ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Միչիգանում ակնաբույժն իր հիվանդների տեսողությունն ստուգելու բավականին ինքնատիպ եղանակ է հորինել: Երբ տեսողական խնդիրներ ունեցող կանայք գալիս էին բժշկի մոտ, նա իջեցնում էր տաբատն ու ցուցադրում իր սեռական օրգանները: Կանայք սարսափած դուրս էին թռչում նրա առանձնասենյակից: Շուտով բժշկին կալանավորեցին:
Գեղեցիկ հնչողությամբ ` Ռոբերտ Էմմեթ Դեք Երրորդ անունով 42-ամյա բժիշկը, պարզվեց, այլասերված է: Նա քանիցս հիվանդներին իր առանձնասենյակ է տարել, ապա նրանց առջև իջեցրել տաբատը: Բժշկի անառողջ հակումը վերջերս է բացահայտվել, երբ կանանցից մեկը ոստիկանություն դիմեց:
33-ամյա կնոջ խոսքով, բժիշկն իրեն կոնտակտային լինզաներ է նշանակել ու հաջորդ օրը կանչել կլինիկա: Երբ կինը մտել է, հասկացել է , որ ինչ- որ բան այն չէ: Բժիշկն իրեն տարօրինակ է պահել: Հանկարծ նա վեր է կացել, իջեցրել տաբատը ու հանելով տղամարդկային արժանիքը` ձեռնաշարժությամբ զբաղվել:
Կնոջը նա , բարեբախտաբար, չի դիպչել: Կինը հայտնել է ոստիկանություն, իշխանությունները հայտարարություն են տարածել, որով խնդրել են “խաբված” հաճախորդներին չամաչել ու հայտնել տեղեկություններ:
Հոկտեմբերին ակնաբույժին ձերբակալեցին, սակայն ինչ պատիժ է նրան դրա համար հասնում, չի տեղեկացվում:
Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ըԵրևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:
ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:
Փաստաթղթում մասնավորապես նշված է.
-մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը,
-դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը:
ԵԴԽԽ լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը մասնավորապես նշեց. «Քննարկվող փաստաթուղթը կոչված է ապահովել հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, իսկ մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր կարծիքը ունենալու և արտահայտելու ազատության, զանգվածային լրատվության գործառույթի` հանրությանը իրազեկել գործի քննության ընթացքի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև։Մեզ համար չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը` դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման, վստահության ռեսուրսի ամրապնդման, քրեական քաղաքականությանը հասարակության աջակցման գործում:
Այս հավասարակշռության ապահովումն անհրաժեշտ է մեկ ընդհանուր վերջնանպատակի` այն է`.մարդու իրավունքների և հիմնական ազատությունների անվերապահ ապահովման համար»:
Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ:
Լիագումար նիստի անցկացումը Երևանում հատկապես կարևորվում է Եխ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:
ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին: Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երևանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երևանի Հռչակագիրը»:
ԵԴԽԽ-ն ստեղծվել է 2005թ.` ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ և հանդիսանալով ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին` կոչված է Քրեական Գործերով Եվրոպական Կոմիտեի համար մշակել Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եզրակացություններ` հանձնարարականի կատարմանը նպաստելու և Եվրոպայի դատախազական համակարգերի գործառույթների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին:
Մինչ այժմ ԵԴԽԽ-ի կողմից ընդունվել է 7 կարծիք`
1. «Քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման միջոցները»
2. «Քրեական հետապնդման այլընտրանքները»
3. «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս»
4. «Բորդոյի հռչակագիր»
5. «Երեւանի հռչակագիր»
6.«Դատախազների եւ քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ»
7. «Դատախազական ծառայության ռեսուրսների կառավարում»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ
են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կուղեկցվի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Երիտասարդ կոմպոզիտորները կարող են մինչև հոկտեմբերի 18-ն Աբովյան 50/5 հասցեով ներկայացնել իրենց էստրադային ժանրի ստեղծագործությունները՝ նոտագրված։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն գործերը կընդգրկվեն համերգային ծրագրում։ Երեկոյի ընթացքում երաժշտական ստեղծագործությունները կներկայացնեն հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողները։
Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին՝ նրանց ներկայացնելով լայն հանրությանը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010545802 (ներքին՝ 16)։
Նշենք, որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոն կազմակերպվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:
Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով այս գրքի իրապես համազգային նշանակությունը և տեղեկատվական առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է ամբողջությամբ ֆինանսավորել «Երկիր դրախտավայրի» հրատարակությունը: Ստեղծվել է ստեղծագործական-հրատարակչական ախատանքային խումբ՝ «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված են նաև ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը և Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական և այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ և թե միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով: Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում, երբ հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները, շատ կարևոր է ներկայացնել այն, ինչ ունենք, ինչը փաստ ու իրականություն է, ի տարբերություն մեր որոշ հարևանների, որոնք պարբերաբար փորձում են իրականության տեղ անցկացնել չեղածն ու հնարովին: Նաև այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ:
Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների գրադարաններին:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:
Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից Ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է: Այնուհետև Ծառայության մասնագետները ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ իրականացրել են բակային այցեր, կենդանիների շրջանում իրականացվել է կլինիկական զննում՝ հիվանդ կենդանիներ հայտնաբերելու համար:
Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:
Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ փոխնախագահի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հանդիպումը Տավրիկյան պալատում:
Հոկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Bestanuce 1» լրատվական կայքում հրապարակված լուրի համաձայն՝ հայազգի արվեստագետ, գրող, դիվանագետ Շառլ Ազնավուրը խոսել է Հայոց ցեղասպանության հարցի մասին: Ազնավուրը, նշելով, որ թուրքական կառավարության թերությունը Հայկական հարցի անտեսումն է, ասել է. «Հայկական հարցից են խոսում, սակայն այն իրականում Թուրքական հարց է»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ազնավուրի՝ Թուրքիայում համերգով հանդես չգալու պատճառը հայ-թուրքական տարաձայնություններն են, երգիչը պատասխանել է. «Թուրքիայում լրագրողների, գրողների հետ կապեր ունեմ: Սակայն գիտեմ, որ այնտեղ երգել չեմ կարող, քանի որ և՛ թուրքերին, և՛ հայերին հնարավոր է անհանգստացնեմ: Բայց ես բաց մտածելակերպով և բաց սրտով մարդ եմ և կուզենայի, որ նրանց հանդիպելիս նրանք էլ նման հայացքներ ունենային: Թուրքիային երբեք ոչ չեմ ասի, քանի որ այն իմ մոր հայրենիքն է»:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցի և Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ հարակից առվակում, անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները առվակից դուրս են բերել Ս. Վ.-ի դին (ծնվ. 1981 թ.):
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Գյումրիում էր և լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գյումրու “Սև բերդ” ամրոցի շինարարությանը: Թեև շաբաթներ առաջ նախարարությունը նշել էր շինաշխատանքների դադարեցման մասին, այնուամենայնիվ, տարածքում ինչ-որ աշխատանքներ կատարվում են:
“Իմ աշխատողներն ինձ ասացին, որ նախագիծը նոր է բերվել մշակույթի նախարարություն: Մենք նախագիծը կհաստատենք և ըստ այս նախագծի կկատարվեն շինարարական աշխատանքները: Հիմա աշխատանքները կանգնեցված են”, – հայտարարեց Հասմիկ Պողոսյանը:
Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե շինարարությունն ընթանում է, նախարարը հավելեց. “Ես հիմա այնտեղով կգնամ ու կնայեմ: Նախորդ անգամ էլ ինձ նույն հարցը տվեցին և ես ասացի` դադարեցրել ենք աշխատանքներն ու սպասում ենք նախագծին: Նախագիծն օրերս նոր ներկայացվել է մշակույթի նախարարություն: Համենայնդեպս, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր իրականության մեջ չի եղել դեպք, երբ մշակույթի նախարարությունը սխալ նախագծի տակ դնի իր ստորագրությունը կամ տա իր համաձայնությունը: Մյուս կողմից ես նաև ողջունում եմ բոլոր այն խմբերին ու անհատներին, ովքեր հետևում են այդ գործընթացներին ու մեզ տեղեկացնում”:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»:
Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:
Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում: