|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները:Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։
|
Ջահերով երթը կմեկնարկի վաղը երեկոյան, Ազատության հրապարակից
Ապրիլի 23-ին՝ ժամը 18.00, Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին միանալու կոչին։
Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։
Մասնավորապես, ՀԵՀ-ի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա մոմավառություն. ժամը 18.00 Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երիտասարդները կշարժվեն մինչև Վարդանանց հրապարակ։
Վանաձորում ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից երիտասարդական խմբերը երթով կշարժվեն դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հուշարձան:
Նույն օրն՝ ժամը 19.00, Իջևանի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ։ Երիտասարդներն Իջանի Անկախության փողոցով կշարժվեն դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը մարզի մի շարք կառույցների հետ համատեղ կիրականացնի ջահերով երթ դեպի Արմավիրի քաղաքային այգում գտնվող 1915թ. Ցեղասպանության զոհերի հուշակոթող։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կոչ է անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Գյումրիում տասնյակ վթարային շենքերի բնակիչներ սպասում են իրենց շենքերի ամրացմանը
Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ:Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին և երբեմն էլ դժվարին մաքառումների գնով կարողացան հասնել այն բանին, որ իրենց մասնակի վթարված շենքերը չոչնչացվեն: Նման շենքերից է Գյումրու Խրիմյան Հայրիկ 48 հինգհարկանին, որը մինչև օրս կանգուն է, թեև բազմաթիվ պաշտոնյաներ ձգտել են քանդել այն և տարածքն օտարել: Այդ շենքը գոնե նվազագույն ծախսերով վերականգնելու անհրաժեշտությունը բարձրաձայնելու համար օրերս «Շիրակ կենտրոն» դիմեցին կառույցի նախկին բնակիչները, որոնք 25 տարի շարունակ բնակվելով հարևանությամբ տեղադրված վագոն-տնակներում, շենքին բառիս բուն իմաստով պահակություն են անում: Նրանք պետությունից կամ անհատ բարերարներից ակնկալում են աննշան աջակցություն, որպեսզի կարողանան գումարելով սեփական միջոցները` ամրացնեն, վերականգնեն այն և տեղափոխվեն բնակվելու իրենց երբեմնի լուսավոր և տաք բնակարաններում:
Ավելին, եթե այդ շենքը վերականգնվի և բնակարանները բաշխվեն նախկին բնակիչներին, մոտ 10 բնակարան էլ ազատ կմնա, դրանք հնարավոր կլինի հատկացնել այլ անօթևան ընտանիքների:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Երևանում մեկնարկել է «Հայերենն իմ սրտում է» խորագրով Համահայկական Երիտասարդական Համաժողովը
Ապրիլի 22-24-ը Երևանում անցկացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» խորագրով Համահայկական Երիտասարդական Համաժողովը, որին մասնակցում են բազմաթիվ հյուրեր սփյուռքի բազմաթիվ հայկական համայնքներից, մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, սփյուռքահայ երիտասարդներ:
Մեկ ժամ առաջ ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո «Հայերենն իմ սրտում է» համաժողովը հայտարարեց բացված:«21-րդ դարի հայ երիտասարդը պետք է իմանա հայերեն, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում կարողանա պահել իր հայի տեսակը»,-նշեց նախարարը:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր ուժը մեր միասնության մեջ է»,-նշեց վարչապետը, կարևորելով Սփյուռքի նախարարության առաքելությունը հայապահպանության գործում: «Հայերենն իմ սրտում է» համաժողովին հնչեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարների տեղակալների ողջույնի խոսքերը:
Վաղը համաժողովի երկրորդ օրվա շրջանակներում մասնակիցները կբաժանվեն երեք թեմատիկ խմբի՝ Երիտասարդության հիմնախնդիրներ, Լեզվամշակութային հիմնախնդիրներ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Զեկույցներով ու առաջարկներով հանդես կգան ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայկական համայնքների երիտասարդական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները վաղը երեկոյան կմասնակցեն նաև Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին, ապրիլի 24-ին նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպված ծառատունկին, կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
«Շատ դեպքերում մեղադրում եմ մորս»
Աշխարհում կանանց սպանությունների 40-70%-ը կատարվում է իրենց իսկ ամուսինների կամ զուգընկերների կողմից: Իսկ յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքում ենթարկվում է ծեծի, սեռական հարկադրման կամ այլ կարգի բռնության: Եվ չկա մի երկիր, որտեղ այս երևույթը չլինի: Հայաստանում` նույնպես: Մեզանում գուցեև մահվան ելքով դեպքերի վիճակագրությունն այդքան էլ սարսափելի չէ, բայց մեր պարագան յուրահատուկ է նրանով, որ բռնության ենթարկվող կինը մենակ է մնում իր դժբախտության հետ:
Մեր զրուցակիցը 29-ամյա Մարիաննա Ղուկասյանն է (իր խնդրանքով հերոսի անուն– ազգանունը փոխված է), ասում է՝ դեռ մանկուց երազել է հոգատար ու սիրող ամուսին ունենալ: Մարիաննայի երազանքը, ցավոք, որբացել է...
«ԱՄՈՒՍՆԱՑԱ 17 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»
Մարիաննա Ղուկասյանը ծնվել է 1954 թ. Երևանում: Սովորել ու գերազանցությամբ է ավարտել միջնակարգ դպրոցը: Հայրը ցանկանում էր, որ աղջիկը թարգմանչուհի դառնա: Մարիաննան ասում է, որ իր ուժերով պարապել ու ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ՝ մասնագիտանալով թարգմանության ոլորտում:
– Ընկերուհուս հետ եկեղեցի էի գնացել մոմ վառելու: Ընդունելության քննությունների վերջին փուլն էր: Ավտոբուսով եկեղեցուց գալիս էինք Երևան: Ճանապարհի կեսին ինձ մոտեցավ մի երիտասարդ՝ ձեռքին բավական ծանր տոպրակ: Ասացի՝ կարող եմ օգնել: Նա չհրաժարվեց,- պատմում է Մարիաննան ու շարունակում,- երիտասարդը սկսեց անընդհատ ինձ հարցեր տալ՝ ի՞նչ եմ անում, որտե՞ղ եմ սովորում և այլն: Ես էլ պատասխանում էի: Ընկերուհիս, դե, քաղաքի աղջիկ էր, ու շուտ գլխի գցեց, որ տղան ուղղակի խոսեցնում է ինձ:
Սեպտեմբեր ամսին, երբ Մարիաննան արդեն ոտք էր դրել համալսարան, մի օր տեսնում է այդ երիտասարդին:
– Հետո սկսվեցին հետապնդումները… Մի օր էլ հայրս եկավ համալսարան, ու նա համարձակվեց ծանոթանալ հորս հետ: Ներկայացավ ու ասաց, որ ծնողների հետ ցանկանում է գալ մեր տուն,- հիշում է Մարիաննան:
Ու տեղի ունեցավ նշանադրությունը: 17-ամյա Մարիաննան մեկ ամիս անց ամուսնացավ:
– Ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ դա սեր էր առաջին հայացքից,- ասում է Մարիաննան,- առաջին ամիսները շատ լավ էին, հաշտ ու խաղաղ ապրում էինք: Ես, բնականաբար, միշտ էլ ենթարկվողի դերում էի: Եվ դա թույլ չէր տալիս, որ ընտանիքում կռիվներ լինեին:
Մարիաննան պատմելիս մի պահ կանգ առավ, ու նրա աչքերից կաթ-կաթ արցունք գլորվց:
– Կես տարի էլ չկար, որ ամուսնացել էի, ու մեր ընտանիքում սկսվեցին անվերջանալի պատերազմները: Ես էլ արդեն հղի էի: Ամուսինս հարբած տուն էր գալիս ու մի անհեթեթ պատրվակով ծեծում ինձ,- պատմում է Մարիաննան,- մերոնց բան չէի ասում, ինքս իմ մեջ միշտ վերլուծում էի: Բայց մի անգամ ամուսինս չափ ու սահմանն անցավ. ընկերների հետ եկավ տուն ու բոլորի ներկայությամբ ցանկացավ բռնաբարել ինձ: Պատկերացնում ես, որքան ստորացուցիչ է: Ես էլ զանգահարեցի հորս: Այդ պահին նա ինձ ձեռքով այնպես հարվածեց, որ ուշաթափվեցի:
Մարիաննան ընկնում է հիվանդանոց: Բնականաբար, բժիշկներն ամեն ինչ անում են, որ Մարիաննայի համար ամեն ինչ լավ լինի, բայց, ավաղ, չեն կարողանում փրկել նոր լույս աշխարհ եկող երեխայի կյանքը:
– Կորցրեցի ոչ միայն երեխային, այլև ամենքին: Ընկերներս ինձնից միանգամից երես թեքեցին, ծնողներս չէին ցանկանում շփվել հետս, ու որոշեցի առանձնանալ,- ասում է Մարիաննան,- դատարանով բաժանվեցի ամուսնուցս ու վարձով մոտ երեք տարի ապրեցի, աշխատեցի գոնե ինքս իմ կարիքները հոգալու համար: Այդ դժվար պահին ինձ ոչ ոք չօգնեց:
«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԷԼ ՍԵՐԸ ՉԺՊՏԱՑ ԻՆՁ»
Մարիաննան ասում է, որ համալսարանն ավարտեց գերազանցության կարմիր դիպլոմով ու աշխատանքի անցավ ոչ իր մասնագիտությամբ: Տուրիստական ընկերություններից մեկի տնօրենի օգնականն էր երկար ժամանակ:
– Այդքան դաժանություններից, ցավից հետո, արդեն հստակ ինքս իմ մեջ որոշել էի, որ չեմ ամուսնանալու, ու վերջ, բայց սիրո հարցում դու անզոր ես, նա այցելում է քեզ այն ժամանակ, երբ չես էլ սպասում: Տղան, որ միասին էինք աշխատում, լավ գիտեր իմ կենսագրությունը, ու մի օր ասաց. «Արի ամուսնանանք»: Այդ կոչն այնքան խորթ թվաց, որ միանգամից մերժեցի: Նա սպասեց ավելի քան մեկ ու կես տարի: Ես արդեն համաձայնեցի, քանի որ հասկացա՝ գտել եմ մեկին, որն ինձ իսկապես սիրում է: Մենք ամուսնացանք:
Մարիաննայի խոսքով՝ հաշտ ու խաղաղ ապրում էին, մինչև այն պահը, երբ ամուսինն ինքն իրեն «կորցրեց»…
– Երկրորդ ամուսինս բռնություններ կիրառելուց հեռու էր: Սակայն ընկերների հետ սկսեց զբաղվել բիզնեսով,- շարունակում է Մարիաննան,- սկսեց գիշերները շատ ուշ գալ: Մի ամիս անց իմացա, որ մենք էլ ապրելու տեղ չունենք, որովհետև ամուսինս խաղատանը տարվել է: Ես, անկեղծ ասած, հույսս չկորցրեցի ու ասացի, որ ամեն ինչ լավ կլինի:
Մարիաննան որոշեց իր սիրո հավասարումը լուծել ի շահ երկուսի: Հույս ու հավատ ներարկեց ամուսնուն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց Մարիաննան այս անգամ էլ չհաղթեց:
– Նա եկավ տուն ու կոպիտ ասաց. «Դու էսօրվանից պետք ա մարմնավաճառությամբ զբաղվես, դեղի համար փող ա պետք»: Սկզբում չհասկացա՝ ինչ է ասում, որոշեցի պարտք անել: Մի քանի ամիս անց միայն գլխի ընկա, որ ամուսինս թմրամոլ է դարձել ու դեղերից արդեն կախում ունի: Այդքան չէի էլ կարող աշխատել, հազիվ տունն էի պահում, ու կուտակած ահռելի քանակությամբ պարտքը մանր-մանր փակում:
Ի վերջո, երկրորդ ամուսինը նրան դրդում է մարմնավաճառության:
– Նա արդեն ոչինչ չէր հասկանում, դե դեղերի ազդեցության տակ էր: Անընդհատ ժպտում էր, ասում էի՝ ինձ ծեծում են օտար տղամարդիկ, ժպտում էր, ասում էի՝ հայհոյում են, ստրկացնում են մի քանի կոպեկի համար, ծիծաղում էր: Որոշեցի ոչինչ չանել իր համար ու հեռացա նրանից: Մի քանի ամիս անց իմացա, որ նրան իրավապահները բռնել են, ու արդեն բանտ է ընկել:
Մարիաննան դատարանի միջոցով պաշտոնապես բաժանվեց երկրորդ ամուսնուց, ու շարունակեց կյանքի հետ իր պատերազմը:
ԻՍԿ ՀԻՄԱ՞
– Հիմա ես աշխատում եմ ու ապրում մեն-մենակ: Այսքան տառապանքներից հետո ինձ հաջողվում է վաստակել ինքս ինձ պահելու համար: Փառք Աստծո, մի քանի լեզվի տիրապետում եմ, ու լավ աշխատանք ունեմ,- ասում է Մարիաննան:
Մեր այն հարցին, թե ով է մեղավոր այս ամենի համար, պատասխանում է.
– Այս ամենի համար առաջին մեղավորը ես եմ: Սա իմ կյանքն է, և սկզբունքորեն ես պետք է կառավարեի իմ կյանքը: Բայց մեղքի մեծ բաժին ունեն ծնողներս, հատկապես՝ մայրս: Նա ինձ 17 տարեկանում ամուսնացրեց, վախենում էր, որ իր աղջիկը հանկարծ տանը չմնա: Ու այսպիսի ճակատագիր ունեցա: Հիմա ես օտարացել եմ բոլորից: Էլ ընկերներ չունեմ, բարեկամներ չունեմ: Ոչ ոք ինձ չի հիշում, շատերի համար ես մեռած եմ: Ուղղակի ապրում եմ ինքս ինձ համար ու սկսելու եմ լավ ապրել:
– Որոշել եք էլի՞ ամուսնանալ:
– Չէ՛, չէ՛, ամուսնանալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ընկերուհի ունեմ, որի հետ ծանոթացա մոտ երկու տարի առաջ, որոշել ենք գործարարությամբ զբաղվել, տեսնենք` ինչ կլինի: Էլ երբեք ես չեմ ամուսնանա, ափսոսում եմ միայն նրա համար, որ գոնե մի երեխա չունեմ, ու, ցավոք, չեմ կարող ունենալ:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ
Անձնազոհությունը ոգու կանչ էր« բերդաձորցի» Արմենի համար
Արցախյան ազատամարտը 1994 թ. ապրիլի 21-ին խլեց հերթական թանկագին զոհերը` միանգամից 14 կյանք: Որդեկորույս ևս 14 մայր ունեցանք, այն դեպքում, երբ հրադադարին հաշված օրեր էին մնացել:
Մարտակերտի շրջանի Կարմիրավանի մատույցներում խրամատավորված շենգավիթցի տղաները` շուրջ 30 քաջերը, հրամանի էին սպասում, երբ կատարվեց անսպասելին: Թշնամին, խորանալով նրանց դիրքերը, օղակի մեջ առավ նրանց: Ակամա շրջափակման մեջ հայտնվելով` քաջ մարտիկներն անձնուրաց կռվի մեջ մտան, կռվեցին մինչև վերջին փամփուշտը: Հրամանատարներ Արմեն Հովհաննիսյանն ու Վահագն Վարդևանյանն ամեն ինչ արեցին, որ ապահովեն մարտիկների նահանջն ու դուրս գան կրակե օղակից: 30-ից միայն 16-ին հաջողվեց մարտով ճեղքել թշնամու օղակը և դուրս գալ մահվան ճիրաններից: Իսկ մնացածները,որոնց թվում նաև հրամանատար Արմեն Հովհաննիսյանը, հավերժի ճամփորդներ դարձան:
Ոչ ոք հետաքրքրության համար պատերազմ չի գնում: Մշեցի Մուշեղ պապի արյունը երակներում` երիտասարդ Արմենը շարժման առաջին օրերից լռելյայն նվիրվեց հող հայրենիի պաշտպանությանը, հաճախ սեփական կյանքը վտանգելով` ապացուցեց իր նվիրումը ազգին:
Նա ծնվել է 1963 թ. մայիսի 24-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և որպես փականագործ աշխատանքի անցել «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման թիվ 12 արտադրամասում: Փականագործից տեղամասի վարպետ դարձավ: Եվ ոչ միայն, ինչպես Պարույր Սևակն է ասում, Արմենը աշխարհը շալակած մարդկանցից էր, որովհետև 1988-ի երկրաշարժի, Արցախի ցավը նաև նրանը դարձավ: Երբ գործարանում երկու փրկարար ջոկատ կազմվեց, Արմենն աղետի գոտի մեկնեց:
Իսկ հետո գործարանի «Արցախ» բարեգործական միության ակտիվիստներից դարձավ, որի շրջանակներում ձեռք բերված բազմաթիվ շարժական էլեկտրաագրեգատները նվիրեցին Արաբկիրի թիվ 5 մանկական հիվանդանոցին, Կամո քաղաքի մանկատանը: Արցախ տեղափոխեցին սննդամթերք, կենցաղային իրեր: Արմենի նախաձեռնությամբ ու «Հայ դատի» հովանավորությամբ 1990 թ. հրատարակվեց «Զորավար Անդրանիկը», իսկ 1991թ.` Գարեգին Նժդեհի մասին պատմող «Հավատամք» գրքերը: Իսկ երբ գործարանում սկսվեց զենքի արտադրությունը, այստեղ էլ նա իրեն չխնայեց: Գիշեր-ցերեկ հաստոցի առջև էր:
25-ամյա երիտասարդը մտահոգ էր նաև Նախիջևանի հայապահպանության խնդրով, քանզի մինչ Արցախ մեկնելն Արմենն իր ընկերների հետ Օրդուբադի շրջանի Ազա գյուղ զենք ու գումար տարավ, որպեսզի հայերին կարողանան պահել գյուղում, բայց արդեն ուշ էր, շատերն էին հեռացել, մնացած հայրենակիցներին էլ հուսալքությունն էր պատել: Իսկ Զնաբերդի բնակիչներին բաժանեցին մեր պապերի որսորդական հրացանները, որպեսզի կռվեն: Չկռվեցին: Գյուղը մի գիշերում դատարկվեց:
Նրա մուտքն Արցախ Բերդաձորով սկսվեց: Երբ 1988-ին Ազատության հրապարակում առաջին հանրահավաքներն էին տեղի ունենում, իսկ Արցախում` ձերբակալություններ, Արմենն իր ընկերների հետ զինված ջոկատով արդեն Բերդաձորում էր: Ենթաշրջանն ուներ մի քանի գյուղ` Մեծ Շեն (Կիրով), Տասը Վերստի, Եղծահող, Կանաչ Թալա, Խերխան. գյուղեր, որոնց հայաթափումը ոչ միայն հակառակորդի, այլև նրան օգնության հասած ռուսական ուժերի գերխնդիրն էր:
Իսկ երբ 1990 թ. Ազատության հրապարակի հերթական հանրահավաքում հայտարարվում է, թե մինչև ատամները զինված մեր 200 տղաները Բերդաձորում են, հետևանքը չի ուշանում: Բերդաձորը չորս կողմից շրջափակվում է, խճուղային բոլոր ելումուտները` հսկվում:
Բայց իրական հերոսը, իրոք, մահից ու ահից չի վախենում, ինչպես չվախեցան ո՛չ Արմենը, ո՛չ էլ նրա մարտական ընկերները: Ասվածի ամենավառ ապացույցը, թերևս, Եղծահողի գյուղապետ Ռ. Նասիբյանի բնութագրումն է. «1988 թ. մեր հարևաններն ուզում էին մեզ ծնկի բերել քաղցի մատնելու միջոցով: Ամեն օր կազմակերպում էին սպանություններ, հրկիզումներ, ահաբեկչություններ: Նրանց նպատակն էր հայաթափել Բերդաձորի ենթաշրջանը և դրանով Արցախը վերջնականապես անջատել Հայաստանից: Ահա այդ օրհասական օրերին Բերդաձորին իր օգնության ձեռքը մեկնեց Հայաստանից եկած կամավորական ջոկատը, որի կազմում էր նաև Արմեն Հովհաննիսյանը: Անտեսելով վտանգը` նա իր ընկերների հետ ամեն ինչ անում էր` ուղղաթիռով ժամանակին Բերդաձորին հասցնելու ամեն տեսակի օգնություն: Կարճ ժամանակում նա արժանացավ բնակիչների սիրուն ու հարգանքին: Բերդաձորն ընկղմված էր խավարի մեջ, Արմենն ուղղաթիռով էլեկտրաագրեգադ հասցրեց, ու մեր բնակարանները լույսով ողողեց: Բնակչությունը մերկ էր, քաղցած, այստեղ էլ նրա ձեռքը հասավ: Թշնամու հսկողության ներքո մեզ հասցրեց հագուստ, սնունդ, դեղորայք, զենք-զինամթերք,որն այդ օրերին խիստ անհրաժեշտ էր մեզ: Նրա հետ մենք այնպես էինք մտերմացել,որ յուրային էինք համարում: Բոլորը նրան Բերդաձորի Արմեն էին կոչում»:
Այս անվերջանալի թվացող կռվում երբեք իրեն չխնայեց: Մասնակցեց Շուշիի, Լաչինի ազատագրմանը, Խոջալուի, Ֆիզուլիի մարտական գործողություններին: Նոր էր վերադարձել Մարտակերտից, երբ Շենգավիթի շրջանում եռամսյա զորահավաք անցկացվեց: Առանց հապաղելու 1994 թ. հունվարի 20-ին իր վաշտով մեկնեց Մարտակերտ: Ցավոք, այդ մարտը վերջինը եղավ 31-ամյա Արմենի համար:
1996 թ. սեպտեմբերին քաջ հայորդին ՀՀ և Արցախի իշխանությունների կողմից պարգևատրվեց «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Մայրական երախտագիտություն» և «Խիզախության» մեդալներով:
1999 թ. հոկտեմբերի 22-ին Էրեբունու շրջանի թիվ 194 հիմնական դպրոցը, որտեղ տասը տարի շարունակ ուսման գերազանցիկ է եղել ազատամարտիկը, անվանակոչվեց Արմեն Հովհաննիսյանի անունով: Դպրոցի բակում հերոսի բրոնզաձույլ կիսանդրին է, պատին` Արմենի ու դպրոցի յոթ զոհված սաների անուններն ամփոփող հուշատախտակը, իսկ դպրոցի փառքի սրահում նրա անձնական արխիվն իր առանձնակի տեղն ունի: Այնպես որ Արմենի ներկայությունն այստեղ ամենուր է, իսկ նրա ծննդյան ու մահվան օրերն արդեն 19 տարի է, ինչ նշվում են արիության դասերով:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ
ՀԱՄՀ խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և հիմնադրամի առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012 թվականին արձանագրված տնտեսական արդյունքները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013 թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես, տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 իսկ ՀՆԱ-ն՝ 11,7 տոկոս: Արդյունաբերության բնագավառում արձանագրված աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում՝ 2,3, ծառայությունների ոլորտում՝ մոտ 7 տոկոս:
«Պետք է արձանագրել, որ բացասական սալդոյի պարագայում արտահանման տեմպերը մոտ երեք անգամ շարունակում են ավելի բարձր լինել ներմուծման տեմպերից: Սա հիմնականում պայմանավորված է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ռազմավարությամբ: Տեսնում ենք, որ այս քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները և մենք այն շարունակելու ենք: Պետությունն իր գործիքակազմով՝ վարկային միջոցներով, պետական երաշխավորությամբ, հարկային արտոնություններով կշարունակի օժանդակել մասնավոր հատվածին, որոնց ծրագրերն ուղղված կլինեն աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների աճին: Կառավարությունն արդեն իսկ նման 20 ծրագիր է հաստատել:
2013 թ. պետական բյուջեն հաշվարկել ենք 6,2 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշով, իսկ առաջին եռամսյակում շոշափելիորեն՝ 7 միլիարդ դրամով գերակատարել ենք հարկային մուտքերը, քան ծրագրված էր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ 2012 թ. կառավարությունն ավարտել է 7,2 տոկոս տնտեսական աճով: Վարչապետի խոսքով՝ կարևոր է հատկապես տնտեսական աճի կառուցվածքը և այն հանգամանքը, որ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք ՀՆԱ-ի մեջ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, ապահովել են բարձր աճի տեմպեր: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի արձանագրվել է 9,3, իսկ արդյունաբերության բնագավառում՝ 14,5 տոկոսի տնտեսական աճ: 48 տոկոսի աճ է ապահովվել ջրամատակարարման, վերամշակման և թափոնների կառավարման ոլորտում: Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում արձանագրվել է 6, փոխադրումների ոլորտում՝ 14, ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում՝ 23 տոկոսի տնտեսական աճ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. շինարարության ոլորտը դուրս է եկել զրոյական մակարդակի վրա: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ սկսած 2009 թ.-ից տնտեսության մեջ հիմնական անկումը՝ 43 տոկոս, արձանագրվել է հենց շինարարության ոլորտում: «Հետագա տարիների ընթացքում էլ շինարարությունը տնտեսության հիմնական զսպող ուժն էր: Վերջապես, 2012-ին հասել ենք զրոյական մակարդակի: Ակնկալում ենք, որ 2013 թ. շինարարությունը կսկսի վերականագնվել և ապահովել տնտեսական աճ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները բավականին բարվոք են. բյուջետային դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը, ինֆլյացիան գտնվել է ծրագրավորված ցուցանիշի՝ 4 տոկոսի շրջանակում, իսկ արտաքին պարտքը կազմել է 37 տոկոս, որը նույնպես արտաքին պարտքի թույլատրելի շեմի շրջանակներում է:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը և հիշեցրել, որ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և աշխարհի 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները լինելու են շարունակական:
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական, առողջապահական, տեսչական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու ծրագրերին:
Խորհուրդը քննարկել և հաստատել է 2012 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունը, անդրադարձել ՀԱՄՀ ապագա ծրագրերին:
Քննարկվել են արտահանման վարկավորման ապահովագրության ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով:
«Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաև Եվրոպական միության և չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը և այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին և զարգացման հնարավորություններին:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին ցեղասպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Յան Բաուերն ու պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները։
«Պատվո» հյուրերի հուշամատյանում Յան Բաուերը կատարեց գրառում. «Շնորհակալություն, որ կարողացա լինել այս թանգարանում։ Տխուր ու ողբերգական է։ Կարող ենք դասեր քաղել։ Ես շատ տխուր եմ, որ Դուք ունեցել եք այսպիսի ողբերգական անցյալ»։
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։
Նշելով, որ առաջին անգամ է լինում Հայաստանում, նա ասաց. «Ինչին, որ ականատես ենք այստեղ՝ բավականին հուզիչ է»։
Ինչ պետք է անել ցեղասպանությունները կանխելու համար հարցին ի պատասխան՝ Յան Բաուերը նշեց. «Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկիր է, եւ մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»։
Խորհրդատվություններ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ
Ապրիլի 18-ին Երեւանում կայացան Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ հերթական խորհրդատվությունները` արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Ալեքսանդր Միխնեւիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապերի եւ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեքսանդր Միխնեւիչը խորհրդատվությունների ժամանակ քննարկեցին միջազգային կառույցների շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Դոլարը`415.5 դրամ
Գալուստ Սահակյանը մտքում հայհոյել է
Այսօր Աժ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն դիտարկմանը, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը որպես իշխանավոր կնքեց իր մահկանացուն, մտածեց և իրեն բնորոշ տոնով ասաց. «Ասում են` »
«Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան մոգոնելը քաղաքական ճակատագրի վախճան է: Եթե լուրջ արտահայտվեր, կպատասխանեի, կին է, չեմ կարող հայհոյել, մտքումս պատասխանեցի»:
Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին՝ Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական դաշտում այդպես էլ չձևավորվեց կազմակերպված ընդդիմություն, և դա ցավ է: Նրա հավաստմամբ՝ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, առաջիկայում կներառվեն կառավարության ծրագրում: «Հեշտ չի լինելու, բայց մենք պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնելու՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ կարգավիճակ կունենա»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ ժողովուրդը պահանջում է սոցիալական վիճակի բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, արտագաղթի կանխում և այլն:
Գ.Սահակյանի խոսքով՝ իշխանությունը դարձյալ պիտի կատարի թե´ ընդդիմության, թե´ իշխանության դերակատարություն, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը:
«Լավ, մենք մեռանք-գնացինք, բայց երկիրը պետք է փոխհատուցման օրենք ունենա՞, թե՞ չէ». հաշմանդամ օդաչու
Դավիթ Դավթյանը օդաչուական գործունեությունը սկսել է 1966 թ.` «Կուկուռուզնիկ» ինքնաթիռից: Հիշում է` այդ ժամանակ Հայաստանում դեռ նորմալ ճանապարհներ չկային, ավտոմեքենաներն էլ քիչ էին, և այդ ինքնաթիռներով հանրապետության տարբեր վայրեր չվերթներ էին իրականացնում:
Հետո անցավ «ՅԱԿ-40»-ին, իսկ 1978-ից մինչև 2000 թ. «Տու 154»-ի օդաչու էր:
Մեր զրուցակցի գործունեությունն այդ թվականով չէր ավարտվի, եթե աշխատանքի ընթացքում առաջացած հիվանդությունը չլիներ: Դեռևս 1986 թ., երբ 42 տարեկան էր, Խարկով քաղաքում պարտադիր բուժզննման ժամանակ պարզ դարձավ, որ հիվանդությունն արդեն սկզբնավորման փուլում է: 2000 թ. հերթական բուժզննումից հետո նրան արգելեցին ինքնաթիռ վարել: Նա այլևս անաշխատունակ էր:
Լսողական նյարդի բորբոքում` օդաչուներին բնորոշ հիվանդություն: «Արտասահմանում անգամ ինժեներատեխնիկական կազմն անպայման հատուկ գլխարկներ էր կրում ինքնաթիռը ճանապարհելու ժամանակ, բացի այդ, նրանց ինքնաթիռներն այդքան աղմուկ չէին հանում, ինչքան սովետականները: Իսկ մենք պաշտպանական ոչինչ չունեինք: Սովետն ի՞նչ էր՝ ավելի շատ ձայն, քան արտադրություն»,- ասում է երկրորդ կարգի հաշմանդամ դարձած օդաչուն:
Սակայն, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որտեղ աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուները ստիպված են տարիներ շարունակ պայքարել իրենց առողջության վնասի դիմաց օրենքով սահմանված փոխհատուցումը ստանալու համար: Սա էլ մեր ավիացիայի անմխիթար վիճակի հերթական դրսևորումն է:
Սակայն մինչև 2006 թ. սեպտեմբերիի 1-ը ամեն ամիս օդաչուներն իրենց հասանելիքը ստանում էին «Հայկական ավիաուղիներից»: Երբ 2004 թ. սկսվեց «Հայկական ավիաուղիների» սնանկության գործընթացը, խնդիրն ի հայտ եկավ: Ընկերությունը մինչև 2006 թ. իր գույքը վաճառելու հաշվին վճարում էր նաև օդաչուների գումարները: Սակայն գույքն անվերջ չէր, ի վերջո դա էլ սպառվեց, և արդեն 7-րդ տարին է, ինչ նրանք որևէ գումար չեն ստացել:
Ի դեպ, մինչև 2004 թ. գոյություն ուներ կառավարության 579 որոշում` ընդունված 1992 թ., որի 16-րդ կետը սահմանում էր. կազմակերպության լուծարման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցվում է նրա իրավահաջորդի կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության մարմնի կողմից՝ պետական բյուջեի հաշվին: «2004 թ., երբ հաշվարկեցին բոլոր պարտքերը, որոշման այդ կետը հանեցին, ու մենք սկսեցինք ընկնել դռնեդուռ»,- ասում է Դավիթ Դավթյանը:
Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Հանրային խորհրդին գրված պատասխան նամակում այլ բացատրություն է տալիս: Կառավարության որոշման այդ կետը հակասում էր 1999 թ. ընդունված քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որի` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կապիտալացվում է` դրանք տուժողին վճարելու համար: Սակայն այլ իրավական ակտերի մեջ մտնում էր նաև 1992 թ. որոշման այդ կետը, որը հանվել էր` այդպիսով ի չիք դարձնելով պետության պատասխանատվության հարցը:
Օդաչուներն արդեն տարիներ շարունակ դիմում են տարբեր պետական ու հասարակական մարմինների` իրենց իրավունքներն ու հասանելիքը վերականգնելու համար: Մարդու իրավունքների երեք պաշտպանների տարեկան զեկույցներում էլ գրված է նրանց խախտված իրավունքների մասին: «Ուր դիմում ենք, ասում են` այո, ձեր իրավունքները խախտված են, բայց ոչ ոք հարցը մինչև վերջ չի բարձրացնում ու տանում»:
Հիշում է` երբ Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար, հանդիպեց նրան, ներկայացրեց խնդիրը, իսկ նա ասաց. «Եթե ձեր հարցը բարձրացնեն, ես լրիվ ձեր կողմից կլինեմ»: «Ներողություն, բայց ո՞վ պիտի մեր հարցը բարձրացնի»,- զարմանում է օդաչուն:
Խախտված իրավունքները վերականգնելու համար օդաչուները դիմել են նաև Հանրային խորհրդին: Նամակ է հղվել հանրապետության նախագահին, որում նշվել է, որ ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը չեն պարունակում բավարար երաշխիքներ, երբ աշխատողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու գործատու կազմակերպությունները ճանաչվում են սնանկ:
Նամակին պատասխանել է արդարադատության նախարարը` մեկ անգամ ևս հիշեցնելով օրենքը, ըստ որի` նման դեպքում պատասխանատվություն է կրում միմիայն տվյալ կազմակերպությունը` իր գույքով, և ոչ թե պետությունը:
«Փաստորեն, եթե հիմնարկը սնանկ է և գույք չունի, ապա առողջությանը և կյանքին պատճառած վնասը ոչ ոք չի փոխհատուցում»,- նկատում է օդաչուն:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ոլորտի համալիր կարգավորումն ապահովելու նպատակով մշակվում է նախագիծ: «Արդեն յոթ տարի է՝ ասում են` օրենք ենք մշակում, և էդ օրենքի սահմաններում ձեր հարցը կլուծենք: Վերջին պատասխանը ստացել եմ երեկ, սոցապ նախարարությունից. օրենքն արդեն մշակված է, տրված է կառավարությանը, բայց ասել են՝ նորից պիտի քննարկեք,- ասում է օդաչուն,- արդեն մոտ 60-70 հոգի ենք մնացել: Դե երևի սպասում են` մեռնենք-գնանք, որ հարցը փակվի: Լավ, մենք մեռանք-գնացինք, բայց երկիրը պետք է փոխհատուցման օրենք ունենա՞, թե՞ չէ»:
Սակայն օդաչուներն ավելի վճռական են, քան պետական կառույցները. նրանք ժամանակին դիմել են տեղական դատարաններին, սակայն ապարդյուն: Հիմա պատրաստ են հասնել մինչև Եվրադատարան: «Ու կհասնենք,- ասում է Դավիթ Դավթյանը,- եթե կենդանի մնանք, անպայման ստանալու ենք մեզ հասանելիքը»:
Օդաչուն չի կարողանում անտարբեր մնալ և չխոսել նաև Հայաստանի քաղավիացիայի ներկա իրավիճակի մասին: Նրա խոսքով` այսօրվա իրողությունը «Հայկական ավիաուղիների» սնանկացման շարունակությունն է: Լավ է հիշում 2003 թ. մարտի 27-ի կառավարության 331-Ա որոշումը, երբ, նրա գնահատմամբ, սնանկացման կեղծ գործընթաց սկսվեց: «Նիստը վարում էր ոչ թե լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը: Նրա միանձնյա որոշմամբ բոլոր չվերթները հանձնվեցին «Արմավիա» ընկերությանն ընդամենը 5 միլիոն դոլարով և մինչև 2013 թվականի հունվար ամիսն ամեն տարի մեկ միլիոն դոլար պետությանը տրամադրելու պարտավորությամբ»:
Նա այս որոշումը համարում է անօրինական, քանի որ ո՛չ աճուրդ էր տեղի ունեցել, ո՛չ էլ վաճառքի արժեքն էր համապատասխանում իրականությանը. «300-400 միլիոնանոց շուկան տալիս ես 5 միլիոնո՞վ: Դա նվեր էր: Իսկ ինչո՞ւ սնանկության գործընթացը սկսվեց միայն մեկ տարի հետո, երբ օգտագործեցին «Հայկական ավիաուղիների» շենք-շինությունները, էկիպաժները, օդանավերը և հետո էլ ոչ մի պարտավորություն չդրեցին «Արմավիայի» վրա»:
«Այդ ամենի նպատակն ի՞նչ էր»,- հարցնում եմ: «Նիստը վարողին հարցրեք»,-խորհրդավոր տոնով պատասխանում է օդաչուն:
Զրույցի վերջում հետաքրքրվում եմ. «Լավ, բա հիմա ինչպե՞ս եք ապրում»: «Շատ լավ,- հպարտ պատասխանում է նա,- եթե օդաչում եմ, կարող ա՞ պատահի` վատ երեխաներ եմ մեծացրել»: «Որդի ունե՞ք»,- հարցնում եմ: «Ունեի…»,- ասում է ու լռում: Հետո պարզում եմ, որ որդին 28-ամյա Արման Դավթյանն էր` 2006 թ. Երևան-Սոչի չվերթի ժամանակ վթարի ենթարկված A-320 օդանավի երկրորդ օդաչուն…
Իսկ դուստրն ապրում է Միացյալ Նահանգներում, աշխատում է ՄԱԿ-ի գրասենյակում: Հորն էլ հորդորում է թքել ամեն ինչի վրա ու գալ իր մոտ, բայց օդաչուի համար այս ամենը ոչ թե ֆինանսական, այլ պատվի ու արժանապատվության խնդիր է:
«Պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»
Պաշտպանական գերատեսչությունը լրջորեն սկսել է զբաղվել մեր հասարակության շրջանում գաղափարական զարգացման հարցով՝ բանակում շեշտադրումը կատարելով հենց այս ոլորտի վրա: Մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտենց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Նա նաև հավելեց, որ նախարարությունն իր առջև խնդիր է դրել մի քանի տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում ներմուծել ազգային գաղափարախոսությունը` որպես զինծառայողների մարտական ոգու բարձրացման կարևորագույն ուղի. «Այս խնդրի շուրջ բանակային համակարգի ղեկավարությունը ամենայն լրջությամբ է կենտրոնացել, ձեռք են առնվում բոլոր միջոցները, մշակվում են ազգային գաղափարական մոդելի ներդրման մեթոդները, այդ թվում` իրականացվում է նոր առարկային ժամաքանակ հատկացնելու պրոցեսը: Այսպիսով կարելի է ասել, որ պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Փորձագետների համոզմամբ՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված երիտասարդությունն իր առջև դրված խնդիրներն առավել ճշգրիտ և պատասխանատվությամբ կկատարի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ի թիվս այլ միջոցառումների, վերոնշյալ նախաձեռնությունը զինվորականների շրջանում կնվազեցվեն նաև արատավոր երևույթները. «Իհարկե, այն կյանքի կոչելիս մենք կբախվենք բազմաթիվ խնդիրների հետ: Գաղտնիք չէ, որ զորակոչի ընթացքում բանակ են զորակոչվում տարբեր գիտելիքների տեր անձիք, տվյալ պարագայում նախարարութունը ստիպված է իրականացնել մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքը այն կլինի, որ բանակից հասարակություն կանցնեն ոչ միայն զինվորական գործին տիրապետող, այլև գաղափարափես կայուն և խելացի երիտասարդներ»,- նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:
Աշխատանքների առաջին փուլը ամփոփվեց մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում, որը նվիրված էր ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքին: Ներկայումս սկսվել են տեսական մասի մշակման աշխատանքները:
«Մեր երկրի պաշտպանության նախարարությունը զորամասերում նոր առարկայի ներմուծմամբ և անցկացմամբ նպաստելում է ազգապահպանության և ազգասիրության խնդիրների իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ընգդծեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը. «Այս նախագիծը չափազանց մեծ ազդեցություն կթողնի մեր երկրի երիտասարդ խավի զարգացվածության վրա: Այն միաժամանակ կլուծի մի շարք խնդիրներ ծառայության ընթացքում ու դրանից հետո»,- համոզմունք հայտնեց ազատամարտիկը:
Նշենք, որ այս ամենը կյանքի է կոչվում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և վերահսկողությամբ: Խնդրի իրականացմանը լծվել են պատասխանատու վարչությունների և ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների պետերն ու աշխատակիցները:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ նախարարության ղեկավարը վերջին երեք տարիներին մշտապես կրկնում է, որ արգելել է օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» և «Աշխարհի այլ բանակներում էլ են լինում նման դեպքեր» արտահայտությունները. «Այսինքն՝ բանակն ունի բոլոր լծակները հասարակությունից զինված ուժեր ներթափանցող խնդիրների լուծման համար: ԱԺ-ում վերջին քննարկումներից հետո շատերը մեկնաբանեցին, որ Սեյրան Օհանյանը նոր է դա օգտագործում, սակայն նախարարը դրա մասին վաղուց է խոսում: Վերջին իրադարձությունները, ինչպես նաև բանակ-հասարակության կապի թափանցիկությանը միտված հստակ քայլերը վկայությունն են այն բանի, որ զինված ուժերն այդ լծակներն արդեն կիրառում են: Նախարարը հստակ խնդիր է դրել արմատախիլ անել արատավոր երևույթները, և անգամ՝ հասարակության համար հանդիսանալ լոկոմոտիվ, օրինակելի կառույց որտեղ ձգտեն: Գաղափարախոսական դաստիարակությունը լավագույն ձևն է կայացնել հզոր զինվորականի և լավ քաղաքացու հասարակության համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Հեղինակ՝ Գևորգ Թոսունյան
Հայաստանցիներին ամենաշատը հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքը
Հրապարակվել է Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայությունների 20-յակը:
«Սփյուռ» տեղեկատուն վիճակագրություն է կազմել, թե 2012-ին մարդիկ առավել շատ ինչ ապրանքներ և ծառայություններ են փնտրել «Սփյուռ» տեղեկատուի կայքում և հեռախոսային ծառայության միջոցով:
Ըստ վիճակագրության, 2012-ին քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրել է ավիատոմսերի վաճառքը և ամրագրումը`9861 նման հարցում է եղել:
Երկրորդ տեղում տաքսի ծառայություններն են 9662 հարցումով, իսկ երրորդում միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին հարցումներն են` 7287: Ըստ պահանջարկավածության հաջոդում է ռեստորանների, համակարգիչների, աշխատանքի տեղավորման, բանկերի հյուրանոցների, տպագրության ծառայությունների մասին ինֆորմացիան:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում թատրոնների մասին 2194 (16-րդ հորիզոնական), իսկ գրախանութների մասին 1552 (20-րդ հորիզոնական) հարցում է եղել:
Հոսանքահարված Գագիկ Շամշյանի լուսանկարները
Կմեծացվի նախարարների պատասխանատվությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2013 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի կառավարությունը զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է գնումների գործընթացի կազմակերպմանը։
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջել է բազմաթիվ ՊՈԱԿ-ների և գերատեսչությունների, մասնավորապես, թատրոնների ղեկավարներին, ովքեր թերի էին համարում գնումների ընթացակարգերը, որոնցով իրենք դժվարանում էին գնում կատարել, որովհետև մրցույթների անցկացումը ժամանակի անհարկի վատնում էր։ Եվ ահա որոշմամբ նշված հաստատություններին թույլ է տրվել մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ապրանք ձեռք բերելու ժամանակ կատարել ուղղակի գնումներ` առանց մրցույթ անցկացնելու։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ Այս որոշման վերաբերյալ նույնպես Տիգրան Սարգսյանը մեկնաբանություններ է արել. «Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետև սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է, – ասել է նա։ – ՀՀ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի մենք ձեռք ենք բերում, կրկնվող ցանկը` գրիչ, ջուր, միս, կարտոֆիլ, վառելիք և այլն։ Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան դուք կարող եք այդ ապրանքը ձեռք բերել խանութում, ինչն անթույլատրելի է, հակառակը պետք է լինի` ավելի էժան, քան խանութում։ Հիմա մենք շատ կոշտ ֆիլտր ենք սահմանում։ Սահմանել ենք բոլոր այդ ապրանքատեսակների տիպերը, որոնցից այն կողմ իրավունք չկա մշտապես կրկնվող այդ ապրանքները գնել։ Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա։ Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք։ Սա վերաբերելու է 70-80 տոկոս գնումներին. մենք և մեր հանրությունը պետք է վստահ լինենք, որ այս ապրանքը ձեռք ենք բերում այս պահի դրությամբ մանրածախ գներին համահունչ գներով։
Շատ կոշտ ֆիլտր է, քանի որ արգելում ենք դրանից բարձր գնով ձեռքբերումը և վերահսկողության պատասխանատվությունը դնում ենք նախարարների վրա։
Նախորդ նիստերից մեկում ես հանձնարարեցի, որպեսզի ֆինանսների նախարարությունը հրապարակային դարձնի այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք 2011 թվականի աուդիտի եզրակացությամբ ունեն լրջագույն թերություններ կամ չունեն աուդիտի եզրակացություն, ինչը նշանակում է, որ նրանց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, և մենք այդ տեղեկությունը տրամադրենք նաև մեր հանրությանը։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, իրավունք չունենան մասնակցելու գնումներին։ Դա պետք է ամրագրել կառավարության որոշումով։
Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»։
ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այս բովանդակությամբ որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխություններով գործադիրը շարունակել է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումը` օպտիմալացնելով հարկային մարմնի ստորաբաժանումները և կրճատելով տարածքային հարկային տեսչություններ։
Հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնց հիման վրա հաշվետվությունը կլրամշակվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է օրենքի ծածկագրերը համապատասխանեցնել ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի 5-րդ խմբագրությանը։
Նիստում հավանության են արժանացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը, որոնք, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, որակապես առաջընթաց քայլ կապահովեն ոլորտի բարեփոխման ուղղությամբ։ «Բուռն քննարկումը դեռ առջևում է, – հավելել է վարչապետի պաշտոնակատարը։ – Նախատեսվում է Ազգային ժողովում լսումներ կազմակերպել և ընդունել հնարավորինս անթերի օրենքների փաթեթ»։
Գործադիրը քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։
Նիստում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Օրինագիծը, ըստ հեղինակների, նպատակ ունի ձևավորել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի և արդյունքի նկատմամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը` հիմնավորելով այն։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Համալրվում է պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանը
Գործադիրը սահմանել է անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայի տվյալներն ամբողջացնելու, այդ թվում` 2012 թ. տվյալները լիազոր մարմին ներկայացնելու և դրանք պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան ներառելու կարգը, տվյալներում առկա անճշտությունները ճշտելու և տվյալներն ամբողջացնելու մեխանիզմները և այլն։
ՀՀ կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել ավելի քան 28 մլն դրամ, որով համապատասխան փոփոխություններ կարվեն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալների շտեմարանների կառուցվածքում` ապահովելով անհրաժեշտ տվյալներն ստանալը, պատշաճ ձևով գրանցելը, պահպանելը, սահմանված ձևաչափով արտահանելը և առցանց եղանակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելը։ Միաժամանակ ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնցով կապահովվի Տավուշի մարզի համայնքներում կառուցված ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը, ինչպես նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության» բաղադրիչով հիմնված «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնավոր գործունեության կազմակերպումը։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության համաձայնագրով իրականացված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով Շիրակի մարզի Հայկավանի և Լոռու մարզի Մեծ Այրումի համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունը նշված ծրագրով ձեռք բերված գույքի կազմից մոտ 80 մլն դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել է համայնքներին։
Աջակցություն կստանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները,
– պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով` մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
– «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի ՀՀ քառամյա պարբերական զեկույցին,
– Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թթ. ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին,
– հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու սկզբունքներին և չափանիշներին։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադրի համաձայնությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների` վճարովի գործունեության ազատ իրականացման համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թ. ստորագրված Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու առաջարկությանը։
Ս.թ. ապրիլի 21-ից մինչև 27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինթոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 1.5 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ նախարարությանը հատկացվել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիային` 2013 թ. մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ համագործակցության օրակարգում առկա են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու գործում կարևոր դեր է վերապահված երկու երկրների դեսպաններին: Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների միջև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական հարաբերությունների բնույթ, որն արտահայտվում է տարբեր մակարդակներում, միջազգային կառույցների շրջանակներում և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում շահագրգիռ ու ակտիվ փոխգործակցությամբ: Դեսպան Ժան Մաքարունը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն առավել ամրապնդելու և խորացնելու գործում: |
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
***
Արման Արմենի Սաղաթելյան
/Կենսագրական համառոտ տվյալներ/
Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին:
1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:
1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին:
1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում:
2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2003-2004թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար:
2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է:
2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է:
Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ:
Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Սամվել Կարապետյանը հիասթափված է
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա շրջանակներում տեղի ունեցավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը, ով, թեև ընդգծեց, որ ուրախ է, որ հասկանալով խնդրի կարևորությունը, աշխարհն առանձնացնում է օր` նվիրված հուշարձանների պահպանությանը, բայց ինքն անձամբ մինչ օրս չի արձանագրել այս օրվա արդյունավետությունը:
Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեր ինքը, եթե լիներ, օրինակ, մշակույթի նախարար, Սամվել Կարապետյանն ասաց. «Մի 5 րոպեով կուզենայի ոչ թե մշակույթի, այլ գիտության և կրթության նախարար լիներ, կհասցնեի երևի մի հրաման տալ, որ դպրոցականներին պետք է հնարավորինս շատ տանել արշավների, որպեսզի գոնե միջին և բարձր դասարանցիները տեսնեն, ճանաչեն իրենց հայրենիքը: Դպրոցահասակ տարիքում ես և իմ մոտ 4 ընկերները սեփական նախաձեռնությամբ գնում էինք արշավների, ճանաչում էինք հայրենիքը: Վստահ եմ, որ սա է պատճառը, որ ես և այդ մի քանի ընկերներս չլքեցինք և միտք չունենք լքել Հայաստանը, որովհետև այն ճանաչելուց հետո չսիրել հնարավոր չէ: Մինչդեռ այսօր շատերն այնպես են սպառում ամեն ինչ, որ երևում է` վստահ են, որ չեն ապրելու այստեղ: Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում, հավատացեք, մենք ամենանվազ հայրենաճանաչ պետություններից ենք` սա է արտագաղթել ցանկացողների մեծ տոկոս ունենալու պատճառը: Մեր երեխաները հայկական երգերով ու հեքիաթներով չեն դաստիարակվում, օտարը հարազատ են համարում, չգիտեն իրենց արմատները, դրա համար էլ կեր ու խում են սարքում պատմական վայրերի տարածքում և իրենց աղբն անգամ չեն հավաքում: Ապականված հասարակություն ունենք», – ասաց բանախոսը և չթաքցրեց, որ խորապես հիասթափված է արժեքային համակարգի խեղումներից:



