսդրության բարելավման, դատական համակարգի ամրապնդման և քաղաքացիական հասարկության դերի բարձրացման նպատակով:

ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման մեջ։

Մեր սերտ աշխատանքը ԺՀՄԻԳ-ի և Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ և համապատասխան առաջարկությունների իրականացումը շատ արդյունավետ է։

2013թ.-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից գնահատվել են ընտրական գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխան։

Կցանկանայի նաև նշել մեր արգասաբեր համագործակցությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ, որը ծրագրեր է իրականացնում բոլոր երեք չափումներում։

Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, անցած վեց ամիսների ընթացքում, ընդգծել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Կառուցելով ջանքերի համադրման վրա և խուսափելով կրկնողություններից, մեր երկու կազմակերպությունները կարող են ավելի լավ արդյունքների հասնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման առումով։

Պարոն նախագահ,

ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:

Այս տարվա հունիսին Էնիսկիլենում, Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հերթական՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ, որտեղ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման:

Հայաստանը ողջունեց այս հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենում արված կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը, և բոլորը գիտեն, որ Հայաստանի պատճառով չէր, որ շուրջ երկու տարիների ընթացքում նախագահների մակարդակով հանդիպումներ չէին կազմակերպվում: Վիեննայում նախագահները համաձայնվեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակելու համատեղ աշխատանքը համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակով: Այս նպատակին էր ծառայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը, և մենք համաձայնվեցինք շարունակել հանդիպումները: Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը մեզ հնարավորություն կտա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերի արագացումը, որի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին և որի մասին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները պատրաստակամություն են հայտել 2012 թ. հունվարում Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ:

Կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա:

Պարոն նախագահ,

Ավարտելով, կցանկանայի ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու գալիք շվեյցարական նախագահությանն իր օրակարգի իրականացման գործում:

Շնորհակալություն:

 

 

 

 

 

 

Նախագահն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը

Սերժ Սարգսյան, «Ֆրանսիա-Հայաստան», Ռընե Ռուքե

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած երկու տասնամյակները նշանավորվել են բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ, մասնավորապես՝ քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերի, տնտեսական, ինչպես նաև մշակութային, կրթական և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահը և ֆրանսիացի խորհրդարանականները համակարծիք են եղել, որ միջխորհրդարանական համագործակցությունը բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչն է, որը կարևոր դերակատարություն ունի երկու պետությունների փոխհարաբերություններում:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է ողջունել Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տիկին Բուայեին, ով մինչ այս քանիցս այցելել է Հայաստան և Արցախ:

Նախագահը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի խորհրդարանականները՝ սենատորները և պատգամավորները, Հայաստան այցերի ընթացքում այցելում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի ստեղծումը:

Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ևս:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Բնապահպանության նախարարությունում

4971

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով:

Նախարարության խորհրդակցությունների դահլիճում՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և հետագա ծրագրերի մասին Նախագահին զեկուցել են Բնապահպանության նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը:

Նախարար Արամ Հարությունյանը, մասնավորապես, ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ առանձնացնելով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության և թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքի ուղղությամբ աշխատանքներն ու բնապահպանության ոլորտի մի շարք մարտահրավերներ, այդ թվում` ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործող ենթաճյուղերի արագ զարգացման արդյունքում ջրային ռեսուրսների գերշահագործումը: Նախարարը զեկուցել է նաև ս.թ. սեպտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ Արարատի և Արմավիրի մարզերի ապօրինի շահագործվող խորքային հորերի լուծարման ուղղությամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Իրավիճակին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել հանձնարարականների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակը:

Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից՝ հարցը դիտարկելով 2010թ. ընդունված Բնապահպանության ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների և նախատեսվող գործընթացների համատեքստում:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության համագործակցությունն ու այդ շրջանակներում իրականացված աշխատանքները՝ համապատասխան վիճակագրությամբ: Նա զեկուցել է ոլորտում գործունեություն ծավալած բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների ընթացքը, նախարարության հեղինակած օրինագծերի շուրջ կազմակերպված հասարակական լսումների և բնապահպանական փորձաքննության հանձնված նախագծերի վերաբերյալ անցկացված հանրային քննարկումների մասին՝ ներկայացնելով նաև էկոկրթության ոլորտի օրենսդրական հիմքերի և ինստիտուցիոնալ կառուցվածքի բարելավման ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումները:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական սահմանների ընդլայնում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կարգավորում, այս ուղղությամբ միջազգային փորձի կիրառում և այլ երկրների հետ համագործակցության սերտացում:

Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող և նախատեսված ծրագրերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին: Բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաև սոցիալական հարցերով:

Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը: «Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:

Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ավարտին անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում են: Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր և հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա և ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ Նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով և բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետևանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաև՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի և ոլորտի այլ խնդիրների մասին՝ Նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, և դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որևէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու և գնալով ոչ միայն բնապահպանների, այլև տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու: Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից և եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»:

Խորհրդակցության ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին և կարևորել քննարկված բոլոր խնդիրների լուծման համար հստակ ժամկետների սահմանումը: Նման մոտեցումը Նախագահը կարևորել է նաև այլ ոլորտների պարագայում:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այսօր արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների և մոնիթորինգի բաժնի պետ Հովիկ Աղինյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը և աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Ստեփանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Քննարկվել են մայրաքաղաքի սոցիալական ոլորտին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարան, սոցիալական ոլորտԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ-ին Երևանում նախատեսված սոցիալական ծրագրերի հետ կապված հարցեր:

Ողջունելով հյուրին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նախարարին ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունների կազմավորման 20 և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակի կապակցությամբ ու ընդգծել, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են և տարեց տարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն, նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը. «Սոցիալական տարբեր խմբերում ներառված մեր համաքաղաքացիներն իսկապես մեր խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն և մենք պետք է հետևողական աշխատանք տանենք նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: 2014թ-ի Երևան քաղաքի բյուջեում մասնավորապես սոցիալական ծրագրերի իրականացման մասով մենք նախատեսել ենք զգալի միջոցներ: Ըստ այդմ, գալիք տարի ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել իրականացնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում իրականացվող սոցիալական ծրագրերին քաղաքապետի գործուն օժանդակության համար, ընդգծել է, որ այն զգալիորեն նպաստում է նման ծրագրերի առավել արագ ու հասցեական իրականացմանը. «Սոցիալական ուղղվածության գործընթացների նկատմամբ դրսևորած Ձեր հետևողական ուշադրությունը իսկապես զգալի է և մեր կողմից շատ գնահատված, պարոն քաղաքապետ: Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցությունն արդյունավետ է, ինչի արդյունքում էլ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում»,- նշել է Արտեմ Ասատրյանը:
Կողմերը պայմանավորվել են այսուհետ էլ ավելի ընդլայնել համագործակցության ծրագրերի շրջանակը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գալիք տարվա գործող նախագահին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

 Էդվարդ Նալբանդյան, ԵԱՀԿԴեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։

Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում ԵԱՀԿ գալիք նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Արտգործնախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրված օրակարգի իրականացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան:

Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության մեջ՝ նա չդադարեց հավատալ և պայքարել այլոց ազատության համար: Հենց այդ անսահման հավատն էր, որ առաջնորդեց նրա քաղաքական ու մարդասիրական գործունեությունը՝ հանուն ազատության և հավասարության գաղափարների կյանքի կոչման և արմատավորման:

Մանդելայի ժառանգությունը սփռվում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության սահմաններից անդին՝ մարդկությանը պատգամելով սիրո և հանդուրժողականության, ներողամտության և հաշտեցման զորությունը: Նելսոն Մանդելայի գաղափարներն ու անցած ճանապարհը, անշուշտ, ոգեշնչելու և ուղենիշ են լինելու բազմաթիվ սերունդների համար, քանզի նրա որդեգրած արժեքներն ու կենսափիլիսոփայությունը անսպառ են ու մշտակայուն:

Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է: Նա ինքն էր այս ճակատագիրը կանխորոշել իր համար»,-ցավակցական հեռագրում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Նելսոն Մանդելայի խոսքերը. «Մահն անխուսափելի է: Սակայն երբ մարդն արել է այն, ինչ համարում է իր պարտքը սեփական ժողովրդի և երկրի առջև, կարող է հանգչել խաղաղությամբ: Հավատում եմ, որ ես դա արել եմ, ուստի ես կննջեմ հավերժության մեջ»:

Ֆիլմի նկարահանումների մեկնող դերասանները վթարի են ենթարկվել. Նրանցից մեկը մահացել է

ավտոպատահարԵրեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի են ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել են, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել: 34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել է ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել է: «Արարատի» բ/կ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն մեզ հետ զրույցում ասաց, որ տուժածներից Արամ  Փիլոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, գանգի հիմքի կոտրվածք, ուղեղային կոմա, կյանքին վտանգ է սպառնում: Այժմ նրան ռեոմոբիլով տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բ/կ:

Մյուս երեք տուժածների վիճակը՝ Տիգրան Ասոյան, Վարազդատ Խաչատրյան, Արկադի Կլեկչյան, տնօրենի փոխանցմամբ, գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա:

Նախնական տեղեկություններով՝ անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին,  որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 09-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն:
Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 08-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ:
Երևանի  դեկտեմբերի  7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան     15.10C (1988 թ.)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան        -17.80C (1941 թ.)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան     1.40C

Հայաստանի և Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստան, Իրան, վիճակագրական մարմիններ, փոխըմբռնման հուշագիրՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Իր հերթին, Ադել Ազարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և իրենց նպատակն է այդ փոխգործակցությունը ամրապնդել նաև վիճակագրության բնագավառում:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը:
Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Իրանի վիճակագրական կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու պետությունների վիճակագրական մարմինների միջև համագործակցության զարգացմանը:
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, իրանական կոմից՝ Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարը:
Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցել վիճակագրության տարբեր ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վիճակագրական տեղեկատվության և հրապարակումների փոխանակում և տարածում, փոխադարձ օժանդակության ցուցաբերում մեթոդաբանության ու հեռահաղորդակցման ուղղություններով:

Ա. Աշոտյանը Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Ա. Աշոտյան,Բրատիսլավայի  պետական համալսարանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի  Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:

Ընդգծելով,  որ սլովակյան կողմի հետ համաձայնություն է ձեռքբերվել ընդլայնել գիտակրթական համագործակցությունը՝  նախարարը նշել է, որ համալսարանը կարող է միջբուհական հարթակի վրա համագործակցել ՀՀ բուհերի հետ ինչպես բժշկական, այնպես էլ հումանիտար մասնագիտությունների ուղղությամբ: Այնուհետև Արմեն Աշոտյանը հանդիպել է համալսարանի ուսանողության հետ և հանդես եկել դասախոսություն -զեկույցով:  Նախարարը նախ անդրադարձ է կատարել հայ ժողովրդի պատմությանը և նրա դերին՝ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, ապա ներկայացրել ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց դիմակայման գործում ազգային կրթության դերը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայ-սլովակյան գիտակրթական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնց հիմքերն այսօր արդեն առկա են: Նախարարը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, այնպես էլ կրթության որակին, աշխատանքային և կրթական միգրացիային,  ուսանողների սոցիալական պաշտպանվածությանը և այլ հարցերի:
Այնուհետև ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տ. Սեյրանյանը  հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:  Անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին՝  Ա. Աշոտյանը խոստացել է աջակցել Բրատիսլավայում հայկական դպրոց բացելու նախաձեռնությանը, որտեղ կուսուցանվեն  հայոց լեզու, հայոց պատմություն և մշակույթ: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է դպրոցն ապահովել դասագրքերով և ուսումնամեթոդական նյութերով, ինչպես նաև  կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում: Արմեն Աշոտյանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդիրը բարձրացնել իր սլովակ գործընկերոջ մոտ՝ առաջարկելով որոշակի աջակցություն ցուցաբերել հայ համայնքի նախաձեռնության իրականացմանը:
ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանն այցելել ու ծաղիկներ են դրել Բրատիսլավայում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողին:

Դոլարը բարձրանում է

դոլարԴեկտեմբերի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.56 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

 

Գյուղնախարարի կանխատեսումները չիրականացան. Ձվի ներմուծումն ավելացել է

ձվերՀայաստանյան ընկերությունները շարունակում են արտասահմանյան երկրներից ձու ներկրել` հակառակ նախարարի հավաստիացումներին, թե նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին մեր թռչնաբուծարաններում ձվի արտադրության աճ է սպասվում,հաղորդում է Փաստինֆոն:   Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին, այցելելով հայաստանյան խոշոր թռչնաբուծարաններ, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե հանրապետության բոլոր թռչնաբուծարանները վառեկներ ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակն ավելացրել են, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա «նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի»:   Նախարարի մեկնաբանմամբ, դա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի սկզբին օրական արտադրված ձվի քանակը շուրջ 200 000-ով կգերազանցի պահանջարկը, և դեռ հնարավորություն կտա ամանորյա սպառումն ապահովել:   Նախարարի այս հայտարարությունները, սակայն, հերքվում են հենց նախարարության կազմում գործող մեկ այլ պետական մարմնի հրապարակած թվերով:    Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում ներկայացված վիճակագրության համաձայն` հոկտեմբերին Հայաստան է ներկրվել 246 906 ձու, իսկ նոյեմբերին` ավելի քան 5.6 մլն հատ:   Ընդ որում, ներկրված ձվի խմբաքանակները գնալով աճել են. եթե նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստան է բերվել 337 595 հատ ձու, երկրորդ շաբաթվա ընթացքում` 569 067, ապա երրորդ շաբաթում այդ թիվը դարձել է 2 207 853, իսկ չորրոդ շաբաթում` 2 478 240:   Փաստորեն, այն օրերին, երբ գյուղնախարարի խոսքով` պետք էր արտադրության աճի սպասել, ներկրվող հավկիթների քանակն էլ ավելի է մեծացել:   Հայաստանը ձու է ներմուծում Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից և Բուլղարիայից: Ընդ որում, եթե օգոստոսին ներմուծվել է միայն Ուկրաինայից, սեպտեմբերին՝ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, ապա հոկտեմբերից արդեն ավանդական այս շուկաներին ավելացել է նաև Բուլղարիան:   Ասել է թե հայ գործարարներն ընդլայնում են ներմուծման շուկաները, մինչդեռ հայաստանյան վաճառակետերում բոլոր հավկիթներն իրացվում են բացառապես տեղական արտադրողների մակնշմամբ և նույն օրվա ամսաթվով, մինչդեռ պարզից էլ պարզ է, թե առնվազն քանի օր է անհրաժեշտ նշված երկրներից ձուն Հայաստան բերելու, բոլոր ընթացակարգերն անցնելու ու խանութ հասցնելու համար: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Մեկ տարի հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 5-ին, ժամը 15.40-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/  2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկը սպառնացել է դանակով սպանել Սամվելին

ոստիկանԴեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին,  1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում  մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, իր աշխատասենյակ է մտել Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկ Ի.-ն, վիճաբանել  իր հետ և դանակով սպառնացել սպանել, սակայն ինքը կարողացել է խլել դանակը և ներկայացնել  բաժին:
Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Արամը, Ռոբերտն ու Մերուժանը ծեծել են ավտոբուսի վարորդին ու նրա կնոջը

ձերբակալությունՈստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արամ Ս.-ին, 1996 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին  և 1996 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Բրազիլիայի հրապարակում` թիվ 27 երթուղու «Հոնդայի»  մակնիշի ավտոբուսի սրահում, վերջիններս աղմկել են, խախտել հասարակական կարգը և իրենց կարգի հրավիրած վարորդին` 1973 թ. ծնված Նվեր Մ.-ին  և նրա կնոջը` 1975 թ. ծնված  Ծովինար Մ.-ին, քաշքշել են, հայհոյել, հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև հարվածներ են հասցրել ավտոբուսի աջ կողային հատվածին` պատճառելով գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Պատգամավորը տվերային տնտեսության և արտագաղթի ավելացում է կանխատեսում

загруженноеԽորհրդարանական ավանդական ճեպազրույցն այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ոչ ավանդաբար սկսեց լավ լուրով: Նա ասաց, որ այսօր մասնակցել է արդյունաբերական քաղաքականության նիստին, որի ժամանակ ներկայացվել է, թե առաջիկա ամիսներին հայկական արտադրության պլանշետների և հեռախոսների զանգվածային արտադրություն է սկսվելու, որը գնային առումով մոտ 50-60 տոկոս առավելություն կունենա օտարերկրյա արտադրանքի նկատմամբ:

Այնուհետև, անցնելով տխուր թեմաներին` մասնավորապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, պատգամավորը նշեց, որ մեծամասնությունը չի ցանկանում լսել փաստարկներ, այլ համառորեն իրենն է առաջ տանում, սակայն քառօրյայի ընթացքում իրենց գոնե հաջողվեց արտահերթ քննարկման ժամանակ դրանք լսելի դարձնել, որոնց մեծամասնությունը հակափաստարկներ բերել չկարողացավ:

Նա ասաց, որ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ նման որոշումների համար քաղաքական համաձայնություն է պետք, հակառակ դեպքում այն կմատնվի անհաջողության:

«Մենք հաջորդ շաբաթ կդիմենք Սահմանադրական դատարան: Ներկայացնելու ենք նաև միջնորդություն, որ ՍԴ-ն կասեցնի կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը, մինչև քննության ավարտը»,-ասաց նա:

Պատգամավորը նաև հնարավոր համարեց, որ կառավարությունը երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնի տուգանքի հետաձգման դրույթը, քանի որ դեռևս պատրաստ չէ համակարգի կիրառմանը:

Մինասյանը հիշեցրեց, որ կենսաթոշակային համակարգը մեծ ռիսկեր է պարունակում, որոնց մասին ոչ կառավարությունը, ոչ էլ հանրությունը տեղեկացված չեն:

Պատգամավորի կանխատեսմամբ` այս ամենը կավելացնի ստվերային տնտեսությունը և կխթանի արտագաղթը:

 

Պատգամավորը հուսով է, որ կառավարությունը երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնի առաջարկություն, որը կհետաձգի օրենքի կիրառումը: Բայց վստահ չի կարող ասել, որ հետաձգման ցանկությունը նրանց կողմից առայժմ չի երևում:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունոՈստիկանությունից Անկախին հայնեցին, որ  օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 4-ը, գողության 19 դեպքից` 9-ը,  խարդախության` 11, յուրացման կամ վատնման 3 և  խուլիգանության 1  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Արծվիկ Մինասյանը Թուրքիայից գեղեցիկ փաթեթավորված նվեր չի սպասում

44393435d5a10a37265780c2c205b5f1ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեծ հույսեր չի կապում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարելիք այցի հետ:

«Կասկածում եմ, որ այն որևէ դրական արդյունք տա, և մենք գեղեցիկ փաթեթավորված նվեր ստանանք Թուրքիայից, քանի որ Թուրքիան միշտ էլ խոսել է նախապայմանների լեզվով»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է թուրք դիվանագետի քայլի քաղաքական ենթատեքստին, ապա Մինասյանը կարծում է, որ այդ քայլով Թուրքիան փորձելու է ցույց տալ, թե իբր հարևանների հետ խնդիրներ չունի, սակայն Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը արդեն վաղուց ապացուցել է, որ միայն ձևական բնույթ է կրում:

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը

10895_am_2Կառավարությոն լրատվական կենտրոնից Անկախին հայտնեցին, որ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:
Օգտվելով առիթից՝ պարոն Շաքարյանը վարչապետ Սարգսյանին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը և հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:
Հաջորդիվ խորհրդի անդամների քննարկման են ներկայացվել «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» և դրանց իրականացումն ապահովող «Թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը»: Անդրադարձ է եղել նշված ոլորտներում առկա ներկայիս իրավիճակին և միտումներին, առաջարկվող ռազմավարական զարգացման ուղղություններին, ինչպես նաև դրանցից բխող կոնկրետ գործողությունների ծրագրին և նախատեսվող բյուջեին: Ներկայացված փաստաթղթերի ծավալուն քննարկումից և հաստատումից հետո կառավարության ղեկավարը հանձնարարել է նախապատրաստել ոլորտների համագործակցության հուշագիր՝ այն մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ստորագրելու համար:
Մեկ այլ հարցով հաստատվել են նաև «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները:

Արամ Մանուկյանը բացահայտել է ողջ ճշմարտությունը գազի մասին

Aram-MAnukyan_0Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, բացելով գազի իր թղթապանակը, սենսացիոն բացահայտումներ ներկայացրեց իր վեց ամսվա համառ ջանքերի արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա, որը վերաբերում է գազի սակագնին և «ՀայՌուսգազարդ»-ի հայկական 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելուն: Նա իր բացահայտումները որակեց խարդախություն, կոռուպցիա և հանցագործություն:

Նրա ձեռքի տակ է 2008 թվականին ստորագրած պայմանագիր, ըստ որի գազի գինը պետք է թանկանար 3 անգամ, սակայն իրականում գազը թանկացել է 5 անգամ, մինչդեռ ժողովրդին ընդամենը մեկ անգամ է տեղեկացվել գազի թանկացման մասին: Նա փաստերով ու ժամանակագրությամբ փորձեց ապացուցել, որ դա եղել է մաքուր քաղաքական խաղ` կապված վերջին երեք ընտրությունների հետ և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել և´ խորհրդարանից, և´ ժողովրդից, և´ անգամ հանրապետական կուսակցությունից. «2010 թվականից մենք մուծում ենք 180 դոլար 1000 խմ համար, 2011 թվականի երրորդ եռամսյակի մաքսային թվերով մենք պետք է մուծեինք 205 դոլար, 4-րդ եռամսյակում` 217 դոլար, 2012 թվականին` 219 դոլար, իսկ պառլամենտի ընտրություններից հետո` միանգամից 244 դոլար, 255 դոլար: Այսինքն, պառլամենտական և նախագահական ընտրություններին հաջորդել է գազի կտրուկ թանկացում: Մինչդեռ 2013-ի նախագահական ընտրությունից առաջ բացառում էին որևէ թանկացում, որև գործարք, որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է գազը թանկանա»:

Նա նաև նշեց, որ նախորդ տարի ՀԱԿ-ն, ունենալով տեղեկատվություն «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը ռուսական կողմին տալու վերաբերյալ, հարց էր տվել Արմեն Մովսիսյանին, որը պատասխանել է, թե նման բան չկա:

Արամ Մանուկյանը թվարկեց նաև այն պաշտոնական հայտարարությունները, որոնց ժամանակ ասվել է, որ թանկացումներ չեն սպասվում և 20 տոկոսը ռուսական կողմին չի տրվելու:

2013-ի ընտրություններից հետո` մարտի 29-ին, ստորագրվում է պայմանագիր գազի գինը ապրիլի 1-ից թանկացնելու մասին, բայց քանի որ առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, ապա, Մանուկյանի խոսքով, դա նույնպես գաղտնի է պահվում:

Սակայն 14 օր հետո Տիգրան Սարգսյանը մտնում է գների կոմիտե գազի սակագինը 270 դոլար դարձնելու համար: «Գինը դառնում է 270 դոլար, բայց նշածս ամբողջ ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ը չի մուծել այն գներով, ինչ որ այս պայմանագրերն են և այս ստորագրությունները: Անընդհատ մուծել են 180 դոլարի չափով: Մնացածը անընդհատ պարտք է կուտակվել` փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի խնդրանքով, որ դա կարող է սոցիալական բունտ առաջացնել և այլն»:

Արդյունքում, ըստ Մանուկյանի, առաջացել է 300 միլիոն դոլարի պարտք, որից այս տարվա պարտքը կազմում է 130 միլիոն դոլար:

Ընդ որում` Մանուկյանը նշում է, որ պայմանագրում կան կետեր պարտքը չմուծելու և ուշացնելու դեպքերի մասով, ըստ որոնց ռուսական կողմը կարող էր տուգանքներ ավելացնել, անգամ գազն անջատել. «Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Պայմանավորվել են, մերոնք ասել են` մի անհանգստացեք, մենք ձեզ տալիք բան ունենք, կտանք, ինչ ուզում եք, միայն գազը չկտրեք և չբացահայտեք,  որ ժողովրդի խաբում ենք»:

Իսկ «տալիքը» եղել է «ՀայՌուսգազարդ»-ի սեփականությունը, որը հաշվարկել են ոչ թե իրական արժեքով, այլ այնքան, որքան պարտքն է կազմել` 65 միլիարդ դրամ: «Այսինքն, ոչ թե գնահատել են մեր ունեցած շենքերը, գազատարը, հաշվիչները և այլն, այլ ասել են` քո պարտքը էսքան է, էսքան էլ գնահատում ենք: Եվ Հայաստանը իր 250 միլիոն դոլարանոց արժեքը տվել է 155 միլիոն դոլարով»:

Սակայն Մանուկյանը մի հետաքրքիր դիտարկում էլ է անում. եթե դա բաժնետիրական ընկերություն է, որի 20 տոկոսն է պատկանում Հայաստանի կառավարությանը, այդ դեպքում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից կուտակված 300 միլիոն դոլարի պարտք ինչո՞ւ պետք է միայն 20 տոկոսի սեփականատերը վճարի: Նա հիշեցնում է բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունը, որում ամրագրված է, որ ով որքան կապիտալի ներդրում արել է, այդքան մասով պետք է ռիսկերը, կորուստներն ու օգուտները բաժանվեն:

«Սա նշանակում է, որ մենք ոչ թե վճարել ենք 1000 խմ-ը 189 դոլարով, այլ շատ ավելի թանկ, քան մեզ վաճառել են, որովհետև մենք պարտքի դիմաց տվել ենք մեր սեփականությունը, որն արժեցել է ոչ թե 155 միլիոն դոլար, այլ նվազագույնը` 260 միլիոն դոլար: Այսինքն, այն բլեֆը, որ կառավարությունը սոցիալական խավերին էժան գնով գազ է մատուցել, սուտ է»:

«Անկախ»-ի հարցին, թե ինչ է պատրաստվում այս փաստաթղթերը ձեռք բերելուց հետո անել պատգամավորը, նա ասաց, որ առայժմ դրա մասին մտածելու ժամանակ չի ունեցել: