Հանդիպում ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

0001Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները հանդիպել են մայրաքաղաքի միկրոավտոբուսային և ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացնող մասնավոր ընկերությունների տնօրենների հետ: Բնագավառի ղեկավարներն ընդգծել են, որ 2013 հուլիսի 20-ից միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներում նախատեսվող ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խստագույնս հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանը`ուղևորափոխադրումները ավելի քաղաքակիրթ դարձնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ անհրաժեշտ է վարորդների աշխատավարձերի բարձրացման միջոցով հնարավորին շատ վարորդներ ընդունել աշխատանքի`անհրաժեշտ պահանջարկը բավարարելու ու այդ նպատակով նաև նոր ավտոբուսներ ներկրելու համար: Վերջինիս խոսքով՝ ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է տրանսպորտային ընկերությունների պայմանագրերում ամրագրված սահմանված չափանիշների կատարմանը: Մասնավորապես, խիստ վերահսկվելու է տրանսպորտային միջոցների աշխատանքի պարբերականությունը հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին: Բացի այդ, երթուղիներում չպետք է լինեն տեխնիկապես անսարք կամ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող փոխադրամիջոցներ: Ուղևորափոխադրող ընկերությունների առջև պահանջ է դրվել նաև հետևել վարորդների սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն և ուղերթի տևողության ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը: Հատկանշվել է նաև, որ պարտավորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ ծառայությունները ոչ լիարժեք շարունակելու դեպքում ընդհուպ մինչև կխզվեն պայմանագրերը տվյալ տրանսպորտային ընկերությունների հետ: Ծավալված երկխոսության ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են տնտեսվարողների հարցերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է միկրոավտոբուսներով և ավտոբուսներով մեկ ուղևորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորում


001 (2)Միկրոավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման սակագնի հաշվարկը

(մեկ ամսվա կտրվածքով)

 

1.Օրական 1 միկրոավտոբուսի միջին վազք + 10 կմ զրոյական              215 կմ

                    (միկրոավտոբուսի 1 շրջապտույտը՝ 32 կմ, 6.5 երթ)

 

2. Մեկ միկրոավտոբուսի վառելիքի միջին ծախսը 100 կմ                      18.5 մ3

 

3.  30 օրվա վառելիքի ծախսը (215 x 30 = 6450 կմ/100 x 18.5 ≈ 1195մ3)

       1195մ3 x 220 դրամ                                                                   262.900 դրամ

4.Յուղի փոխարինում ամսական

       (6450 կմ համար՝ 6.8լ x 1900 դրամ)                                        12.920 դրամ

 

5.Այլ (տրանսմիսիոն) յուղեր և քսայուղեր (40.000 վազքի համար)        1870 դրամ

 

6.Մարտկոց (34.000 : 24)                                                                            1417 դրամ

 

7.Անվադողեր (վազքը 75.000 կմ) (6 x 38.000 : 11,6)                                            19.655 դրամ

 

8.Պահեստամասեր, ընթացիկ նորոգում (նախկին նորմ – 20%)             65.000 դրամ

 

9.Վարորդների աշխատավարձ (ներառյալ հարկեր)                                150.000 դրամ

 

10.Հարկեր (հաստատագրված)                                                                  33.600 դրամ

 

11.Երթուղու սպասարկման վճար                                                             16.500 դրամ

 

12.Գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ                                                        6.000 դրամ

 

13.Ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան (ներառյալ վարկի %)   190.138 դրամ

(11,408,280/60)

 

14.Վերադիր ծախսեր (միջին) 1.573 x 30                                                  47.190 դրամ

 

15.Ընդամենը ծախսեր                                                                                807.190 դրամ

 

16.Վճարովի ուղևորների թիվը                                                                   5.850

 

Ընդամենը ինքնարժեքը

((3 + 4 + 5 + 6 + 7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13 + 14) / 5.850)                                  138.0 դրամ

 

Շահույթ  5%                                                                                               6.9 դրամ

Մեկ ուղևորի փոխադրման սակագինը։                                                    144.9 դրամ

Պաշտոնից ազատում

10560_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ավագ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայ

Մի խումբ գիտնականներ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել են գիտության ոլորտի խնդիրները

Գիտնականների հանդիպումը ՀԽ նախագահի հետԱյսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հիշելով խորհրդային տարիներին գիտության զարգացման աննախադեպ աճը, երբ Հայաստանը բարձրակարգ գիտնականների թվով առաջնային տեղեր էր զբաղեցնում աշխարհում՝ գիտնականներն անդրադարձան ներկայիս իրողությունը և փաստեցին, որ Հայաստանում գիտությունը ծերանում է, քանի որ տարեց գիտնականներին փոխարինողներ չկան, իսկ եղածներն էլ նախընտրում են մեկնել արտերկիր:
Գիտնականները հանդիպմանը եկել էին կոնկրետ հարցադրումներով ու առաջարկներով, որոնք, ըստ նրանց, անհապաղ իրականացման կարիք ունեն:
Բարձրացվեց օրենսդրությամբ ամրագրված, բայց չգործող դրույթների հարցը՝ մասնավորապես գիտական կոչում ունեցող անձանց հավելավճարների վճարումների հետ կապված (կենսաթոշակներից բացի), ինչը սահմանվել է դեռևս 2000 թ. ընդունված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով: Ընդգծվեց նաև հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում (որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական  գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ) գիտնականների ընդգրկման հարցը, ինչը նախատեսում է լրացուցիչ ամենամյա արձակուրդ վերջիններիս: Այդ ցանկում գիտնականներին ընդգրկելը, ըստ նրանց, առավել կարևոր է բարոյահոգեբանական տեսանկյունից:
Գիտնականներն առաջարկում են նաև սահմանել հոնորարներ՝ բարձր ազդեցության գործակցով ամսագրերում տպագրված հոդվածների համար, ասպիրանտներին տրամադրել միանվագ գումար՝ մասնագիտական գրականության ձեռքբերման, գիտական ամսագրերին բաժանորդագրվելու, հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներ գնելու և պահանջվող նյութեր ձեռքբերելու, ոլորտի պրոֆեսիոնալ միություններին անդամակցելու, գիտաժողովներին մասնակցելու և այլ՝ երիտասարդ գիտնականի մասնագիտական աճին նպաստող նպատակներով ծախսելու համար, հավելյալ ֆինանսներ հատկացնել Հայաստանում PostDoc-ական համակարգի ներդրման համար՝ առանձին համակարգված ծրագրով, նկատելիորեն ավելացնել մրցութային կարգով հատկացվող դրամաշնորհների թիվը և կրկնապատկել յուրաքանչյուր դրամաշնորհով տրվող գումարը և այլն:
Նշվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են հետազոտական համալսարաններ, որոնք ուսանողներ կընդունեն ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից և հետազոտական խմբեր կձևավորեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան գիտնականների:
Կարևորվեց միջազգային դրամաշնորհները հարկերից ազատելու, ինչպես նաև ներմուծվող գիտական սարքավորումներն ու նյութերը մաքսային տուրքերից ազատելու հարցը:
Բարձրացվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ գիտնականների՝ կարևոր է նաև քայլեր ձեռնարկել վենչուրային հիմնադրամներ ստեղծելու ուղղությամբ՝ տեղական և արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ, որոնք կֆինանսավորեն ինովացիոն նախագծերը և կնպաստեն հաջողված նախագծերի առևտրայնացմանը:
Գիտնականները նաև գտնում են, որ որ Հայաստանում պետք է ունենալ գիտության և տեխնիկայի, տեխնոլոգիայի պետական թանգարան, որը նաև կծառայի որպես ուսումնական կենտրոն՝ հագեցած բնագիտական տարբեր բնագավառներից լաբորատոր փորձերի հնարավորությամբ, ինչը նոր սերնդին կրթելու և ուղղորդելու կարևորագույն բաղադրիչ կլինի:
Գիտության հեղինակության բարձրացման նպատակով գիտնականներն անհրաժեշտ են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերում գիտակրթական ծրագրերի հեռարձակման հարցը: Պրոֆեսոր Արթուր Իշխանյանն այդ առումով կոնկրետ հեռուստանախագծի առաջարկ ներկայացրեց, ինչը ՀԽ նախագահը խոստացավ քննարկել Հանրային հեռուստաընկերության  նոր ղեկավարության հետ:
Վազգեն Մանուկյանը կիսեց գիտնականների մտահոգությունները և ընդունեց բարձրացված հարցերի հրատապությունը՝ առաջարկելով Հանրային խորհրդի հետ համատեղ քննարկել դրանց լուծման ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:

Կմշակվեն օդային փոխադրումների ոլորտի ազատականացման ռազմավարության առարկայական մեխանիզմներ

10558_am_2Կառավարությունում վարչապետի Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության (McKinsey & Company) միջև: Համաձայնագիրն ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «McKinsey & Company» ընկերության առաջատար արդյունաբերական ճյուղի համաշխարհային ղեկավար Անդրե Անդոնյանը:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով օդային փոխադրումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման, և, մասնավորապես, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման և առևտրի խթանման գործում` ընկերությունն առաջարկություններ կներկայացնի համակարգն առավել մրցունակ դարձնելու վերաբերյալ:

 

Վերևից «դաբրոն» տվել են: Տաշտունում փորձում են նախապատրաստել ընդերքի հերթական թալանը

 IMG_2463Ինչպես գիտեք, սույն թվականի մայիսին Մեղրիում ստորագրահավաք անցկացվեց`  ընդդեմ այդ տարածաշրջանում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքերի հետագա շահագործման, որի տակ ստորագրեցին մոտ 2500 մեղրեցիներ: Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ լիցենզիաների տրման, աշխատանքների իրականացման հարցում ոչ ոք հաշվի չի նստել տեղաբնակների կարծիքի հետ: Բազմաթիվ հանքավայրերի մեջ առանձնահատուկ է Տաշտուն համայնքի տարածքում գտնվող հանքավայրը` այնտեղ իրականացվող աշխատանքներով։

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) որոշեց ավելի մանրամասն զբաղվել սույն խնդրով: Դեռևս հունիսի 7-9-ը ՀԲՃ-ի երկու անդամ այցելեցին Մեղրու տարածքաշրջանի Տաշտուն գյուղական համայնք և պարզեցին, որ այստեղ ոչ միայն անցկացվում են հետախուզական աշխատանքներ, այլ նաև գյուղին շատ մոտ սկսվել են հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Կան տեղեկություններ, որ Տաշտունում հայտնաբերել են տարբեր տեսակի ազնիվ և լանթանոիդների շարքին պատկանող հազվագյուտ մետաղներ: Հայտնի է նաև, որ այդ հազվագյուտ մետաղներն օգտագործվում են հրթիռաշինության մեջ: Տաշտունի բնակիչները նշում են, որ հանքի տերը ազգությամբ ռուս է, իսկ տիրոջ ներկայացուցիչն այս պահին տուն է վարձում գյուղում և զբաղվում է աշխատանքների կարգավորմամբ: Հետաքրքրական է, որ Տաշտունում հանք բացող «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի մասին չկար որևէ տեղեկություն: Գյուղապետը նշում էր, որ իր մոտ կան հանքի բացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որ հանքարդյունաբերող ընկերությունը քառամյա զարգացման ծրագիր է իրականացնելու գյուղում:

IMG_2466 Այդ այցից հետո մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որի արդյունքում պարզվեց հետևյալը.

2007թ-ի օգոստոսի 8-ից մինչև 2012թ-ի հունիսի 15-ը «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ին տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ՀՀ Սյունիքի մարզի Քարասարի և Պրիխրեպտովոյի երևակման 300 հա մակերեսով տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: 2012թ-ի օգոստոսի 15-ին այդ թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ-ի հունիսի 15-ը: Սակայն նույն 2012թ-ի դեկտեմբերի 14-ին «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ն իր այդ իրավունքները փոխանցում է «Վենտմայն» ՍՊԸ-ին, իսկ դրանից 12 օր անց` դեկտեմբերի 26-ին, արդեն «Վենտմայն» ՍՊԸ-ն էլ իր հերթին այն փոխանցում է դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված՝ վերը նշված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ին։

Ֆուտբոլային այս արագընթաց կոմբինացիայից հետո, ՀՀ կառավարությունը` ոչ պակաս արագությամբ, 2013թ-ի մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունում` ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով երկարաձգելու մասին: Այդ որոշման մեջ նշված են նաև ակնկալվող արդյունքները, որոնք են` ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամի: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ի և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը (ի դեպ այդ երկու կազմակերպություններն էլ ռուսական են): Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի:

Արդեն Սյունիք կատարած հնգօրյա այցի շրջանակներում` Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ հունիսի 28-ին նորից այցելեցին Տաշտուն, որտեղ ականատես եղան, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ։ (http://www.youtube.com/watch?v=Kc-CnsOqNME&feature=youtu.be) Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։ Քանի որ տարածքում բացակայում էր շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողանում են կանգնեցնել աշխատանքները, սակայն փաստաթղթեր այդպես էլ չեն ներկայացվում: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցում ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն` տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին:

Հաջորդ օրը` հունիսի 29-ին, ՀԲՃ-ի Կանաչ ջոկատի 14 անդամներ կրկին այցելում են Տաշտուն: Այս անգամ սկզբում գնում են հանքավայրի տարածք` որտեղ նույնպես ականատես են լինում կատարված հողաշինարարական աշխատանքների, ինչը բոլորովին նման չէր երկրաբանական ուսումնասիրությունների, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր հանքի մակաբացման աշխատանքներ: Այստեղ ոչ մի պատասխանատու չկար` բացի պահակից, որը ըստ իր խոսքերի` ոչ մի բանից տեղյակ չէր: Քիչ անց մեքենայով մոտենում են երկու աշխատակից, որոնք նույնպես ոչ մի փաստաթուղթ չեն կարողանում ներկայացնել կատարվող աշխատանքների վերաբերյալ: Դրանից հետո իջնելով գյուղ` նախորդ օրը կատարվող շինարարության վայր, բնապահպանները տեսնում են, որ շինարարությունը շարունակվում է: Նրանք մոտավորապես մեկ և կես ժամ դադարեցնում են շինարարական աշխատանքները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն` ապարդյուն: Այդ ընթացքում մի խումբ գյուղացիներ` մոտ 25-30 հոգի, գալիս են դեպքի վայր և բանավեճի բռնվում բնապահպանների հետ` պահանջելով, որ թույլ տան շարունակել աշխատանքները:  Քիչ անց ժամանում է նաև Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը։ Սակայն ո´չ գյուղապետը, ո´չ ընկերության ներկայացուցիչը, ո´չ տեղում շինարարություն իրականացող աշխատակիցները բնապահպաններին չներկայացրին որևէ փաստաթուղթ, որը կփաստեր շինթույլտվություն ունենալը, կամ գոնե կներկայացներ իրականացվող շինարարության մյուս մանրամասները: Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ահա ՀՀ բնապահպանության նախարարությունից պաշտոնական պատասխան դեռևս չունենք, սակայն դրա փոխարեն իրենց կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում։

Ողջունելի է, որ բնապահպանության նախարարությունը դադարեցնում է Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն չպետք է աղավաղել իրականությունը: Իրականում տեսչությունը չի հայտնաբերել ապօրինի շինարարությունը, այլ ստիպված է եղել «տեսնել» դա մեր ահազանգից հետո: Իսկ շինարարական աշխատանքներն այդ տարածքում սկսվել էին վաղուց, և ցանկության  դեպքում կարելի էր հայտնաբերել դրանք առանց մեր ահազանգի: Բացի դրանից հերթական անգամ տեսնում ենք, որ պետական մարմինները չեն ուզում գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը և ստիպել փոխհատուցել այն, պարզել ապօրինի շինարարություն իրականացնողների պատասխանատվության չափը և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները նմանօրինակ դեպքերին լավագույն դեպքում արձագանքում են միայն ահազանգերից և հանրային ճնշումներից հետո, իսկ խախտումներ թույլ տվողները հիմնականում մնում են անպատիժ, քանի որ Հայաստանում օրենքները գործում են միայն «մեջք» չունեցողների համար, իսկ ունեցողներին թույլատրված է ամեն ինչ:

Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

 

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Ֆեյսբուքյան խումբ`    https://www.facebook.com/groups/armecofront/

Էլ. փոստ`                      [email protected]

Հայաստանում կստեղծվի ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն

10556_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն էր տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որին հաջորդել է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ համաձայնագրի նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` միջազգային չափանիշներին համապատասխան: Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ:
Որպես ՀՀ կառավարության կողմից ներդրում և մասնակցություն ծրագրին` նոր ընկերության կապիտալում կներդրվի հողամաս «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքից` շուրջ 1 հա չափով:

Ամփոփվել են բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության կողմից մշտական հսկողության է իրականացվում սոցիալական ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ:

Այդ նպատակով պարբերաբար ստուգայցեր են կատարվում սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ`աշխատանքային առօրյային և կարիքավոր բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների տրամադրմանը տեղում ծանոթանալու նպատակով:
Վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների պետերի և սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ Ավան վարչական շրջանում հրավիրված քննարկմանը ներկայացվել են 2013 թվականի առաջին կիսամյակում իրականացված և մինչև տարեվերջ նախատեսված ծրագրերը:
Մասնավորապես, ներկայացվել են նաև նույն ժամանակահատվածում սոցիալական ծառայությունների կողմից կարիքավոր բնակչության փաստագրման արդյունքները, ինչպես նաև նշանակված պետական նպաստների և դրանց փաստացի վճարման ցուցանիշները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ուշադրության կենտրոնում պետք է շարունակի մնալ կարիքավոր քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի, դիմումների և առաջարկությունների նկատմամբ հսկողությունը` հնարավոր լուծումներ տալու և պատշաճ սոցիալական սպասարկում ապահովելու համար:
Քննարկման մասնակիցները այցելել են նաև վերջերս Ավանում բացված “Ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն”, որտեղ բնակչությանը “Մեկ պատուհան” և ” Մեկ կանգառ” սկզբունքով մատուցվում են համալիր սոցիալական ծառայություններ: Ի դեպ, նշենք, որ նման կենտրոններ գործում են նաև Նուբարաշեն, էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայացել է 6,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀուլիսի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ. ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ

photoՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։

Մեկ ժամից ավելի տեւած զրույցն ընթացավ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերություններին եւ մի շարք այլ խնդիրների։

Անդրադառնալով արտագաղթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է, ինչին էլ միտված է հանրապետության կառավարության եւ իշխանությունների ամենօրյա աշխատանքը։

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։

Էդուարդ Շարմազանովը նախ՝ իր ցավակցությունը հայտնեց ավտովթարի հետեւանքով զոհվածների հարազատներին։ «Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբ,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ «ՌԴ-ն մեր դաշնակիցն է եւ մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ», – ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է մեր երկրի շահերից եւ այն հիմնված է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա։ «Պետք է խորացնել մեր հարաբերությունները եւ Եվրամիության, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի հետ,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։ Երկրի եւ տնտեսության զարգացման համար կարեւորեց առողջ քննդատությունն ու նոր եւ զարգացման հեռանկարներ պարունակող ծրագրերի առաջադրումը։

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը նշելով, որ երիտասարդությունն է մեր երկրի գրեթե բոլոր բնագավառների շարժիչ ուժը, հորդորեց առավել սիրել մեր երկիրը, քանի որ, ըստ նրա՝ «Հայաստանը սկսում է յուրաքանչյուրիս տնից։ Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ»։

 

Մայրաքաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից կկազմի 150 դրամ

001Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաների ձեռք բերման, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով, ինչի հետևանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել: Ըստ այդմ, հայտերում առաջարկված ուղեվարձի սակագնի փոփոխությունը, կապված ուղևորափոխադրումների ծավալից և այլ հանգամանքներից, տատանվել է 140-ից 200 դրամի սահմաններում: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը նշել է, որ այդ կապակցությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ոլորտի պատասխանատուների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ է անցկացրել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատկանշել է, որ, ելնելով մասնագիտական հաշվարկներից և դրանց հիմնավորումներից, սահմանվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին: Ըստ այդմ, 2013 թվականի հուլիսի 20-ից վերը նշված ուղևորատար տրանսպորտի ուղեվարձը կկազմի 150 դրամ: Անդրադառնալով սպասարկման որակի բարելավմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ուղեվարձի բարձրացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն: Նախնական հաշվարկներով՝ մինչև տարեվերջ մայրաքաղաք կներկրվի ևս 100 ավտոբուս: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներն այսուհետ երևանցիներին ավելի տեսանելի կլինեն: Տեղեկացվել է նաև, որ տրոլեյբուսների երթևեկության ուղեվարձը ևս հուլիսի 20-ից կավելանա 50 դրամով`կազմելով 100 դրամ, իսկ մետրոպոլիտենի ուղեվարձը չի փոխվի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հերթական ստահոդ հայտարարությունը

պնԱդրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»: Իսմաիլովը նշել է նաև, թե` «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում»:

Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ` հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ «ԱՆԱՄԱ»-ի խարխլված վարկանիշը վերականգնելու և իրենց կենտրոնի նշանակությունը անհիմն գովաբանելու համար:

Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ:

Ինչ վերաբերում է «Ականազերծման Ազգային կենտրոն ստեղծելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին», ապա հայտնում ենք, որ հումանիտար ականազերծման խնդիրներով զբաղվող հանրությունը, միջազգային կազմակերպությունները քաջատեղյակ են, որ Հայաստանում դեռևս 2011թ. փետրվարին հիմնադրվել և գործում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»  (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների և օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ և նպատակաուղղված: Նպատակաուղղված` վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը, այլ ոչ թե կեղծիքներով, հավելագրումներով և խաբեությամբ դոնորական սուղ միջոցները հորինված պրոբլեմներ լուծելու համար շորթելու միտումով:

Հուսով ենք, որ հումանիտար ականազերծման գործին նվիրված միջազգային կազմակերպությունները կարձագանքեն «իրենց հուսախաբության  վերաբերյալ» Իսմաիլովի տարածած մերկապարանոց և ստահոդ հայտարարությանը:

Իսկ Նազիմ Իսմաիլովին հորդորում ենք ծիծաղելի և մանկամիտ հայտարարություններ այլևս չհնչեցնել` կապված  ռուսական բանակի, Իրանի ու Թուրքիայի սահմանների ականապատման հետ: Այլապես կրկնվում է այն ձեռագիրը, երբ լուրջ-լուրջ խոսում են Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի ականազերծման մասին: Իրականում, եթե չականապատեք, ականազերծման խնդիր չի առաջանա:

 

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 19-ից 23-ը  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 19-ին կնվազի 3-5 աստիճանով,այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում`

Հուլիսի 19-ից 23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.80C (1948 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1910 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.40C

Այսուհետև որպես մարտական գործողությունների ժամանակահատված կսահմանվեն 1989-1994 թվականները

պնՍ.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: Հանձնարարվել է իրականացվող գործընթացներին, միջգերատեսչական հանձնաժողովի և համապատասխան ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչների, ինչը կապահովի աշխատանքների թափանցիկությունը, մարտական գործողությունների մասնակիցների համար որոշումների կայացմանը մասնակից կդարձնի նաև ազատամարտիկներին: Դրանով նաև կապահովվի ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը և հիմք կապահովվի ազատամարտիկներին հուզող հարցերի լուծման համար:

Գործընթացի շրջանակներում նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում:

Երևանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երևանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով։

Ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են  ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին։ Երևան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում իրենք կարողացել են ծրագրածի չափով ռումինացիներին ներկայացնել ոչ միայն հայկական արվեստն ու մշակույթը, այլև մայրաքաղաք Երևանն ու արժանացել են բազմաթիվ հիացական ու շնորհակալական խոսքերի։ Աշակերտները նշել են, որ այդքան գովեստի խոսքերի արժանանալով՝ մեծ հպարտությամբ են վերադարձել Երևան։

Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարը Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի համատեղ նախաձեռնությամբ նման առաջին միջոցառումն էր։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում

9ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում Է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:  Բարձրաստիճան հյուրի ընդունելության հանդիսավոր արարողությունը կայացել է Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը:

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարին` մեր հրավերն ընդունելու համար: Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն պատմական, բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ եւ վրացի ժողովուրդներին: Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը եւ պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013թ: Խոսել ենք նաեւ այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014թ: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերությունները մեր կառավարության համար առաջնային են: Դրանք կարեւոր դեր են խաղում նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Իրակլի Ալասանիան:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում  առկա անվտանգության խնդիրները. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին,  քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն` պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»,- ընդգծել է Ս. Օհանյանը: Նախարարը ընդգծել է նաև, որ  2011թ.-ից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է դինամիկ: Այն նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների պատրաստման և ռազմական կրթության ոլորտում:

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ռազմավարությունը: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները ծրագրում են համագործակցել ռազմավարական պլանավորման, խաղաղապահ առաքելությունների պատրաստման, փորձի փոխանակման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության անդամները Հերոսների Հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին:

 

Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը

10555_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: «Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է մեզ համար, – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է», – ասել է վարչապետը:
Շարունակելով մինչև 300 միլիոն դրամը գերազանցող խոշոր ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունը` կառավարությունը որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը «Կագա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ: «Կագա Գրուպ»-ը Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել 1.25 մլրդ դրամի չափով ներդրում, ներկրել հոլանդական ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 60 աշխատատեղ, իսկ «Ռուսալ Արմենալը» նախատեսում է իրականացնել արտադրության հերթական վերազինումը, որի արդյունքում կստեղծվի շուրջ 55 աշխատատեղ, կնվազեցվեն արտանետումները և վնասակար գործոնները, կբարելավվի աշխատապայմանները: Կարևորելով խոշոր ներդրողներին աջակցություն տրամադրելու կառավարության հերթական նախաձեռնությունները` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջերմոցային տնտեսությունը ներդրումների համար բավական հետաքրքիր ոլորտ է դարձել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում` 300 մլն դրամը գերազանցող, ինչը շատ ողջունելի է, և պետք է շարունակենք խրախուսել, քանի որ առաջին փորձերը ցույց տվեցին, որ սա շահութաբեր բիզնես է` և՛ աշխատատեղեր են ստեղծվում, և՛ ամբողջ տարվա ընթացքում են աշխատում, և՛ արտահանման մեծ ներուժ է ձևավորվում: «Արմենալ»-ում նույնպես ժամանակակից տեխնոլոգիա են ներմուծում, որն էապես կրճատում է յուղի ծախսը, այսինքն` նաև ներմուծման լրացուցիչ անհրաժեշտություն չի լինելու: Էկոլոգիական վիճակն է բարելավվում, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, կարևոր է, որ նաև էկոլոգիական խնդիր է լուծվում»:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սահմանվել են ԱՏԳ-ի գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հաստատվել են միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Կառավարությունը հաստատել է 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Փաստաթուղթը լրամշակվել է 2013 թվականի մայիսին հաստատված ՀՀ կառավարության նոր ծրագրի հիմնական ուղղությունների և ոլորտային ծրագրերի համադրումով, յուրաքանչյուր միջոցառում և գերակա խնդիր ներկայացված են համապատասխան հիմնավորումներով, հստակ նշված են միջոցառումների անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը և ֆինանսավորման աղբյուրը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի «ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշումը, ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումն այդ որոշման` 2013 թ. հունվարի 10-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը, ըստ որի կատարման ենթակա 42 կետերից 2013 թ. հուլիսի 17-ի դրությամբ կատարվել է 41-ը կամ 97.6 տոկոսը:
Քննարկելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը, գործադիրը, նկատի ունենալով, որ ներկայումս կառավարությունում քննարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատգամավորի մի շարք առաջարկներ հստակեցման, պարզաբանման և հիմնավորման կարիք ունեն, պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակի հետ, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ կառավարությունում գտնվող ՀՀ նոր օրենքի նախագծի շրջանակում:
Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, մասնավորապես, ուսման վարձի վերին շեմը սահմանելու մասին նախագծի վերաբերյալ նույնպես կառավարությունն առաջարկել է հեղինակների հետ միասին քննարկել առկա խնդիրները համապարփակ լուծում ապահովող նախագիծ մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հերթական աջակցությունը ՓՄՁ սուբյեկտներին

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում` կառավարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200 մլն դրամ բյուջետային վարկ` 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով, ինչը նպատակ ունի նպաստել նոր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը, նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Կառավարությունը հավանություն է տվել առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին, նոր խմբագրությամբ շարադրել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» 2010 թ. մարտի 11-ի թիվ 235-Ն որոշման հավելվածը, լրացում կատարել 2013 թ. ապրիլի 25-ի թիվ 472-Ն որոշման մեջ, որ վերաբերում է կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գներին և միտված է օպտիմալացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերը:
Հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բյուրականյան միջազգային ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար` նվիրված Անանիա Շիրակացու 1400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը:

Արդիականացվում է Սևանա լճի ավազանի նախագիծը

Կառավարությունը 2003 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչը պայմանավորված է ՀՀ ավազանային կառավարման տարածքները սահմանող դրույթների փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև` նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, քարտեզագրական նյութերը ճշտելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին, թունելի երկարությամբ և առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական և քանակական ցուցանիշների վրա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է բնապահպանական կազմակերպությունների մասնակցությունը նմանատիպ հարցերի քննարկման գործընթացին:
Փոփոխություններ և վերաբաշխում կատարելով 2012 թ. թիվ 1616-Ն որոշման մեջ` կառավարությունն էներգակիրների նոր սակագների ուժի մեջ մտնելու կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման համակարգերում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսեր է նախատեսել ՀՀ 2013 թ. պետական բյուջեում և դրանց իրականացման համար անհրաժեշտ ծավալով ֆինանսավորման աղբյուրներ է առանձնացրել:
Արգիճի, Կավարտ գետերում, Խանջյանի հեղեղատարում հակահեղեղային աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած չնախատեսված լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով գործադիրը հատկացրել է գումար և սահմանել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրացուցիչ աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն գործադիրը սահմանել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով նախկին որոշումը:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա ունենալ ամբողջական վիճակագրություն և բարձրացնել իրավախախտումների նախականխման աշխատանքների արդյունավետությունը:
Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության և Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացման ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. ծախսերի նախահաշիվը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություններում առկա սև և գունավոր մետաղների ջարդոնն անհատույց կօտարվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Այլ հարցեր

Կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող ՀՀ 3 քաղաքացիներին նվիրել է իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի 20 շենքի թիվ 61 հասցեում գտնվող ոչ բնակելի նշանակության շինությունը և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան 47/2 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունն օտարել մրցույթով:
Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավար Սաիդ Ամոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ, և համայնքի ընտրատարածքում 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հովակիմյանին և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գարիկ Խլղաթյանին:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից  18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  15  դեպքից բացահայտվել է 14-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, կողոպուտի` 1 և  մարմնական վնասվածք հասցնելու  3  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 12 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: