Մի խումբ գիտնականներ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել են գիտության ոլորտի խնդիրները

Գիտնականների հանդիպումը ՀԽ նախագահի հետԱյսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հիշելով խորհրդային տարիներին գիտության զարգացման աննախադեպ աճը, երբ Հայաստանը բարձրակարգ գիտնականների թվով առաջնային տեղեր էր զբաղեցնում աշխարհում՝ գիտնականներն անդրադարձան ներկայիս իրողությունը և փաստեցին, որ Հայաստանում գիտությունը ծերանում է, քանի որ տարեց գիտնականներին փոխարինողներ չկան, իսկ եղածներն էլ նախընտրում են մեկնել արտերկիր:
Գիտնականները հանդիպմանը եկել էին կոնկրետ հարցադրումներով ու առաջարկներով, որոնք, ըստ նրանց, անհապաղ իրականացման կարիք ունեն:
Բարձրացվեց օրենսդրությամբ ամրագրված, բայց չգործող դրույթների հարցը՝ մասնավորապես գիտական կոչում ունեցող անձանց հավելավճարների վճարումների հետ կապված (կենսաթոշակներից բացի), ինչը սահմանվել է դեռևս 2000 թ. ընդունված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով: Ընդգծվեց նաև հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում (որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական  գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ) գիտնականների ընդգրկման հարցը, ինչը նախատեսում է լրացուցիչ ամենամյա արձակուրդ վերջիններիս: Այդ ցանկում գիտնականներին ընդգրկելը, ըստ նրանց, առավել կարևոր է բարոյահոգեբանական տեսանկյունից:
Գիտնականներն առաջարկում են նաև սահմանել հոնորարներ՝ բարձր ազդեցության գործակցով ամսագրերում տպագրված հոդվածների համար, ասպիրանտներին տրամադրել միանվագ գումար՝ մասնագիտական գրականության ձեռքբերման, գիտական ամսագրերին բաժանորդագրվելու, հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներ գնելու և պահանջվող նյութեր ձեռքբերելու, ոլորտի պրոֆեսիոնալ միություններին անդամակցելու, գիտաժողովներին մասնակցելու և այլ՝ երիտասարդ գիտնականի մասնագիտական աճին նպաստող նպատակներով ծախսելու համար, հավելյալ ֆինանսներ հատկացնել Հայաստանում PostDoc-ական համակարգի ներդրման համար՝ առանձին համակարգված ծրագրով, նկատելիորեն ավելացնել մրցութային կարգով հատկացվող դրամաշնորհների թիվը և կրկնապատկել յուրաքանչյուր դրամաշնորհով տրվող գումարը և այլն:
Նշվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են հետազոտական համալսարաններ, որոնք ուսանողներ կընդունեն ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից և հետազոտական խմբեր կձևավորեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան գիտնականների:
Կարևորվեց միջազգային դրամաշնորհները հարկերից ազատելու, ինչպես նաև ներմուծվող գիտական սարքավորումներն ու նյութերը մաքսային տուրքերից ազատելու հարցը:
Բարձրացվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ գիտնականների՝ կարևոր է նաև քայլեր ձեռնարկել վենչուրային հիմնադրամներ ստեղծելու ուղղությամբ՝ տեղական և արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ, որոնք կֆինանսավորեն ինովացիոն նախագծերը և կնպաստեն հաջողված նախագծերի առևտրայնացմանը:
Գիտնականները նաև գտնում են, որ որ Հայաստանում պետք է ունենալ գիտության և տեխնիկայի, տեխնոլոգիայի պետական թանգարան, որը նաև կծառայի որպես ուսումնական կենտրոն՝ հագեցած բնագիտական տարբեր բնագավառներից լաբորատոր փորձերի հնարավորությամբ, ինչը նոր սերնդին կրթելու և ուղղորդելու կարևորագույն բաղադրիչ կլինի:
Գիտության հեղինակության բարձրացման նպատակով գիտնականներն անհրաժեշտ են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերում գիտակրթական ծրագրերի հեռարձակման հարցը: Պրոֆեսոր Արթուր Իշխանյանն այդ առումով կոնկրետ հեռուստանախագծի առաջարկ ներկայացրեց, ինչը ՀԽ նախագահը խոստացավ քննարկել Հանրային հեռուստաընկերության  նոր ղեկավարության հետ:
Վազգեն Մանուկյանը կիսեց գիտնականների մտահոգությունները և ընդունեց բարձրացված հարցերի հրատապությունը՝ առաջարկելով Հանրային խորհրդի հետ համատեղ քննարկել դրանց լուծման ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:
Tags: ,