Նախորդ տարվա համեմատ աճել է համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում՝ սպասարկման որակի, մատուցվող ծառայությունների և համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ:

2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ստացիոնար բուժման ուղեգրված 13558 հիվանդներից պետպատվերի շրջանակում սպասարկվել է 7882-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացող 12864 անձանցից պետպատվերով վիրահատվել է 7804-ը:  Միևնույն  ժամանակ  նվազել է վճարովի հիմունքներով ընդունված հիվանդների թիվը: Եթե 2012 թվականին վճարովի ծառայություններից օգտվել է 4667 քաղաքացի, ապա այս տարվա առաջին կիսամյակում  նրանց թիվը կազմել է 4389:

Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 3074 վիրահատություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Ինչ է ասում կոշիկը տղամարդու մասին

ol3001373879170Ուսումնասիրողները վստահեցնում են, որ տղամարդու` այս կամ այն կոշիկին կամ էլ կոշկատեսակին կապվածությունը խոսում է նրա բնույթի մասին:

Մասնավորապես նշվում է, որ հարմարավետ, առանց քուղերի կոշիկ են գերադասում  բարեկեցիկ կյանքը նախընտրող քաղաքացիները, երբեմն`  խաղամոլի էությամբ օժտված տղամարդիկ: Մոքասինի նման փափուկ կաշվե կոշիկներ են նախընտրում նրանք, ովքեր գիտեն փող  ստեղծելու ու կյանքից հաճույք ստանալու ձևը:

Այն տղամարդիկ, որոնք անկախ անհատականություններ են ու ձգտում են առավելագույն բարեկեցության, նախապատվությունը տալիս են լողաթափերին, իսկ մոդայիկ սպորտային կոշիկներն ընտրում են խորամանկության ու նենգության հակումներով տղամարդիկ: Կեդեր են նախընտրում նորաձևությունը գնահատողները:

Կաշվե քուղավոր կոշիկները խոսում են ոչ պահանջկոտ բնույթի մասին, իսկ սանդալները` (հատկապես եթե այն կրում են գուլպաներով), ժամանակակից աշխարհի չափորոշիչներին դեմ լինելու վկայություն է: Վազքի մարզակոշիկներ են նախընտրում սպորտով զբաղվողները կամ էլ նրանք, ովքեր դժվարությամբ են ելնում կարիերայի սանդուղքով  (հատկապես, եթե նման կոշիկը կրում են ավանդական գործնական կոստյումի հետ):

 

 

ԱԳՆ-ն արձագանքեց. Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ

ԱգնՍոցիալական ցանցերում բարձրացված աղմուկից  ու դժգոհություններից հետո, որ Ռուսաստանում ՃՏՊ-ի մասնակից դարձած հայ վարորդին ծաղկավոր խալաթով են դատարան տարել, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:

ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է. «Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»։

Գերմանիայից վերադարձած ընտանիքը կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր

img_7389324146_ANDZNAGIR_nՀասմիկ Գրիգորյանն իր երկրու դուստրերի հետ միասին 2013 թվականի ապրիլին Գերմանիայից վերադարձել է Հայաստան: Նա նախկինում ունեցել է ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և իրեն ու իր դուստրերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու խնդրով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք: Այնտեղից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն նրանց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը ձգձգվել է:

Հասմիկ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից հայտնել են , որ Հ. Գրիգորյանի երկու դուստրերը ճանաչվել են ՀՀ քաղաքացի:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը Պաշտպանին հայտնել է նաև, որ գործող կարգի համաձայն` աղջիկներն անձամբ պետք է դիմեն ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունք ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը ստանալու համար:

Պաշտպանի միջամտութան արդյունքում Հասմիկ Գրիգորյանն արդեն անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, իսկ նրա երկու դուստրերը շուտով կստանան իրենց անձնագրերը:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է :

 

Կարեն Անդրեասյանը դիմել է ՌԴ ՄԻՊ-ին` ՀՀ քաղաքացուն ռուսական դատարանում նվաստացնելու հարցով

կարեն անդրեասյանԱյսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորև ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը.

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային  պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:

Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:

Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար»:

Մեղադրանքը՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ

ձերբակալություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 15-ին, ժամը 09.30-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 1982 թ. Աշոտ Ս.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Խափանման միջոցը` կալանք:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 11 դեպքից բացահայտվել է 10-ը, յուրացման կամ վատնման՝ 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2, խուլիգանության, շորթման և խարդախության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից հետախուզվող է

ոստիկանությունՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 15-ին, ժամը 12.00-ին, Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Լուսյա Ս.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Չորս ավտոպատահար`հինգ վիրավոր

ավտոպատահար«ԳԱԶ-2705-222»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

Հուլիսի 15-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2705-222» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-21061» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ

Հուլիսի 15-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 15-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես C-190» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Պարոնյան փողոցում մեքենաներ են բախվել

Հուլիսի 15-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո` մեկ այլ «Մերսեդես Բենց»-ի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է մի ուրիշ «Մերսեդես Բենց»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Գիտնականները գտել են երկրային օրերի տևողության տատանումների պատճառը

i (1)Գիտնականներն արձանագրել են Երկրի պտույտի արագության շեղումներ, որոնց արդյունքում օրերի տևողությունը փոփոխվում է:

Փարիզի Դենի Դիդրոյի ու Լիվերպուլի համալսարանների աշխատակիցները համադրել են վերջին 50 տարվա դիտարկումների արդյունքներն ու հայտնաբերել, որ յուրաքանչյուր 5,9 տարին մեկ մոլորակն ունենում է մի քանի ամիս, երբ օրվա տևողությունը սովորականից ավելի  երկար է կամ կարճ: Նման տատանումների պատճառը նրանց կարծիքով, երկրակեղևի ու Երկրի միջուկի սահմանում կատարվող պրոցեսներն են: մասնագետներին հաջողվել է նաև պարզել այդ փուլերի փոխկապակցվածությունն ու Երկրի մագնիսական բևեռների փոփոխությունները:

“Այդ հետազոտությունները կարող են սկզբունքորեն փոխել մեր պատկերացումը երկրի հեղուկ միջուկում կատարվող պրոցեսների կարճաժամկետ դինամիկայի վերաբերյալ: Հնարավոր է, որ երկրակեղևի ներքին հատվածը վատ էլեկտրահաղորդիչ է, իսկ դա իր հերթին ստիպում է վերաիմաստավորել  Երկրի ընդերքի քիմիան ու հանքաբանությունը”,ասում է համալսարանի աշխատակից Ռիչարդ հոլմը:

Արմավիր. Հարուցվել է քրեական գործ` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փաստի առթիվ

թմրամիջոցՖրանսիայից ստացված ծանրոցի միջոցով, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Ք.Գուլազյանը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ընկերոջից իր կնոջ անվամբ ուղարկված ծանրոցով 2013թ. հուլիսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի փոստային բաժանմունքներից մեկից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 0,69 գրամ քաշով «Բուպրենորֆին» և 6,382 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:

Նշված քանակությամբ թմրամիջոցը նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է քաղաքացու մոտից` նրա անձնական խուզարկությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:

«Բարև Երևանն» իր մտահոգությունն է հայտնում Տարոն Մարգարյանին ուղղված նամակների առիթով

Անահիտ-Բախշյան16 հուլիսի 2013, Երևան: Ս.թ. հուլիսի 13-ին «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքապետին ուղղած՝ «Բարև Երևանի» ավագանու անդամների նամակների պատասխաններն ստորագրվում են քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պետ Գ. Բաղդասարյանի կողմից:

«Երևանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են  Երևանի ազգաբնակչությունը ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովի պատգամավորները՝ ՀՀ բնակչությունը, որոնց նամակների պատասխանները ստորագրվում են Ձեր կողմից: Երևանի քաղաքապետի առջև խմբակցության ու նրա անդամների բարձրացրած խնդիրների վերաբերյալ նամակների պատասխանները ոչ միայն չեն ստորագրվում  Ձեր կողմից, այլև կատարողներն էլ  Ձեր 4 տեղակալներից, 8 խորհրդականներից և 5 օգնականներից որևէ մեկը չէ: Աշխատանքի այս ձևը չի նպաստում  մեր համագործակցությանը:

Այն փաստը, որ որոշ նամակների պատասխաններ խիստ ձևական բովանդակություն ունեն և մեր բարձրացրած հարցերին լուծում չեն առաջարկում, մեր կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ ավագանու անդամների նամակներին պատշաճ ընթացք չի տրվում, որից հետևում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում չի տրվում: Լուրջ խնդիր է նաև այն փաստը, որ որպես նամակների պատասխանների կատարող հանդես է գալիս քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը, և եթե նամակի պատասխանից հարց է ծագում, ապա հնարավոր չէ պարզել իրական կատարողին, այն ստորագրվում է վերոնշյալ վարչության պետի կողմից, ով դառնում է նամակի բովանդակության պատասխանատուն: Այնինչ այդ բաժինը ոչ այդ տեղեկատվության, ոչ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանատուն չէ:  Օրինակ՝ Երևանի ենթակայության դպրոցների աշակերտների թվի մասին նամակի պատասխանի կատարողն է Ն.Ղուկասյանը, ով Կազմակերպական վարչության աշխատակիցն է, և այդ պատասխանում կա մի տվյալ, որի վերաբերյալ իմ հարցից նա պարզապես տեղեկացված չէ: Ո՞վ է պատասխանատու այս ոչ հստակության համար: Ն. Ղուկասյա՞նը: Իհարկե՝ ո՛չ: Պատասխանատու է ոլորտը համակարգող վարչությունը»,- ասված է նամակում:

Խմբակցությունը կոչ է արել Տարոն Մարգարյանին՝ ղեկավարվել օրենքով և նրա պահանջներով: «Որքան էլ Ձեր պաշտոնական գրությունները նախապատրաստվեն ոլորտի պատասխանատուների կողմից՝ կատարողների պարտադիր հիշատակմամբ, այդուհանդերձ Երևանի ավագանու 65 անդամների նամակների պատասխանները պետք է ստորագրվեն Ձեր կողմից, որպեսզի համագործակցությունը կայանա և երևանցու շահը դառնա գերակա, որի մասին երևանցիներին  խոստացել ենք և՛ մենք, և՛ Դուք: Ըստ այդմ՝ համարում ենք, որ մինչ այժմ Ձեզ ուղղված նամակների պատասխանները չենք ստացել»,-եզրափակում է տիկին Բախշյանը:

 

 

ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը…

Աշոտ-Երկաթ-թագաւորի-խաչ-924-929-Անի«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:

Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:

Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր և թագաժառանգը Սմբատ Ա արքայի (890-914), որը, պայքարելով արաբական տիրակալության դեմ, եղերական մահ ունեցավ: Խաբեությամբ ձեռք գցելով Սմբատ Ա-ին` արաբները նրան տանջամահ արեցին, գլխատեցին Դվինում և մարմինը խաչեցին: Թվում է, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությունը: Բայց ոչ: Աշոտ Երկրորդն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:

Աշոտ  Երկրորդի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 910 թ., երբ նա իր Մուշեղ եղբոր հետ Նիգ գավառում`  Ձկնավաճառի ճակատամարտում, առաջնորդեց հայոց բանակը Հայաստան ներխուժած Ատրպատականի Սաջյան Յուսուֆ ամիրայի դեմ: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց և գլխատվեց թշնամու կողմից, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները:

Ձեռք գցելով Սմբատ Ա արքային և գլխատելով նրան` Յուսուֆը տիրացավ գրեթե ողջ հայոց թագավորությանը: Նա գրավում, քարուքանդ էր անում հայոց շեները, բերդերը, քաղաքները:

Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի հավաստմամբ` երկրում սարսափելի քաոս և սով էր տիրում: Եվ այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը պետք է համախմբեր երկրի պառակտված ուժերը, թշնամուն դուրս շպրտեր Հայաստանից, միավորեր երկիրը, ճնշեր անհնազանդ իշխաններին, ժողովրդին դուրս բերեր ծանր վիճակից:

Դեռևս 908 թ., խզելով դաշինքը Սմբատ Ա արքայի հետ, Գագիկ Արծրունի իշխանը Վասպուրականում իրեն հռչակել էր հայոց թագավոր` փաստորեն հիմքը դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորության (908-1021): Յուսուֆն անմիջապես ճանաչեց Գագիկի թագավորությունը` ձգտելով նման կերպ պառակտել Հայաստանը: Սակայն Յուսուֆի հաշվարկները չարդարացան: Գագիկ Արծրունին, բավարարվելով Վասպուրականով, Բագրատունիների դեմ Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց:

Քիչ էին այս արհավիրքները, հյուսիսային լեռնական ցեղերը սկսեցին ասպատակել Հայաստանը` ավերելով նրա կենտրոնական գավառները և բնակչությանը գերեվարելով, քշելով ստրկության:

Երկրում կատարյալ քաոս էր, սով: Հովհաննես Դրասխանակերտցու պատմելով` սովն այնքան մեծ ավերածություններ գործեց, որ ամբողջ շեներ և քաղաքներ ամայացան: Ի հայտ եկան անգամ մարդակերության դեպքեր:

915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը, ընկնելով Յուսուֆի լարած ծուղակը, շլանալով հայոց թագավոր դառնալու հեռանկարից, դավաճանեց հայությանն ու պայքար սկսեց օրինական թագավորի դեմ:

Չցանկանալով եղբայրասպան պատերազմ սկսել` Աշոտ Երկրորդը Հովհաննես Դրասխանակերտցու միջոցով բանակցություններ սկսեց իր հարազատի հետ: Նա պատրաստ էր ճանաչել Աշոտ Շապուհյանի իշխանությունը Վաղարշապատում և նրա շրջակայքում` առանց ժառանգության իրավունքի: Համաձայնություն ձեռք բերվեց, և Աշոտ Շապուհյանը, ստանալով ձևական թագավորական տիտղոս, դադարեց պայքարելուց:

Ապա Աշոտ Երկրորդն իր եղբոր` սպարապետ Աբաս Բագրատունու հետ զորարշավ սկսեց Հայաստանում` իր թռուցիկ խմբերով անակնկալի բերելով և ջարդելով արաբական զորաբանակները: Նա զորաշարժով ազատագրեց Շիրակը, Բագրևանդը, Աղստևի հովիտը, Գուգարքը, Հայաստանի կենտրոնական նահանգները, անգամ արշավեց հյուսիս ու գրավելով Տփղիսը` ջարդ տվեց Տփղիսի արաբ ամիրային: Իր արշավանքներում նա ամենուր ստանում էր ժողովրդի աջակցությունը, որ պարտիզանական գնդերով օգնության էր հասնում արքային:

Թվում է` Աշոտը կարողացավ արագ հաղթահարել խոչընդոտները և ազատագրել երկիրը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին: Սաջյան Յուսուֆ ամիրային փոխարինած Նասրը և նրա Բեշիր զորավարը մեծ զորքով դարձյալ շարժվեցին Հայաստան: Հասկանալով, որ միայնակ ու բզկտված ուժերով դժվար կլինի դիմակայել թշնամուն, Աշոտ Երկրորդն ուղևորվեց Բյուզանդիա` օգնություն խնդրելու այնտեղ իշխող հայազգի կայսր Կոստանդին Է Ծիրանածինից: Բյուզանդիան, որ իր շահերն էր հետապնդում Հայաստանում, օգնական զորք տրամադրեց Աշոտ Երկրորդին: Սակայն նրան հեշտ պայքար չէր սպասում: Այնուամենայնիվ, Աշոտ Երկաթը կարողացավ կտրուկ հարվածներով մաքրել երկիրը թշնամուց և վերահաստատել իր իշխանությունը:

Սակայն դրանով Հայաստանի խնդիրները չավարտվեցին: Աշոտ Երկաթի դեմ ապստամբեցին Գուգարքի իշխանները` Շամշուլդեի բերդակալներ Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրները և Գարդմանի տեր Սահակ Սևադան, որ, ի դեպ, արքայի աներն էր: Արքան գրավեց Շամշուլդեն, մահապատժի ենթարկեց ըմբոստներին, իսկ Սահակ Սևադային ու իր որդուն կուրացրեց: Թվում էր` երկպառակություններն ավարտված են, սակայն շուտով իր հավակնություններով դարձյալ հանդես եկավ Աշոտ Շապուհյանը` փորձելով տիրանալ արքայապատկան հողերին: Գործին դարձյալ միջամտեց Հովհաննես Դրասխանակերտցին և հաշտեցրեց հարազատներին:

Ապա հաջորդեց Ուտիքի Մովսես իշխանի ապստամբությունը: Արքան ճնշեց ապստամբությունը, կուրացրեց և շնորհազրկեց իշխանին: Սակայն շատ չանցած` նրա դեմ ապստամբեց Ուտիքում նոր կարգված կառավարիչը` Ցլիկ Ամրամը: Արքան դժվարությամբ կարողացավ ճնշել նաև Ցլիկ Ամրամի ապստամբությունը:

Ամենածանրը թերևս արքայի հարազատ եղբոր` Աբասի ապստամբությունն էր Աշոտ Երկաթի դեմ: Աբասը, դաշնակցած իր աներոջ` Կախեթի Գուրգեն իշխանի հետ, դավ նյութեց եղբոր դեմ: Արքան չընկավ լարված ծուղակը, հալածեց Աբասին և Գուրգենին երկրից, ասպատակեց Կախեթը:

Այս ամենը պառակտեց երկիրը, թուլացրեց հայոց զինուժը: Նասըր ամիրան, օգտվելով առիթից, դարձյալ արշավեց Հայաստան: Աշոտ Երկաթը փոքրաթիվ զորաբանակով ապաստանեց Սևանա կղզում: Բեշիրը պաշարեց Սևանը:

921 թ. Սևանի մոտ Աշոտ Երկաթը, անակնկալի բերելով թշնամուն, փոքրաթիվ ուժերով սարսափելի ջարդ տվեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց: Սևանի ճակատամարտը բեկումնային եղավ հայ-արաբական պատերազմում: Ասես մեկ մարդու նման` հայոց իշխաններն ու զորականները ջարդեցինև  իրենց գավառներից վտարեցին արաբական զորքերը: Միավորվելով հայոց արքայի հետ` հայ զինուժը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մաքրեց թշնամիներից: Իր հերթին արաբներին իրենց երկրներից վտարեցին Գագիկ Արծրունի թագավորը, Սահակ և Սմբատ Սյունյաց իշխանները: Հակաարաբական պայքարը համաժողովրդական բնույթ էր ստացել: Արաբական խալիֆը ստիպված էր հաշտվել ստեղծված կացության հետ և 922 թ. Աշոտ Երկաթին շնորհեց «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը: Սա լիակատար հաղթանակ էր ոսոխի դեմ: Այս հաղթանակով Հայաստանը ամրապնդվեց, և Աշոտ Երկաթի հեղինակությունը մեծացավ:

Սա դուր չեկավ Բյուզանդական կայսրությանը, որ մտավախություն ուներ Հայաստանի և արաբական խալիֆայության մերձեցումից: 922 թ. բյուզանդական բանակը արշավեց Դվինի վրա: Աշոտ Երկաթը, դաշնակցած Դվինի Սբուք ամիրայի հետ, ջարդեց բյուզանդական զորքը, որն ամոթահար նահանջեց…

Առհասարակ Բյուզանդիան վերապահումով էր մոտենում հայոց անկախությանը: Ճիշտ է, բյուզանդական կայսրերը Հայաստանն ընկալում էին որպես անկախ պետություն, սակայն, թերևս բացառությամբ Վասիլ Ա կայսեր, հայոց արքաներին դիմում էին որպես իշխանների:

«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Քաջարի և երկաթակամ արքան մահացավ երիտասարդ տարիքում` 928 թ.` ժառանգ չթողնելով: Նրա գահը ժառանգեց եղբայրը` Աբասը (928-953), որ Աշոտ Բ Երկաթի զինակիցն ու հայոց զորքերի սպարապետն էր:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Պոկվել են տանիքի անձրևատար խողովակները

big_1373903548_7Հուլիսի 15-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 22 շենքի տանիքի անձրևատար խողովակները պոկվել են. կա ընկնելու վտանգ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 16.35-ին հրշեջ-փրկարարները «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ-ի և Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ խողովակները ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Ավոպատահար Շիրակ գյուղում

ավտոպատահարՀուլիսի 15-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Մոսկվիչ» մակնիշի 12ԼՕ350 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Արթուր Եղոյանը (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և ուղղել:

Եղեգիս գետում տասնհինգ տարեկան տղա է խեղդվել

խեղդվում էՀուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում երեխա է ընկել Եղեգիս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Շատին գյուղի բնակիչ` 1998 թ. ծնված Կարեն Տիգրանյանի դին:

Համազգայինի 19-րդ Ուսանողական Հաւաքը (Ֆորում) Սկսաւ Իր Աշխատանքներուն

1003444_10153002519835417_2053862883_nՀամազգայինի 19-րդ Ուսանողական հաւաքի պաշտօնական բացումը կատարուեցաւ Շաբաթ, 13 Յուլիս 2013-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Երեւանի մէջ, ներկայութեամբ` Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Մասիս Պաղտասարեանի:
Բացման հանդիսութեան ողջոյնի խօսքը արտասանեց Հայաստանի Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեան, որ ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Համազգայինի ծագումը, ամբողջ աշխարհի մէջ անոր տարածումն ու գործունէութեան լայնածաւալ դաշտը, ապա` հաւաքի պատմականը. ան շեշտը դրաւ նման հաւաքներ հայրենիքի մէջ կազմակերպելու կարեւորութեան վրայ:
2013-ի ուսանողական հաւաքի ընդհանուր պատասխանատու Նորա Թաշճեան խնդրեց ներկաներէն 1 վայրկեան յոտնկայս յարգել նախորդ տարուան հաւաքի ղեկավար՝ Սերժ Գալուստեանի մահուան յիշատակը: Ան ամփոփ կերպով խօսեցաւ հաւաքի յաջողութեան գլխաւոր բանալիին` կարգապահութեան ու օրէնքներու յարգումին մասին,ապա բացատրութիւններ տուաւ հաւաքի ծրագիրին գործադրութեան վերաբերեալ։
Հաւաքի մասնակիցներուն բարի գալուստ մաղթեց նաեւ հաւաքի դաստիարակչական բաժինի վերահսկող անդամ Կարօ Յովհաննէսեան, որ օրինակներու ճամբով շեշտը դրաւ իւրաքանչիւր գաղութի ներդրումին կարեւորութեան վրայ՝ աշխատանք մը ամբողջական ձեւով յաջողեցնելու համար:
10-է աւելի շրջաններէ` Հայաստանէն, Արցախէն, Ջաւախքէն, Թիֆլիսէն, ՄիացեալՆահանգներէն, Քանատայէն, Աւստրալիայէն, Անգլիայէն, Լիբանանէն, Սուրիայէն, Ֆրանսայէն, Կիպրոսէն, Արաբական Միացեալ Էմիրութիւններէն եւ Պոլիսէն ժամանած հայ ուսանողները իրենք զիրենք ներկայացուցին։
Ծանօթացման առաջին հանգրուանէն ետք բարձրացան փոխադրակառք ու խանդավառ մթնոլորտի մէջ այցելեցին Երեւանի պատմութեան թանգարան, Սասունցի Դաւիթի արձան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ Մայր Հայաստան յուշարձան: Իւրաքանչիւր վայրի մասին հետաքրքրական եւ օգտակար տեղեկութիւններ փոխանցուեցան:

Երկրորդ օրուան ծրագիրը սկսաւ Կարօ Յովհաննէսեանի «Հայ Դատ»ը խորագիրով դասախօսութեամբ, ուր ան սպառիչ կերպով անդրադարձաւ հայութեան ինքնութեան հարցին եւ Հայ Դատի հետապնդման ուղղութեամբ տարուած տարբեր գործունէութեան, ինչպէս՝ տարբեր երկիրներու մէջ Հայ Դատի գրասենեակներու աշխատանքներուն: Դասախօսը անդրադարձաւ Հայ Դատի անցած հիմնական հանգրուաններուն 1923-էն ի վեր: Յովհաննէսեան ընդգծեց ազգային գաղափարախօսութեան ստեղծման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ ներկայացուց մոլեռանդ հայու հասկացողութիւնը:
Դասախօսութենէն ետք, ուսանողական հաւաքի մասնակիցները յաջորդաբար այցելեցին Սաղմոսավանք, Տառերու պուրակ, Արագած լեռ եւ Ամբերդ ամրոց: Ամբողջ ուղեւորութեան ընթացքին Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամուէլ Կարապետեան ընկերակցեցաւ մասնակիցներուն ու մասնագիտական մօտեցումով ներկայացուց՝ 13-րդ դարու կառուցուած Սաղմոսավանքի արտաքին եւ ներքին ճարտարապետական մանրամասնութիւններ, Արագած լերան կազմութեան եւ դիրքին վերաբերող տեղեկութիւններ, ինչպէս նաեւ Ամբերդ ամրոցի կառուցումի ու ապրած հոլովոյթին մասին բացատրութիւններ փոխանցեց:
Ուսանողական հաւաքի երրորդ օրը ուսանողները այցելեցին Երեւանի պետական համալսարան, ուր հանդիպում ունեցան համալսարանի նախագահ Արամ Սիմոնեանի հետ, որ ներկայացուց համալսարանի պատմականը, ընդգրկած մասնագիտութիւնները, արձանագրած յաջողութիւնները եւ ապագայի հեռանկարները: Այնուհետեւ խօսք առաւ Լիլիթ Գալստեան, որ շնորհակալութիւն յայտնեց ընդունելութեան համար եւ համալսարանի գրադարանին նուիրեց Համազգայինի հրատարակութիւններէն:

Ապա հաւաքի մասնակիցները ուղղուեցան Սերկէյ Փարաջանովի տուն-թանգարան ու ծանօթացան անոր բարձր արուեստին: Ապա անոնք գացին Ճատրակի տուն, ուր մրցեցան անմրցելի պատանիներու դէմ:

Հաւաքի իւրաքանչիւր օրուան աւարտին տեղի ունեցաւ մշակութային կամ ընկերային ձեռնարկ մը, որուն ընթացքին ճոխ մթնոլորտի մէջ աւելի եւս ամրապնդուեցաւ աշխարհագրականօրէն իրարմէ հեռու երկիրներէ եկած մասնակիցներուն կապը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարային

3525

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:

Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել Ուկրաինային՝ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, վստահություն հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը և անձամբ Լեոնիդ Կոժարան հաջողությամբ կիրականացնեն այդ պատասխանատու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցը, որը վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների նկատմամբ ԵԱՀԿ նախագահության ուշադրության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում և հատկապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի ներդրումը նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման գործում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Լեոնիդ Կոժարայի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՀԿ ինստիտուտների միջև հետագա համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանը՝ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին:

Նախագահն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը

 3523

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի ներկայացման և առաջմղման գործում: Հանրապետության Նախագահը կարևորել է նման այցելությունները, որոնք լավագույն հնարավորությունն են տեղում ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում առկա զարգացումներին, ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները, անմիջականորեն շփվելու գործընկերների հետ, ինչպես նաև հաղորդակից լինելու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ հայ-ավստրալիական միջպետական կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում ակտիվ ու հետևողական գործունեության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև ավստրալահայ փոքրաթիվ, բայց երկրի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունեցող, բավականին կազմակերպված համայնքի դերը: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական ձևաչափով և միջազգային հարթակներում ևս Հայաստանի ու Ավստրալիայի միջև ակտիվացող համագործակցությունը:

Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդին նշել է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բազմակուսակցական է, և իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են խորհրդարանի բոլոր ուժերը, հետևաբար՝ ամբողջ խորհրդարանի անունից լիազորված է վերահաստատելու բոլոր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և խորացնելու Ավստրալիայի ցանկությունն ու պատրաստակամությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Սերժ-Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին: