Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայում քիմիական զենքի խնդիրը

iԲարաք Օբաման  և Վլադիմիր Պուտինը  հեռախոսազրույցի ընթացքում  քննարկել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը:

ԱՄՆ նախագահն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հավանականության մասին: Նա նշել է, որ խնդրի քննարկումը կշարունակվի երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով:

Ռուսաստանն ու Ճապոնիան հաշտության ձեռք են մեկնել

Президент РФ В.Путин встретился с премьер-министром Японии С. АбэՌուսաստանի ու Ճապոնիայի նախագահները վերսկսել են հաշտության պայմանագրի շուրջ աշխատանքները:”Երկու երկրների ղեկավարները համամիտ են` նորմալ չէ, որ Երկրորդ աշխարհամարտից 67 տարի անց  Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև  հաշտության պայմանագիր կնքված չէ”,- ասվում է Կրեմլի  կայքում  ռուս-ճապոնական գործընկերության զարգացման հայտարարության մեջ:

“Մենք նախագահ Պուտինի հետ պայմանավորվել ենք , որ յուրաքանչյուրն իր ԱԳ նախարարին կհրահանգի այդ հացի լուծման փոխընդունելի լուծումների որոնումներն արագացնել: Վերջին շրջանում հաշտության պայմանագիր կնքելու բանակցությունները լճացած վիճակում էին: Սակայն հիմա պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ բանակցությունները պետք է  վերականգնել: Ես կարծում եմ, որ դա մեր հանդիպման մեծ արդյունքն է”,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԽՍՀՄ-ի ու Ճապոնիայի միջև պայմանագիր չի կնքվել.Ճապոնիան այն կապում էր կղզիների վերադարձման հետ: Ներկայում կողմերի դիրքորոշումը տարբեր է. Տոկիոն կարծում է, որ 4 վիճելի կղզիները` Իտուրուպը, Կունաշիրը,Շիկոտանն ու Խաբոման, պետք է անցնեն Ճապոնիային: Մոսկվան հայտարարում է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են Երկրորդ աշխարհամարտի տարիներից ու ՌԴ-ի սուվերենիտետն այդ կղզիների նկատմամբ ձևակերպվել է միջազգային իրավունքով և կասկածի ենթակա չէ:

Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանում  պաշտոնական այցով եղել է 10 տարի առաջ:Վերջին անգամ Մոսկվա է այցելել Ձյունիթիրո Կոիձումին, 2003-ին:

Իտալիայի էկոնոմիկայի նախարարը կնվազեցնի հարկերը

20130428-F3FBA75A8E98B922-0-0-444C6275-CF008AC6ECA921F2Իտալիայի էկոնոմիկայի նոր նախարար Ֆաբրիցիո Սակկոմաննին  պլանավորում է նվազեցնել հարկերն ու պետական ծախսերը: Բացի այդ,  նա հանդես է գալիս տնտեսական աճը խթանելու նպատակով բանկերի փոխառությունների նվազման օգտին:

Մինչ իր նշանակումը Սակկոմաննին Իտալիայի բանկի տեղակալն էր: Երկրի բուջեն կձևավորվի այնպես, որ միաժամանակ օգնեն ցածր եկամուտով  ձեռներեցներին: Ընդ որում,  ոչ արդյունավետ սոցիալական ծախսերը կկրճատվեն: Դա կօգնի Իտալիային կտրուկ իջեցնելու արտաքին շուկայում փոխառությունների արժեքը: Սակկոմաննին մտադիր է նաև բանկերին, ընկերություններին ու սպառողներին  առաջարկել տնտեսության աճի վերաբերյալ “դաշինք” կնքել, որի  կոնկրետ պայմանների մասին չի ասվում:

Մահվան ելքով ավտոպատահար Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին.երկու զոհ,լուսանկարներ

big_1367296998_2Ապրիլի 30-ին, ժամը 02.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում զոհվել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխել է Սպիտակ քաղաքի ԲԿ:

Ժամը 03.45-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալայանի դին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Թարգմանչաց տոներ». նախաձեռնություն, որը համախմբեց մտավորականությանը

թարգմանչաց տոներ2Հարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` խորհրդային տարիներին Ցեղասպանության հարցի բարձրաձայնման և «Թարգմանչաց տոներ» նախաձեռնության մասին:

– Պարոն Մանուկյան, 1960-ականներին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որի ներքո ստեղծվեցին գաղտնի ազգային կազմակերպություններ, սկսեցին  բարձրաձայնվել Հայոց ցեղասպանության հարցը և այլ ազգային հարցեր: Այդ ժամանակ Դուք ակտիվ ուսանող էիք: Ի՞նչ կհիշեք այդ տարիներից և Ձեր գործունեությունից: 

– 1965 թվականի ապրիլի ապրիլի 24-ին առաջին անգամ նշվեց ցեղասպանության 50-ամյակը` աննախադեպ մեծ ցույցերով: Այդ ժամանակ երիտասարդության մեծ մասը գրեթե պատկերացում չուներ դրա մասին, քանի որ այդ թեման փակ էր, դրա մասին չէին խոսում: Դրանից հետո եղան ձերբակալություններ, բայց դա հիմք դրեց երիտասարդական մի շարք գաղտնի կազմակերպությունների հիմնադրմանը, որոնք իրենց առջև ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի հարցը լուծելու խնդիր էին դնում` աստիճանաբար բարձրացնելով նաև  անկախության և այլ հարցեր: Այդ կազմակերպությունների մեջ հավաքված էին բավականին ոգևորված երիտասարդներ, որոնք թռուցիկներ էին տարածում, թերթ էին փորձում հրապարակել, բայց այդ ամենն անարդյունավետ էր, քանի որ նրանց շատ արագ ձերբակալում էին: 1967 թվականին, երբ սովորում էի Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ հայ ուսանողներիս հաջողվեց Թուրքիայի դեսպանատան դարպասների առջև ապրիլի 24-ի կապակցությամբ ցույց կազմակերպել` մեկ քայլով խաբելով ազգային անվտանգությանը: Նշեմ, որ նախորդ երկու տարիների փորձը չէր հաջողվել: Դա պատճառ դարձավ, որ մեզ համալսարանից հեռացնեն:  Այդ ժամանակ էլ առաջ եկավ այն միտքը, որ զուտ գաղտնի կազմակերպություններով գործն առաջ չի գնա, քանի որ շատ արագ ձերբակալվում ես: Ճիշտ է, գաղտնի գործելը  հերոսական է, հետաքրքիր է, բայց անարդյունավետ: Մենք որոշեցիք գնալ այլ ճանապարհով և ստեղծեցինք հայ մշակույթի ակումբ: Մշակույթի անվան տակ կարելի էր առաջ տանել մեր գաղափարները: Մենք այդ կազմակերպությունը որևէ տեղ իրավաբանորեն չգրանցեցինք: Իսկ երբ վերադարձանք Երևան, ԵՊՀ-ում ստեղծեցինք Հայ մշակույթի ակումբ, որը պաշտոնապես գրանցվեց որպես երիտասարդական կազմակերպություն: Հայտարարություններ տարածեցինք, որ ցանկացողները կարող են դառնալ ակումբի անդամ: Սակայն 1971 թվականի ապրիլի 24-ին ջահերով երթ տեղի ունեցավ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության հետ, և ակումբը փակվեց:

– 1974 թվականին Դուք մի շարք համախոհների հետ «Թարգմանչաց տոներ» անվան տակ իրականացրիք մի նախաձեռնություն, որին մասնակից դարձավ հայաստանյան ողջ մտավորականությունը: Ի՞նչ նախաձեռնություն էր դա:

Ձախից` ճարտարապետ Ա. Թարխանյանը, ակադեմիկոսներ Ա. Իոսիֆյանը և Ս. Մերգելյանը

Ձախից` ճարտարապետ Ա. Թարխանյանը, ակադեմիկոսներ Ա. Իոսիֆյանը և Ս. Մերգելյանը

– Տարիներ շարունակ այդ գործընթացների մեջ լինելով` մեծ կապեր էինք ձեռք բերել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Բացի այդ, արդեն մեծացել էինք, ինչ-որ ճանապարհ էինք անցել, և կրկին հին ընկերներով հավաքվելու և մեր հին գործունեությունը շարունակելու միտք առաջացավ: Որոշեցինք ոչ ֆորմալ մի նոր կազմակերպություն հիմնել: Հարց բարձրացվեց, որ մենք Հայաստանում մեծ մտավորականություն ունենք, բայց տարբեր ոլորտներում գտնվելով` մտավորականներն իրար չեն ճանաչում: Մենք մեր առջև խնդիր դրեցինք, այդ մտավորականներին համախմբելով, ստեղծել մի ազգային ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու, ինչը հետագայում կարող է Հայաստանի համար մեծ նշանակություն ունենալ:

Այդ ժամանակ շատերս դասախոսներ էինք և աշակերտներ ունեինք, որոնց հետ առանձին պարապում էինք: Որոշեցինք յուրաքանչյուրս մեկ աշակերտի գումար ներդնել այդ գործին և հավաքված գումարով կազմակերպել մտավորականների առաջին հավաքը: Ընտրեցինք Մերգելյան ինստիտուտի Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը և մտավորականներին` իրենց ընտանիքներով հանդերձ, հրավիրեցինք առաջին հավաքին: Նախաձեռնությունը հաջողված էր: Թարգմանչաց տոները դարձան ավանդական, և գրեթե 7-8 տարի շարունակ ամեն հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տոները նշելու անվան տակ մենք մտավորականներին հավաքում էինք նույն վայրում և երեք օր անցկացնում թեժ բանավեճերի, քննարկումների, ինչպես նաև հետաքրքիր ու հաճելի ժամանցի մթնոլորտում: Նրանց մեջ էին, օրինակ, բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Ռազմիկ Դավոյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոս Մերգելյանը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, որն իմիջիայլոց շատ լավ ֆոկուսներ էր անում խաղաթղթերով, երգչուհի Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը` Խորեն Պալյանը, Սոս Սարգսյանը, դերասանուհի Աննա Պետրոսյանը, ասմունքող Վերա Հակոբյանը, երգեհոնահար Ստամբոլցյանը և այլ նշանավոր մարդիկ: Փաստորեն, այդ հավաքներին մասնակցում էին Հայաստանի ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մեծ կշիռ ունեին:

– Ի՞նչ հարցեր էին քննարկվում այդ հանդիպումների ժամանակ, և որ՞ն էր այդ ամենի նպատակը:

– Նպատակ չէր դրվում հարցեր բարձրացնել և հենց այդ պահին լուծել: Նպատակը, այդ հարցերը քննարկելով, համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելն էր, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ:

Հավաքի առաջին օրը երեկոյան մեծ ընթրիք էինք  կազմակերպում: Սկզբում անորոշություն էր լինում, քանի որ օրակարգ, որպես էդպիսին, չկար: Բնականաբար, նախ հայրենասիրական կենացներ էին հնչում, հետո սկսվում էին բանավեճերը` սկսած հայկական և ռուսական դպրոցների հարցից մինչև ազգային շատ այլ հարցեր` անկախություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ և այն:

Հիշում եմ` մի անգամ սեղանի շուրջ Սիլվա Կապուտիկյանը մի ճառ ասաց` հօգուտ ռուս ժողովրդի: Մենք, ճիշտ է, դեմ չէինք ռուսներին, բայց քանի որ մեր ակումբը մի քիչ անկախական էր, դա այնքան էլ լավ չընկալվեց: Այդ ժամանակ Խորեն Պալյանը սկսեց երգել «Ձախորդ օրերը»` որպես պատասխան Սիլվա Կապուտիկյանի բաժակաճառին:

Վիճահարույց հարց էր հատկապես դպրոցի հարցը, որը բուռն քննարկման առարկա էր դառնում` հայկական դպրոց, ոչ հայկական դպրոց: Մտավորականներն այդ հարցում տարակարծիք էին, մանավանդ որ կար մտավորականության մի հատված, որ ռուսախոս էր, և նրանց համար զարմանալի էր, թե ինչու պիտի հայրենասիրությունը չափվի դրանով: Սակայն մտավորականության մի զգալի մասն էլ վտանգ էր տեսնում ռուսական դպրոցների մեջ, քանի որ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, գոնե Երևանում երեխաների մոտ 40 տոկոսը հաճախում էր ռուսական դպրոց:

Քննարկվում էր նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցն ու մեր վերաբերմունքը ռուսների հանդեպ, այսինքն` Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թե այն է, առանց որի մենք ապրել չենք կարող: Մենք կարծում էինք, որ դաշնակից է, բայց չէինք մտածում, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող: Հատկապես, երբ քննարկում էինք ցեղասպանության հետ կապված հարցեր, որոշակի պատասխանատվություն դնում էինք նաև Ռուսաստանի կայսրության վրա, որը հասկանալով, թե ինչ է սպասում հայերին, այնուամենայնիվ իր շահերն առաջ տարավ:

Ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցերն առավել հազվադեպ էին քննարկվում. դրանք բավականին բարդ թեմաներ էին:

Բայց ամենակարևորն այն է, որ այդ հարցերը քննարկվում էին ջերմ, ընկերական մթնոլորտում, երբեմն` երեկոյան մոմի լույսի տակ, կոնյակ խմելով, երբ ինչ-որ մեկն էլ դաշնամուր էր նվագում…

– Ի՞նչ տվեցին այդ հանդիպումներն ու քննարկումները:

– Մենք ճիշտ էինք. մտավորականներն իրար չէին ճանաչում: Կոմպոզիտորներ, գրողներ, մաթեմատիկոսներ, դերասաններ, ֆիզիկոսներ, բոլորը հայտնի, ազդեցիկ  մարդիկ էին, բայց իրար անձամբ ծանոթ չէին, և այդ հավաքները, մանավանդ որ ընտանեկան էին, մարդկանց մտերմացնում էին: Մենք կամաց-կամաց գալիս էինք նույն մտածողությանը ազգային, մշակութային հարցերի շուրջ:  Իսկ երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը:

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը

Սիրիայի տարածքով անցնող ռուսական ինքնաթիռը հարձակման վտանգի տակ է հայտնվել

A350_-_800_AirbusՌուսաստանի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռը Սիրիայի տարածքով անցնելիս հարձակման ռիսկի տակ է հայտնվել, սակայն բարեբախտաբեր վիրավորներ չկան, ինքնաթիռը ևս չի վնասվել:

Պետական լրատվական գործակալություն ՌԻԱ-Նովոստիի տեղեկություներով՝ ինքնաթիռը կրակահերթի տակ է հայտնվել երկուշաբթի օրը: Սակայն նախարարության կայքում որևէ մանրամասներ չի հայտնվում այս կապակցությամբ՝ բացի նրանից, որ ինքնաթիռի անձնակազմը ականատես է եղել ռազմական գործողությունների, որոնք վտանգել են ինքնաթիռի ապահովությունը:

Արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչը ԻՏԱՌ-Տասս  լրատվական գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռում 159 ուղևորներ են եղել:

Տրանսպորտի նախարարության տեղեկություններով՝ NordWind չարտերային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը Եգիպտոսի Շարմ-ել-Շեյխ հայնգստյան գոտուց վերադառնում էր Կազան, որտեղ էլ այն ապահով վայրէջք է կատարել:

Երկրին է մոտենում “դարի գիսաստղը”

imgpreviewHubble աստղադիտակը Երկիր է հաղորդել  ISON C/2012 S1-ի առաջին լուսանկարները, որն անվանում են “դարի գիսաստղ”: 2013-ի նոյեմբերի 28-ին այդ գիսաստղն առավելագույնս կմոտենա Արեգակին ու այդ պահին այն ավելի վառ կլինի, քան լիալուսինը:

Գիսաստղը գտնվում է Արեգակից 621 մլն կմ հեռավորության վրա: 2013-ի օգոստոսին դրա ընթացքին  կարելի է հետևել ոչ մեծ սիրողական աստղադիտակներով, իսկ հոկտեմբերին այն տեսանելի կլինի անգամ բինոկլով:

Գիսաստղը հայտնաբերել են ռուսաստանցի փորձագետները` 2012-ի սեպտեմբերին ”Գիտական օպտիկական միջազգային ցանց” նախագծի շրջանակներում:

Բարձրաստիճան ոստիկանների դեմ քրեական գործի առկայությունը ՀՔԾ-ն հաստատեց

ներսիկ նազարյանՈստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների  կողմից  վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն: «Փաստինֆո»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ  նախաքննության շրջանակներում  հարցաքննվել  են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՔԾ-ից նաեւ տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։ «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր  չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում,  և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին  ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Իսկ մամուլում խարդախություններով եւ շորթումներով զբաղվող խմբի  որպես ակտիվ դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաեւ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։
«Փաստինֆո»

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

2916Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին, որը մեկնարկել էր 2010թ. հունիսին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Մարկ Հորթոնը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ծրագրի արդյունքների մասին և ընդգծել, որ նման բարեհաջող ավարտը ամուր հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցությունների համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ-ի հետ ԱՄՀ-ի համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տնտեսության ներկա վիճակին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, զարգացման ծրագրերին, ինչպես նաև ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցություններին վերաբերող հարցերին:

 

Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ

Handipum AJ-um-1Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ եւ ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ներկաներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշեց, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերները նկատում են Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ներդրած ջանքերը: Այս առումով ԱԺ պատգամավորը կարեւորեց Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչը Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացի Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակից, հատկապես անդրադարձավ աղքատության եւ գործազրկության ցուցանիշի բարձր մակարդակին: Պատգամավորը նշեց, որ երկրում կա նաեւ արտագաղթի հիմնախնդիրը:
ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարեւորեցին ԵՄ ինտեգրացիոն գործընթացները, ընգծեցին Ասոցացման պայմանագրի ստորագրման կարեւորությունը Հայաստանի համար: Պատգամավորները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումից եւ Եվրախորհրդարանի հավասարակշռված մոտեցումներից:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած կուսակցություններն անդամակցում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Պատգամավորը նշեց, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով է փորձում լուծել երկրում առկա խնդիրները: Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հարցի լուծումը:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում եւ այսօր համարվում է Արեւելյան գործընկերության առաջատարներից մեկը: Նա փաստեց նաեւ, որ Հայաստանը փորձելու է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Հանդիպան ընթացքում բարձրացվեցին նաեւ Եվրանեսթ ԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության մոտեցումները: Այդ հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Արտակ Զաքարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները չտրվեն ադրբեջանական հակաքարոզչությանը եւ տարածվող թյուր տպավորություններին: «Ցանկալի է, որ նրանք առիթ ունենան լինելու Լեռնային Ղարաբաղում եւ տեղում ծանոթանան իրավիճակին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ներկաները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների

10363_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ խնդիրների շուրջ:

ԱՄՆ-ում 5-ամյա երեխան IQ-ի ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան Բիլլ Քլիննթոնն ու Նապոլեոնը

9e8560c974ԱՄՆ-ում 5-ամյա երեխան Mensa ինտելեկտուալների ընկերության  անդամ է դարձել, որը միավորում է հանճարներին մոլորակի բոլոր անկյուններից: Երեխայի ունակությունները ցնցել են մեծահասակներին: Առաջին անգամ Գուս Դորմանն իր գերունակությունները դրսևորեց դեռևս մեկուկես տարեկան հասակում: Գիշերանոթի վրա նստած փոքրիկը կարդում էր այն ամենն, ինչ աչքը տեսնում էր` հայտարարություններ թերթերում, գիտական ամսագրեր:

Մի անգամ էլ ծնողները փոքրիկին ցույց տվեցին Մենդելեևի աղյուսակը: Արդյունքն ապշեցուցիչ էր.կարճ ժամանակ անց փոքրիկը անգիր գիտեր աղյուսակի բոլոր քիմիական տարրերը:

Երբ նա առաջին աանգամ անցավ Սթենֆորդ Բինեի թեստը, հավաքեց 147 միավոր: Դա ավելին է, քան Բիլլ Քլինթոնինն ու Նապոլեոնինը,  չնչին տարբերությամբ պակաս` քան Զիգմունդ Ֆրեյդինը:

Սակայն այս հանճարեղ ունակություններն ունեն նաև բացասական կողմ: Երեխան որոշակի խնդիրներ ունի դպրոցում: Բանն այն է, որ փոքրիկն այնտեղ շատ է ձանձրանում:

Թաիլանդում քանդվել է կախովի կամուրջ. 5 մարդ զոհվել է, 45-ը` վիրավորվել

i (3)Նախօրեին Այութհայա նահանգում , որը Թաիլանդի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է գտնվում, պոկվել է  հետիոտնի ու մոտոցիկլետի երթևեկության համար նախատեսված կախովի կամուրջ: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, մեկն անհետ կորել է, 45-ը` վիրավորվել:

Չոապրայա գետի վրա գցված կախովի կամուրջը  կառուցվել էր 2 տարի առաջ: Չնայած այն շատ ծռվել էր ու կախվել, այնուամենայնիվ դրանից շարունակում էին օգտվել: Երեկոյան, այն պահին,երբ կամրջի վրա մոտ 100 մարդ  ու մոտոցիկլ կար, որոնք վերադառնում էին կիրակնօրյա տոնավաճառից, կամուրջը պոկվեց:

Նախնական վարկածի համաձայն, փլուզման պատճառը շինարարական անորակ նյութերն են: Դեպքի վայրում աշխատում է գավառի  շինարարության վարչության հանձնախումբը:

Զինծառայությունից խուսափելու նպատակով անդամախեղման համար կպատժվեն ավելի խիստ

զինվոր2011թ.-ին զինծառայողների կողմից անդամախեղման 103 դեպք է գրանցվել, 2012թ.-ին՝ 110-ը: Այս հանցագործության աճի միտումով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը՝ խստացնելով այս արարքի համար նախատեսված պատժաչափը:

Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ՔրՕր-ում փոփոխությունների և լրացումների նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ հիմնականում զինծառայության հանցագործությունների հետ կապված ՔրՕր-ի հոդվածներում փոփոխություններով և լրացումներով նախատեսվում են նոր կարգավորումներ, սահմանվում է նոր պատժատեսակ, որը բնորոշ է բացառապես զինծառայության մեջ գտնվողներին:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, տարբերակվում են անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու համար սանկցիաները՝ այս հանցագործությունների վտանգավորության աստիճանից ելնելով: Խստացվում են ՔրՕր-ի գործող 363-րդ հոդվածով անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար սահմանված պատժաչափերը՝ 3 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինելով 4 տարով:

Ըստ այդմ, անդամախեղության համար առաջարկվում է սահմանել պատիժ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առաջարկվում է պատժել կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, նախատեսվում է պատժել կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հեղինակ:

Հրդեհ Եղվարդ քաղաքում

հրդեհ1Ապրիլի 29-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.19-ին:

Այրվել է թիվ 17 բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը և նախասրահը՝ գույքով (50 քմ):

Տվյալ բնակարանում գտնվող բնակիչ` 1984թ. ծնված Ալիկ Հարությունյանին, պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Ա. Հարությունյանը տեղափոխել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Լուսային հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք

աինԱպրիլի 29-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ և Հոռոմ գյուղերի խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ՇՄՌՈ, ոստիկանության և ԱԱԾ ՕՀ-երը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «CM 320/22/82» և «CM 320/39/87» տիպի լուսային հրթիռներ (4 հատ):

Ոստիկանության աշխատակիցները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը ՀայաստանումՀՀ տարածքում

Ապրիլի  30-ին, առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-ից 4-ը սպասվում է առանց  տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև` էապես չի փոխվի:

 

Երևանում

Ապրիլի 30-ին, օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, մայիսի 1-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Երևանի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան   27.50C (1944 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան       0.20C (1945 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան  15.00C

 

 

 

Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՌԴ դեսպանի հետ

10362_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:«Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են: Այսօր մեր երկու դաշնակից պետությունների միջև ձևավորվել են ավելի բազմատեսակ կապեր, որոնք ներառում են ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ոլորտները»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վյաչեսլավ Կովալենկոն ևս գոհունակություն է հայտնել համատեղ կատարած աշխատանքից և վստահեցրել, որ այսուհետ էլ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:

Արմեն Աշոտյան. “Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է”

արմեն աշոտյանՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ապրիլի 25-27-ը տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր: Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ընդգծվել է Եվրոպայի Խորհրդի կողմից կրթական ոլորտին տրվող նախագծերի կարևորությունը, նաև այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհրդի նախագահության ընթացքում Հայաստանը նույնպես իր առաջնահերթությունների մեջ է դիտարկում կրթական ծրագրերը, և Հայաստանի նախագահության ընթացքում շարունակական են լինելու արդեն մեկնարկած նախագծերը: Արմեն Աշոտյանը, որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, իր ելույթում նախ խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման և կրթության կառավարման խնդիրների մասին: Երկրորդ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի կողմից ներկայացրած առաջարկների հիմնավորումներին: “Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սահմանված է օրենքներով և մարդու իրավունքների միջազգային տարատեսակ կոնվենցիաներով: Այդ իրավունքը վերաբերում է կոնկրետ մարդկանց, քաղաքացիներին և ոչ թե պետություններին, ու այդ իրավունքը երաշխավորված է միջազգային և եվրոպական հանրության կողմից: Եվրոպայի կրթական տարածքում “սև բծերի” առկայությունը պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին: Խնդիրը բնավ քաղաքական դաշտ չեմ տեղափոխում, թեպետ ես ոչ միայն կրթության նախարար եմ, այլ նաև քաղաքական գործիչ: Խնդիրը բարձրաձայնում եմ` մտահոգ լինելով այն հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն ներկայացված չեն Եվրոպայի անդամ երկրներով”: Արմեն Աշոտյանը վկայակոչել է  նաև այն իրողությունը, որ “կրթություն առանց խտրականությունների” միջազգային բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակավայրից: Ըստ նախարարի պաշտոնակատարի` կրթության իրավունքը ենթադրում է կրթական որակավորումների փոխճանաչում, որակյալ կրթություն ստանալ, միջազգային կրթական նախաձեռնություններում ինտեգրում, հավասար իրավունքներ և հնարավորություններ:
Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները` ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների և ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել և զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից: Նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու և որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը` նպատակ ունենալով կանխել ցանկացած խտրականություն` գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ որ համաժողովի դահլիճում նստած նախարարները: Հավելենք, որ նմանատիպ պետություն է նաև ԼՂՀ-ն:
Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը նաև մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Անդորրայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի Սաքսոն-Օհայ նահանգի կրթության նախարարների հետ:

 

Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

297. Minister Nalbandian received the ambassador of Australia 29.04.2013Ապրիլի 29-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պոլ Մայլերին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մայլերը նշեց, որ Ավստրալիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-ավստրալիական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար: Դեսպան Մայլերը կարևորեց անցած տարի ՀՀ ԱԳ նախարարի Ավստրալիա կատարած այցելությունը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրագործումը թույլ կտա ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այդ համատեքստում Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: