Մայիսի 15–ը ընտանիքի միջազգային օրն է

family dayՄայիսի 15-ն իբրև Ընտանիքի միջազգային օր է ճանաչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Հայկական պաշտոնական տոնացույցում ևս այդ օրն ամրագրված է իբրև ընտանիքի օր: Այն տոնում են նաև Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ նախագահների հրամանագրերով`  Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:

Ընտանիքը, լինելով հասարակության հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:

Դեռ Արիստոտելն էր ասում, որ չկա տարրերի ավելի կատարյալ միություն, քան ընտանիքն է:

Հայկական ընտանիքը, թվում է, թե ունի կայուն և անքակտելի հիմք, բայց մասնագետների պնդմամբ ներսում ունի նաև բազմաթիվ խնդիրներ:

Այսօր հայկական ընտանիքում բավականին խզված է միջսերնդային կապը` ծնող-երեխա հարաբերությունները: Հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նման խնդրի պատճառներից մեկը սոցիալական ցանցերն են, որոնց հետևանքով նվազել են ռեալ, իրական շփումները: Նրա դիտարկմամբ, այդ կապի թուլացման պատճառով ծնողները չեն կարողանում փոխանցել իրենց երեխաներին այն արժեքները, որ իրենք են ստացել իրենց ծնողներից, վերջիններս էլ իրենց ծնողներից, այսինքն`  սերնդեսերունդ փոխանցված արժեքները:

Ասուլիսի մյուս բանախոս,  ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշեց, որ հայ ընտանիքում նկատելի են հիմնախնդիրներ, որոնք առնչվում են գլոբալիզացիային: Նրա դիտարկումներով` միջանձնային հարաբերությունները հայ հասարակության մեջ ավելի ջերմ են, քան ամերիկյան, եվրոպական հասարակություններում, ուստի, ընդունելով նորը, հնարավորինս պետք է կարողանանք պահպանել այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից:

Լարա Առաքելյան

Tags: ,