Արամ Մանուկյանը բացահայտել է ողջ ճշմարտությունը գազի մասին

Aram-MAnukyan_0Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, բացելով գազի իր թղթապանակը, սենսացիոն բացահայտումներ ներկայացրեց իր վեց ամսվա համառ ջանքերի արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա, որը վերաբերում է գազի սակագնին և «ՀայՌուսգազարդ»-ի հայկական 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելուն: Նա իր բացահայտումները որակեց խարդախություն, կոռուպցիա և հանցագործություն:

Նրա ձեռքի տակ է 2008 թվականին ստորագրած պայմանագիր, ըստ որի գազի գինը պետք է թանկանար 3 անգամ, սակայն իրականում գազը թանկացել է 5 անգամ, մինչդեռ ժողովրդին ընդամենը մեկ անգամ է տեղեկացվել գազի թանկացման մասին: Նա փաստերով ու ժամանակագրությամբ փորձեց ապացուցել, որ դա եղել է մաքուր քաղաքական խաղ` կապված վերջին երեք ընտրությունների հետ և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել և´ խորհրդարանից, և´ ժողովրդից, և´ անգամ հանրապետական կուսակցությունից. «2010 թվականից մենք մուծում ենք 180 դոլար 1000 խմ համար, 2011 թվականի երրորդ եռամսյակի մաքսային թվերով մենք պետք է մուծեինք 205 դոլար, 4-րդ եռամսյակում` 217 դոլար, 2012 թվականին` 219 դոլար, իսկ պառլամենտի ընտրություններից հետո` միանգամից 244 դոլար, 255 դոլար: Այսինքն, պառլամենտական և նախագահական ընտրություններին հաջորդել է գազի կտրուկ թանկացում: Մինչդեռ 2013-ի նախագահական ընտրությունից առաջ բացառում էին որևէ թանկացում, որև գործարք, որևէ փաստաթուղթ, որի հիման վրա պետք է գազը թանկանա»:

Նա նաև նշեց, որ նախորդ տարի ՀԱԿ-ն, ունենալով տեղեկատվություն «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը ռուսական կողմին տալու վերաբերյալ, հարց էր տվել Արմեն Մովսիսյանին, որը պատասխանել է, թե նման բան չկա:

Արամ Մանուկյանը թվարկեց նաև այն պաշտոնական հայտարարությունները, որոնց ժամանակ ասվել է, որ թանկացումներ չեն սպասվում և 20 տոկոսը ռուսական կողմին չի տրվելու:

2013-ի ընտրություններից հետո` մարտի 29-ին, ստորագրվում է պայմանագիր գազի գինը ապրիլի 1-ից թանկացնելու մասին, բայց քանի որ առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, ապա, Մանուկյանի խոսքով, դա նույնպես գաղտնի է պահվում:

Սակայն 14 օր հետո Տիգրան Սարգսյանը մտնում է գների կոմիտե գազի սակագինը 270 դոլար դարձնելու համար: «Գինը դառնում է 270 դոլար, բայց նշածս ամբողջ ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ը չի մուծել այն գներով, ինչ որ այս պայմանագրերն են և այս ստորագրությունները: Անընդհատ մուծել են 180 դոլարի չափով: Մնացածը անընդհատ պարտք է կուտակվել` փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի խնդրանքով, որ դա կարող է սոցիալական բունտ առաջացնել և այլն»:

Արդյունքում, ըստ Մանուկյանի, առաջացել է 300 միլիոն դոլարի պարտք, որից այս տարվա պարտքը կազմում է 130 միլիոն դոլար:

Ընդ որում` Մանուկյանը նշում է, որ պայմանագրում կան կետեր պարտքը չմուծելու և ուշացնելու դեպքերի մասով, ըստ որոնց ռուսական կողմը կարող էր տուգանքներ ավելացնել, անգամ գազն անջատել. «Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Պայմանավորվել են, մերոնք ասել են` մի անհանգստացեք, մենք ձեզ տալիք բան ունենք, կտանք, ինչ ուզում եք, միայն գազը չկտրեք և չբացահայտեք,  որ ժողովրդի խաբում ենք»:

Իսկ «տալիքը» եղել է «ՀայՌուսգազարդ»-ի սեփականությունը, որը հաշվարկել են ոչ թե իրական արժեքով, այլ այնքան, որքան պարտքն է կազմել` 65 միլիարդ դրամ: «Այսինքն, ոչ թե գնահատել են մեր ունեցած շենքերը, գազատարը, հաշվիչները և այլն, այլ ասել են` քո պարտքը էսքան է, էսքան էլ գնահատում ենք: Եվ Հայաստանը իր 250 միլիոն դոլարանոց արժեքը տվել է 155 միլիոն դոլարով»:

Սակայն Մանուկյանը մի հետաքրքիր դիտարկում էլ է անում. եթե դա բաժնետիրական ընկերություն է, որի 20 տոկոսն է պատկանում Հայաստանի կառավարությանը, այդ դեպքում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից կուտակված 300 միլիոն դոլարի պարտք ինչո՞ւ պետք է միայն 20 տոկոսի սեփականատերը վճարի: Նա հիշեցնում է բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունը, որում ամրագրված է, որ ով որքան կապիտալի ներդրում արել է, այդքան մասով պետք է ռիսկերը, կորուստներն ու օգուտները բաժանվեն:

«Սա նշանակում է, որ մենք ոչ թե վճարել ենք 1000 խմ-ը 189 դոլարով, այլ շատ ավելի թանկ, քան մեզ վաճառել են, որովհետև մենք պարտքի դիմաց տվել ենք մեր սեփականությունը, որն արժեցել է ոչ թե 155 միլիոն դոլար, այլ նվազագույնը` 260 միլիոն դոլար: Այսինքն, այն բլեֆը, որ կառավարությունը սոցիալական խավերին էժան գնով գազ է մատուցել, սուտ է»:

«Անկախ»-ի հարցին, թե ինչ է պատրաստվում այս փաստաթղթերը ձեռք բերելուց հետո անել պատգամավորը, նա ասաց, որ առայժմ դրա մասին մտածելու ժամանակ չի ունեցել:

 

Tags: ,