2013-11-30 / Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Ֆինանսների նախարարությունում

4847_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին: Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նախագահն այնուհետև ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որտեղ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարն ու Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը զեկուցել են ընթացիկ տարում իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերին:

Նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության հիմնական գործառույթները՝ առանձնացնելով մի քանի ոլորտ, որտեղ ընթացիկ տարում կատարվել են էական փոփոխություններ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին, պետական պարտքի կառավարմանն ու եվրապարտատոմսերի թողարկմանը, գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնմանը, հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարությանը, ծրագրային բյուջետավորմանը և նախարարության այլ գործառույթների շրջանակներում իրականացված աշխատանքներին:

Նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է բյուջետային քաղաքականությունը, մասնավորապես, ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա զեկուցել է օրենսդրական մի շարք փոփոխությունների մասին, որոնց արդյունքում ապահովվել են բյուջետային ծրագրավորման, պետական համակարգում աշխատավարձերի կարգավորման, արտաբյուջետային հաշիվների վարման իրավական հիմքերը:

Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնման և դրանով պայմանավորված՝ տեղական գանձապետական բաժինների կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև պետական բյուջեի հաշվետվությունների թափանցիկության, մասնավորապես, օրվա կտրվածքով բյուջեի ծախսերն ինտերակտիվ բյուջեի միջոցով հասանելի դարձնելու և պետական պարտքի կառավարման մասին:

Նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրել է հարկային և մաքսային, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում կատարված և ծրագրվող քայլերը, մասնավոր և հանրային հատվածների հաշվապահական հաշվառման ոլորտում վերջերս կատարված բարեփոխումները: Իր խոսքում նա անդրադարձել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակներում Ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներին ևս:

Նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը զեկուցել է պետական գնումների ոլորտում վերջին ամիսներին կատարված բարեփոխումները, մասնավորապես մոնիթորինգի արդյունքներն ու գնման գործընթացում կիրառված և թափանցիկություն ապահոված նոր գործիքները: Փոխնախարարն ամփոփել է ներքին աուդիտի համակարգի գործունեությունը, որը ներդրվել է պետական հատվածում 2013թ., ինչպես նաև արտաքին աուդիտի ոլորտում տրված լիցենզիաների գործողությունների նկատմամբ հսկողության խստացման արդյունքները:

Աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքն ու կադրային քաղաքականությունը՝ անդրադառնալով աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, որոնք միտված են առկա ներուժն առավել ռացիոնալ օգտագործելուն: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նաև մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կարողությունների զարգացման ծրագրերն ու առկա խնդիրները:

Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է ընթացիկ տարում ֆինանսական վերահսկողության հիմնական ուղղությունների և արդյունքների մասին՝ անդրադառնալով հատկապես ընթացիկ տարում ավելի մեծ ծավալ ունեցող՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումներին: Տեսչության պետի հավաստմամբ, արդյունքում բարձրացել է Ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, վերականգնվել են 2012թ. համեմատությամբ կրկնակի բյուջետային միջոցներ:

Զեկույցների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, անդրադարձել առկա խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ֆինանսների նախարարության համակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջին հերթին ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի մասին: Նախագահը դրական է գնահատել այս ուղղությամբ տարվող աշխատանքը և ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ընթացքի համար տեսնում է դրա առանձին փուլերի և արդյունավետ ավարտի հստակ ժամանակացույցի ամրագրման, հետևաբար նաև՝ գործընթացի տեմպի ավելացման անհրաժեշտություն:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տարիների ընթացքում բյուջետային գործընթացը նկատելիորեն բարելավվել է. պետական բյուջեի կազմման, կատարման և հաշվետվողականության ինստիտուտները մեր երկրում զարգացման մեծ ուղի են անցել, և եթե նախկինում մշտապես բյուջետային գործընթացը մեր հասարակության մտահոգությունների կիզակետում էր, ապա, Նախագահի խոսքով, այժմ հասարակական քննարկումներում բյուջեն վաղուց արդեն պարզապես դուրս է մնացել, ինչը համակարգի կայացվածության մասին է վկայում:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև բյուջեի արդյունավետ կատարման՝ հավաքագրվող միջոցների արդյունավետ տնօրինման անհրաժեշտության մասին:

«Մյուս հարցը, որ պիտի առանձնացնեմ, տարվա ընթացքում բյուջե-տային գործընթացներին առնչվող քննարկումներին, վերլուծություններին, անգամ բամբասանքներին ավելի հստակ ու ժամանակին արձագանքելն է»,-ասել է Նախագահը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին ամբողջական և խորը հաշվետվությամբ Ազգային ժողովում հանդես գալուց, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանրությանը տեղեկատվություն ներկայացնելուց զատ, Ֆինանսների նախարարությունը հստակ ու ժամանակին պատասխանի նաև հրապարակավ առաջ քաշվող բոլոր հարցերին, անգամ եթե դրանք ակնհայտ անհիմն են. «Ապատեղեկատվությունը պիտի մատնանշվի, պարզաբանման կարիք ունեցող հարցերը` հիմնավոր բացատրություն ստանան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ժամանակ Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես նախարարության խնդիրներին, այնպես էլ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը:

Աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, որին մասնակցում էր Հանրապետության Նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, և՛ մեզ համար, և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության: Իսկ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաև փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին:

Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, և՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, և այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ:

Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ և ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:

Խորհրդակցության ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Այվազյանը, տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժորա Ասատրյանը, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
 

ՏՄՊՊՀ-ն «Nout.am» ընկերությանը տուգանել է օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար

Nout.am_Նոյեմբերի 29-ին կայացած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում անբարեխիղճ տնտեսական մրցակցության, օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար «Nout.am» ընկերությանը տուգանք է ներկայացվել գործունեության նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:

«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին էր դիմել գրությամբ և հանձնաժողովինտեղեկացրել, որ մրցակից «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ:

«Nout.am» ընկերության կողմից հրապարակված հաղորդման մեջ նշված է եղել, որ հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365,000 դրամով, մինչդեռ «Nout.am»-ում այն արժե 209,000 դրամ: Հաղորդագրությունը պարունակել է նաև հետևյալ գրառումը. «Հիմա դուք երևի կմտածեք` «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,- եզրափակել  է «Nout.am»-ը ներկայացնող օգտատերը: «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը տրամադրած տեղեկատվության համաձայն` իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» խանութների ցանցում միջին որակի նոութբուք համակարգիչները վաճառվում են անհամեմատ ցածր գնով և մրցակից ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պահանջով «Nout.am»-ի կողմից գրառումն անմիջապես հանվել է համացանցից: Համաձայն համապատասխան որոշման` «Nout.am» ընկերությունը կվճարի տուգանք օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար: Տուգանքը կկազմի «Nout.am» ընկերության գործունեության նախորդ տարվա հասույթի 1%-ը:

Էդմոն Մարուքյան. Միասնական քննչական մարմնի ղեկավարի նշանակման հարցը պետք է լուծվի սահմանադրական մակարդակով

30.11.30.1_0Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի:
Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան  «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թե  ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի իրոք ապահովվի ստեղծվելիք Միասնական քննչական մարմնի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում կատարվելիք սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, երևի թե, այդ հարցին ևս լուծում տրվի:
«Եթե ինձ մնա՝ ես կառաջարկեի բարձրացնել խորհրդարանի դերը: Այդ դեպքում չեմ բացառում, որ այդ կարգի մարմինների ղեկավարները նշանակվեն խորհրդարանի կողմից՝ անկախությունն ապահովելու համար»,-նշեց պատգամավորը:
Է.Մարուքյանի կարծիքով` առայժմ կարելի է անցումային տարբերակներ գտնել:
Պատգամավորն ընդգծեց, որ Միասնական քննչական մարմնի մասին օրենքի նախագիծը դեռևս չկա:  «Երբ լինի, կարող ենք ավելի առարկայական քննարկել: Առայժմ որևէ բան պարզ չէ, այդ իսկ պատճառով կդժվարանամ կարծիք հայտնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ  ՀՀ Նախագահի` սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ ստեղծվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Միասնական քննչական մարմնի կազմավորման մասին օրինագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, և առաջիկայում կներկայացվի կառավարության նիստի քննարկմանը:

«Փաստինֆո»

  http://www.pastinfo.am/hy/node/28108#sthash.PtrUD7xN.dpuf

«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ

bigstock-Decorative-Scales-Of-Justice-I-33449441ՌԴ  քաղաքացի,  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ  Վարազդատ Գրիգորյանը  այսպես կոչված՝  ուզբեկական գործով Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից Ճանաչվել է  անմեղ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում։ Դատարանի գնահատմամբ, առաջադրված մեղադրանքները ապացուցված չեն, իսկ նախաքննության փուլում խախտվել են մեղադրյալի դատավարական իրավունքները։

ՌԴ քաղաքացի Վարազդատ Գրիգորյանը 2009 թվականի նոյեմբեր ամսից, ըստ նախաքննական մարմնի, զբաղեցրել է  «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի պաշտոնը, եւ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի, նույն   ընկերության վերգետնյա հարակից տարածքի շահագործման դեպարտամենտի և օդանավակայանների վարչության պետ Ռուստամ Կադիրովի և բնապահպանության և վերգետնյա հարակից տարածքի շահագործման բաժնի պետ Ա.Կալաբաևի հետ,  առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների յուրացման եղանակով կատարել է հափշտակություն, կազմել կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի էական վնաս:

Մասնավորապես, «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրինության կողմից  2010 թվականի մայիս ամսին  Ռուստամ Կադիրովի և  Ա.Կալաբաևի վրա դրվել է «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ վարչական շենքի կապիտալ վերանորոգումը: Վարազդատ Գրիգորյանը լինելով «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական տնօրենը, նախնական համաձայնության գալով Աբդրախմանովի, Կադիրովի և.Կալաբաևի հետ, համապատասխան կերպով չի անցկացրել մրցույթային աճուրդներ, ձևականորեն կազմել են մրցակցային թղթեր, հաղթող ճանաչելով «SIB GRAND» ՍՊ ընկարությանը, որը հիմք է հանդիսացել կնքելու պայմանագրեր և «SIB GRAND» ՍՊ ընկերության և «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության հետ «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքում վերանորոգման-մոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Բացի այդ, Ռ.Կադիրովը  Ա.Կալաբաևի հետ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի և «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի հետ, խախտելով ՈւՀ նախարարների կաբինետի որոշման պահանջները «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքի կապիտալ վերանորոգման նախնական գինը որոշելու համար չեն ապահովել գծագրային-նախահաշվային փաստաթղթաբանության մշակումը և առանց փորձաքննություն անցկացնելու որպես հիմք են վերցրել կոմերցիոն առաջարկությունները։

Ըստ նախաքննական մարմնի՝ 2009 թվականից մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը յուրացման եղանակով կատարվել է ընդհանուր 29.852.335,33813 ՀՀ դրամ գումարին համարժեք 131.508.085.19 սում գումարի հափշտակություն, որը պետական շահերին հասցրել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ամբաստանյալն, ըստ մեղադրանքի,  նաև կրկին անգամ՝  մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրանցումներ պաշտոնական փաստաթղթերում, այն մասին, որ «SIB GRAND»  ՍՊ ընկերության կողմից կատարվել են վերանորգման-մոնտաժային աշխատանքներ ընդհանուր 767.330.156 սում գումարի, չնայած որ փաստացի կատարվել է ընդհանուր 499.268.851.81 սում գումարի աշխատանք, կրկին անգամ կատարել է պաշտոնական կեղծիք, որը էական վնաս է պատճառել պետական շահերին:

Նկարագրված գործողությունների համար  Վարազդատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  Ուզբեկստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»  կետով,  այսինքն՝ նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ, կրկին անգամ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն: Մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և նրան առաջադրվել մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացումն ու վատնումը,  և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  մի խումբ անձան կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Ամբաստանյալի պաշտպան Վազգեն Նիկոլյանը  դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանի  մասով մեղադրական եզրակացությունը ոչնչով չի տարբերվում Ուզբեկստանի Հանրապետությունում սույն գործով դատապարտված Աբայ Կարաբաևի և Աբդրախիմ Աբդրախիմովի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունից: Վերոհիշյալ անձանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունում և  կայացված դատավճռում շոշափվել է իր պաշտպանյալ Վարազդատ Գրիզորյանի անունը և նշվել, որ իբր նա հանդիսացել է «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար: Թե ինչ ասել է  «ոչ պաշտոնական ղեկավար» ձևակերպումն,  իր համար անհասկանալի է: Պաշտպանը փաստել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանը որպես  «ոչ պաշտոնական ղեկավարի» մեղադրվել է իրական պաշտոնական ղեկավարների կողմից կատարված բոլոր հանցանքներում:

Պաշտպանն արձանագրել է, որ Վարազդատ Գրիգորյանն Ուզբեկստանի Հանրապետություն է մեկնել 2008 թվականի նոյեմբերին, աշխատել է «SIB GRAND» ՍՊ ընկերությունում որպես շինարարական բրիգադի ղեկավար: 2011 թվականի   հուլիսին ազատվել է աշխատանքից և մեկնել Ուզբեկստանի Հանրապետությունից, նրա մեկնումից մի քանի ամիս անց հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն, որի ժամանակ «իրական հանցանք կատարողներն օգտվելով այն հանգամանքից, որ Վարազդատ Գրիզորյանն Ուզբեկստանի Հանրապետությունում չէ, այնպես են ներկայացրել, որ իբր «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարը եղել է Վարազդատ Գրիգորյանը և ի թիվս հափշտակություն կատարած անձանց մեղադրանք է առաջադրվել նաև Վարազդատ Գրիգորյանին որպես ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի:

Դատարանում պաշտպանական կողմը  խնդրել էր կատարել բազմակողմանի քննություն,  ստուգումներ, փաստաթղթերի զննումներ, ամբաստանյալի դեմ ցուցմունք տված անձանց հետ կատարել առերեսումներ և ճշմարտությունը բացահայտելու նպատակով այլ քննչական գործողություններ: Վարազդատ Գրիզորյանը հայտարարել էր, եթե ստուգումներով պարզվի, որ ինքը թեկուզ մեկ փաստաթղթի տակ ստորագրել է կամ հանձնարարական է տվել, բանկերում որևէ գործարք է կատարել,  ինքը պատրաստ է ընդունել իր կողմից չկատարած ցանկացած մեղսագրվող արարք: Միջնորդությունների կատարումն, ըստ պաշտպանական կողմի,  կապված է մեծ դժվարությունների հետ, սակայն դրանք լույս կսփռեն «այս մութ ու կեղծ գործի վրա և բոլորին պարզ կդառնա, որ  առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու»:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ա. Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ի դատավճռում իր հերթին արձանագրել  է, որ ամբաստանյալ Վարազդատ Գրիգորյանը նախաքննության փուլում զրկված է եղել գործով մյուս դատապարտյալների, վկաների հետ առերես հարցաքննվելու և իր դատավարական իրավունքներն այլ կերպ պաշտպանելու հնարավորությունից, որոնք դատաքննության ընթացքում հնարավոր չէ իրականացնել և վերականգնել:

Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով առկա չեն բավարար ապացուցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով Վարազդատ Գրիգորյանին մեղսագրված հանցանքները կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից, իսկ մեղադրանքի մարմինները դատարանին այլ՝ նրա մեղավորությունը հաստատող հավաստի և բավարար ապացույցներ չեն ներկայացրել:

Սոնա Մաշուրյան

http://www.pastinfo.am/hy/node/28102#sthash.2cxzfWYY.dpuf

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

imagesԴեկտեմբերի 2-ին Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում. Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:
Պատճառված անհարմարավետության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Արևելյան գործընկերության ծրագրի ձախողման թուրքական պատճառները

շահանՎարագույրն իջաւ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երևանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Թեև հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։

Մի պահ, Ուկրաինայի մերժումը` շարունակելու ասոցացման գործընթացը, երկրորդ պլան մղեց ՀՀ-ի ՄՄ-ի միացման որոշումով Եվրոպական Միության հետ ասոցացման նախաստորագրության չեղյալ համարումը: Վիլնյուսի ժողովն ամբողջ իր քննարկումներով, մեկնաբանություններով և քաղաքական հայտարարություններով առաւելաբար կենտրոնացել էր Ուկրաինայի կարգավիճակի ճշտորոշման հարցերի վրա: Մոլդուական տատանումները մի պահ  նաև այն տպաւորությունը թողեցին, որ Վրաստանը առանձին էր մնալու Արևելյան գործընկերության պաշտոնապես ասոցացվող երկիրներում, մանաւանդ որ նույնիսկ Ադրբեջանը, հակառակ դրա, որ աղյուսակում չէր ներառվել, ինչ-որ առիթով  հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընթանալու մտադրություն չունի:

ՀՀ – ԵՄ համատեղ հայտարարությունը անշուշտ որևէ իմաստով համազոր չէ այն փաստաթղթին, որի համար տարիներ ի վեր բանակցություններ էին վարվում: Այնտեղ ընդհանուր սկզբունքների շուրջ շեշտադրվող եզրեր են, որոնք հռչակագրային բնույթ ունեն, աւելի քան ընթացակարգային իրաւական նշանակություն ունեցող և հանգրվան ամրագրող համաձայնագիր:

Քաղաքական յուրահատուկ տեսաբանություն պետք չէ ձևակերպել` հաստատելու համար, որ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու որոշումը Մոսկվայից Երևան հասած ուղղահայաց թելադրանքների արդյունք է։

Բայց հիմա ունենք այն ինչ ունենք: Երևանը երկարատև բանակցություններից և պատրաստ լինելուց հետո չի ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ուկրաինան նմանատիպ պատճառներով, ՀՀ-ը դուրս բերեց մեկուսացումից և իր վրա կենտրոնացրեց Վիլնյուսի ամբողջ ուշադրությունը:

Ճիշտ է, որ նման իրավիճակի գոյառման համար պատասխանատվության բաժին է հասնում արտաքին գերատեսչության վրա: Կա նաև հանգամանքների բացատրություն, թե որևէ իշխանություն նման ժամանակահատվածի և նման պայմաններում ի՞նչ այլ քայլ առնելու հնարաւորություն ուներ։

Պատճառահետևանքային կացությունների մասին կարելի է և դեռեվս պիտի խոսվի անպայման շատ: Մինչ ԵՄ-ի շրջանակների կողմից ինչպէս Կիևի, այնպէս նաև Երևանի համար կա հստակ մոտեցում իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը այս հարցում տարանջատելու` ընդգծելու համար, որ ժողովուրդները միանշանակ կողմ են դեպի Եվրոպա սուրալու, մինչ իշխանությունները ռուսական պարտադրանքների տակ արգելակում են այդ ընթացքը, դեմ դուրս գալով ժողովրդի կամքին:

Քաղաքացիական հասարակությունները, հայտնաբար պիտի շարունակեն աշխատանքային թիրախ մնալ ևրոպական կառույցների կողմից, իհարկե, պետականին առընթեր: Եվ եվրոպական նորմերի տարածումն ու որդեգրել տալու վարքագիծը թվում թե աշխույժ թափ է ստանալու Հայաստանում գործող եվրոպական զանազան ոլորտների վերաբերող կառույցների մոտ։

Ինչ վերաբերում է պատասխանատվությունների ճշտմանը, այստեղ պետք է բանի քաղաքական հետևյալ տրամաբանությունը ևս։ Մանաւանդ միջազգային և հատկապես եվրոպական հանրային կարծիքին հայկական կողմն ունի տվյալներ պատասխանատվությունը բեռցնելու ՀՀ-ը շրջափակած կողմի վրա: Եվրոպական քաղաքական և հասարակական շրջանակները պիտի իմանան, որ Հայաստանի դեպի Եվրոպա դուրս գալու և առևտուրը համապարփակ ու խոր տարողությամբ կայացնելու համար հիմնական ուղին Թուրքիայից է անցնում։ Այդ ուղին փակ է քաղաքական պատճառներով:  Նույն Եվրոպան, որին այսօր չհաջողվեց իրականացնել Արևելյան գործընկերության ասոցացման համալիր ծրագիրը, Մոսկվային առընթեր պիտի փնտրի նաև դեպի Եվրոպա ընթանալ ցանկացողների դիմաց սահման փակող  կողմի պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որ նաև իր (ԵՄ-ի) քաղաքականության ձախողման գլխաւոր պատճառներից է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Կարմրախայտի զանգվածային ոչնչացման ռեալ վտանգ Որոտանում. ձկնորսները գործի են դրել էլեկտրական սարքեր

30.11.16Սյունիքի մարզի  Գորայք  գյուղի երկու բնակիչներ մեղադրվում են  Որոտան գետի վտակից «կարմրախայտ» տեսակի ձկան ապօրինի գործադրման մեջ՝ էլեկտրական սարքի գործադրմամբ զանգվածային ոչնչացման եղանակով:
Ըստ մեղադրական եզրակացության` Արմեն Առուստամյանը  և Արտաշես Գևորգյանը, նախնական համաձայնության գալով 27.09.2013թ. ժամը 16:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում Որոտան գետի վտակից  ապօրինի արդյունահանել, որսացել են 445.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 89 միավոր «կարմրախայտ»  տեսակի ձուկ:
Արմեն Առուստամյանին և  Արտաշես Գևորգյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  292-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ջրային կենդանիներ արդյունահանելը:
«Փաստինֆո»
  http://www.pastinfo.am/hy/node/28085#sthash.YHy3NHwh.dpuf

700 կրակոց

4544101376891953ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրազեկման ակցիաների շարք է կազմակերպում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ

haykakan-karmir-xach-n37513-1Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները, ուսանողական խորհրդի անդամների հետ, շրջելու են համալսարանի լսարաններով (Տիգրան Մեծի պող. 17 շենք) և տարածելու են տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` հորդորելով ուսանողներին ու դասախոսական անձնակազմին միանալ պայքարին և կրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավենը: Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները:

Նույն օրը, ժամը 11:00-12:00-ը իրազեկման ակցիա կանցկացվի նաև թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում (Կորյունի փող. 10): ՀԿԽԸ կամավորները ուսանողներին կլուսաբանեն օրվա խորհուրդը, կբաժանեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը լուսաբանող տպագիր նյութեր և կպատասխանեն նրանց հարցերին:

Հայկական պետական մանկավարժական համալսարանում ակցիայի կոնտակտային անձ` Նազելի Կիրակոսյան, (հեռ. 055534302)

Թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում ակցիայի կոնտակտային անձ` Զառա Խուդոյան, (հեռ. 095278443)

1988-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի  1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն 2011 թ. տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 34 մլն է, արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2.5 մլն նոր դեպք, որոնցից 330 000-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2011թ. ընթացքում գրանցվել է ՁԻԱՀ-ից 1.7 մլն մահացության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում` հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ_ի կանխարգելման ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ ընկերության պաշտոնական www.redcross.am կայքից:

 

Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը

unnamedՆոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։

Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը։  Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ։ «Ծխելն այլևս նորաձև չէ» վերնագրված իր շարադրության մեջ unnamed (1)Վիգենը գրում է. «Ծխել նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների, որոնք հանգեցնում են մահվան։ Նորաձևության հետ արդյո՞ք կապված է այս երևույթը, կամ որքանո՞վ կարող է նորաձև լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը։ Արդյո՞ք նորաձև է հիվանդ մարդը… Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության և բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձև լինել չի կարող…»։

Վիգեն Բուդոյանը հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեց նաև իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը:

Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից և այլ դրդապատճառներից ելնելով` ծխում են։ Եվ նման միջոցառումները ծխողներին արատավոր երևույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս։ Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. «Մեզանից թաքուն են ծխում։ Դա էլ ինչ-որ տեղ ոգևորող է։ Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաև՝ վատ բան անելու գիտակցում»։

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատությունների 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկացվածության աստիճանը: Տեղեկատվական արշավների միջոցով  ուսանողների մոտ փորձել են ձևավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Առատ ձյուն է տեղացել. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

1385734658,0186Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաև Ապարան-Արագած ճանապարհահատվածում:
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

Դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակ փակ կլինեն երթևեկության համար

imagesՀարգելիʹ վարորդներ, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:

Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:
Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին:

ՀՀ ոստիկանություն

 

Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

 ՄԻԱՎ,Հայաստանի երիտասարդական հիմնադրամՀայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:

ՀՀ բոլոր մարզերում և Երևանի հինգ խոշոր բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետհամալսարան, ուսանողներին տրամադրվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր,  կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները ստացան ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, դիտեցին ուսուցողական ֆիլմ, կարևորեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար:

Ծրագրի ընթացքում ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ:  Երևան քաղաքում, իրազեկման արդյունքում, 162 երիտասարդներ, կարևորելով ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից հենց բուհերում ստացան խորհրդատվություն և հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ` արագ հետազոտման թեստերով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ նույնպես  երիտասարդներին քաջալերելու նպատակով նախապես իրենք հետազոտվեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ:

 

100 հազար դրամ՝ նախկին կնոջը ծեծելու համար

բռնությունՀրաչիկ Հովհաննիսյանն իր նախկին կնոջը ծեծելու՝   մարմնի տարբեր մասերին հարվածելու  և չպարզված գործիքով  կնոջ  ձախ ձեռքը այրելու,  ընդհանուր առմամբ,  առողջության կարճատև քայքայումով նրա  առողջությանը  թեթև վնաս  պատճառելու համար դատապարտվել է տուգանքի 100 հազար դրամի չափով,հաղորդում է Փաստինֆոն:

Դատարանը մասնակի է բավարարել նաեւ կնոջ քաղաքացիական հայցը. Հրաչիկ  Հովհաննիսյանից հօգուտ Անահիտ  Գրիգորյանի պետք է բռնագանձվի  30 000  ՀՀ դրամ՝  որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Տուժողը  քաղաքացիական հայցով խնդրել էր դատարանից ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուրը 130 000 ՀՀ դրամ՝ շուրջ 30 հազար ինքը ծախսել է  բուժման նպատակով  դեղորայք գնելու, իսկ  100 000 ՀՀ դրամը վճարել է փաստաբանին իրեն իրավական օգնություն ցուցաբերելու համար:

Ընդ որում, նշենք, որ նախկին ամուսինը, ներկայիս ամբաստանյալ Հրաչիկ Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա ներկայացրած վարկածի,  2013 թվականի հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինայի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի տանը իր և նախկին կնոջ միջև վիճաբանություն առաջացել է, քանի որ վերջինս չի վերադարձրել իրեն պատկանող համակարգիչը, սակայն պնդել, թե ինքը նրան չի հարվածել, որևէ առարկայով  ձեռքը չի այրել և մարմնական վնասվածքներ չի պատճառել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 21,7 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՆոյեմբերի 25-29-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,211,241 ԱՄՆ դոլար 403.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,134,974 ԱՄՆ դոլար 404.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,917,833 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,443,732 EUR 545.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,570,816 EUR 549.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 755,701,602 ՌԴ ռուբլի 12.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 116,444,739 ՌԴ ռուբլի 12.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.1 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դանակահարություն Երևանի Վաղարշյան փողոցում

դանակահարությունՆոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 21.47-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին` դանակահարված վիճակում: Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Փ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Կմեկնարկի «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» խորագրով ֆորումը

ՈԱԱԿ«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը (անցկացման վայրը` Երևանի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճ):

Ֆորումի շրջանակում կքննարկվեն ՀՀ կրթության որակի ապահովման հիմնախնդիրները, բուհերի փորձնական ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները, որակյալ կրթության մարտահրավերները: Միջազգային փորձագետների կողմից կներկայացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան ՈԱԱԿ-ի նախնական արտաքին գնահատման արդյունքները:

Ֆորումի բացմանը ելույթ կունենան Նիդերլանդների և Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության գործադիր խորհրդի անդամ Լուսիեն Բոլաերթը և ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Հայկ Քոթանջյանը:

Զեկույցներով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Առաջին նիստը կնախագահի ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնի «Անցումային ժամանակաշրջանը որակի ապահովման համակարգում. արդյունքները, խնդիրները և հաջորդող բարելավումները» զեկույցը:

Բարձրագույն ուսումնական և մասնագիտական ուսումնական հաստատությունների պատասխանատուները, որակի ապահովման փորձագետները, դասախոսները, որակյալ կրթությամբ շահագրգիռ անձինք, ուսանողները հնարավորություն կունենան փոխանցելու իրենց փորձն ու գիտելիքները, քննարկելու ոլորտում առկա հիմնախնդիրները:

Ֆորումի երկրորդ օրը միջազգային փորձառու մասնագետները կվարեն աշխատաժողովներ հետևյալ թեմաներով`

Բոլոնիայի գործընթացի շրջանակում կրթության արդիականացումը և ազդեցությունը մասնագիտական կրթական ծրագրերի վրա,

Արտաքին և ներքին շահակիցների ներգրավումը` աշխատաշուկայի և շրջանավարտների պահանջներին համապատասխան,

      Արվեստի բուհերի և կրթական ծրագրերի արտաքին գնահատման առանձնահատկությունները:

 «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումի իրականացմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և Երևանի պետական կոնսերվատորիան: 

Նախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ

4807

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:

Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:

Անբարեխիղճ գովազդատուները ենթարկվեցին ֆինանսական տուգանքի

 ՏՄՊՊՀ, նիստ,ՇաբոյանԱյսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում որոշվեց տուգանք կիրառել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած  գովազդատուների, ինչպես նաև  «Իդեալ Գազ»  «Բոնիլատ»  և «Nout.am»- ընկերությունների նկատմամբ: Տուգանքը կկազմի յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը:

1.Անբարեխիղճ գովազդատուները ենթարկվեցին ֆինանսական  տուգանքի: Հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք դեպքերում  հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:

Օրինախախտ ընկերություններն  են  «Բի Էյչ Էս» («BHS») հագուստի խանութ– սրահը, «Լ օպտիկը», «Հիքսոս»  ընկերությունը՝  «Riso Scotti» ապրանքանիշով: ՏՄՊՊՀ որոշմամբ  ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդների հեռարձակումը:

«Բի Էյչ Էս»  խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»:  «Լ Օպտիկի» գովազդում մասնավորապես ասվում է.  «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…»: «Riso Scotti» բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից…»:Նման բովանդակություններով գովազդները ուղղակիորն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում:

2.«Nout.am»-ը մրցակից ընկերության վարկանիշի հաշվին գովազդել է իրեն  «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը  դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝  «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես «Nout.am»-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը

«Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 000 դրամ: «Հիմա դուք երևի կմտածեք. «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-իր գրառումը եզրափակել է «Nout.am»-ը:  «Nout.am»-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:

3.«Իմէքս Գրուպը» խնդրել է արգելել  «Իդեալ» ապրանքային նշանի  օգտագործումը այլ տնտեսվարողների կողմից: «Իմէքս Գրուպ» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ Համակարգ», ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ Գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում  Հանձնաժողովը ամրագրել է այն փաստը, որ «Իմէքս Գրուպին»  սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» և «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինքն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:  

4.Կաթի փոխարեն՝ թան «Բոնիլատի» տարաներում. Սպառողները դիմում–բողոք են ներկայացրել Հանձնաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  ներկայացուցիչը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ  գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո  «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացրել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը:«Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը  պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ: 

ՀՀ ՏՄՊՊՀ