Ուլնեցի-Ռուբինյանց ճանապարհային հանգույցի շինարարությունն ավարտական փուլում է

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը,  «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել ընկերությունների կողմից վթարների վերացման աշխատանքների հետևանքով առաջացած անհարմարությունները և մայրաքաղաքի փողոցների և մայթերի այդ հատվածները բերել պատշաճ տեսքի:

Զեկուցվել է, որ շարունակվում է վերահսկողությունը, ինչպես մայրաքաղաքում ապօրինաշինությունները կանխելու և վերացնելու, այնպես էլ շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ապահովելու ուղղությամբ:

Առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու և վերացնելու, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռևս նկատվող ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը կանխելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվում Երևանի ավագանու կողմից սահմանաված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը չկատարող տնտեսվարողների նկատմամաբ: Հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունն ու, միաժամանակ, հետևողական լինել հատկապես մայթերին և սիզամարգերում կայանած մեքենաների տերերի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու մասով:

Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների մասով զեկուցվել է, որ արդեն պատրաստ է Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի շինարարության երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Զեկուցվել է նաև, որ Կարապետ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների ճանապարհային հանգույցի շինարարությունն արդեն  ավարտական փուլում է:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման ծրագրերի մասով զեկուցվել է, որ մեկնարկած աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում նախորդ շաբաթ շուրջ  3000 ծառ է տնկվել: Հանձնարավել է ծառատունկը շարունակել այնքան ժամանակ, որքան հնարավորություն կտան եղանակային պայմանները: Ծառերի աշնանային էտի մեկնարկի վերաբերյալ զեկույցի մասով հանձնարարվել է էտից անմիջապես հետո հեռացնել թափված ճյուղերն ու մայթերում ու փողոցներում պատշաճ սանիտարական վիճակ ապահովել: Կոմունալ վարչությանը հանձնարարվել է հետևողական լինել սիզամարգերում հավաքված տերևակույտերը ժամանակին տեղափոխելու ուղղությամբ:

Միաժամանակ հանձնարարվել է, օգտվելով եղանակային դեռևս բարենպաստ պայմաններից, ակտիվացնել հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներն ու այդ, ինչպես նաև նախատեսված մյուս տարածքներում մշտադալարների տունկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Tags: