Գարնանային Գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Նիստը բացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները` Յու. Խաչատուրովն անդրադարձել է գրանցված հաջողություններին և թերացումներին, ուղենշել 2013թ. գարնանային զորակոչի անելիքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նաև կարևորել է պաշտպանության նախարարության և մյուս գերատեսչությունների, իրավապահ մարմինների, մարզային կառույցների հետ համագործակցությունը:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Կ. Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետը ներկայացրել է նախորդ զորակոչի ընթացքում ռազմաբժշկական ապահովման արդյունքները` ընդգծելով, որ առկա է զգալի առաջընթաց: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում կարևորել է պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև մարզային հանձնաժողովների հետ համագործակցությունը և նշել, որ աշխատանքներ են տարվում օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զորակոչի ուղղությամբ 2012թ. կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարևոր հաջողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ: Սեյրան Օհանյանի խոսքերով` գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու. «Աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել: Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վարանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալիրավական նախապատրաստության իրականացման վրա: Մենք պետք է իրականացնենք բոլոր մեխանիզմները զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սեյրան Օհանյանը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել և ուղենշել հետագա անելիքները:
Հանձնաժողովի նիստում նշվել են լավագույնները, ինչպես նաև թերացողները: Զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են պատվոգրերի, արժեքավոր նվերների և գերատեսչական մեդալների:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենին
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին:
2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են թե առանձին պատգամավորներ, թե չորս մշտական հանձնաժողովներ: Ծրագրի պատասխանատուները հետաքրքրված են նաեւ կին պատգամավորների հետ համագործակցությամբ եւ նախատեսում են հանդիպումների ու քննարկումների շարք նրանց հետ: Շոն ՄակՆելիի համոզմամբ՝ արդյունավետ կլինի համախմբել կին պատգամավորների ներուժը որոշակի հարցերի շուրջ՝ երեխաներին, ընտանիքին, կանանց վերաբերող: Նրա բնորոշմամբ՝ սրանք համընդհանուր խնդիրներ են եւ չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:
Հերմինե Նաղդալյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, գաղափարին աջակցելու եւ իր փորձն ի նպաստ բերելու պատրաստակամություն հայտնեց: Մինչ համագործակցության ձեւաչափը եւ հնարավոր ուղղությունները համաձայնեցնելը՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց 1995 թ. ի վեր կանանց համախմբելու ջանքերն ու արդյունքները: Տկն. Նաղդալյանը 1995 թ.-ից է խորհրդարանի անդամ, որտեղ ներկայացված էր կանանց առանձին կուսակցություն: Այդ պատկերն ու փորձը, Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, օգտակար կլինեն նոր նախաձեռնությունը հաջողելու համար: Թեեւ կանայք հիմնականում պատգամավոր են ընտրվում համամասնական ընտրակարգով, հետեւաբար առաջնորդվում քաղաքական կամ կուսակցական սկզբունքներով՝ խորհրդարանի փոխնախագահը հնարավոր համարեց նրանց համախմբումը համամարդկային արժեքների ու օրակարգի շուրջ: Հատկապես, որ այս խորհրդարանում նման նախադեպ կա, երբ քննարկվում էր կանանց եւ տղամարդկանց համար հավասար իրավունքներ ապահովող օրենքի նախագիծը:
Աջակցման ծրագրի հրավիրած փորձագետն ուսումնասիրել է քաղաքական եւ այլ կառույցներում կանանց ներգրավվածության խնդիրը: ԱԺ փոխնախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ինչպես այդ արդյունքների հրապարակումը, այնպես էլ քննարկումներ օրենսդրի 14 կին պատգամավորների հետ: Տկն. Նաղդալյանը նշեց, որ քաղաքական ու հասարակական ոլորտներում կանանց մասնակցությունը վաղուց է իր ուշադրության առանցքում: Բացի այդ նա կարեւոր ու օգտակար համարեց կանանց ակտիվությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ կին տնտեսավարողների մասնակցությունը փոքր եւ միջին բիզնեսի աջակցության պետական ծրագրում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:
Աժ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գործունեությունն ուղղված կլինի Հայաստանի քաղաքական համակարգի հզորացմանը եւ իր նպաստը կունենա պետականության ամրապնդման գործում:
Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում: Դավիթ Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման գործում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:
Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն և անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության և հետևողականության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաև շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բարձրագույն պարգև` Հայաստան-ԵՄ արդյունավետ աշխատանքի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Հանձնելով պարգևը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձր է գնահատում Էդուարդո դը Լորենցո Օչոայի ավանդը` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության և կրթության բնագավառում Եվրոպական Միության ինտեգրման ծրագրերի տարածման և ընդլայնման գործում: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Եվրամիության և Եվրախորհրդի հետ ակտիվ համագործակցությունը թե՛ ԵՄ հարևանության քաղաքականության, և թե՛ “Արևելյան գործընկերության” շրջանակներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Եվրամիության խորհրդարանական խորհրդատուն այն եզակի օտարերկացիներից է, ում շնորհվում է նման պարգև:
Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան շնորհակալություն է հայտնել` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:
Մահացու ելքով կրակոցներ Գյումրիում, բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը
Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Բարև Երևան» դաշինքի անդամները ներկայացրեցին իրենց արձանագրած խախտումները
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարև Երևան» դաշինքի անդամներ Սիմոն Ղունախչյանը, Անահիտ Բախշյանը և Դանիել Իոանեսյանը ներկայացրեցին քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումները:
Դաշինքը արձանագրել է խախտումներ քարոզարշավի ամենասկզբից, երբ տարածվեց լուրը, թե արդեն կատարվում է անձնագրերի հավաքագրում: Ըստ Դանիել Իոանեսյանի` խախտումների զգալի մասը վերաբերում է նախընտրական պաստառներին, որոնց օգտագործումը պետք է սկսվեր ապրիլի 7-ից, մինչդեռ, օրինակ, ԲՀԿ կուսակցությունը սկսել էր պաստառների փակցնման աշխատանքները մինչև հիշյալ օրը:
Խախտվել են նաև սպիտակ տախտակների սահմանափակումները, մասնավորապես, ՕԵԿ և ԲՀԿ կուսակցությունների կողմից, այդ կուսակցությունների պաստառները նախ մեծ են թույլատրելի չափից, և հետո` 1-ից ավելի են, ինչի հետևանքով զբաղեցնում են ավելի շատ տարածք, քան տախտակի թույլատրվող 1/7 մասն է: ՀՀԿ-ի պաստառները փակցվել են չսահմանված վայրերում:
Դաշինքի անդամները իբրև խախտում որակեցին նաև ապրիլի 7-ին` կանանց ու աղջիկներին ծաղիկներ բաժանելը: «Ծաղիկները նվիրվում էին Տարոն Մարգարյանի կողմից` համանքային միջոցների հաշվին», -մեկնաբանեց Դանիել Իոանեսյանը:
Բանախոսները հիշեցին նաև, որ ապրիլի 9-ին ոստիկանությունը բռնության էր ենթարկել «Բարև Երևան» դաշինքի անդամներին: Մալաթիա Սեբաստիայում և Շենգավիթում ոստիկանները քաղաքացիական հագուստով նկարել էին դաշինքի անդամների քարոզարշավին մասնակցող քաղաքացիների դեմքերը, խոչընդոտել թռուցիկների բաժանմանը:
Դաշինքի անդամները ուշադրություն հրավիրեցին նաև այն փաստի վրա, որ իրենք հիշյալ և բազմաթիվ այլ դեպքերը ուրբաթ օրը ներկայացրել էին ԿԸՀ, իսկ շաբաթ օրը ՀՀԿ կուսակցության խախտումները արդեն վերացված էին: «Միթե սա չի նշանակում, որ ԿԸՀ-ն կողմնապահ է, որովհետև կապվել և նախազգուշացրել է կուսակցություններից մեկին, իսկ, օրինակ, ՕԵԿ-ին կամ ԲՀԿ-ին տեղյակ չի պահել», – հարց բարձրացրեց Դանիել Իոանեսյանը` շեշտելով, որ խախտումների քաննարկումը կկայանա այսօր` ժամը 5-ին ԿԸՀ-ում:
Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է վարչական շրջաններում տարածքային փուլում հաղթած 12 դաստիարակ: Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հ.Միտոյանը, Նորք–Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։ Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք և կլոր սեղան՝ բանավեճ։
Արդյունքում հաղթող է ճանաչվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.71 մանկապարտեզ ՀՈԱԿ–ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Հանրապետության 60 համայնքի համակարգչային տեխնիկա տրամադրվեց
Հանրապետության համայնքներում տեղակատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով այսօր 120 համակարգիչ, ինչպես նաեւ սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ տրամադրվեց 60 համայնքի: Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ` “Համայնքների զարգացում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակում: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ Տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է “Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:
ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի եւ գույքի կառավարումը, ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը եւ մի շարք այլ գործառույթներ:
Միջոցառմանը ներկա փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը կարեւոր համարեց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: “Բացի կառավարման արդյունավետությունից, այս նորամուծությունները ուղղված են նաեւ տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն”,-նշեց Ա. Գեւորգյանը։
Ներկայումս ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում, մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության” (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում: PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանսական ճգնաժամին և խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի և Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում:
Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում: Ծրագիրը նաև օգնել է հետազոտել և փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին: PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական և ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաև օժանդակել է ֆինանսների նախարարությանը բարելավել հաշվապահական և աուդիտորական ծառայությունների որակը:
PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆինանսական հաշվետվության ստանդարտները և հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար: PFS-ը նաև նպաստել է պետական և մասնավոր գործընկերների միջև երկխոսությանը` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելության խնդիրների լուծման նպատակով:
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան անձինք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների և այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ: PFS-ի հայաստանյան համակարգողը ներկայացրեց ծրագրի նվաճումները, քաղված դասերը և ձեռնարկությունների մրցունակությունը խոչընդոտող հիմնական ֆինանսական մարտահրավերները:
Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը
Ապրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:
Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաև ՀՀ կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:
Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:
Ելույթ կունենան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահԲրյուս Պողոսյանը, ,«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը:
Միջոցառմանը ներկա կլինեն բուհերի և քոլեջների 200 ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական վիրտուալ համալսարանի, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններիկին ներկայացուցիչներ:
ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից և այլ հաստատություններից:
Դոլարի գինը բորսայում` 413,18 դրամ
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Panorama.am» լրատվական կայքի հարցին
Հարց. Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից և դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է:
Բացվել է ևս երեք համակարգչային դասարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից մեկի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարաններից նաև ինտերակտիվ կապ կստեղծվի այլ պետությունների դպրոցների հետ: Երևանի քաղաքապետարանի և UCOM ընկերության համագործակցության արդյունքում համակարգչային առաջին դասասենյանկը բացվել էր դեռ անցյալ տարի` մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 156 դպրոցում: Այսօր բացի թիվ 19 դպրոցից, համակարգչային դասարաններ են բացվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 և 192 դպրոցներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
ԱՐԳԻՇՏԻ Առաջին, որն այստեղ մեծ գործեր կատարեց և կառուցեց Էրեբունի ամրոցը
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»
Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության շրջանը բավական լավ է լուսաբանված շնորհիվ Վանի միջնաբերդում պահպանված Խոռխոռյան տարեգրության և Հայաստանի տարբեր վայրերում գտնված ավելի քան երեք տասնյակ արձանագրությունների: Բացի արձանագրություններից, մեզ են հասել նաև Արգիշտի Ա-ի վերաբերյալ առանձին գրություններ պարունակող բրոնզե սաղավարտներ, վահաններ, կենցաղային իրեր:
Արգիշտին բավական լայնարձակ ու բարգավաճ երկիր ժառանգեց հորից` Մենուա թագավորից (մ.թ.ա. 810-786): Սակայն իր գահակալության սկզբնական շրջանում Արգիշտի Ա-ին տեսնում ենք Ջավախքում, Տայքում, Շիրակում, Սևանի ավազանում, Կոտայքում… « Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»: Հավանաբար Մենուա արքայի մահվանից հետո նրա նվաճած ծայրագավառների կառավարիչները ապստամբել են կենտրոնական իշխանության դեմ: Բայց Արգիշտին արագ երթով անցնում է այդ երկրներով և վերականգնում իր տերության սահմանների ամբողջականությունը:
Դրանից հետո միայն Արգիշտի Ա-ն անցնում է արտաքին նվաճումների: Դրա համար հայոց թագավորը ուներ բոլոր հիմքերը: Մինչ Արգիշտիի գահակալումը Արարատյան թագավորությունն արդեն շեն, լայնածավալ երկիր էր, տնտեսապես հզոր, ուժեղ բանակով: Բոլոր առումներով պետությունը ծաղկում էր, բացի այդ, Արարատյան թագավորության հզոր ախոյանը` Ասորեստանը, քաղաքական ճգնաժամի մեջ էր. Նինվեի արքունիքում շարունակ երկպառակություններ էին, դավադրություններ:
Եվ ահա այս պայմաններում հայոց թագավորը անցնում է արտաքին նվաճումների:
Բնականաբար, հայոց արքան գիտակցում էր, որ իր գլխավոր ախոյանը հենց Ասորեստանն է, սակայն նա իր հարվածը ուղղակի Ասորեստանին չհասցրեց, այլ արշավեց հարավ-արևելք և նվաճեց Ասորեստանի գերիշխանության տակ գտնվող Մանա, Բուշտու, Պարսուա երկրները: Տիրելով դեպի արևելք շարժվող առևտրական ուղիներին` նա Ասորեստանին մեծ տնտեսական հարված հասցրեց: Առհասարակ նրա արտաքին քաղաքական ձեռնարկումները վկայում են, թե որքան մեծ նշանակություն էր տալիս միջազգային տարանցիկ առևտրին: Նա կարողացավ իր հսկողությունը սահմանել Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր գլխավոր առևտրական ուղիների վրա:
Դա չէր կարող հանդուրժել Ասորեստանը, որ Արարատյան թագավորության գլխավոր ախոյանն էր և 781 թ. ասորական բանակը նախահարձակ է լինում` փորձելով կասեցնել հայկական պետության առաջխաղացումը դեպի հարավ: Արգիշտի Ա-ն հետ է մղում ասորեստանյան բանակի հարձակումն ու հակահարված հասցում թշնամուն` անցնելով Զագրոսի լեռները:
Դրանից հետո Արգիշտի Ա-ն արշավեց բուն Ասորեստանի վրա և նվաճելով իր տիրապետությանը ենթարկեց Հյուսիսային Ասորիքը` ընդհուպ մինչև Բաբելոն ընկած երկրները: Նրա ժամանակակից ասորեստանցի զորավարն անգամ արձանագրության մեջ խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։
Նա ոչ միայն նվաճեց Ասորեստանի հետ համագործակցող, դաշնակից երկրները, այլև ծանր հարված հասցրեց հենց Ասորեստանին: Այնքան ահարկու էր այդ հարվածը, որ ասորեստանյան արշավանքից մեկ տարի անց Արգիշտին արդեն կարող էր իրեն թույլ տալ արշավել իր տերության հյուսիսային մասում գտնվող երկրների վրա` նվաճելով այդ տարածաշրջանը:
Ըստ էության` ավարտելով իր նվաճումները` ծնկի բերելով իր դարավոր ախոյանին` Արգիշտի Ա-ն անցավ իր երկրի ամրապնդմանը և ներքին կյանքի կայունացմանը:
Որպեսզի ավելի ամուր լինեն սահմանային ծայրագավառները, նա այնտեղ բերդաքաղաքներ կառուցեց, ռազմական հենակետեր ստեղծեց, Հայաստանի ծայրագավառներից շուրջ 200.000 մարդկանց վերաբնակեցրեց այլ գավառներում` դրանով իսկ թուլացնելով այդ շրջանների իշխանավորներին և կենտրոնական իշխանությունը ապահովագրելով ապստամբություններից:
Ապա Արգիշտին անցավ խաղաղ շինարարական գործունեության: Դեռ գահակալության սկզբին` մ.թ.ա. 782 թ., նա Արարատյան դաշտում կառուցեց Էրեբունի հզոր բերդաքաղաքը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Արգիշտին այստեղ Հայաստանի Խաթե և Ծուպա երկրամասերից շուրջ 6600 հոգի վերաբնակեցրեց: Որպես քաղաք` Էրեբունին իր ժամանակների համար ուղղակի կատարյալ էր: Այն բարձր և իշխող դիրք էր գրավում շրջակա միջավայրի վրա. պատված էր ամուր պարիսպներով, բոլոր անհրաժեշտ հաղորդակցություններն առկա էին, տեղանքն ուներ բարենպաստ կլիմա, գտնվում էր հարուստ տնտեսական շրջանում:
Եվ իրոք, ինչպես ցույց են տալիս հնագիտական պեղումները, Էրեբունին զարգացած, հարուստ ու շեն քաղաք է եղել: Այնտեղ եղել են արքայական պալատներ, տաճարներ, հարուստ ամբարներ, զինանոցներ…
Էրեբունիից հետո` մ.թ.ա. 776 թ., Արգիշտի Ա-ն դարձյալ Արարատյան դաշտում կառուցեց մեկ այլ քաղաք ևս և կոչեց իր անունով` Արգիշտիխինիլի, որը ներկայիս Արմավիրն է: Այս երկու քաղաքների կառուցումը վկայում է, թե որքան մեծ կարևորություն էր տալիս հայոց արքան Արարատյան դաշտին` համարելով, որ ի վերջո հայության քաղաքական, տնտեսական կենտրոնը հենց սա է լինելու: Պատմությունը ցույց տվեց, որ Արգիշտի Ա-ն չէր սխալվել: Այսպիսով Արգիշտի Ա-ն եղավ միակ հայ գահակալը, որի կառուցած երկու քաղաքները դարձան Հայաստանի մայրաքաղաք: Սակայն դա եղավ նրա մահվանից հարյուրամյակներ անց. Արգիշտիխինիլի-Արմավիրը` մ.թ.ա. V դարում, երբ Հայաստանում գահ բարձրացավ Երվանդունի արքայատոհմը, իսկ Էրեբունի-Երևանը` 1828 թ., երբ կազմավորվեց Հայկական մարզը:
Քաղաք լինելուց զատ` այն նաև ռազմա-վարչական կենտրոն էր, որ միտված էր ծառայելու որպես ռազմաբազա, հսկելու հյուսիսային շրջանների պաշտպանությունը:
Արգիշտի Ա-ն մահկանացուն կնքեց մ.թ.ա. 764 թ.` 22 տարի գահակալելուց հետո, իր հաջորդին և որդուն` Սարդուրի Բ-ին թողնելով հզոր ու բարգավաճ երկիր` Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը` Արարատյան թագավորությունը: Նրա մարմինը ամփոփված է պետության գլխավոր հոգևոր կենտրոնում` Մուսասիրի տաճարում, որտեղ աստվածների արձանների կողքին կանգնեցված է եղել նրա երկու տոննանոց բրոնզաձույլ արձանը:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Առաջիկայում Հայաստան կժամանի ԵԽ դիտորդական առաքելությունը
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպմանը Օ. Պավլյուկը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար: Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի հրավերն ընդունելու համար եւ ողջունեց դիտորդների առաջիկա այցը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գեւորգյանը նշեց, որ հունիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետեւ կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երեւանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու լավ հնարավորություն համարեցին:
Կողմերը քննարկեցին նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշեց, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաեւ ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրեց, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը
Երեկ` ապրիլի 22-ին, Տավուշի մարզի Դիտավան գյուղում կայացավ նորակառույց երկհարկանի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցել եւ կահավորել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը` Հիմնադրամի ՙԲարերար անդամներ՚ Արմեն եւ Նատիա Էքսերճիէան ամուսինների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից Հինադրամին նվիրաբերած ավելի քան 300մլն ՀՀ դրամի շնորհիվ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն եւ դպրոց:
Բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, բարերար ընտանիքը զավակների ու թոռների հետ միասին: Դիտավանցիներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՙԴիտավանի պատվավոր գյուղացիներ՚ կոչմանն արժանացած Էքսերճիէան ամուսիններին:
ՙՏեր եւ տիկին Էքսերճիէանների շնորհիվ Դիտավանն այսօր զգալիորեն բարվոք վիճակում է: Պահպանեք այն ինչ ձեռք բերեցիք այս մեծահոգի ընտանիքի եւ նրանց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի թեթեւանան ձեր հոգսերը՚, – ողջույնի խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրենը:
ՙՈ±վ կմտածեր, որ մի օր մեր գյուղ կայցելեն Էքսերճիէան ամուսինները եւ այսքան կփոխվի մեր կյանքը: Հպարտ ենք, որ նման մարդիկ են կանգնած մեր կողքին՚– իր երախտիքի խոսքում ասաց դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: Բացմանը համայնքի անունից շնորհակալական խոսք ասաց նաեւ համայնքի նախկին ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, ով բարերար ընտանիքին նվիրեց իր տնամերձ հողատարածքը:
Շուրջ 300 բնակիչ ունեցող համայնքն ունի 30 դպրոցահասակ երեխա:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին:
Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս 8 մլն դոլար ներդնել սառնարանային տնտեսության և մրգային պահածոների գործարանի կառուցման համար:
Ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով:
«Մանչո Գրուպ»-ը զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների` ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաև տեղական արտադրանքի մթերումով և վերամշակումով, ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ, մասնավորապես, ալյուր, սպիտակաձավար, մանրաձավար, ռահատ լոխում, վաֆլի, շոկոլադապատ թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, կեքս, էկլեր, թռչնի կաթ, սառնաշաքար, կարամել, քաղցրանուշ, գետնանուշ, քաղցր և աղի ձողիկներ, մարմելադ, սուֆլե, շոկոլադե սալիկներ, իրիս, կոնֆետների հավաքածու, սառը սուրճ և այլն: Ընկերության կողմից շահագործվում են 2 ալրաղացներ, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:
2008-2009թթ. «Մանչո Գրուպ»-ն ընդլայնել է իր արտադրությունը` կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Խաղողից ստացված գինու և կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում և արտադրում է բարձրորակ նռան գինի:
2011թ.-ից սկսած արտադրվում է նաև մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ»-ի գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:
Ընկերությունը 2012 թ. ՀՀ պետական բյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել կամ գոնե կանխել Հայոց ցեղասպանությունը.
«Հայացք» մամուլի ակումբում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունինն այսօր խոսեց Հայոց մեծ եղեռնից` գերմանաթուրքական դաշինքի համատեքստում:
Բանախոսի մեկնաբանությամբ` գերմանական արխիվները հարուստ են Հայոց ցեղասպանության մասին նյութերով, իսկ Եղեռնն իրականացվել է գերմանական բարձրաստիճան պաշտոնյաների իրազեկության պայմաններում. «Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել կամ, եթե արդեն սկսվել էր, կանխել Հայոց ցեղասպանությունը, սակայն չարեց դա: Թուրքիայի երեք քաղաքներում` Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում և Մոսուլիում չիրականացվեցին ջարդեր, որովհետև գերմանացի երկու գեներալ չենթարկվեցին Էնվերի հրամանին: Նրանցից մեկը մահակի լեզվով խոսեց թուրքերի հետ, մյուսը ուղղակի հրաժարական ներկայացրեց, սակայն այս քայլերը Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վատացման պատճառ չդարձան»:
Աշոտ Հայրունին ասաց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում գերմանացիներն բացառիկ նշանակություն ունեն՝ թե՛ իրենց դիվանագիտական փաստաթղթերով, թե ՛ արխիվներով:


