Սեպտեմբերի 2-ին կայացել է Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությունը սկսվեց նորանշանակ քննիչների երդման արարողությամբ: Այնուհետև կտարված աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես եկավ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արտարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը, ով հանգամանորեն ներկայացրեց քրեական գործերի, նյութերի, դիմում-բողոքների վիճակագրական տվյալները, անդրադարձավ ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ` բացթողումներին:
Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը, անդրադառնալով ծառայության վերջին ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքներին, մտահոգիչ համարեց այն թերություններն ու բացթողումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակաշրջանում:
Ծառայության պետը կարևորեց քննչական պրակտիկայում տեղ գտած բացթողումները սեղմ ժամկետում վերացնելու անհրաժեշտությունը և նշեց, որ դրանք վերացնելու դեպքում ծառայությունը կարող է առավել արդյունավետ աշխատել:
– Որակի իմաստով Հատուկ քննչական ծառայությունը պետք է թերություններ չունենա, նախաքննությունը ծառայությունում պետք է իրականացվի պատշաճ մակարդակով և լիարժեք,- ասաց Վ. Գ. Շահինյանը:
Ծառայության պետը, անդրադառնալով կոնկրետ քննիչների աշխատանքին, քննադատական դիտողություններ արեց նախաքննության ընթացքում անբարեխղճություն դրսևորած աշխատակիցների հասցեին` սեղմ ժամկետներ սահմանելով անորակ քննության փաստերը բացառելու նպատակով: Վահրամ Շահինյանը, դրա հետ մեկտեղ, դրվատանքով խոսեց բարեխիղճ և մասնագիտական բարձր կարողություններ դրսևորած քննիչների մասին:
Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունն ավարտվեց ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար աչքի ընկած առանձին աշխատակիցների խրախուսմամբ:
ԼՂՀ Մաճկալաշենի ավարտական դասարանի աշակերտները բջջային հեռախոս նվեր կստանան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակի առթիվ Ղարաբաղ Տելեկոմն ուրախությամբ հայտնում է, որ շարունակում է 50% զեղչված ինտերնետ կապի մատակարարումը DSL մոդեմի և օպտիկամանրաթելային կապի բոլոր բաժանորդների համար:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում են Ղարաբաղ Տելեկոմից, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Ղարաբաղ Տելեկոմը նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ավարտական դասարանի բոլոր աշակերտներին կնվիրի բջջային հեռախոսներ՝ կանխավճարային հեռախոսահամարներով:
Եգիպտոսում 11-ամյա տղային ամուսնացրել են 9-ամյա աղջկա հետ
Եգիպտոսում վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում հայտնված կադրերը, որտեղ Էլ Մանսուր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում հարսանիք են անում` ամուսնացնում են 11-ամյա տղային 9-ամյա աղջկա հետ:Պատանի հարս ու փեսան հագնվել են ինչպես հարկն է` իսկական հարսանեկան հագուստ: Մանկահասակ նորապսակների ծնողներն ակտիվ մասնակցություն ունեն այս տոնախմբությանը ու չեն հասկանում, թե ինչու են համացանցում նման զայրալից արձագանքներ հայտնվել, որտեղ մեկնաբանությունների հեղինակները հիշեցնում են, որ իրենց օրենքի համաձայն, ամուսնությունը թույլատրելի է 18-ը լրացած երիտասարդների միջև, ու վրդովված են, որ նման միջնադարյան բարքեր են գործում երկրի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա:
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տարվել շուրջ երեք տասնյակ կանայք
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:
ՀՀ վարչապետը և Բակո Սահակյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ նախագահը ծաղիկներ են դրել նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
Արձանագրվել են խախտումներ` դատական ակտերի կատարման հետ կապված
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու և պատիժները կատարող մարմինների կողմից դրանք կատարման ընդունելու գործընթացում դատախազական հսկողության վիճակը:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված օրենսդրության պահանջների խախտումներ:
Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Հաղորդմանը կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության էջի «Գերատեսչական փաստաթղթեր» բաժնում`
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի հաղորդումը` ՀՀ Արդարադատության նախարարին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Պիետրո Պարոլինին Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև քրիստոնեական արժեքների վրա խարսխված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել և ընդլայնվել:
Մաղթելով Ձեզ հաջողություն Ձեր բարձր և պատասխանատու առաքելության իրականացման մեջ՝ խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ խորին հարգանքների հավաստիքը:
Ստեփանավանում կատարված սպանությունը բացահայտվել է
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր Կլիմովին:
Կոպենհագենը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2014»-ը
Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից:
Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:
Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը:
2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին
Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների
Սեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին այցելել է «Անանիա Շիրակացի» ճեմարան, ծանոթացել է ճեմարանի առօրյային, մասնակցել և ելույթ է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված` ճեմարանի ավագ դպրոցի հանդիսավոր տողանին:
Իսկ այսօր` սեպտեմբերի 2-ին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթահամալիրի սաներին և ուսուցիչներին, շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա: «Մենք դժվար ճանապարհ ենք անցել, նվաճելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը, հաստատել խաղաղություն: Ես մաղթում եմ ձեզ միշտ հիշել այդ մասին ու պահպանել մեր ձեռքբերումները: Իսկ պահպանելու համար պետք է գիտելիքներ ունենալ, որովհետև որքան շատ ու հարուստ լինեն ձեր գիտելիքները, այնքան պաշտպանված եւ ուժեղ կլինենք: Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Բացի կրթությունից` դպրոցում աշակերտները ստանում են նաև համապատասխան դաստիարակություն, որում մեծ դեր պետք է հատկացվի ռազմահայրենասիրությանը»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու հետագա ծրագրերը: Կարևորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում, Սեյրան Օհանյանը փաստել է, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են ԶՈՒ-ի զորամասերին: Աշակերտները պարբերաբար այցելում են զորամասեր, հանդիպումներ են ունենում զինծառայողների հետ, ծանոթանում զինվորական ծառայության պայմաններին:
«Անանիա Շիրակացի» ճեմարան և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կատարած այցերի շրջանակում նախարար Օհանյանը պատասխանել է նաև կրթօջախների սաներին հետաքրքրող հարցերին:
Գյումրիում անօթևանության իրական պատկերը երկրաշարժից քառորդ դար անց
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում:
Սա՝ միայն Գյումրիում: Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակա անօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները :
Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլ շինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամ ընտանքիներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նման ընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ` համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը:
Եվ սա այն դեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում է առանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի: Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութը Գյումրու մի շարք տնակային ավանների մասին է:
Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ
1991թ. սեպտեմբերի 2–ը պատմական և շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում միաձայն ընդունվեց Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին, ինչն էլ հետագայում ամրապնդվեց ժողովրդական հանրաքվեով։ Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ունի կամք և ձգտում կերտելու սեփական պետությունը, լինելու ազատ և անկախ։ Արցախցին ապացուցեց, որ ինքը տե՛ր է իր ինքնորոշման իրավունքին։
Անկախության 22 տարիների ընթացքում ԼՂՀ ժողովուրդն աշխարհին ապացուցել է սեփական պետություն ունենալու և զարգացնելու իր վճռականությունն ու իրավունքը։ Այսօր ԼՂՀ–ում մեծանում է անկախության սերունդը, որն ամուր կանգնած է իր հողի վրա և պայքարում է իր պետությունում ժողովրդավարության զարգացման համար։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է արցախցիներին և համայն հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա բոլորիս տոնն է, քանզի ԼՂՀ անկախության համար պայքարել է ողջ հայությունը` ԼՂՀ 22–ամյա անկախությունը մեր բոլորիս հաղթանակն է։
Մենք վստահ ենք, որ արյան և մաքառումի գնով ձեռք բերված ԼՂՀ անկախությունը արժանանալու է միջազգային ճանաչման`լիահույս ենք, որ արցախցին և ողջ հայությունը կհասնեն նաև այդ բաղձալի հաղթանակին։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
Կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին
Օժանդակեք Հայաստանին՝ աջակցելով հայալեզու դպրոցների բարելավմանը, այլ ոչ թե հիմնելով օտարալեզու դպրոցներ. կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին:
Օտարալեզու դպրոցների բացումը նախատեսող 2010 թվականի օրենսդրական տխրահռչակ փոփոխությունները չեն կարող ապահովել որակյալ կրթություն բոլոր աշակերտների համար: Սահմանափակելով նման դպրոցների թիվը, այդ փոփոխությունները հակասում են ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, որը պահանջում է «միջնակարգ կրթությունը` իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Բացի խտրականություն սերմանելուց, նման դպրոցները օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում այլ երկրների կառավարություններին եւ կազմակերպություններին զերծ մնալու Հայաստանում՝ ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, կոչ ենք անում նրանց օժանդակելու հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ, քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու զարգացումը:
Այդ օժանդակությունը կարող է լինել հետեւյալ ուղղություններով՝
ա) ցանկություն հայտնած դպրոցներում օտար երկրների պատմությանը կամ մշակույթին վերաբերվող առարկաների՝ համապատասխան օտար լեզուներով դասավանդման միջոցով՝ չտարածելով օտարալեզու դասավանդումը այլ հանրակրթական առարկաների վրա,
բ) միջազգային փորձի կիրառման, այդ թվում՝ արդյունավետ կրթական համակարգերի և դասավանդման եղանակների հայերեն թարգմանության միջոցով:
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կրթական գործընթացներին մասնակցող կառավարությունները եւ կազմակերպությունները անհրաժեշտ պատասխանատվություն կցուցաբերեն այս հարցում եւ կիրականացնեն իրենց ծրագրերը՝ բացառելով հայոց լեզուն վտանգող միջամտությունները եւ նպաստելով որակյալ կրթության հասանելիությանը բոլորի համար:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոցը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաեւ անհրաժեշտ գույքով, որի ձեռք բերման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 3,5 մլն դրամ: Շենքի կառուցման համար 2009-2013 թթ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 480 մլն դրամ: Մինչ այդ, համայնքում դպրոցը գործում էր տնակային պայմաններում:
Փոխվարչապետը շնորհավորեց ուսուցիչներին եւ աշակերտներին`նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նորակառույց դպրոցում հնարավոր կլինի ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա նշեց, որ հատկապես մարզերում կրթական հաստատությունների վերականգնման ու բարեկարգման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե պետբյուջեի, թե այլ միջոցներով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Երևանում բացվեց Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական, հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և քարտուղարության ներկայացուցիչներ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Բազմազանությունը Եվրոպայի ուժն է և հարստությունը, և մենք համոզված ենք, որ միջմշակութային երկխոսության միջոցով, ներառյալ դրա կրոնական հարթության, եվրոպական, համամարդկային արժեքների տարածումը պետք է մեր հասարակությունների համար լինի առաջնայնություն»:
Նախարարի խոսքով, Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել միջմշակութային երկխոսության կրոնական հարթությանը և պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2006/2007թթ հանդիսացել է այս թեմայով Նախարարների կոմիտեի առաջին «խորհրդակցական խմբի» նախագահը:
«Երկխոսության մշակույթը և այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում, Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից և փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակույթների հարստացմանը:
Այսօր, հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Լինի դա Ֆրանսիայում թե Բրազիլիայում, Ռուսաստանում թե Սինգապուրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում թե Եգիպտոսում, Լիբանանում թե Հնդկաստանում, Իրանում թե Ավստրալիայում, հայերն իրենց մեջ կրում են երկակի ինքնություն, նրանք լիովին ինտեգրված են իրենց հյուրընկալած երկրների հասարակությունում և միաժամանակ խորապես կապված են մնում իրենց ազգային ինքնությանը: Այս առումով, նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի և մնացյալ աշխարհի միջև»,- նշեց նախարար Նալբանդյանը:
Հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին, արտգործնախարարն ասաց. «Իմաստուններից մեկն ասել է «Մարդիկ չափազանց շատ պատեր են կառուցում և բավական քիչ՝ կամուրջներ»: Ես համոզված եմ, որ քսանմեկերորդ դարում մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը՝ կամուրջներ կառուցելու, դրանք բազմապատկելու համար – կամուրջներ ժողովուրդների, մշակույթների, կրոնների, հասարակությունների, սերունդների միջև»:
Արցախյան ընտրանքը սիրիահայության համար. Արցախի անկախության հռչակման օր
Արցախի անկախության հռչակման օրվա նշումը, եթե նախ` պետության կայացման խորհուրդն է ընդգծում, ապա նույնքան կարեւոր է նրա կայացման եղանակի մասին խորհրդածելը: Իսկ դա ինքնին շեշտում է առաջին րոպեից միջազգային ընտանիքի կողմից նվիրականացած սկզբունքի` ազգի ինքնորոշման իրավունքի ժողովրդավար ձեւով հարգումը: Ի վերջո ինքնորոշումը, որի վրա կենտրոնանում է մեր բանակցային ամբողջ փլիսոփայությունը, ժողովրդային կամարտահայտության ժողովրդավար հիմունքով կայացած ճանապարհն է, որից անցնցում անցել է արցախահայությունը:
Այստեղ պետք է նկատի ունենալ մադրիդյան սկզբունքների (թեկուզ նորացված տարբերակով) անժամկետ հանրաքվեի վերակազմակերպման բանակցային կետի շուրջ լարված ծուղակ տեսնելու տրամաբանությունը:
Արցախահայությունը ինքնորոշվել է արդեն: Հանրաքվեով. եւ այն էլ շատ ժողովրդավար հիմունքով: Ժողովուրդը քվեարկել է թե՛ Ադրբեջանի բռնատիրությունից անկախանալու եւ թե՛ ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Վերստին հանրաքվե կազմակերպելու պահանջը, այն էլ անժամկետ, ունի իր տրամաբանությունը:
Ադրբեջանցի գաղթականների տունդարձի պահանջը անշուշտ բանակցային կետ է` սեղանի վրա դրված: Բաքուն լիարժեք օգտագործում է փախստականների հարցը` մարդկային իբրեւ թե աղետի, ժողովրդի տեղահանության եւ մարդու տարրական իրավունքների խախտման իմիտացիոն դեպքերի վրա հրավիրելով կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ մանավանդ միջազգային հանրության ու համապատասխան ֆոնդերի ուշադրությունը: Ի դեպ, մի թղթածրար, որը հայկական կողմը համարժեք չարծարծեց` միջազգային մանրադիտակների լուսարձակների տակ տեղադրելու համար Բաքվից, Սումգայիթից, բայց մանավանդ Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից եւ հարակից շրջաններից վերապրած հայերի իրավիճակը:
Բանակցային փլիսոփայությունը հուշում է, որ ադրբեջանցի փախստականների դիմաց համարժեք արծարծվեին նաեւ հայ գաղթականների հետ կապված բազմապիսի խնդիրները: Սա ոչ անպայման միջազգային ֆոնդերից մեծ հատկացումներ ապահովելու համար, այլ բանակցային գործընթացին իբրեւ կարեւոր հակափաստարկ արծարծելու համար:
Ի վերջո անժամկետ հանրաքվեն ադրբեջանցի գաղթականների տունդարձի պայմանականության հետ կապ ունի. Արցախի ժողովրդագրական պատկերի փոփոխության երազանքը Բաքուն մղել է անընդհատ խոսելու իր փախստականների մասին:
Արցախը ինքնորոշվել է հարգելով միջազգային օրինաչափության ճշտած եղանակը` հանրաքվեն, որը նաեւ ընթացել է ժողովրդավար հասարակարգի համապատասխան չափորոշիչներով:
Գաղթականների տունդարձի կամ ընդհանրապես Արցախի բնակեցման խնդիրը սուր կերպով անհանգստացրել է Բաքվին։ Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունները բողոքում են տվյալ երկրի եւ միջազգային ընտանիքի համապատասխան կառույցներին, որ Արցախի իշխանությունները ոտնձգություններ են կատարում:
Իրաքի պատերազմական իրավիճակի օրերին, Դամասկոսում այդ օրերին դեռևս գործող Ադրբեջանի դեսպանությունը տեղի իշխանություններին բողոքել էր, որ Սիրիան տարանցիկ կետի է վերածվել Իրաքից Սիրիա եւ ապա Հայաստան ու Արցախ մեկնող իրաքահայերի համար:
Այժմ էլ բողոքը Արցախում հաստատվող սիրիահայ ընտանիքներին է վերաբերում։ Բաքուն դարձյալ անհանգիստ է եւ բողոքում է։ Շուրջ երեսունի հասնող եւ Արցախ հաստատված սիրիահայ ընտանիքները, իհարկե, կտրուկ փոփոխություն պիտի չբերեն ժողովրդագրական համապատկերին։ Այս օրինակների շահարկումն է, որ կատարում է Բաքուն դեպի միջազգային կառույցները` ընդգծելու համար, որ հայկական կողմը իբրեւ թե հակասում է բանակցային տրամաբանությանը: Խոսքը ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին է այն շահարկումով, որ բնակեցվում են տարածքներ, որոնց կարգավիճակի ճշտումը բանակցային թեմա է:
Ճիշտ է, որ Արցախի Հանրապետության նախագահի մամլո բանբերը սիրիահայությանը հնարավորության սահմաններում օժանդակելը գերադասել է իր հայտարարությունում։ Այսուհանդերձ, նա պատասխանել է նաեւ Բաքվի բողոքին: Ի վերջո Արցախի օժանդակությունը իր նախադեպն ունի` սիրիահայ ընտանիքներին համապատասխան դյուրություններ ընձեռելու առումով: Այժմ այդ դյուրությունների ընծայման մասին խոսում է պաշտոնական Ստեփանակերտը, ի հեճուկս Բաքվի թե՛ բողոքներին եւ թե՛ շահարկումներին: Պարզ է ուղերձը. բնակեցումը պիտի շարունակվի:
Արցախը 22 տարի առաջ ինքնորոշվել է, անկախ Հանրապետություն է, կայացած պետություն է եւ ի՛նքն է որոշում նաեւ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցներին օժանդակություն տրամադրելու տարողությունն ու եղանակը: Այս օրերին, ռազմավարական նշանակություն ունեցող արցախյան ընտրանքը կարող է հատուկ կարեւորություն ներկայացնել ոչ միայն սիրիահայության համար: Հրատապ կարգով` սիրիահայութեան համար։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՆՈԹԻ 2 ԱՐԿ ԵՆ ԳՏԵԼ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:
Չորս ավտոպատահար`յոթ վիրավոր
«Ինֆինիտի»-ն շրջվել է
Բախվել են «ԳԱԶԵԼ» և «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ
Ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Պատահար Հացիկ-Արմավիր ճանապարհին
Էդվարդ Նալբանդյանը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:
Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով ԵՊՀ-ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրեց անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ ս.թ. հունիսին Էնիսկիլենում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես և այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել և կարևորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանառաջնահերթությունները, Հայաստանի կողմից նախաձեռնված միջոցառումները, կազմակերպության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերը:
Արտգործնախարարը անդրադարձավ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:
Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր սիրիական ճգնաժամը և Հայաստանի մոտեցումը հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա առաջին կեսին կայացել են այցելություններ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ և հանդիպումներ այդ պետությունների արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

