ԱԳ նախարարը հանդիպեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին

336. Minister Nalbandian met with COE SG 15.05.2013Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը ուղևորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է և կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարևոր միջոցառումներ են նախատեսված, ինչի մասին նա համոզվեց դեռ ապրիլ ամսին Երևան կատարած այցելության ժամանակ։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ-ին անդամակցությունից 12 տարի անց նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաև պատասխանատվություն։ Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը և պատասխանատվությունը, քանի որ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
«Հայաստանի նախագահության ընթացքում մեր լիակատար աջակցությունն ենք բերելու Եվրախորհրդում նախաձեռնված բարեփոխումների գործընթացին։ Նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, անդամ երկրների խորհրդարանների, սահմանադրական դատարանների և խորհուրդների, տարածքային ինքնակառավարման մարմինների մակարդակներով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջմշակութային, միջկրոնական երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խտրականության, անհանդուրժողականության, այլատյացության դեմ պայքարին»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԽ օրակարգային մի շարք հարցերի, մայիսի 17-ին Կրակովում կայանալիք Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելիք հարցերին։
ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

 

Ինչպե՞ս է կատարվում դատական նիստի արձանագրումը

դատական նիստՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.

4) գործի անվանումը.

5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.

6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.

7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.

8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.

12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

Հարկ է նշել, որ արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:

Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

 

Պատրաստեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Օրանժ Արմենիա»-ն նախատեսում է վերանայել սակագները

ՕրանժՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 15-ին ընդունեց Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության  գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացվեցին «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները:

Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրեց, որ հունվար ամսից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաև սակագների վերանայում,  որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը:

Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան:  «Օրանժ»-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան: Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործող օպերատորների միջև լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին

3020Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ երկարամյա գործունեության ընթացքում Դատական կատարողների միջազգային միությունը պատկառելի փորձ և գիտելիք է կուտակել՝ Սերժ Սարգսյանը կարևորել է փորձի փոխանակումն ու միության ջանքերը՝ մասնագիտական վերապատրաստումներին աջակցելու գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավական, հետևողականորեն բարեփոխումներ է իրականացնում, ուստի հետաքրքրված է նաև Դատական կատարողների միջազգային միության աշխատանքով՝ ուղղված հարկադիր կատարման համակարգում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը:

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության և միության աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նշելով, որ իր դիտարկմամբ ՀՀ ԴԱՀԿ-ը գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն որոշակի հաջողությունների է հասել, Լեո Նետենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ծառայության հետ և հնարավորինս օժանդակելու բոլոր այն մասնագիտական հարցերում, որի կարիքը կունենա ՀՀ ԴԱՀԿ-ը:

«Թանգարանների գիշեր-2013» ծրագիրը անցկացվում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով

Թանգարանների-գիշերըՅուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: Ի դեպ, 2013 թվականի մայիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով ստանձնելու է Հայաստանը:

Եթե 2005 թվականին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա այս տարի միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան: Այսպես, 2010 թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011 թ.` 59-ի, իսկ 2012 թ. թանգարանների թիվը 62-ն էր, ինչը նշանակում է, որ համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը:

Պետք է նշել, որ յուրաքանչյուր տարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը` 2011 թվականին 107 հազար էր, իսկ 2012 թվականին շուրջ 135 հազար:

«Թանգարանների գիշեր 2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Միջոցառման նպատակն է նաև այցելուներին ծանոթացնելու թանգարաններում տարվող ոչ ֆորմալ կրթական գործընթացներին:

«Թանգարանների գիշեր 2013»-ին մասնակցում է 88 թանգարան: Նախորդ տարվա համեմատությամբ` թանգարանների թիվը ավելացել է 21-ով: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիային միացել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև «Մի պատառիկ պատմությունից» /«A piece of the story»/ մուլտիմեդիա ծրագիրը, որին մասնակցել են եվրոպական երկրների մի շարք թանգարաններ: Ծրագրին միացել է հայաստանյան 10 թանգարան, յուրաքանչյուր թանգարան ներկայացրել է ինքնատիպ պատմություն ունեցող թանգարանային առարկա:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 22-23-ին նախատեսվում է անցկացնել երիտասարդ թանգարանագետների գիտաժողով` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով: Այն հնարավորություն կտա ակտիվ քննարկումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների շուրջ:

 

Պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէր նույնիսկ հիշատակության. նորակառույց եկեղեցու ճարտարապետ

MHM78031 copyԱրտակ Ղուլյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Այս օրն էլ անցավ… բացվեց Աբովյանի նորակառույց եկեղեցին, որի հեղինակը լինելու համեստ պատվիս համար վերջին մի քանի օրերի ընթացքում ստացել ու մինչ այս պահն էլ շարունակում եմ ստանալ հարյուրավոր նամակներ ու մեկնաբանություններ՝ շնորհավորանքների ու գնահատանքի ջերմ խոսքերով: Եվ քանի որ հնարավոր չէ բոլորին մեկ առ մեկ պատասխանել, այս տողերով խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին՝ ուշադրության և անկեղծության համար… Այո, յոթ տարի անքուն գիշերներ եմ անցկացրել, յոթ տարի արևի ու անձրևի տակ շինհրապարակում շինարարների, վարպետների ու քանդակագործների հետ ուրախացել ամեն նոր կամարով ու քանդակով… Չգիտեմ իրապես որն է այդ եկեղեցու ճարտարապետական արժանիքը, բայց ես անկեղծ ու անզիջում եմ եղել ի մասնագիտական դիրքում, որքան հնարավոր է դա անել այսօր: Եվ պիտի նույն անկեղծությամբ էլ փակեմ այդ մասին պատմող էջս… Այսօր պաշտոնական արարողության ժամանակ, թե դրսում, թե ներսում, պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության… «Շնորհակալություն նաև ճարտարապետին, շինարարներին ու քանդակագործներին…» ընդամենն այսքանը հնչեց… Նույնիսկ չգիտեմ, ինչպես հասկանալ նրանց, ում հետ ամենօրյա շփումից հետո, պարզվում է, ընդամենը անանուն ճարտարապետ եմ… Կարելի է կարծել, թե՝ կամ էս երկրի միակ ճարտարապետն եմ, կամ անունս Ճարտարապետ է…:)) Նաև չգիտեմ, թե ինչ հրաշք է պատահում, երբ չեն մոռանում քաղաքում կառուցվող հերթական այլանդակության, կամ հերթական քանդականման զանգվածի հեղինակին… Օգտագործելով առիթը ներողությունեմ խնդրում այն լրատվամիջոցներից, որոնց հարցազրույցից այսօր հրաժարվեցի… Կարծում եմ արդեն հասկացան, թե ինչու…»:

Էլեկտրաէներգիայի սակագինը ևս կբարձրանա

էլ.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Այս   մասին  տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ազատ դեմոկրատներԱյսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Հայաստանում կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի, զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն

շներՀայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Հայաստանում ` Նուբարաշենում, այս տարի կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի, զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն:

«Աշխարհի բոլոր երկրներում կան նման դպրոց-կենտրոններ, որտեղ շներին սոցիալիզացնում են, պատրաստում քաղաքին, հասարակության մեջ ապրելուն»,-ասաց  Վիոլետա Գաբրելյանը:

Դպրոց-կենտրոնի կառուցման համար որպես խորհրդատու Հայաստան է ժամանել Վրաստանի Կ-9 դպրոցի տնօրեն Զաբա Պսխվեդաձեն: Նա նույնպես ասուլիսի բանախոսներ էր և նկատեց, որ վաղուց ժամանակն էր նման կենտրոն բացել Հայաստանում և կազմակերպել տարբեր տիպի միջոցառումներ հարևան երկրների մեջ: Ըստ բանախոսների՝ նման կենտրոնի առկայության կարևորության մասին է փաստում նաև վերջերս Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ պիտբուլ ցեղատեսակի շան կողմից հոշոտվել էր մեկ այլ՝ ավելի փոքր շուն:

Մնում է միայն հուսալ, որ եթե կան նման տեսակի շներ և մարդիկ, ովքեր նախընտրում են տանը այդ ցեղատեսակի կենդանիներ պահել,  ապա այս դպրոցի շնորհիվ հնարավոր կլինի բացառել պիտբուլներից հասարակությանը սպառնացող վտանգի գործոնը:

Որակը, մատչելիությունն ու արդյունավետությունը՝ կրթության հիմնական առաջնահերթություններ

արմեն աշոտյանՄամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է իր պաշտոնավարման նախորդ տարիներին կրթության ոլորտում տեղ գտած ձեռքբերումներին ու խնդիրներին, ինչպես նաև ներկայացրել է կրթության համակարգի առաջիկա ծրագրերը: Կատարված աշխատանքներից նախարարն առանձնացրել է  հինգ ձեռքբերում. ՀՀ մարզերի 140 գյուղական համայնքներում դպրոցներին կից բացվել են  նոր նախակրթարանաններ, ինչի շնորհիվ գյուղական բնակավայրարերում մեծացել է   նախադպրոցական կրթության հնարավորությունը: “Նախադպրոցական կրթությունը մեր հիմնական խնդիրներից է, քանի որ համայնքների 2/3-ը նախակրթարաններ չունեն: Այս ծրագրի ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական”,- նշել է Ա. Աշոտյանը և ավելացրել, որ  մինչև 2017 թվականը ԿԳՆ-ն նախատեսում է երեխաների ներգրավվածությունը նախադպրոցոկան կրթության համակարգում հասցնել  90% -ի: Հաջորդ ձեռքբերումը նախարարը համարում է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն ու կրթության որակի նոր չափանիշների սահմանումը, ինչով պայմանավորված մասնավոր բուհերի լիցենզավորման պայմաններն էականորեն խստացվել են: Պետական վերահսկողության արդյունքում վերջին 4 տարվա ընթացքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել: Նախարարի տեղեկացմամբ նախկինում գործող 70-ից ավելի ոչ պետական բուհերի փոխարեն այսօր Հայաստանում գործում է 35 ոչ պետական բուհ: Նախարարը շեշտել է, որ ոչ պետական բուհերի փակմամբ պայմանավորված հիշյալ հաստատություններում սովորող ուսանողների կրթական իրավուքները չեն տուժել:” Մենք չունենք գեթ մեկ ուսանող, ով նշված գործընթացի արդյունքում տուժել է: Բոլոր ուսանողների հնարավորություն է տրվել կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ մեկ այլ բուհում”,- նշել է Ա. Աշոտյանը: Նա նաև տեղեկացրել է, որ վաղվանից ստուգումներ են սկսվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում, որի նպատակը այս կամ այն  բուհը փակելը չէ, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանելու  դեպքում, որևէ բուհ դրանից ապահովագրված չի լինի:

Երրորդ ձեռքբերումը՝ ըստ Աշոտյանի  “Շախմատը դպրոցում” նախագծի ներդրումն է, որն արդեն դարձել է Հայաստանի կրթական համակարգի միջազգային բրենդը. “Դպրոցներւմ “Շախմատ” առարկայի դասավանդումը միջազգային մեծ արձագանք է ունեցել, առ այսօր  այդ թեման հետաքրքրում է միջազգային առաջատար լրատվամիջոցներին, մեր փորձն այսօր աշխարհում համարվում  է ուսանելի: Առաջին արդյունքների մասին արդեն զեկուցել ենք ՖԻԴԵ-ի-ի նախագահության նիստում: “Շախմատ” սովորող երեխաների մոտ նկատելի է ստեղծագործական մտքի և տրամաբանական մտածղության զարգացում”,- նշել է նախարարը՝ հավելեով, որ նախատեսվում է կատարել գիտական ավելի  ընդգրկուն ուսումնասիրություն, թե ինչպես է “Շախմատն” անդրադառնում երեխայի հոգեբանության և ձևավորման վրա: Հաջորդ  ձեքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի՝ այն է, որ առանց “Զինապարտության մասին օրենքում” փոփոխություններ կատարելու,  հաջողվել է կրճատել բանակից տարկետում ստացող ուսանղների թիվը, նախկին 10 հազարից այն հասցնելով 2500-ի, ինչը հաջողված համագործակցություն է ազգային բանակի հետ: Հինգերորդ կարևոր ձեռքբերումը, նախարարն համարում է Հայաստանի կրթական  համակարգի միջազգային կապերի ամրապնդումն ու զարգացումը. “Հայաստանի Հանրապետությունը ամրագրել է իր տեղը եվրոպական կրթական քարտեզում, միջազգայնացումը աննախադեպ չափերի է հասել, և Երև՝անը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաք՝ 3 տարի ժամկետով ստանձնելով Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը”:

Անդրադառնալով բացթողումներին Արմեն Աշոտյանը որպես խնդիր նշել է կրթության որակի բարելավումը բոլոր մակարդակներում: “Կրթության որոկի խնդիրը երբեք չի կարելի լուծված համարել, քանի որ ժամանակը միշտ նոր հրամայական ու մարտահարվեր է առաջադրում՝ կրթության որակի հետ կապված:Թեև կրթության որակի բերելավմանը միտված մի շարք քայլեր արդեն կատարվել են, ու դրանք կլինեն շարունակական, բայց պետք է խոստովանել,որ արդյունքրեը դեռևս չեն համապատասխանում մեր պահանջներին ու պատկերեցւմներին”,- նշել է նախարարը: Նրա խոսքով Հայաստանում  կրթության որակը տարբեր կրթական հաստատություններում տարբեր է. “Օրինակ՝ մենք ունենք միջազգային մակարդակով մրցունակություն ապահովող դպրոցներ, միաժամանակ ունենք նաև դպրոցներ, որոնք չեն բավարարում մեր ակնկալիքներին”:
Մյուս կարևոր խնդիրը Ա. Աշոտյանն համարում է կրթության մատչելիությունը, որպես կրթական իրավունքի խոչընդոտ առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում:
Մատչելության խնդիրը, ըստ նախարարի, լուծված է հատկապես միջնակարգ կրթության մակարդակում, ինչը չի կարելի ասել  բարձրագույն կրթության ոլորտի մասին, թեև այստեղ ևս կառավարության կողմից որոշակի քայլեր արդեն կատարվել են. “Մի քանի տարի առաջ իրավիճակը իսկապես ահազանգող էր: Սոցիալական գործոնով պայմանավարված բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը  կառավարության մի քանի որոշումներվ փորձ է արվել  մեղմել:  “Փարոս” ծրագրում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար կառավարությունը առաջարկում է 50-100 % փոխհատուցում, ներդրվել է մատչելի ուսանողական վարկերի համակարգ, քայլերն այս ուղղությամբ լինելու են շարունակական: Քաղաքական մոտեցումը և նպատակային թիրախը  հետևյալն է, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից”,- շեշտել է նախարարը:
Որպես երրորդ կարևոր խնդիր՝ Ա. Աշոտյանն  առանձնացրել է կրթության արդյունավետության հարցը, մտածելակերպի և հոգեբանության փոփոխմամբ.
” Պետք է նախևառաջ մտածելակերպ փոխվի, որպեսզի ծնողը չպայմանավորվի դպրոցի տնօրենի հետ, որ իր երեխան բացակայի դասերից՝ փոխարենը գնալով կրկնուսույցի մոտ, ուսանողը հրաժարվի կաշառքով քննություն ստանալուց կամ գործատուն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տա լավ մասնագետին և ոչ թե  ծանոթին, բարեկամին, հարևանին”,- ասել է նախարարը: Նախարարը կրթության ոլորտի զարգացման կարևոր նախապայման է համարում նաև մասնավոր հատվածի և կրթական համակարգի համագործակցությունը: Նրա համոզմամբ  կրթության ոլորտում պետք է ներդրումներ արվեն հենց գործատուների կողմից, մինչդեռ աշխատաշուկան դեռևս չի կարողանում կրթական ոլորտին պահանջներ թելադրել և պատվիրատու կողմ դառնալ:
Ասուլիսի ընթացքում նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև բուհերում վարձավճարների բարձրացմանը, Հայաստանում միջազգային դպրոցների բացմանը, ընդունելության շտեմարններին, դպրոցների կառավարման համակարգի փոփոխման հնարավորությանը և բազմաթիվ այլ հարցերի:

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001 (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը և կարևորել կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը Դելիի և Հնդկաստանի քաղաքների հետ:

«2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագիրը երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում, մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, ներդրումային ծրագրերին հնդկական կողմի մասնակցության, փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ուղղություններով»,- հատկանշել է քաղաքապետը` կարևորելով համատեղ ծրագրերի իրագործման հարցում ՀՀ-ում Հնդկաստանի և Հնդկաստանում ՀՀ դեսպանների առաքելությունը:

Դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, նշել է, որ հնդկական կողմը շահագրգռված է զարգացնելու Երևանի հետ հուշագրով ամրագրված դրույթները և քայլեր ձեռնարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի  իրականացման ուղղությամբ.

«Արդեն հասցրել եմ շրջել, ծանոթանալ քաղաքին և սիրել Երևանը: Համոզված եմ, որ Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ Երևանն ավելի գրավիչ կդառնա ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ օտարերկրացի ներդրողների համար»,- նշել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Կողմերը քննարկել են նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հետ կապված հարցեր:  Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնման նպատակով վարչական բոլոր շրջաններում տասնյակ այգիներ ու պուրակներ են վերակառուցվում, նաև հիմնվում են նորերը, և նման ծրագրի իրականացման գործում քաղաքապետարանը պատրաստ է իր իրավասությունների շրջանակում մշտապես աջակցել դեսպանությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տարոն Մարգարյանի ուղերձը ընտանիքի օրվա առթիվ. թող ամեն հայ օջախ սեղան նստի յոթ որդիներով

տարոն մարգարյանՍիրելի հայրենակիցներ,

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատևման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին:
Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը, այդուամենայնիվ ես ավանդապաշտ եմ ու հայ ընտանիքի, հայ օջախի ջատագով և այս հարցում, վստահ եմ, երբեք չեմ ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ:
Շնորհավորելով բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս ամուր, ավանդապահ, փոխադարձ հարգանքով ու սիրով լեցուն, տաք ու միշտ կանչող ընտանիքներ: Սա է, սիրելիներս, հենց սա է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը: Սիրենք ու պաշտպանեք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թևածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով:

Վարչապետը գերմանացի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրեր

10394_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի գործարարների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը: «Գերմանիան տնտեսական բնագավառում մեր առաջնային գործընկերներից մեկն է: Առկա են երկկողմ բազմաթիվ հաջողված ծրագրեր պետական և մասնավոր հատվածներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Ռայներ Լինդները նշել է, որ նախորդ տարեվերջին Ֆրանկֆուրտում կայացած գործարար ֆորումի ընթացքում Տիգրան Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով գերմանական կողմը պատրաստ է գործնական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենը նշել է, որ իրենք շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ՝ արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:
Այդ համատեքստում, գերմանացի գործարարները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել վերը նշված ոլորտներում իրենց ներդրումային ծրագրերը: Կառավարության ղեկավարը ողջունել է նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել տարբեր գործիքակազմով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:
Ռայներ Լինդները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը միտված քաղաքականություն վարելու համար: Դա, ըստ գերմանացի գործարարների, կնպաստի դեպի Հայաստան լրացուցիչ ներդրումների ներգրավմանը: Վերջիններս ողջունել են նաև ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման որոշումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև բիզնես ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ՏՏ բնագավառում գործող հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսներին հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

***
Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովին անդամակցում են շուրջ 200 գերմանական խոշոր, միջին և փոքր ընկերություններ: Ներկայում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովը համագործակցում է 21 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամության թեկնածու երկրների հետ: 

Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Արման ԿիրակոսյանՄայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները եւ իրականացնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների նախագահների բոլոր հայտարարությունները եւ դիտարկում է Հիմնարար սկզբունքները, որպես ամբողջություն, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր են եւ չեն կարող իրականացվել ընտրովիության սկզբունքով:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հակամարտության գոտում լարվածության աճի անթույլատրելիությունը եւ կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների ետքաշումը եւ զինադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարև Երևան» դաշինք«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում  բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը:

Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը:

Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:

Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին:

Նաեւ տեղեկացնում ենք, որ  «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն  այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայություն

Սայաթ-Նովան բարդ է, բայց և պարզ

սայաթ-նովաՍայաթ-Նովայի ծննդյան 100-ամյակի առթիվ տոնակատարությունները շարունակվում են: Մայիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Սայաթ-Նովա մշակութային միությունը հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Վարդատոնը կնշվի նաև Թբիլիսիում` մայիսի 26-ին: Վարդատոնին ընդառաջ լրագրողների հետ այսօր հանդիպեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:

«Որտեղ Սայաթ-Նովա երգում են, այնտեղ ներկա է հայրենիքը: Նրա ասելիքը սերն էր, նրա մեջ այնքան սեր կա, որ անգամ կրոնական հակադրությունները չեն խանգարել: Բայց նա հայ է, և այդ մասին նա ասում է իր թուրքական խաղերի մեջ: Հրճվանք եմ ապրում և հպարտություն, երբ վրացիներն ու ադրբեջանցիներն ուզում են, որ Սայաթ-Նովան իրենցը լինի: Երանի նրանք էլ ունենային մեկը, որ մենք էլ ուզենայինք  մերը լիներ»,- ասաց Թովմաս Պողոսյանը:

Բանախոսը նշեց, որ Սայաթ-Նովան ամենաշատ երգվածն ու երգվողն է, ամենատարածված անունը հայ աշուղական արվեստի մեջ, բայց Սայաթ-Նովա են հաճախ կատարում մարդիկ, ովքեր նույնիսկ նրա գրքի տեղը չգիտեն, որ բացեն տեքստը, կարդան, շատ ամոթ է, երբ աղավաղումներով է երգվում Սայաթ-Նովան:

«Սայաթ-Նովան բարդ է, բայց և պարզ, և դու պետք է ծառայես նրան», – հավելեց Թովմաս Պողոսյանը:

Մայիսի 15–ը ընտանիքի միջազգային օրն է

family dayՄայիսի 15-ն իբրև Ընտանիքի միջազգային օր է ճանաչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Հայկական պաշտոնական տոնացույցում ևս այդ օրն ամրագրված է իբրև ընտանիքի օր: Այն տոնում են նաև Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ նախագահների հրամանագրերով`  Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:

Ընտանիքը, լինելով հասարակության հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:

Դեռ Արիստոտելն էր ասում, որ չկա տարրերի ավելի կատարյալ միություն, քան ընտանիքն է:

Հայկական ընտանիքը, թվում է, թե ունի կայուն և անքակտելի հիմք, բայց մասնագետների պնդմամբ ներսում ունի նաև բազմաթիվ խնդիրներ:

Այսօր հայկական ընտանիքում բավականին խզված է միջսերնդային կապը` ծնող-երեխա հարաբերությունները: Հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նման խնդրի պատճառներից մեկը սոցիալական ցանցերն են, որոնց հետևանքով նվազել են ռեալ, իրական շփումները: Նրա դիտարկմամբ, այդ կապի թուլացման պատճառով ծնողները չեն կարողանում փոխանցել իրենց երեխաներին այն արժեքները, որ իրենք են ստացել իրենց ծնողներից, վերջիններս էլ իրենց ծնողներից, այսինքն`  սերնդեսերունդ փոխանցված արժեքները:

Ասուլիսի մյուս բանախոս,  ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշեց, որ հայ ընտանիքում նկատելի են հիմնախնդիրներ, որոնք առնչվում են գլոբալիզացիային: Նրա դիտարկումներով` միջանձնային հարաբերությունները հայ հասարակության մեջ ավելի ջերմ են, քան ամերիկյան, եվրոպական հասարակություններում, ուստի, ընդունելով նորը, հնարավորինս պետք է կարողանանք պահպանել այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից:

Լարա Առաքելյան

Քենիացիները քննադատում են պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը

i (2)Քենիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ  ու ջրցան սարք է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, որոնք քննադատում են քենիացի խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացումը:

Որոշ ցուցարարներ խորհրդարանի շենքի մոտ են տարել խոզեր, որոնք, ըստ նրանց, խորհրդանշում են քաղաքական գործիչների ագահությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քենիայի պատգամավորներն  աշխատավարձերի ու նպաստների կտրուկ բարձրացում են պահանջում: Սակայն նախագահ Ուհուրու Քենիաթան խորհրդարանականներին կոչ է անում հրաժարվել իրենց պահանջներից ու մեծ ուշադրություն հատկացնել ընտրողների կարիքներին:

Նիգերիայի նախագահը պատերազմ է հայտարարել ապստամբներին

iՆիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը “Բոկո Հարամ” խմբավորման հարձակման պատճառով երկրի երեք` Ադալավա, Բոռնո և Յոբե նահանգներում արտակարգ իրադրություն մտցնելու  հրահանգ է տվել:

“Մենք բախվել ենք   ոչ միայն սովորական հանցագործների, այլ ապստամբների հետ, որոնք վտանգի տակ են դնում մեր  երկրի միասնությունն ու ամբողջականությունը: Մենք կգտնենք մեղավորներին ու նրանց պատասխանատվության կենթարկենք”:

“Բոկո Հարամ” խմբավորումը ձգտում է շարիաթի օրենքները հաստատել Նիգերիայի հյուսիսային շրջաններում: Խմբավորման թիրախ են անվտանգության ուժերը, եկեղեցին ու կրթական հիմնարկները: Խմբավորման ձեռքից 2010-ին զոհվել է ավելի քան 2000 մարդ:

Երևանի ավագանու ընտրություններ. Որպես մեղադրյալ են ներգրավվել թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը

7789_bԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ.Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: