ԱԺ-ի համար 80 հազար դոլարանոց ամենագնացն ավելի կարևոր է, քան կոմբայնը սահմանամերձ գյուղի համար

toyota-land-cruiser-v8-03Կառավարությունը հուլիսի 24-ին 2014 թ. պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 մլն 33 հազար դրամ գումար հատկացրեց ՀՀ Ազգային ժողովին: Այս գումարից 33 մլն 150 հազար դրամը`«Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով. նախատեսված է այդ 33 մլն 150 հազար դրամն ուղղել Ազգային ժողովի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի միջև 2013 թ. դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6 լ շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելուն: 21 մլն 883 հազար դրամն էլ ԱԺ-ին հատկացվեց «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և այդ 21 մլն 883 հազար դրամից 17 մլն դրամը պետք է ուղղվի ԱԺ վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար պահանջվող ծախսերին, որը, ըստ կառավարության, խիստ անհրաժեշտ է` պայմանավորված անվտանգության խնդիրներով:

Առաջին հայացքից պարզ ու հասկանալի է: ԱԺ-ին, իհարկե, պետք են ծառայողական մեքենաներ, ու այդ մեքենաները պետք է ձեռք բերվեն: Բայց ուշադրություն դարձնենք «մանրուքներին»:

Toyota Land Cruiser ավտոմեքենան, որի համար պետությունը հարկատուների հաշվին ստիպված եղավ վճարել 33 մլն 150 հազար դրամ կամ մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, շքեղ մեքենա է: Եվ երբ լրագրողները հարցնում են, թե այսօրվա սոցիալական ծանր պայմաններում արժե՞ նման շքեղ մեքենա գնել, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, թե միշտ կարելի է սոցիալական վիճակի հետ կապված հարցադրումներ անել, բայց մեքենաներն ու սոցիալական վիճակն իրար հետ համադրելի չեն…

Այս ուշագրավ դիտարկումն անելիս պարոն նախարարը, անկասկած բաց է թողել տեղի պարագան. նայած` որտեղ: Հայաստանո՛ւմ համադրելի չեն: Իհարկե, երկրի աղքատիկ բյուջեն և բնակչության մեկ երրորդի աղքատությունը այդ նույն բնակչության ընտրած ու հարկերի հաշվին վարձատրվող մարդկանց քմահաճություններին բնավ համադրելի չեն:

Իսկ ընդհանրապես մեքենաներն ու սոցիալական վիճակը միշտ էլ համադրելի են

Օրինակ` նույն օրը, երբ կառավարությունը ԱԺ-ին տրամադրեց վերոհիշյալ գումարը, նույն նիստի ժամանակ էլ Սյունիքի մարզպետարանին 4 մլն 552,2 հազար դրամ գումար հատկացրեց Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Այդ գումարով Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013 թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործած 4 մլն 552,2 հազար դրամ գումարի չափով էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցվեց: Ընդ որում, կառավարությունը նշում էր, որ հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաև բնակչության ցածր կենսամակարդակը` անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցելու այդ ծախսերը: Իսկ Մեղրիի պես քանի՞ շրջան կա, որտեղ նման ծրագրերն ուղղակի սոցիալական մեծ խնդիրներ կարող էին լուծել: Հաշվենք ինքնուրույն, եթե ԱԺ-ի 33 միլիոնանոց ամենագնացի փոխարեն այդ գումարի կեսը ծախսվեր, քանի՞ նման ծրագիր կարելի էր իրականացնել:

Սա դեռ մի կողմ. մեկ այլ տեսանկունից նայենք հարցին: Սահմանամերձ կամ ավելի ճիշտ` սահմանապահ գյուղեր կան, որոնք պարբերաբար ենթարկվում են հակառակորդի գնդակոծության, օրինակ` Չինարին, Բարեկամավանը, Ներքին Կարմիրաղբյուրը և այլն, որոնք գյուղտեխնիկայի խնդիր ունեն: Չինարիում, օրինակ, կոմբայն չկա, ուրիշ գյուղերի կոմբայնավարներն էլ չեն գնում Չինարի հունձի, որովհետև կրակոցներից վախենում են: Ու Չինարին ամեն տարի բերքահավաքի շրջանում լուրջ խնդիրներ է ունենում:

Մեկ ոչ թանկ, թեկուզ` ռուսական արտադրության կոմբայնը արժի մոտ 78 հազար դոլար: Սակայն, ինչպես ժամանակին նշում էր գյուղատնտեսության փոխնախարարներից մեկը, ռուս գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է այդ կոմբայնը ներկրել մոտ 50 հազար դոլարով: Ու հիմա համեմատենք` ԱԺ-ի համար 80 հազար ԱՄՆ դոլարով գնված Toyota Land Cruiser-ն է ավելի կարևո՞ր, թե՞ սահմանապահ գյուղի կոմբայնը: Կամ ԱԺ-ի 17 մլն դրամի տեսահսկման համարգ տեղադրելն ու եկող-գնացողին հետևե՞լն ավելի շատ կարող է երկրի ավտանգության հարցերը լուծել, թե՞ սահմանապահ ժողովրդին սահմանին պահելը` այդ գումարներով նրանց համար սոցիալական նշանակության հարցեր լուծելով կամ գոնե գյուղտեխնիկայով նրանց ապահովելով…

Ընտրությունը թանկի ու թանկարժեքի միջև կանգ է առնում թանկարժեքի վրա

Իհարկե, լրագրողների «Իսկ մոտ 80 հազար դոլարանոց մեքենաների փոխարեն ավելի համեստ մեքենաներ չի՞ կարելի գնել» հարցին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ ավելի ուշագրավ պատասխան է տվել. «Գիտե՞ք ինչ կա, պետք է հարցնել նրանց, ովքեր գնում են մեքենաները»:

Շատ լավ, բայց ֆինանսների նախարարը, որի ղեկավարած սուպերնախարարության գործառույթների մեջ նաև մտնում են պետական ծախսերի վերահսկողական որոշ գործառույթներ, այդ հարցը գնողներին տվե՞լ է, թե ինչու 80 հազար դոլարանոց մեքենա, և ոչ, օրինակ` 25-30 հազար դոլարանոց: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանը փորձում էր արդարացնել գնումը` նշելով, որ եթե վերցնենք, վերլուծություն անեք ծախսային մասերը, ապա նախկինում սովետական մեքենաներ են եղել, դրանց բենզինի և սպասարկման ծախսերն ավելի թանկ են նստում երկար հատվածի համար, քան այն մեքենաներինը, որոնք գնվում են:

Այ քեզ նորություն: Չգիտենք, թե ինչ հաշվարկներ են կատարել ու ինչ վերլուծություն արել Գագիկ Խաչատրյանն ու 80 հազար դոլարանոց մեքենա գնելու որոշում կայացրած մարդը, բայց մի բան ակնհայտ է` թե՛ սովետական, թե՛ ժամանակակից ռուսական և թե՛ ներկայիս միջազգային շատ ճանաչված ավտոարտադրողների մեքենաների պահեստամասերի և սպասարկման ծախսերն ուղղակի անհամեմատելի են 4.6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող նոր Toyota Land Cruiser-ի հետ, որի միայն մեկ լուսարձակի գինը մոտ 1000-2000 ԱՄՆ դոլար է: Բայց երբ լրագրողները դիտարկում են, որ Տոյոտան էլ թանկարժեք ու թանկ պահվող մեքենա է, կարող էին ավելի համեստ մեքենա գնել, ֆինանսների նախարարը փորձում է արդարացնել, թե կարող էին, բայց որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա. «Երևի լեռնային շրջաններ այցելությունների համար»:

Իհարկե, վատ չէ ու պետք է լեռնային շրջաններ այցելելու համար ավտոպարկում համապատասխան արտաճանապարհային կարողություններով օժտված մեքենա ունենալ: Իհարկե, Toyota Land Cruiser-ը հիանալի արտաճանապարհային է: Բայց լեռնային շրջանների այցելությունների համար կարելի էր գնել, օրինակ, Kia-ի արտաճանապարհայիններից, թեկուզ` ամենաթանկը, որն իր հատկանիշներով ամենևին չի զիջում Toyota Land Cruiser-ին, գնային առումով, սակայն, մոտ 2-3 անգամ ավելի էժան է: Ի դեպ, ՊՆ-ն, որն արտաճանապարհայինների կարիքը, թերևս, ամենից շատ է զգում, հենց Kia-ներ է օգտագործում: Կամ նույն Toyota-ից, բայց ոչ թե Land Cruiser, այլ, օրինակ` անհամեմատ ավելի էժան Highlander, որը դարձյալ, հիանալի ամենագնաց է:

ԱԺ մեծապատիվ պարոններին թանկարժեք մեքենաներով լեռնային շրջաններ տեղափոխելը մի՞թե ավելի կարևոր է Հայաստանի համար, քան նույն գումարները նույն լեռնային բնակավայրերի կարիքներին ուղղելը:

 

«Պարտքդ կալանքով կտրեմ»

Hovhannes-ManukyanՎերջերս հասարակության շրջանում` հատկապես վարորդների, դժգոհության նոր պատճառ, ավելի ճիշտ` առիթ է ի հայտ եկել` պայմանավորված արագաչափերով, տեսա-լուսանկարահանող սարքերով ու վճարովի ավտոկայանատեղերի համար նշանակված տուգանքներով ու տույժերով: Մարդիկ միաբերան բողոքում են հատկապես դրանց գանձման մեխանիզմների, մանավանդ ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձելու, բանկային հաշիվների ու կրեդիտ քարտերի հաշիվների սառեցման գործելակերպի դեմ:

Իհարկե, ԴԱՀԿ-ի անվանումը` դատական ակտերի հարկադիր կատարում, ենթադրում է ԴԱՏԱԿԱՆ, այսինքն` դատարանի որոշմամբ հաստատված ակտեր: Բայց վերջին շրջանում անվանման տրամաբանությունը խաթարվել է. մարմինը հարկադիր կատարման գործողություններ է կատարում նաև առանց դատարանի համապատասխան որոշումների ու վճիռների: Դրա լիազորությունները, անշուշտ, ստացել է: Օրինակ` բանկային հաշիվ ունեցող ինչ-որ վարորդ խախտել է երթևեկության կանոնները, այդ խախտումն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը, դրա կապակցությամբ վարորդը տուգանվել է, ու մեկ էլ մի օր գնում է բանկ` իր հաշվից գումար ստանալու կամ այլ գործարք կատարելու, և օ զարմանք, հաշիվը սառեցված է: Պարզվում է, որ ինքը խախտում է արել, դրա համար տուգանվել է, տուգանքն էլ չի մուծել ու դրա համար հաշիվը սառեցվել է:

Նման մի տհաճ պատմության մեջ վերջերս ընկել էր մեր ծանոթ Վ.Ի-ն: Պարզվել էր, որ խախտման ու տուգանվելու վերաբերյալ ծանուցումը Վ.Ի.-ն ավելի ուշ էր ստացել, քան կսառեցվեր նրա բանկային հաշիվը: Դրա հետևանքով նա հայտնվել էր տհաճ իրավիճակում. ապրանք էր պատվիրել, ու երբ ցանկացել էր պլաստիկ քարտով իր հաշվեհամարից կատարել դրա դիմաց վճարումը, պարզվել էր, որ հաշիվը սառեցված է: Հետո պարզվել էր ավելի հետաքրքիր բան. նա տուգանված է եղել 10 հազար դրամի չափով, սակայն սառեցվել է նրա հաշիվն ամբողջությամբ` հաշվին եղած մոտ 250 հազար դրամով հանդերձ…

Մեկ այլ դեպք, որ մեզ պատմեց երևանաբնակ մի երիտասարդ` Ռուբենը: Իբր հոծ գիծ խախտելու համար նա էլ էր տուգանվել: «Ես հաստատ գիտեի, որ խախտում չեմ արել: Բողոքարկեցի, ինձ ցույց տվեցին ինչ-որ լուսանկարներ, թե իբր կոնկրետ ամիս-ամսաթվին ես խախտում եմ արել: Նախ` լուսանկարներն այնքան վատ որակ ունեին, որ դժվար էր պարզել` իմ մեքենան է եղել, թե ոչ, հետո խախտումն էր վիճելի: Իմ մեքենայի վրա տեսախցիկ է տեղադրված, ու ինձ հաջողվեց, կոնկրետ նշված օրվա ու ժամի տեսագրությունը ցույց տալով, ապացուցել, որ ես խախտում չեմ արել: Բայց ինձ տուգանած են եղել, մինչ ես կիմանայի դրա մասին, հետո, մինչ կբողոքարկեի` հաշիվս արդեն սառեցված էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուբենը:

«Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարևոր է, քանի որ վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է»,- լրագրողներին հուլիսի 24-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ այդ իսկ պատճառով իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում, բացի արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ-ի ծառայության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչները:

Մի խոսքով, խնդիրը հասել է նաև «դիվանբաշուն», ու հիմա թեժ գիծ է գործում, ինչպես տեղեկացրեց նախարարը: Այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար վիճակում, օրինակ` մեկնել է արտասահման հանգստի, ու մեկ էլ պարզվում է, որ իր բանկային ու քարտային հաշիվները սառեցված են, արդարադատության նախարարը խնդրում է անմիջապես զանգել թեժ գծին: Իսկ նման առաջարկ անողները պատկերացնո՞ւմ են, թե մինչ թեժ գծին զանգելը ինչ անի մարդը, երբ օրինակ` Հռոմի կամ Փարիզի ինչ-որ ռեստորանում կերած-խմածի համար պիտի քարտից վճարում կատարի, ու… Ֆրանսիացի, իտալացի կամ այլազգի մատուցողին ի՞նչ, թե մեր հայրենի ԴԱՀԿ-ն որոշել է նրա հաշիվների վրա արգելանք դնել ու հայրենի թեժ գիծն էլ կարձանագրի այդ փաստը:

Ինչ վերաբերում է ծանուցումներին, ապա արդարադատության նախարարն էլ նշեց, որ ծանուցումը երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում:
«Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հաշվի առնենք, որ նման ահռելի ծավալի մեջ (տասնյակ հազարներ են այդպիսի տուգանքները), այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: Սա նաև կապված է փոստի աշխատանքի հետ և միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Այսինքն` շատ լավ են հասկանում, որ քաղաքացին, օրինակ, փոստի աշխատանքի պատճառով կարող է անհարմարություն կրել:

Մյուս խնդրի` բանկային համակարգում հաշիվների արգելանքի կապակցությամբ էլ Հովհաննես Մանուկյանը նշում է, որ այնուամենայնիվ կա խնդիր` կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Եվ խնդիրն այն է, որ ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում, որ կազմվում են ԴԱՀԿ ծառայողի կողմից կատարում ապահովելու համար, հստակ նշվում են արգելանքի չափերը:

«Բայց պարզվեց, որ դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն, ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրները լուծել»,- նշեց նախարարը:

Այստեղ էլ հարց է առաջանում` եթե ինչ-որ նորմի կամ դրույթի կիրարկման համար տեխնիկական խնդիրներ կան, ապա ինչո՞ւ է այն կիրառվում` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ այդ խնդիրը կարող է անհարմարություն պատճառել հազարավոր մարդկանց:

Վերջիվերջո մեկ այլ խնդիր էլ կա կրեդիտ քարտերի արգելափակման կապակցությամբ, որի մասին ևս թյուրըմբռնում կա ու որին անդրադարձավ արդարադատության նախարարը: Հարցն այն է, որ կրեդիտ քարտերը պարտքեր են` վարկային գծերի տեսքով: Այսինքն` դա վարկ չէ ու չի հանդիսանում վարկառուի սեփականությունը: Ենթադրենք, ինչ-որ կրեդիտ քարտի համար բացված է 300 հազար դրամի վարկային գիծ, դա նշանակում է, որ այդքան գումարի չափով քարտապանը կարող է գնումներ կատարել, գումար կանխիկացնել և այլն: Բայց դա որպես վարկ է սկսում հաշվարկվել այն պահից, երբ գումարը հանվում է: Այսինքն` կրեդիտ վարկային գիծը չի համարվում մարդու սեփականությունը, քանի դեռ նա չի ստացել այդ գումարը, թեպետ դա եղել է նրա քարտային հաշվի վրա: Այսինքն` զուտ տրամաբանական հակասութուն է առաջանում, քանի որ արգելանք է դրվում ուրիշի սեփականության վրա:

Այս հարցում ևս, ինչպես ընդգծեց նախարարը, որոշակի իրավակարգավորումներ պետք է փոփոխվեն:

Իսկ մինչև կարգավորումներն ու իրավակարգավորումները մարդիկ ստիպված են անհարմարություններ կրել` անկախ իրենց կամքից ու ցանկություններից:

 

Օգոստոսի 1-ից գրպաններն ու դրամապանակները լայն բացեք

թանկացումՕգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10 տոկոսով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Գնաճը կստիպի գոտիները ձգել մինչև վերջին պնդօղակը

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին: Այն ժամանակ թանկացավ 27 տոկոսով: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է մոտ 37 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ, ինչը, առաջին հերթին, նշանակում է, որ սպառողական ապրանքների գնաճ կլինի: Սա, իր հերթին, նշանակում է, որ եթե թանկացման մասին պատկերացումները մինչ օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար ինչ-որ չափով վերացական էին, ապա սեպտեմբերին` օգոստոս ամսվա համար օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելիս, արդեն այդ թանկացումը շոշափելի կլինի: Բայց շոշափելի կլինի նաև յուրաքանչյուր ապրանքի թանկացումը ամեն անգամ խանութ մտնելիս:

Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրության կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:

Եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` էլեկտրական վառարանում թխվող հացը թանկանա այդ թվին համարժեք: Նախ` թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի` գոնե ջուրը պոմպերով մղելու առումով: Եվ այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները` դոմինոյի էֆեկտով, հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի, ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Սակայն, երբ լրագրողները հետաքրքրվում էին, թե էներգակիրների, էլեկտրաէներգիայի թանկացումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուշագրավ պատասխան տվեց, թե «համենայն դեպս տեխնոլոգիական վերազինումը, ընդհանրապես, ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, և այդ առումով նույն էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա` պակասելու է»:

«Ե՛վ ձգտումը, և՛ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս, կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան, և ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու է ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»,- նշեց նախարարը` ընդգծելով, թե կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում:

Իսկ մինչ այդ «երջանիկ» պահը ՀՀ քաղաքացիները, որոնց 30 տոկոսն այսօր պաշտոնապես աղքատ է, ինչպե՞ս պետք է ապրեն:

Ոչ ոք չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը

Փորձեցինք պարզել, թե պաշտոնապես` մասնագիտական հաշվումներով ի՞նչ գնաճ կարող է դիտարկվել Հայաստանի սպառողական շուկայում, ի՞նչ գնաճային կանխատեսումներ են անում համապատասխան մարմինները:

Ազգային վիճակագրական ծառայությունը, բնականաբար, գնաճի կանխատեսում չի անում: ԱՎԾ-ն նույնիսկ գնաճի պատճառները չի ուսումնասիրում, այլ միայն արձանագրում է թվերն ու ներկայացնում վիճակագրական տվյալներ:

Դիմեցինք Կենտրոնական բանկին, քանի որ հենց այս կառույցն է Հայաստանում գնաճի ցուցանիշների կանխատեսումներ հաշվարկում: ԿԲ-ից էլ պատասխանեցին, թե նման հաշվարկներ ԿԲ-ն իրականացնում է եռամսյա պարբերականությամբ` ամփոփելով եռամսյակներն ու ներկայացնելով հաջորդ եռամսյակի կանխատեսումները: Ու քանի որ նախորդ` երկրորդ եռամսյակում էլեկտրաէներգիան թանկացած չի եղել, թե գնաճի ընդհանուր ցուցանիշի մեջ որ մասը պայմանավորված կլինի բուն էլեկտրաէներգիայի թանկացմամբ, դեռ չի արվել: Այսինքն` այդպիսի կանխատեսում էլ, ելնելով եռամսյակներով հաշվարկներ ու վերլուծություններ անելու ընթացակարգից, հանրության դատին կներկայացվի սեպտեմբերից հետո միայն:

Հարց է ծագում` նախապես չիմանալով, թե տվյալ գործողությունն ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, ինչ հետևանքների կհանգեցնի, ինչպե՞ս է ՀԾԿՀ-ն այդպես հեշտ ու հանգիստ վերցրել ու որոշել թանկացնել էլեկտրաէներգիան:

Որ գնաճը էական է լինելու, դժվար չէ պատկերացնել: Իհարկե, չենք կարող հենց այսպես` նստել ու տգիտության մակարդակի վերլուծություններ անել, թե թանկացումների ինչ աստիճան կգրանցվի, բայց գոնե էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման «դառը փորձը» հաշվի առնելով` կարող ենք ներկայացնել արդեն իսկ կայացած փաստերը:

Այսպիսով, հունիսի սկզբներին, ներկայացնելով գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ բացատրեց, որ 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն` 2014 թ. ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5 տոկոս: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ էլ հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն` 8,5 տոկոս գնաճից 2,5 տոկոսը ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ եթե անցյալ տարի էլեկտրաէներգիայի 27 տոկոսով թանկացումը, գազի թանկացման հետ միասին, ունեցան ընդամենը 2.5 տոկսոսային կետի ազդեցություն թանկացումների վրա, ապա միայն էլեկտրաէներգիայի, այն էլ` 10 տոկոսով թանկացումը պետք է որ ավելի փոքր ազդեցություն ունենա` նախորդի հետ համեմատած: Բայց դա հուշում է միայն տրամաբանությունը, իսկ հայկական իրականության մեջ մեկ անգամ չէ, որ թանկացումները կամ գների տատանումները հենց անտրամաբանական դրսևորումներ են ստացել:

Ամեն դեպքում, այս պահին մի բան է շատ հստակ`օգոստոսի 1-ից հետո ազգաբնակչությունը գրպանն ու դրամապանակը պետք է ավելի լայն բացի և գոտին էլ ավելի ձգի:

Քաղաքացիական ինքնաթիռի խոցումն առի՞թ էր, թե՞ պատճառ. դեռևս դժվար է ասել

inqnatirՀուլիսի 17-ին Ուկրաինայում կործանվեց Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր` MH17 չվերթով թռչող «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը: 298 մարդ զոհվեց: Ինքնաթիռն ընկավ ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա` Ուկրաինայի տարածքում` Դոնեցկի մարզի Գրաբովո գյուղի մերձակայքում:

Այն հատվածում, որտեղ ընկել էր ինքնաթիռը, Ուկրաինայի իշխանությունները պայքարում են անջատողականների դեմ: Նախնական վարկածով` օդանավի վրա հրթիռ է արձակվել: Օդանավի ընկնելուց անմիջապես հետո կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրը շտապեց հայտարարել, որ ինքնաթիռը խփվել է մյուսի կողմից արձակված հրթիռով: Ու թեև դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով է արձակել այդ հրթիռը, կարծես բոլորը համակարծիք են, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով:

Դեպքից հետո Ուկրաինան սկսեց մեղադրել «ռուսամետ սեպարատիստներին», Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները` ուկրաինական բանակին, Ռուսաստանը` նույնպես ուկրաինական բանակին, բայց Արևմուտքի օժանդակությունը մատնանշելով, իսկ Արևմուտքը` Ռուսաստանին: Թե ով է մեղավոր և ով` անմեղ, այս պահին ուղղակի անհնար է հստակ ասել, բայց հարկ է նշել, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիաաղետից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները սրվում են ժամ առ ժամ:

Դեպքի հաջորդ օրը` հուլիս 18-ին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտտը հայտարարեց, որ Ռուսաստանը խստագույնս կպատժվի, եթե պարզվի, որ օդանավը կործանվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի անջատողականներին տրամադրված զենքով:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին CNN-ի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ունեցած տվյալներով` «Երկիր-օդ» հրթիռը, որով խփվել է «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը», Ուկրաինայի արևելքի անջատողականներին տրամադրել է Ռուսաստանը: ԱՄՆ-ն վստահ է, որ օդանավի կործանման տարածքում ուկրաինական իշխանությունները «Բուկ» զենիթային համակարգեր չունեին:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հուլիսի 20-ին հայտարարեց, որ Ուկրաինայի իշխանություններն արբանյակային լուսանկարներ ունեն, որոնք պատկերում են «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը» ոչնչացրած հրթիռի արձակման ճշգրիտ տեղը: Ուկրաինայի ղեկավարը զրույցում նորից մեղադրել է ռուս անջատողականներին` ասելով, որ նրանք խոչընդոտում են աղետի հանգամանքները պարզելու նպատակով ժամանած միջազգային փորձագետների աշխատանքը:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Բորոդայն էլ ասել է, որ իրենք հայտնաբերել են «Բոինգի» «սև արկղերը» և դրանք փոխադրել են Դոնեցկ: Արևմուտքի և Ուկրաինայի մեկնաբանների համոզմամբ` ռուս անջատողականներն ամեն կերպ փորձում են թաքցնել որևէ իր կամ սարքավորում, որը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա:

Ավիաաղետից հետո Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկեցին Ռուսաստանի նկատմամբ նոր` էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Եվրոպացիներից առավել անողոք է տրամադրված Մեծ Բրիտանիան: Այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը The Sunday Times-ում հրապարակեց հոդված, որում հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդ երկրի իշխանություններին պատասխանատվության կանչի այն դեպքում, եթե ապացուցվի, որ «Բոինգը» ռուս անջատողականներն են խփել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն էլ իր հերթին Daily Mail-ին ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի գործերին: «Եթե Ռուսաստանն է մեղավոր այդ աղետի համար, ապա մենք հստակ կհասկացնենք, որ պատերազմը հովանավորելու նման մեթոդներն անընդունելի են: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, ահաբեկչության հովանավորում է», – ասել էր Ֆելոնը:

Երկրորդ կողմի կարծիքը չեն էլ ուզում լսել, ուր մնաց` քննարկել

Մինչդեռ ինքնաթիռի խոցման ուրիշ վարկած է ներկայացնում Ռուսաստանը: ՌԴ բանակի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կորտոպոլովը ճեպազրույցի ընթացքում տարբեր գրաֆիկների ու թվային տվյալների միջոցով ապացուցել է, որ ողբերգությունից առաջ «Բոինգը» շեղվել է նախատեսված ուղուց, սակայն չի հասցրել կատարել վերադարձի մանևրն ու կործանվել է: Կորտոպոլովը նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը «Բոինգի» կործանման օրը Դոնեցկի շրջանում կենտրոնացրել էին 4 «Բուկ» տեսակի 4 հակահրթիռային կայան: Դրանից բացի, ռուսական ԳՇ-ն հայտնաբերել է նաև ուկրաինական զինուժի 2 ռադիոտեղորոշիչ կայան:

«Մալազիական «Բոինգի» թռիչքի պահին ռուսական տեղորոշիչ կայաններն արձանագրել են ուկրաինական օդուժի օբյեկտների` հավանաբար «ՍՈւ 25» կործանիչների օդ բարձրացում: «Բոինգի» և «ՍՈւ 25-ի» միջև տարածությունը եղել է 3-4 կմ: Իր տեխնիկական բնութագրի համաձայն` «ՍՈւ 25»-ը կարող է կարճ ժամանակում հասնել 10 հազար մետր բարձրության և իր զինանոցում ունի երկինք-երկինք տեսակի Ռ-60 հրթիռներ, որոնք կարող են թիրախին հարվածել մինչև 10 կմ հեռավորության վրա: Իսկ մինչև 5 կմ հեռավորության վրա թիրախը խոցելի է դառնում 100 տոկոսով»,- ասաց Անդրեյ Կորտոպոլովը:

Բայց այս տեսակետը ոչ միայն քննարկող չկա, այլև` լսող:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հորդորեց Ուկրաինայի ղեկավարությանն ու զինվորականներին ապահովել հետաքննության համար անհրաժեշտ պայմաններն ու որևէ կերպ չխոչընդոտել փորձագետների աշխատանքը: Նա կրկին հիշեցրել է, որ Մոսկվան քանիցս կողմերին կոչ է արել վայր դնել զենքն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Բայց այս ամենից հետո էլ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, Միացյալ Նահանգները սպառնում է միջազգային մեկուսացմամբ, Կրեմլն էլ ի պատասխան հայտարարում է մարտունակությունը բարձրացնելու մասին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 22-ին Վաշինգտոնում հայտարարեց, որ իրականում Ռուսաստանն ու ռուսների աջակցությունը վայելող անջատողականներն են խոչընդոտում անկախ հետաքննությունը: «Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի անջատողականների վրա, որևէ մեկը դա չի ժխտում, Ռուսաստանն է նրանց զինել, առաջ մղել ու վարժեցրել, անջատողականների առաջնորդները ՌԴ քաղաքացիներ են, այնպես որ Ռուսաստանը և նախագահ Պուտինն են, մասնավորապես, պատասխանատու, որպեսզի ստիպեն նրանց համագործակցել հետաքննության հետ: Դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել», – ասաց Օբաման:

«Եվրամիությունը պետք է անջատողականներին որպես ահաբեկիչ դիտարկի»,- հավելել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը` կոչ անելով գործընկերներին հստակ ուղերձ հղել Ռուսաստանի իշխանություններին: «Մեր համոզմամբ, ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով և, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններին տալ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Մեր անգործությամբ, մեր թույլ դիրքորոշմամբ, ոչ հստակ ուղերձով ու չհամակարգված քայլերով երբեմն հնարավորություն ենք տալիս, որ մյուսներն իրենց սկսածը շարունակեն», – ասել է Լինկևիչուսը:

Ինչևիցե, թե՛ Ուկրաինայի, թե՛ Դոնեցկի ղեկավարներն օրերս հայտարարեցին, որ օդանավի աղետի վայրից 40 կմ հեռավորությամբ դադարեցնում են մարտական գործողությունները` հետաքննությանը չխանգարելու համար: Իսկ արդեն հուլիսի 22-ին Դոնեցկի ապստամբները նախօրեին Դոնեցկ ժամանած Մալազիայի 12 պաշտոնական ներկայացուցիչ-փորձագետերին հանձնեցին խոցված «Բոինգ-777»-ի 2 «սև արկղերը»:
Vesti.ru-ի հաղորդմամբ` «սև արկղերը» չեն վնասվել և գտնվում են լավ վիճակում, ինչը հնարավորություն կտա միջազգային անկախ փորձագետներին արագ վերծանելու դրանք և լույս սփռելու «Բոինգի» հետ կապված միջադեպի վրա:
Արդեն հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է վերծանման ընդունել «Բոինգ 777»-ի սև արկղերը. դրա մասին իր թվիթերյան միկրոբլոգում համապատասխան գրառում կատարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Մենք ընդունել ենք Նիդեռլանդների խնդրանքը, որ Ֆարնբորոյի ավիամիջադեպերի հետաքննությամբ զբաղվող փորձագետները վերծանեն MH17-ի «սև արկղերը»` միջազգային վերլուծության համար»,- գրել էր Քեմերոնը:

Իսկ թե ինչով պետք է ավարտվի այդ «հետաքննությունը», արդեն գրեթե հասկանալի է, եթե հաշվի առնենք մինչ այժմ հնչած մեկնաբանություններն ու հայտարարությունները: Այնպես որ, մալազիական «Բոինգը» Ռուսաստանին ժանիքները ցույց տալու և սեփական հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության կողմը շրջելու իսկական առիթ էր Արևմուտքի համար:

Բայց մի հանգամանք էլ կա, որն, ի դեպ, առաջ են քաշում նաև Ռուսաստանի նախագահը և այլ ռուս պաշտոնյաներ: Նրանք չեն պնդում, որ ինքնաթիռը խոցվել է ուկրաինացիների կողմից, բայց միաբերան մեղադրում են ուկրաինական կողմին այն բանի համար, որ չի արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մարտական գործողությունների տարածքում: Այսինքն` եթե Ուկրաինան հիմնավորված է համարում, որ սեպարատիստները «Բուկ» համակարգեր ունեին, ապա պարտավոր էր արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրայով, որը, սակայն, չարվեց մինչ ավիաաղետը: Ուստի, եթե Ուկրաինան մեղք չունի «Բոինգի» խոցման մեջ, ապա գոնե մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռները վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար:

Մեկ այլ տարօրինակ հարց էլ դեռ բաց է մնում: Հուլիսի 22-ին համացանցում հայտնվեց մի հոլովակ, որն ամբողջացնում էր մալազիական «Բոինգի» կործանման վայրի` արբանյակից արված լուսանկարները: Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ արբանյակային տվյալներ կան, ու հստակ պարզ է, թե որտեղից է արձակվել ինքնաթիռը խոցած հրթիռը: Ուրեմն առնվազն տարօրինակ է` ինչու մինչ օրս չեն հրապարակվում արբանյակների տվյալները…

 

 

ՕԵԿ-ը կրկին սկսեց ընդդիմադիր բարբառել

IMG_0660Հուլիսի 9-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ժողովրդից ներողություն խնդրեց իրենց սխալների համար: Նա հույս հայտնեց, որ ժողովուրդը կհավատա իր անկեղծությանը. «Ես այն մարդկանցից եմ, որոնց ճիշտ չեն հասկացել: Ճշմարիտ է այն մարդը, որը բարձրաձայնում է իր սխալները»: Բաղդասարյանը նշեց, որ արդեն երեք ամիս է` ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից, և այդ ընթացքում կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, լսել քաղաքացիների դիրքորոշումները, հանգել մի քանի եզրակացությունների: Դրանք ներկայացնելով` Արթուր Բաղդասարյանը նշեց. 1. Հայաստանում ձևավորվել է միահեծան, միակուսակցական իշխանական համակարգ, 2. տնտեսական ոլորտում խորանում է մենաշնորհային տնտեսությունը, վարչական ճնշում է գործադրվում գործարարների նկատմամբ, ինչն առաջացնում է տնտեսության մեջ անորոշություն, 3. ՀՀ-ում շարունակվում է արտագաղթը, 4. Հայաստանում ավանդույթ է դառնում անօրինականությունների իրականացումը օրենքի անվան տակ, 5. արտաքին քաղաքական ճակատում կան մտահոգիչ զարգացումներ:
ՕԵԿ-ն առաջարկում է արդիականացնել ՀՀ քաղաքական համակարգը, անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ընտրությունները դարձնել բաց ու թափանցիկ: ՕԵԿ-ը համարում է նաև, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, պետք է նվազեցնել հարկերը, շրջանառվող հարկը փոքր ձեռնարկությունների համար պետք է սահմանել մեկ տոկոս և այլն:

Հետաքրքիր է` իսկ եթե այդ խնդիրները տեսանելի էին ՕԵԿ-ի համար, ինչո՞ւ մինչ կոալիցիայից դուրս գալը, գոնե կառավարությունում ու ԱԺ-ում ՕԵԿ և ոչ մի ներկայացուցիչ երբևիցե չխոսեց այդ խնդիրների մասին: Հակառակը` ՕԵԿ-ն ավելի ջերմեռանդորեն էր պաշտպանում այս խնդիրների իշխանական տեսակետները, քան ՀՀԿ-ն: Ասուլիսի ժամանակ Արթուր Բաղդասարյանը նաև չբացառեց իր մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին: Տեղին են ասում` փորացավդ ասա:

Մի խոսքով` արդեն հուլիսի 18-ին` հանրահավաքի ժամանակ, ՕԵԿ-ը, ի դեմս Արթուր Բաղդասարյանի ու մյուս երևելի օեկականների, սկսեց ընդդիմադիր բարբառել: Արթուր Բաղդասարյանն ակնարկեց, որ ՕԵԿ-ը գնում է` լրացնելու ընդդիմադիր դաշտը: Եվ նրան լսող անտեղյակ մեկը կմտածեր, թե ՕԵԿ-ը վերջին 10 տարիներին արմատական ընդդիմություն է եղել: Իր ելույթը, որի միայն մի փոքրիկ մասն էր ուղղված օրվա խորհրդին` էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, Արթուր Բաղդասարյանը զարմանալիորեն սկսեց իշխանություններին քննադատելով. թանկացումներ, սոցիալական վիճակ, տնտեսական վիճակ:
ՕԵԿ նախագահն իր քննադատությամբ նույնիսկ հասավ այնտեղ, որ արտագաղթի թեման շոշափելիս հայտարարեց, թե արդեն պետության ապագան է վտանգված: Ու այս ամենն ասում էր մի մարդ, որն ընդամենը մի տարի առաջ, պատասխանելով լրագրողի հարցին` իսկ արտագաղթը ազգային անվտանգության խնդիր չի՞ առաջացնում, խրոխտ հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ պետք է կապվի ազգային անվտանգության հետ:
«Ես ասել եմ մի քանի անգամ` ՕԵԿ-ը կա՛մ գործուղվել է ընդդիմություն, կա՛մ նրան գործուղել են. երկուսն էլ մեզ համար նույնն է: ՕԵԿ-ն ինչպե՞ս կարող է ընդդիմություն լինել: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` հիմա էլ խորհրդի անդամը, ընդդիմությո~ւն է… Պարզ չէ՞, որ պետք է խաղա, սցենարի մեջ է, որ ընտրությունները խեղաթյուրեն: Դուք հիշում եք Հայաստանի նախագահական բոլոր ընտրությունները, այնտեղ մի մաթեմատիկոս կա, 0 տոկոս ձայն է վերցնում, բայց այդ մարդն անընդհատ ընտրությունների է մասնակցում. Այդպիսի մի բան էլ անելու է ՕԵԿ-ը, ինձ թվում է: Հավատո՞ւմ եք ուրիշ բանի: Ընդդիմություն լիներ` գործարանը ձեռքից կառնեին, ասում են չէ՞, որ Արթուր Բաղդասարյանը գործարան ունի»,- ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքի առնչությամբ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Մեղադրում էին, հիմա էլ են մեղադրում, ու դեռ շարունակելու են մեղադրել` արդարացիորեն

Արթուր Բաղդասարյանը, հանրահավաքի ժամանակ փորձում էր բացատրել, թե ինչու 2003 թվականին ինքը «լքեց» ընդդիմադիր դաշտն ու իշխանական կոալիցիա կազմեց: Դրա պատճառը, ըստ Բաղդասարյանի, այն էր, որ այդ ընտրություններում երեք հիմնական թեկնածուներ կար` ինքը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ինքը հանդիպել է առաջին նախագահի հետ, որը, իբր, Բաղդասարյանին ասել է, որ նա կա՛մ կմիանա իրեն, կա՛մ ինքը քաղաքականապես կոչնչացնի Բաղդասարյանին: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինքն այդ ընտրություններում հավաքեց Լևոն Տեր-Պետրոսյանից փոքր-ինչ պակաս ձայներ` մոտ 300 հազար, այսինքն` առաջին նախագահն իր հետ նման կերպ խոսելու իրավունք չուներ: Երկրորդ` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այդ ժամանակ հրապարակավ առաջին նախագահի ճամբարը սկսել էր ցեխ շպրտել իր վրա: Եվ այդ պայմաններում, ըստ նրա, ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին մնում էր 3 ճանապարհ` միանալ իրենց հետ վերջնագրի ու քննադատությունների լեզվով խոսող ընդդիմության լիդերին, իսկ նախ` այդպիսի հրավեր իրենք չէին ստացել, նաև վիրավորված էին այդ վերաբերմունքից, երկրորդ ճանապարհը` արձագանքել Սերժ Սարգսյանի` իշխանական կոալիցիա ձևավորելու առաջարկին ու այդ ձևով փորձել իրենց ծրագրերը կյանքի կոչել, և երրորդ` շարունակել երկուսից էլ առանձին, իսկ այդ դեպքում` հարվածներ ստանալ երկու կողմից էլ: «Եվ դուք գիտեք, թե մենք որ ճանապարհն ընտրեցինք»,- նշեց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, թե դրանից հետո, սակայն, իրենք չեն կարողացել իշխանական կոալիցիայում էական դեր ունենալ:

Իր ընդդիմադիրությամբ պակաս բոցաշունչ չէր նաև վերջին մի քանի տարիներին իր իշխանամետությամբ բազմիցս աչքի ընկած ՕԵԿ փոխնախագահ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը: «Սակագների բարձրացումը նման է գրպանահատ ժուլիկի արարքի, որ օրը ցերեկով, ցանկացած պահի կարող է մտնել մեր` առանց այն էլ աղքատիկ գրպանը և տանել այնտեղից որքան ուզում է»,- հայտարարեց նա` հավելելով, որ եթե բոլորս այս անգամ մեր գրպանը չփակենք այդ ժուլիկի առջև ու նրան ցույց չտանք իր իրական տեղը, ապա մեր ամբողջ կյանքում անիմաստ կբողոքենք ու արդյունքի չենք հասնի: Բիշարյանը նշեց նաև, որ ՕԵԿ-ի պայքարի ակունքները բխում են հասարակության սոցիալական խնդիրներից, և կուսակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը:

«Այս տարիների ընթացքում մենք պայքարել ենք հանուն գրագիտության և ոչ թե խավարամտության, հանուն տնտեսական ազատության, ոչ թե օլիգարխիկ տնտեսության, հանուն մարդու իրավունքի, այլ ոչ շղթայված ազատության, հանուն սոցիալական արդարության, ոչ թե ծայրահեղ բևեռացման թե՛ իշխանության մեջ և թե՛ ընդդիմադիր դաշտում: ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել և չի հեռացել իր առաքելությունից: Մեր տեսակը պայքարող, մաքառող, կռիվ տվող տեսակ է, մենք ասում ենք այն, ինչ հետագայում դառնում է սկզբունք, վարքագիծ և արդյունք, որքան էլ շատերը չկամությունից գիշեր ու ցերեկ լծված են ՕԵԿ-ի ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ սև փիառ անելուն»,- հենց այսպես` իսկական արմատական ընդդիմության ներկայացուցչի պես էլ հայտարարեց «պայքարող տեսակի» տիկինը:

Այսպիսով ՕԵԿ-ը փորձում է ինքն իրեն դիրքավորել ընդդիմադիր դաշտում: Նույնսկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց շատ են քննադատել, թե ՕԵԿ-ը կեղծ ընդդիմություն է, հիմա էլ են հայտարարում, նշում են, թե ՕԵԿ-ը գործուղվել է կոալիցիա` ընտրությունների նախաշեմին ընդդիմությունը փոշիացնելու: Փոխանակ ուրախ լինեն, որ ՕԵԿ-ը ևս դառնում է ընդդիմություն:

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով` ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից և փորձը տեղավորվելու ընդդիմադիր դաշտում կախված էր վարչապետի անձի և նրա սկսած գործընթացի հետ, որովհետև հասկանալի էր, որ ՕԵԿ-ը որևէ դեր չպիտի խաղա, զգաց, որ պարզապես ավելորդ է այս գործընթացում, ու որոշեց, որ լինելով ընդդիմության շարքերում` միգուցե քաղաքականության առումով ավելի շատ ակնկալիքներ կարող է ունենալ:
«Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո հասկանալի էր, որ ՕԵԿ-ը դարձավ այսպես կոչված` «5-րդ անիվ»: Այստեղ, իհարկե, արհեստականություն կա. 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն միանձնյա դարձավ իշխող կուսակցություն, հասկանալի էր, որ ՕԵԿ-ն ինչ-որ ֆորմալ դեր է խաղում և ո՛չ խորհրդարանում ու ո՛չ էլ կառավարությունում իրականում դերակատարում չուներ»,- նշեց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ ապագա ընտրություններում ունենալիք դերակատարության առումով էլ, իհարկե, ՕԵԿ-ը պետք է աշխատի. նրա վիճակը, չի կարելի ասել, թե չափազանց փայլուն է:

Իսկ այն իրողությունը, որ մի անգամ արդեն ՕԵԿ-ին հաջողվել է «գործուղվել» ընդդիմություն ու այդ դաշտում որոշակի դերակատարություն ու հաջողություններ ունենալ, քաղաքագետի կարծիքով, ներկայումս չի կրկնվում, նա գործուղման տարբերակը քիչ հավանական է համարում, քանի որ այն ժամանակ այլ քաղաքական իրավիճակ էր, այս պահին մի քիչ ավելի տարբեր իրավիճակ է, և մեկնարկային պայմաններն այս պահին ՕԵԿ-ի համար ավելի անբարենպաստ են:

 

Հայաստանից ավելի շատ մեկնում են արտերկիր, քան երկրի ներսում են տուրիզմով զբաղվում

iStock_000002738246SmallՆորից ամառ է` մասամբ հանգստի ու արձակուրդների սեզոն, ու դարձյալ արդիական է դառնում այն հարցը, թե ուր գնալ հանգստանալու: Հայաստանում, ինչպես բազմիցս նշել է տուրօպերատորների միության նախկին նախագահ, տուրիզմի ոլորտի մասնագետ Ռոբերտ Մինասյանը, հիանալի նախադրյալներ կան տուրիզմի զարգացման համար: Շնորհիվ մեր երկրի բարդ ու բազմազան ռելիեֆի, մեզ մոտ հանդիպում են կլիմայական մի շարք շերտեր` բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ: Բացի այդ, տուրիզմի զարգացման համար կարևոր նախապայմաններից մեկը` Հայաստանի պատմա-մշակութային ժառանգությունը, կարող է լրացուցիչ խթան լինել ոլորտի զարգացման համար:

Նայենք պաշտոնական վիճակագրությանը: Ըստ ԱՎԾ տվյալների` 2014 թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ կամ 2013 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ կամ 2013 թ. հունվար-մարտի համեմատ` ցուցանիշն աճել է 18.2%-ով:

Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ակնհայտ է` հանգստանալու նպատակով Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել արտերկիր, քան այլ երկրներից եկել են Հայաստան: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի ևս. Հայաստան ժամանած 154 հազար 471 զբոսաշրջիկներից միայն 23 հազար 763 են տեղավորվել հյուրանոցներում, մնացած 130 հազար 708-ը տեղավորվել են հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Հայաստանից մեկնող վերոհիշյալ 162 հազար 73 զբոսաշրջիկներից ընդամենը 1239 հոգին են մեկնել զբոսաշրջային գործակալությունների միջոցով, մնացած 160 հազար 834-ն ինքնուրույն են մեկնել:
Ինչ վերաբերում է ներքին տուրիզմի ցուցանիշներին, ապա նշենք, որ նույն ԶՀԿ մեթոդաբանության համաձայն` ներքին զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն` որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարվում է այցելած վայրում: ԱՎԾ տվյալների համաձայն, 2014 թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 61 հազար 595 զբոսաշրջիկ, ինչը 2013 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7%-ով: Ընդ որում, գործնական նպատակներով մեկնել է 15 հազար 72 հոգի, հանգստի և ժամանցի` 36 հազար 690, բուժմնան` 3 հազար 478 հոգի և այլ նպատակներով` 6 հազար 356 հոգի: Եթե սա էլ դնենք մի կողմ, ապա նույն ԱՎԾ ցուցանիշների համադրություից ստացվում է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով` զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 2.5 անգամ ավելի շատ մարդ, քան շրջագայել է երկրի ներսում:

Սրա հիմնական պատճառը թերևս գների հետ է կապված: Երևանյան հյուրանոցներում, օրինակ, ըստ «Հյուր սերվիսի» կայքում տեղադրված գների, մեկտեղանոց համարների մեկ օրվա վարձը մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանում հիմնականում մարդիկ արձակուրդի են գնում, տարբեր հյուրանոցներում կազմում է 60-270 ԱՄն դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 85-270 ԱՄՆ դոլար: Նույն սեզոնին մարզերում հյուրանոցային սենյակների գները կազմում են 23-150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 45-161 դոլարին համարժեք դրամ: Իհարկե, առավել բարձր գները գործում են հիմնական տուրիստական կենտրոններ համարվող տարածքներում: Սա այն դեպքում, երբ այս սեզոնին կարելի է «վառվող ուղեգրերով»` հատուկ առաջարկներով, օրինակ Իսպանիա` Բարսելոնա մեկնել 7 օրվա համար ընդամենը 600 Եվրո վճարելով կամ Իտալիա` Հռոմ, 8 օրվա համար ընդամենը 490 ԱՄն դոլար վճարելով (իհարկե, առանց ճանապարհածախսի): Այսինքն` արտերկրում, օրինակ` Հռոմում 8 օր հանգստանալը կարող է նույն գումարը, երբեմն էլ ավելի էժան նստել հայ զբոսաշրջիկի վրա, քան Հայաստանում: Դեռ չհաշված, որ ամռան ամիսներին շատերը գերադասում են մեկնել ծով` հարևան Վրաստանի լողափեր, որն էլ ավելի մատչելի է, քան Հայաստանում զբաղվել ներքին տուրիզմով: Սրա համար, չնայած, որոշակի վերապահումներ կան. օրինակ` չի կարելի համեմատել ծովափնյա հանգիստը, որը Հայաստանում չկա, լեռնային կամ առողջարանային հանգստի հետ…
Շատ մասնագետներ են բազմիցս նշել ու դեռ կնշեն, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը մատուցվող ծառայությունների որակի ու առաջարկվող գների անհամապատասխանությունն է: Եթե համադրենք զուտ պաշտոնական վիճակագրական տվյալները, Հայաստանում, որտեղ բնակչության մոտ 1/3-ը համարվում է աղքատ, միջին ամսական աշխատավարձը կազմում է 155 հազար 940 դրամ (այս թվի վերաբերյալ, չնայած, վերապահումներ կան), ապա մեկ օրվա համար 50 կամ 100 դոլար միայն հյուրանոցի համար վճարելը, ինչ խոսք, բավականին թանկ հաճույք է ստացվում: Սա նշանակում է, որ ներքին տուրիզմը զարգացման մեծ հավակնություններ ունենալ չի կարող: Իսկ Ռոբերտ Մինասյանը բազմիցս շեշտել է` զարգացած ներքին տուրիզմ չունեցող երկրում տուրիզմը չի կարող զարգացած լինել:

Հավելենք, որ տուրիզմը շատ կարևոր ոլորտ է տնտեսության համար: Այն օգնում է զարգացնելու երկրի ենթակառուցվածքները, օգնում է երկրի ներսում դրամի ավելի արագ շրջանառության ծավալների մեծացմանը, եկամուտներն ավելի համաչափ են բաշխվում տարբեր մարզերի ու մայրաքաղաքի միջև, և բացի բուն տուրիզմի ոլորտին վերաբերող ապրանք-ծառայություններից, ներքին տուրիզմն էապես օժանդակում է հարակից այլ ոլորտների զարգացմանը, օրինակ` հուշանվերների արտադրությանը, սննդի ոլորտին, սպասարկման ոլորտին մատակարարող այլ ոլորտներին և այսպես շարունակ:

Այնպես չէ, որ պատկան մարմիններն այս ամենը չեն տեսնում, չեն գիտակցում, չեն հասկանում ու չեն փորձում ինչ-ինչ լուծումներ գտնել: Բայց փաստը մնում է փաստ` տուրիզմի ոլորտը, որի զարգացման համար Հայաստանում լուրջ նախադրյալներ կան, դեռ զարգացած չէ:

Առանց այն էլ թեժ Մերձավոր Արևելքում ևս մի քնած հրաբուխ է արթնանում

2(955)Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, այնուհետև ռազմական գործողությունների պատրաստվելու հրաման արձակել: Հուլիսի 8-ի գիշերվանից Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Պաղեստինում ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, սկզբում` օդային հարվածներով:

Իսրայելական աղբյուրների պնդմամբ` Պաղեստինի տարածքից Իսրայելի ուղղությամբ մեկ ամսվա ընթացքում արձակված հրթիռների թիվը գերազանցել է 250-ը:

Իսրայելական իշխանությունները ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռակոծությունները չդադարեցնելու պարագայում սպառնում էին ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում` նախապես զրահատեխնիկա տեղակայելով Գազայի հետ սահմանին և, միջազգային լրատվամիջոցների հավաստմամբ, 40.000 պահեստազորայինների հավաք կազմակերպելով:

Այս ամենից հետո, France Presse լրատվական գործակալության հաղորդմամբ, Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները հուլիսի 13-ին ցամաքային առաջին գործողությունն են անցկացրել Գազայի հատվածում, ինչի մասին հայտնել է իսրայելական ռադիոն: Իսրայելցի զինծառայողները փոխհրաձգության մեջ են մտել ՀԱՄԱՍ-ի զինյալների խմբի հետ: Բախման հետևանքով վիրավորվել է իսրայելցի 4 զինծառայող: Նշվում է սպանված պաղեստինցիների 156 թիվը, իսկ վիրավորներինը` 1.2 հազար:

Ամերիկյան The New York Post պարբերականի հաղորդմամբ` իսրայելցիների հիմնական թիրախը պաղեստինցիներին պատկանող արձակման կայանն էր, որից էլ ենթադրաբար, հրթիռներ էին արձակվում Իսրայելի ուղղությամբ: Բացի այդ, իսրայելական բանակը հայտարարել է, որ մեկ շաբաթ տևած գործողության ընթացքում իրենց հաջողվել է խոցել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան 1160 օբյեկտ, որոնք, ըստ իսրայելական կողմի հավաստիացումների, պատկանում էին ՀԱՄԱՍ-ին: Նույն ժամանակահատվածում Իսրայելը Գազայի ուղղությամբ արձակել է 690 հրթիռ:

Սա, ինչ խոսք, արդեն իսկ մեծածավալ ռազմական գործողություն է, որն ամեն ինչով պատերազմ է հիշեցնում: Առավել ևս, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուն հայտարարել է, որ հավանական է` Գազայի հատվածում իսրայելցիների գործողությունը երկար տևի: Եվրոպական Միջերկրածովյան իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` իրականում հուլիսի 7-13-ը Իսրայելը Գազայի ուղղությամբ արձակել է 2061 հրթիռ, դրանցից 402-ը` օդից, 330-ը` ցամաքից, 329-ը` ծովից: Պաղեստինի առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Իսրայելի հրթիռակոծումների հետևանքով սպանվածների ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում` 14 կին, 28 երեխա: Ընդ որում, համաձայն նույն աղբյուրի, սպանվածներից միայն 7-ն են Գազայի հատվածում գործող զինված խմբավորումների անդամ:

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկություններով` Գազայի հատվածի հյուսիսի պաղեստինցի բնակիչները սկսել են լքել իրենց բնակավայրերը: Հուլիսի 14-ի դրությամբ, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ինչպես հայտնում էր INTERFAX.RU-ն` BBC-ին հղումով, ապաստան է գտել ավելի քան 4000 մարդ:

Իսրայելի այս գործողության առնչությամբ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դիմել է ՄԱԿ-ին` Պաղեստինի տարածքում «միջազգային պաշտպանություն հաստատելու» հայցով: Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկրորդ դեմք Մուսա Աբու Մարզուկն առաջին անգամ հրապարակավ խոսել է Իսրայելի հետ հրադադար կնքելու մասին, որը կնպաստեր տարածաշրջանի ռմբակոծության և իսրայելական քաղաքների հրթիռակոծման դադարեցմանը: Այս առումով ուշագրավ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կոչը` ուղղված պաղեստինցիներին և Իսրայելին. Գազայի հատվածում դադարեցնել բռնությունը խուսափելու համար նոր զոհերից: Ինչպես կարծում է Պան Գի Մունը, «իսրայելական քաղաքացիական թիրախների անկանոն հրթիռակոծումը միջազգային իրավունքի խախտում է»:

Հին հաշիվները չփակված` նոր հաշիվներ են առաջանում

27.06.48Այս բոլոր զարգացումներն առավել ուշագրավ ու հատկանշական են դառնում հատկապես տարածաշրջանային ընդհանուր զարգացումների խորապատկերում: Մի կողմից` Մերձավոր Արևելքում` Իրաքի հյուսիսում, նոր պետություն է ձևավորվում` Քրդստանը: Մյուս կողմից` օրեցօր թափ է հավաքում «Իսլամական պետություն» կազմակերպությունը, որը, ինչպես գիտենք, ծայրահեղական, սունի մուսուլմանների կազմակերպություն է և սկզբում վայելում էր ԱՄՆ-ի, ներկայումս էլ տարածաշրջանային խաղացողի` Սաուդյան Արաբիայի ակնբախ աջակցությունը: Այս կազմակերպությունն իր «առաջին քայլերը» սկսել է հենց շիա մուսուլմանների դեմ պայքարով, իսկ ՀԱՄԱՍ-ը, ինչպես գիտենք, ամենասերտ առնչություններ ունի տարածաշրջանի շիամուսուլմանական կենտրոնների և ուժերի հետ: Ուստի, երբ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսլայելը ռազմական գործողություններ է սկսում ԱՄՆ-ի տարածաշրջանային մեկ այլ դաշնակցի` Սաուդյան Արաբիայի հովանավորյալ խմբավորման հակառակորդների հետ, սա չի կարող ընդհանուր տարածաշրջանի վրա ազդեցություն չունենալ: Որովհետև տարածաշրջանում Արևմուտքի դերն ու ազդեցությունն անժխտելի է, իսկ շահերն ու նախապատվությունները` բազմիցս արտահայտված: Այդ շահերի իրացմանն ուղղված գործողությունների հարցում, սակայն, Արևմուտքն իր գոնե նախնական նպատակներին չի հասել. Սիրիայում կառավարական զորքերը դեռ կռվում են գրոհայինների դեմ, ընդ որում` բավականին հաջող, Իրանն այնքան էլ չի թուլացել, ինչպես կցանկանային, և Իրանի հետ «5+1» երկրների բանակցություններում կարծես դեռ համաձայնության եզրեր չեն գտնվում: Արևմուտքի հովանավորյալ կազմակերպություններն էլ կամաց-կամաց դառնում են անվերահսկելի: Եվ հարց է առաջանում` արդյոք Արևմուտքը պատրա՞ստ է, իր նախապես պլանավորած գործերը չավարտած, Մերձավոր Արևելքում հակամարտության նոր թեժ օջախ ակտիվացնել:

Այս առումով նշենք, որ կործանումների մասշտաբների և զոհերի թվի աճին զուգահեռ` միջազգային հանրությունը ավելի ու ավելի շատ է կոչ անում Իսրայելին ու Պաղեստինին դադարեցնել զինված հակամարտությունը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, օրինակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցում կիրակի հաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Գազայի հատվածում հրադադարի ձեռքբերման հարցում, այն դեպքում, երբ բուն Իսրայելը խոստանում է ուժեղացնել իր գործողությունը:

Ֆրանսիան իր հերթին էր հուլիսի 13-ին պնդում, որ Գազայի հատվածում զինադադար հայտարարվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ է հայտարարել, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները, և նրան չպետք է թույլ տալ իրականացնել ցամաքային գործողություն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Գյուլը նշել է, որ կողմերը պետք է վերադառնան 2012 թ. հրադադարին և բանակցություններ վարելու կամք ցուցաբերեն, ինչը հնարավորություն կտա վերականգնելու պաղեստինցիների օրինական իրավունքները:

Իսկ ընդհանուր առմամբ, բոլորը կարծես մտահոգված են: Մերձավոր Արևելքում, արդեն իսկ գոյություն ունեցող թեժ կետերի ապարագայում, ևս մի կետի թեժացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Գ. Ա.

Արտագաղթի լավ պայմաններ հանուն արտագաղթի

Գևորգ Ավչյան«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Գոնե կիմանամ, որ ինձ չի հարգում օտարը, ոչ թե սեփական պետությունս

Օրերս հերթական մտերիմս լքեց Հայաստանը` 29-ամյա գործունյա, աշխույժ ու կյանքով լեցուն Արմանը: Նա բարձրագույն կրթություն ունի` բնակավայրերի կանաչապատման ու անտառատնկման մասնագիտացմամբ, շատ էր սիրում իր մասնագիտությունն ու հպարտանում դրանով, թեպետ երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել ու չէր զբաղվել: Ու չնայած իր բարձրագույն կրթության դիպլոմում նշված մասնագիտությանը, Արմանը վերջին 3-4 տարիներին ձեռներեցությամբ էր զբաղվում, բավականին հաջող: Իսկ իր գործը սկսել էր պաղպաղակ պատրաստող փոքրիկ սարք վարձակալելով ու իրենց բակում պաղպաղակ վաճառելով, այնուհետև պաղպաղակի տաղավարի կողքին ավելացրել էր դարակաշար ու նաև միրգ-բանջարեղեն էր վաճառում: Մի քանի ամիս հետո արդեն խանութ վարձեց, որտեղ վաճառում էր ոչ միայն պաղպաղակ, միրգ ու բանջարեղեն, նաև ձուկ, գինի, գարեջուր, խեցգետին: Աշխատանքից ու եկամտից էլ գոհ էր, արդեն փոքրիկ բիզնեսն ընդլայնելու ծրագրեր էր մտմտում: Մեկ էլ անցյալ տարի մի օր լսեցի, որ Արմանն իր խանութը փակում է: Հարցրի պատճառը, պատասխանեց կարճ ու տրամաբանական. դրանից մեկ տարի առաջ իր խանութում հաճախորդի պակաս չէր զգացվում, հաճախորդներն էլ ավելի շատ գնումներ էին կատարում, իսկ այդ տարի «բակի ժողովրդի մեծ մասն արտագաղթեց, հիմա հաճախորդ չկա, խանութ մտնողներն էլ խնայելով են գնումներ անում, մարդիկ փող չունեն: «Անցյալ տարվա համեմատ էս տարի օրական 3-4 անգամ քիչ առևտուր եմ անում, արդեն ձեռքի փող էլ չեմ կարողանում աշխատել»:
Խանութը փակելուց հետո Արմանը վերջին մեկ տարում մի քանի մանր-մունր գործեր էլ արեց ձեռքի հետ: Շատ փոքր քանակով` մեկ ուղևորի ուղեբեռի չափով, ավտոմեքենայի քսայուղ էր բերում հարևան Վրաստանից ու հարմար գներով վաճառելով` գլուխը պահում, բայց մի օր, չնայած սահմանին բոլոր հարկերն ու տուրքերը մուծում էր, պարզվեց, որ ինչ-որ մեկը խոշոր քանակներով ներկրում է այդ քսայուղերը, ու Արմանի պես «մանր-մունր» ներկրողներին արդեն չեն թույլատրում նման ապրանք բերել երկիր: Հետո էլի ինչ-որ բաներ մտմտաց, ու մի էլ օրերս հանկարծակի զանգեց` «Գնում եմ, աղբե՛ր, երևի էլ չեմ էլ գա»:

Եվ Արմանը գնաց Ռուսաստան` Մոսկվա` իր չսիրած ու երբևէ չարած գործով զբաղվելու` կահույքի արտադրամասում աշխատելու: Մեկնելու օրը, սակայն, ինքնաթիռի թռիչքից մի քանի ժամ առաջ սիրտը մի լավ բացեց:
«Տեսնում եմ, որ ով գնում ա ու դրսում սկսում անել էն, ինչ որ Հայաստանում էր անում, հաջողության ա հասնում, աղբեր, գիտես` երբեք չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին, բայց դե ինչ անեմ: Հիմա հնարավորություն ա բացվել, կանչում են, հարազատ մարդ ա, հազար անգամ կանչել ա, չեմ գնացել. էս անգամ որոշեցի` գնամ: Գիտեմ, որ էնտեղ ինձ չեն հարգելու, վերաբերվելու են որպես գաստարաբայտերի, բայց էդ ոչինչ: Համ էլ ի՞նչ տարբերություն, մեկ ա, էստեղ էլ իմ պետությունն ինձ չի հարգում: Ավելի լավ ա գնամ ու հոգուս մխիթարանք լինի, որ օտարի պետությունը ինձ որպես օտարի չի հարգում, ու հենց տենց էլ պիտի լիներ, քան գիտակցեմ, որ սեփական պետությունը, չինովնիկները ինձ չեն հարգում: Ստեղ չեմ մնում, Հայաստանը թող ձեզ մնա, ավելի ճիշտ` մեր չինովնիկներին, թող մենակ իրանք մնան էս երկրում»,- արագ-արագ վրա էր բերում Արմանը, բայց երկու տարեկանից նրան ճանաչելով` աչքերի մեջ տեսնում էի, որ ոչ թե ինձ է փորձում համոզել, այլ իրեն…

Սուս, պետությունը մտածում է «միգրանտների» մասին

Հրանուշ Խառատյանը նշում է նաև, որ ո՛չ հասարակության և ո՛չ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Մի՞թե, կարծես թե լավ էլ ընկալել է, նույնիսկ որոշ քայլեր էլ է ձեռնարկել գիտաժողովներից, ձևական ուսումնասիրություններից, հայտարարություններից բացի: Բայց, իհարկե, հակառակ մտայնությամբ` արտագաղթը խթանելու: Հակառակ դեպքում կառավարությունը հուլիսի 3-ին չէր հաստատի ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր:

Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Մինչ այս համաձայնագիրը գործող կանոնների համաձայն` ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադիր 7 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգներ, ու եթե այդ ժամկետը խախտվում էր, առաջանում էին անցանկալի հետևանքներ, ընդհուպ մինչև մուտքի արգելք 3 տարի ժամկետով:

Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարևոր հարցեր է լուծում: Կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ աշխատանքային գործունեության թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, և արդյունքում որոշում է կայացվում կա՛մ դրական, կա՛մ բացասական` թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն` աշխատաշուկան դառնում է միասնական. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը լրագրողներին բացատրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձն օրինական է գտնվում ՌԴ տարածքում, և ոչ միայն անձը, այլև նրա ընտանիքի անդամները: Այս առումով էլ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետն ընդգծում է. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»:

Այսինքն` դյուրություն կբերի ոչ միայն ՀՀ քաղաքացու` արտագնա աշխատանքի մեկնելու, այլև ընտանիքը հետը տանելու` արտագաղթելու հարցում:
Հայաստանից հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, որոնց ընտանիքը մնում է այստեղ, տարեկան գոնե մեկ անգամ գալիս է Հայաստան` հարազատներին տեսակցելու: Վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ կամաց-կամաց փորձում են, թեկուզ դժվարությամբ, իրենց ընտանիքներն էլ տանել, այդպիսով թե՛ տարեկան մեկ անգամ Հայաստան գալու հետ կապված դժվարություններն ու ծախսերը քչացնելու, թե՛ աշխատած գումարը երկու տեղ` իրենց ու ընտանիքի վրա առանձին-առանձին չծախսելու նկատառումներից ելնելով: Ու եթե աշխատանքային միգրանտի համար ընտանիքը հայրենիքի հետ ամենաուժեղ կապն է, ապա այժմ այս համաձայնագրերով այդ աշխատողը հնարավորություն կստանա իր ընտանիքը նույնպես օրինական հիմունքներով Ռուսաստան տեղափոխելու, ինչն էականորեն կազդի արտագաղթի ծավալների վրա:

 

Նոր խալիֆաթի սպասելիս կամ Մերձավոր Արևելքում «կենացները քաղցրանում են»

ահաբեկիչներՄերձավորարևելյան նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես քաոսային. նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով ուրվագծվում է

մերձավորարևելյան աշխարհաքաղաքական նոր պատկեր:
Իրավիճակը, հատկապես Իրաքում, կտրուկ սրվեց հունիսի սկզբին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ծայրահեղական խմբավորման զինյալները վերահսկողություն հաստատեցին Իրաքի հյուսիսային մի շարք բնակավայրերի վրա: ԻԼԻՊ խմբավորումը, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն, ակտիվ գրոհներ է սկսել այս տարվա հունիսին:

Այնուամենայնիվ` ծայրահեղականները խալիֆաթ հռչակեցին

Արդեն հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հայտարարություն տարածեց Սիրիայի և Իրաքի` իրենց կողմից գրավված տարածքներում իսլամական խալիֆաթ կամ իսլամական պետություն ստեղծելու մասին: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին Ռամադանի օրը նշեց, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել Իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ալ Բաղդադիի խալիֆաթի ղեկավար դառնալու մասին:

Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ԻԼԻՊ-ը բավականին հզոր է և ի վիճակի է թելադրելու խաղի նոր կանոններ: Նրա կարծիքով` այս նոր կառույցը բավական ներուժ ունի մարտահրավեր նետելու գոյություն ունեցող կարգերին:

Խմբավորումը նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որտեղ ներկայացված են իսլամիստների նկրտումները. վերականգնել երբեմնի Արաբական խալիֆաթն իր սահմաններով: Իսլամական խալիֆաթն իր այսօրվա սահմաններով հյուսիսից սահմանակից է Թուրքիային, Իրաքյան Քրդստանին, Սիրիայի հյուսիսային շրջաններին: Բավական հսկա տարածքներ արդեն իսկ խմբավորման իշխանության տակ են, ու կարծես ոչինչ չի խանգարում, որ նրանց հռչակած խալիֆայությունը իրականություն դառնա: Առավել ևս, որ Սիրիայի ու Իրաքի տարածքներում նավթով հարուստ շրջաններում նավթի արդյունահանումն ու վաճառքն իրականացնում է հենց ԻԼԻՊ-ը, ու ըստ մամուլի հրապարակումների` կազմակերպությունն արդեն իսկ իր հաշիվներում մոտ 2.5 մլրդ դոլար միջոցներ է կուտակել:

Հուլիսի 2-ին ԻԼԻՊ խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ արեց մուսուլմաններին գալ և բնակություն հաստատել Իսլամական խալիֆաթում` խոստանալով պաշտպանել նրանց: Իսկ արդեն հուլիսի 6-ին տարածված տեղեկատվության համաձայն` խմբավորումը պլանավորում է տրամադրել իր իսկ կողմից հռչակված Իսլամական խալիֆաթի անձնագրեր: Խմբավորման անդամները Twitter-ում տեղադրել են խալիֆայության անձնագրերի լուսանկարներ: Դրանց վրա գրված է «Իսլամական խալիֆաթ» և նշված. «Եթե այս անձնագրի սեփականտիրոջը վնաս պատճառվի, ապա մենք հանուն նրա կգործարկենք մեր զորքերը»:

Մերձավորարևելյան զարգացումների «ճարտարապետը» սկզբում Արևմուտքն էր, մասնավորապես` ԱՄՆ-ն: Բայց այսօր նրանք էլ, ինչպես հավաստում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խուճապի մեջ են, քանի որ շատ լավ հասկանում են, որ ծայրահեղական խմբավորումների գլխացավանքը նաև իրենց տուն է հասնելու, այլապես այս տարվա փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից չէր հայտարարվի ահաբեկչական:

Որ նախկին ԻԼԻՊ-ն ակնհայտորեն խառնեց անգամ իր երբեմնի հովանավոր ԱՄՆ-ի խաղաքարտերը, ակնհայտ էր դեռևս անցյալ ամսվա վերջին: Հենց այդ ժամանակ` հունիսի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանեց Բաղդադ, ուր բանակցություններ էր վարում Իրաքի վարաչպետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Այցի նպատակն Իրաքի իշխանություններին օգնելն էր` կապված ազգային միասնության նոր կառավարության ձևավորման հետ, որում մեծ թվով ներկայացուցիչներ պետք է ունենար սուննի փոքրամասնությունը: Բաղդադից Քերին անմիջապես ուղևորվեց Իրաքի Քրդստան, ուր հանդիպեց քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Իրաքի տարածքում գործող զինյալները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- դեռևս Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում հայատարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Որպես խալիֆաթի հակակշիռ քրդերը Իրաքի Քրդստան կունենան

Ակնհայտ էր` իր համար անկանխատեսելի «հրեշի» դեմն առնելու համար ԱՄՆ-ն ստիպված պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր: Եվ ԱՄՆ պետքարտուղարի` Իրաք ու Իրաքի Քրդստան այցերի արդյունքները երկար չսպասեցրին: Իրաքի Քրդական ինքնավարությունում, ինչպես օրերս հայտարարեց ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, մի քանի ամիս անց անկախության հանրաքվե է անցկացվելու:
«Այս պահից սկսած` մենք չենք թաքցնում, որ դա մեր նպատակն է»,- հայտարարեց Բարզանին` հավելելով, որ քուրդ ժողովրդի անկախ լինելու իրավունքը բնական է ու անբաժանելի:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ սատարում են քրդական պետության ստեղծման գաղափարին:
Այսպես թե այնպես, Իրաքի Քրդական ինքնավարությունն արդեն մոտ 10 տարի է` կիսանկախ վիճակում էր, և նրա ենթակայությունը պաշտոնական Բաղդադին սոսկ ձևական բնույթ ուներ: Եվ երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սկսեց մեկը մյուսի հետևից գրավել իրաքյան քաղաքները և պատրաստվում էր գրոհել Բաղդադ, քրդերը որևէ կերպ չէին ենթարկվում Իրաքի կառավարությանը: Քիրքուկի նավթով հարուստ հանքավայրերն իրենց ձեռքը վերցնելով` քրդերը փորձում են ամուր հենարան ստեղծել ապագա Քրդստանի համար, որի ստեղծումը զուտ ժամանակի հարց է:

Քրդերն արդեն բավական լուրջ զորամիավորումներ ունեն, որոնք պահպանում են թիկունքը, բավական երկար սահմանագիծ ունեն իսլամական խալիֆայության հետ և մարտական են տրամադրված: Հայտարարում են, որ իրենց ներկայությունն այս տարածքներում վերջնական է և քննարկման ենթակա չէ:

«Թեև քրդերի մեջ կան լուրջ տարաձայնություններ, բայց երբ գործը վերաբերում է ազդեցության տարածմանը, ապա նրանք մի կողմ են դնում այդ տարաձայնությունները և միասնաբար պայքարում են, որ այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ անցնեն: Այսպիսով, այն, որ քրդերը դարձել են տարածաշրջանի ազդեցիկ գործոններից, միանշանակ է»,- ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նոր պետականության` Քրդստանի ստեղծումն այս պահին կարծես «Իսլամական պետության» դեմն առնելու միակ արդյունավետ գործիքն է դառնում: Իսկ թե նման պայմաններում ինչ հետագա զարգացումներ կունենան մերձավորարևելյան գործընթացները, դժվար է պատկերացնել:

Սակայն կարևոր է հասկանալ, որ Իրաքի ու առհասարակ Մերձավոր Արևելքի իրադարձությունները խիստ կարևոր են Հայաստանի համար, քանի որ Իրաքը Հայաստանից բաժանվում է ընդամենը մեկ երկրով, որի որոշ տարածքներ` Քրդստանին հարող, մեր պատմական հայրենիքի տարածքներն են: Հայաստանի ու Իրաքի Քրդստանի միջև հեռավորությունը` ուղիղ գծով, ընդամենը 300 կմ է` համարյա նույնքան, որքան Երևանից Գորիս: Հետևաբար, մեր հարևանությամբ իսլամիստական խալիֆաթի առկայությունը մտորելու տեղիք է տալիս, եթե մանավանդ հաշվի առնենք, որ նորաստեղծ խալիֆաթն ընդլայնում է իր սահմաններն ու նավթային բիզնես ծավալում, ինչի հաշվին ավելանում է ոչ միայն նրա անդամների թիվը, այլև ազդեցությունը տարածաշրջանում:

Դա տարածաշրջանում, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, կստեղծի բոլորովին նոր իրավիճակ, և Հայաստանն անտարբեր չի կարող մնալ, պետք է ուշի ուշով հետևի այդ իրադարձություններին: Իրաքում, Սիրիայում ու առհասարակ Մերձավոր Արևելքում «Իսլամական խալիֆաթի» ակտիվացումը, ըստ Մանոյանի, բավական մտահոգիչ է, եթե ոչ ընդհանուր Մերձավոր Արևելքում, ապա գոնե Իրաքում ու Սիրիայում հայ համայնքների իրավիճակի ու կարգավիճակի առնչությամբ. «Որովհետև այն, թե նման ուժերը, որոնք արդեն հռչակել են խալիֆայություն, ինչպես են վերաբերվելու կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին, պարզ չէ ու մտահոգությունների տեղիք է տալիս»:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման պահանջին նոր մոտեցում ցուցաբերվեց

hdmԿառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ: Այսպիսով, սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ մյուս գյուղերում` տարբերակված գներով` արժեքի 50 տոկոսի չափով: Կառավարության որոշմամբ` 2013 թ. հարկային տարվա արդյունքներով 30-58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների ներդրման ժամկետ սահմանվեց 2014 թ. օգոստոսի 1-ը, ՀԴՄ արժեքը` 150 հազար դրամ, իսկ 10-30 մլն դրամ հասույթ ունեցողների համար` 2014 թ. հոկտեմբերի 1-ից,ՀԴՄ գինը` 120 հազար դրամ, 5-10 մլն դրամ հասույթ ունեցողների համար` ժամկետը 2015 թ. հունվարի 1-ը, ՀԴՄ գինը` 80 հազար դրամ, և մինչև 5 մլն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար ժամկետը սահմանվեց 2015 թ. հունվարի 11-ը, իսկ ՀԴՄ արժեքը` 60 հազար դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ կարևորեց կառավարության այս ձեռնարկը և հատուկ շեշտեց, որ այս զիջումները շատ թանկ են նստելու կառավարության վրա, քանի որ դրանց հետևանքով առաջացած կորուստների բեռը մնում է բյուջեի վրա: «Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ ընդհանուր 4 մլրդ 380 մլն բեռ է ավելանում կառավարության վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ներին աջակցելու այս գործընթացին»,- ասաց նա:

Սա, ինչ խոսք, կարևոր որոշում էր, քանի որ բազմիցս դժգոհություններ ու մտահոգություններ էին արտահայտվել` կապված ինչպես նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետների, այնպես էլ դրանց արժեքի հետ: Այս որոշումով, փաստորեն, կառավարությունը փորձում է մի քիչ ավելի փոքր ծախս ստեղծել ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, ինչը ողջունելի է:

Ի դեպ, այս որոշումից ընդամենը մի քանի օր առաջ նույն կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պարտադրանքը հանել` ազատելով նրանց լրացուցիչ ծախսերից: Այդ ժամանակ կառավարությունն իր եզրակացության հիմնավորման մեջ նշեց, որ ավելի լավ է օժանդակել ՓՄՁ-ներին` ավելի ուշ ու ավելի մատչելի գներով նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել:

Չկա բարիք` առանց չարիքի

Հասկանալու համար, թե ինչու է կառավարությունը նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջ դրել, արժե դիտարկել մի քանի հանգամանք:
Ինչպես հիշում ենք, կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի փաթեթ, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտարկվելու կառավարությունորպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3,5 տոկոսից դարձրեց 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառությունը, բացառությամբ բիզնեսի որոշ տեսակների, ազատեց հարկերից: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր:

Փաստորեն, ՓՄՁ-ների հարկային բեռը թեթևացվում է կամ հանվում` փոխարենը նրանից պահանջելով փաստաթղթավորում, ինչը խոշոր ձեռնարկություններին ստվերից թափանցիկ դաշտ բերելու հնարավորություն պետք է տա: Հիշենք նաև, որ
ՓՄՁ-ների աջակցության առաջին փաթեթի ընդունման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՓՄՁ-ների հարկային բեռի նվազման հետևանքով պետբյուջեի եկամուտները մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: «Բայց մենք այս քայլով, բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան»,- նշեց վարչապետը:

Այս փաթեթի ներդրման ժամանակ, ի դեպ, հայտարարվեց նաև հարկային վարչարարության պարզեցման ու ռիսկերի վրա հիմնված ստուգումների մասին: Իսկ նման պայմաններում պահանջվում է նյութատեխնիկական լուրջ բազա և նորարարական ծրագրեր ու մոտեցումներ: Հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրի ծավալների, շրջանառության վերաբերյալ տեղեկություններն անընդհատ ու պարբերաբար հասնեն տվյալների բազա, ու բավականին արագ ու դինամիկ հսկողության միջոցով պարզեն ռիսկերն ու այդ ռիսկերի «հասցեները»: Հայաստանում ներդրված են հարկային համակարգի աշխարհի ամենաառաջադիմական տեղեկատվական տեխնոլոգիաներ: Պակասում էր միայն նոր սրենդի ՀԴՄ-ների տեղադրումը, որը հնարավորություն կտար անխափան գործելու ամբողջ համակարգին: Ուստի, նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, թերևս, կարևոր որոշումներից է, ու միգուցե դրական արդյունքներ ունենա:

Բայց չմոռանանք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով` 3.85 դրամով թանկանալու է: Այս թանկացումը, ինչպես հուլիսի 4-ին նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, կազդի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա, հետևաբար` փոքր բիզնեսն անկում կապրի:
Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով սպառողական շուկայում գնաճ է տեղի ունենալու: Իսկ թե գնաճը ինչպես կազդի տնտեսության ամենազգայուն հատվածի`ՓՄՁ-ների վրա, դժվար չէ պատկերացնել: Սա նշանակում է, որ պետությունն ավելի շատ հարկեր կհավաքի ու որոշ չափով կթեթևացնի վերոհիշյալ ծրագրերի իրագործման հետևանքով սպասվող ծախսային բեռը:

Ստացվում է, որ կառավարությունը մի ձեռքով տալիս է, մյուսով` վերցնում: Եվ մնում է մխիթարվել, որ գոնե նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու բեռն ամբողջությամբ չընկավ ՓՄՁ-ների ուսերին, չնայած անգամ փոքր ծախսերը նրանց մի մասի համար էական նշանակություն կունենան: Այնպես որ, ինչպես «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքն է կենսունակ, այնպես էլ հակառակը` «չկա բարիք առանց չարիքի» տարբերակը:

 

Թուրքիայի նախագահի թեկնածուներից ֆավորիտը Թայիփ Էրդողանն է. թուրքագետ

Gevorg_PetrosyanԱյս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, օգոստոսին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ են համարվում, ինչո՞ւ:
– Ընտրությունների առաջին փուլը կայանալու է 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ երկրորդը` նույն ամսվա 24-ին, եթե առաջին փուլում թեկնածուներից մեկը չստանա ձայների կեսից ավելին: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը, ինչպես նախկինում էր: Բացի այդ, այս ընտրություններին ենթադրաբար հետևելիք սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահի պաշտոնի կարևորությունն ու դերը զգալի կբարձրանա, և փորձ կկատարվի անցնել նախագահական կառավարման ձևին: Սա հնարավոր է, եթե նախագահի ընտրություններում հաղթի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի թեկնածուն:

– Անդրադառնանք Թուրքիայի նախընտրական վիճակին, ի՞նչ իրավիճակ է այժմ ստեղծված Թուրքիայում` նախընտրական փուլում:
– «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցություններն առաջադրել են միասնական թեկնածու, որպեսզի կարողանան պայքարել ԱԶԿ-ի հետ, որն էլ հուլիսի 1-ին ներկայացրեց իր թեկնածուին` Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Ընդդիմության միասնական թեկնածուն Էքմելեդին Իհսանօղլուն է, որ առավելապես հայտնի է իր աշխատանքով Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Նա վերոնշյալ կուսակցությունների անդամ չէ և մեծապես զուգակցվում է իսլամի հետ: Այսպիսով, քեմալականներն ու ազգայնականները փորձում են իսլամի հետ առնչվող անձով պայքարել իսլամամետ իշխող ուժի դեմ: Ամփոփելով պետք է նշել, որ Էրդողանը ներկա իրավիճակում բացարձակ առավելություն ունի իր գլխավոր մրցակցի` Իհսանօղլուի նկատմամբ, որը ոչ միայն ներքին քաղաքականությունում հայտնի խաղացող չէ, այլև չի վայելում քեմալական բոլոր ղեկավարների աջակցությունը: Եվս մեկ թեկնածու էլ ունեն քրդերը:

–Ինչո՞ւ ընդդիմության ընտրությունը կանգնեց Էքմելեդին Իհսանօղլուի վրա, նրա թեկնածությունն առաջադրելով` ի՞նչ են փորձում անել ԱՇԿ-ն ու ԺՀԿ-ն:
– Եվ ի՞նչ են փորձում անել նախագահական թեկնածուի հարցով միավորված ընդդիմադիր կուսակցությունները` առաջադրելով մի թեկնածուի, որն ընտրողներին ներկայանում է որպես պահպանողական և իսլամամետ: Ընդ որում, կուսակցություններում ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունել Իհսանօղլուի թեկնածությունը: Նախ` դիտարկենք Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության` ԺՀԿ-ի քայլերը, որն աչքի չի ընկնում ընտրողների ստվար զանգվածով, թեև ունի կայուն ընտրազանգված: Ժամանակակից քեմալականները հասկացել են, որ միայն ավանդական քեմալական ընտրազանգվածի միջոցով (քանակը չի բավականացնում) ընտրություններում հաղթելը գրեթե անհնար է, ուստի ժամանակն է մտածել քրդերի, ինչպես նաև իսլամամետ դիրքորոշում ունեցող ընտրողների ձայները ստանալու մասին, ինչն էլ տարիներ շարունակ հաջողությամբ անում է մրցակից ԱԶԿ-ն: Նախ հիշենք, որ ԺՀԿ-ի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վերագրում են քրդական ծագում, ինչը որոշակիորեն կարելի է կապել քրդական ձայները ստանալու ակնկալիքի հետ: Եվ ահա, արդեն Իհսանօղլուի առաջադրմամբ, որը, ինչպես նշեցինք, ընտրողների լայն զանգվածների համար նախևառաջ ասոցացվում է իսլամի հետ, ԺՀԿ-ն փորձում է ձայներ ստանալ նաև իշխող կուսակցության, այսպես ասած, իսլամամետ ընտրազանգվածից: Իսկ ահա ազգայնականների հետ համագործակցությունը նույնպես հասկանալի է, քանի որ այս քաղաքական ուժը նույնպես կայուն ընտրազանգված ունի, որն աչքի է ընկնում ոչ միայն ազգայնամոլ կեցվածքով, այլև կրոնական և քաղաքական պահպանողականությամբ: ԱՇԿ-ն իր հերթին հնարավորություն է ստանում մտնելու լուրջ պայքարի մեջ նախագահի ընտրություններում, ինչը միայնակ գործելու դեպքում հնարավորություն չէր թողնում «Գորշ գայլերի» քաղաքական ճյուղին:

-Ո՞րը կլինի իշխող ԱԶԿ-ի հակաքայլը ընդդիմադիր ուժերի առաջարկած խաղի կանոններին:
– Հակաքայլն Էրդողանն է, որ ներկայումս ընտրությունների գլխավոր ֆավորիտն է համարվում: Էրդողանի կերպարն ու անցած ուղին, ինչպես նաև ընտրություններում ունեցած փորձը և ընտրազանգվածը… Նախորդ ընտրություններում մշտապես ԱԶԿ-ն վստահ հաղթանակ է տարել, և նախագահական ընտրությունների համար կատալիզատորի դեր ստանձնած այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանն ու իր կուսակցությունը շարունակում են վայելել ընտրողների լայն զանգվածների աջակցությունը, և սա այն դեպքում, երբ Էրդողանի անվան հետ կապվեցին մի շարք սկանդալներ:

–Իրադարձութուններն ի՞նչ ընթացք կունենան, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Եթե լուրջ ցնցումներ չլինեն, Էրդողանի հաղթանակը կասկածի տակ գրեթե չի դրվում, սակայն պետք է հասկանանք, որ ինչպես եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ երաշխիք չկա, որ Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության դեմ նոր հզոր քայլեր չեն ձեռնարկվի: Ամեն դեպքում, Էրդողանը ցույց է տվել, որ կարողացել է հաղթահարել Գեզիի դեպքերի մակարդակի խոշոր հասարակական ցնցումը, ինչպես և գյուլենական միջամտությամբ կոռուպցիոն սկանդալը: Ամեն դեպքում, Թուրքիայում քաղաքական գործընթացներն այնքան էլ հստակ ու պարզ չեն, և Էրդողանի համար ոչ նպատակահարմար զարգացումները բացառելը նույնպես սխալ կլինի: Ընտրապայքարի ակտիվ փուլը դեռ առջևում է, և որոշակի ժամանակ անց հնարավոր կլինի ավելի հստակ գնահատական տալ: Ամեն դեպքում` ամառը թեժ է լինելու:
–Այս ընտրություններից Թուրքիան ինչպե՞ս դուրս կգա, ի՞նչ Թուրքիա կլինի ընտրություններից հետո:
– Կարծում եմ` հաջորդ քայլը սահմանադրական փոփոխություններն են, մյուս խոշոր գործընթացը դա է լինելու, ու անցումը նախագահական կառավարմանը` «սուլթան» Էրդողանի գլխավորությամբ: Էրդողանը միանշանակ ձգտելու է իր իշխանության ամրապնդմանը, որին հասնելու համար որոշակի սահմանադրական փոփոխություններ կանի, հետո կարևոր է քրդական գործոնը, թե ինչ քայլ կանի նաև այդ ուղղությամբ:

– Ի դեպ, քրդերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում, թեկնածու էլ ունեն, ինչպե՞ս կանդրադառնան այդ երկու հանգամանքները ընտրությունների վրա:
– Ընդհանրապես ԱԶԿ-ն ընտրություններում հենվում է նաև քրդական ձայների վրա, ինչը ընտրապայքարում մեծ կարևորություն է ստանում: Չեմ կարծում, թե քուրդ թեկնածուն կարող է լուրջ դերակատարում ունենալ կամ խանգարել Էրդողանի քրդական ձայներ ստանալուն: Նրա ներկայությունն ավելի շատ խորհրդանշական եմ դիտում, պարզապես Թուրքիայի նախագահական ընտրություններում ունենալ քուրդ թեկնածու:

– Անդրադառնանք Թուրքիայում կայանալիք ընտրություններին հայկական շահի տեսանկյունից. մեզ համար կարևորն ի՞նչ է, ու ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք այդ ընտրություններից
– Կարծում եմ, որ ընտրություններից հետո Թուրքիայում կարող են լուրջ գործընթացներ սկսվել ինչպես սահմանադրական փոփոխության առումով, այնպես էլ քրդական հարցում, ինչպես և Մերձավոր Արևելքում նոր իրականության հետ հաշվի նստելով («Իրաքի և Լևանտի (Ասորիքի) պետություն» խմբավորման հետևանքները): Պետք է ժամանակին արձագանքելու պատրաստ լինենք: Բացի այդ, պետք է հասկանանք, որ ԱԶԿ-ն, եթե լուրջ ցնցումներ չլինեն, շարունակելու է լինել Թուրքիայի ղեկին, և հարաբերությունները պետք է կառուցենք` հիմք ընդունելով այդ քաղաքական ուժի հետ հարաբերվելու մեր նախկին փորձը:
Վերցնենք Թուրքիայի գործող քաղաքական ուժերի գաղափարական կողմը: Էրդողանին ընդդիմություն են կազմում ազգայնականներն ու քեմալականները, որոնց հիմքում հակահայ էությունն է: Եվ ընդհանրապես, տասնամյակներ շարունակ թուրքական պետությունն ինքնին Հայաստանի և հայերի դեմ է կառուցվել, և իշխանության ղեկին եղած այս կամ այն քաղաքական ուժը չէ, որ որոշում է Հայաստանի և հայերի հետ հարաբերությունների ձևն ու մակարդակը: Նախ և առաջ կա պետական մոտեցում, պետական ավանդույթներ, որոնք փոխելու համար կառավարությունների հսկա ջանքեր ու ահռելի կամք է պետք: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կապված է ոչ այնքան այս կամ այն կուսակցության և քաղաքական ուժի հետ, որն այդ պահին իշխանության ղեկին է, որքան թուրքական պետության:

– Դեպքերի ո՞ր ընթացքը կլինի առավել ձեռնտու հայկական շահերի տեսանկյունից:
– Փորձը ցույց է տվել, որ հաճախ հայկական շահերից է բխում Թուրքիայում խառնակ իրավիճակը, երբ այդ երկիրը չի կարողանում իր ողջ ռեսուրսներն ուղղել Հայաստանի դեմ: Առայժմ նման զարգացման նախապայմաններ չկան: Էրդողանի ղեկավարմանը քիչ թե շատ ծանոթ ենք: Իսկ թե ինչ կլինի գաղափարապես հակահայ կեցվածք ունեցող երկու ուժերի միասնական թեկնածուի հնարավոր կառավարման տարիներին, դժվար է ասել, քանի որ նախ նրան գործի մեջ պետք է տեսնել…

Հարցազրույցը` Գևորգ Ավչյանի

Պարտադիր ու պարտադրված. կառավարության մոտեցումը կուտակային կեսնաթոշակային համակարգին

դեմ եմՀունիսի 21-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը: «Կողմ» քվեարկեց 66 պատգամավոր, «դեմ» և «ձեռնպահ» չկային. նիստին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում:

Կառավարությունը, խախտելով բոլոր հնարավոր ընթացակարգերը, որոնք պետք է ապահովեին խորհրդարանին ինչ-որ բան ներկայացնելու համար, ներկայացրեց ու քվեարկության դրեց այս նոր օրինագիծը, ինչպես նշում էին ԱԺ ոչ իշխանական պատգամավորները: Օրենքի պահանջ էր, որ նախագիծը պետք է անցներ լուրջ ուսումնասիրություն ԱԺ հանձնաժողովներում, հանրային քննարկումներ անցկացվեին առնվազն 15 օր: Նախագծին պետք է կցված լիներ արդարադատության նախարարի եզրակացությունը, որ այն համապատասխանեցված է ՍԴ պահանջներին: ԱԺ ընդդիմադիրները համոզված են` այս պահանջներից ոչ մեկը չի կատարվել ու ոչինչ էլ չի համապատասխանեցվել:

Դրանից հետո ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, խորհրդակցելով հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին. «Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:

Նոր օրինագծով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգվում է մինչև 2017 թ., այսինքն` ով ուզում է չմասնակցել պարտադիր կուտակայինին, պետք է նորից դիմում գրի այդ կապակցությամբ: Իսկ մինչ 2017 թ. պարտադիր բաղադրիչը պետք է տարածվի պետական հատվածի աշխատողների վրա:

«Կառավարությունը փորձում է այս կերպ բաժանել շահառուների խմբին, և 2017 թվականից հետո աշխատաշուկա մտնողներին ու մասնավոր հատվածի աշխատակիցներին մտցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ»,- այս առումով նշում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ու անընդունելի համարում այդ մոտեցումը:

Կառավարության նոր ներկայացրած ու ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից հաստատված նոր օրենքում, համոզված են դրան դեմ արտահայտվողները, ոչինչ չի փոխվել, բացի մի ձևակերպումից` պարտադիր բաղադրիչը դարձել է նպատակային վճար` սոցվճար, որն, ի դեպ, հարկերին հավասարեցված վճար է ու պետք է համատարած լինի բոլորի համար:
«Պարզապես չի կարող մեկի համար լինել ու մյուսի համար չլինել. տարիքի խտրականություն կա, սոցիալական վիճակի խտրականություն կա, աշխատանքի խտրականություն կա, դրա տրամաբանությունը ո՞րն է»,- նշում էր «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը` նոր օրինագիծն ԱԺ ներկայացվելու օրը:

Այս պնդմանը, իհարկե, այլ պատասխան ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ համոզված նշում է, թե միայն ձևակերպումները չէ, որ փոխվել են, այլ նոր օրենքում կան բազմաթիվ էական փոփոխություններ, և «Դեմ եմ»-ի ու ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունների ու բերած փաստարկների կապակցությամբ էլ ընդգծում. «Ես ինչքան հասկանում եմ, ինչ էլ ներկայացվի` իրենք դեմ են լինելու,- իսկ լրագրողի դիտարկմանը, թե նրանք փաստարկում են իրենց դժգոհությունները` հավելեց,- մենք էլ ենք փաստարկում»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 20-ին ԱԺ-ում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օրենքի նոր փաթեթը, ի պատասխան այն պնդման, թե միայն պարտադիր կուտակային բաղադրիչի անունը չի փոխվել «նպատակային սոցիալական վճար» բառով, հայտարարեց. «Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում»:

Ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի էլ` կառավարությունը փորձ է անում ստեղծել ինչ-որ ծխածածկույթ ու դրա տակ ընդունել ժողովրդի համար անընդունելի ծրագրերն ու օրենքները:

«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում»,- նշում էր Ռուստամյանը:

Մի ուշագրավ դիտարկում. ինչ վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա թե՛ օրենքների առաջին փաթեթի դեպքում, որի դրույթները ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին, թե՛ այս դեպքում կառավարությունը փաթեթները ԱԺ-ում քննարկելու համար արտահերթ նստաշրջաններ հրավիրեց, ինչը, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, հնարավորինս հեշտ ու արագ այս համակարգը կյանքի կոչելն է: Ինչ վերաբերում է հարցին, թե ում վրա է պարտադիր տարածվելու համակարգը, ապա կառավարությունը նշում է, թե մինչև 2017 թ. պարտադիր բաղադրիչը կկիրառվի մոտ 50-60 հազար պետական աշխատողների վրա, որոնց համար այդ միջոցները փոխանցելու է պետությունը: Այս պնդմանն էլ ընդդիմադիրները հակադրում են իրենց պնդումը` եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, չի գործի, կրիտիկական զանգված չի հավաքվի, և կառավարությանը պետք է նվազագույնը 160-200 հազար մարդ, որպեսզի ֆինանսական հարցեր լուծի բարեփոխման անվան տակ:

Հիշենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նշել էր` այն պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ինչի կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշեց, թե նոր օրինագծով վարչապետի այդ հայտարարության իմաստը բացվեց. համակարգը պարտադիր է պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված մասնավոր սեկտորի 90 տոկոսի համար: Ոչ թե «պարտադիր, բայց ոչ պարտադրված», այլ պարտադիր և պարտադրված:
Այս ամենին հավելենք, որ չնայած թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էին, որ վտանգների դեպքում համապատասխան քայլերի կդիմեն, ընդհուպ մինչև բողոքի ակտիվ ակցիաների վերսկսում` ակտիվ պայքար, փողոցներում դեռ այդ բողոքի ակցիաները չեն երևում:

 

Էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով` սպառողական շուկայում սպասվում է հիպերգնաճ

The RA Public Services Regulatory Commission’s session took placeՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով` էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Էլեկտրաէներգիան 1 տարում թանկացավ շուրջ 40%-ով

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37%-ով: Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց ոչ միայն հաշվի չառնելով իր վարչական շենքի մոտ անցկացվող հանրային բողոքի ակցիան, նիստի ընթացքում մի քանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների` սակագնի թանկացման որոշումը որոշ ժամանակով հետաձգելու և ավելի համակողմանի, խորը մասնագիտական քննարկման առարկա դարձնելու առաջարկությունը, այլև` անխուսափելի թվացող համատարած գնաճի հետ կապված սոցիալ-տնտեսական հնարավոր հետևանքները:

Հանձնաժողովն այդպես որոշեց սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերին տիրապետող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: Թերթերից մեկն այս տարվա փետրվարին էր գրել, որ միտումնավոր կերպով էլեկտրացանցերը հասցվում են սնանկացման եզրին, որպեսզի առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար պարզապես անխուսափելի համարվի արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Փաստորեն, իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ:
Դեռ մեկ ամիս առաջ հատուկ պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց հնարավոր թանկացման մասին. Ըստ հիմնավորումների` ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է: Փաստորեն սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր` մի քանի տասնյակ միլիոն դոլար: ՀԷՑ-ի ֆինանսական ծանր վիճակի մասին խոստովանել է հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը: Ապրիլի 16-ին ՀԾԿՀ նիստին նա հայտնել է, որ թանկ էլէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս: Դրանից առաջ էլ ՀԷՑ-ը կուտակած պարտքեր ուներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» էլ օրերս հրապարակեց 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը` Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամի վնաս:

«Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը: Այլ կերպ ասած` ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլէներգիայի սակագինը:

Գինը, որ պետք է վճարեն քաղաքացիները էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով

Մինչ այդ` հունիսի 23-ին, մի շարք մտահոգ քաղաքացիներ փորձեցին բողոքի ցույցեր անցկացնել ՀԾԿՀ-ի շենքի առջև, որը բռնի ուժով ճնշվեց ոստիկանության կողմից: Իսկ հունիսի 24-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հայտարարություն տարածեցին, որում, մասնավորապես, նշում էին.
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է 40%-ով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները համոզիչ չեն և անընդունելի են: 2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է: 3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները` մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը: 4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքվածքը» հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ` բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք. 1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: 2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ: 3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:
Հուլիսի 1-ին` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշում կայացնելուց առաջ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարճ ելույթ ունեցավ և անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ եթե հանրությունը մի բանի դեմ է, պետք է կանգ առնել, ասաց, որ յուրաքանչյուրը, առավել ևս` պետական պաշտոնյան պետք է իր գործը լավագույնս կատարի: Նազարյանը խնդրեց բոլոր հարցերն ու մեղադրանքներն իրենց չուղղել, քանի որ դրա համար կան պատկան մարմիններ:

«Իհարկե, աղքատություն կա, սոցիալական բեռ է ավելացնում այս թանկացումը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման կարող է հանգեցնել, բայց այս հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին: Ես առանց սպառնալու զգուշացնում եմ, որ եթե ճիշտ ազդակ չհաղորդենք համակարգին, կայունությունը կարող է խարխլվել: Այն ժամանակ ավելի շատ կտուժեք, քան սոցիալական բեռն է, որ առաջանալու է»,- ասաց Նազարյանը ու հավելեց, որ մեծ սիրով այս նիստը չէր հրավիրի, բայց ավելին անել չի կարող:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա արժե նշել, որ էլեկտրաէներգիայի սակագների աճը ոչ թե կարող է հանգեցնել թանկացման, ինչպես նշում էր Ռոբերտ Նազարյանը, այլ հաստատ հանգեցնելու է: Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրական գործընթացի կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:
Բերենք մի քանի օրինակներ: 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ այս վիճակագրական տվյալները ներկայացնելիս ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա իր էական ազդեցությունն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն՚ 8,5% գնաճից 2,5%-ը միայն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ընդ որում, շեշտենք, եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` հացը, որը թխվում է էլեկտրական վառարանում, թանկանա այդ թվին համարժեք: Որովհետև, նախ թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` նույն փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի գոնե ջուրը պոմպերով մղելու առումով, և այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները դոմինոյի էֆեկտով հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի` ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Ու եթե հաշվի առնենք, որ ՀՀ շարքային քաղաքացիների ամսական ծախսերի մոտ 60-80%-ը կազմում են հենց սպառողական ծախսերը, ապա պարզ է, թե ինչ սոցիալական բեռի է վերածվելու այս թանկացումը ու էլ ավելի խորացնելու հասարակության առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:

Հյուսիս-հարավ ճանապարհի հարցում փոխադարձ մեղադրանքները նոր փուլ են մտնում

գագիկ բեգլարյանԱյս տարվա սկզբից սկսեցին խոսակցություններ շրջանառվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների, ավելի ճիշտ` դրանց չգոյության մասին: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը բազմիցս տարբեր լրատվամիջոցներով, վերջին անգամ էլ այս ամիս հայտարարեց, որ ԱԶԲ-ի կողմից տրամադրված գումարն ամբողջությամբ ծախսված է, բայց մինչ օրս կառուցվել է 556 կմ երկարությամբ ճանապարհի ընդամենը 25 կմ-ը:

Մեղադրանքները հնչում են թվերով

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը պետք է ձգվի Մեղրիից մինչև Բավրա և ըստ պատասխանատուների` ունենա մոտ 500 կմ երկարություն, սակայն Սիլվա Ադամյանը 556 կմ թիվն է նշում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 962 մլն, որից 500 մլն-ը տրամադրել է ԱԶԲ-ն:
«2009 թ. մեկնարկող ծրագիրը մինչև 2012 թ. բացարձակ անտեսանելի էր բոլորիս համար: Մի քանի անգամ մեկնեցինք տարածքներ` փորձելով հասկանալ, թե ինչ փոփոխություններ կան, բայց տեսանք, որ ծրագիրը չի մեկնարկում, դիմեցինք Ասիական զարգացման բանկ, պատասխան չստացանք, և հետո հնարավորություն ստեղծվեց մեկնելու Ասիական զարգացման բանկի ամեն տարվա հավաքին. դա արդեն 2011-ի վերջին էր: Ներկայացրինք մեր երկրում տիրող իրավիճակը: Մեր ուսումնասիրությունների համաձայն` ճանապարհի ոչ մի կմ կառուցված չէր և տենդեր էր հայտարարվել շինարարական կազմակերպությունների համար»,- ասել է Սիլվա Ադամյանը: Դրանից հետո սկսվել են նաև Վերահսկիչ պալատի ստուգումները, որը հայտնաբերել է խախտումներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին անդրադարձավ «Հետքի» գլխավոր խմբագիր, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը` նշելով, թե դժվար է ստույգ ասել` որքան գումար է անհետացել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքում: Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում նա հայտարարեց, որ 954 մլն դոլար ընդհանուր արժեքով այս նախագիծը ներկայումս հնարավոր չէ կյանքի կոչել:
«Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը կարծես սևագրություն լինի: Դժվար է ասել` որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին` Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին ճանապարհները, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և կարծեմ` ամենամեծ արժեքն ունի` 180 մլն դոլար, չկան: Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին: Աշտարակ-Թալին հատվածում, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել: Դեռ աշխատանքները չսկսած` 31 մլն ավանս է տրվել այդ ընկերությանը: Դեռ չգիտենք` ինչպես է դա եղել: Այսինքն` դեռ որևէ բան չէին արել, 31 մլն դոլար հատկացվել է»,- ասել է Բաղդասարյանը:
Նախ` անդրադառնալով հարցին, թե ինչու Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը գրեթե մեկ տարի ուշ սկսվեց, իսկ հետո ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց Արա Հովսեփյանը, հունիսի 20-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհի շինարարության իրականացման ժամանակ հայտնաբերվել են շինարարի ճանապարհկողմից թերացումներ, ինչի հետևանքով էլ Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրեն Արա Հովսեփյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշենք, որ ժամանակին` 2013 թ. ապրիլին Արա Հովսեփյանի աշխատանքից ազատման դիմումի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չեղավ: Նախարար Բեգլարյանը լրագրողներին հայտնեց նաև, որ այն ժամանակ թերացումներ են հայտնաբերված եղել ոչ միայն Վերահսկիչ պալատի, այլև հենց նախարարության համապատասխան մարմինների կողմից:

Հյուսիս-հարավ ԾԻԳ-ը նույնպես թվերով է խոսում, բայց այլ թվերով…

«Հյուսիս-հարավ ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հունիսի 20-ին հայտարարեց, որ հրապարակված տեղեկությունները, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված 900 մլն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը:
Արթուր Սարգսյանի խոսքով` Տրանշ-1-ը ներառում է հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածը` շուրջ 31 կմ: Առաջին տրանշի շրջանակներում իրականացվում են Երևան-Աշտարակ քառաշարք ճանապարհի վերակառուցման, Երևան-Արարատ քառաշարք ճանապարհի վերակառուցման, այնուհետև անվտանգության բարձրացման և ծրագրի կառավարմանն օժանդակելու, ներառյալ` ներդրումային ծրագրի ներքո հետագա ծրագրի մանրամասն նախագծի ֆինանսավորումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվության և մրցույթի փաստաթղթերի ու գնումների պատրաստման աշխատանքները:
Տրանշ-1-ի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են ԱԶԲ-ի կողմից` 60 մլն ԱՄՆ դոլարի չափով և ՀՀ պետբյուջեից` միայն հարկերի մասով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով: Տրանշի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 70,4 մլն ԱՄՆ դոլար: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքների մի մասը` ճանապարհի երթևեկելի մի հատվածը, արդեն իսկ ավարտվել է, իսկ երթևեկելի մյուս մասն արդեն մեկնարկել է ու, Արթուր Սարգսյանի հավաստմամբ, կավարտվի մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը: Զուգահեռաբար մեկնարկել են նաև Տրանշ-2-ի շինարարական աշխատանքները. կատարվում են ճանապարհի մշակման, հողային, խճի տոփանման և այլ աշխատանքներ:

ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջին և երկրորդ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար, ԱԶԲ ընթացակարգերին համապատասխան, միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն ԷսԷյ.» ընկերության հետ 2012 թ. ապրիլի 27-ին կնքվել է 250 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Ընկերությունը Հայաստան է ներմուծել բետոն փռող 2 մեքենա` ամբողջությամբ համակարգչային կառավարմամբ, երկու բետոն արտադրող արտադրամասեր` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Ծրագրերի շրջանակներում բոլոր գնումները իրականացվում են ԱԶԲ-ի գնումների ձեռնարկի, ծրագրի վարչարարության կանոնակարգերի և այլ կանոնակարգող փաստաթղթերի համապատասխան: Այսինքն` անհրաժեշտ միջոցները ոչ թե գալիս են Հայաստան ու մտնում բյուջե այնտեղից կապալառուին տրամադրվելու համար, այլ երբ կապալառուն վերջացնում է իր համապատասխան աշխատանքը, Հայաստանը` ի դեմս տրանսպորտի և կապի նախարարության, ստուգում, փորձարկում ու ընդունում է աշխատանքը, ինչից հետո համապատասխան փաստաթղթերն ուղարկում է ԱԶԲ-ին, որն էլ արդեն այդ փաստաթղթի հիման վրա անհրաժեշտ գումարի չափով փոխանցում է կատարում կապալառուի հաշվին: Տրանշներ 1-ի և 2-ի շրջանակներում ծրագրի սկզբից, փաստացի, ծախսերը կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ` հարկերը:

Ինչպես իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը, իրենց նկատմամբ հնչած քննադատությունն ու մեղադրանքները հիմք չունեն, քանի որ ծրագրի համար մինչ օրս ծախսվել է ընդամենը մոտ 17 մլն դոլար: Իսկ մնացած մասը հայկական կողմը չի վճարում, քանի որ դեռ պետք է համոզվեն, որ կատարվել է լավ աշխատանք, ու հանձնվող ճանապարհը համապատասխանում է որակի հայտարարված չափանիշներին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է իրականացվելու շինարարությունն այնպես, որ ավարտվի նախանշված ժամկետներում, Արթուր Սարգսյանը պարզաբանեց, որ Տրանշ 1 և 2-ի աշխատանքների կատարումից հետո կամ դրան զուգահեռ ճանապարհի դեռևս չկառուցված հատվածը բաժանվելու է 20-50 կմ-անոց հատվածների, դրանց համար հայտարարվելու են մրցույթներ, որոնց մասնակցելու են տարբեր կազմակերպություններ: Ըստ այդմ, հնարավոր է, որ 2016-2017 թթ. ընթացքում ճանապարհի տարբեր հատվածներում զուգահեռաբար ականատես լինենք տարբեր կապալառուների զուգահեռ իրականացվող աշխատանքներին, դրա շնորհիվ ծրագիրը կիրականացվի սահմանված ժամկետներում:

Ինչ վերաբերում է ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքին, ապա Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրենի ներկայացրած տվյալներով` այն կազմում է 1.5 մլրդ դոլար, ոչ թե 954 մլն, իսկ ճանապարհը Բավրայից մինչև Մեղրի պետք է կրճատվի ու դառնա մոտ 500 կմ:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը,անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հյուսիս-հարավ ներդրումային միջանցքի ծրագիրը չի իրագործվում կամ իրագործվում է չարաշահումներով, ընդգծեց, որ իրենց համար կարևորը ծրագրի իրագործումն է, իսկ մնացած զրույցները` ով ինչ ասաց կամ հայտարարեց, իրենց համար նշանակություն չունեն:

 

Մագնուս Կառլսենը տպավորված է Հայաստանով

Carlsen 2-րդ նյութՇախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:

Մեծ անակնկալ գրանցվեց, երբ Դուբայում կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Կառլսենը երևանյան կայծակնային պարտիայում պարտվեց ՀՀԿ-ական Տաճատ վարդապետյանին:
Ապա նա Լևոն Արոնյանի ընկերակցությամբ ուղղաթիռով ուղևորվեց Տաթևի վանական համալիր:
Երևանի «Գաֆեսճյան» կենտրոնի «Խանջյան» սրահում, հանդիպելով լրագրողներին,
չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք է դրսևորվում շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:
Ասվեց նաև, որ համակարգչային վերլուծություններ կատարելու հնարավորությունը չի սպառել շախմատը: «Այդպիսի խոսակցություններ եղել են բոլոր ժամանակներում, բայց վստահորեն կարող եմ ասել, որ շախմատին վախճան չի սպառնում: Ավելին, այն այժմ բուռն զարգանում է, քանի որ ավելի են շատացել ուշագրավ մրցաշարերը»,-ասաց նա:
Հետաքրքիր էր, թե շախմատի արքան ինչպես կբնութագրի աշխարհում իրենից հետո երկրորդ վարկանիշն ունեցող մեր լավագույն գրոսմայստերին:
«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ` 2007-իաշարհի առաջնության մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»- հայտնեց Կառլսենը:
Ֆուտբոլի թեման ևս տեսադաշտից դուրս չմնաց: Գաղտնիք չէ, որ անգամ պատասխանատու մրցաշարերի օրերին Մագնուսը գերադասում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ և այդ ճանապարհով լիցքաթափվել: Նա նաև այդ մարզաձևի մեծ երկրպագու է և ուշիուշով հետևում է Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ծավալվող իրադարձություններին:
Ինքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ նա Կոտ դ’ Իվուարի հավաքականի երկրպագուն է: Շախմատիստները կարողանում են հաշվարկել քայլերը: Թե նորվեգացի գրոսմայստերը վերլուծական իր հնարավորություններով ինչքանով է ճիշտ կանխագուշակում ֆուտբոլում կատարվելիք իրադարձությունների հետագա ընթացքը,կպարզվի առաջիկայում: Մասնավորապես, նա վստահ է, որ չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը:

 

Մերձավոր Արևելքում շրջադարձային փուլ է սկսվում

քարտեզՇրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:

Արաբագետ Հայկ Քոչարյանն օրերս կայացած մամլո ասուլիսում նշեց, որ Բաշար ալ Ասադը սկսել է իր թիկունքը մաքրել և անվտանգությունն ապահովել: Բաշար Ասադի բանակը վերջին երեք ամիսներին բավական լուրջ հաջողություններ է ունեցել: Սա, բնականաբար, ինչ-որ չափով խառնում է միջազգային խաղացողների խաղաքարտերը, և ենթադրվում է, որ լրացուցիչ «կոմբինացիաներ» պետք է խաղարկվեին:

Այս խորապատկերում հետաքրքիր է տարածաշրջանի մյուս կարևոր իրադարձությունը` Իրաքում ծավալվող «ապստամբությունը»: «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունն անցավ ռազմական գործողությունների ու իր ազդեցությունը տարածեց Իրաքի` Սիրիային հարող տարածքներից մինչև Իրաքի կենտրոնական հատվածներ: Հայկ Քոչարյանն այս առումով շեշտեց, որ Իրաքի հյուսիսում և Սիրիայի արևելքում զինյալների մեծ հաջողությունները հետաքրքիր միտում են բերում` «սունի- շիա ակնհայտ բախում է տեղի ունենում»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ օրերս նշեց, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: «Գործընթացները որոշակի վտանգավոր միտումներ են պարունակում: Իսլամական ներուժը Սիրիայում Հալեպի հյուսիս-արևելքից մինչև Իրաքի կենտրոնական շրջանների սահմանագծով իսլամական պետություն կառուցելու իր ծրագրերն է իրականացնում: Վտանգված է քրիստոնյաների գոյությունը, այս միտումները նաև սպառնալիք են տարածաշրջանից դուրս»,- ասաց նա:

«Իրաքի և Լևանտի իսլամական կազմակերպությունը» բավական մեծ աջակցություն է ստացել ու շարունակում է ստանալ թե՛ դրսից, թե՛ ներսից` Իրաքի բնակչության կողմից: Որովհետև, եթե դրսում նրանք իրենց ներկայացնում են որպես իսլամի շահերը ներկայացնող կազմակերպություն, ապա ներսում ներկայանում են որպես սունիների շահերը պաշտպանող` շիաներին հակառակ:

«Մենք գիտենք, որ Իրաքում շիաներն ավելի շատ են, բայց սունիների թվաքանակը բավականին մեծ է, ու նրանք ավելի կազմակերպված, ավելի խիտ ու կենտրոնացած են բնակեցված: Փաստորեն, այդ ամբողջ բնակչությունը, որն, ի դեպ, հիմնականում բնակվում է Իրաք-Սիրիա սահմանին, այսօր աջակցում է այդ տեռորիստական կազմակերպությանը: Երկրորդ` Իրաքի բանակը, որը ԱՄՆ-ի ստեղծածն է և իրականում որպես բանակ չի գործել, այսօր մասսայական հանձնվում է. չեն ուզում կռվել: Արդեն քանի դեպք է եղել, երբ մի քանի հարյուր տեռորիստներ գերի են վերցնում իրաքյան բանակի միանգամից հազարավոր զինվորների»,- նշեց Մերձավոր Արևելքի իրադարձություններին ուշադիր հետևող քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Զուգադիպություն էր, թե ոչ, բայց պետք է փաստել` հենց Ասադի բանակն անցավ ավելի վճռական գործողությունների ու սկսեց ինչ-ինչ էական հաջողությունների հասնել, և Իրաքում իրավիճակը միանգամից լարվեց: Մելիք-Շահնազարյանը սա զուգադիպություն չի համարում, այլ, ավելի շատ` տեռորիստական կազմակերպությունների կողմից ռազմավարության փոփոխման արդյունք:
«Նրանք այսօր ավելի շատ անցել են այն վայրեր, որտեղ բնակչության ավելի մեծ աջակցություն ունեն և Սաուդյան Արաբիայից, Քաթարից, Եմենից և արաբական այլ երկրներից, նաև Թուրքիայից ավելի հեշտ են օգնություն` գումարներ ու զենք ստանում. այստեղ նրանք ուժերի վերադասավորում են անում, ինչը շատ վտանգավոր է լինելու Սիրիայի համար»,- նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ իր հերթին նշում է, որ մերձավորարևելյան այդ նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես այն նոր մերձավորարևելյան աշխարհաքաղաքական պատկերի առաջին նշանները կամ նախանշանները, որը սկսում է ձևավորվել: Որովհետև, արաբական գարունը Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան մտցրեց մի վիճակի մեջ, որը կարելի է բնութագրել որպես քաոսային: Քաոսի մեջ սկսում են երևալ ապագայի ուրվագծերը: Իսկ ապագա Մերձավոր Արևելքի ուրվագիծը, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, պետք է բնութագրվի նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով:

Բաժանիր, որ տիրես…

Դրա նշաններն արդեն երևում են. օրինակ` մեկն արդեն բավական երկար ժամանակ կա` քրդական ինքնավարությունը, որը գնում է դեպի պետականության ձեռքբերում: Մյուս կողմից` տեսնում ենք Իրաքում արդեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության կողմից մեծ տարածքների գրավումը, չի բացառվում նաև հարձակումը Բաղդադի վրա, ու չի բացառվում, որ այս տարածքների վրա սկսում է ձևավորվել սուննիական-արաբական ինչ-որ պետականություն: Սրան հակառակ` Իրաքի տարածքի վրա առաջիկա տարիներին կձևավորվի շիական մի պետություն կամ պետական միավոր, որը կհարի Իրանի սահմանամերձ շրջաններին: Մյուս կողմից էլ տեսնում ենք Լիբիայի զինվորականների ելույթները, որոնք վկայում են, որ Լիբիան նույնպես քայլեր է կատարում դեպի տրոհում. այստեղ էլ կլինեն 2-3 նոր պետություններ կամ պետական միավորումներ:

«Իմ կարծիքով` այստեղ մենք պետք է խոսենք ոչ միայն Արևմուտքի մասին, այլև արաբական տարբեր պետությունների` մասնավորապես` Սաուդյան Արաբիայի, Քաթարի, որոնք շատ ակտիվ աջակցությւոն են ցույց տալիս, օրինակ, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը, և Թուրքիայի մասին, որը նույնպես ժամանակին աջակցել է այդ կազմակերպությանը: …Ամեն մեկն ունի իր շահերն ու ձգտումները: Սաուդյան Արաբիան ձգտում է սունիական պետություն ստեղծել այստեղ, ԱՄՆ-ն և Արևմուտքը փորձում են մասնատել Իրաքն ու ավելի փոքր պետություններ հիմնել, որպեսզի կարողանան նրանց բոլորի վրա իշխել, Թուրքիան ունի իր նպատակները` կապված Մոսուլի հետ և այլն»,- ասաց Սաֆրաստյանը:

Բազմիցս նշել ենք Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին, հիշել թե՛ «Մեծ Մերձավոր Արևելք», թե՛ «Նոր մեծ Մերձավոր Արևելք» նախագծերի մասին : Եվ ակնհայտ էր, որ հենց Սիրիայում Արևմուտքի ծրագրերը խոչընդոտների հանդիպեին, և Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի իր հավատարիմ արբանյակներով, պետք է անցներ պահեստային տարբերակի, որն այս դեպքում ամբողջ տարածաշրջանի ցնցումն է տարբեր ու տարաբնույթ հակամարտությունների միջոցով, ինչի դեպքում տարածաշրջանը վերահսկելն ավելի հեշտ է դառնում:

Բայց Արևմուտքը կհաղթի՞: Ճիշտ է` Արևմուտքի մատը մերձավորարևելյան զարգացումներում եղել է հենց սկզբից, աշխարհաքաղաքական «նվագախմբին չափ տվողը» եղել է Արևմուտքը, բայց այսօր նրանք էլ, հավաստիացնում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խուճապի մեջ են, քանի որ շատ լավ հասկանում են` ծայրահեղական խմբավորումների գլխացավանքը նաև իրենց տուն է հասնելու:

«Բայց ինձ թվում է, որ Արևմուտքը դեռ չի գտել ելքը, թե ինչ պետք է անել: Եթե սկսեն օգնել Թարիֆիին` Իրաքի վարչապետին ու Սիրիայի նախագահին, ապա կստացվի, որ նրանք իրենց թշնամիներին են օգնում` իրենց կողմից հայտարարված թշնամիներին: Եթե չեն օգնում, ապա իսկապես մի նոր` մեծ, լավ կազմակերպված ու զինված հրեշ են ստեղծում, և այսպիսով վիճակն իրոք շատ խառն է դառնում»,- իր դիտարկումները ներկայացրեց Մելիք-Շահնազարյանը:

Շատ ծանր հետևանքներ են սպասվում: Դժբախտաբար: Մենք այսօր ականատես ենք, ինչպես դիպուկ բնութագրեց քաղաքագետը, նոր հրեշի ծնունդին, և այդ հրեշը այսօր կանգնեցնել կարելի է միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդունի իր կատարած սխալն ու պայքարի դրա դեմ: «Արևմուտքում քաղաքական ուժերից ու գործիչներից շատերն են դա հասկանում ու դրա մասին խոսում, բայց արևմտյան ուժերի քաղաքականության լոկոմոտիվը դեռ պատրաստ չէ փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում»,- շեշտեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Մերձավորարևելյան զարգացումներում նախապատվությունների վերադասավորության հարց, անկեղծ ասած, դեռևս չի նկատվում, բայց որ արդեն կան մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք սկսել են այս մասին խոսել, նշանակում է սառույցը սկսել է հալվել ու Մերձավոր Արևելքում նոր շրջադարձային փուլ է սկսվել:

 

 

Լավրովը եկավ ու գնաց` իր հետ բերելով բազմաթիվ հարցեր ու տանելով անկատար հույսեր

լավրով-սարգսյանՀունիսի 17-18-ը երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ուշագրավ հայտարարություններ արեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ:

Նախ` ինչպես հաղորդեց ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Սերգեյ Լավրովը Բաքվում հերքեց բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է ԵՏՄ:

«Ադրբեջանին որևէ ֆորմալ կամ պաշտոնական առաջարկ Եվրասիական տնտեսական միություն մտնելու վերաբերյալ չի արվել»,- Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լավրովը: Միաժամանակ ընդգծեց, որ իրենք դրական են նայում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի ԵՏՄ մտնելու փաստին, և հավելեց, որ կառույցը բաց է Ռուսաստանի բոլոր գործընկերների համար:

Իսկ Լավրովի այցից առաջ Ադրբեջանի տարբեր հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիքներ էին շրջանառվում, թե Լավրովը Բաքու է տանելու ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հրավերը:

Բաքվում Լավրովի արած երկրորդ կարևոր հայտարարությունը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ ԵՏՄ-ն այդ հիմնախնդրի հետ որևէ առնչություն չունի: «ԵՏՄ-ն հիմնել են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Շուտով դրան կմիանա նաև Հայաստանը: Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել միջազգային մակարդակով ճանաչված սահմաններով: Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով»,- Բաքվում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ադրբեջան այցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով, լրագրողների հետ զրույցում վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը վստահեցրեց, որ ՌԴ արտգործնախարարն ընդամենը դադարեցրեց շահարկումները. «Սերգեյ Լավրովի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ուղղված էր այս հարցով շահարկումների դադարեցմանը: Դա ոչ մի տեսանկյունից պետք չէր ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ռուսաստանին: Իսկ ի՞նչ էինք մենք սպասում: Նա ընդամենը բաժանեց Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի հարցերը: Այս տեսանկյունից ես այս հայտարարությունը որոշ առումով դրական եմ գնահատում»:

Ինչևիցե: Ադրբեջան այցից հետո` արդեն հունիսի 22-ին, Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանեց Հայաստան, ինչը հայ վերլուծական հանրությունում մեկնաբանվեց, թե այդ քայլով Մոսկվան ցանկանում է ընդգծել, որ իր համար կարևոր են նաև հայ-ռուսական հարաբերությունները:

Հունիսի 23-ին Երևանում Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները հանդես եկան միացյալ ասուլիսով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությանը` կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, նշեց նաև, որ ՌԴ-ն աջակցում է ցանկացած ջանքի, որը կհանգեցնի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորմանը: Ըստ նրա` ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

«Ես իրականում չեմ կարծում, թե այդ այցերն ընդհանրապես շրջադարձային են. ժամանակ առ ժամանակ Լավրովը կատարում է և՛ տարածաշրջանային այցեր, և՛ առանձին այցեր կա՛մ Հայաստան, կա՛մ Ադրբեջան: Կարծում եմ` ուշադրությունն ավելի շատ կապված է ավելի լայն գործընթացների հետ` Եվրասիական տնտեսական միության, Ռուսաստան-Արևմուտք համատեքստի, ուստի հասարակությունը, կարելի է ասել, չափից ավելի է ուշադրություն դարձնում այս այցերին»,- Լավրովի Հայաստան ու Ադրբեջան կատարած այցերն ամփոփելով` նշեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Լավրովը Հարավային Կովկաս «մեսիջներ» էր բերել

Անդրադառնալով Լավրովի հայտարարություններին կամ, ինչպես սիրում են նշել մեզ մոտ, «մեսիջներին»` Սերգեյ Մինասյանն ուշագրավ դիտարկում արեց, թե չի կարծում, որ տեսանելի ապագայում ինչ-որ կերպ հնարավոր է Ադրբեջանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Քաղաքագետը նաև չի ակնկալում, որ նույնիսկ տեսականորեն հնարավոր են նոր զարգացումներ արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում` չնայած այն հայտարարություններին, որ հնչել են և՛ Բաքվում, և՛ Երևանում: «Եվ կարծում եմ, որ այն մոտեցումները կամ ռազմավարությունը, որ այս համատեքստում ունի Ռուսաստանը, կարելի է ասել, վերջին 20 տարվա ընթացքում, կպահպանվի»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը:

Բայց Լավրովի այցից կարելի է նկատել, որ Ռուսաստանը փորձում է մի մեծ ինտեգրացիոն նախագիծ ձևավորել ու, փաստորեն, փորձում է ամեն ինչ անել, որ այդ նախագծին մասնակցեն նաև Երևանն ու Բաքուն: Ուստի, փորձում է ընդհանուր հայտարար ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այն խնդիրների վերաբերյալ, որոնք բաժանում են նրանց:

Այս իմաստով ավելի ուժեղ կողմն Ադրբեջանն է, քանի որ որոշակի առավելություններ ունի: Ռուսաստանը, ըստ էության, Ադրբեջանին համոզելու ավելի շատ կարիք ունի, քան Հայաստանին, քանի որ Հայաստանն ամբողջությամբ հանձնվել է Մոսկվային: Այսինքն` Հայաստանն այլևս ասելիք չունի, ու մնում է խնդիրները լուծել Ադրբեջանի հետ: Ադրբեջանը լուրջ ռազմավարական գործընկեր է Արևմուտքի համար, հատկապես` էներգակիրներ տեղափոխելու հարցում, և այս իմաստով, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի վրա Ռուսաստանի ճնշումները չեն կարող այնպիսի արդյունք ունենալ, ինչպես ունեցան Հայաստանի վրա: Ըստ էության, Լավրովն ուզում էր հասկացնել Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չպետք է կապել ինտեգրացիոն պրոցեսի հետ, և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի վտանգի Ադրբեջանի շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում, չի վնասի ադրբեջանցիներին ու, հետևաբար, ադրբեջանցիների համար էլ է բաց այս համակարգը:
«Եթե ընդհանուր դիտարկենք, ապա Լավրովի այցը Ադրբեջան մի գլոբալ նպատակ էր հետապնդում: Նախ` Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակադրության պարագայում նա փորձում է սիրաշահել Ադրբեջանին` հանգստացնելով, թե այստեղ ինքը Ադրբեջանի հետ պրոբլեմներ չունի, որոնք կարող են հանգեցնել հակաադրբեջանական գործողությունների` կապված ԼՂ հետ: Երկրորդ` նա ըստ էության ասում էր, թե Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, հատկապես հաշվի առնելով, որ Վրաստանը պատրաստվում է ասոցացվել ԵՄ-ի հետ: Եվ երրորդ` Ռուսաստանը մեսիջ հնչեցրեց, որ եթե Ադրբեջանն ուզի միանալ ԵՏՄ-ին, ապա այնտեղ բոլոր պրեֆերենցիաներից կօգտվի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Ահա Լավրովի հիմնական մեսիջները»,- շեշտեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Այսինքն` Լավրովի հայտարարությունները նպատակ ունեն հանգստացնելու ոչ միայն Արևմուտքին, այլև Ադրբեջանին: Սա մեզ համար, իհարկե, վտանգավոր է, քանի որ Հայաստանը փաստացի իր խաղադրույքներն ամբողջությամբ արել է, այլևս չի կարող վարել կոմպլեմենտար` «և՛-և՛»-ի քաղաքականություն, խուսանավումներ անել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, իսկ Ադրբեջանն այդ հնարավորությունը պահպանել է: Պատկերավոր ասած, եթե Հայաստանն իր առևտուրն ավարտել է` ընտրելով Ռուսաստանին, Ադրբեջանը դեռ իր առևտուրը շարունակելու է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև` փորձելով փոքր քայլերով դիրքային առավելություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հարցում:

Սահմանից 10 քայլ հետ… Այստեղ էլ մարդիկ են ապրում

Երասխ, գյուղապետարան (1)Վերջերս սահմանամերձ Երասխ գյուղում էինք: 21.3 քկմ ընդհանուր մակերեսով գյուղը Երևանից 80 կմ հարավ է գտնվում: Ըստ 2005 թ. տվյալների` գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Ներկայումս` 729: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի տվյալների` գյուղն ունի 210 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:

 Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական


Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական

Բայցև ունի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Դրանցից առաջնահերթերը, ըստ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի, դպրոցն է: 127 աշակերտ ունեցող դպրոցի շենքն անմխիթար վիճակում է, պատերը` կիսաքանդ, ապակիները` կոտրտված ու հին: Եթե դպրոցի մուտքի դռան մոտ գրված չլինի, որ այն դպրոց է, հեշտությամբ կարելի է շփոթել հազարավոր լքված ու անխնամ շենք-շինությունների հետ, որոնք մեզ ժառանգություն են հասել ԽՍՀՄ-ից: Երասխում նույնիսկ գյուղապետարանը վարչական շենք չունի, գործում է բնակչի տան մեջ, որը վարձել է գյուղապետը: Գյուղի միակ ու այնքան անհրաժեշտ բուժկետը նույնպես տեղակայված է բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում:

«Ունենք աշակերտներ, ունենք մանկապարտեզ գնացող երեխաներ, սակայն պարտեզ ու գրադարան ստեղծելու պայմաններ չունենք: Նույնիսկ գյուղապետը գյուղապետարանի տարածք չունի, որ մեջը նստի, վարձ է տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը: Չնայած գյուղապետը կարող է նաև վարձով տարածք վերցնել գյուղապետարանի համար, միայն թե գյուղը դպրոց, մանկապարտեզ, նորմալ բուժկետ ու այլ ենթակառուցվածքներ ունենա,- ոչ այնքան դժգոհելով, որքան խնդիրների բեռից խեղճացած, հոգոց հանելով պատմում է Ռադիկ Օղիկյանն ու շարունակում:- Խնդիրները շատ են, առավել ևս այս տարի, երբ գյուղացիների բերքը ամբողջությամբ ցրտահարվեց, ու գյուղացիների սոցիալական վիճակն ավելի վատացավ, ինչի հետևանքով շատ մարդիկ մեկնեցին արտագնա աշխատանքի, շատ մարդիկ էլ չկարողացան գնալ, սկսեցին ձմերուկ մշակել, բոստան տնկել»:

Մի խոսքով` սոցիալական վիճակը շատ վատ է պատերազմ տեսած, պատերազմ հաղթած Երասխ գյուղում, որն այսօր հանրապետության հարավ-արևմտյան սահման պահող բնակավայրերից է, գյուղի գլխին կախված բլրի վրա էլ տեղակայված են հայ, ու ադրբեջանցի դիրքապահները, որոնց զենքերի փողերը միշտ ուղղված են դեպի Երասխ, այնտեղից էլ` մինչ Երևան…

Երասխի կլիման խիստ չոր, ցամաքային է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 492 հա: Գյուղն ունի նաև պտղատու և խաղողի այգիներ` 55 հա ընդհանուր մակերեսով: Երասխցիները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Երասխի գյուղապետը, շնորհակալություն հայտնելով կառավարությունից, որ անցյալ տարվա մարտի որոշումով սահմանամերձ գյուղերի ժողովրդին ամբողջությամբ ազատեց հողի հարկերից, ոռոգման ջրի գինն էլ 50 տոկոսով փոխհատուցում է, նշեց, որ դա նպաստեց Երասխում գյուղատնտեսությամբ զբաղվելուն. շատ մարդիկ, եթե նախկինում մշակում էին 1 հա ձմերուկ, արդեն անցյալ ու այս տարի մշակում են 1.5-2.3 հա` ամեն մարդ իր հնարավորության սահմաններում:

Թո՛ղ կառավարությունը մեր մասին «չմտածի», թողնի հանգիստ ապրենք

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Գյուղացիներն իրենց կյանքից դժգոհ չեն, միայն նշում են` եթե լրացուցիչ ուշադրության արժանանային` վատ չէր լինի:
«Դե մենք մեր բան ու գործին, դաշտերում, ինչ պետք է անենք: Բայց կարծում ենք, որ կառավարությունը, պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Սահման պահողը մենք ենք, մեզանից է սկսվում Հայաստանը, բայց մենք մոռացության ենք մատնված»,- ասում են մայր ու որդի Կարինե և Արմեն Իշխանյանները, որոնց տունը, գյուղապետի տան հետ միասին, գյուղի ծայրին է ու հակառակորդին ամենամոտը` հայ-ադրբեջանական շփման գծից ու հակառակորդի դիրքապահներից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
Կարինե Իշխանյանը ցույց է տալիս տան առջև` ադրբեջանցի դիրքապահների հայացքի ներքո շորորվող թթենին ու պատմում, որ ծառն առաջին տարին բերք է տվել հեռավոր 1992 թ., երբ Երասխում մարտեր էին ընթանում, պատերազմ էր: Ծառի մոտ էլ ջուր չէր հասնում, և ինքն ու ամուսինը կրակոցների արանքներում, հաճախ նաև հենց կրակոցների պահին դույլերով ջուր էին վերցնում տան այգու աղբյուրից ու պատի տակով թաքուն մոտենում տան անկյունին, այնտեղից վազում դեպի թթենին, այդ ջուրն արագ լցնում ծառի տակ ու էլի շատ արագ հետ փախչում: Իսկ այսօր թթենին բերք է տալիս տիկին Կարինեի թոռնիկների ու հյուրերի համար, նաև իր ճյուղերին ճոճանակ է պահում, որ Կարինեի թոռնիկներն օրորվեն և ուրախանան, դրանով է կարծես խոհուն ծառն իր շնորհակալությունը հայտնում հոգատար տերերին, որ հակառակորդի գնդակների ներքո, իրենց կյանքը վտանգելով, կյանք են տվել իրեն ու բարակ շիվից ծառ դարձրել:

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Փոքրիկ ու ամաչկոտ աղջիկ թոռան թաթիկը բռնած, ձեռքի փոքրիկ ճյուղով էլ թխսին ու ճտերին «տիրություն» անելով` Երասխի բնակչուհի Սուսաննա Միքայելյանն էլ է պատմում գլխով անցածը, նշում, որ ամուսինը զոհվել է կռիվների տարիներին, իրենք էլ շարունակում են ապրել հակառակորդի սպառնալիքի տակ` սեփական քրտինքը Երասխի կիսաանապատային հողերին խառնելով: Ցույց է տալիս բակում ուրախ թռչկոտող թոռնիկներին ու նշում. «Նրանց համար ենք ապրում, չարչարվում: Ուզում ենք նրանց համար լավ ապրուստ ստեղծել, դրա համար ամեն ինչի դիմանում ենք, ամեն դժվարություն փորձում հաղթահարել: Միայն թե մեր մասին «վերևներում» մի քիչ շատ մտածեն, որ էս երեխեքը մնան գյուղում` իրենց երեխեքն էլ էս գյուղի փողոցներում խաղան»:
Գյուղապետ Օղիկյանը նշում է, որ սահմանամերձ գյուղերին աջակցությունն այն կարգի չի մատուցվում, որ սահմանամերձ բնակիչն ամրապնդվի ու մնա իր գյուղում ու սահմանը պահի:

«Այսօր, ճիտ է, բոլորի ոգին տեղը, քաջությունը տեղը, ապրում են, ստեղծում են, աշխատում են, գյուղատնտեսություն, հողագործություն, ամեն ինչ էլ անում են, մշակում են խաղող, ծիրան, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ, ձմերուկ ու սեխ են մշակում. աշխատասեր ժողովուրդ են: Բայց նաև ձեր լրատվամիջոցի շնորհիվ ես կխնդրեի մեր վերադաս մարմինների, մեր բարեգործների ուշադրությունը հրավիրել սահմանամերձ գյուղերում թեկուզ փոքր արտադրամսեր բացելու, աշխատատեղեր ստեղծելու, պետական ուշադրության արժանացնելու հարցերի վրա, որոնց կարիքն այսօր սահմանամերձ գյուղերը, համենայն դեպս` Երասխը շատ ունի»,- շարունակում է Ռադիկ Օղիկյանը:

Իսկ համագյուղացիներից Շիրազ Սահակյանը նշեց, որ իրենց ամբողջ օրվա գործը հողի, քար ու փշի հետ կռիվ տալն է, քարից բերք ու բարիք քամելը. «Մենք առավոտից դաշտերում ենք` աշխատում ու չարչարվում ենք, բայց դրանից էլ գոհ ենք: Մենք ստեղ ապրել ենք, ապրում ենք ու էլի կապրենք»:

Նրան մի դեպք պատմեցինք: Երբ հեռավոր ու դարձյալ սահմանամերձ գյուղերից մեկում` գյուղամեջում, ծառին թինկ տված 80-ամյա ծերունին իմացավ, որ լրագրող ենք, պատվիրեց, որ Երևան հասնելուն պես կառավարությանը հասցնենք իր պատգամը. «Թող կառավարությունն իր գործին նայի ու մեր համար չմտածի, թողնի հանգիստ ապրենք, թե չէ հենց սկսում է մեր մասին «մտածել», մեր վիճակը ծանրանում է»:
Շիրազին ծերունու խոսքերը շատ դուր եկան: Նա էլ նույն ոգով մեզ ասաց. «Ոնց պատմում էիք` թող մեզ Երևանից չանհանգստացնեն, թողնեն մենք հանգիստ մեզ համար ապրենք. չարչարվենք ու ապրենք»:

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «կրակել» Նախիջևանից

երասխ (2)Անցյալ շաբաթվա վերջը հայկական զինված ուժերի համար ցավալի ավարտ ունեցավ: Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի` Երասխ համայնքի տարածքում գտնվող դիրքերում հակառակորդի դիպուկահարների կրակից զոհվեց հայկական զինված ուժերի երկու զինծառայող` 26-ամյա սերժանտ Անդրանիկ Եղոյանն ու շարքային Բորիս Գասպարյանը: Այս օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծից եկած վերջին տագնապալի տեղեկատվությունը չէր սա, հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, ու արդեն քանիերորդ անգամ հայկական կողմը զոհեր է ունենում : Ընթացիկ իրավիճակը սահմանային գոտում կարելի է գնահատել կայուն լարված:

Նախիջևանն ավելի շատ թուրքական ֆորպոստ է

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Երասխի մերձակայքի դիրքերի միջադեպը, սահմանային միջադեպեր հիմնականում լինում էին Արցախի հատվածում և Հայաստանի համար, այսպես ասած, «ավանդական» շրջանում` Տավուշում: Այս անգամ միջադեպն աննախադեպ էր.հակառակորդը կրակ բացեց Նախիջևանի ուղղությունից, որտեղ իրավիճակը միշտ համեմատաբար ավելի կայուն է եղել, իսկ Երասխի ուղղությամբ վերջին գրեթե 20 տարիներին վիճակը հատուկենտ «անվնաս» կրակոցներից ավելի չէր սրվել, առավել ևս` զոհեր չէին եղել:

Եվ ուշադրության արժանի է այս հանգամանքը. 20 տավա ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղելՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքից ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա: Սա արդեն մտորելու տեղիք է տալիս: 2013 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով` Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, այն միշտ ընկալվել է որպես որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լրատվամիջոցներից մեկին այս առիթով ասել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել` համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է` սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»:

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ իր հերթին է լրատվամիջոցներին ասել, թե Երևանին այդքան մոտ սահմանագծից հնչող կրակոցների փաստը վկայում է Ադրբեջանին Թուրքիայի անթաքույց աջակցության մասին:

Եվ իրոք, ինչպես դեպքի հաջորդ օրը պատմել են միջադեպի ականատեսները, հայ զինծառայողները խոցվել են ոչ թե պատահական, այլ դիպուկահար կրակից, այն էլ` հզոր զենքերից, քանի որ Անդրանիկ Եղոյանը խոցվել է զուգարանում, իսկ Բորիս Գասպարյանը` խրամատի հրակնատի անցքից, ընդ որում հակառակորդի գնդակից զինվորին չի պաշտպանել անգամ պողպատե սաղավարտը: Այսինքն` կրակողները եղել են բարձր կարգի պրոֆեսիոնալներ: Բացի այդ, թե՛ երասխցիները և թե՛ հայ դիրքապահները նկատել են, որ կրակոցների ժամանակ հայկական դիրքերից մոտ 300-350 մ հեռավորության վրա կայանված է սև ամենագնաց, դեպի որն էլ կրակոցներից հետո տարբեր դիրքերից շտապել են 6-7 դիպուկահարները: (Համազորային դիպուկահարները 6-7 հոգանոց խմբերով չեն «աշխատում», բացի այդ, հասարակ զինծառայողներին սև ամենագնացներով չեն տեղափոխում:) Ականատեսները պնդում են նաև, որ այդ դիպուկահարները եղել են մինչև դեպքի օրն ու դրանից հետո այդ դիրքերում երբևէ չտեսնված համազգեստներով:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը չի բացառում, որ դիպուկահարները կարող են թուրքական կողմի ներկայացուցիչներ լինել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ միջադեպի հաջորդ օրն ասել է, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:
Նախիջևանը հատուկ կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում, այն և՛ Թուրքիայի անմիջական ուշադրության կենտրոնում է ու անմիջական սահմանակիցը, և՛ Ադրբեջանի, որովհետև հակառակորդները հասկանում են, որ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումները կարող են լինել Նախիջևանի կողմից: Ուստի մայիսի 5-ի միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:

Ադրբեջանի` Նախիջևանի կողմից կրակելու մոտիվացիան

երասխ (1)Նայենք, թե ինչ ընդհանուր համապատկերում տեղի ունեցան այս կրակոցներն ու փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ կարող էին դրանք հետապնդել:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում մի քանի հետաքրքիր դրույթներ կային:
«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և՛ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և՛ միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և՛ միջազգային հանրության նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքից անմիջապես հետո` հունիս 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պն հրավիրեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:
Դեսպան Կասպրշիկը մտահոգություն հայտնեց և խոստացավ քայլեր ձեռնարկել: Այսինքն` հերթական հերթապահ արտահայտությունը, որը դժվար թե շփման գծում իրավճակ փոխի, որովհետև մեր հակառակորդը թքած ունի ԼՂ հակամարտության միջնորդների հորդորների վրա, թե հարաբերությունների լուծման միակ ուղին վստահության վերականգնումն է, թե պետք է զերծ մնալ կրակոցներից ու դիվերսիոն-հետախուզական գործողություններից, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, միջադեպերի կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել և այլն:

Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար: Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր ակտիվացմանը` ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:

«Ե՛վ ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և՛ համանախագահները, և՛ Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որ վերջ դնեն տեղում դոփելուն: Իսկ դրան վերջ դնելու հիմքը մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամենին: Կարծում եմ` դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Բացի այդ, Հայաստանը պատրաստվում է մինչև հաջորդ ամսվա սկիզբն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բացահայտ Ադրբեջանի սրտով չէ: Ուստի, հակառակորդն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ անդամակցությանը խանգարի: Հակառակորդի կողմից մեր պաշտպանական դիրքերի ուժեղ և թույլ կողմերը գտնելու փորձերը, ինչպես օրերս Հ1-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, պլանային նպատակներ ունեն: Հակառակորդն անկասկած փորձում է իրավիճակը սրել, որովհետև նաև նպատակ ունի միակողմանի հաջողությունների հասնել բանակցությունների ընթացքում:

Բացի այս ամենը, կրակոցները պայմանավորված էին մի հանգամանքով ևս` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր խմբաքանակի զենք-զինամթերք- զինատեսակների մատակարարումով: Անկասկած, հակառակորդի կողմից սպառազինության ձեռքբերումը, ընդ որում` ոչ միայն հարձակողական բնույթի, մեզ համար մտահոգիչ է: Ու ցանկացած պարագայում Հայաստանը փորձելու է այնպես անել, որ հակառակորդը սպառազինություններով չգերազանցի մեզ ու երբեք ի վիճակի չլինի հարցերը լուծելու զինատեսակների գերակշռությամբ: Ինչպես այս կապակցությամբ մատնանշեց հենց Սեյրան Օհանյանը. «Հակառակորդը փորձում է մեզ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել, ու մենք շատ դեպքերում մեր երկրի սոցիալական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները սիպված ենք լինում ուղղել պաշտպանական ռեսուրսների ձևավորմանը: Իսկ հակառակորդն իր բախտը, ինչպես գիտենք, միշտ որոնում է հակամարտության ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ էլ ասեմ, որ նրանց մոտ գտնվող սպառազինության ամբողջ քանակն ու որակը մեր վերահսկողության տակ է, մենք ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, քանի որ գտնում ենք, որ սպառազինությունը չէ մարտական գործողությունների ընթացքում հաջողություն երաշխավորում, այլ մարդը` իր պատրաստվածությամբ, և այն բոլոր հնարամտությունները, որոնք կարող են օգտագործվել անհամաչափ գործողությունների, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղել է արցախյան գոյապայքարի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը` Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Ցավոք սրտի, և սա ընդգծեց նաև ՀՀ պաշտպանության նախարարը, մինչև ԼՂ հակամարտության քաղաքական խնդրի լուծումը նման միջադեպերը մեր կյանքի ուղեկիցն են լինելու,և մենք ստիպված ենք լինելու զսպել հակառակորդի «եռանդը» պատժիչ գործողություններով:

 

Պարզվում է` հիմա էլ լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում ներդրումները քիչ են

Կարեն-ՃՇՄԱՐԻՏՅԱՆՏնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թ. տարեսկզբից մինչ հիմա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, կազմում է 103.6 տոկոս: Երբ դիտարկում ենք ժամանակագրական շարքերը, ապա 2013 թ. այդ նույն ցուցանիշը, նույն ժամանակահատվածի համար կազմել է 103.5 տոկոս, 2012-ին` 107.2 տոկոս, իսկ 2011-ին` 106.1 տոկոս: Պարզ է` տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կամաց-կամաց անկում է ապրում:

Թվերը գաղջ չեն, մթնոլո՞րտն է գաղջ

Այս ցուցանիշը, թերևս, ոչինչ էլ չի ասի, եթե այն չհամադրենք այլ ցուցանիշների հետ: Այսպես, այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում, նույն ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում թողարկված ապրանքների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 97.2 տոկոս, նվազել է 2.8 տոկոսային կետով: Ավելի պարզ` հայկական արդյունաբերությունն ավելի քիչ ապրանք է արտադրել: Սա հիշենք ու անցնենք առաջ:
Արդեն քանի տարի է, ինչ ՀՀ նախկին կառավարությունը հայտարարել է, թե սկսում է, իսկ նոր կառավարությունը, թե շարունակում է արտահանման խրախուսմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, բայց նույն ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումը կազմել է 104.1 տոկոս, իսկ ներմուծումը` 109.9 տոկոս: Սա ցույց է տալիս, որ ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը, չնայած` կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես հուշում է տրամաբանությունը, պետք է հակառակ արդյունքների հասցներ: Իսկ դա կարող է նշանակել, որ հայկական տնտեսության համար դրսից ապրանք ներմուծելն ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը: Սա էլ հիշենք ու շարունակենք:
Ամենակարևոր ցուցանիշներից մեկը. այս տարվա հինգ ամիսներին սպառողական ապրանքները, ընդհանուր առմամբ, թանկացել են 0.9 տոկոսով: Իսկ այս տարվա մայիսին` նախորդ տարվա մայիսի համեմատ, գնաճը կազմել է 3.6 տոկոս:
Այս երեք ցուցանիշները, ամբողջը չեն, բայց հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Հայաստանում արտադրությունը հետընթաց է ապրում, ներմուծումը ավելի շատ է, գներն էլ գնալով աճում են: Փաստորեն, հանրապետությունում գործարար միջավայրի հետ կապված խնդիր կա: Օրինակ` մայիսի վերջին 1 շաբաթվա ընթացքում հատկապես ալյուրի, մակարոնեղենի ու հացի գները բարձրացել են մոտ 5-8 տոկոսով, չնայած միջազգային շուկայում ցորենի կամ ալյուրի գնաճ չի գրանցվել: Ու այս ամենը, ի դեպ, այն դեպքում, երբ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց Հայաստանի խոշոր գործարարներին ու պատվիրեց, որ այսուհետ բոլորն աշխատեն հավասար պայմաններում, ստվերից դուրս գան:

Հիմա էլ լրագրողներն են մեղավոր

Պարզվում է` Հայաստանում գործարարների նորմալ աշխատելուն, ներդրումներին ու տնտեսության զարգացմանը խանգարում են լրագրողների ստեղծած գաղջ մթնոլորտն ու հոռետեսական տրամադրությունները: Համենայն դեպս, արդեն քանիերորդ անգամ նման տեսակետ է հայտնում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջին անգամ էլ հունիսի 2-ին նշեց. «Ինչո՞ւ են ձեր հարցերը բացասական, դուք դրանով ազդում եք ներդրումային ոլորտի վրա, գործարար միջավայրի վրա»:
Լրագրողների հարցին` ուրեմն լրագրողնե՞րն են միայն, որ բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա, նախարարը պատասխանեց. «Նաև դա, երբ մարդ առավոտյան արթնանում է, և նրան միայն բացասական էմոցիաներով են կերակրում, նա չի ուզենա ներդրումներ անել: Չէ՞ որ լրագրողներն են հոգևոր ու մտավոր սնունդ տվողը»:
Այդպիսի բաներ: Ստացվում է` լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում մարդիկ ներդրումներ չեն անում, ոչ թե, օրինակ, կառավարության ու նրա անդամների գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքն ու անվստահությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, հարկային ու մաքսային վարչարարությունը, արդարադատության համակարգը, կյանքի և գույքի անձեռնմխելիության ինստիտուտների «դռդռալը» և այլն:

Փաստորեն, վերը բերված վիճակագրական տվյալները հիշելով, ըստ ճշմարիտյանական «ախտորոշման», հենց քիչ առաջ մենք մեկ անգամ ևս խանգարեցինք իքս գործարարին, որ Հայաստան էր եկել իր միլիարդավոր միջոցները Հայաստանում ներդնելու «ռազմահայրենասիրական» մտադրությամբ:
Միգուցե էկոնոմիկայի նախարարը հաշվե՞լ է, թե քանի գործարար Հայաստանում այդ անպիտան լրագրողների պատճառով ներդրումներ չի կատարել:
Իսկ բիզնես-խորհրդատու Կարեն Սարգսյանը, որ հունիսի 2-ին ասուլիս էր տալիս հայաստանյան լրատվական ակումբներից մեկում, բոլորովին այլ պատճառներ էր նշում. «Այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում առաջանում են զարգացման տեսանկյունից, ոչ թե կապված են հայկական բիզնեսմենների կողմից մատնանշվող հարկային, մաքսային, օրենսդրության և այլ խնդիրների, այլ ավելի շատ ներքին խնդիրների կարգավորման հետ»:
Բիզնես-խորհրդատուի խոսքով` այսօր Հայաստանում բիզնեսն աճում է, բայց չի զարգանում. աճում է ֆինանսական իմաստով, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում աճի վրա, ոչ թե զարգացման, այնինչ աճը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:
Ինչևիցե: Նշենք մի քանի օբյեկտիվ իրողություններ էլ: Սովորաբար, երբ երկրում արտագաղթը մեծ է, նշանակում է` շուկան է փոքրանում: Երբ բարձր գնաճ է արձանագրվում, իսկ մարդկանց եկամուտները մնում են անփոփոխ, նշանակում է` մարդիկ չեն կարող գնողունակ պահանջարկ ձևավորել: Երբ հարկային ու մաքսային, կամ առհասարակ պետական վարչարարությունն ուղղված է բիզնեսի կաշին քերթելուն, ոչ թե վստահելուն ու համագործակցելուն, երբ մարդկանց համար ավելի ձեռնտու է ծխել ոչ թե 300 դրամանոց հայկական միջինից ցածր որակի սիգարետ, այլ միջին եվրոպական, այս ամենը ավելի շատ է անդրադառնում թե՛ գործարար, թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ մարդկանց բիզնես ակտիվության վրա: Լրագրողներն այստեղ ընդհանրապես դեր չունեն: