Նորք-Մարաշ վարչական շրջանը նշում է իր տոնը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև տոնին մասնակից բոլոր երևանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ:
Հին ու նոր Նորք-Մարաշը կամրջող յուրօրինակ դրսևորում էր նաև եկեղեցու բակում բացված նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հին Նորքի ստեղծման պատմությունն ու ժամանակակից նկարիչների աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ներկայացված գործերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նորքմարաշցիներին, այնուհետ ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմ է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նորք-Մարաշի տոնին յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում նաև պսակադրվող զույգերի այցը եկեղեցի, որոնց, օգտվելով առիթից, շնորհավորել ու երջանկություն է մաղթել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Օպել» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՍեպտեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորուհիները դեպքի վայրում բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

 

Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:

3 (2)Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված պաշտպանական ոլորտին առնչվող ծրագրերը:

1 (2)Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում:

 

 

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԺՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

4004Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին և հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում:

Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»

Samson1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում:  Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:

Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա  կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես, իսկ ինձ համար դա դժվար էր, չնայած որ փոքր տարիքում էի գնացել»:

Սամսոնը ֆինանսիստ է, «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն, ինչպես նաև AInsights.com կայքի հիմնադիրը: Ոլորտը, որով զբաղվում է, Հայաստանում շատ թույլ է զարգացած` ֆինանսական ներդրումներ և խորհրդատվություն: Ուստի մինչ Հայաստան գալը լավ ուսումնասիրած լինելով հայաստանյան շուկան, մշակել է մի բիզնես մոդել, որով հնարավոր կլիներ, ապրելով Հայաստանում,  գործունեություն իրականացնել ողջ աշխարհում: Դա էր պատճառը, որ իր ընկերությունը հիմնեց դրսում, և պատվիրատուների մեծ մասն էլ դրսից է:

Խոստովանում է, որ եթե աշխատանքն այնպիսին լիներ, որ ստիպված լիներ մնալ արտերկրում, միգուցե չվերադառնար: «Հայաստանում պետք է ստեղծվի այն բիզնես միջավայրը, որ մարդիկ հետ գան, հակառակ դեպքում շատ քչերն իրենց կարիերան կզոհաբերեն»:

Ի դեպ, Սամսոնը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է եղել: Նրա կարծիքով` հիմնադրամը բավականին լավ արդյունքներ է ունեցել այն առումով, որ սովորածների զգալի մասը հետ է վերադարձել, բայց կարծում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլորը հետ գան. «Եթե դու գնում ես, ստանում այն դիպլոմն ու կրթությունը, որը Հայաստանին այս պահին պետք չէ, ապա անիմաստ է վերադառնալը: Դրա համար էլ պետք է պետությունը բիզնես սեկտորի հետ համագործակցի, հասկանա` ինչ մասնագետներ են պետք և այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստի դրսում»:

Չնայած Եվրոպայում ապրելը մշակութային առումով դժվար է հայերի համար, հատկապես, եթե ուզում ես հայությունդ պահպանել, այնուամենայնիվ, աշխատանքային առաջընթաց ապահովելու հնարավորությունը շատ մեծ է:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Եվրոպայից: 18 տարի դրսում ապրելուց և Հայաստան վերադառալուց հետո է միայն հասկացել, թե որքան արդյունավետ էին այն քայլերը, որ տարվում էին այնտեղ պետական կառավարման ոլորտում: «Երևանը Նյու Յորք կամ Լոնդոն չէ, հնարավորությունների առումով համեմատելի չէ, բայց սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում, և ամեն մի լավ քայլդ, որ անում ես, նպաստում է քո ժողովրդին, քո երկրին: Այդ առումով Հայաստանն անփոխարինելի է: Երեխաների համար էլ է այստեղ լավ, կարծում եմ` ուսումն էլ բարձր մակարդակի վրա է դրված, կան լավ դպրոցներ, համալսարաններ»:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանը փոքր երկիր է, զարգանալու տեղ շատ ունի, և երիտասարդ հայրենադարձը կարծում է, որ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կառավարման մշակույթի առումով մեր երկիրը պետք է օրինակներ վերցնի զարգացած երկրներից, սակայն հասկանալով, թե որ երկրից որ օրինակն է վերցնում:

Անդրադառնալով վերջին շրջանում ամենամեծ քննարկումների առիթ դարձած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` Սամսոնը կարծում է, որ Հայաստանի համար այս պահին օբյեկտիվ որոշում կայացնելը դժվար էր, ուստի ընտրվեց այդ ճանապարհը: Իսկ օբյեկտիվ որոշում կայացնել չկարողանալը, ըստ նրա, հետևանք է վերջին 20 տարիների տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականության. «Ցավոք, անկախությունից հետո մենք չկարողացանք մեր տնտեսությունն այնքան զարգացնել ու հզորացնել, որ կարողանայինք անկախ որոշում կայացնել»:

Արտագաղթի մասին խոսելիս ժամանակին այդ ճանապարհը բռնած ծնողների զավակը չի մեղադրում հեռացողներին, քանի որ իր ընտանիքի փորձից գիտի, թե որքան դժվար է հեռանալը. «Ոչ ոք չի ուզում դա անել, ստիպված է անում, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ դու քեզ զգաս բուն երկրի քաղաքացի, երկրի մի մաս: Դու դա կարող ես զգալ միայն քո երկրում, պարզապես պետք է քո երկիրը բարենպաստ միջավայր ստեղծի դրա համար»:

Նա համոզված է, որ ամենակարևոր բանը, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը, հույսն է: Եթե մարդիկ տեսնեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ գնում, ճիշտ որոշումներ են կայացվում, ապա նույնիսկ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվելով` կհամբերեն ու չեն հեռանա: «Ցավոք, վերջին շրջանում որոշ քայլեր արվեցին, որոնք հարցականի տակ դրեցին այդ հույսը»,- նկատում է նա:

Միակ տարբերակը, որպեսզի արտագաղթը կանխվի, և գնացածները հետ գան, Հայաստանում բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Ավելին, այդ ժամանակ Հայաստան կգան նաև Սփյուռքի կարող ուժերը, իսկ մարդկային ռեսուրսն ամենակարևոր ներդրումն է երկրի զարգացման գործում. «Եվ եթե իսկապես Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, ստեղծվի այդ հույսը, և Սփյուռքի ներուժը գա Հայաստան, ապա մեր երկիրը հսկայական թռիչք կարող է ունենալ: Փակ սահմաններ, պատերազմ և այլ խնդիրներ ունեն բոլոր երկրները: Կարելի է այնպիսի ոլորտներ զարգացնել, որոնք կախված չեն այդ խնդիրներից»:

Սամսոնի առաջնեկը ծնվել է Հայաստանում, և Հայաստան գալիս նա հույս է փայփայել, որ իր երեխան կմեծանա այստեղ ու իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Բայց մի ցավոտ հեռանկար, այնուամենայնիվ, նրան հետապնդում է. «Եթե գա մի պահ, որ զգամ` մենք ավտորիտար երկրների օրինակն ենք վերցնում, բարեփոխումներ չեն արվում, չէի ուզենա, որ իմ երեխան հայտնվեր այն իրավիճակում, որում ես ու իմ ընտանիքը հայտնվեցինք 90-ականների սկզբին և ստիպված եղանք լքել Հայաստանը»:

Սամսոնը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում տեսնելով երիտասարդ առողջ սերունդ` հավատում է, որ հնարավոր է պայքարել և երկիրը բարեփոխել: «Երկիրը լքելը մի տեսակ պարտվողական քայլ է, դա պետք է լինի ամենավերջին տարբերակը, երբ ամեն ինչ փորձել ես ու սպառել պայքարի բոլոր ձևերը: Միգուցե օր գա, որ ես էլ նման որոշում կայացնեմ, բայց այսօր բոլորս պետք է ազդենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, դա ոչ ոք երկնքից մեզ չի տալու: Ես այստեղ եմ, որպեսզի ազդեմ…»:

 

«Չէ՛, լավ ՄՄ արեց Զառան…Հավեսով…». Երևանի նախկին փոխոստիկանապետ

16522Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որբ բավականին ակտիվ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջադեպին.

«Սպասում էի ռուս սահմանապահների և Զարուհի Փոստանջյանի միջադեպով կրքերը մի փոքր հանդարտվեն նոր անդրադառնամ այդ թեմային…Չեմ արդարացնում ռուս սահմանապահներին, նրանք իրենց ռսությունը ամեն տեղ անում են: Կարծում եմ նաև, որ սահմանային գոտում ելնելով օպերատիվ իրավիճակից, հավանաբար նրանք նման գործողություններ կատարելու իրավունք ունեն: Հուսանք…

Բայց ես չէի էլ կարծում, որ 18 տարին նոր լրացած, Ռուսաստանի խուլ տայգաներից եկած ջահել սահմանապահ զինվորը և ՖՍԲ-ի ուսումնական հաստատությունը ավարտած, հավանաբար վատ սովորելու համար հեռավոր երկիր ծառայության ուղարկված ինչ-որ մի նորաթուխ սպա կդիմանար փորձառու Զարուհու ինտրիգներին…

Տեսնելով նրանց, Զարուհին ինչպես միշտ, մտել է Ժաննա դ՛ Արկի կերպարի մեջ ու պատկերացրել, որ դիմացը թշնամական անգլո-սաքսերն են: Իր ՙՙ ժառանգների ՚՚ հետ, նիզակով, առանց բարևի հարձակվել է նրանց վրա…

Առավել քան համոզված եմ, որ եթե այս հանդիպումը կայանար մինչ սեպտեմբերի 3-ը, ապա նման ընթացք և արձագանք չէր ստանա: Ուղղակի պետք էր, որ հարմար պահին, հարմար վայրում հանդիպած ռսներին Զարուհին ՄՄ աներ՝ ՄՄ-ի համար…Բա սրանից էլ լավ առիթ?…Սրանից էլ լավ ՄՄ-ելու հնարավորություն?…

Համոզված եմ, որ եթե երկնքից իջած հրեշտակ էլ հանդիպի Զառային, ապա մի երկու խոսքից հետո նրա դիոդները կվառվեն ու մի քանի տիեզերական անեծքներ կտա Զառոչկային…Զարուհին մի անգամից նրան կեղծ հրեշտակ կսարքի, կպատճառաբանի, որ նրա թևերը չեն համապատասխանում տիեզերական ստանդարտներին և Սահմանադրությանը…Իսկ դուք ասում եք…

Չէ՛, լավ ՄՄ արեց Զառան…Հավեսով…»,-գրել է նախկին փոխոստիկանապետը:

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

173178

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել երաժշտագետ Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասում է.

«Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:

Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել:

Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

 

 

 

Էդվարդ Նալբանդյանը շարունակում է հանդիպումները Նյու-Յորքում

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ:

541. Minister Nalbandian meets Panama FM 28.09.2013Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։

Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևին, նախարար Ֆաբրեգան ընդգծեց, որ իր երկրի Սահմանդրությամբ  արտաքին քաղաքականությունը հանդիսանում է Հանրապետության նախագահի իրավասությունը և Պանամայի կառավարության դիրքորոշումն է չեզոքություն պահպանել` նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցությունների միջոցով  հակամարտության կարգավորմանը: Նա հավելեց, որ խորհրդարանի բանաձևը չի արտահայտում իր երկրի պաշտոնական դիրքորոշումը։

541. Minister Nalbandian meets Slovak FM 28.09.2013Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործեր և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։ Միրոսլավ Լայչակը նշեց, որ սլովակյան կողմն ակնկալում է հարաբերությունների զարգացում հատկապես առևտրատնտեսական փոխգործակցության բնագավառում։

Զրուցակիցները քննարկեցին, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը Սլովակիայի փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համար առկա է մեծ ներուժ, որի վրա հիմնվելով պետք է զարգացնել հարաբերությունները։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն վերաբերյալ, անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Զրուցակիցները մանրամասն քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

541. Minister Nalbandian meets Columbian FM 28.09.2013Էդվարդ Նալբանդյանի և Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Հոլգինի հետ հանդիպման ժամանակ, նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացումը խթանելու համար՝ այդ առումով կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։ Նախարար Նալբանդյանը իր կոլումբիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միաջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Կոլումբիայի արտգործնախարարը ընդգծեց, որ Կոլումբիայի խորհրդարանի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտված մոտեցումները չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը և վերահաստատեց աջակցությունը միջազգային իրավունքի հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

541. Minister Nalbandian meets Bulgarian FM 28.09.2013Էդվարդ Նալբանդյանի և Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Վիգենինի հանդիպմանը արծարծված հարցերը վերաբերում էին  հայ-բուլղարական փոխգործակցության հետագա ընդլայնմանը, ԵՄ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, Եվրոպական միության Արևելյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում համագործակցության ուղիներին, Վիլնյուսի գագաթաժողովին վերաբերող հարցեր։

541. Minister Nalbandian meets Turkmenistan FM 28.09.2013Հայաստանի արտգործնախարարի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին անցյալ տարի Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

541. Minister Nalbandian meets Georgian FM 28.09.2013Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացման ուղիները։

Նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

540. Minister Nalbandian meets OSCE MG Cochairs and Az. FM 28.09.2013Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նախարարները և համանախագահները շարունակեցին քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։

Համանախագահները ընդգծեցին իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակողչեցին ս.թ. հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որևիցե գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին և հակամարտության սրմանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Համանախագահները տեղեկացրեցին, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ Նախագահների հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված գագաթաժողովին առնչվող հարցեր։

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը

001 (1)Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը: Քաղաքապետի տեղակալը նախ տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմի ձևավորման հետ կապված հրավերներ են ուղարկվել շահագրգիռ բոլոր կողմերին, հրապարակային հայտարարությամբ հրավիրվել են ֆիզիկական և իրավաբանական այլ անձիք նույնպես:
Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց:
“Հարմարավետ, անվտանգ և մատչելի հասարակական տրանսպորտ ունենալու նպատակով պետք է քննարկենք այն բոլոր բաղադրիչները, որոնք ձևավորում են ուղևորափոխադրումների ինքնարժեքը: Հանձնաժողովի գործելաոճը պետք է լինի հանձնաժողովի աշխատանքների առավել թափանցիկության ապահովումը”,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի 2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար: Մասնավորապես, որպես առաջին չափորոշիչ, նշվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ցուցանիշների ապահովումը (շարժակազմի քանակի, սպասարկման նախատեսված պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, գերբեռնված ուղևորափոխադրման բացառում): Երկրորդ չափորոշիչը շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակումն է (ավտոբուսների համար՝ 10, միկրոավտոբուսների համար՝ 5 տարի): Արժեհաշվարկի համար որպես չափորոշիչ առանձնացվել է նաև շահագործվող ավտոբուսների և միկրոավտոբուսների մոդելը։ Առաջարկվել է կարճաժամկետ և անհրաժեշտ ընտրվող չափորոշիչների համար մեկնակետային համարել այն մոդելները, որոնք ներկայում գերակշռում են քաղաքի տրանսպորտային ցանցում։
Որպես չորրորդ չափորոշիչ ներկայացվել է ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի 1082-Ն որոշմամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման համար սահմանված կարգի և նորմերի խստագույն պահպանումը՝ անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելու նպատակով:
Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն), ինչպես նաև աշխատանքային արտահագուստի առկայությունը նույնպես դիտարկվել են որպես պարտադիր չափորոշիչ։ Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:
Հանձնաժողովի բոլոր անդամները չափորոշիչների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները, մասնավորապես, սոցիալական որոշ խմբերին ուղեվարձի արտոնությունների համակարգի ուսումնասիրման, դրա կիրառման հնարավորությունների քննարկման, համապատասխան առաջարկների փաթեթի ձևավորման վերաբերյալ առաջարկները:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված չափորոշիչները:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաստատված չափորոշիչների հիման վրա մշակված հաշվարկները նախապես կներկայացվեն հանձնաժողովի բոլոր անդամներին և, ըստ այդմ, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա ներկայացնելու իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կքննարկվեն հանձնաժողովի հաջորդ նիստում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինքնասպանություն` Վանաձոր քաղաքում

ինքնասպանությունՍեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում լվացքի պարանից կախված քաղաքացի կա, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 2-րդ հարկի պատշգամբից իջեցրել են 1929թ. ծնված Լ. Բ.-ի դին:

Կ.Փոլադյանը նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար

PoladyanՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:

Քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր

001Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում կարևոր է հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումը: Ըստ այդմ, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Առանձնակի կարևորելով քաղաքային իշխանություն – բնակիչ կապի էլ ավելի ամրապնդումը, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել քաղաքապետարանում և վարչական շրջաններում ստացված դիմումների ժամանակին և սպառիչ պատասխանների տրամադրման հարցում: Քաղաքապետը հանձնարարել է նաև խիստ ուշադրություն դարձնել քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված քաղաքացիների ընդունելության օրերի ժամանակ, ինչպես նաև գործող թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը և, անհրաժեշտության դեպքում, անհատապես հանդիպել կրկնակի դիմումներ ներկայացրած բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մ.Մարտիրոսյանն ազատվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

դատարանՀայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

Հայաստանը մասնակցում է Փարիզի «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսին

SAMSUNG DIGITAL CAMERAՍեպտեմբերի 25-ին Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության  միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Այնուհետեւ դեսպան Չիտեչյանը ելույթ ունեցավ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության կոնֆերանսին: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում զբոսաշրջության գրավիչ պայմաններին, ոլորտի դինամիկ ընդլայնմանը եւ դրա զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման գործում պետության կողմից ընձեռնած հնարավորությունների լայն շրջանակին:

Միջոցառման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի դեսպանի եւ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության նախագահի միջև` 2014թ աշնանը կազմակերպել Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության ներկայացուցիչներից բաղկացած հատուկ խմբի այց Հայաստան:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը

 4002Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել միջպետական հարաբերությունները:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Գվատեմալայի նորանշանակ դեսպանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում:

 

Կայացել է Սոս Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը

10726_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին

10725_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի որորտի զարգացմանը և մեր երկրի դիրքարավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ: «Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,– ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել. «Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»: 
«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008 թվականին «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: