Հետախուզվողը հայտնաբերվեց Գայի արձանի մոտից

կալանքՀուլիսի 25-ին, ժամը 17.50-ին, Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Գայի արձանի մոտից  բերման են ենթարկել 1979 թ. ծնված  Մարատ Գ.-ին, որը հուլիսի 25-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից  26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ   խարդախության   5   դեպքերն էլ բացահայտվել են:  Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  և գողության 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6  պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հայաստանի արտգործնախարարը Չինաստանում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Dipschools signing ceremonyՀուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:

Նույն օրը կայացավ Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վան Յիի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարևոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ Նա նշեց, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով իր չինացի գործընկերոջը հրավերի  և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս  տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ 2010 թ. ՀՀ Նախագահի Չինաստան կատարած այցելությունից հետո երկկողմ փոխգործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել և երկու երկրների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրեցին, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձան քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշեցին, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Երկուստեք ընդգծվեց, որ խորհրդարանական սերտ կապերը երկու երկրների միջև փոխգործակցության կարևոր օղակ են հանդիսանում։ Այս համատեքստում Չինաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԱԳ նախկին փոխնախարար Ֆու Ինը նշանակվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի չինական կողմի նախագահ։ Նախարարները կարևորեցին խորհրդարանական բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպումը։

Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվեց Երևանի և Պեկինի, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև կապերի հաստատումն ու զարգացումը։

Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։

Նախարարներ Նալբանդյանն ու Յին քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում կարևորվեց ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրումը։

Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվեցին ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։  Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ  Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարեցին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Հանդիպումից հետո Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։

Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ  Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Յան Ձիեչին ասաց, որ ջերմությամբ է հիշում 2011 թ. Երևան կատարած այցելությունը, Հայաստանում տեղի ունեցած հանդիպումները և ուրախ է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Յան Ձիեչին և Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ձևավորված բարեկամական համագործակցության առնչությամբ։

Չինաստանի պետխորհրդի անդամն ու Հայաստանի արտգործնախարարը ընդգծեցին երկուստեք ցանկությունը նոր խթան հաղորդել միջգերատեսչական և ապակենտրոնացված համագործակցությանը։

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ։

Հուլիսի 25-ին երեկոյան Չինաստանի ԱԳ Նախարարը պաշտոնական ընթրիք տվեց իր հայաստանյան գործընկերոջ պատվին։

Հուլիսի 26-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի մոտ

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները և պարզապես ակտիվ քաղաքացիներն այժմ հավաքված են քաղաքապետարանի շենքի մոտ` իրենց հայտարարությունը հրապարակելու:MHM80228 copy

«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ միացմամբ հետևեք իրադարձություններին.

Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը

10579_am_2Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է տրակտորների պահեստով: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է նոր ձեռք բերված տրակտորների տեխնիկական հնարավորություններով և անձամբ փորձարկել դրանցից մեկը: Այնուհետև վարչապետի ներկայությամբ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի և Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջև: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին և շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար:
2013 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) և լիզինգային տարբերակով: Լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հետևյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար և 3 տարի` հարակից սարքավորումների համար:

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

003Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով  արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում:

2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին և շինությունների պատերին  հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:

Արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երևան այցելողներին հայերենից զատ  հուշում է  նաև անգլերենով:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաև ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրիր, այլև կարևոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:

Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձևավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:

Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային և երկաթե նստարան: Տեղադրվել է նաև 200 աղբաման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետարանից պահանջում են որպես փոխհատուցում 5 օր ուղեվարձը 50 դրամ սահմանել

ոչ 150 դրամին«Վճարում ենք 100 դրամ» շարժումը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր, ժամը 12-ին Երևանի քաղաքապետարանի մոտ հավաք կլինի և կհրապարակվի շարժման հայտարարությունը  կատարվածի և հետագա անելիքների մասին:

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«* Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

* Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:

* Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն (http://www.tert.am/am/news/2013/07/18/transport-fare-yerevan/) ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:

* Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:

* Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:

* Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:

Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելավման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝

* Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:

* Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:

* Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:

* Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:

Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ»:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

գազի արտահոսքՀուլիսի 25-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում՝ “Նաիրի” կինոթատրոնի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են “Մերսեդես” մակնիշի 01 AV 700 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հակոբյան) գազի արտահոսքը:

Մեղադրվում են կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու, դրոշմանիշներ կեղծելու կամ իրացնելու մեջ

7934_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կեղծ խմիչքներ պատրաստելու և իրացնելու, դրոմանիշներ կեղծելու կամ իրացնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Թ.Ավետիսյանը ձեռք է բերել 250 լիտր կեղծ կոնյակ, որի մի մասը` 43 լիտրը, իրացրել է տարբեր անձանց: Մնացած կեղծ կոնյակի մի մասը շշալցրել է տարբեր տեսակի կոնյակների շշերում, դրանք խցանափակել, փակցրել կեղծ ակցիզային դրոշմանիշներ և իրացրել:

Ըստ նախաքննության տվյալների` Թ.Ավետիսյանը կեղծ ակցիզային դրոշմանիշները ձեռք է բերել Հ.Գալենտերյանից: Վերջինս էլ թվով 600 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշներ ձեռք է բերել «Սուրմալու» տոնավաճառից, որոնցից 490 հատն իրացրել է Թ.Ավետիսյանին:

Համաձայն քրեական գործի նյութերի` Թ.Ավետիսյանը կեղծ խմիչքը ձեռք է բերել Ա.Ավետիսյանից, ով 2012թ. ապրիլից մինչև նույն թվականի դեկտեմբերի 20-ը տնայնագործական պայմաններում կոնյակի և օղու սպիրտները ջրի հետ միախառնելու և դրանց կաղնու կտորներ ավելացնելու միջոցով պատրաստել է 600 լիտր կեղծ կոնյակ, որից 250 լիտրն իրացրել է Թ.Ավետիսյանին, իսկ 240 լիտրը` այլ անձանց:

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Ավետիսյանին և Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ.Գալենտերյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Երևանում խոտածածկ տարածք է այրվել

հրդեհ բուսածածկ տարածքումՀուլիսի 25-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի փողոցի թիվ 21 հասցեում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.48-ին, մարվել՝ 21.01-ին: Այրվել է 350 քմ խոտածածկ տարածք:

Փրկարարները դուրս են բերել կիրճում մնացած քաղաքացիներին

փրկարարՀուլիսի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հրապարակի մոտակա կիրճը՝ կամրջի տակ, իջել են երկու քաղաքացի և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կամրջի տակից անվնաս դուրս են բերել 1997թ. ծնված Ա. Խ-ին և 1995թ. ծնված Տ. Ս.ին:

Սոլակ գյուղում ցախանոց է այրվել

հրդեհՀուլիսի 26-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոլակ գյուղի 12-րդ փողոցի թիվ 8 տան բակում գտնվող ցախատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել՝ 04.39-ին:

Ամբողջությամբ այրվել են Զ. Խաչատրյանին պատկանող ցախանոցը (18 քմ), վառելափայտ (15 խմ) և գոմաղբ (20 խմ):

Փրկարարներն օգնության են հասել տանը փակված քաղաքացուն

փրկարարՀուլիսի 26-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի 8-րդ շենքի թիվ 4 բնակարանի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Համազգայինի Ուսանողական Հաւաքի մասնակիցները հասան Արցախ

1044066_10153024456295417_1372835254_n19-էն 22 Յուլիս 2013, Համազգայինի ուսանողական հաւաքի ծրագիրը շարունակուեցաւ Երեւանի մէջ: Մասնակիցները այցելեցին Մատենադարան, Հայաստանի ամերիկեան համալսարան, «ԿրանտՍփոր» համալիր, Սարդարապատի յուշահամալիր ու ազգագրութեան թանգարան, Չարենցի կամար, Գառնիի տաճար եւ Գեղարդ:
Դիլիջանի մէջ ուսանողները այցելեցին Հաղարծին եկեղեցին, ապա ըմբոշխնեցին բնութեան պարզութեամբ ստեղծուած հրաշք վայրը՝ Պարզ լիճը, որմէ ետք խումբը մեկնեցաւ Սեւանայ լիճ, ուր ֆորումականները լողացին՝ հակառակ ցուրտ օդին:
Դասախօսութիւններու ծիրին մէջ Յուշամատեան կայքէջի գլխաւոր խմբագիր Վահէ Թաշճեան ուսանողներուն ծանօթացուց կայքէջը, որուն նպատակն է վերականգնել Օսմանեան կայսրութեան հայերու տեղական պատմութիւնն ու յիշողութիւնը:
«Ռիփաթ Արմինիա» հիմնադրամի տնօրէն՝ ՎարդանՄարաշլեան սպառիչ ձեւով հաւաքի մասնակիցներուն ներկայացուց հիմնադրամի նպատակները, գործունէութիւնը, ինչպէս նաեւ հայրենադարձութեան կարելիութիւնները: Ան ուսանողները մղեց ներդրում կատարելու հայրենիքին մէջ իրենց մասնագիտութեանճամբով, միաժամանակ՝վայելելու հայրենիքի բարիքները:
15049_10153036589975417_2058452873_nՏեղի ունեցաւ նաեւ դասախօսական զրոյց մը՝ «Ո՞վ է հայը» նիւթով: Զրոյցը վարեցին Կարօ Յովհաննէսեան եւ պատմագէտ ու օսմանագէտ Էլքը Հարթման: Զրուցավարները հակիրճ ձեւով ներկայացուցին իրենց կարծիքները նիւթին մասին, ապա խօսքը փոխանցեցին մասնակիցներուն, որոնք հերթաբար արտայայտուեցան ու փոխանցեցին տարբեր կարծիքներ: Կարօ Յովհաննէսեան շեշտը դրաւ ազգային գիտակցութեան ու մեր ժառանգութեամբ հպարտ ըլլալու կարեւորութեան վրայ եւ կատարեց ազգի սահմանումը, ապա ըսաւ. «Հայը ան է, որ Հայաստանը կ՛ընդունի իր միակ եւ վախճանական վայրը»: Իսկ Էլքը Հարթման ըսաւ, թէ հայերուս ինքնութիւնը միատեսակ չէ եւ հարց դրաւ, թէ ո՞վ կրնայ արժեւորել հայ ըլլալու հանգամանքը, եւ կոչ ուղղեց ներկաներուն ունենալու բաց եւ դրական մտայնութիւն եւ ոչ՝ժխտական:
Մշակութային ձեռնարկներու ծիրին մէջ ֆորումականները ներկայ գտնուեցան «Բարեկամութիւն» պարի պետական համոյթի համերգին:
23 Յուլիս 2013-ը Համազգայինի ուսանողական հաւաքի պատմութեան մէջ բացաւ նոր էջ մը՝ իր ծրագիրին մէջ ներառելով Արցախի այցելութիւնը: Մասնակիցները առաւօտեան ճամբայ ելան ու այցելեցին յաջորդաբար՝ Խոր Վիրապ, Պարոյր Սեւակի տուն-թանգարան եւ Նորավանք: Եւ վերջապէս ազատ Արցախը ողջունեց այցելուները:
Հաւաքի ամէնօրեայ լուրերուն հետեւելու եւ նկարները դիտելու համար այցելել www.hamazkayin.comկայքէջը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն: Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ուղեվարձը նորից 100 դրամ. Տարոն Մարգարյանի հայտարարությունը հասարակական տրանսպորտի սակագնի մասին

Տարոն ՄարգարյանԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին.

Սիրելի՛ երեւանցիներ,

Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:

Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:

Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով եւ այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:

Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էր:

Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու եւ իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից` երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու կարեւորությունը: Երկուսն էլ խիստ կարեւոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:

Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:

Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:

Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթեւեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:

Ու լուծելու՜ ենք:

150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:

Սիրելի՛ երեւանցիներ,

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաեւ այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտեւի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց  մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն:

Փնտրվում են անվճար երթուղի բացած երկու երիտասարդները

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներից Սոնյա Մսրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ, ինձ պետք է այս երիտասարդներից ինչ-որ կոնտակտ, կարո՞ղ եք գտնել:
Այս երկու երիտասարդը վճարել են վարորդին, ոպեսզի այսօր ամբողջ օրը անվճար երթուղի կազմակերպեն։ իրենց հետ Օպերայից բարձրացա Դավթաշեն։ Տղերքին օգնելու համար գումար առաջարկեցի, հրաժարվեցին։ Ի դեպ՝ վարորդը, որ ազատամարտի մասնակից է, տղերքից միայն վառելիքի գումար է վերցրել։
Այս երկու երիտասարդները վճարել են վարորդին, ոպեսզի այսօր ամբողջ օրը անվճար երթուղի կազմակերպեն։ Իրենց հետ Օպերայից բարձրացա Դավիթաշեն։ Տղերքին օգնելու համար գումար առաջարկեցի, հրաժարվեցին։ Ի դեպ՝ վարորդը, որ ազատամարտի մասնակից է, տղերքից միայն վառելիքի գումար է վերցրել»։

ՖԲ-ում Բակուր Կարապետյանը նկարագրում է մի դեպք 8 համարի ավտոբուսի երթուղու մասին

ոչ 150 դրամինԿրկին համար 8 ավտոբուսով Դավիթաշեն պետք է գնամ: Նախագահական նստավայրի  մոտ կանգառում երիտասարդ վարորդը չեր բացում դուռը և գոռգոռում էր 83-ամյա ծերունու վրա, ամենալպիրշ խոսքերն ասում: Ապա 100-ոց մետաղադրամը թափով շպրտեց նրա դեմքին: Ես ներս մտա և սկսեցի նկարահանել: Նա սպառնալից շարժում արեց դեպի ինձ, 8 համարբայց հետո ինչ-որ բանից ետ քաշվեց: Նա ևս հրաժարվեց ասել իր անունը: Ողջ ճանապարհին նա ետ էր շրջվում և վիճում ուղևորների հետ: Շատ կանգառներում չէր կանգնում, կտրուկ արգելակում… Պահանջեցի, որ ինձ անհրաժեշտ կանգառում կանգնի: Մի կանգառ ավելի տարավ: Ստիպված էի ետ քայլել:
Այս վարորդներին հանդիպելով մտածում եմ. մի՞թե 50 դրամի հարցով լուծվում է խնդիրը: Սա ի՞նչ սպասարկում է: Մեր հասարակությունը սրա՞ն է արժանի: Թե վարորդներն էլ մեր հասարակության զավակներն են, ինչպես և թաքնված ու իրենց ազգակիցներին առաջ մղած գծատերերը, քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, նրանց պաշտպան կանգնած պետայրեր… Սա՞ է քաղաքապետարանի մակարդակը՝ խուժան վարչության պետ, որը հայհոյում է լրագրողուհուն, խուժան գծատեր, խուժան վարորդ…

Ահա 7 ՛՛հերոս՛՛, սակայն և վախկոտ վարորդը…

«Վճարում ենք 100 դրամ» շարժման հայտարարությունը դանակահարության դեպքի առնչությամբ

ոչ 150 դրամինԱյսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երևանի «Արարատ» կինոթատրոնի հարևանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի և ուղևորի միջև, որ ավարտվել է ուղևորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թևի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ: Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ և ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները և ազատությունները:

«Վճարում ենք 100 դրամ» շարժում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ և ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին և ուղևորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։

«Վերջին օրերին ուշիուշով հետևել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին և, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի»,- նշել է քաղաքապետը։

Քաղաքապետն ուսանողներին է ներկայացրել հասարակական տրանսպորտի՝ տարիներով չփոփոխված սակագինը վերանայելու անհրաժեշտության պատճառները և հիմնավորումները՝ ընդգծելով, որ ներկայացված սակագինը հնարավորինս հավասարեցվել է տրանսպորտի ծախսատարությանը։

«Մեզ համար առաջնահերթ է քաղաքացու անվտանգ երթևեկությունը և որակյալ սպասարկումը։ Մենք փորձել ենք վերջին 2-3 տարիներին տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդել, վերահսկել, որ կարողանան իրենց ծախսերը կազմակերպել այնպես, որ սակագինն անփոփոխ մնա: Դա հնարավոր է եղել միայն շարժակազմը չթարմացնելու, պահանջված անհրաժեշտ ներդրումներ չիրականացնելու հաշվին։  150 դրամն էլ բավարար չէ լիարժեք արդյունքի համար, սակայն այս դեպքում էլ տնտեսվարողների պահանջած սակագինը զսպել ենք՝ հաշվի առնելով, որ այն սոցիալապես խոցելի խմբերի համար սոցիալական լրացուցիչ բեռ կլինի։  Մեր քաղաքականությունը նորացված շարժակազմ ունենալն է, ապա նաև վճարման միասնական համակարգի ներդնումը, որը հնարավորություն կտա արտոնություններ տրամադրել սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև ուսանողներին: Բայց քանի որ այս գործընթացը բավական ժամանակատար է, արտոնությունների  հարցը հանձնաժողովն է քննարկելու»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով հարցի սոցիալական բաղկացուցիչը:

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ առաջիկայում կձևավորվի հանձնաժողով՝ հարցը համակողմանի ուսումնասիրելու և լրամշակելու համար, և առաջարկել է ուսանողների ներկայացիչներին նույնպես ներգրավել հանձնաժողովի աշխատանքներին։

Ուսանողներն իրենց հերթին առաջարկել են արտոնությունների՝ իրենց վերաբերող մասով ներգրավել նաև բուհերին, որոնք խոշոր հարկատուներ են, և ընդգծել են, որ որոշ երևանյան բուհեր արդեն նախադեպ կարող են լինել։ Ընդունելով բարձրացված հարցը քննարկելու առաջարկը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ հարցը ևս օրակարգում կընդգրկվի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն