Նոյեմբերի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 9,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.86 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:
Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում
Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում բարձր գնահատեց ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությունը։ «Բուհի ուսանողներից շատերն ուսումն ավարտելուց հետո իրենց նվիրելու են գյուղատնտեսական արտադրությանը, բայց մի մասն ընտրել է ամանադժվար, սակայն խիստ անհրաժեշտ ուղին՝ գիտությունը։ Սա չափազանց պատվաբեր ուղղություն է։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մասնագետների պատրաստման գործընթացին, այն պետք է լինի անընդհատ, և այդ առումով կարևոր են նման գիտաժողովները»,- նշեց ռեկտորը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց գիտության երիտասարդացման հարցը։ «Աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունը գիտության նկատմամբ, և դրա առհավատչյան նաև հանրապետության նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին առանձին գումարի հատկացումն է։ Եթե անցած տարի այդ գումարը 100 միլիոն դրամ էր, ապա այս տարի այն կրկնապատկվել է՝ դառնալով 200 միլիոն։ Ես կոչ եմ անում երիտասարդ գիտնականներին օգտվել այդ ֆոնդից, ինչի շնորհիվ կկարողանան որոշակի գիտական խնդիրներ լուծել»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ ուսանողների գիտությամբ հետաքրքրված լինելու հանգամանքը բուհի զարգացման կարևորագույն կոմպոնենտներից է։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական 14-րդ գիտաժողովը նախ անցկացվել է ամբիոնային փուլերով, որից հետո տեղափոխվել է ֆակուլտետային, այնուհետև՝ համալսարանական բաժանմունքներ։
Նշենք, որ գիտաժողովի լավագույն զեկուցումների հեղինակների պարգևատրման արարողությունը ՀԵՀ-ն իրականացրել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ինչպե ՞ս է ստացվում որ 700 մլրդ-ը կասկածի տակ դնող պաշտոնյան ունի մի քանի միլիարդ դոլարանոց այնպիսի առանձնատուն, ինչպիսին Ձերն է. Նիկոլ Փաշինյան
Աժ-ում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը առաջադրել է ՎՊ գործող նախագահԻշխան Զաքարյանի թեկնածությունը: Ընդդիմությունը կտրականպես դեմ է Իշխան Զաքարյանի ընտրությանը և պատրաստվում է իր «դեմ» քվեաթերթիկները հրապարակայնացնել` ապահովելու համար չկեզծված արդյունքներ:
Քիչ առաջ Իշխան Զաքարյանին հարց հղեց Նիկոլ Փաշինյանը. «Սերժ Սարգսյանը Ձեզ մեղադրում էր բյուջեից 700 մլրդ առանց հիմնավորմանկասկածի տակ դնելու մեջ, բայց, ահա, նորից առաջադրել է ձեր թեկնածությունը: Դուք ի ՞նչ է` պարտավորվել եք, որ էլ կասկածի տակ չե ՞ք դնելուբյուջեի գումարները, գործող իշխանության թափանցիկ ու օրինական լինելը: Այս թնջուկը պարզաբանման կարիք է զգում: Ինչպե ՞ս է ստացվում որ 700մլրդ-ը կասկածի տակ դնող պաշտոնյան ունի մի քանի միլիարդ դոլարանոց այնպիսի առանձնատուն, ինչպիսին Ձերն է»:
Իշխան Զաքարյանը ինչ-որ բան խոսեց, բայց Նիկոլ Փաշինայնի հարցերն, ըստ էության, այդպես էլ անպատասխան մնացին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով, ինչի մասին նախագահին պարբերաբար զեկուցում է Ստեփանակերտի քաղաքապետն ու նաև հավելել, որ Երևանի քաղաքապետի յուրաքանչյուր այցով սկիզբ է դրվում մի նոր ծրագրի իրականացման, ինչն ինքնին արդեն իսկ խոսում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների արդյունավետ համագործակցության մասին: Բակո Սահակյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծի իրականացումը. “Ձեր այս նախաձեռնությունը, պարոն քաղաքապետ, ինչպես ճարտարապետական և մշակութային, այնպես էլ հայրենասիրական նշանակություն ունի, և դրա շնորհիվ գալիք սերունդները ևս, արժևորելով հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վաստակը, իրենց հերթին կդաստիարակեն արժանի սերունդ”,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական. “Արդյունքներն, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ”,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նաև հավելել, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ են այցելել նաև զբոսաշրջության ոլորտի երևանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանոթանում են ԼՂՀ-ի սպասարկման ոլորտի հնարավորություններին` դեպի Արցախ զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու նպատակով:
Այնուհետ ԼՂՀ նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների այգու նախագծի եռաչափ տարբերակը, որն արժանացել է հավանության:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի այգին հնարավորին կարճ ժամկետներում հանձնվի շահագործման ու լիովին ծառայի իր նպատակին:
Շուրջ 2 հա տարածք զբաղեցնող այգին հանգստյան նոր գոտի կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հաստատվեցին մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր
Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվեցին Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքների, Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Վարդաձոր գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գլխավոր հատակագծերի փոփոխության նախագծային առաջադրանքի մշակման գործընթացում կարեւորեց համայնքի դերակատարությունը եւ հորդորեց համայնքների ղեկավարներին մինչեւ նախագծային առաջադրանքի կազմումը հանրային քննարկումներ անցկացնել համայքի հետ:
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին Ճամբարակի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծային առաջադրանքը, ինչպես նաեւ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքների եւ Երեւանի Սիլիկյան թաղամասի առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխության հարցերը:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության`18, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք։Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանի ավտոճանապարհներին
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին
Նոյեմբերի 12-13-ին` առավելապես արևելյան շրջաններում, 16-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին` գիշերը, կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 12-13-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
14-15-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին սպասվում է թույլ անձրև:
Երևանի նոյեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.40C (1925թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.90C (1907թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ին, Երևանի Մելքումով փողոցից Դավիթաշենի գերեզմանատուն տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ուլնեցի-Ռուբինյանց ճանապարհային հանգույցի շինարարությունն ավարտական փուլում է
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել ընկերությունների կողմից վթարների վերացման աշխատանքների հետևանքով առաջացած անհարմարությունները և մայրաքաղաքի փողոցների և մայթերի այդ հատվածները բերել պատշաճ տեսքի:
Զեկուցվել է, որ շարունակվում է վերահսկողությունը, ինչպես մայրաքաղաքում ապօրինաշինությունները կանխելու և վերացնելու, այնպես էլ շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ապահովելու ուղղությամբ:
Առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու և վերացնելու, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռևս նկատվող ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը կանխելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվում Երևանի ավագանու կողմից սահմանաված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը չկատարող տնտեսվարողների նկատմամաբ: Հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունն ու, միաժամանակ, հետևողական լինել հատկապես մայթերին և սիզամարգերում կայանած մեքենաների տերերի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու մասով:
Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների մասով զեկուցվել է, որ արդեն պատրաստ է Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի շինարարության երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Զեկուցվել է նաև, որ Կարապետ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների ճանապարհային հանգույցի շինարարությունն արդեն ավարտական փուլում է:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման ծրագրերի մասով զեկուցվել է, որ մեկնարկած աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում նախորդ շաբաթ շուրջ 3000 ծառ է տնկվել: Հանձնարավել է ծառատունկը շարունակել այնքան ժամանակ, որքան հնարավորություն կտան եղանակային պայմանները: Ծառերի աշնանային էտի մեկնարկի վերաբերյալ զեկույցի մասով հանձնարարվել է էտից անմիջապես հետո հեռացնել թափված ճյուղերն ու մայթերում ու փողոցներում պատշաճ սանիտարական վիճակ ապահովել: Կոմունալ վարչությանը հանձնարարվել է հետևողական լինել սիզամարգերում հավաքված տերևակույտերը ժամանակին տեղափոխելու ուղղությամբ:
Միաժամանակ հանձնարարվել է, օգտվելով եղանակային դեռևս բարենպաստ պայմաններից, ակտիվացնել հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներն ու այդ, ինչպես նաև նախատեսված մյուս տարածքներում մշտադալարների տունկը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին: Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երևանում հանդես են եկել համերգով: Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Համերգները կայանում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երևանյան հրաշալի համերգի համար, որից, ըստ նրա, բազմաթիվ հիացական արձագանքներ կան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում: Այդ առումով կարևորվել է նաև Գյումրիի այսօրվա գալա համերգը: Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին ևս:
Վլ. Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս: Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել:
Կայացավ Վ. Սպիվակովի երևանյան համերգը. նա Հայաստանին նվիրեց Ա. Խաչատրյանի նամակի բնօրինակը
Նոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։
Համերգը նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Ինքը՝ Վլադիմիր Սպիվակովը, իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ կայացավ Զարեհ Սահակյանցի հոբելյանին նվիրված երեկոն։ Լրագրողների հետ զրույցում մաեստրոն նշեց. «Այսօրվա համերգը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու՝ կնոջս հայրիկին, երեխաներիս պապիկին։ Ես նրան շատ լավ եմ ճանաչել։ Նա հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ։ Նա շատ սիրում էր իր հայրենիքը, իր ծննդավայրը։ Նա սիրում էր արվեստը՝ գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիա։ Նա շատ լավ տիրապետում էր հայերենին։ Գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է։ Այնպես որ՝ ես շատ ուրախ եմ, որ այս համերգը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ պետք է լրանար Զարեհ Սահակյանցի 80-ամյակը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իմ ընկերներից մեկը՝ Էրմիտաժի տնօրեն Բ. Պիոտրովսկին, ում կինը նույնպես հայուհի էր, անունը՝ Հռիփսիմե, ամեն անգամ հանդիպելիս կատակում էր՝ դե, հայերի փեսաները հավաքվեցին»։
Երևանյան համերգի ընթացքում հնչեցին Սերգեյ Ռախմանինովի, Ժորժ Բիզեի, Վինչենցո Բելլինիի, Կամիլ Սեն-Սանսի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Հայ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ էր ընդունում և՜ Վ. Սպիվակովին, և՜ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, և՜ մենակատարներին՝ Ալեքսանդր Ռոմանովսկի (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկ (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյան (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Հասմիկ Պապյան (սոպրանո, Հայաստան)։
Համերգի ավարտի մաեստրո Սպիվակովը ՀՀ մշակույթի նախարարին փոխանցեց 1975թ. Արամ Խաչատրյանի նամակի բնագիրը՝ ուղղված հայտնի մի նեյրոֆիզիոլոգի։ Նամակում Խաչատրյանը նկարագրում է, թե ինչպես է ինքը ստեղծագործում։ ՙՊետք է հոգ տանել ունկնդրի համար և սեփական երաժշտությունը լսել ունկնդրի ականջներով։ …Պետք է սիրել թեման, հերոսներին, պետք է նրանց հետ վերապրել իրադարձությունները։ Ընդհանրապես պատմել արվեստի մասին անհնար է։ Կարող եմ ասել, որ ստեղծագործելիս ես գտնվում եմ էքստազի մեջ։ Ես երջանիկ եմ, միաժամանակ նաև՝ չար, չար՝ կենտրոնացվածության և լարվածության առումով՚,- իր ստեղծագործական պահերն այսպես է բնութագրել Արամ Խաչատրյանը։
Նշենք, որ Վ. Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում է «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում։ Նոյեմբերի 11-ին նվագախումբը հանդես կգա Գյումրիում։
Վ. Սպիվակովի հայաստանյան համերգները տեղի են ունենում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Համերգների կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին ու Զուրաբյանին խոստացավ հետամուտ լինել
Խորհրդարանում այսօր մինչ օրակարգը հաստատելը ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով, որ վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ պատգամավորները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու կալանավորների կամ պետական պաշտոնյաների հետ, մինչդեռ նրանց այդ իրավունքը երաշխավորված է օերնքով: Նա բացատրություն պահանջեց այդ հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Վերջինս նախ նշեց, որ հարցը օրակարգի հետ կապ չունի, սակայն հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի, որպեսի օրենքը պահպանվի: Նա առաջարկեց պատգամավորին առավել մանրամասն ներկայացնել խնդիրը,որպեսզի ինքը համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ դա քննարկի, և պարզի՝ արդյոք օրենքը խախտվել է, թե ոչ:
Այնուհետև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնավորեցրեց, որ իրեն թույլ չեն տվել հանդիպելու Շանթ Հարությունյանի հետ: «Շաբաթ օրը ինձ չեն թույլատրվել մուտք գործել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, և ես ակնկալում եմ, որ իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտեք: Պարզաբանումենր եմ պահանջում նաև պետական պաշտոնյաներից»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նրան էլ հավաստիացրեց, որ հետամուտ է լինելու, որպեսզի հարցը պարզաբանվի, և եթե օրենքը խախտվել է, ապա համապատասխան գերատեսչության ղեկավարի հետ դա քննարիկվի, և տրվի համապատասխան գնահատական:
Սոթք – Քարվաճառ ճանապարհին մեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ
ՕԵԿ-ին մերժեցին և՛ հանրապետականները, և՛ ընդդիմության ներկայացուցիչները
Մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի քառօրյան: Մինչ օրակարգը հաստատելը, ԱԺ նախագահն առաջարկեց քվեարկության դնել հետաձգվող օրենքները, որոնց մեջ էր նաև «Կանանց և տղամարդանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը:
Մինչ քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ բուռն ելույթներ տեղի ունեցան: Նախ հանդես եկավ Հեղինե Բիշարյանը` հայտարարելով, որ օրենքը հանրության կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել, սակայն օրենքի հիմնական նպատակը կանանց և տղամարդկանց հնարավորություները հավասար դաշտ բերելն է. «Մենք առաջարկել ենք գենդեր բառը հանել, փոխարենը օգտագործել սեռ կամ մեկ այլ բառ, սակայն կառավարությունը մեր առաջարկությանը դեմ է քվեարկել»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբրյանն իր հերթին հայտարարեց, որ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանն առաջարկել են տերմինը փոխել կանանց և տղամարդկանց իրավահավասարություն եզրույթով, սակայն դա էլ կառավարությունը չի ընդունել: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի առաջարկին, ապա Զոհրաբյանի կարծիքով՝ դրանով էլ թյուրըմբռնումները չեն վերանում: «Ուստի մենք ձեռնպահ կքվեարկենք, սակայն կպնդենք, որ մեր առաջարկած տարբերակը լինի»,-ասաց նա:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում հստակեցրեց, որ հանձնաժողովում լուրջ քննարկումներ են եղել, տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և վստահ է, որ մոտ ժամանակներում կգտնվի կոմպրոմիսային տարբերակ բոլորի համար, ուստի դեմ է այս պահին այդ հարցը օրակարգ մտցնելուն: Ավելին, նա զարմացաած է Հեղին Բիշարյանի այսօրվա ելույթից, քանի որ որ հանձնաժողովի նիստի ժամանակ նա անգամ իրենց ներկայացուցչին է հորդորել դեմ քվեարկել, որպեսզի մշակվի բոլորի կողմից ընդունելի տարբերակ, և նոր բերվի քննարկման. «Այս նախագծում կան այնպիսի անգրագետ ձևակերպումներ, որ նույնիսկ ամոթ է, որ դնենք քննարկման»,-ասաց նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հարց բարձրացրեց. «Ասենք թե հանձնաժողովն ու կառավարությունը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ինչո՞վ է խանգարում, որ այն մտնի ԱԺ մեծ օրակարգ, քառօրյայի մասին չի խոսքը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ դեմ չէ, որ նախագիծը մտնի նստաշրջանի օրակարգ և քննարկվի: «Մենք կողմ ենք, թող ընդգրկվի և քննարկվի, և ով ինչ առաջարկ ունի, թող ներկայացնի: Մոտեցումները լիարժեք կլինեն, և հարցը շատը ավելի արագ լուծում կստանա»:
ՕԵկ-ական Հովհաննես Մարգարյանն էլ, հիշեցնելով, որ նախագծի հեղինակը միայն Հեղինե Բիշարյանը չէ, այլ նաև ինքն է, խնդրեց նախագիծը քննարկել հիմա. «Ինչ ուզում եք գենդերի անունը դրեք, թող մենակ թե ընդունելի լինի նամուսով և թասիբով մեր հասարակության համար»:
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առաջարկեց առայժմ չքննարկել. «Որպեսզի սա չդիտվի կողմերի և դեմերի հարց, կա աշխատանքային խումբ, թող միասնական տեքստ և փոփոխություններ ներկայացնեն, վերջում բերվի Ազգային ժողով»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ հակադարձեց. ինչու՞ են վախենում նախագիծը ԱԺ բերելուց, և սպասում են, որ նախ կառավարությունը նայի: «Կառավարությունը ինչ նայում է, ձախողում է: ՕԵԿ-ի կողմից առաջարկվող տարբերակին համաձայն չեմ, բայց թող մտնի ԱԺ օրակարգ»:
Իսկ այս ամենից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը բուռն ելույթ սկսեց հայկական արժեքների ու ավանդույթների մասին, Էդվարդ Շարմազանովը ստիպված եղավ ընդհատել գործընկերոջը՝ հիշեցնելով, որ ելույթները պետք է լինեն ընդամենը վարման կարգի վերաբերյալ, ոչ թե օրենքի բովանդակության և առաջարկեց ի վերջո քվեարկության դնել հարցը:
Արդյունքում ՕԵԿ-ականների նախաձեռնությունը չընդունվեց՝ 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քարաթափման նշաններ չեն հայտնաբերվել
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին՝ Հեր-Հեր գյուղ տանող խաչմերուկի մոտ, տեղի է ունեցել քարաթափում՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ուսումնասիրվել է ճանապարհահատվածը (նաև հարակից). քարաթափման նշաններ չեն հայտնաբերվել:
Բաց նամակ պատգամավորներին
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ՝
Հրանտ Բագրատյանին,
Լևոն Զուրաբյանին,
Արծվիկ Մինասյանին, և
Նաիրա Զոհրաբյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Նամակը հասցեագրում ենք Ձեզ, քանի որ ԱԺ պատգամավորներից առ այսօր ստացել ենք միայն Ձեր դրական արձագանքը, որի համար շնորհակալ ենք: Դուք լավատեղյակ եք, թե քանի պատգամավոր է դեմ քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» չարաբաստիկ օրենքինու դրա հետագա փոփոխություններին ու լրացումներին: Ձեզանից յուրաքանչյուրը նաև ժամանակին բարձրաձայնել է այդ օրենքի մի շարք թերությունների ու հակասությունների մասին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն
ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր
վճարներին» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսականիրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին:
Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը: Ըստ էության, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար: Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված1 բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում,ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից:
Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ –100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ: Գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է:
Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն:
Դիմում-նամակ ենք հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում: ՀՀ մի շարք 1 Ուսումնասիրելուց հետո 2010թ-ին օրենքի և դրանում հետագայում 2011-2013թթ ընթացքում կատարված փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, դրանց վերաբերյալ քվեարկության արդյուքները, մենք լուրջ մտավախություն ունենք, որ կառավարությունը փորձում է “սահուն կերպով” ավելացնել քաղաքացիների ֆինանսական բեռը, առայժմ բավարարվելով 1974թ.–ից հետո ծնված անձանցով:
քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը), կամ հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար, ապա հավաքել
27 ստորագրություն՝ սահմանադրական դատարան դիմելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ, համարում են իրատեսական նման ստորագրահավաքի նախաձեռնումը:
Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:
Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն:
Խնդրում ենք ներկայացնել մեր նախաձեռնության դիրքորոշումը ԱԺ-ի ամբիոնից՝ մեր անունից խնդրելով բոլոր շահագրգիռ ու մտահոգ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միանալ այս պայքարին և մասնակցել ստորագրահավաքին՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում:
Մենք թույլ չենք տա, որ ԱԺ-ում իր կամակատարներին կոճակ սեղմելու պատվեր տվող կառավարությունը խեղաթյուրի կենսաթոշակային բարեփոխումների էությունը և վտանգի մեր և մեր ապագա սերունդների ճակատագիրն ու ֆինանսական անվտանգությունն իր անտարբեր, ոչ պրոֆեսիոնալ և ոչ իրավաչափ վարքագծով:
Պայքարի զարգացումներին կարող եք հետևել նաև հատուկ ստեղծված http://dem.am
կայքից և ֆեյսբուքյան խմբից՝ https://www.facebook.com/groups/659878787373449/
Հարգանքով՝
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնություն
Փաստաբան Հայկ Գրիգորյան
11/11/2013թ.
Քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ արդեն ավելի քան մեկ տարվա պատմություն ունեցող Երևանի և Ստեփանակերտի համագործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ. «Երևանն ու Ստեփանակերտն այսօր արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարոն Մարգարյան, քանի որ արդեն իսկ շոշափելի են երկու քաղաքների միջև համագործակցության արդյունքները, ինչում, անշուշտ, մեծ է անձամբ Ձեր լուման: Նաև, օգտվելով առիթից, ուզում եմ ստեփանակերտցիների անունից ևս շնորհակալություն հայտնել Ձեզ և Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Ստեփանակերտը ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին պարտավորեցնում է ամրապնդել հայկական երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը. «Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն իսկապես նկատելի է, և վստահ եղեք, որ համաձայնագրում նախանշված բոլոր առաջնահերթությունները կստանան ծրագրային ընթացք և լուծում: Նաև ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել Ստեփանակերտի մեր գործընկերներին՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում կառավարման որակներն էլ ավելի կատարելագործելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքի հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Նոյեմբերի 11-ի առավոտյան Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



