Հայցվոր, Մալիի քաղաքացի Բեն Յուսուֆ Դումբիան երկրորդ դատական ատյանում հաղթել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ վարչական ակտերը վերացնելու և գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով: 2010 թվականի օգոստոսի 9-ին նա դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն և խնդրել իրեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչել փախստական և տրամադրել ապաստան,հաղորդում է Փաստինֆոն: Մալիի քաղաքացին պատճառաբանել է, որ եկել է` Հայաստան «Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերող մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարն ու հեռացել, և նա ստիպված է եղել 3.000 ԱՄՆ դոլարի չափով պարտք վերցնել։ Ավելի ուշ Մալիի քաղաքացին, ով անչափահաս է` 17 տարեկան, հայտնել էր, որ Մալիում 2012 թվականի փետրվարից սկսվել են ծանր հակամարտություններ, ինչի մասին են վկայում բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվական միջոցների կողմից հրապարակված տեղեկությունները: 22.03.2012 թվականին հայցվորը կրկնակի դիմում է ներկայացրել Պատասխանողին` նշելով այդ նոր հանգամանքների մասին և խնդրելով տրամադրել փախստականի կարգավիճակ և ապաստան, սակայն մերժվել է։ Մալիացի հայցվորը խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ժամանակավոր հատուկ կացարանում ապրելու թույլտվություն, մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։ Նա նաև խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 16.08.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ապաստան հայցողի վկայական` մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։ Ըստ պատասխանողի, «քանի որ հայցվորի տվյալները չեն բավարարել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով «փախստական» ճանաչվելու համար սահմանված պահանջներին, նրա դիմումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մերժվել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, որը սահմանված կարգով վերջինիս կողմից չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ»։ Հայցվորը 23.03.2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար կրկնակի դիմում է ներկայացրել Ծառայություն, սակայն նրա դիմումը չի քննարկվել, քանի որ այն չի պարունակել տեղեկություններ` իր նախորդ դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո ի հայտ եկած նոր իրադարձությունների և փաստերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, 12.03.2013թ. վճռով գտել է, որ հայցվորի կրկնակի դիմումի ներկայացումից հետո վարչական մարմինը պետք է հայցվորին տրամադրեր այն բոլոր իրավուքներից օգտվելու լիարժեք հնարավորություն, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, ընդ որում` այդ հնարավորությունը պետք է տրամադրվեր այնպես, ինչպես դա տրամադրվում է առաջին անգամ ապաստան հայցողներին, այդ թվում նաև` ապաստան հայցողին ապաստանի տրամադրելու վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացնելուց հետո անվճար տրամադրեր անձը հաստատող վկայական, լիազոր մարմին դիմած ապաստան հայցողին տեղավորեր Ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Վարչական դատարանը բավարարել էր Բեն Դումբիայի հայցը՝ վերացնելով, այսինքն՝ անվավեր ճանաչելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի և 16.08.2012 թվականի վարչական ակտերը։ Վճռով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը պարտավորեցվել է Բեն Դումբիայի տրամադրել ապաստան հայցողի անձը հաստատող վկայական և տեղավորել ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության վճռով պետք է բռնագանձվի 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արա Բաբայանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ի որոշմամբ, վերահաստատել է այս դիրքորոշումը՝ մերժելով պատասխանող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից բերված վերաքննիչ բողոքը և Վարչական դատարանի վճիռը թողել անփոփոխ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ առաջին անգամ ապաստան հայցելիս (2010թ.) Բեն Դումբիան իր դիմումը հիմնավորել է նրանով, որ ինքը, հանդիսանալով Մալիի քաղաքացի, եկել է Հայաստան` «Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերած մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարը և հեռացել, ու ինքը ստիպված է եղել 3000 ԱՄՆ դոլար գումարի չափով պարտք վերցնել: Մինչդեռ կրկնակի դիմումով ապաստան հայցելիս (2012թ.) Բեն Դումբիան այն հիմնավորել է նրանով, որ Մալիում մի քանի ամիս առաջ տեղի են ունեցել պատերազմական նոր գործողություններ, առավել սրվել են հակամարտությունները, կան բազմաթիվ փախստականներ, ինչի մասին է վկայում բազմաթիվ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը: Այսինքն` առաջին անգամ ապաստան հայցելու դիմումից հետո ի հայտ են եկել նոր իրադարձությունները և փաստեր, որոնք չէին կարող առաջին անգամ ապաստան հայցելիս քննարկվել: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ ԿԳՆ-ի երաշխավորությունը պարտադիր է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն: Նախարարը խնդրել է մարզպետների և քաղաքապետի հանձնարարականն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ուսումնական հաստատություններում կիրառել բացառապես ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ուսումնական գրականություն և ուսումնադիտողական պարագաներ:
Նմանատիպ բովանդակությամբ հանձնարարական նախարարը տվել է ՀՀ ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը տոնակատարություններ չէր սիրում: Սեփական ծննդյան օրն էլ հաստատ չէր նշի, բայց նրա ընկերները չհիշել չէին կարող: Ուղիղ 56 տարի առաջ ամերիկյան Վայսեյլի ավանում ծնվել է ապագա ազգային հերոսը: Նա միայն 12 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին ու այդ պահից սկսած ուսումնասիրել է հայոց պատմությունը ու նվիրվել ազգային ազատագրական շարժմանը:
Ալեք Ենիգոմշյանը Մոնթեի մտերիմ ընկերն է եղել: Մոնթեին հիշում է ճշտապահության ու մարդասիրության պատմություններով. պատերազմի դաշտում ամենադաժան մարտիկը խաղաղ պայմաններում ամենաբարին էր: Ալեք Ենիգոմշյանը հիշում է, թե ինչպես Մոնթեն արյուն տվեց գերի վերցված ադրբեջանցի զինվորին:
Մոնթեի տարեդարձը կնշեն նաև մեծ համերգով:
Դիլիջանի թունելի մոտ Chrysler-ն ու Daewoo-ն բախվելուց հետո հայտնվել են ձորում. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Անդրանիկ Մելքոնյանի վարած Chrysler մակնիշի 31 ՕԼ 444 համարանիշի և 34-ամյա Արման Պետրոսյանի վարած Daewoo Nexia մակնիշի 076 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները Ֆոտոլրագրողին հայտնել են, որ շտապ օգնությունը ժամանել է 30 րոպե ուշացումով և միայն ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխաակիցների ահազանգից հետո են բարեհաճել դեպքի վայր: Վթարի հետևանքով Chrysler-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորում, իսկ Daewoo-ն հայտնվել է ճանապարհի ձախ կողմով հոսող գետի մեջ: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցներ Մուրադ Երվանդյանը և Հարություն Վրացյանը: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ գտնվող թունելում. Ավտոմեքենաներից մեկը Խուճուճ Էդոյինն է
Այսօր՝նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Հերացի փողոցից դեպի ոստիկանության վարչական շենքի մոտ գտնվող թունելում բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Մարկոսյանի վարած BMW X5 մակնիշի 11 DD 110 համարանիշի և 54-ամյա Էդուարդ Մադաթյանի վարած Toyota Camry մակնիշի 40 PP 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաների համար դեպքի վայր էին ժամանել մեծ թվով արտասահմանյան մակնիշի գոլդ համարանիշներով ավտոմեքենաներ՝ իրենց «ոսկե երիտասարդներով», ովքեր իրենց օգնությունն էին առաջարկում ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցներին:Շարունակությունը`սկզբաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է 32 հազար ծառ և թուփ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում կազմակերպված աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 32 հազար ծառ և թուփ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով ծառերի երկարակեցությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով էտման այս կամ այն տեսակի անհրաժեշտ կիրառման մասին:
Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 19 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ՝ բացառելու ապօրինի առևտրի կազմակերպման հնարավոր դեպքերը:
«Մենք ստեղծել ենք համապատասխան հնարավորություններ թե՛ երևանցիների և թե՛ գյուղական համայնքների մեր բնակիչների համար՝ իրենց առևտուրը կազմակերպելու գյուղմթերքի և մինի շուկաներում, ինչպիսիք այսօր ունենք գրեթե բոլոր վարչական շրջաններում»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 7 նմանատիպ շինությունների դեպքում էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուժեղացնել այդ ուղղությամբ հսկողությունը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ ԶԼՄ-ներով շարունակաբար իրականացվում է մրցույթների անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրազեկում: Նշվել է նաև, որ հայտեր առայժմ չեն ստացվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու հայտերի ստացման վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 4-ից հետո հանրությանը ներկայացնել գործընթացի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական և կրթամշակութային հաստատություններում ջեռուցման ապահովման գործընթացի շրջանակում շրջայցեր են կազմակերպվել տվյալ հաստատություններ: Զեկուցվել է նաև, որ որոշ դպրոցներում հայտնաբերված թերությունները շտկվել են, և ամենուր ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նիդեռլանդների Թագավորության դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Նախարարը նաև նշեց, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նորանշանակ դեսպանին` իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հորբախը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նիդեռլանդական համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու համար:
Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Օգտակար է իմանալ. բարեփոխումներ ճանապարհային ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ձեռագիրը նույնն էր` թալանված կրպակները հրկիզվում էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցագործության բեմականացում` սուտ մատնություն, կամ` թե ինչպես էր հարսը կազմակերպել կեղծ գողությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գուգարք գյուղում հրդեհի հետևանքով 25 հոգի անօթևան է մնացել
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին:
Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ:
Հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի վայրում գտնվում է մեկ մարտական հաշվարկ, որը իրականացնում է հերթապահություն:
Այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը
«Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն իսկ միացել են`
1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչության կողմից – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ Վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող մի շարք ընտանիքների ապրելակերպի և նրանց վառելափայտի տրամադրման, «Շիրակ կենտրոնի» ձեռնարկի մասին հերթական տեսանյութը` առանց մեկնաբանության:
ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»
ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»
Հայ զինվորականը հազարամյակներ ի վեր իր մեջ մարմնավորել է հայի պատիվն ու կենսակերպը: Հայոց պատմության մեջ շատ են հայոց զինուժի ներկայացուցիչները, որոնց կերպարը դարեդար հայրենասիրության ու պատվի չափանիշ է հանդիսացել սերունդների համար: Նրանցից մեկն էլ հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:
Մանվել Մամիկոնյանի կյանքի առաջին հատվածի մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Նա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հորեղբոր` Վաչե Մամիկոնյանի որդին էր: Վաչե Մամիկոնյանը Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ սպարապետն էր, որ զոհվեց պարսից Շապուհ Բ արքայի դեմ մղված ճակատամարտում, իսկ նրա որդիները` Մանվելը և Կոնը (Մամիկոնը) գերվեցին: Համաձայն Փավստոս Բուզանդի` Մանվելը և Կոնը պարսկական զորքի կազմում կռվող հայոց այրուձիի հետ բազում հաղթական ճակատամարտեր են շահել Միջին Ասիայում` քուշանների դեմ կռիվներում:
Քուշանների դեմ տարած մի հաղթական ճակատամարտից հետո պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքան ազատ է արձակում Մանվել Մամիկոնյանին, որը վերադառնում է Հայաստան: Հայոց վեպը պատմում է, որ Մամիկոնյան հաղթանդամ եղբայրները ուղղակի փախել են պարսից գերությունից և Հայաստան հասել ոտքով: Համաձայն ավանդապատումի` ճանապարհին սկսվում է Մանվել Մամիկոնյանի հոդացավը, և նրան շալակելով` կրտսեր եղբայր Մամիկոնը օրական տաս փարսախ ճանապարհ է անցնում:
Բնականաբար, Շապուհի քայլն ամենևին էլ մարդասիրությունից չէր դրդված: Այդ ժամանակ հայոց գահին նստած էր Հռոմի հլու-հնազանդ դրածոն` Վարազդատ Արշակունի թագավորը (374-378), ինչը խոչընդոտում էր Շապուհի արևմտյան քաղաքականությունը: Եվ նենգ ու խորամանկ պարսիկը ճիշտ հաշվարկ էր կատարել:
Վարազդատը, գահ բարձրանալով, իր մտերիմ զորավար Բատ Սահառնունու դրդմամբ, խնջույքի ժամանակ սպանել տվեց քաջ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին` նրան մեղադրելով իր ազգականի` Պապ թագավորի սպանության մեջ: Որքանով էին հիմնավոր Վարազդատի մեղադրանքները` դժվար է ասել, սակայն այդ քայլով, բնականաբար, նա իր դեմ լարեց Մամիկոնյանների հզոր ու ռազմատենչ տոհմին: Եվ Մանվել Մամիկոնյանը, վերադառնալով Հայաստան, բնականաբար, պետք է փորձեր վրեժ առնել հայոց արքայից:
Եվ ահա, Մանվել Մամիկոնյանը, 376 թ. վերադառնալով Հայաստան, ստանձնում է Մամիկոնյան տոհմի գահերեցությունն ու հայոց սպարապետությունը, ինչը Մամիկոնյանների մենաշնորհն էր դարեր ի վեր: Մամիկոնյանների պայազատությունը Մանվելը ստանում է առանց ընդհարման, քանզի նրա հորեղբորորդին` Վաչե Մամիկոնյանը, այն կամավոր հանձնում է օրինավոր տիրոջը` Մանվելին: Վարազդատ արքան, բնականաբար, չէր կարող ընդդիմանալ դրան, քանզի դրա համար չուներ որևէ լուրջ իրավական փաստարկ:
Ամրապնդելով իր դիրքերը երկրում և իր շուրջը համախմբելով հայոց զինուժը` Մանվել Մամիկոնյանն ընդդիմացավ Վարազդատի հռոմեասեր քաղաքականությանը: Արքայի և սպարապետի միջև հակասությունները գնալով սրվում էին: Ի վերջո, գործը հասավ բացահայտ ընդհարման և քաղաքացիական պատերազմի: Սկսելով պատերազմը` Մանվելը նամակ է հղում Վարազդատ արքային.
«Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ` Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար. Մուշեղի հայր Վասակը կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Եվ դուք, փոխանակ մեր ծառայությունների համար մեզ վարձատրելու, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք մեզ, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ Իմ քաջ եղբայր Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու երկրից վռնդեց, որին թշնամիներն անգամ չկարողացան սպանել, դու նենգությամբ բռնեցիր և սեղանին ընթրիքի նստած տեղում խեղդեցիր։
Բայց, ըստ երևույթին, դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի, որովհետև Արշակունիների իսկական վաստակավորներին չճանաչեցիր։ Իմացիր նաև, որ մենք ոչ թե ձեր ծառաներն ենք, այլ ընկերները, անգամ ձեզանից էլ բարձր ենք, որովհետև մեր նախնիները Ճենաց աշխարհի թագավորներ են եղել։ Առաջին Արշակունի թագավորները լավ գիտեին, թե ովքեր ենք մենք և որտեղացի, բայց որովհետև դու իսկական Արշակունի չես, ուստի այդ էլ չգիտես։ Թող ու հեռացիր այս աշխարհից, որպեսզի իմ ձեռքով չմեռնես»։
Վարազդատը պատասխան նամակով դիմում է Մանվել Մամիկոնյանին.
«Ես իսկական Արշակունի եմ և իմ նախնի Արշակունիների թագն եմ դրել իմ գլխին և տիրել նրանց աշխարհին, ես իմ հորեղբոր՝ Պապի վրեժը լուծեցի քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Իսկ դու այս աշխարհից չես, ինչպես ինքդ ես խոստովանում, և քո նախնիները Ճենաց աշխարհից մեզ մոտ են եկել իբրև պանդուխտներ։ Ուրեմն, մի՛ մեռիր քո եղբոր նման, ես պատժելու փոխարեն քեզ ազատ եմ արձակում, ել և գնա քո Ճենաց աշխարհը, ապրիր քո երկրում և այնտեղ թագավորիր։ Եթե չկամենաս գնալ, ապա կմեռնես իմ ձեռքով այնպես, ինչպես Մուշեղը մեռավ»։
Վճռական բախումն արքայական զորագնդերի և Մանվել սպարապետի բանակի միջև եղավ Կարնո դաշտում: Որպեսզի խուսափեն ավելորդ արյունահեղությունից` սպարապետը հայոց թագավորին մենամարտի է հրավիրում, ինչպես վայել է երկու դյուցազուն ասպետների:
Ինքը` հայոց թագավորը, հուժկու ուժի տեր անձնավորություն էր, որ անգամ հաղթել էր Աթենքի օլիմպիական խաղերում` կռփամարտում (բռնցքամարտ): Եվ ահա, զորքից առանձնացած` հայոց թագավոր Վարազդատ Արշակունին և սպարապետ Մանվել Մամիկոնյանը ասպետավայել մենամարտով վճռում են իրենց հակամարտության ելքը:
Մենամարտի ժամանակ սպարապետը վիրավորվում է, արքայի նիզակն անցնում է նրա այտի միջով` փշրելով ատամներից մի քանիսը, սակայն նա ավելի հմուտ է գտնվում, զինափաթ է անում Վարազդատ արքային, բայց չի սպանում, նիզակի պոչով ծեծելով` հալածական է անում նրան ճակատամարտի վայրից: Երբ արքան փախուստի է դիմում, վրա են հասնում սպարապետի որդիները` Հմայակն ու Արտաշեսը` ցանկանալով սպանել Վարազդատին: Սակայն Մանվել սպարապետը հետ է պահում նրանց` տիրասպան մի եղեք… Արքայական զորքը անձնատուր է լինում:
Որպես հայրենատեր սպարապետ` Մանվել Մամիկոնյանը չի հեղում արքայական արյունը: Նման մի գեղեցիկ օրինակ էլ Ձիրավի ճակատամարտում ցուցաբերել էր նրա հորեղբորորդին` Մուշեղ Մամիկոնյանը, որ մենամարտում հաղթելով Աղվանից Ուռնայր արքային` մեծահոգաբար բաց է թողնում: Հին հայոց ասպետական օրենքներով` զինվորականը չպետք է հեղեր արքայական արյուն, այլ հաղթելով թագակրին` կարող էր միայն հալածել նրան, ինչն էլ արեց Մանվել սպարապետը` երկրում գրավելով իշխանությունը:
Վարազդատին հալածելուց հետո, Մանվել սպարապետը ձերբակալում է Բատ Սահառնունուն և նրան մեղադրելով Մուշեղ Մամիկոնյանի սպանության մեջ` նախ նրա աչքի առջև սպանել է տալիս Բատի որդուն, ապա և գլխատել է տալիս նրան:
Այս պատմությունը եզակի է ոչ միայն իր ասպետական դրսևորումներով: Մենք գործ ունենք Հայաստանում քաղաքացիական պատերազմի դրվագի հետ, ընդ որում պատերազմի ելքը վճռվում է մենամարտով:
Գահընկեց անելով Վարազդատ արքային` Մանվել Մամիկոնյանը հայոց գահ բարձրացրեց Պապ թագավորի երկու մանկահասակ որդիներին` Արշակ Գ-ին (378-390) և Վաղարշակին` Արշակի գահերեցության իրավունքով: Քանի որ Պապի զավակները մանկահասակ էին, նրանց և ողջ պետության խնամակալները դարձան հայոց սպարապետը և արքայամայր Զարմանդուխտը: Իր ազդեցությունը երկրում և արքունիքում ավելի ամրացնելու համար Մանվելն իր Վարդանդուխտ դստերն ամուսնացնում է Արշակ Գ-ի հետ: Սրանով, փաստորեն, Մանվել Մամիկոնյանը դառնում է հայոց աշխարհի փաստացի տիրակալը և ղեկավարը:
Թվում է` Մանվել Մամիկոնյանի կողմից իշխանության զավթումով իր նպատակին հասավ պարսից Շապուհ արքան: Սակայն նրա հաշվարկները սխալ էին: Մանվելն ի սկզբանե վարեց անկախ քաղաքականություն և չլծվեց պարսից ռազմական սայլին: Սա բնավ Շապուհի սրտով չէր, և պարսից արքան մեծաքանակ զորք ուղարկեց Հայաստան: Պարսիկները սկզբում հաջողության հասան և գրավեցին երկիրը: Սակայն Մանվել Մամիկոնյանը, համախմբելով հայոց զինուժը, վճռական հարվածով ջախջախում է պարսկական զորաբանակը և ազատագրում երկիրը:
Սա բացահայտ հարված էր Պարսկաստանին և արդեն Մանվել Մամիկոնյանի մահից հետո Արշակ Գ-ն, խույս տալով պարսիկներից, տեղափոխվեց Արևմտյան Հայաստան, իսկ պարսից արքան նրա փոխարեն հայոց գահին բազմեցրեց Խոսրով Դ-ին:
Մեծ հայրենասերն ու անխոնջ մարտիկը մահացավ 384 թ.: Մահից առաջ նա Մամիկոնյան տան պայազատությունն ու հայոց երկրի սպարապետությունը հանձնեց իր Արտաշես որդուն` նրան պատգամելով հավատարմորեն ծառայել Արշակ Գ-ին.
«Ուրախությամբ հանձն առ քո մահը քո հարազատ երկրի համար, ինչպես քո քաջ նախնիները, որովհետև, դա արդար գործ է և աստծո կողմից ընդունելի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի վախենաք, համարձակ մեռեք աստվածապաշտ երկրի համար, ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»։
Մահվան մահճում հայոց սպարապետն իր շուրջն է հավաքում հայոց ավագանուն` այր թե կին` հայոց Զարմանդուխտ արքայամոր գլխավորությամբ: Առանց ամաչելու ներկաներից` նա ամբողջովին մերկանում է և ի ցույց դնում պատերազմների ժամանակ ստացած անհարմար սպիները: Նրա մարմնի որևէ անդամի վրա անգամ մեկ դրամի չափ տեղ չկար, որ սպիներով պատված չլիներ:
Անկողնում դիմելով ներկաներին` սպարապետն արտասվում է. «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն մի վերք տարել եմ քաջությամբ, բայց ինչո՞ւ ինձ բախտ չվիճակվեց պատերազմի մեջ մեռնելու, այլ մեռնելու այսպես՝ անասունի պես: Ինչո՞ւ ես բախտ չունեցա ընկնել կռիվներում մեր երկրի, մեր երկրի բնիկ Արշակունի տերերի, մեր կանանց ու զավակների, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես պատերազմներում ինձ շատ հանդուգն էի պահում, կարծում էի՝ կընկնեմ հերոսի մահով։ Բայց տեսա՞ք, թե ինչ պատահեց, ինձ վիճակվեց մեռնել վատագույն մահով՝ անկողնում պառկած»:
Ֆրանիսայի քաղաքացին ընդդեմ Նապոլեոն Ազիզյանի. կբռնագանձվի ավելի քան 22 մլն. դրամ
Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաև` այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները: Այս մասին գրում է Փաստինֆոն:ԱԻՆ. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են
Հանգստյան օրերին Երևանում 4 վրաերթ և մեքենաների բախման 4 դեպք է գրանցվել
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աբովյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101», «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-210610» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Աթենքի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Լադա Կալինա», «Ռենո Լոգան» և «Ֆոլկսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա Կալինա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլկսվագեն Վենտո», «Ֆոլկսվագեն Գոլֆ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլկսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, թիվ 259 համարի երթուղային ավտոբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 25-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։
Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։ Ըստ նրա՝ մասնակիցները կարող են իրենց ուժերը փորձել և նոր մտքեր առաջարկել մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ծրագրերի ոլորտում: Պետք է ներկայացնել նոր ծրագիր, որը կնպաստի երիտասարդ մարքեթոլոգների մասնագիտական առաջընթացին, հնարավորություն կտա նրանց տեսանելի լինել գործատուների շրջանում: Ներկայացվելիք ծրագիրը կարող է լինել կոնֆերանսի, մասնագիտական խաղի, վարպետության դասերի շարքի կամ այլ՝ բոլորովին նոր ձևաչափով: Լավագույն ծրագիր ներկայացրած երիտասարդը կստանա 100000 դրամ գումարային պարգև, բացի այդ, կլինեն այլ անակնկալներ տարբեր ֆիրմաների կողմից:
Մասնակցության ցանկություն հայտնած երիտասարդներն ունեն ընդամենը երկու շաբաթ՝ իրենց ստեղծարար գաղափարներն իմի բերելու համար։ Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա «Salvador Fest»-ի երկրորդ փուլը, որի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից կանցկացվեն վարպետության դասեր, և կքննարկվեն երիտասարդների ներկայացրած ծրագրերը։
«Salvador Fest»-ի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ
Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար:
Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին:
Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար:
Շղթայական ավտովթար` Մաշտոցի պողոտայում, «Փակ շուկայի» դիմաց. կա վիրավոր
Այսօր` նոյեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, Փակ շուկայի դիմաց բախվել են` Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 30-ամյա Ղուկաս Կիրակոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 26 ՏԼ 667 համարանիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ 38-ամյա Արթուր Տանուտերյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 MO 076 համարանիշի և Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 26-ամյա Հակոբ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 12 ԼՍ 618 համարանիշի ատոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ղ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, հաղորդում է shamshyan.com-ը : Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Կոմայգու պահակը այգու ներսում 1000 դրամով սենյա՞կ է տրամադրում միասեռականներին,տեսանութ
Կիրովի անվան զբոսայգու (Կոմայգու) ներսում գործող տղամարդկանց զուգարանի հետնամասի սենյակները Կոմայգու պահակը 1000 դրամով տրամադրում է այգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներին՝ իրենց հաճախորդներին սպասարկելու համար: Այս մասին NEWS.am-ին ասել է «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որն այգում ստորագրահավաք է անցկացնում տրանսվեստիտ մարմանավաճառների դեմ: Ավելին, ըստ նրա տեղեկությունների պահակն այդ սենյակը տրամադրում է միայն տղամարդ մարմնավաճառներին կամ միասեռական զույգերին:
NEWS.am-ը զրուցել է Կոմայգու պահակի հետ, որը հերքել է այդ տեղեկությունը։ Նա պնդել է,որ զուգարանի հետնամասում միայն խողովակներ են: Սեւան Աղաջանյանին եւ NEWS.am-ի թղթակցին պահակը ուղեկցել է եւ ցույց տվել այդ սենյակները:
Սենյակներում հին իրեր էին, աթոռին՝ մի քանի պիջակ, գետնին էլ՝ կտրտած զուգարանի թղթեր:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
