«Շատ դեպքերում մեղադրում եմ մորս»

 M375/0009Աշխարհում  կանանց սպանությունների 40-70%-ը կատարվում է իրենց իսկ ամուսինների կամ զուգընկերների կողմից: Իսկ յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքում ենթարկվում է ծեծի, սեռական հարկադրման կամ այլ կարգի բռնության: Եվ չկա մի երկիր, որտեղ այս երևույթը չլինի: Հայաստանում` նույնպեսՄեզանում գուցեև մահվան ելքով դեպքերի վիճակագրությունն այդքան էլ սարսափելի չէ, բայց մեր պարագան յուրահատուկ է նրանով, որ բռնության ենթարկվող կինը մենակ է մնում իր դժբախտության հետ:  

 Մեր զրուցակիցը 29-ամյա Մարիաննա Ղուկասյանն է (իր խնդրանքով հերոսի անուն- ազգանունը փոխված է), ասում է՝ դեռ մանկուց երազել է հոգատար ու սիրող ամուսին ունենալ: Մարիաննայի երազանքը, ցավոք, որբացել է...

«ԱՄՈՒՍՆԱՑԱ 17 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»

Մարիաննա Ղուկասյանը ծնվել է 1954 թ. Երևանում: Սովորել ու գերազանցությամբ է ավարտել միջնակարգ դպրոցը: Հայրը ցանկանում էր, որ աղջիկը թարգմանչուհի դառնա: Մարիաննան ասում է, որ իր ուժերով պարապել  ու ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ՝ մասնագիտանալով թարգմանության ոլորտում:

- Ընկերուհուս հետ եկեղեցի էի գնացել մոմ վառելու: Ընդունելության քննությունների վերջին փուլն էր: Ավտոբուսով եկեղեցուց գալիս էինք Երևան: Ճանապարհի կեսին ինձ մոտեցավ մի երիտասարդ՝ ձեռքին բավական ծանր տոպրակ: Ասացի՝ կարող եմ օգնել: Նա չհրաժարվեց,- պատմում է Մարիաննան ու շարունակում,- երիտասարդը սկսեց անընդհատ ինձ հարցեր տալ՝ ի՞նչ եմ անում, որտե՞ղ եմ սովորում և այլն: Ես էլ պատասխանում էի: Ընկերուհիս, դե, քաղաքի աղջիկ էր, ու շուտ գլխի գցեց, որ տղան ուղղակի խոսեցնում է ինձ:

Սեպտեմբեր ամսին, երբ Մարիաննան արդեն ոտք էր դրել համալսարան, մի օր տեսնում է այդ երիտասարդին:

- Հետո սկսվեցին հետապնդումները… Մի օր էլ հայրս եկավ համալսարան, ու նա համարձակվեց ծանոթանալ հորս հետ: Ներկայացավ ու ասաց, որ ծնողների հետ ցանկանում է գալ մեր տուն,- հիշում է Մարիաննան:

Ու տեղի ունեցավ նշանադրությունը: 17-ամյա Մարիաննան մեկ ամիս անց ամուսնացավ:

- Ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ դա սեր էր առաջին հայացքից,- ասում է Մարիաննան,- առաջին ամիսները շատ լավ էին, հաշտ ու խաղաղ ապրում էինք: Ես, բնականաբար, միշտ էլ ենթարկվողի դերում էի: Եվ դա թույլ չէր տալիս, որ ընտանիքում կռիվներ լինեին:

Մարիաննան պատմելիս մի պահ կանգ առավ, ու  նրա աչքերից կաթ-կաթ արցունք գլորվց:

- Կես տարի էլ չկար, որ ամուսնացել էի, ու մեր ընտանիքում սկսվեցին անվերջանալի պատերազմները: Ես էլ արդեն հղի էի: Ամուսինս հարբած տուն էր գալիս ու մի անհեթեթ պատրվակով ծեծում ինձ,- պատմում է Մարիաննան,- մերոնց բան չէի ասում, ինքս իմ մեջ միշտ վերլուծում էի: Բայց մի անգամ ամուսինս չափ ու սահմանն անցավ. ընկերների հետ եկավ տուն ու բոլորի ներկայությամբ ցանկացավ բռնաբարել ինձ: Պատկերացնում ես, որքան ստորացուցիչ է: Ես էլ զանգահարեցի հորս: Այդ պահին նա ինձ ձեռքով այնպես հարվածեց, որ ուշաթափվեցի:

Մարիաննան ընկնում է հիվանդանոց:  Բնականաբար, բժիշկներն ամեն ինչ անում են, որ Մարիաննայի համար ամեն ինչ լավ լինի, բայց, ավաղ, չեն կարողանում փրկել նոր լույս աշխարհ եկող երեխայի կյանքը:

- Կորցրեցի ոչ միայն երեխային, այլև ամենքին: Ընկերներս ինձնից միանգամից երես թեքեցին, ծնողներս չէին ցանկանում շփվել հետս, ու որոշեցի առանձնանալ,- ասում է Մարիաննան,- դատարանով բաժանվեցի ամուսնուցս ու վարձով մոտ երեք տարի ապրեցի, աշխատեցի գոնե ինքս իմ կարիքները հոգալու համար: Այդ դժվար պահին ինձ ոչ ոք չօգնեց:

«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԷԼ ՍԵՐԸ ՉԺՊՏԱՑ ԻՆՁ»

Մարիաննան ասում է, որ համալսարանն ավարտեց գերազանցության կարմիր դիպլոմով ու աշխատանքի անցավ ոչ իր մասնագիտությամբ: Տուրիստական ընկերություններից մեկի տնօրենի օգնականն էր երկար ժամանակ:

- Այդքան դաժանություններից, ցավից հետո, արդեն հստակ ինքս իմ մեջ որոշել էի, որ չեմ ամուսնանալու, ու վերջ, բայց սիրո հարցում դու անզոր ես, նա այցելում է քեզ այն ժամանակ, երբ չես էլ սպասում: Տղան, որ միասին էինք աշխատում, լավ գիտեր իմ կենսագրությունը, ու մի օր ասաց. «Արի ամուսնանանք»: Այդ կոչն այնքան խորթ թվաց, որ միանգամից մերժեցի: Նա սպասեց ավելի քան մեկ ու կես տարի: Ես արդեն համաձայնեցի, քանի որ հասկացա՝ գտել եմ մեկին, որն ինձ իսկապես սիրում է: Մենք ամուսնացանք:

Մարիաննայի խոսքով՝ հաշտ ու խաղաղ ապրում էին, մինչև այն պահը, երբ ամուսինն ինքն իրեն «կորցրեց»…

- Երկրորդ ամուսինս բռնություններ կիրառելուց հեռու էր: Սակայն ընկերների հետ սկսեց զբաղվել բիզնեսով,- շարունակում է Մարիաննան,- սկսեց գիշերները շատ ուշ գալ: Մի ամիս անց իմացա, որ մենք էլ ապրելու տեղ չունենք, որովհետև ամուսինս խաղատանը տարվել է: Ես, անկեղծ ասած, հույսս չկորցրեցի ու ասացի, որ ամեն ինչ լավ կլինի:

Մարիաննան որոշեց իր սիրո հավասարումը լուծել ի շահ երկուսի: Հույս ու հավատ ներարկեց ամուսնուն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց Մարիաննան այս անգամ էլ չհաղթեց:

- Նա եկավ տուն ու կոպիտ ասաց. «Դու էսօրվանից պետք ա մարմնավաճառությամբ զբաղվես, դեղի համար փող ա պետք»: Սկզբում չհասկացա՝ ինչ է ասում, որոշեցի պարտք անել: Մի քանի ամիս անց միայն գլխի ընկա, որ ամուսինս թմրամոլ է դարձել ու դեղերից արդեն կախում ունի: Այդքան չէի էլ կարող աշխատել, հազիվ տունն էի պահում, ու կուտակած ահռելի քանակությամբ պարտքը մանր-մանր փակում:

Ի վերջո, երկրորդ ամուսինը նրան դրդում է մարմնավաճառության:

- Նա արդեն ոչինչ չէր հասկանում, դե դեղերի ազդեցության տակ էր: Անընդհատ ժպտում էր, ասում էի՝ ինձ ծեծում են օտար տղամարդիկ, ժպտում էր, ասում էի՝ հայհոյում են, ստրկացնում են մի քանի կոպեկի համար, ծիծաղում էր: Որոշեցի ոչինչ չանել իր համար ու հեռացա նրանից: Մի քանի ամիս անց իմացա, որ նրան իրավապահները բռնել են, ու արդեն բանտ է ընկել:

Մարիաննան դատարանի միջոցով պաշտոնապես բաժանվեց երկրորդ ամուսնուց, ու շարունակեց կյանքի հետ իր պատերազմը:

ԻՍԿ ՀԻՄԱ՞

- Հիմա ես աշխատում եմ ու ապրում մեն-մենակ: Այսքան տառապանքներից հետո ինձ հաջողվում է վաստակել ինքս ինձ պահելու համար: Փառք Աստծո, մի քանի լեզվի տիրապետում եմ, ու լավ աշխատանք ունեմ,- ասում է Մարիաննան:

Մեր այն հարցին, թե ով է մեղավոր այս ամենի համար, պատասխանում է.

- Այս ամենի համար առաջին մեղավորը ես եմ: Սա իմ կյանքն է, և սկզբունքորեն ես պետք է կառավարեի իմ կյանքը: Բայց մեղքի մեծ բաժին ունեն ծնողներս, հատկապես՝ մայրս: Նա ինձ 17 տարեկանում ամուսնացրեց, վախենում էր, որ իր աղջիկը հանկարծ տանը չմնա: Ու այսպիսի ճակատագիր ունեցա: Հիմա ես օտարացել եմ բոլորից: Էլ ընկերներ չունեմ, բարեկամներ չունեմ: Ոչ ոք ինձ չի հիշում, շատերի համար ես մեռած եմ: Ուղղակի ապրում եմ ինքս ինձ համար ու սկսելու եմ լավ ապրել:

- Որոշել եք էլի՞ ամուսնանալ:

- Չէ՛, չէ՛, ամուսնանալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ընկերուհի ունեմ, որի հետ ծանոթացա մոտ երկու տարի առաջ, որոշել ենք գործարարությամբ զբաղվել, տեսնենք` ինչ կլինի: Էլ երբեք ես չեմ ամուսնանա, ափսոսում եմ միայն նրա համար, որ  գոնե մի երեխա չունեմ, ու, ցավոք, չեմ կարող ունենալ:

 Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ  

 

 

Tags: