Երեք զոհ Ապարան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը և 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Մեծ պատասխանատվություն է ըմբոստ լինելը

հայրապետյան«Գիշերվա ուշ ժամն էլ լիներ, նա թակում էր դուռս: Երկար-բարակ քիթն արդեն ամեն ինչ ասում էր նրա արիացու տեսակի առանձնահատկության մասին: Ժամերով նստում, նարդի էինք խաղում: Հայհոյող աղջիկ էր: Կնայեր աչքերիս մեջ ու իր ողջ էությունն ի ցույց կդներ` շոշափելով իր աղջկական բարեմասնությունների շարանը: Ես իմ հիշողության փոքրիկ շրջանակում մի տուն էի լղոզել թղթի վրա ու մի գեղեցիկ այգի, որտեղ ամեն ինչ ճիշտ էր ու հրաշք` ինչպես երբեք: Էությունս ափերիս մեջ առած, անընդհատ գնում գալիս էի ու նոր մտքեր հայտնաբերած, փորձում էի մի նոր բան ավելացնել: Մտքիս երևակայության արանքում նոր պատմություն հորինել: Ես` աշխարհից հեռացած, նստել էի գնացքի վագոններից մեկի մեջ, Երևան էի գալիս: Հետո էլ կանգնել էի զուգարանի դռան առաջ ու սպասում էի իմ հերթին: Սիրահարված զույգը ներսից ճանկռոտում է դուռը: Վայրի կանացի աղաղակներն ու սրտաճմլիկ տղամարդկային հևոցը տակնուվրա էին անում բնազդներս: Ես, որպեսզի ավելի չաշխուժանայի, հեռացա տարածքից` շառից, փորձանքից հեռու: Կողքիս նստած հսկամարմին կնոջ որովայնը մրսել էր, ներսից ձայներ էր հանում…»: Այս տողերը հրապարակախոս Արթուր Հայրապետյանի «Դատարկ կոլաժներ» արձակից էին: Մարդ, որը երբեք չի համակերպվում կյանքի սովորական ընթացքի հետ, բայց չի էլ վախենում ուղիղ խոսքի հետևանքներից:

–        Հրապարակախոս, գրող, լրագրող.  ո՞րն է Արթուր Հայրապետյանի առաջին և հիմնական կոչումը:

–           Իմ կոչումն իմ անունն է, ազգանունը, հայ և քրիստոնյա լինելը, իմ ժողովուրդը,  ի վերջո, մարդ մնալը:

–        Եթե չլինեիք ներկայիս Արթուրը, ի՞նչ կլինեիք:

–           Շատ եմ մտածել այդ մասին, բայց պատասխան չեմ գտել: Այլ բան չէր էլ կարող լինել, քան մնալ վերևից ինձ շնորհած կոչմանը հավատարիմ գրող, որը լավ գիտի մարդու առեղծվածը:

–        Ե՞րբ առաջացավ գրչով արտահայտվելու ցանկությունը:

–           Դեռ դպրոցական տարիներին բանաստեղծություններ էի գրում, իսկ հասուն տարիքում` արձակ ստեղծագործություններ: Սակայն ինձ արձակի մեջ ավելի հանգիստ եմ զգում, քան չափածոյի մեջ: Երբ մատներս չաշխատեն, մտքով կգրեմ, իսկ թե միտքս լռեց, կդադարեմ լինել:

–        Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական մտավորականը:

–           Շատ են առիթ-անառիթ մտավորականներին քննադատում: Մտավորական լինելու համար պետք է երկար տարիների կենսագրություն ունենալ: Բայց դե չեն կարող բոլորն իրար նման լինել. մեկն ազնիվ է, մյուսը` շինծու: Մտավորականը բնավորություն ունեցող մարդ է, ազգի կորիզը, սերմը: Ինչպես գցես հողը, այդպես էլ պտուղ կստանաս:

–        Ձևն ու բովանդակությունն ինչպիսի՞ն են մերօրյա կյանքում:

–           Այսօր բոլոր ասպարեզներում ձևն է գերիշխում և բովանդակությունից հեռացել ենք: Սակայն առանց մեկը մյուսի երկար  ապրել չեն կարող:

–        Մի՞շտ  եք ըմբոստ եղել և չեք համակերպվել մարդկային հոգեմթնոլորտին:

–           Այո: Ես չեմ հարմարվում և անընդհատ ընդվզում եմ, բայց ընդդիմանալու, չհամաձայնելու հետ հավատարիմ եմ մնում ինքս ինձ: Մտահոգվում եմ բոլորի համար` սկսած ամենահասարակ մարդուց: Բայց այլ խնդիր է, թե այսօր որքանով է ընդվզող, ազնիվ տեսակն ընդունվում:  Իհարկե, դա ինձ քիչ է հետաքրքրում: Երբեք կեղծության ու շաղակրատության զոհ չեմ գնացել, և ոչ ոք իմ ազատ խոսքը չի կարող լռեցնել՝ ստիպելով ճիշտ խոսքս վիժեցնել ներսում:

–        Ինչպե՞ս  եք վերաբերվում սոցցանցերին:

–           Սոցցանցերն այսօր որոշ մարդկանց համար դարձել են բնակության վայր, ազատ խոսքի և ինքնադրսևորվելու միջոց, անկախ դրական և բացասական կողմերից: Սոցցանցը եկավ և լրացրեց հեռուստացույցը: Այսօր քիչ մարդ է հեռուստացույց դիտում, գիրք կարդում: Եվ կենդանի շփման պակասի հետևանքով ավելի շատ գունազրկվել և զոմբիներ են դարձել:

–        Մարդիկ իսկապե՞ս զոմբիացած են: Գուցե միշտ էլ այդպիսի՞ն են եղել:

–           Իրականում մեզ փորձում են զոմբիացնել, բայց պետք է արթուն մնալ: Մարդը մտածող արարած է, գիտի` ինչն է լավ, ինչը վատ: Եթե զոմբիացած լինելը քեզ ձեռնտու է, հանգիստ այդ պիտակի կրողը կլինես, իսկ եթե ոչ, ինչ քամիներ էլ գան ու գնան, կմնաս այն, ինչին տեր ես:

–        Ինչպիսի՞ն է գրականության դերը XXI դարում, հատկապես` մեր փոքրիկ երկրի համար:

–           Գրականությունը միշտ ունեցել է ուսուցանող, մարդուն հարստացնող, սովորեցնող բնույթ: Բոլոր ժամանակներում էլ եղել են գրողներ, որոնք իրենց լեզվամտածողությամբ և գեղագիտական ճաշակով արժեքներ են ստեղծել: Ուղղակի չեմ փորձի տարանջատել անցյալի և ներկայի գրականությունը, այլ կհավելեմ, որ այն հիվանդին բուժող առաջին դեղահաբն է: Ով ուզում է առողջ մնալ, պետք է սնվի, պետք է հագենա, իսկ այսօր մարդիկ հագենալու միջոց ընտրել են նյութականը ու հեռացել հոգևորից:

–        Նկատե՞լ եք, որ մեզ մոտ, օրինակ՝ երթուղայիններում, հազվադեպ են գիրք կարդում: Ո՞րն է դրա պատճառը:

–           Այն գեղեցիկ մշակույթը, որ առավոտ կանուխ դուրս էինք գալիս կրպակից թերթ գնելու, հետո կարդալով աշխատանքի գնում, կորցրել ենք: Բայց դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է և հնարավոր չէ վերականգնել: Կստեղծվեն նոր մտածողություն, նոր գաղափարներ: Ուղղակի, տա Աստված, որ մեզանից չհեռանանք և ապրենք ոչ թե ուրիշների, այլ՝ մեզ համար:

–        Մի ժամանակ հիասթափված էիք երիտասարդներից: Ձեր կարծիքը չե՞ք փոխել նրանց մասին:

–           Մի ժամանակ, այո, հիասթափված էի: Գուցե շփումս քիչ էր երիտասարդների հետ: Այն, որ կորցրել ենք հայ երիտասարդի կամ, օրինակ՝ բժշկի կերպար ասվածը, դա հաստատ է: Այդուհանդերձ, կան պատրաստված և խելացի երիտասարդներ, որոնց չեմ կարող չնկատել և չգնահատել: Պարզապես կցանկանայի, որ նրանք շատ կարդան և ապրեն իրենց ցանկությամբ՝ չհավասարվելով միջակներին ու պայքարելով վաղվա՝ մեր ապագայի համար:

–           Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ իշխանությունը:

–           Իսկ մեզ մոտ կա՞ իշխանություն, քաղաքականություն: Քանի դեռ իշխանությունն ինքնանպատակ է գործում և ընտրված չէ ժողովրդի կողմից, ոչինչ չեմ կարող ասել:

–        Ձեր գրվածքները հագեցած են բազմանշանակ և բազմաշերտ արտահայտություններով: Որտեղի՞ց եք գտնում դրանք:

–           Չեմ գտնում, դրանք ծնվում են: Եթե պաշար չունենաս, չես կարող գրել: Իմ տեսակով հասարակ, բայց խորը մարդ եմ, դա երևում է իմ գրականության մեջ: Առհասարակ իմ ընթերցողից եմ գնահատական ակնկալում, իսկ գիտելիքներն ու զգացողությունները դուրս եմ մղում իմ միջից ու փոխանցում ընթերցողին՝ միաժամանակ չէժանացնելով, չհարմարեցնելով այսօրվա պահանջներին:

–           Վերջերս լույս տեսավ «Սպասում» պատմվածքների ժողովածուն: Ինչո՞վ է այն առանձնանում Ձեր առաջին գրքից:

–           Առաջին գիրքս հայտ էր գրականության մեջ, իսկ երկրորդ գիրքն արդեն հասուն և մտածող մարդու հավաքական վկայությունն է: Աշխատել եմ ավելի բարձր և հետաքրքիր լինել, խոսքս տեղ հասցնել ընթերցողներին:

–           Ձեր գրվածքներում հաճախ նկատելի է  «էրոտիկ», նույնիսկ յուրօրինակ հումոր: Դա ինքնաբերաբա՞ր է ստացվում, թե՞…

–           Այն, ինչ հուզում է ինձ, դրան միս ու արյուն եմ տալիս, որ մտածել, սովորել և հասկանալ իմանա: Ինչ վերաբերում է էրոտիկ նկարագրին, այն ուսուցանող բնույթ ունի, որտեղ իմ սեռականությունը դիմացինի սեռականությունից տարբեր է: Հենց այդ տարբերության մասին են իմ գրականության մեջ էրոտիկ տեսարանները: Երբեք չեմ մտածել` ինչի մասին գրել, այլ եկել է պահը, կտրվել եմ աշխարհից և զարմանքով հասկացել, որ գրել եմ:

–        Ձեր գրքերի հիմքում սեփական կյանքի պատմությունն ու փո՞րձն են:

–           Իհարկե: Եթե մի բան քո միջով չես անցկացրել, ուրեմն դա արհեստական է ստացվում: Աշխատում եմ գրել մի բանի մասին, որտեղ ես կամ, չեմ կարող ինձ խաբելով խաբել գիր ու գրականությանը, որովհետև ինձ խաբելով՝ խաբում եմ առաջինը հենց ինձ, իսկ ընթերցողն առաջին մարդն է, որը լավ տեսնում և լսում է ամեն ինչ: Եթե լավ տեսնողին, լսողին խաբես, կնմանվես խեղկատակի, որն իրենից այն կողմ ոչ մեկին չի տեսնում:

–           Քանի՞ գիրք, հրապարակումներ և հոդվածներ եք գրել:

–           Բազմաթիվ հոդվածների, էսսեների, կինոսցենարների, ակնարկների և երկու գրքի հեղինակ եմ: Սակայն բանաստեղծություններ քիչ ունեմ:

–        Ի՞նչ կար երեկ, որ այսօր չկա: Եվ ի՞նչ չկար երեկ, որ այսօր նույնպես չկա:

–           Այն ինչ կար նախկինում, այսօր էլ կա: Այն ինչ չկա այսօր, երեկ է եղել: Իրականում քիչ բան է փոխվել: Նախկինում ասել են, որ եթե այսպես շարունակվի, աշխարհը կկործանվի: Անցել են տասնյակ տարիներ և հիմա էլ են ասում: Ուրեմն քիչ բան է փոխվել:

–           Շուտով սպասե՞նք նոր գրքի: Ինչպե՞ս է այն կոչվելու և ի՞նչ է պատմելու:

–           Այո, նոր գիրքս լույս կտեսնի շատ շուտով, որը, կարծում եմ, արգելված գրականության կողքին կդնեն: Իսկ վերնագիրը չեմ ասի, որովհետև կարող է փոխվել ժամանակի ընթացքում:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը. Տիգրան Սարգսյան

Тиграном Саркисян, Таможенному союз, БрюсселՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ ՌԴ հարաբերություններին:
«Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն առնչվել է բարդ մարտահրավերների հետ և մշտապես ստիպված է եղել լուծել անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ: Երբեմն այդ մարտահրավերները բավական արագ հաղթահարվել են, երբեմն էլ մեզանից դարեր են պահանջվել դրանք չեզոքացնելու համար։ Սակայն անկախ ժամանակից և ջանքերից՝ նպատակակետը միշտ հստակ է եղել։ Նույնիսկ աշխարհագրական հեռավորության պայմաններում Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել իր ժառանգությանն ու քրիստոնեական հիմնարար արժեքներին։ Մենք մեր հարաբերությունները ԵԺԿ-ի հետ դիտարկում ենք հենց այս առանցքում»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԺԿ ընտանիքին անդամակցությունը Եվրոպայի հետ համագործակցության խորացմանը միտված մեր ռազմավարության անկյունաքարն է: «Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը, և ձգտում ենք լայն ու համապարփակ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ։ Մեր այս ձգտումը վերաբերում է համագործակցության բոլոր ուղղություններին. պետական շինարարություն, արդյունավետ կառավարում և ժողովրդավարություն, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական և առևտրային գործունեություն, անվտանգություն և ռազմական խնդիրներ, մշակույթ, կրթություն և այլն։ Եվրոպական մեր գործընկերների օգնությամբ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով: Համագործակցությունը Եվրամիության հետ մենք չենք դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում: Մենք կտրականապես մերժում ենք նման մոտեցումը: Խոսքը չի վերաբերում մաքսային սակագներին և տեխնիկական կանոնակարգմանը: Հայաստանը, լինելով շրջափակման մեջ և ունենալով թշնաբար տրամադրված հարևան, չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության ապահովման հիմնախնդիրը և հարցականի տակ դնել Ռուսաստանի Դաշնության հետ կենսական նշանակություն ունեցող իր ռազմավարական դաշինքը, որի վրա է խարսխված մեր երկրի անվտանգության համակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարի խոսքով` «Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և ամրապնդումը մի կողմից և Մաքսային միությանը միանալը մյուս կողմից մենք չենք կարող դիտարկել որպես իրարամերժ գործընթացներ, այլ դիտարկում ենք որպես փոխլրացնող»:

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են 35 առաջնորդների հեռախոսազրույցները

iԱՄՆ ազգային անվտանգութան գործակալությունը զբաղբվել է աշխարհի 35 առաջնորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմամբ: Տեղեկություն կա, որ օտարերկրյա քաղաքական գործիչների հեռախոսահամարները գործակալությանն են տրամադրել ամերիկյան պաշտոնյաները: Նրանցից մեկն, օրինակ, միանգամից 200 հեռախոսահամար է հայտնել հատուկ ծառայություններին, այդ թվում` պետությունների ղեկավարենրի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվում է Գերմանիայի կանցլեր Մերկելի հեռախոսը, սակայն ԱՄՆ նախագահ Օբաման հերքեց այդ տեղեկությունը:

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներ

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներՀոկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան – Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34 SV 745 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.-ը, 1965 թ. ծնված Գ. Գ.-ը, 2003 թ. ծնված Մ. Ա.-ը և 2002 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 և «ՎԱԶ-2121» մակնիշի 370 LO 64 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1969 թ. ծնված Ռ. Հ.-ը և 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել են, իսկ Ա. Գ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Վարորդ 1985 թ. ծնված Ա. Գ.-ը և ուղևորուհի՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ուղևորներ` 2012 թ. ծնված Ն. Գ.-ը  և 2009 թ. ծնված Մ. Գ.-ը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նախագահը Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին

 Սերժ Սարգսյան,Բելառուս,Մաքսային միություն,Միասնական տնտեսական գոտի

 Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են: Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

 

Հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ

241013KaspsikԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

595. Minister Nalbandian at the CIS ministerial meeting 24.10.2013ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին մասնակցեց Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացան 2015 թվականը ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև մարդկանց առևտրի, հանցավորության, թմրամիջոցների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համատեղ միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերը:

Արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց մինչև 2020 թվականը զբոսաշրջության բնագավառում համագործակցության Ռազմավարության նախագծին, որտեղ ամփոփված են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները, Համագործակցության միասնական տարածք ձևավորելու մեխանիզմները:

Նիստի ընթացքում քննարկվեցին «2014 թվականին Ղազախստանի Հանրապետությունում (Ալմաթի) և Ղրղզական Հանրապետությունում (Օշ) քաղաքները «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման մասին» որոշումների նախագծերը:

 

Աշխատանքային քննարկում` Երևանի և Մարսելի քաղաքապետարանների պատասխանատուների մասնակցությամբ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետԵրևանի և Մարսելի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրում ներառված ոլորտների ծրագրային գործողությունների պլանի աշխատանքային քննարկմանը մասնակցել են Երևանի և Մարսելի քաղաքապետարանների՝ համաձայնագրում ընդգրկված ոլորտների ստորաբաժանումների ղեկավարները՝ երկու քաղաքների փոխքաղաքապետերի գլխավորությամբ։

“Ստորագրված համաձայնագրում նշված ոլորտներում համագործակցության առաջնայնություններն ու ուղղվածությունները ուրվագծելով՝ հետագա քննարկումներն ու բուն ծրագրերն ավելի տեսանելի և գործուն կդարձնենք՝ չհետաձգելով գործողությունների ծրագրի մշակում”,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Կողմերը ներկայացրել են նաև նշված ոլորտներում մինչ այժմ ձեռքբերած տարաբնույթ ծրագրերին մասնակցությունը և տարաբնույթ համագործակցությունները ու նախանշել համագործակցության հաջողությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչոյթյուն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները նշում են ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձը

մակՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր ռազմավարական գործընկերների՝ կառավարական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ միասին այսօր տոնում է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձը:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՄԱԿ-ը կազմակերպել է զանազան իրազեկման միջոցառումներ ամբողջ երկրում. Գյումրու կենտրոնական գրադարանում ՄԱԿ-ի նոր անկյան բացում, ՄԱԿ-ի նյութերի բաշխում շրջիկ գրադարան-ավտոբուսով, բազմաթիվ քննարկումներ երիտասարդների հետ, ուսումնակրթական միջոցառումներ տարբեր համալսարաններում և ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի հրավիրում:
Տոնակատարության գագաթնակետը ՄԱԿ-ի Լրագրողական մրցանակաբաշխության արարողությունն էր, որտեղ երկու լավագույն լրագրողներ մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքին վերաբերող հարցերի մասնագիտական լուսաբանման համար: «Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի ընդհանուր լուսաբանում» անվանակարգում հաղթել է Մարթա Հախնազարյանը՝ «Գոլոս Արմենիի» օրաթերթից, ով ստացել է պլանշետ և հատուկ վկայական: «Հայաստանի մարզերում ՄԱԿ-ի աշխատանքի լուսաբանում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիա Խոջոյանը՝ Panorama.am և WomenNet.am լրատվակայքերից, ով նույնպես ստացավ պլանշետ և վկայական: Մրցույթի առավել աչքի ընկած մասնակիցները նույնպես ստացան վկայականներ ու նվերներ, որոնք օգտակար կլինեն նրանց մասնագիտական աշխատանքում: ՄԱԿ-ի փորձագիտական ֊ժյուրին հաղթողներին ընտրել էր հենվելով լուսաբանման խորության, լրագրողների պրոֆեսիոնալիզմի, ՄԱԿ-ի մանդատի մասին գիտելիքների, հայաստանյան համատեքստում հարցի կարևորության և տեսլականի վրա:
ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ Բրեդլի Բուզետտոն ասաց. «Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ստեղծումից ի վեր, ՄԱԿ-ի ընտանիքի տարբեր գործակալությունների համատեղ ջանքերի շնորհիվ, մենք համեստորեն կարող ենք խոսել երկրի առաջխաղացման գործընթացում ՄԱԿ-ի շոշափելի ներդրման մասին, որն իհարկե կշարունակվի: Մեր գործունեության ոլորտը բազմազան ծրագրերի միջոցով բավական ընդարձակ է, հատկապես ուղղված խոցելի խմբերին: Ինչևէ, մեկ բառով մենք վճռականորեն կարող ենք ասել, որ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի աշխատանքի հիմնական նպատակը ժողովուրդն է և, հատկապես, նրա խոցելի հատվածները»:
Այլ գործընկերներ ևս խոսեցին ՄԱԿ-ի ունեցած կարևոր դերի մասին՝աջակցելու երկրի ջանքերին առաջ մղելու կայուն մարդկային զարգացումը, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման տեղայնացված նպատակներին:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին, այդ թվում կառավարությանը, քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ իրենց համագործակցության և օժանդակության համար:
1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 68 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին, նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնկացել է նաև ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծելով հայ–ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում ստորագրվելիք նոր թարմացված համաձայնագիրը էլ ավելի կնպաստի կոնկրետ ոլորտներում երկու համայնքների միջև ներկայիս համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը ։

«Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաև մեր փոխայցերը: Օրեր առաջ Վալանսում Հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համաժողովի ընթացքում գոհունակությամբ արձանագրեցի, որ Մարսելի հետ մեր համագործակցության ձևաչափը հաջողված ու հեռանկարային է։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մարսելի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող աջակցության և ուշադրության համար, ինչը մեզ համար շատ կարևոր է: 2012-ին մեր երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Մարսել կատարած մեր այցի ընթացքում տպավորված էինք Ձեր քաղաքով և ջերմ ընդունելությամբ: Վստահ եմ, որ Դուք ևս Երևանից Մարսել կվերադառնաք լավ տպավորություններով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Երևանը մեր լավագույն գործընկերն է, և մեզ համար իսկապես կարևոր է համագործակցության ընդլայնումը: Սրտանց ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ի դեպ, այսօր արդեն հասցրել եմ շրջել Երևանում և պետք է հաճույքով արձանագրեմ, որ հնամյա պատմությամբ Ձեր իսկապես շատ գեղեցիկ քաղաքը, իրոք հաճելի տպավորություն է թողնում: Իմ նախորդ այցից հետո Երևանը շատ է փոխվել ու փոխվել է դեպի լավը: Այն այսօր զարգացած քաղաք է, ու այդ ամենում ես տեսա հենց Ձեր սրտացավությունն ու ջանքերը, պարոն քաղաքապետ, ինչի համար և՛ շնորհավորում եմ, և՛ շնորհակալ եմ»,-նշել է Ժան-Կլոդ Գոդենը և հավելել, որ ստորագրվելիք համագործակցության նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային հարաբերությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանրային խորհուրդը սպասում է Կոնցեսիոների փաստաթղթերին

ՀԽ փոքր խորհրդի նիստԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, ՀԽ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստումը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օրենքի նախագծի որոշ փոփոխություններ, որոնք քննարկվել են խորհրդի անդամների կողմից:

Առաջարկվել է նաև օրենքի նախագիծը տեղադրել ՀԽ պաշտոնական կայքում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա իր տեսակետներն ու առաջարկները հայտնել դրա վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀԽ նախագահի կողմից խորհրդի անդամներին առաջարկել է պատրաստել և ներկայացնել հարցեր, որոնք կարող են ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ: Լիագումար նիստի օրակարգային հարց է համարվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը, որի վերաբերյալ մինչ այդ Հանրային խորհրդում պետք է քննարկումներ տեղի ունենան:

Օրակարգի երրորդ հարցի քննարկումը, որը վերաբերում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, սահմանափակվել է ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից հարցին առնչվող առկա տեղեկատվության ամփոփ ներկայացմամբ, մասնավորապես՝ ՀԽ 4 ենթահանձնաժողովների քննարկումների արդյունքների, մամուլում տեղ գտած ուշագրավ հրապարակումների, ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ:

Ցավոք, խորհրդի անդամները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նաև հակառակ կողմի՝ Կոնցեսիոների տեսակետի հետ, որպեսզի պատկերն ամբողջական և հստակ լինի: Մինչդեռ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում որոշվել էր, որ հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար պետք է ուսումնասիրել նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը, լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, և այդ նպատակով հոկտեմբերի 14-ին Հանրային խորհրդի կողմից պաշտոնապես դիմում էր հղվել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ ստանալու համապատասխան  փաստաթղթերը (մաստեր պլան, Կոնցենսիոների կողմից Երևան քաղաքի ճարտարապետական հանձնաժողովին ուղղված դիմում և այլն):

ZvartnocՈւստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել սպասել Կոնցեսիոների կողմից այդ փաստաթղթերի տրամադրմանը, որպեսզի դրանք ուսումնասիրելուց և հակառակ կողմի տեսակետը լսելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների) քննարկման էր դրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի  պահպանման կամ քանդմանը հարցը, և ենթահանձնաժողովները կառույցը քանդելու վերաբերյալ բացասական կարծիք էին տվել՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Անձնագրային ծառայության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը

անձնագիր Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:

Եթե քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում չընդունի իր կուսակցության ներկայացրած նախագիծը, դա խորտակված թիմ է. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի փոփոխության մասին նախագիծի շուրջ ԱԺ ՀՀԿ խմբակցության կարծիքը

ներկայացրեց խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը. ՛՛Սա լուրջ նախագիծ է: Երկար տարիներ աշխատել ենք այս նախագծի համար:
Մի անձնավորեք, սա մեր աշխատավարձը չէ, սա Գալուստ Սահակյանի աշխատավարձը չէ: Մենք հավերժորեն էստեղ
պատգամավոր չենք լինելու: Սա պետության արժանապատվության խնդիրն է: Ինչ վերաբերում է նրան, որ որոշ պատգամավորներ գտնում են, թե
իրենք որևէ բան չեն արել ժողովրդի համար, այսպես ասեմ՝ դու չես արել՝ ավելացված աշխատավարձը տուր հարևանիդ, տուր մանկատներին:
Բայց չէ՞ որ շատ պատգամավորներ տարվա վերջին չեն կարողանում բենզինի հարց լուծել: Ձեզնից ոմանք էլ մեջ բերեցին այն, թե ԱԺ-ում
գրեթե չեն եղել նախագծեր, որ կբերվեն իշխանության կողմից, իսկ խորհրդարանը չի ընդունի դրանք: Եթե քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում
չընդունի իր կուսակցության ներկայացրած նախագիծը, դա խորտակված թիմ է՛՛:
—
Լարա Առաքելյան

 

ՀՀ արդարադատության նախարարությունը համարում է, որ ՀԱՕԿ-ը փորձում է գերազանցել ի իրավունքները

վոլեյբոլ26990ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը պարզաբանում է ներկայացրել` ի պատասխան հարցումների՝ արդյո՞ք «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել և փորձել պարզաբանել, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները  կախվածություն ունեն ՀԱՕԿ-ից:

Ներկայացնենք նաև ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը.

«1. ՀԱՕԿ-ը իրավաբանական անձանց միություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առևտրային կազմակերպություններն` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով: Սակայն, պետք է ի գիտություն ընդունել նաև, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Այսպիսով, անկախ նրանից, որ «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիան» (այսուհետ՝ ՀՎՖ) մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել  ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում և բոլորը վերաբերվում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը և այլն:

2. ՀԱՕԿ կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերարտադրում է Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի դրույթները, ամրագրված է, որ «1. ՀԱՕԿ-ի կազմի մեջ մտնում են.

1.1 Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին  /առնվազն այդ կարգի ազգային ֆեդերացիա,/  եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում և միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակերպում և մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր: Յուրաքանչուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել միայն մեկ ազգային ֆեդերացիա»:

ՀԱՕԿ-ի կանոնադրության 16-րդ հոդվածը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու և նրան անդամագրվելու համար` մարզաձևի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևի միջազգային ֆեդերացիային և վարի օլիմպիական խարտիային և տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապա¬տասխան գործունեություն»: 

Այսպիսով, իրականում կազմակերպությունները պետք է նախ անդամակցեն միջազգային ֆեդերացիաներին, և նոր միայն անդամակցեն կամ ճանաչվեն ՀԱՕԿ-ի կողմից:

Իսկ Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1.2. կետի համաձայն

«1. Անկախ իրենց կառուցվածքից, ԱՕԿ-ները պարտավոր են ընդգրկել… 1.2. այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերը համակարգող միջազգային ֆեդերացիաներին»:

Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»:

 

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետ

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետՀոկտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամարա Սանիկիձեի հետ:

                Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  ՀՀ դեսպանը նշեց, որ կրթության եւ գիտության ոլորտներում հայ-վրացական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է, եւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության եւ գիտության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, Վրաստանում գործող հայկական դպրոցների, հայոց լեզվի դասավանդման, հայալեզու դպրոցների համար կադրերի պատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

 

Այս իշխանությունը խորհրդարանին իր կցորդն է համարում. Նաիրա Զոհրաբյան

նաիրա զոհրաբյանԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը այսօր ԱԺ-ում, ներկայացնելով իր խմբակցության վերջնական դիրքորոշումը

պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի փոփոխության նախագիծի մասին, ասաց. ՛՛Այս իշխանությունը խորհրդարանին
իր կցորդն է համարում: Քանի՞ անգամ է եղել դեպք, երբ մենք մերժել ենք իշխանության բերած նախագծերը: Ես կարող եմ հիշել
եզակի դեպքեր, որոնց կեսը պատահականություն են եղել, և հետագայում օպերատիվ կերպով վերականգնվել է ՛՛պատմական արդարությունը՛՛:
Նման պայմաններում իշխանությունից պահանջել հարգել սահմանադրությունը, անիմաստ է, մենք ինքներս ենք նրան անկառավարելի դարձրել:
Ինչքան բարձրացավ աշխատավարձը դատական ոլորտում, այնքան աճում է իրավական համակարգի նկատմամբ անվստահությունը, աճում է կոռուպցիան:
Մտածելը, թե այս օրինագիծը կպայքարի կոռուպցիոն ռիսկերի աճի դեմ, դիլետանտիզմ է և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՛՛:

—
Լարա Առաքելյան

Վերջին Ինը ամսվա ընթացքում վերին Լարսի անցակետով Հայաստանի սահմանը հատել է 160000 հայ, դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանԱԺ-ում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին օրինագծի շուրջ ամփոփիչ ելույթ ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ

Արամ Մանուկյանը, ում երկար տեքստից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը: Նա մասնավորապես ասաց.
՛՛Կառավարությունը սխալ գործեց Զբաղվածության մասին օրենքի քննարկումից անմիջապես հետո քննարկման դնելով այս օրինագիծը:
Անգամ եթե ընդիմադիր պատգամավորների վախերը արդարացված չեն, տպավորությունը այնպիսին է, թե պատգամավորներն իրենց աշխատավարձը
բարձրացնում են գործազրկության նպաստների հաշվին: Այնուամենայնիվ, ասեմ, որ խոցելի շերտերի նկատմամբ բեռը, այս օրինագծի ընդունմամբ,
ավելանալու է, որովհետև սոցիալական ծրագրերի ու թոշակների տասնհինգ տոկոս ավելացումը գների թանկացման ֆոնին ադեկվատ չէ:
Սոցիալական բեռի ավելացումը այս ծրագրերից արագընթաց է: Այս ձևով չեք կարող լուծել մարտահրավերները, որ վերաբերում են
կենսամակարդակին, բյուջջեին և այլն: Դրա ապացույցը թվերն են: Ձեզ թվերով կարող եմ ջարդել, լուրջ եմ ասում: Վերջին Ինը ամսվա
ընթացքում վերին Լարսի անցակետով Հայաստանի սահմանը հատել է 160000 հայ, դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին, որևէ արտադրություն
կազմակերպողին:
Հարկային օրենսդրությունը սիրում է կոշտություն, սա օրենք է, իսկ մենք ի՞նչ ենք անում. հինգ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկը
փոփոխվել է 67 անգամ, մեղք չի՞ տնտեսվարողը: Սա ջարդ է բիզնեսի նկատմամբ: Հդմ-ի մասին օրենքը տասը անգամ փոխել եք: Ինչի՞ համար:
Ինչու՞ եք ճնշում պարտաճանաչ հարկատուներին, երեք անգամ հդմ-ի սարքը փոխելու քաղաքականությունը ճի՞շտ է արդյոք: Փոքր ու միջին բիզնեսը
Ձեզ սնողն է, իսկ դուք նրան սնանկացնում եք, սոցիալական լարվածությունն եք մեծացնում՛՛:

—
Լարա Առաքելյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի գործընկերոջը

001Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր–քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Մարսելի քաղաքապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն համագործակցության շրջանակները. «Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության  21-ամյա պատմությունն է: Այսօր մենք կթարմացնենք երկու քաղաքների միջև առկա համագործակցության համաձայնագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր տասնամյակների պատմության մեջ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենն իսկապես սպասված և ցանկալի հյուր է Երևանում:

Մարսել քաղաքի սենատոր–քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքաների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը. «Մեր երկու քաղաքների ներուժն այսօր իսկապես շատ ավելին է, քան 21 տարի առաջ էր: Ստորագրվելիք նոր համաձայնագրով վստահ եմ, նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանն ու իրականացվելիք ծրագրերում կընդրկենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ»,- նշել է  Ժան – Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն