Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՀարգելի՛ դատախազներ,
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել է նաև մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա:

Այսօր էլ դատախազությունը շարունակում է պատասխանատվության զգացումով կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները և հաջողությամբ դիմագրավել ժամանակի մարտահրավերներին: Դատախազության համակարգում շատ են բանիմաց, հմուտ ու նվիրյալ դատախազները, որոնց արդյունավետ գործունեությունը դատախազության հետագա հաջողությունների և, վերջին հաշվով, երկրի առաջընթացի գրավականն է:

Գոհունակությամբ պետք է նշել, որ Հայաստանի դատախազությունը ակտիվորեն ներգրավվել է անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ պայքարում, ինչպիսիք են փողերի լվացումը և թրաֆիքինգը: Այդ բնագավառում Հայաստանի առաջընթացն արձանագրել են նաև միջազգային կառույցները, որոնց հետ համագործակցության դրական փորձ է ձևավորվել: Խրախուսելի է նաև, որ Հայաստանի դատախազությունը բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր է կնքել արտասահմանյան երկրների համապատասխան կառույցների հետ:

Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ և առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

10511_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արձագանքը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ եղել է արագ և թիրախավորված: Մարկ Հորթոնը ընդգծել է նաև, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը կնպաստի տնտեսության կայունության պահպանմանը:
Զրուցակիցները, բարձր գնահատելով արդեն իսկ եզրափակվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագիրը՝ քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Հայաստանի փորձը` միջազգային կրթական հանրույթի ուշադրության առանցքում

արմեն աշոտյանՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար ամսին Լոնդոնում կայացած “Կրթության համաշխարհային ֆորումին” Հայաստանի պատվիրակության ներկայացրած զեկույցի` հանրակրթական դպրոցներում “Շախմատը” որպես պարտադիր առարկա ներդրման փորձի վերաբերյալ միջազգային արձագանքները: Ըստ նախարարի` Հայաստանի փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում: Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին և որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլոտում համագործակցության, Հայաստանում բիզնես կրթության ներդրման, ինչպես նաև անգլերեն լեզվի դասավանդման և թեստավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել նախարարության ակտիվ մասնակցությունը բերել հոկտեմբերին նախատեսվող Բրիտանական խորհդի կողմից կազմակերպվող “ՏՏ տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում” համաժողովին:

 

Սպասվում են կարճատև տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ին կնվազի 5-7, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 3-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 2-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-6-ին էական տեղումներ չեն սպասվում:

Բողոքարկման արդյունքում 94 դիմորդի գնահատական է բարձրացվել

գթկԳԹԿ-ն ամփոփել և հրապարակել է միասնական քննությունների առաջին փուլի բողոքարկումների արդյունքները:

Ընդհանուր առմամբ, 10 քննական առարկաներից ստացվել է 486 դիմում-բողոք:

379 դիմորդներ խնդրել են վերահաշվարկ կատարել:

Վերահաշվարկի արդյունքում 94 դիմորդների գնահատականները բարձրացվել են. համակարգիչը նրանց պարագայում թիվը սխալ է կարդացել` տվյալ առաջադրանքի համար միավոր չտալով: Մյուսների գնահատականները չեն բարձրացվել:

Բողոքարկողներից 108-ը խնդրել են միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալ իրենց` պատճառաբանելով, որ քննությունների ժամանակ վատառողջ են եղել, ինչի պատճառով էլ անբավարար են ստացել:

ԳԹԿ-ն, սակայն, մերժել է պահանջը, քանի որ ըստ ընթացակարգի վատառողջ լինելու դեպքում դիմորդները կարող էին քննասենյակում բարձրաջայնել այդ մասին, որպեսզի ներկա բժիշկը արձանագրեր խնդիրը և համապատասխան թուղթ տար:

Մերժվել են նաև թեստային տետրը ստուգելու պահանջները. ստուգվում է միայն ձևաթուղթը, իսկ թեստային տետրում գրված, բայց ձևաթուղթ չանցկացված պատասխանները չեն հաշվվում:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ բովանդակային որոշումներ չեն կայացվել:

Նշենք, որ այսօր միասնական քննությունների երկրորդ փուլին հայտագրվելու վերջին օրն է: Առաջին փուլին չմասնակցած դիմորդները մինչ ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել ԳԹԿ-ում:

Լրացուցիչ փուլի մասնակիցները քննությունները կհանձնեն Երևանում ձևավորված քննակենտրոններում. հուլիսի 2-ին` «ռուսերեն», «հուլիսի 3-ին` «մաթեմատիկա», հուլիսի 4-ին` «կենսաբանություն», «աշխարհագրություն», ընդհանուր պատմություն», հուլիսի 5-ին` «հայոց լեզու և հայ գրականություն», հուլիսի 6-ին` «ֆիզիկա», հուլիսի 7-ին` «օտար լեզու» և հուլիսի 8-ին` «հայոց պատմություն», «քիմիա» առարկաներից:

Մեդալների ակնկալիքով

կգնՌուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հունիսի 6-17-ը տեղի կունենա Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան, որին կմասնակցի նաև Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար,Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: Ողջունելով  ուսանող-մարզիկներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի այս տարվա պատվիրակությունն աննախադեպ է՝  թե իր քանակով, և թե որակով: <Ես ուրախ եմ, որ այս տարի մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ  ծագող աստղեր: Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու  և 160-ից  ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր  երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, և արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու >,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ունիվերսիադայի կազմակերպման գործում նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Հայաստանի օլիմպիականկոմիտեի և ճյուղային ֆեդերացիաների հետ:

Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային Հայաստանի մարզիկները հանդես կգան 10  մարզաձևերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:  Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի և Աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմական  ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ և Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ  Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ստեփանյանի խոսքով՝ բոլոր մարզաձևերում ներկայացված են մարզիչներ, իսկ երեք մարզաձևում Հայաստանը կունենա միջազգային կարգի մրցավարներ: Ըստ Հայաստանի  մարզական պատվիրակության ղեկավարի՝ բոլոր մարզիկները տվյալ մարզաձևի ազգային հավաքականի անդամներ են, իսկ թիմերի ղեկավարներ են՝ Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մի քանի ազգային հավաքականի  նախագահներ:

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի առեւտրի եւ տնտեսության նախարարի հետ

ԱգնՀունիսի 25-ին Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ ՀՀԹ առեւտրի եւ տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորեցին երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաեւ դրանց զարգացման առաջնահերթությունները: Նախարարն իր հերթին կարեւորեց երկու երկրների միջեւ օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու  եւ համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր:

Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր

001 (15)Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են  մայրաքաղաքում  համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։

Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության ղեկավար, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն նշել է, որ իրենց կազմակերպությունը հետաքրքված է ոլորտի երևանյան միջավայրով և առաջարկել է աջակցության կամ համագործակցության եզրեր փնտրել։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանն ընդգծել է, որ Երևանի մի շարք բուժհաստատություններ իրենց մատուցած որակյալ բուժծառայություններով կարող են նաև հետաքրքրել բազմաթիվ երկրների քաղաքացիների և, ըստ այդմ, նպաստել բժշկական զբոսաշրջության զարգացմանը։

«Այցի ընթացքում նախատեսել ենք լինել Երևանի մի քանի բուժհաստատություններում՝ ուսումնասիրելու հնարավորությունները, առաջարկները: Դա կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցություն սկսելուն»,– նշել է Բժշկական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հանձնարարվել է խստորեն վերահսկել շինարարական աշխատանքների կատարման որակի ապահովումը

005 (1)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների  կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին  հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են: Վարչական շրջանի ղեկավարը նաև զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաև նրանց հավանությանը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու ենք երևանցիներին: Այդ ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից կատարած աշխատանքները դրական արդյունք են տվել ու ընդունվել են բնակիչների կողմից: Ըստ այդմ, առաջիկա 4 տարիներին ևս շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ծրագիրը հասցնենք ավարտին, և Երևանի բոլոր բակերը ծառայեն մեր քաղաքացիներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը  հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել դրանց որակի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների կողմից գնման գործընթացների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել դրանց համապատասխանությանը գնումների օրենսդրությանը և կնքված պայմանագրերի պատշաճ կատարմանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ու ընթացիկ նորոգման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նաև փողոցների գծանշման, ճանապարհային երթևեկության վնասված նշանների փոխարինման ու վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է մինչև նոր ուսումնական տարեսկիզբ ապահովել կրթական բոլոր հաստատությունների հարակից փողոցների գծանշումները:

Անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 145 վարչական արձանագրություն:

Զեկուցվել է, որ շարունակվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև համատիրություն-վարչական շրջան համատեղ ուժերով իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և հետագայում ծրագրերում ներառել նաև շենքերի բոլոր հարկաբաժինների աստիճանահարթակների վերանորոգման աշխատանքները:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի ծրագրով նախատեսված թվով 35 կամարանցումների վերանորոգման և նկարազարդման աշխատանքները: Ընթացքի մեջ են բակային տարածքների նկարազարդումները:

Անդրադառնալով «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ պետական կառույցների,  նաև՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակ» զբոսայգում: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մինչև սեպտեմբեր, յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկում են բակային ճամբարները: Նախատեսված են մարզական և մշակութային մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, էքսկուրսիաներ և հանդիպումներ մտավորականների հետ:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն

ոստիկանությունՀունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:
Թումանյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, և ուղևորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջևի աջ մասի ոտնատակից՝ 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ:
Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ առկա էր դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

3418

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից ևս:

Ընդգծելով, որ 21-րդ դարում աշխարհի որևէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում և իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին:

Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարևորագույն գործում:

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու և պարգևի համար՝ խորհրդանշական համարելով, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ դատախազության 95-ամյակի տոնակատարության օրերին: Նրա խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատողները, իրավամբ, հպարտանում են համատեղ պատմության փառավոր էջերով և հաղթանակներով: Յուրի Չայկան գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք լիարժեքորեն կարող են կոչվել ռազմավարական գործընկերություն: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է ոչ միայն երկկողմ փոխգործակցությունը, այլ նաև ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կորդինացիոն խորհրդում, Եվրոպայի խորհրդի մարմիններում, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակներում համատեղ արդյունավետ աշխատանքը:

 

Ավազակային հարձակում Ավշար գյուղում

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՎՇԱՐ ԳՅՈՒՂՈՒՄՀունիսի 30-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.15-ի սահմաններում Ավշար գյուղում դիմակավորված և զինված 3 անձինք հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել Խաչիկ Պ.-ի բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել են 1.700.000 դրամ և մեկ զույգ ոսկյա ականջօղեր` ադամանդե քարերով` պատճառելով 1.900.000 դրամի նյութական վնաս:

Ավազակային հարձակման ժամանակ նշված խմբի կողմից կատարված կրակոցների հետևանքով «որովայնի ձախ կողմնային պատի հրազենի կույր վիրավորում» ախտորոշմամբ Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Տարոն Պ.-ն:
Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկվել 1989 թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ն և 1965 թ. ծնված, նույնպես նախկինում դատված Ալբերտ Տ.-ն:
Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Անձնական խուզարկությամբ Էդգար Կ.-ի մոտից հայտնաբերվել է ավազակային հարձակման ժամանակ հափշտակված 1.647.000 դրամ գումարը, Ալբերտ Տ.-ի մոտից` սև գույնի, գաղտնի փականով 1 դանակ, իսկ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ հանցագործության գործիքներ հանդիսացող գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ ծառայած զուգագուլպաները:
Հայտնաբերված ատրճանակներն ու դանակն ուղարկվել են փորձաքննության:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ միջոցառումներ ավազակային հարձակման երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Նախագահի հրամանագիրը Ռ. Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին

ՀՀ Նախագահի հրամանագրերը

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաuը` որոշում եմ.Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների ավարտական փուլին սահմանվել է մարզական ռեկորդ

3Հունիսի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների փակման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-ից 22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:

Երիտասարդական ճամբարների վերջին օրը ճամբարի մասնակից ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է մարզական ռեկորդ՝ 3333 անգամ կատարելով ձեռքերը ցած իջեցրած դրությունից 5,5 կգ կցագնդիկները դեպի վերև բարձրացում: Մարզիկը իր նոր ռեկորդը նվիրել է Հայոց բանակին:

«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական պաշտոնյաներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով` ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը և հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:

Ճամբարների ընթացքում Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի մարզիչները կազմակերպել են հրաձգության դասընթացներ՝ երիտասարդներին տալով հրաձգության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ:

Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը

10506_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:
Ծրագրի շրջանակներում կացկացվի 45 միջոցառում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաևը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, օտարերկրյա պատվիրակություններ, տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ գյումրեցիներ:
Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010-ին ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ:
«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով:

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ. «Կյանքն անարդար է, բայց, ամեն դեպքում, խաղ է»

նարեկ դուրյան«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Դոն Ժուան ավիա», «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներով Նարեկ Դուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:

Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:

 –Պրն Դուրյան, այսօր մարդիկ թատրոն հաճախում են, չէ՞: Օրինակ՝ Ձեր ներկայացումները լեփ–լեցուն դահլիճներում են անցնում:

– Գիտեք, պետք է հասկանալ, թե հատկապես ինչ սկզբունքներով է առաջնորդվում կամ պետք է առաջնորդվի ժամանակակից թատրոնը: Մեր օրերում ոչ միայն ֆինանսական ճգնաժամ է, այլև ավելի վտանգավոր ու գուցե անբուժելի ճգնաժամ` ուղեղի ճգնաժամը: Մարդիկ հոգնել են, վազվզում են, ամեն ինչ փոխվել է: Օրինակ՝ անգամ հեռախոսով խոսելու, հեռուստացույց դիտելու ձևն է փոխվել. ժամանակին հինգ ալիք էինք դիտում, հիմա՝ 135, որոնք մորթում են թատրոնն ու կինոն: Դարը փոխվել է: Ասենք, նույն Շիրվանզադեի ստեղծագործությունները հիմա ուրիշ կերպ պետք է մատուցել: Ներկայացում բեմադրելիս միշտ մտածում եմ, որ մատչելի լինի, մարդիկ շատ չմտածեն: Ինչպե՞ս է գովազդն արվում. ես թատրոնը միշտ մարքետինգի հետ եմ համեմատում: Աֆիշի մասին ենք, չէ՞, մտածում, բա եթե այդքան կարևոր չէ, ինչո՞ւ ենք երկար մտածում. գրիր, կպցրու մի անկյունում: Մոտեցումը, ձևը պետք է փոխել: Ասեմ, որ չեմ գտնում այն դրամատուրգիան, որը ես եմ ուզում. իրավիճակ, ծիծաղ, խաղ, շարժում, դինամիկա, այդպիսի դրամատուրգիայի չեմ հանդիպում: Տվել են, կարդացել եմ մի քանի կոմեդիաներ, լավ է, ծիծաղելի է, միտք կա, պարապ կոմեդիա չէ, բայց դինամիզմ չկա:

– Գիտեմ, որ Ձեր ներկայացումների սցենարն ինքնուրույն եք գրում, ինքնուրույն էլ բեմադրում ու խաղում եք…

– Այո՛, դա այդպես է: Պարզապես պետք է հետևողական լինել կյանքում, ես երբ ինչ-որ բան եմ նկատում, որն ինձ հետաքրքրում է, բեմ եմ բարձրացնում: Պետք է ժամանակի հետ շարժվել: «Կոկա-կոլայի» նման գովազդի կարիք չունեցող հսկա ընկերությունը երկու տարին մեկ փոխում է շշի տեսքը, ինչո՞ւ, որովհետև ժամանակի հետ է քայլում, գիտի՝ մեր միտքը փոխվել է, ուրեմն նոր բան է պետք անել: Եթե այսպես ես մտածում, ներկայացումը երկար է ապրում: Իհարկե, ես միշտ որոշ շտկումներ, այսպես ասած իմպրովիզներ անում եմ, դա հնարավորություն է տալիս պահպանելու կենդանի վիճակը:

– Զարմանալի մի բան եմ նկատել: Դուք հաճախ ավելի շատ նախընտրում եք համագործակցել նոր, սկսնակ դերասանների հետ, քան, ասենք, փորձառուների: Պատճառը ֆինանսնե՞րն են, թե՞ ժամանակը: Չէ՞ որ հայտնիները գերադասում են հեռուստատեսային սերիալները:

– Գիտե՞ք` որն է իմ երազանքը:

– Չգիտեմ:

– Իմ երազանքն է միայն բեմադրել ներկայացում, հանդես չգալ այնտեղ որպես դերասան: Օրինակ՝ հրավիրել 20-21 տարեկան երիտասարդների ու կարողանալ բեմադրությունն այնպես անել, ինչպես ես եմ ցանկանում, և առաջ տանել նրանց:

Չնայած այս պահին հարմար նյութ չեմ գտնում: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի առաջ կարելի է խոնարհվել: Մի կողմ եմ ուզում դնել բոլոր կարծիքները: Ինչքա՜ն ջահելներ մեջտեղ եկան: Իհարկե, մեր ասպարեզները նույնը չեն. շոու-բիզնեսում ավելի հեշտ է արտադրանքը «ծախվում», սպառվում, քան թատրոնում: Մտածում եմ, որ դա լավ գործ է:

– Կատակերգության միջոցով ժամանակակից հիմնախնդիրները բարձրացնելը որքանո՞վ է շահավետ, ի՞նչ է դա տալիս հանդիսատեսին:

– Գիտեք, միշտ այն համոզմանն եմ եղել, որ թատրոնը տրիբունա չպետք է լինի, քաղաքականությունը մեր գործը չէ, պետք է պարզապես քո ասածը ասես, ստեղծես իրավիճակ, իսկ որոշումը թողնես հանդիսատեսին, մարդկանց: Պրոպագանդայից պետք է հեռու լինել, չպետք է երազել, այդ պատճառով «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ վերջում ասում եմ՝ գնա՞լ, թե՞ մնալ։ Ես չեմ ասում, չէ, պետք է գնալ կամ չպետք է գնալ: Ամեն բան թողնում եմ հանդիսատեսին:

– Գիտե՞ք այն դեղատոմսը, թե ինչու են Ձեր ներկայացումներն այսքան պահանջված:

– Կարծում եմ՝ մատչելիության ու պարզության համար, իմ ներկայացումները պարզունակ չեն: Բայց բարդ բաներ էլ չպետք է ներկայացնել, խճճել հանդիսատեսին: Պետք է մարդ նստի ու բավականություն ստանա, մտածի ու գնա: Եվ անպայման դերասանական խաղը: Հիմա նկատվում է, որ դերասանական խաղը կրկին կարևորվում է, ինչն ուղղակի հրաշալի է:

– Հետաքրքիր էր «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը, որը կարծես տարբերվում էր բոլորից, բայց նաև ինչ–որ չափով նման էր…

– «Նեմեսիսն» այն օպերացիան էր, որով հայ երիտասարդները սպանեցին 1915-ին Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին: Կարծում եմ՝ նմանատիպ ներկայացումներ հաճախ պետք է լինեն` ամիսը չորս-հինգ անգամ, սակայն, ցավոք, այդքան հանդիսատես չունենք: Ես որոշեցի հենց սա բեմադրել, քանի որ այն մեր հերոսական էջերից է: Գտնում եմ, որ դա ուղղակիորեն կապվում է այսօրվա ղարաբաղյան պայքարի հետ: Ցավոք,մեր իրականությունում Սողոմոն Թեհլերյանի նմանները քիչ են: «Նեմեսիսի» մեջ Սողոմոն Թեհլերյանը երգիչ, դերասան Ավո Խալաթյանն է, իսկ Թալեաթ փաշայի դերակատարը՝ դերասան Սարգիս Գրիգորյանը:

– Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եք: Հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում հայ հանդիսատեսը փոխվե՞լ է:

– Իմ հանդիսատեսի մասով կարող եմ ասել: Իմ հանդիսատեսը խայտառակ պահանջկոտ է: Ցավոք, պետք է ասեմ, որ մեր օրերում հումորը շատ էժանացավ, այդ պատճառով այն գնողները շատացան, ինչը հանդիսատեսի խնդիրը չէ: Այս դեպքում սկսում է հնչել գռեհիկ, կոպիտ հումորը՝ նպատակ ունենալով զուտ ծիծաղեցնել մարդուն, իսկ պարզունակից մինչև ցածր որակ մեկ քայլ է: Հավատում եմ, որ վերելք է լինելու, մարդիկ կարծես հոգնել են վուլգար խոսքից, սերիալներից…

– Դուք երկար տարիներ ապրել ու ստեղծագործել եք Ֆրանսիայում: Ի՞նչ Ձեզ տվեց 20-ամյա անկախ Հայաստանը:

– Առաջինը՝ իմ վերադարձը հայ բեմ, ինչը երևի քիչ բան չէ: Ես չէի մեկնել Հայաստանից, հեռացել էի Խորհրդային Հայաստանից՝ Սովետից: Գիտեք, անկախությունը, իրոք, մեծ ձեռքբերում է: Բայց անկախությունը միմիայն բառով չէ, մարդիկ պետք է անկախ լինեն: Չձգտեն գնալ դուրս ու գտնել աշխատանք, հաստատվել: Օտար երկրներին չնախանձելու երաշխիքներից մեկն էլ անկախ ապրելն է ու գոհացնող աշխատանք ունենալը:

– Ձեր ներկայացումների մեջ հիմնականում արծարծում եք հասարակության մեջ ստի տարածվածության գաղափարը…

– Այո՛, իմ բոլոր ներկայացումներում էլ դա կա: Ես գրոտեսկ, չափազանցություն շատ եմ սիրում: Եվ երբ թատրոնը պայմանականություն եմ անվանում, հենց այդ էլ երևի ինձ ստիպում է գրոտեսկի դիմել, այդ կերպ հաղորդակցվել հանդիսատեսի հետ: Իրականում ամենամեծ սուտը կենցաղում է ծնվում, և մենք՝ դերասաններս, ամենամեծ «խաբեբաներն» ենք, դա կարծես մեր մասնագիտությունն է: Հաճախ մարդիկ քաղաքականացված են ընկալում ամեն ինչ, բայց իրականում իմ ներկայացումները քաղաքական բովանդակության հետ կապ չունեն, դրանք ավելի շատ հասարակական են:

– Ո՞րն է Ձեր ներկայացումներում հավատամքը, ի՞նչն եք թիրախավորում:

– Պատմել հանդիսատեսին այն ամենի մասին, ինչ նրան հետաքրքրում է. ես ուրիշ կրեդո չունեմ: Եթե դահլիճում ներկա է, ասենք, 200 մարդ, ապա յուրաքանչյուրին պետք է հետաքրքրի այն, ինչը ներկայացնում եմ բեմից: Նորից եմ ասում՝ հանդիսատեսին հետաքրքրելու համար պետք է կարողանաս քայլել ժամանակին զուգահեռ, համընթաց և վստահ եմ, որ դա է այսօր թատրոնի գլխավոր երաշխիքը: Չպետք է թատրոնը շփոթել սրբավայրի կամ դաստիարակչական-կրթական հաստատության հետ: Թատրոնը, չեմ վախենում ասել ու ամեն անգամ կրկնել, շոու է` նախատեսված դիտման համար: Հարցի այլ կողմն էլ կա. այն, ամեն դեպքում, զարգացած, գրագետ ու դաստիարակված մարդկանց տեղ է:

– «Սե լա վի»-ն յուրօրինակ ընկալվող բառակապակցություն է: Դա նաև Ձեր այցեքարտերից մեկի անվանումն է: Ինչպիսի՞ն է կյանքը Նարեկ Դուրյանի համար, նրա աչքերով:

– Խաղ է, երբեմն շատ անարդար, բայց, ամեն դեպքում, խաղ է, որտեղ մեկ շահում ես, մեկ էլ պարտվում: Բայց փաստ է, որ այնուամենայնիվ խաղում ես: Ես ճակատագրին չեմ հավատում. ով ինչ անում է, իրեն է անում:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքըՍևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Գնացքի չվացուցակին կարելի է ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.ukzhd.am՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

 

 

Անհետացած զինվորն ինքնակամ ներկայացել է զորամաս

taron_hajruni_1372494333Լուսակերտի զորամասից հունիսի 26-ի գիշերը դուրս եկած և անհետացած զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին այսօր հայտնաբերվել է:

ՀՀ ռազմական ոստիկանությունից Անկախ-ին հայտնեցին, որ առավոտյան 10:50-ին Տարոն Հայրունին ինքնակամ ներկայացել է զորամաս:

Հիշեցնենք, որ նրան վերջին անգամ տեսել էին հունիսի 27-ին՝ առավոտյան 8.30-ի   ահմաններում, Երևանի Մարաշ թաղամասում, այնուհետև նրա հետքը կորել էր: Չորս օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան, սակայն ապարդյուն:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել:

Թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ Տարոն Հայրունին մեկ տարվա զինծառայող է և որևէ խնդիր չի ունեցել ծառայակից ընկերների կամ զորամասի հրամանատարության հետ:

Նշենք նաև, որ օրենքով զինվորի կողմից զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց քրեական հետախուզում է հայտարարվում և գործ հարուցվում:

 

Հայ-հունական գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը

Sharmazanov-MitarachiՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին:

Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում:

Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013-ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

10505_am_1Մեծարգո պարոն Նախագահ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է:
Մեծարգո Սերժ Ազատի.
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, որոնք, ի սպաս են դրվելու Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը: