ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Ձմռան ամիսներին աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար վառելիքի հայթայթումը դառնում է համար մեկ խնդիրը:
Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.
Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչության կողմից – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
Անապահով ընանիքներին վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի մասին , «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը, ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: Իր հերթին ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականության» որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը:
Երկուստեք կարևորվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Անդրադարձ է արվել նաև սերմնաբուծության ոլորտում համագործակցության հնարավորություններին: Այս առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է ոլորտում Ղազախստանի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:
Ղազախստանի վարչապետը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Ֆիդայինների փողոցից գազալցակայան տանող ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը և «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վայքի Շահումյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի «Ն. Նասիբյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի «Վ.Ավանյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ե. Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Արման Թաթոյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր
1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան
Կրթություն
1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր
2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս
2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ
2012 թ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց՝ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր
2012 – 2013 թթ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law)՝ Իրավունքի մագիստրոս
Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեություն
2003 – 2004 թթ.- Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն (ՇՄԻՊԿ, EPAC), Իրավական հարցերով փորձագետ
2004 – 2007 թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին՝ Իրավական հարցերով ավագ մասնագետ
2007 թ. – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական
2008 թ. – ՀՀ դատախազության դպրոց՝ դասախոս
2007 – 2009 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ, UNDP), Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազգման ծրագիր, 5-րդ փուլ՝ իրավական բաղադրիչի համակարգող
2009 թ.- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ
2010 թ.- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի ծրագրի իրավական հարցերով խորհրդատու
2010 թ – Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար
2009-2011 թթ.- ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ծրագրի իրավական հարցերով համակարգող
2010 – 2012 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ
2010 – 2012 թթ.- ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ
2010 թ. – մինչ օրս- ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ
2010 – 2013 թթ.- ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2005 թ. – մինչ օրս – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ
2013 թ. – մինչ օրս- Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման (ք. Ստրասբուրգ), Ռուսաստանի Դաշնությունում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական
2011 թ. – մինչ օրս- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ
Այլ տվյալներ
2013 թթ. – սովորել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում (Penn Law) և ստացել պատվավոր մագիստրոսի հավաստագիր
2002 թ. – մինչ օրս- ՀՀ իրավաբանների միության անդամ
2004 թ. – արժանացել է ԵՊՀ լավագույն մագիստրոսի կոչման և ՀՀ ԱԺ նախագահի մրցանակի
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուների
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:
Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը:
Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:
Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:
Այսպիսով` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:
2013 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,4 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1002,4 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝ 1337,2 հազար տոննա:
Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու շրջանում արտահանվել է 39,0 հազ. տոննա, ինչը 17% պակաս է 2012 թվականի հոկտեմբերի համեմատ:
Սակայն աճ է նկատվում ներմուծման և տեղական հաղորդակցությունում՝ հոկտեմբերին ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 150,5 հազ. տոննա բեռ (աճը՝ 4,1%), իսկ տեղականում՝ 152,8 հազ. տոննա (աճը՝ 15,7%):
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ՙՅունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։ Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։
Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան էր։
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ տուժածներ չկան։
Նոյեմբերի 20-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել , որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2105» մակնիշի 33 VU 510 պետհամարանիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի 67 ԼԼ 244 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից երեքը տեղում մահացել են:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենանայի վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ե.-ն, ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ս. Հ.-ն ու 1979 թ. ծնված Օ. Հ.-ն տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Էրմիտաժի գանձերի պահպանման և արտահանման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենալով` նա առանց վարանելու խիստ նամակ գրեց Կրեմլ` անձամբ Ստալինին: Էրմիտաժում շունչները պահած սպասում էին իրադարձությունների զարգացմանը, և պատասխանը չուշացավ. «Ամեն ինչ թողնել Օրբելու հայեցողությանը…»:
Ականավոր գիտնական, արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887 թ. մարտի 20-ին Վրաստանի Քութայիս քաղաքում, իրավաբանի ընտանիքում: Ապագա մեծ գիտնականի հայրը` Աբգար Հովսեփի Օրբելին, Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից էր: Տարբեր տարիներին աշխատել է Նախիջևանում, Դարաչիչակում, Թիֆլիսում, Քութայիսում….
Օրբելիների տոհմը հին հայկական ազնվական գերդաստաններից էր, որ մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջնադարյան պատմության մեջ:
Ազնվական գերդաստանից էր սերում նաև նրա մայրը` իշխանուհի Վարվառա Մովսեսի Արղությանը, ով ծագումով Լոռվա Սանահին գյուղից էր: Նրա հեռավոր արմատները հասնում են Զաքարյան արքաներին: Նա պատվով մեծացրեց ու դաստիարակեց իր երեք ազնվազարմ հանճարեղ զավակներին:
1879 թ. փետրվարյան մի օր Թիֆլիսում տեղի ունեցավ Աբգար Օրբելու և իշխանուհի Վարվառա Արղությանի հարսանիքը: Հետագայում` ամուսնու մահից հետո, Վարվառա Մովսեսովնան երաժշտության դասեր էր տալիս և խնամում թաղի երեխաներին:
Աբգարը և Վարվառան երեք որդի ունեցան` երեք ապագա գիտնական, որոնց համբավը հայրենիքից շատ ու շատ հեռու տարածվեց: Ավագ եղբայրը` Ռուբենը, ԽՍՀՄ-ում հիդրոհնագիտության` ստորջրյա հնագիտության հիմնադիրը դարձավ, Լևոն Օրբելին` անվանի ֆիզիոլոգ և ակադեմիկոս դարձավ:
Հովսեփ Օրբելին միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիաներից մեկում, իսկ 1904 թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրության և արևելագիտության ֆակուլտետը: Դեռ ուսանողության առաջին տարիներին նա հմտանում է հունարենի և լատիներենի ուսումնասիրման մեջ: Հետագայում Օրբելին սովորում է նաև պարսկերեն և քրդերեն, իսկ մանկուց հրաշալի տիրապետում էր հայերենին և վրացերենին: Նրա հավատամքն այն էր, որ բոլոր պատմական աղբյուրները պետք է ուսումնասիրել բնագրերով` իրենց իսկ լեզվով, ոչ թարգմանությամբ: Երբ հանձնեց համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի պետական քննությունները, հիացած դասախոսները Օրբելուն առաջարկեցին մնալ համալսարանում և պատրաստվել պրոֆեսորի կոչման: Սակայն նա մերժեց և թղթերը տվեց արևելյան լեզուների ֆակուլտետ` ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու հայ-վրաց բանասիրությունը:
Հովսեփ Օրբելուն համալսարանում դասավանդում էին ժամանակի խոշորագույն գիտնականներ` Ժեբելյովը, Ռոստովցևը, Բարթոլդը, Սմիռնովը: Բայց նրա վրա, անկասկած, իր մեծագույն ազդեցությունն է թողել Նիկողայոս Մառը, որին Հովսեփ Օրբելին համարում էր իր առաջին ուսուցիչը:
1911 թ. ավարտելով համալսարանը` նա մնում է Պետերբուրգում և անցնում գիտական աշխատանքի: Դեռևս ուսանողության տարիներին Օրբելին գործուն մասնակցություն ունեցավ Ն.Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող պեղումներին: Նա այնքան նվաճեց Մառի վստահությունը, որ շուտով սկսեց ղեկավարել տեղում գոյացած թանգարանը: Երբեմն Մառի բացակայության ժամանակ հենց Օրբելին էր հանձն առնում պեղումների ղեկավարությունը:
Այս ընթացքում Օրբելին շարունակ ճամփորդում էր և անգամ Արցախի Խաչեն գավառում ինքնուրույն պեղումներ կատարեց: Հատկապես արդյունավետ եղան 1911 թ. Արևմտյան Հայաստանի Մոկս նահանգում նրա կատարած հնագիտական պեղումները, որտեղից նա արժեքավոր իրեր ու նյութեր հայթայթեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համար:
Իր վաստակի համար նա 1912 թ. ընտրվեց Ռուսական հնագիտական ընկերության անդամ, իսկ 1914 թ. արդեն քրդագիտություն էր դասավանդում Պետերբուրգի համալսարանում և շուտով ընտրվեց հայ-վրացական ամբիոնի դոցենտ: Դեռևս ուսանելու տարիներին նա հրատարակեց ավելի քան 20 գիտական աշխատություններ` նվիրված հնագիտությանը, արվեստին, բանասիրությանը:
Հովսեփ Օրբելու պեղումների պսակը, անշուշտ, 1916 թ. նրա ղեկավարությամբ Վանի պեղումներ են, որոնց արդյունքում հայտնաբերվեց Սարդուրի Բ արքայի տարեգրությունը պարունակող արձանագրությունը:
Առհասարակ Հայաստանում ընդարձակ է Օրբելու կատարած հնագիտական պեղումների աշխարհագրությունը. Անի, Շիրակավան, Բագարան, Մրեն, Մարմաշեն, Աշտարակ, Փարպի, Ամբերդ, Գառնի, Պտղնի, Ղիլիջան, Խաչեն, Գանձասար, Վան, Մոկս, Հայկաբերդ, Աղթամար, Թոփրակ -Կալե, Բագավան, Հին Բայագետ…
1920 թ. նա դարձավ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, Պետական հնագիտական խորհրդի անդամ, Ժողկոմխորհի թանգարանային գործերի կոլեգիայի գիտական քարտուղար, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Նյութական կուլտուրայի պատմության ակադեմիայի իսկական անդամ, Ակադեմիայի հրատարակչության վարիչ և, վերջապես, Պետական Էրմիտաժի աշխատակից, որտեղ անցան նրա կյանքի կարևորագույն 30 տարիները` 1920-1951 թթ., 1934-ից նա Էրմիտաժի տնօրենն էր: 1935 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, որի թղթակից-անդամ էր դեռևս 1924-ից: 1940 թ. նա ընտրվեց ԽՍՀՄ Ճարտարապետական ակադեմիայի իսկական անդամ:
Մեծ է Օրբելու ներդրումը Էրմիտաժի պահպանման, գտածոների ուսումնասիրման գործում: Հատկապես մեծ է նրա ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էրմիտաժի նյութական արժեքների պահպանման գործում:
Նա աշխատանքից ազատ ժամերին, թշնամու արկերի ռմբակոծությունների տակ դասախոսություններ էր կարդում խորհրդային զինվորների համար ռազմաճակատի առաջին գծում, անգամ` բլինդաժներում: Հետագայում` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, Օրբելին, հանդես գալով որպես վկա, ցնցող ելույթ ունեցավ: Նա մասնավորապես ասաց. «Ես երբեք հրետանաձիգ չեմ եղել: Բայց ելնելով այն բանից, որ Էրմիտաժի վրա ընկել է 30 արկ, իսկ նրա կողքին գտնվող կամրջին` ընդամենը մեկ, ես կարող եմ համոզված դատել, թե ինչին էր նշան բռնում ֆաշիզմը: Այդչափով էլ ես հրետանաձիգ եմ»:
Լենինգրադի բլոկադայի ճեղքումից հետո` 1942 թ., Հովսեփ Օրբելին եկավ Հայաստան: Դեռևս 1938-ից նա ԱՐՄՖԱՆ-ի` ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ էր ընտրվել և գիտության վաստակավոր գործչի կոչման արժանացել: 1943 թ. նոյեմբերի 29-ին, չնայած երկրում մոլեգնող պատերազմին, բացվեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան, և Հովսեփ Օրբելին միաձայն ընտրվեց ակադեմիայի առաջին պրեզիդենտ: Նա միաժամանակ ղեկավարում էր ակադեմիայի պատմության ինստիտուտը: Դեռևս Լենինգրադում աշխատելու տարիներին նա առանձնակի հոգատարություն ուներ հայ ուսանողների ու ասպիրանտների նկատմամբ և փաստորեն կրթեց մի ամբողջ սերունդ: Օրբելու հոգատարությունը հայ ուսանողների հանդեպ ահավոր մեծ պահանջկոտությունն էր, անողոք քննադատությունն ու հայրական վերաբերմունքը:
1947 թ. Հովսեփ Օրբելին ՀԽՍՀ ԳԱ պրեզիդենտի պաշտոնը թողեց և վերադարձավ Լենինգրադ: Նրան ԳԱ պրեզիդենտի պաշտոնում փոխարինեց տեղակալը` այն ժամանակներում արդեն իսկ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:
Դեռևս տարիներ առաջ Վ.Համբարձումյանին նշանակելով իր տեղակալ` Հ.Օրբելին ՀԽՍՀ կառավարությունում ունեցած իր ելույթում մատնանշեց, որ Հայաստանի գիտության ապագան և առաջատարը ճշգրիտ գիտությունները պետք է լինեն, և այդ առումով ինքը հավատում և վստահում է Վիկտոր Համբարձումյանին:
1950-ական թթ. Հովսեփ Օրբելին ձեռնամուխ եղավ Թովմա Արծրունու, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի ռուսերեն թարգմանություններին:
Նա մի շարք արտասահմանյան երկրների ակադեմիաների պատվավոր անդամ էր, սակայն առանձնակի հպարտությամբ էր կրում Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչումը: Հիրավի, Օրբելին ժամանակի մեծագույն իրանագետներից էր:
Հովսեփ Օրբելին գործուն մասնակցություն ունեցավ 1934 թ. Ֆիրդուսու «Շահնամեի», 1938 թ.` Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» և 1939 թ.` «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի տոնակատարություններում: ԽՍՀՄ կառավարությունը երախտագետ գտնվեց. 1956 թ. նա երկրորդ անգամ պարգևատրվեց Լենինի շքանշանով: Մինչ այդ կառավարությունը Օրբելուն պարգևատրել էր Աշխատանքային կարմիր դրոշի երկու և մի քանի այլ մեդալներով:
1955-ից նա Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանն էր, ապա` Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչը: Իսկ 1956-ից մինչ իր մահը ղեկավարեց ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը:
Հովսեփ Օրբելին շատ ազգային մարդ էր. նրան երբեմն նաև մեղադրում էին ազգայնական հայացքների համար: Մի անգամ Գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ ակադեմիկոս Լիխաչևը իրեն թույլ է տալիս քամահրական արտահայտություն անել հայերի հասցեին: Զայրանալով` Հովսեփ Օրբելին աթոռը շպրտել է նրա վրա:
Երբ հաջորդ օրը Լիխաչևը մասնավոր նամակով ներողություն է հայցել` Օրբելին մերժել է ասելով, թե միջադեպը եղել է ակադեմիայի դռնբաց ժողովում և մասնավոր նամակով ներողությունն իրեն չի բավարարում: Լիխաչևն ստիպված էր ներողություն խնդրել ակադեմիայի նիստի ժամանակ:
Որքան խիստ ու պահանջկոտ էր աշխատանքում, նույնքան բարեհոգի ու անբռնազբոս էր աշխատանքից դուրս, հանգստի պահին: Բարի ու մեղմ սիրտ ուներ, միշտ առատաձեռնորեն աջակցում էր կարիքավորներին: Աշխատավարձի օրերին շատերն էին տան կամ ինստիտուտի ճանապարհին փող պարտք վերցնելու նպատակով կանգնեցնում: Չէր մերժում ոչ ոքի: Իսկ երբ փորձում էին վերադարձնել պարտքը, զայրանում էր. «Իսկ ես չեմ հիշում, թե ձեզ երբևէ որևէ բան եմ տվել…»:
Գիտեր ուրախանալ ընկերների, մտերիմների շրջապատում: 1940 թ. աշնանը Էրմիտաժում կազմակերպված մի միջոցառման ժամանակ աշխատակիցները որոշեցին թատրոն ցուցադրել: Բոլորի ծիծաղը հատկապես շարժվեց, երբ աշխատակիցներից մեկը ոսկորը ձեռքին խաղաց նախամարդու կերպարը…. Դահլիճում ծիծաղն ավելի ուժգին պայթեց, երբ այդ դերում տեսան տնօրենին…
Բռնկուն բնավորության պատճառով նրան Թայֆուն մականունն են տվել:
Հովսեփ Օրբելին չամուսնացավ: Նրա միակ սերը գիտնական-արևելագետ Կամիլա Վասիլևնա Տրևերն էր: Նրանք միմյանց սիրեցին ողջ կյանքում` հավատարմորեն, անթաքույց ու քնքուշ սիրով: Ափսոս, որ այդ սերն անպտուղ էր…
1960 թ. օգոստոսին Մոսկվայում կայացած Արևելագետների համաշխարհային 25-րդ խորհրդաժողովը վերջին մեծ գիտական միջոցառումն էր, որին մասնակցեց Հովսեփ Օրբելին:
Ժամանակին Օրբելին խնդիրներ էր ունեցել նաև ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: Էրմիտաժի գանձերի պահպանման և արտահանման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենալով` նա առանց վարանելու խիստ նամակ է գրել Կրեմլ` անձամբ Ստալինին: Էրմիտաժում շունչները պահած սպասում էին իրադարձությունների զարգացմանը, և պատասխանը չուշացավ. «Ամեն ինչ թողնել Օրբելու հայեցողությանը…»:
Մեծ հայորդին մահացավ 1961 թ. փետրվարի 2-ին:
Նոյեմբերի 17-ի առավոտյան՝ ժամը 4:00-ի սահմանում, Երեւանի «Լոնդոն» բարում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած սիրիահայ երիտասարդներից մեկն առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Սիրիահայ երկու տղաները՝ 30-ամյա Շանթ Քոչյանը և 21-ամյա Րաֆֆի Բարդակջյանը, «Լոնդոն» բարի դիջեյներից են։
«Երբ ամեն ինչ վերջանալիք էր, հաճախորդներից մեկը խառը վիճակում էր, ուզում էր մի աղջիկի մոտենալ: Աղջիկը մի քանի անգամ իրեն մերժեց, մեր սեքյուրիթին մի հատ մոտեցավ, որ ավելի հանդարտ ձևով լուծեն հարցը, էնտեղ թեման սկսավ, դանակ հանեց հետևի գրպանի միջից ու ուզեց մոտենալ սեքյուրիթիին, հարձակվել»,- NEWS.am-ին պատմել է Շանթ Քոչյանը։
Շանթն ասաց, որ դուրս է վազել՝ ոստիկանների կանչելու, բայց ոչ ոքի չի գտել: Երբ վերադարձել է, դանակը հանած հաճախորդն ու նրա մի քանի ընկերները, անվտանգության աշխատողներն ու տնօրենը արդեն բարի վերևի հարկում էին:
Նկատել է, որ դանակ ունեցողը փորձում է հարձակվել տնօրենի վրա. «Ուզեցավ «Լոնդոնի» տնօրենի հետևեն հարձակվել, այդ պահին ես մոտեցա, դարձավ և ձեռքես երեք տեղ զարկավ: Այդ պահին ընկերս՝ Րաֆֆին, հարձակվեցավ, որ իրեն բռներ, որ ավելի չվնասեր ինձ, այդ պահին Րաֆֆիին կռնակեն հարվածեց, ետևի կողմեն»:
Տղաներին տեղափոխել էին հիվանդանոց, իսկ դանակով հարվածողը փախել էր՝ փողոցից գողանալով մի տաքսի։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկեց Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու, հաղորդում է news.am-ը:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ ես հոգեկան հիվանդ չեմ։
Երբ Շանթ Հարությունյանին ոստիկանները դուրս բերեցին դատարանի շենքից, դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։ «Պապ ոնց ես, պապ։ Մենք լավ ենք, դու դուխով էղի, անհանգիստ չլինես»,- բղավեց նրա որդին՝ Շահենը Հարությունյանը, ինչին հայրը պատասխանեց. «Ամեն ինչ լավ ա, ուղղակի սիգարետս պրծել ա»։
Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջև ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար: Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ Նախագահը սիրով ընդունել է: