Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պետք է խոսքից գործի անցնել

Գևորգ ՄելքոնյանԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրերն էին պատմական գիտ. թեկնածու Գևորգ Մելքոնյանը և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը, ովքեր փորձեցին վերլուծել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համատեքստում  մեր երկրի անելիքները:

Ըստ   Գևորգ Մելքոնյանի` բավարար չէ, որ Հայաստանի ներսում գրվեն հոդվածներ ու գրքեր ցեղասպանության վերաբերյալ, անհրաժեշտ է թարգմանել այդ գրքերը աշխարհի տարբեր լեզուներով և հարցը տանել միջազգային ճանաչման:

Հայկազուն Ալվրցյանը ևս շեշտադրում կատարեց այն պրոբլեմին, որ վերջին տարիներին մենք շարունակ խոսում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բայց գործի չենք անցնում, քանի որ այս հարցում զգացմունքների մակարդակում ենք մնացել: Բանախոսը նշեց, որ, որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանից դուրս շատ ավելի լուրջ ուսումնասիրություններ ու գործեր են արվում այս ուղղությամբ:  Անգամ ազգությամբ թուրք ուսումնասիրողներ կան, ովքեր լրջագույն աշխատություններ ունեն` գրված հայերի տնտեսական կորուստների մասին, իսկ մեր մասնագետները աղոտ պատկերացումներ ունեն այս թեմայի շուրջ:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու պետական մակարդակով հոլիվուդյան ֆիլմեր չեն պատվիրվում հայոց ցեղասպանության թեմայով, բանախոս Հայկազուն Ալվրցյանն ասաց, որ այդ հարցը պետք է լուծի ոչ թե պետությունը, այլ անհատները, ովքեր ունեն գումար, բայց անհասկանալի է, թե ինչով են զբաղված առհասարակ: Բացառությամբ մի քանի սփյուռքահայերի` մյուսները ասես չեն գիտակցում, որ թեկուզ հենց կինոինդուստրիայի մակարդակով իրոք կարելի է բարձրացնել այս խնդիրը, ինչի վառ ապացույցն են, օրինակ, «Մայրիկ» և «Արտույտների ագարակը» ֆիլմերը:

 

Հետախուզվողները հայտնաբերվել են

Հետախուզվողները հայտնաբերվել  ենԿանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 22-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնականի  բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Ռիմա Պ.-ն, որը  ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկություն)  մեղադրանքով:

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից  ՀՀ է ժամանել 1978 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 22-ից  ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Մ.-ն ապրիլի 22-ին, ժամը 17.00-ին, ներկայացվել է բաժին:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Ապրիլի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել  1978 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը  ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Ավտոպատահարներ Հայաստանի տարածքում`կան վիրավորներ

ավտոպատահարներ19-ամյա աղջկան վրաերթի ենթարկելուց հետո անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքի ֆրանսիայի հրապարակում` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել  փախուստի:
Աղջիկը  բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

«Վոլվո»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Ապրիլի 22-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին  դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 23-ին, ժամը 00.30-ին, մոտոցիկլետը Երասխ-Երևան ճանապարհի 34 կմ-ին բախվել  է «BMW-320» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ

Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին-Սամաղար ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Պարզաբանում. ՀՀ ոստիկանության Ախուրյանի հերթապահ մասի ՁՊՎ-ի 2 ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի

dataxazutjun«Իրավունք» օրաթերթի` 2013թ. ապրիլի 19-ի համարում հրապարակվել է հոդված` «Կալանավայրում մարդասպանը գտնվում է վերին աստիճանի արտոնյալ պայմաններում» վերտառությամբ, որտեղ 2012թ. ապրիլի 12-ին սպանված Կ.Եսայանի ծնողները` Ռ.Եսայանը և Ա.Իսկանդարյանը, ահազանգել են իրենց որդու սպանության մեջ մեղադրվող Հ.Սարգսյանի` ՁՊՎ-ում արտոնյալ վիճակում գտնվելու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Շիրակի մարզի դատախազը ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի ուղեկցությամբ ապրիլի 4-ին ՁՊՎ այցելության ժամանակ` ձերբակալված անձանց պահելու պայմանների օրինականությունը ստուգելու ընթացքում, արձանագրել է, որ խցերից մեկի դուռը բաց է:

Մարզի դատախազի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն:

Իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 4-ին Ախուրյանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ում բաց է եղել Կ.Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հ.Սարգսյանին խցի դուռը: Համաձայն հաստատված գրաֆիկի` այդ օրը հերթապահություն են իրականացրել ոստիկանության ավագ Հ.Կարապետյանը և ոստիկանության սերժանտ Ռ.Հովհաննիսյանը:

Նշված օրը` ժամը 22:50-ի սահմաններում, Հ.Կարապետյանը և Ռ.Հովհաննիսյանը, չպահպանելով ՁՊՎ-ում անվտանգության կանոնները, խախտելով ՀՀ ոստիկանության համակարգի` ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնագրքով հաստատված օրվա կարգացուցակը, առանց ծայրահեղ անհրաժեշտության, բացել են թիվ 1 խցի դուռը, որտեղ պահվելիս է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելու մեջ թերանալու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ ներքին կանոնանգրքի 42-րդ, 88-րդ, 92-րդ և 93-րդ կետերը չկատարելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության Ախուրյանի բաժնի պետի` 2013թ. թիվ 36-Ա հրամանի` Հ.Կարապետյանին և Ռ.Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն:

 

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսումնասիրությունը․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է աղքատության և եկամտի անհավասար բաշխման»

1Երևան – Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Հակոբյան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի հետ համատեղ իրականացրել է ուսումնասիրություն, համաձայն որի 2004-2010 թվականներին հանքարդյունաբերությունը Հայաստանում նպաստել է տնտեսական աճին՝ միաժամանակ հանգեցնելով եկամուտների անհավասար բաշխման և աղքատության:

 2

 

Հանքում աշխատողներն աշխատում են թունավոր, ծանր մետաղների հետ` առանց ձեռքերն ու շնչուղիները պաշտպանող ձեռնոցների և դիմակների: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը ` Նազիկ Արմենակյանի

 

Ուսումնասիրության http://newsroom.aua.am/files/2013/04/mining_grigoryan.pdf գլխավոր հետազոտող և հեղինակ, դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանը դիտարկել է տարածաշրջանային տվյալները և իր զեկույցում նշել, որ հանքարդյունաբերությունն ունի որոշակի դրական ազդեցություն տնտեսության աճի վրա:

3

«Սա համահունչ է հանքարդյունաբերության կողմնակիցների կողմից հաճախ հնչեցվող այն պնդմանը, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության աճի համար»,- ասաց ՀԱՀ-ի տնտեսագիտության դոցենտ Գրիգորյանը:

Ա․ Գրիգորյանի վերլուծությունները, մյուս կողմից, նաև ցույց են տալիս, որ «․․․հանքարդյունաբերության արդյունքում սովորաբար մեծանում է եկամուտների անհավասար բաշխումը և խորանում է աղքատությունը մասնավորապես Հայաստանի այն մարզերում, որտեղ առկա է հանքարդյունաբերական ոլորտը»։

 

Սա հակասում է հանքարդյունաբերության կողմնակիցների այն պնդմանը, թե այս ոլորտը ստեղծում է նոր աշխատատեղեր, ինչը մարզերում և առհասարակ երկրում ապահովում է միջինից մինչև երկարաժամկետ զարգացումներ։

 

Այս հակադրվող իրողությունները կարելի է բացատրել Հայաստանի տնտեսությունում գերիշխող մի շարք գործոններով:

«Հանքարդյունաբերությունը, որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, տարիներ շարունակ ընդլայնվել է, սակայն տնտեսական ճգնաժամի ու համաշխարհային մետաղների գների բարձրացմանը զուգընթաց այն ավելի նշանակալի դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի մեջ»,- բացատրեց նա՝ նշելով, որ այս միտումը կշարունակվի, եթե տնտեսության մեկ այլ ոլորտ չսկսի թափ հավաքել:

 

Հանքարդյունաբերական ոլորտի մեկ այլ ազդեցությունն աղքատության աճն է, և սրանց փոխկապակցվածությունը, Գրիգորյանի կարծիքով, ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:

 

Հանքարդյունաբերության ունեցած ազդեցության այլ հետազոտություններ՝ կատարված ՀԱՀ-ի հանրային առողջապահության դպրոցի և Հակոբյան կենտրոնի կողմից, ցույց են տալիս հետևյալը․ որոշ բնակիչներ պնդում են, որ շատ սեփականատերեր ստիպված են շատ ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը: Ըստ Գրիգորյանի՝ այսպիսի դեպքերում, եթե դրանք իրոք տեղի են ունեցել, հանքարդյունաբերողները զրկում են գյուղացիներին այն կապիտալից, որը խիստ անհրաժեշտ է հարստություն ստեղծելու համար։

Ավելին, հանքարդյունաբերության կամ հանքային վերամշակման ոլորտում աշխատող մարդկանց չի տրամադրվում առողջական ապահովագրություն՝ մի փաստ, որը կարող է ընտանիքների ուսերին դնել առողջական լրացուցիչ ծախսեր և/կամ նվազեցնել նրանց աշխատանքային արդյունավետությունը:

 

Մոլիբդեն վերամշակող հանքում աշխատողի ձեռքերը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը ` Անահիտ Հայրապետյանի: Նույն աշխատակիցն առանց պաշտպանիչ ձեռնոցների փոխում է իր երեխայի տակդիրը թունավոր ու ծանր մետաղների հետ ժամեր շարունակ աշխատելուց հետո: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

 

Քաղաքականության դերը

 

«Եթե մենք ուզում ենք հանքարդյունաբերությունը դարձնել Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտ, ապա մենք պետք է նաև զարգացնենք ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որի դեպքում թե՛ անմիջական համայնքները, թե՛ամբողջ երկիրը կշահեն առավելագույնս»,- ասաց ՀԱՀ Հակոբյան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

Երիտասարդ տղամարդը հիվանդանոցում` իր կնոջ հետ միասին: Նա ստամոքսի խոց ունի և համոզված է, որ այն առաջացել է հանքում աշխատելու արդյունքում: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

 

Հանքարդյունաբերությունն ու արդյունահանող արդյունաբերությունները որոշ երկրներում նշանակալից դեր են խաղացել՝ ապահովելով երկարաժամկետ աճ, մասնավորապես՝ Նորվեգիայում, Ավստրալիայում և Բոտսվանայում։ «Այս երկրները հաջողությամբ օգտագործել են հանքարդյունաբերությունը և բարձրացրել իրենց բնակչության ճնշող մեծամասնության կենսամակարդակը, քանի որ նրանք մշակել և ներդրել են լավ հանրային քաղաքականություն»,- շեշտեց Ամիրխանյանը, ով անցած նոյեմբեր ամսին այս թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:

 

Առանց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող համապատասխան քաղաքականության ու զսպող լծակների Հայաստանը կշարունակի քայլել հանքարդյունաբերական մի ճանապարհով, որը հարստացնում է մի քանի հոգու, իսկ ներկա ու ապագա սերունդների մեծամասնությանը զրկում է իրենց ժառանգությունից օգտվելու հնարավորությունից։

 

Համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011-ին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատել է 15.500 մարդ, ինչը կազմել է երկրի ընդհանուր զբաղվածության մոտ 1%-ը, իսկ ՀՆԱ-ի աճին նպաստել է մոտ 3%-ով:

 

ՀԱՀ-ը կազմակերպում է մեկ այլ միջազգային գիտաժողով «Բնապահպանական և մասնագիտական առողջության հիմնախնդիրները» թեմայով: Գիտաժողովին, որ նախատեսված է անցկացնել ապրիլի 22-23-ը, կմասնակցեն առաջատար մասնագետներ, որոնք Երևան են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունն անցումային տնտեսությունների վրա, ինչպիսին ունենք Հայաստանում: Նրանց ներկայացրած հետազոտությունները լուծումներ կառաջարկեն աշխատակիցների, համայնքների բնակչության և երեխաների մոտ աշխատանքի ու շրջակա միջավայրի ազդեցությամբ ի հայտ եկած առողջական խնդիրներին և կօգնեն այս հիմնախնդիրները լուծելուն ուղղված հանրային քաղաքականություն մշակել:

 

 

Կովը ջուր է խմում Արծվանիկի պոչամբարից, որը պատկանում է Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

 

ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնը:

ՀԱՀ-ն և Հակոբյան բնապահպանական կենտրոնը նպաստում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգմանը՝ հետազոտության, կրթության ու համայնքային իրազեկման միջոցով: ՀԱՀ/ՀԲԿ հիմնական ոլորտները ներառում են՝ բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն ու պահպանություն, կառուցապատված միջավայրի կանաչապատում, մաքուր էներգետիկա և էներգախնայողություն, ինչպես նաև տեղեկատական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

 

ՀԱՀ-ի Բիզնեսի և Տնտեսագիտության քոլեջը տարածաշրջանի առաջատար բիզնես դպրոցն է, որը նպաստում է ձեռնարկատիրական, նորարարական և բարոյական առաջնորդության ձևավորմանն ու զարգացմանը: Վերջին 20 տարում այն սպասարկել է հայ և արտասահմանցի ուսանողների, կորպորացիաների և համայնքների:

 

Լուսանկարները վերցված են «Հետազոտական ֆոտոլրագրություն՝ հանուն մարդու իրավունքների և մաքուր միջավայրի» նախագծից և իրականացվել են Բաց հասարակության հիմնադրամներ ծրագրի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից:

 

Հոդվածի աղբյուրը անգլերեն լեզվով՝ http://www.armenianweekly.com/2013/04/16/aua-study-mining-in-armenia-creates-poverty-income-inequality/

 

Թարգմանեցին՝ Լիլիթ Ստեփանյանը և Աննա Աղլամազյանը

 

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵրևանի քաղաքապետի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

•    թ.1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի “Զորավար Անդրանիկ” կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – “Հրազդան” մարզադաշտ,
•    թ.2 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փող. – Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա – Կորյունի – Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի “Երիտասարդական” կայարան: Հետադարձը` Աբովյան – Մոսկովյան – Սարյան փողոցներ – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – “Հրազդան” մարզադաշտ,
•    թ.3 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի “Բարեկամություն” կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ (video)

Ցավոք վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությունից հետո երիտասարդ մահացած որդու հետո ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:
Առավել մանարամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

բեռնատարԱպրիլի 22-ին, ժամը 17.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Վանաձոր – Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454ՍՕ12 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Հովհաննես Մկրտչյան, ծնվ.1963 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, և բռնկվել է հրդեհ:
Տեղի ուժերով Հ.Մկրտչյանը դուրս է բերվել բեռնատարի խցիկից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին: Այրվել են 2 անվադող, վառելիքի բակը, մասնակի` բեռնախցիկը և վարորդի խցիկը:

2-ամյա փոքրիկը հոսպիտալացվել է թունավորումով

շտապ-օգնությունԱպրիլի 22-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Եղեգնաձոր քաղաքի, այնուհետև` Երևանի«Սբ.Աստվածամայր», այնուհետև` «Մուրացան» բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի Անի Շավարշյանը (ծնվ. 2011թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհ Գառնի գյուղում

հրդեհԱպրիլի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 1-ին փակուղու թիվ 3 տան մոտակա թոնրատանը, որը մարվել է տեղի ուժերով:
Աշոտ Բաբայանին պատկանող թոնրատանը այրվել են 15 մեղվի փեթակ, տանիքի փայտե կառուցատարրերը` 12 քմ, տանիքում` 30 հատ փայտե արկղ:

 

Կատարվածից ժամեր անց ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 22-ին, գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկան Արայիկ Խաչատրյանը մայրաքաղաքի Տիտոգրադյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկում էր: Հանկարծ խաչմերուկում գտնվող բենզալցակայանի տարածքում տարօրինակ մի բան նկատեց, որն առաջին հայացքից հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում: Դիմակավորված 5 հոգի իրարանցում էին սարքել:
Ավազակային հարձակում էր: Տեղի ունեցածից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր:
Բերման ենթարկվածն Արսեն Ավետիսյանն էր: Շարունակվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքները դեպքի մասնակից մյուս չորսին էլ հնարավորինս արագ հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ բնույթի զրույցներ իրականցվեցին Ավետիսյանի բարեկամների և ընկերների շրջապատում: Կարճ ժամանակում հնարավոր եղավ ճշտել ավազակային հարձակման բոլոր մասնակիցների ինքնություններն ու բնակության վայրերը: Կատարվածից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Արմենակ Ջավադյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանն ու Թորգոմ Հարությունյանը միացան իրենց ընկերոջը: Հետագա օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ բացահայտվեցին դեպքի մանրամասները:
Պարզվեց նաև, թե ինչու՞ էին երիտասարդները դիմել այս ծայրահեղ ու անօրեն քայլին:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Էլի մետրոն մոռացան

metroԱշխարհի երկրների տնտեսության և ենթակառուցվածքների կարևորագույն բաղադրատարր է տվյալ երկրի տրանսպորտի ոլորտը, հատկապես` հասարակական տրանսպորտը: Աշխարհի մանավանդ զարգացած երկրներում հասարակական տրանսպորտը եղել և մնում է պետության ու տեղական ինքնակառավարման մարմինների կարևորագույն ոլորտներից մեկը, և այդ ոլորտում էլեկտրատրանսպորտի տեսակարար կշիռն ավելացնելու և ներքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտի տեսակարար կշիռը հնարավորինս նվազագույնի հասցնելու միտում է նկատվում: 

Աշխարhի նորմալ երկրներում հասարակական տրանսպորտը չի ծառայում շահույթ ստանալու նպատակին: Ավելին` այն միշտ եղել ու մնում է պետության կողմից հատկացվող դոտացիաների շնորհիվ աշխատող համակարգ: Հասարակական տրանսպորտի խնդիրը մարդկանց` քաղաքացիներին հասցնելն է այն տեղը, ուր նրանք ստեղծում են նյութական և ոչ նյութական բարիքներ: Ու այդ ստեղծված բարիքներից պետության ստացած եկամուտից էլ հենց փակվում է հասարակական տրանսպորտին անհրաժեշտ ծախսերի  այն մասը, որը չի փակվել ուղեվճարներից:

Այս սկզբունքուվ պետությունների և խոշոր քաղաքների մունիցիպալ կառույցների համար առավել գերադասելի է հասարակական տրանսպորտի և առհասարակ տրանսպորտի ընդհանուր համապատկերի մեջ ունենալ էլեկտրատրանսպորտի ավելի մեծ տեսակարար կշիռ: Առաջին պատճառը էկոլոգիական աղտոտումն է. էլեկտրատրանսպորտն էկոլոգիապես անհամեմատ ավելի մաքուր է: Էլեկտրատրանսպորտի մեջ մտնում են երեք տեսակ` մետրո, տրոլեյբուս և տրամվայ:

Զարմանալի է, որ նավթամթերք ներկրող, բայց էլեկտրաէներգիա արտադրող ու արտահանող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, փորձեց զարգացնել ոչ թե էլեկտրատրանսպորտը, այլ ներքին այրման շարժիչներով աշխատողները: Մեր երկրում էլեկտրատրանսպորտը հոգեվարք է ապրում: Այդ ոլորտում գործում են միայն «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ու «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ները: Հայաստան ասելով, իհարկե, պետք է հասկանալ միայն Երևանը: Եվ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում հատկապես կարևոր է շեշտել, որ հիմնական նախընտրական բանավեճերից մեծ մասամբ բացակայում է տրանսպորտի այս ճյուղերին վերաբերող հարցը:Մետրոյի ցանցի զարգացման անդրադարձ կատարվել է միայն ՀՅԴ նախընտրական ցուցակում:

Մետրոյի մասին բազմիցս ու պարբերաբար ահազանգում է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը. «Մենք պահանջում ենք զարգացնել էլեկտրատրանսպորտը: Էլեկտրատրասնպորտի երեք տեսակ կա` մետրո, տրոլեյբուս և տրամվայ: Մեր քաղաքը միակն է մոլորակում, որտեղ վերջին 30 տարում ոչ մի մետր մետրո չի կառուցվել: Իսպանիայում` Մադրիդում, օրինակ, վերջին 5 տարում 74 կիլոմետր մետրո է կառուցվել: Մեր մետրոն չունենալուն հավասար է. երկու վագոնանոց մետրո աշխարհում ոչ ոք չունի»,- նշում էր Արմեն Պողոսյանը:

Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է, գոյություն ունի 45 վագոն: Սա այն դեպքում, երբ վերջին տասնամյակում միայն Մոսկվայում կառուցվել են մոտ 270 կիլոմետր մետրոյի նոր գծեր: Եվ քանի որ ամբողջ աշխարհում մետրո ունեցող քաղաքներից միայն Երևանն է, որտեղ վերջին տարիներին ոչ մի մետր մետրոյի նոր գիծ չի կառուցվել, հարց է առաջանում` ինչո՞ւ: Իհարկե` ոլորտի պատասխանատուները կնշեն, թե դա թանկ հաճույք է: Այո’, թանկ է, բայց անհնար ու անիրատեսական չէ:

Թե որտեղից կարելի է մետրոն զարգացնելու գումար «հայթայթել»

Ռուսաստանցի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա.  Մնացականովն այս ուղղությամբ իր գիտական հետազոտության մեջ նշում է, որ խոշոր քաղաքների հանրային ուղևորափոխադրումները ներկայիս զարգացման մակարդակում առավել արդյունավետ իրականացվում են ռելսային արագ ոչ փողոցային տրանսպորտով: Ուստի աշխարհում ակտիվորեն զարգանում է տրանսպորտի այդ տեսակը: Այս տրանսպորտը ստորաբաժանվում է երեք տարատեսակի` մետրո, մոնոռելսային տրանսպորտ  և մետրոտրամվայ: Այսօր հնարավորություններից են անվտանգության առավել բարձր աստիճանը, հարմարավետությունը, բարձր տեխնիկա-տնտեսական ակտիվությունը և հարաբերականորեն ցածր ուղեվարձի պայմաններում ինքանածախսածածկումը:

Նա նշում է նաև, որ միանգամայն պարզ է, որ էկոլոգիապես մաքուր և տնտեսող հասարակական տրանսպորտը, որը կարող է ուղևորներին առաջարկել երթևեկության ավելի անվտանգ ու հարմարավետ պայմաններ, ինչպես նաև քաղաքում տեղաշարժվելու ավելի արագ հնարավորություն, քան ավտոմեքենաները, չի կարող վնասով աշխատել:

Այնուհետև Մնացականովը բերում է մետրոյի տարբեր տարատեսակներ կառուցելու համար կատարված հաշվարկները, ըստ որոնց (դրամով հաշվարկները կատարվել են մեր կողմից. Գ.Ա.)` 1 կմ մանր ռելսային մետրոպոլիտենի համար պահանջվում է  մոտ 6 մլրդ դրամ, թեթև մետրոպոլիտենի համար` մոտ 7 մլրդ 80 մլն դրամ,  իսկ մետրոտրամվայի համար, որին, ի դեպ, այժմ տրվում է նախապատվություն ամբողջ աշխարհում, 1 կմ նոր գիծ կառուցելը կկազմի շուրջ 4 մլրդ 50 մլն դրամ:

Այսինքն` խոսքն իրոք բավականին լուրջ գումարների մասին է: Բայց ոչ ոք չի ասում, թե մետրոյի նոր գծեր պետք է կառուցվեն կամ նոր կայարաններ շահագործվեն հենց վաղը, մեկ շաբաթից, կամ մեկ տարում:

Երևանի քաղաքապետի որոշմամբ` նախատեսված է միկրոավտոբուսային 76  երթուղի (1565 միավոր շարժակազմ), ավտոբուսային 68 երթուղի (939 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (108 միավոր շարժակազմ): Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է մասնավոր 43  կազմակերպություն:

Հրապարակված թվերը միջինով հաշվարկելիս պարզ է դառնում, որ մեկ գծատերը սպասարկում է մոտ երկու երթուղի, և ամեն երթուղում գործում է մոտ 20 մեքենա:

Այժմ հաշվի առնենք, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:

Այսպես. տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան մուծում են ամսական 16500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում է ամսական 33800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36400 դրամ: Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կենսաթոշակային վճարները, որոնք մոտավորապես կազմում են ամսական 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78500 դրամ:

Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկն ուղղակի չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, այնուամենայնիվ հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում է մոտ 10 հազար դրամ. մի քիչ ավել կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ է մուծում գծատիրոջը: Ընդունենք որ մեկ մեքենան գծատիրոջը մուծում է 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին` կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը`78500 դրամը: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերը ստանում է ամսական մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնյած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է հոգում:

Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարեցինք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է նվազագույնը 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ, իսկ իրականում` կրկնակի, եռակի ավելի:

Այսինքն` Երևանի բոլոր գծերը միասին վերցրած` ամսական մոտ 150-210 միլիոն դրամ եկամտի մասին է խոսքը (բոլոր հաշվարկները գծատերերի օգտին կատարելու դեպքում անգամ): Սա տարվա կտրվածքով կազմում է մոտ 2.5 մլրդ դրամ` մեր կատարած հաշվարկներով և եռակի-քառակի ավելի շատ` իրականում: Այսինքն` եթե Երևանի հասարակական տրանսպորտը տնօրինի քաղաքապետարանը, ապա մոտ երեք տարում այս ոլորտից կտնտեսի մոտ 3 կմ ամենաթանկ մետրոյի գիծ կառուցելու համար անհրաժեշտ գումար` մեր հաշվարկներով, և իրականում`6-9 կմ-ի: Սա այն դեպքում, եթե չհաշվենք, թե որքան գումարներ կարող են տնտեսվել այս կամ այն «ճոխացված» միջոցառումներն իրականացնելու ժամանակ: Մի խոսքով, այնպես չէ, որ ցանկության դեպքում գումար չկա, նույնիսկ թանկ հաճույք համարվող մետրոն զարգացնելու համար: Ընդամենը ցանկություն է պետք, որ մեկ քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում մետրոյի նոր կայարան հնարավոր լինի կառուցել:

 

Վարչապետին են ներկայացվել լսողական սարքերի իմպլանտացիայի կենտրոնի գործունեության արդյունքները

10349_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամաին և Armenian International Medical Found-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը:

Մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները և շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետևողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնայակից ավելի վիրահատություն և ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:
Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին և կարևորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:

***
Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը ողջ աշխարհում բժշկական թանկարժեք միջամտություն է համարվում իմպլանտի բարձր գնի պատճառով:
Մինչև 2008 թվականը մեր երկրում համապատասխան իմպլանտը ձեռք էր բերվում միայն բարեգործական միջոցների շնորհիվ, 2008 թ.-ից Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ են կատարվել նաև պետական պատվերի շրջանակներում:
Կարևորելով այս ծրագիրը` 2008 թ.-ից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն սահմանել է որպես տարածաշրջանային բացառիկ ծրագիր, նկատի ունենալով, որ վիրահատությունները 100 տոկոսանոց արդյունք են ունենում:
Ծրագիրը նյութական օժանդակություն է ստանում ՀՀ կառավարության, Կալիֆոռնիայի հայ համայնքի և տարբեր բարեգործների կողմից:
Վիճակագրության համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 1000-րդ երեխան առանց լսողության է ծնվում և երկուսը կամ երեքը խլություն են ձեռք բերում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

վարչապետՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը, աշխարհով մեկ սփռված հայերին: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր շաբաթ մահանում է մեկ կենդանի լեզու, այսինքն՝ այդ լեզվի կրողները, այդ տեսակը վերանում է երկրագնդի վրայից: 21-րդ դարում էապես ուժգնանում է մրցակցությունը, այդ թվում ազգերի միջև և հասկանալի է, որ ինքնության պահպանության առանցքը, կարևորագույն երաշխիքը մայրենի լեզուն է: Մեր լեզուն է, որ մեզ միավորելու է և դարձնելու մեկ միասնական բռունցք, որը և հնարավորություն է տալու լուծել բազմաթիվ մարտահրավերներ, որոնցով լի է ժամանակակից աշխարհը»:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել մեր ինքնությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքնության պահպանման շարժիչ ուժը մեր պետությունն է և այդ տեսակետից, վերջին 20 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, վտանգներ, որով լի է և աշխարհը, և տարածաշրջանը:«Մենք մեր պետության ներսում ձևավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝ պահպանել իր ազգի արժեքները և ապահովել նրա հարատևությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընգծել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:
«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք և լինելու ենք, և այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21–րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ և դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:
Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է և համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարևոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:
Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:

 

 

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է մանկապարտեզներին թռչնամսի մատակարարման հարցը

թռչնամիսԱյսօր  որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների  համաձայն մատակարավել է բացառապեսԱրաքս և Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս:

Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարավում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության և հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել  և շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՊԵԿ-ի նախագահի գործունեության վերաբերյալ վարույթ է հարուցվել

gagik xachatryanԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ապրիլի 10-ի որոշմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները: Այս մասին տեղեկացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

«Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը:

Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն»:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները»,-մասնավորապես ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Փաստինֆո»

 

Դոլարը իջնում է

դոլարԱպրիլի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.15 դրամ:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցությանը

001Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի և 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության:

Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաև շենքերի և շինությունների արտաքին տեսքի, պահպանմանը: Պարտադիր բարեկարգման աշխատանքներում թերացող տնտեսվարողների մասով հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում վերանայել պայմանագրերը:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կայացել է երթուղիների սպասարկման համար  ևս 7 մրցույթ, որից 5-ը՝ ավտոբուսային, 2-ը՝ միկրոավտոբուսային: Հանձնարարվել է շարունակել խիստ վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:

Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է հետևել, որ ժամանակին վերացվեն նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ավարտվել է հայտարարությունների համար նախատեսված ևս 200 ցուցատախտակների տեղադրումը: Հիմնականում ավարտվել են նաև հայտարարությունների տախտակների տեղադրման աշխատանքները բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:

Մայրաքաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կառույցներին հանձնարարվել է ինչպես աշխատանքների, այնպես էլ դրանք իրականացնողների մասին իրազեկող համապատասխան ցուցանակներ տեղադրել աշխատանքների իրականացման վայրերում:

Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքին:

Զեկուցվել է , որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 284 հեռախոսազանգ, որոնցով բարձրացված հարցերից 232-ը լուծում է ստացել, մյուսներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակացույցով կատարվել է նաև քաղաքացիների ընդունելություն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ավտոպատահարներ Հայաստանի տարածքում`կան վիրավորներ և զոհեր

ավտոպատահար«BMW-X 5»-ը բախվել է «Օպել-Վեկտրա»-ի

Ապրիլի 21-ին, ժամը 04.00-ին, «BMW-X 5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները և «BMW-X5»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը մահացել է

Ապրիլի 21-ին, ժամը  02.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21124»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին  շրջվել է:
Վարորդը` 1992 թ. ծնված  Էդգար  Քաթաբյանը, տեղում  մահացել է:
Կատարվում է քննություն:

Պատահար Աճառյան փողոցում

Ապրիլի 21-ին, ժամը 23.10-ի սահմաններում,  «BMW»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել  է «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107»-ի, որից հետո վրաերթի է ենթարկել 26-ամյա տղամարդու, ապա բախվել նույն հասցեի մոտ մայթեզրին կայանված  «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից` բախվել  կրպակների:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արթիկում «Ֆոլքսվագեն Պասսատ»-ը բախվել է ծառի

Ապրիլի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Խանջյան փողոցում. վարորդը դիմել է փախուստի

Ապրիլի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում,  անհայտ ավտոմեքենայի  վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երբեմն օրենքը թիթեռի կյանք է ունենում, իսկ պատմական հուշարձանը` դարեդար մնում

գառնու կամուրջԳաղտնիք չէ, որ Գառնիի պատմական կամրջի վերականգնումը միանշանակ չընդունվեց  հանրության կողմից: Շատերը, այդ թվում նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, այն կարծիքին էին, որ պատմական հուշարձանը ոչ թե վերականգնվել է, այլ մի  նոր կամուրջ  է կառուցվել: Այդ առիթով Սամվել Կարապետյանի հետ ունեցած իմ հարցազրույցը տպագրվեց «Անկախ» շաբաթաթերթի մարտյան  համարներից մեկում,որից հետո կրքերն ասես թեժացան:

Նման արձագանքը սպասելի՞ էր մշակույթի նախարարության պատկան մամինների,ասել է թե` կառուցապատումը նախաձեռնողների համար: Նման վերականգնումը ո՞ւմ էր ձեռնտու: Այս և մի շարք այլ հարցերի պարզաբանման ակնկալիքով դիմեցինք մշակույթի փոխնախարար տիկին Սամուելյանին, որը, ճարտարապետ լինելով հանդերձ, պիտի որ լավատեղյակ լիներ խնդրին: Սակայն  ինձ հուզող հարցերի պատասխանները, թեև ուշացումով, բայց ստացա ոչ թե տիկին փոխնախարարից, այլև պատմության և մշակույթի հուշարձանների գործակալությունից:  Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք կամ ուշ լինի, նուշ լինի:

Պատասխանը փոքր-ինչ լղոզված էր, բայց, որ կարևոր է,  օրենքի տառին ու ոգուն հավատարիմ:

Ո՞ւ մ էր ձեռնտու նման վերականգնումը: Իմ այս մտահոգությանը գործակալության պատասխանատուները կրկին հարցով են պատասխանել. «Իսկ ո՞ւմ է ձեռնտու, որ հուշարձանը չվերականգնվի»: Մի՞թե գործակալության փորձված մասնագետները այդպես էլ գլխի չընկան, որ խոսքը ոչ այնքան վերականգնել- չվերականգնելուն է վերաբերում, որքան, ինչպես ընդդիմախոսներն էին բարձրաձայնում, «եվրոնորոգմանը»:

Ներկայացված փաստաթղթից դժվար չէ կռահել, որ այնքան «պուպուշ» վերականգնում է իրականացվել, որ վերականգնողների հասցեին հնչած ամեն տեսակ մեղադրանք իրականության հետ որևէ աղերս  չունի, որ կամրջի ինչպես  հոսքընթաց, այնպես էլ հոսքընդդեմ ճակատները ոչ թե երեսապատվել են, այլ վերականգնվել են միջնադարյան նմանատիպ տուֆակերտ կառույցների շարվածքի օրինակով: Իսկ որպես կապակցող նյութ օգտագործվել է կրացեմենտային բարդ կրաշաղախ: Պատմական հուշարձանի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներին գործակալության հմուտ մասնագետները հանգստացնում են ոչ միայն հարմար փաստարկով, այլև օրենքի պահանջով. «Հաշվի առնելով հուշարձանի տեխնիկական վիճակը, ինչպես նաև միջնադարի տարբեր ժամանակաշրջաններում առկա միջամտություններն ու փոփոխությունները, համաձայն օրենքով սահմանված կարգի և թույլատրելի պահանջների` կատարվել է նորոգումը»: Իսկ ըստ ՀՀ օրենքի 6-րդ գլխի 30-րդ հոդվածի` «նորոգում է համարվում նաև հուշարձանի հարմարեցումը, որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից  օգտագործման համար», իսկ վերականգնումը, ըստ նույն օրենքի, «կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերաստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով»:

Տեսնես նույն այդ օրենքն ո՞ւր էր, երբ քանդվում էին «Հին Երևանի» պատմական շենքերն ու փակ շուկան: Կամ հիշենք ոչ վաղ անցյալում Մաշտոցի պողոտայի այգու գլխին կախված «փորձանքը», երբ շահագրգիռ չինովնիկներն այգին առևտրի կրպակներով «զարդարելու» համար կուրծք էին ծեծում: Այնպես որ X-XIII դդ. պատմական կառույցի համար XXI դարի առաձգական օրենքով վերականգնելը ոչ միայն համարժեք է եվրանորոգման, այլև բարոյական չէ:

Ինչպես պարզվում է, պատմական այս կամուրջը բախտավոր աստղի տակ է ծնվել: 2010 թ. պետական բյուջեի միջոցներով ամրակայվել է հյուսիսային խելը,  թե որքան գումար է տրամադրվել, այդ մասին, իհարկե, ոչ մի ծպտուն, իսկ հարավայինում քայքայված է հիմքի ժայռը, որի վերականգնման համար էլ հովանավոր գտնվեց:

Ասեմ, որ ամենևին ուրիշի փողերը հաշվելու  գլուխ չունեմ, բայց իշխող կարծիք կա, թե այստեղ շատ անելիք ու ծախսելիք չկար: Բավական էր` գետնին կպած խելն ամրացվեր, ամրակայվեր, որպեսզի կանխվեր կամրջին սպառնացող վտանգը, մինչդեռ ոչ միայն շատ գումար ծախսվեց, այլև միանգամայն նոր մոտեցում դրսևորվեց` բազրիքապատելով կամուրջը:

Գործակալության հմուտ մասնագետները միջնադարյան գոնե մի բազրիքապատ  կամրջի անուն նշելու փոխարեն, ընդամենը հիշեցնում են. «Միջնադարի (հատկապես` X-XIII դդ.) տուֆակերտ կամուրջները, ելնելով շինարվեստի տեխնիկայից, ունեցել են աստիճանաձև բազրիքներ (ոչ թեք և սուրանկյուն շարվածք, ինչը բնորոշ է ուշ միջնադարի կամուրջներին) ,որը նաև հիմք է հանդիսացել պահպանված կամարաթաղի և զույգ կամարակապերի տուֆակերտ շարվածքի շարունակությունը ապահովող վերականգնման (վերստեղծման) մեթոդի ընտրությանը»: Որոշ կամուրջներ… Իսկ թե որն էր հատկապես այս կամուրջն այդպես ճոխ «բազրիքավորելու» նպատակը, հիմնավորում այդպես էլ չհնչեց:

Փոխարենը գործակալությունը վկայակոչում է, որ վնասված է եղել նաև կամրջի կամարակապ թաղը, որը հատկապես վերին նիշում մեծ ճեղքերով բաժանված էր երկու մասի` շեղվելով լայնական աջ և ձախ ուղղությամբ, ինչպես նաև գրեթե ամբողջությամբ քայքայված էին կամրջի ընդհանուր ծավալները: Հոսքընթաց ու հոսքընդդեմ պատերը շարված էին կավահողով (կրաշաղախով շարված հատվածները նույնությամբ պահպանվել են), հավաստիացնում են գործակալության մասնագետները, որոնց ձեռքում է, ինչպես ասում են, և՛ քարը, և՛ պոպոքը, ինչպես ցանկանան, այնպես էլ կկոտրեն:

Այնպես որ, դեռ վաղ է ուրախանալ, թե այսօր կործանումից փրկվեց ևս մեկ պատմական  հուշարձան, քանզի գործակալության հմուտ մասնագետներն ամենքից լավ գիտեն, որ պատմական հուշարձանի նկատմամբ ամեն մի անհարկի միջամտությունը դրա պատմականության կորստին է հանգեցնում: Եթե այդպես չլիներ, Հռոմի Կոլիզեյը վաղուց վերականգնած կլինեին, թե՞ միջոց չունեն: Կամ, եթե օրերից մի օր հրաշք կատարվի և թղթի վրա մնացած«Հին Երևանի» ծրագիրը իրականություն դառնա, միևնույն է, այն իր պատմական նախկին արժեքն  այլևս չի ունենա: Իսկ քանի դեռ մեզանում պակասում է բծախնդրությունը, զգուշավորությունը, գործակալության ամեն մի փաստարկը հալած յուղի տեղ ընդունելն առնվազն միամտություն կլինի: Կապրենք, կտեսնենք, թե դեռ որքան ջրեր կհոսեն այս անգամ արդեն Գառնիի պատմական կամրջի ներքո…

 

Ամալյա  ԵԴԻԳԱՐՅԱՆ